Միջազգային հանրությունից պահանջում ենք ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցներն՝ ադրբեջանական ռազմական ագրեսիայի շարունակությունը անհապաղ կասեցնելու ուղղությամբ․ Արցախի ԱԳՆ

Արցախի ԱԳՆ հայտարարությունը

Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի զինված ուժերը սանձազերծել են հերթական ռազմական ագրեսիան Արցախի Հանրապետության դեմ` խախտելով միջազգային իրավունքի սկզբունքները և 2020 թվականի նոյեմբերի 9-ի ռազմական գործողությունների դադարեցման մասին Եռակողմ հայտարարության դրույթները։ Մայրաքաղաք Ստեփանակերտը և այլ բնակավայրերը ներկայումս ենթարկվում են զանգվածային հրետանային և հրթիռային ռմբակոծության և օդային հարվածների։ Կան զոհեր, այդ թվում՝ քաղաքացիական բնակիչների շրջանում։

Արցախի Հանրապետության շարունակվող անօրինական շրջափակման ներքո Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական ագրեսիան անթաքույց ցեղասպանություն է և Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների ժխտման ծայրահեղ արտահայտում։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն արդեն բացահայտորեն հայտարարել է Արցախի 120 հազար բնակչության բռնի տեղահանումն իրականացնելու մտադրության մասին, ինչը հավասարազոր է Արցախի ժողովրդին որպես այդպիսին և նրա ընհանրության և ամբողջականության ոչնչացմանը։

Ամբողջ երկիրը ենթարկելով անօրինական պաշարման և որպես պատերազմի մեթոդ օգտագործելով սովը՝ Ադրբեջանը որոշել է դիմել ուժի կիրառման՝ վստահ լինելով, որ չի հանդիպի միջազգային հանրության դիմադրությանը։ Ադրբեջանի իշխանությունները վերջին շաբաթներին հող էին նախապատրաստում այս ռազմական հարձակման համար՝ բացահայտ և կեղծ կերպով մեղադրելով Արցախին և Հայաստանին ռազմական սադրանքների մեջ։ Հարկ է ընդգծել, որ այդ կեղծիքներից ոչ մեկը չի հաստատվել ռուսական խաղաղապահ զորակազմի հաղորդագրություններով։

Արցախի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիան վերջինիս ցեղասպան գործողությունները և Արցախի՝ ավելի քան 9 ամիս շարունակվող ապօրինի շրջափակումը կասեցնելու ուղղությամբ միջազգային հանրության կողմից հավաքական միջոցների բացակայության ուղղակի հետևանքն է։ Անտեսելով Ադրբեջանի հանցավոր մտադրությունների մասին նախազգուշացումները և հրաժարվելով համապատասխան գործողություններից՝ բոլոր պատասխանատու միջազգային դերակատարները չկարողացան կանխել Ադրբեջանի կողմից Արցախի դեմ հերթական ագրեսիան։

Արցախի Հանրապետությունը պահանջում է միջազգային հանրությունից ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցներն ադրբեջանական ռազմական ագրեսիայի շարունակությունը անհապաղ կասեցնելու և բնակչության անվտանգությունն ապահովելու ուղղությամբ։ Ցեղասպանության հանցագործության կանխարգելումը յուրաքանչյուր պետության, ներառյալ ներգրավված դերակատարների պարտականությունն է: Անգործությունը նպաստում է հանցագործության կատարմանը։

Իրանը Ղարաբաղը համարում է ազերբայդժանի մաս․ Իրանի ԱԳՆ խոսնակ

«Իրանի Իսլամական Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղը համարում է Ադրբեջանի Հանրապետության մաս և կարծում է, որ նրա խնդիրները, այդ թվում՝ բնակիչների իրավունքները և անվտանգությունը, պետք է լուծվեն այս շրջանակում և երկխոսության միջոցով», հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակ Քանաանին։

Քանաանին ընդգծել է տարածաշրջանի երկրների դերը վեճերի խաղաղ ճանապարհով լուծմանը նպաստելու գործում և հիշեցրել Իրանի Իսլամական Հանրապետության պատրաստակամությունը՝ այդ հարցով 3+3 ձևաչափով հանդիպում անցկացնելու մասին։

Առանց էլեկտրականության, հաղորդակցման միջոցների, սննդի և ջեռուցման

Բաքուն շարունակում է թիրախավորել Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչությանը, հայտնել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը՝ նշելով, որ Արցախի շատ բնակիչներ սառը ջերմաստիճանի պայմաններում մնացել են առանց լույսի, սննդի և ջեռուցման։

«Արցախի ամբողջ բնակչությունը շարունակում է մնալ ապաստարաններում առանց էլեկտրականության, հաղորդակցման միջոցների, սննդի և ջեռուցման՝ սառը ջերմաստիճանի պայմաններում։ Ադրբեջանը շարունակում է թիրախավորել քաղաքացիական ենթակառուցվածները և քաղաքացիական բնակչությանը՝ օգտագործելով ռազմական ավիացիա, հրետանի և անօդաչու թռչող սարքեր»,- հայտնել է Արցախի օմբուդսմենը։

ԱՄՆ կոչ են անում Ադրբեջանին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները

Միացյալ Նահանգները խորապես անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական գործողություններով և կոչ է անում Ադրբեջանին անհապաղ դադարեցնել այդ գործողությունները։ Այս մասին ասված է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարության մեջ:

«Այս գործողությունները վատթարացնում են առանց այն էլ սարսափելի մարդասիրական իրավիճակը Լեռնային Ղարաբաղում և խաթարում խաղաղության հեռանկարները։

Ինչպես մենք նախկինում հստակ հասկացրել ենք Ադրբեջանին, վեճերը լուծելու համար ուժի կիրառումն անընդունելի է և հակասում է տարածաշրջանում արդար և արժանապատիվ խաղաղության համար պայմաններ ստեղծելու ջանքերին:

Մենք կոչ ենք անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և հարգալից երկխոսություն սկսել Բաքվի և Լեռնային Ղարաբաղի բնակչության ներկայացուցիչների միջև»,-ասված է հայտարարությունում:

Արցախի հարցով ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստը նախատեսված է անցկացնել սեպտեմբերի 21-ին

Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի շուրջ ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստը նախատեսված է անցկացնել սեպտեմբերի 21-ին, ՏԱՍՍ-ին հայտնել է ՄԱԿ-ում նրա դիվանագիտական աղբյուրը։

«Նիստը հինգշաբթի պետք է կայանա», ասել է աղբյուրը։ Նա նշել է, որ Արցախի հարցով ՄԱԿ ԱԽ նիստը Նյու-Յորքի ժամանակով՝ օրվա երկրորդ կեսին է անցկացվելու։

Միանգամից մի քանի բողոքի ակցիաներ են ընթանում Երևանում՝ ՌԴ դեսպանատան, ՄԱԿ-ի մոտ և Փաշինյանի հրաժարականի պահանջով

Մի քանի բողոքի ակցիաներ են ընթանում Երևանում:

Հանրապետության հրապարակում հազարավոր մարդիկ պահանջում են Փաշինյանի հրաժարականը: Գործողությունների ծրագիր հչապարակեց Հայաստան խմբակցության նախկին պատգամավոր Անդրանիկ Թևանյանը։ Ոստիկանները կիրառել են լուսաձայնային նռնակներ, իրավիճակը լարված է, կան տուժածներ։

Ակցիան տեղի է ունենում Նիկոլ Փաշինյանի նստավայրի մոտ։ Ազգային-ժողովրդական բևեռի ներկայացուցիչ Ժիրայր Սեֆիլյանը վերջնագիր է ներկայացրել Նիկոլ Փաշինյանին՝ կա՛մ 24 ժամվա ընթացքում հրաժարական տվեք, կա՛մ “մենք ինքներս դա կանենք”։

Բողոքի ակցիա է ընթանում Երեւանում ՌԴ դեսպանատան մոտ, ոստիկանների հետ արդեն բախումներ են եղել։

ՄԱԿ-ի գրասենյակի մոտ շարունակվում է մեկ այլ, ոչ այնքան բազմաթիվ ակցիա՝ գրասենյակի մուտքը փակած քաղաքացիները պահանջում են ՄԱԿ-ի խաղաղապահ զորքեր։

Անկարան աջակցում է Բաքվի ռազմական գործողությանը Ղարաբաղում, ակնկալում ենք «Զանգեզուրի միջանցքի» բացում․ Էրդողան

Թուրքիան աջակցում է Ադրբեջանի ռազմական գործողությանը Լեռնային Ղարաբաղում, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը։

«Մենք ի սկզբանե աջակցել ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցային գործընթացին, սակայն Հայաստանը, մեր կարծիքով, պատշաճ չի գնահատել պատմական այդ շանսը։ Ակնկալում ենք, որ Հայաստանն իր կողմից ավելի վաղ տրված խոստումները՝ կապված  առաջին հերթին «Զանգեզուրի միջանցքի» բացման հետ, կիրականացնի»,- հայտարարել է Էրդողանը՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում իր ելույթի ժամանակ։

«Մենք աջակցում ենք Ադրբեջանի գործողություններին, որոնք իրականացվում են նրա տարածքային ամբողջականությունը պաշտպանելու նպատակով»,- հավելել է Էրդողանը։

Բաքուն պետք է անհապաղ դադարեցնի հարձակումները և վերադառնա դիվանագիտության. Օլաֆ Շոլց

Բաքվի կառավարությունը պետք է անհապաղ դադարեցնի հարձակումները և վերադառնա դիվանագիտության՝ խաղաղ լուծում գտնելու համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին X-ի իր էջում գրել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը:

«Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները պետք է անհապաղ դադարեցվեն: Ադրբեջանի և Հայաստանի միջև իրավիճակը շատ ճգնաժամային է: Բաքվի կառավարությունը պետք է անհապաղ դադարեցնի հարձակումները և վերադառնա դիվանագիտության՝ խաղաղ լուծում գտնելու համար»,- գրել է Գերմանիայի կանցլերը։

25 զոհ, որոնցից 2-ը խաղաղ բնակիչներ են

Ստեփանակերտի դիահերձարանից ստացված տեղեկատվության համաձայն՝ ժամը 20։00-ի դրությամբ Ադրբեջանի կողմից իրականացված լիակատար ահաբեկչության հետևանքով կա 25 զոհ, որոնցից 2-ը խաղաղ բնակիչներ են։
Արցախի ՄԻՊ

ԱՆ «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում գտնվում է 128 վիրավոր։ «Արևիկ» բուժմիավորումում գտնվում է 12 երեխա, որոնցից 3-ը` ծանր վիճակում: Ներկայումս նրանց վիրահատում են։

ԱՀ առողջապահության նախարարություն

Բողոքի ցույց Երեւանում ՌԴ դեսպանատան առաջ, բախումներ են եղել ոստիկանների հետ

Ռուսաստանի դեսպատան դիմաց ցույց է, բախումներ են տեղի ունեցել բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների և ոստիկանների միջև։ Բողոքի ակցիայի մասնակիցները Արցախի մեծ դրոշ են պարզել դեսպանատան դիմաց, փակել շենքի բոլոր մուտքերը։ Քաղաքացիները Ռուսաստանից պահանջում են դադարեցնել Ադբեջանի ցեղասպանական գործողություններն Արցախի խաղաղ բնակչությանդեմ։

Խրամորթի, Խնաբադի, Սառնաղբյուրի, Նախիջևանիկի, Մաճկալաշենի, Ճանկաթաղի բնակչությունը տարհանվել է

Արցախի 6 համայնքների՝ Խրամորթ, Խնաբադ, Սառնաղբյուր, Նախիջևանիկ, Մաճկալաշեն, Ճանկաթաղ քաղաքացիական բնակչությունը տարհանվել է։ Այդ մասին հայտնում է ԱրցախԻնֆո-ի  տելեգրամյան ալիքը։