ՌԴ ԱԳՆ հերթական ստոր հայտարարությունն է տարածել

Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող ռազմական էսկալացիայի կապակցությամբ Ռուսաստանի Դաշնությունը կոչ է անում հակամարտող կողմերին անհապաղ դադարեցնել արյունահեղությունը, դադարեցնել մարտական գործողությունները և բացառել քաղաքացիական բնակչության շրջանում զոհերը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

«Լեռնային Ղարաբաղում զինված դիմակայության կտրուկ էսկալացիայի կապակցությամբ հակամարտող կողմերին վճռականորեն կոչ ենք անում անհապաղ կանգնեցնել արյունահեղությունը, դադարեցնել մարտական գործողությունները և բացառել զոհերը քաղաքացիական բնակչության շրջանում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ճակատագրի վրա արմատապես ազդել է պաշտոնական Երևանի կողմից 2022 թվականի հոկտեմբերին և 2023 թվականի մայիսին Եվրամիության հովանու ներքո անցկացվող գագաթաժողովներում Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի տարածքի մաս ճանաչելը։ Սա փոխել է այն հիմնարար պայմանները, որոնց ներքո ստորագրվել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը, ինչպես նաև փոխվել է ՌԴ խաղաղապահների դրությունը։

ՌԴ խաղաղապահ զորախումբը տարածաշրջանում տեղակայման պահից ի վեր բարեխղճորեն կատարել է հրադադարի ռեժիմի պահպանման և ադրբեջանական ու հայկական կողմերի միջև շփումների ապահովման խնդիրները: Մեր խաղաղապահները հողի վրա համակարգել են հումանիտար իրավիճակի շտկմանն ուղղված ջանքերը, ինչպես նաև աջակցել են Բաքվի և Ստեփանակերտի միջև ուղիղ երկխոսության մեկնարկին: ՌԴ խաղաղապահ զորախումբը այս ժամերին էլ աջակցություն է ցուցաբերում քաղաքացիական բնակչությանը, այդ թվում ՝ բժշկական օգնություն, զբաղվում է տարհանմամբ։

Այժմ գլխավորն այն է, որ անհապաղ պետք է վերադառնալ 2020-2022 թթ. բարձր մակարդակով եռակողմ պայմանավորվածությունների կատարմանը, որտեղ ամրագրված են ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման բոլոր քայլերը, դադարեցնել զինված դիմակայությունը և անել հնարավորը Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների և անվտանգության ապահովման համար»,- նշված է հայտարարության մեջ։

Բլինքենը զրուցել է Փաշինյանի և Ալիևի հետ. վերջինս «ռազմական գործողությունները դադարեցնելու պատրաստակամություն է հայտնել»

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հետ։

Բլինքենն Իլհամ Ալիևի հետ զրույցում կոչ է արել Ադրբեջանին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում և դեէսկալացնել իրավիճակը։ Պետքարտուղարն ընդգծել է, որ ռազմական լուծում չկա, և որ կողմերը պետք է վերսկսեն երկխոսությունը Բաքվի և Լեռնային Ղարաբաղի հայերի միջև առկա տարաձայնությունները լուծելու համար, ասված է ամերիկյան կողմի հաղորդագրության մեջ։

Պետքարտուղարը նշել է, որ Ալիևը պատրաստակամություն է հայտնել դադարեցնել ռազմական գործողությունները և հանդիպել Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի բնակչության ներկայացուցիչների հետ, Բլինքենն ընդգծել է դրա անհապաղ իրականացման անհրաժեշտությունը։

Նիկոլ Փաշինյանի հետ Բլինքենը զրուցել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական գործողությունների մասին։ Պետքարտուղարը հայտնել է Միացյալ Նահանգների խորը մտահոգությունը տիրող իրավիճակի կապակցությամբ և ընդգծել, որ ԱՄՆ-ն կոչ է անում Ադրբեջանին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և անհապաղ վերադառնալ երկխոսության։

Նա վարչապետ Փաշինյանին ասել է, որ Միացյալ Նահանգները լիովին աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը։

Ադրբեջանի հերթական լայնածավալ ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակի հանգուցալուծման ուղղությամբ պաշտոնական Ստեփանակերտը աշխատանքներ է տանում տարբեր երկրների և միջազգային կազմակերպությունների հետ: Այդ մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը:

Օդուժի և հրթիռահրետանային հարվածները Ստեփանակերտի և հանրապետության շրջանների ուղղությամբ չեն դադարում

Բաքվի հերթական լայնածավալ ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակի հանգուցալուծման ուղղությամբ պաշտոնական Ստեփանակերտը աշխատանքներ է տանում տարբեր երկրների և միջազգային կազմակերպությունների հետ, հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։

Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Արցախի խաղաղ բնակավայրերը շարունակում են մնալ ադրբեջանական զինուժի ուղիղ թիրախում․

«Շուրջ մեկ ժամ է ադրբեջանական օդուժի և հրթիռահրետանային հարվածները Ստեփանակերտի և հանրապետության շրջանների ուղղությամբ չեն դադարում։ Տուժածների մասին տվյալներ կհաղորդվեն ավելի ուշ»։

Ադրբեջանի կողմից Մարտակերտի շրջանում բարձրավոլտ էլեկտրացանցերի թիրախավորման արդյունքում սեպտեմբերի 19-ից՝ ժամը 14:30-ի սահմաններում, Արցախի ողջ բնակչությունն արդեն 12 ժամից ավելի զրկված է էլեկտրաէներգիայից։ Հայտնում են ԱՀ ՄԻՊ գրասենյակից:

Կենսական ենթակառուցվածքների կանխամտածված թիրախավորումը, որն ավելի շատ տառապանքներ ու զրկանքներ է պատճառում խաղաղ բնակչությանը, Ադրբեջանի հերթական ահաբեկչությունն է։

ՄԱԿ ԱԽ նիստը տեղի կունենա սեպտեմբերի 21-ին․ ԱԳՆ

Հայաստանը նամակ է հղել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին և զուգահեռաբար Ֆրանսիային՝ կոչ անելով արտակարգ նիստ հրավիրել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի լայնածավալ ռազմական ագրեսիայի կապակցությամբ։ Այս մասին իր թվիթերյան միկրոբլոգում գրել է ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։

«Նիստը տեղի կունենա սեպտեմբերի 21-ին։ Հստակ դատապարտման և համապատասխան գործողությունների շտապ պահանջ կա»,- գրել է նա:

Հարձակումը պետք է անմիջապես դադարեցվի․ սերտ կապի մեջ եմ մնում վարչապետ Փաշինյանի հետ․ Մակրոն

Խտորեն դատապարտում եմ Ադրբեջանի կողմից ուժի կիրառումը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

«Հարձակումը պետք է անմիջապես դադարեցվի և քննարկումներ պետք է վերսկսվեն բնակչության իրավունքների և անվտանգության համար։ Ես սերտ կապի մեջ եմ մնում վարչապետ Փաշինյանի հետ»,- գրել է նա։

Բաքվի հատուկ ծառայությունները «SMS» հաղորդագրությունների միջոցով փորձում են խուճապ տարածել. ԱՀ ԱԱԾ

Բաքվի հատուկ ծառայությունները «SMS» հաղորդագրությունների միջոցով փորձում են խուճապ տարածել։ Այս մասին հաղորդում է ԱՀ ԱԱԾ-ն։

«Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, հետամուտ լինելով օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթների և լիազորությունների իրականացմանը, իրազեկում է, որ Ադրբեջանի հատուկ ծառայությունները ԱՀ պաշտոնատար անձանց անունից «SMS» հաղորդագրություններ են ուղարկում քաղաքացիներին։

Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը կոչ է անում նման հաղորդագրություններ ստանալու դեպքում չպատասխանել և խուճապի չմատնվել։

Կասկածելի բնույթի հաղորդագրություններ, զանգեր ստանալու դեպքում անհապաղ դիմեք ԱՀ ազգային անվտանգության ծառայությանը կամ զանգահարեք թեժ գծի հեռախոսահամարներին՝ 047-94-41-26 և 41-26»,- նշվում է հաղորդման մեջ։

Ամարասը անցել է թշնամու վերահսկողության տակ

Ամարասը անցել է թշնամու վերահսկողության տակ, այս մասին հայտարարել է «Ապրելու երկիր» կուսակցության անդամ Մեսրոպ Առաքելյանը:

«Արցախում իրավիճակը շարունակում է մնալ ծայրահեղ լարված։ Շփման գծի երկայնքով մարտերը շարունակվում են։ Ամարասը անցել է թշնամու վերահսկողության տակ։ Ստեփանակերտը հոսանքազրկված է»,- նշել է Առաքելյանը:

27 զոհ, 200-ից ավել վիրավոր, տարհանվել են 7000 մարդ․ ՄԻՊ

Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանի տվյալներով՝ 22։30-ի դրությամբ Արցախում 27 զոհ ունենք, իսկ վիրավորները 200-ից ավելի են։

ՄԻՊ-ը նշել է, որ Մարտակերտի ու Ասկերանի հիվանդանոցների հետ կապ չկա, հայտնի չէ այդ շրջաններում տուժածների ու զոհերի թիվը։

Նա ասել է, որ 16 գյուղերից տարհանվել են 7000 մարդ։

Ռուսները պետք է պարզաբանեն, թե ինչու են իրենց աչքի առաջ զոհվում հայ մարդիկ Արցախում․ ՄԱԿ-ը հենց այսօր պետք է զորք մտցնի Արցախ. Մանե Թանդիլյան

Մեր այստեղ գտնվելու նպատակն այն է, որ ռուս խաղաղապահները պարզաբանեն, թե ինչու են իրենց աչքի առաջ զոհվում հայ մարդիկ Արցախում. Իրենք իրենց առաքելությունը չեն անում, ձախողել են, դրան արդարացում չկա: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 19-ին,  ՌԴ դեսպանատան մոտ լրագրողների հետ զրույցում նշեց «Ապրելու երկիր» կուսակցության ղեկավար Մանե Թանդիլյանը, հայտնում է news.am-ը:

«Անընդունելի է դա պարզաբանել մեր ղեկավարների խոսքերով, Հայաստանի դիրքորոշմամբ: Դա կապ չունի, իրենք այնտեղ են եւ այնտեղ ունեն գործառույթ: Այսօր հենց իրենք են այնտեղ կանգնած, ուրիշ ոչ ոք, իրենցից է ակնկալիքը, որ պետք է անեն: Մենք պահանջել ենք, որ դեսպանատնից որեւէ մեկը գա, պարզաբանում տա: Բնականաբար չեն գալու, երկու ելքն էլ փակված են: Իհարկե, ակնկալիք չկա իրենցից, բայց պետք է իմանան, որ հայ ժողովուրդը հաշտ չի այս վիճակի եւ իրենց անգործության հետ»,-ասաց նա:

Հարցին, թե որքան են փակ պահելու ՌԴ դեսպանատան մուտքերը, Թանդիլյանն ասաց, որ այստեղ հավաքված մարդիկ մտադիր են մնալ այնքան, մինչեւ որեւէ պատասխան ստանան. «Սա տարբեր մարդկանց ինքնաբուխ հավաք է, մարդիկ կորոշեն: Տեսակետ է հնչում, որ մնալու են գիշերը, հուսով ենք, դա արդյունավետ կլինի: Մարդիկ իրավունք ունեն իրենց ցասումն արտահայտելու, եւ այստեղ որեւէ կուսակցական, քաղաքական դիրքորոշում չկա»:

Մանե Թանդիլյանը հայտարարեց, որ որեւէ արդարացում չկա, որ այսօր Արցախում երեխաներ են զոհվում, իսկ ռուս խաղաղապահներն անգործության են մատնված. «ՄԱԿ-ը հենց այսօր պետք է զորք մտցնի Արցախ, որովհետեւ այսօր Արցախում էթնիկ զտում է եւ ցեղասպանություն»:

Նշենք, որ ցուցարարները փակել են ՌԴ դեսպանատան մուտքերը: Ռուսաստանի դեսպանությունը նոտա է հղել Հայաստանի ԱԳն-ին:

Տարհանվել է շուրջ 4000 արցախցի․ Արտակ Բեգլարյան

Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը գրել է․

Իմ մոտավոր և ոչ պաշտոնական գնահատականը ցույց է գալիս, որ Ադրբեջանի ցեղասպանական ագրեսիայի պատճառով իրենց համայնքներից տարհանվել է շուրջ 4000 արցախցի։ Վեց համայնքներից մարդկանց տարհանել են ամբողջովին, այլ համայնքներից՝ մասամբ։ Այս թիվն աճում է։

Արցախում կատաղի մարտերը տարբեր ուղղություններով շարունակվում է. Աբրահամյան

Արցախում կատաղի մարտերը տարբեր ուղղություններով շարունակվում է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրում է ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

«Թեև տեղեկություններ կան, որ Ադրբեջանը որոշ դիրքերի ու հատվածների նկատմամբ վերահսկողություն է հաստատել, այնուամենայնիվ ամեն մետրի համար ծանր մարտեր են:

Արցախցիները մեծ ճակատամարտ են տալիս, ադրբեջանցիները մարտադաշտում մեծաթիվ կորուստներ ունեն, ինչն էլ դանդաղեցրել է նրանց առաջխաղացումը տարբեր ուղղություններում:

Սակայն այս կռիվը պետք է արագ կանգնեցնել, որովհետև այն իր հետ մեծ ցավ ու տառապանք է բերում Արցախում ապրող մեր հայրենակիցներին»,- գրել է նա: