«Ադրբեջանը մեկնարկել է ԼՂ-ի հայությանը էթնիկ զտումների ենթարկելու ցամաքային օպերացիան»․ Փաշինյան

Ասել, որ ԼՂ-ում այս իրադրությունն անկանխատեսելի էր, չի կարելի։ Մենք տեսնում էինք իրադրության լարումը, ֆեյսբուքյան ուղիղ եթերում այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ ենք հրավիրել, քննարկել ենք իրադրությունը. պետք է արձանագրենք, որ այսպիսով Ադրբեջանը մեկնարկել է ԼՂ-ի հայությանը էթնիկ զտումների ենթարկելու ցամաքային օպերացիան։

Մենք կարծում ենք, որ առաջինը ՌԴ խաղաղապահ ուժերը պետք է միջոցներ ձեռնարկեն և երկրորդ, ակնկալում ենք, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պետք է միջոցներ ձեռնարկի», – հայտարարեց Փաշինյանը։

Այս գործողության հիմնական նպատակը ՀՀ-ին ռազմական գործողության մեջ ներքաշելն է, ֆեյսբուքյան ուղիղ եթերում այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Մեզ համար տարակուսելի էր տեղեկությունը, որ Ադրբեջանն իր գործողույունների մեկնարկի մասին տեղյակ է պահել ՌԴ-ին, սակայն փաստն այն է, որ մենք այդ գործողության մասին Ռուսաստանի մեր գործընկերներից որևէ տեղեկատվություն չենք ստացել։

Եվրախորհրդարանի զեկուցող․ “հումանիտար միջանցքները” հավասարազոր են էթնիկ զտումներին

Եվրոպական խորհրդարանում Հայաստանի հարցերով մշտական զեկուցող Անդրեյ Կովաչևը գրել է․

Ադրբեջանի հարձակումները Լեռնային Ղարաբաղի վրա պետք է հենց հիմա դադարեցվեն։ Ակնհայտ է, որ դրանց հետևում կանգնած է Պուտինը, ով փորձում է ապակայունացնել Հայաստանը։ Ադրբեջանը պետք է անհապաղ դադարեցնի այս ամենը և թույլ տա, որ Լեռնային Ղարաբաղը վերադառնա բնականոն կյանքին։ «Հումանիտար միջանցքները», որոնք նպատակ ունեն հայերին քշել Լեռնային Ղարաբաղից, հավասարազոր են էթնիկ զտումներին։

Կա առնվազն 2 զոհ, այդ թվում՝ մեկ երեխա, 11 վիրավորներ. Արցախի ՄԻՊ

Բաքվի այսօրվա հարձակումների հետևանքով Արցախում կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ խաղաղ բնակչության շրջանում, այդ թվում՝ երեխաներ, այս մասին հայտարարել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։

«Այս պահին հավաքագրված տվյալների համաձայն՝ կա առնվազն 2 զոհ, այդ թվում՝ մեկ երեխա և 11 վիրավոր, այդ թվում՝ 8 երեխա»,- նշել է նա։

ՀՀ ԱԳՆ վերջապես արձագանքել է

Պաշտոնական Երևանը խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ագրեսիան:

«Խստագույնս դատապարտում ենք Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ագրեսիան և զանգվածային ոճրագործությունը, որը ճիշտ երեք տարի առաջ՝ 2020թ. սեպտեմբերին ԼՂ դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնամասշտաբ ուժի կիրառման շարունակությունն է։ «Ռազմական օբյեկտների ոչնչացման» սին պատրվակով Ադրբեջանի կողմից հրետակոծության են ենթարկվում քաղաքացիական բնակավայրեր, Ստեփանակերտ քաղաքը, այլ քաղաքներ ու գյուղեր», – ասված է Հայաստանի ԱԳՆ հայտարարությունում:

ՀՀ ԱԳՆ-ը կոչ է անում միջազգային գործընկերներին, միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման համար առաջնային պարտավորություն ունեցող ՄԱԿ Անվտանգության խորհրդի անդամներին, այդ թվում՝ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների կողմից ստորագրված 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հիման վրա ԼՂ-ում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմին՝ ձեռնարկել հստակ և աներկբա քայլեր Ադրբեջանի ագրեսիային վերջ դնելու նպատակով։

Հայաստանի արտգործնախարարությունն ընդգծում է, որ Ադրբեջանը սանձազերծել է հերթական լայնածավալ ագրեսիան Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ՝ նպատակ ունենալով ավարտին հասցնել էթնիկ զտումների իր քաղաքականությունը։

Արտաքին քաղաքական գերատեսչությանը նաև հավելել է, առաջնորդվելով անպատժելիության զգացումով, Ադրբեջանը բացահայտորեն ստանձնել է ագրեսիայի պատասխանատվությունը։

«Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում՝ ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում սկսում է «հակաահաբեկչական միջոցառումներ», որի վերաբերյալ, ըստ ադրբեջանական կողմի պաշտոնական հաղորդագրության, տեղեկացվել են ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը, ինչպես նաև ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը», – ասված է հաղորդագրությունում։

«Հայկական կողմը բազմիցս ահազանգել է, որ ԼՂ դեմ Ադրբեջանի շարունակական ագրեսիվ գործողությունները, ռազմատենչ անթաքույց հռետորաբանությունը, ԼՂ բնակչությանը «ահաբեկիչներ» որակելու բացարձակապես կեղծ և դատապարտելի քարոզչությունը հետապնդում է մի նպատակ՝ ուժի կիրառման միջոցով ԼՂ-ի բնակչությանն էթնիկ զտումների ենթարկել, զրկել իր հայրենիքում ազատ և արժանապատիվ ապրելու ու արարելու իրավունքից։ Նույն նպատակն են հետապնդել 2020թ դեկտեմբերից Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը և ԼՂ լիակատար շրջափակումը։

Հարձակմանը նախորդել է այդ թվում Ադրբեջանի ԱԳՆ կողմից կեղծ տեղեկատվության տարածում ականապատման և դիվերսիոն գործողությունների մասին, ինչը վկայում է հարձակման պլանավորման և տեղեկատվական դաշտի ապահովման մասին։ Կրկին հայտարարում ենք, որ Լեռնային Ղարաբաղում տեղակայված չեն Հայաստանի Հանրապետության զինված ուժեր և ռազմական տեխնիկա, ականապատման և դիվերսիոն գործողությունների մասին բոլոր լուրերը կեղծ են և շինծու», – նաև հայտարարել է ՀՀ ԱԳՆ-ը։

Արցախի «Արևիկ» մանկական հիվանդանոց է տեղափոխվել 6-7 երեխա

Ստեփանակերտի «Արևիկ» մանկական հիվանդանոցից Civilnet-ի հետ զրույցում հաստատել են, որ իրենց մոտ են տեղափոխվել 6-7 երեխաներ։

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Ասկերանի ուղղությամբ արձակված կրակոցների հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել վիրավոր երեխաներ։

Ռուսաստանն ու ԱՄՆ-ն մրցում են, թե ում «վաստակն» է «աղդամի միջանցքը»

Երկու երթուղիներով մարդասիրական բեռների առաքումը պետք է լինի Լեռնային Ղարաբաղ մարդասիրական անխափան մատակարարումների առաջին քայլը։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Ֆրանսիայի արտգործնախարար Քեթրին Կոլոնան։

«Լաչինի և Աղդամի երթուղիներով երկու մարդասիրական մեքենա է ժամանել Ղարաբաղ։ Սա պետք է լինի առաջին քայլը դեպի մարդասիրական օգնության անվերապահ և անխոչընդոտ հասանելիություն՝ համաձայն միջազգային իրավունքի և Արդարադատության միջազգային դատարանի վճռի», – ասել է Քոլոնան։

Հիշեցնենք, որ ՌԴ ԱԳՆ-ն ընդունել է, որ «աղդամի երթուղին» օգտագործվել է Ռուսաստանի նախաձեռնությամբ։ «Ռուսական կողմը շարունակում է նպաստել Լեռնային Ղարաբաղում ստեղծված բարդ հումանիտար իրավիճակի հանգուցալուծմանը` հումանիտար փոխադրումների համար Լաչինի և Աղդամի երթուղիների զուգահեռ ապաշրջափակման վերաբերյալ ՌԴ ԱԳՆ Ս.Լավրովի նախաձեռնության հիման վրա»։ Այս մասին ասել է Մարիա Զախարովան։

Լավ ծրագիր է՝ մարդկանց սովամահ անել, ապա առաջարկել «հումանիտար խնդիրների լուծման համար միջանցքների զուգահեռ բացում»։

Իր հերթին, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը «ողջունում է մարդասիրական օգնության միաժամանակյա մատակարարումը Լաչինի միջանցքով և Աղդամի ճանապարհով դեպի Լեռնային Ղարաբաղ, մի մոտեցում, որը վերջերս քննարկվել է Ալիևի հետ: Այս մատակարարումները կարևոր քայլ են, և մենք խրախուսում ենք կողմերին սկսել ուղիղ բանակցություններ և կենտրոնանալ տարածաշրջանի բնակիչներին մարդասիրական հոսքի ավելացման վրա»,- ասված է հայտարարության մեջ։

Փաստորեն, Ռուսաստանն ասում է, որ «Ագդամի երթուղին» «Լավրովի պլանն է», իսկ Միացյալ Նահանգները պնդում է, որ դա «Ալիևի հետ զրույցի» արդյունք է։ Ֆրանսիան սառը ցնցուղով հիշեցնում է ՄԱԿ-ի դատարանի որոշումը.

Թշնամին փորձում է առաջանալ, Արցախի զորքերը համառ դիմադրություն են ցուցաբերում․ ՊԲ

Սեպտեմբերի 19-ին` ժամը 13։00֊ի սահմաններում, ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով իրականացնելով հրթիռահրետանային նախապատրաստություն՝ փորձում է առաջանալ Արցախի ՊԲ պաշտպանության խորքը։ Յուրային զորքերը ցուցաբերում են համառ դիմադրություն։

Արցախի շրջափակումը վերացնելու հարցում միջազգային հանրության ձախողումը կանաչ լույս վառեց Բաքվի հարձակման համար․ ԼՂՀ ԱԳՆ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ ամիսներ շարունակված Արցախի շրջափակումը վերացնելու հարցում միջազգային հանրության ձախողումը հանգեցրեց Ադրբեջանի կողմից նոր լայնամասշտաբ հարձակման իրականացման։

«Միջազգային դերակատարների՝ Արցախում շրջափակումը չեղարկելու և ցեղասպանությունը կանխելու ձախողումը կանաչ լույս վառեց Ադրբեջանի համար՝ ռազմական հարձակում սկսելու շրջափակման մեջ գտնվող 120 հազար արցախցիների դեմ»,- ասվում է X (նախկին Twitter) սոցիալական հարթակում ԼՂ արտաքին գործերի նախարարության գրառման մեջ։

Բաքուն հայտարարում է «վտանգավոր գոտուց բնակչության տարհանման մասին»

Բաքվի ՊՆ-ն հայտարարել է, որ վտանգավոր գոտուց խաղաղ բնակչության տարհանումն ապահովելու համար Լաչինի միջանցքում և այլ ուղղություններով ստեղծվել են մարդասիրական միջանցքներ և ընդունման կետեր։

«Ադրբեջանի զինված ուժերի հակաահաբեկչական գործողությունը շարունակվում է։ Ճշգրիտ զենքի կիրառմամբ գործողությունների շրջանակներում ոչնչացվում են միայն օրինական ռազմական թիրախները և ռազմական ենթակառուցվածքը: Վտանգավոր գոտուց բնակչության տարհանումն ապահովելու նպատակով Լաչինի ճանապարհին և այլ ուղղություններով ստեղծվել են մարդասիրական միջանցքներ և ընդունման կետեր», ասվում է հաղորդագրության մեջ։

Բաքվի ՊՆ հաղորդագրությունը նշանակում է, որ ռազմական գործողությունների նպատակը Արցախի տարածքի զավթումն է եւ բնակչության արտաքսումը։

Եվրամիությունը արդարացրել է Բաքվի գործողությունները

Մեզ անհրաժեշտ է անհապաղ զինադադար և իրական երկխոսություն Բաքվի և Ղարաբաղի հայերի միջև։ Այս մասին «X» սոցիալական ցանցում հայտնել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։
«Ողբերգական տեղեկություններ այսօրվա ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցիների մահվան մասին: Սակայն ռազմական գործողությունների շարունակությունը միայն կվատթարացնի իրավիճակը: Անհապաղ հրադադարի անհրաժեշտություն կա Բաքվի և Ղարաբաղի հայերի միջև իրական երկխոսության ապահովման համար՝ որպես խաղաղ գոյակցության հասնելու միակ ճանապարհ»,- նշել է Կլաարը։
Փաստորեն, ԵՄ ներկայացուցիչը անուղղակիորեն արդարացնում է Բաքվի գործողությունները՝ Բաքվի 6 զինվորականների ականի վրա պայթելու փաստով։

Ռուսաստանը չի դատապարտել Բաքվի “գործողությունը”

ՌԴ ԱԳՆ-ն կապի մեջ է Բաքվի հետ՝ վերջինիս կողմից Լեռնային Ղարաբաղում «հակաահաբեկչական գործողություն» անցկացնելու մասին հայտարարությունից հետո, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Բաքուն Մոսկվային տեղյակ է պահել գործողության վերաբերյալ։

Արցախի ՊԲ հայտարարությունը

Սեպտեմբերի 19-ին` ժամը 13։00֊ի սահմաններում, ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։ Արցախի ՊՆ֊ն պարբերաբար հանդես կգա լրացուցիչ հաղորդագություններով։

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրել է, որ Արցախի պաշտպանության բանակը ծանր մարտեր է մղում ճակատի տարբեր ուղղություններում. մի շարք հատվածներում ինտենսիվ կրակով կասեցվել է թշնամու մխրճումը: ՌԴ-ն դեռ չի արձագանքել պաշտոնական Բաքվի այն պնդումներին, որ օպերացիայից առաջ տեղեկացրել են նաև ռուս «խաղաղապահներին»: