Ճանապարհը մի քիչ «բացվեց» հենց ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախօրեին․ շատ հարմար պահ էր

Չի կարելի ասել, որ միջանցքն ու ճանապարհը բաց են, եթե մարդկանց զրկում են ազատ ու անվտանգ տեղաշարժի իրավունքից։

Կարդում եմ լրատվամիջոցների վերջին նորությունների վերնագրերը: Շատերն ասում են, որ Լաչինի միջանցքը և Աղդամի ճանապարհը բաց են։ Զարմանալի չէ, որ սա կարդում ես ադրբեջանական մամուլում՝ նրանք վաղուց էին խոսում այս մասին։ Բայց երբ հայկական լրատվամիջոցներն են դա պնդում, պարզապես ուզում եմ բոլորին հրավիրել վերապատրաստման՝ ներկայացնելու իրողությունները։

Ինչպե՞ս կարելի է ասել, որ բաց է միջանցքը, եթե Արցախի բնակիչները դեռ զրկված են ազատ և անվտանգ տեղաշարժի տարրական իրավունքից։ Նրանք զրկված են հարազատներին տեսնելու հնարավորությունից։

Հայ բնակիչների՝ Արցախում իրենց հարազատների մոտ գալու փորձերի մասին գիտենք. նրանց թույլ չեն տվել անցնել Հաքարի գետի կամրջի վրա գտնվող ադրբեջանական ապօրինի անցակետով։ Մեկ ամսից ավելի է, ինչ Կոռնիձորի մոտ կանգնած են արցախցիների համար մարդասիրական օգնություն բերող բեռնատարները Հայաստանից և Ֆրանսիայից։ Եվ ոչ մի խոսք դրա մասին։

Դատելով այն բանից, թե ինչպես է ադրբեջանական մամուլը հաղորդում բեռնատարների անցման մասին լուրերը, պարզ է դառնում, որ ամեն անգամ, երբ մարդասիրական օգնությունով գոնե մեկ բեռնատար մեքենա անցնի, անհրաժեշտ կլինի բանակցել։ Ինչպես հիմա ԿԽՄԿ-ի միջնորդությամբ և աջակցությամբ հիվանդներին Հայաստան տեղափոխելիս։

Բեռների մանրակրկիտ ստուգում և անձնագրային հսկողություն։ Տեսա- և լուսանկարահանում առանց քաղաքացու թույլտվության և համաձայնության։ Իսկ խաղաղապահների առկայությունը չի երաշխավորում անվտանգությունը։

Ինչպե՞ս կարելի է պնդել, որ միջանցքը բաց է, եթե խաղաղ բնակիչները շարունակում են զրկվել ազատ և անվտանգ տեղաշարժի իրավունքից:

Արցախի տեղեկատվական կենտրոնը խանդավառությամբ հայտնում է, տեքստը սկսելով «Սիրելի հայրենակիցներ» բառերով, որ «Բերձորի միջանցքով տեղափոխվել է մոտ 23 տոննա հայկական արտադրության ալյուր», և “ռուսական և շվեյցարական արտադրության բժշկական և հիգիենիկ պարագաներ են փոխադրվել Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով»։

Այնուհետև նշվում է, որ «մի քանի օրից կրկին նախատեսվում է բեռնափոխադրումներ նույն ուղղություններով ԿԽՄԿ մեքենաներով»։

Եվ կրկին հարց՝ որքա՞ն ալյուր է անհրաժեշտ ստեփանակերտցիների օրվա հացի կարիքն հոգալու համար։ Ինչո՞ւ են թողել մեկական բեռնատար յուրաքանչյուր կողմից։ Միգուցե ամեն ինչ ՄԱԿ-ի հ՞ետ է կապված:

«Հուսով եմ, որ այսօր ՄԱԿ-ը ճիշտ կհասկանա բեռնատարներով այսօրվա գործողության նպատակը և դա հաշվի չի առնի»,- գրել է սոցցանցի օգտատեր Արմինե Հայրապետյանը։

Արցախի իշխանությունը «ոչ թե ժողովրդին է փրկում, այլ ինքն իրեն է փրկում»,- ասում է Է. Հովհաննիսյանը։

Անդրեյ Մանասյանը նույնպես դեմ է Ակնա-Ստեփանակերտ ճանապարհի բացմանը և կարծում է, որ իր նմաններն ավելի շատ կլինեն, բայց «իշխանությունները մարդկանց քշեցին 24 ժամ հաց գտնելու և զրկեցին խելամիտ մտածելու հնարավորությունից»:

Արցախի Հեղափոխական կուսակցության նախագահ Արթուր Օսիպյանն ասում է. «Մենք Ադրբեջանի հետ պայմանավորվել ենք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստից անմիջապես առաջ, որը տեղի կունենա վաղը, պահը  «գերազանց» էր ընտրված։ Կասեն, որ իրենց ստիպել են ռազմական սպառնալիքի պատճառով։ Բայց Ադրբեջանն անընդհատ մեզ համար պայմաններ է դնելու ու պատերազմով սպառնալու։ Ուրեմն որտե՞ղ է մեր կարմիր գիծը”։

Ալվարդ Գրիգորյան

Ո՞վ է պատասխան տալու արցախահայության արժանապատվության նսեմացմանը

Քայլ առ քայլ տանում են ինտեգրման…
Ո՞վ է պատասխան տալու արցախահայության արժանապատվության նսեմացմանը…
Ո՞վ է պատասխան տալու ժողովրդին կենդանու կարգավիճակով սոված պահելու, իսկ հետո թշնամու ձեռքից հաց վերցնելու խայտառակությանը…
Ո՞վ է պատասխան տալու թուրքի կողմից առևանգված կամ հետագայում առևանգման զոհ դարձած արցախցիների համար…
Ո՞վ, ո՞ր մեկը՝ Արկադյա՞ն, Բակո՞ն, Արայիկը՞ թե՞ Սամվելը՞, թե՞ էն 22 հոգին…
Պատասխանեք այս հարցիս ու հանկարծ չփորձեք մեղքը բարդել ժողովրդի վրա, այս ամենում ժողովուրդը ընդհանրապես մեղք չունի…
Լեփալըք, թլանալըք, կռվին վախտը տարալ էնքան ջահիլ կտորալ, մենգել ձեզ փրկելու համար տանումըք քցիք մեզ թորքին ճանկը…
Սա ցուգցվանգ չէ, սա կոլաբորացիոնիզմ է…

Ասկերան ժամանած ավտոմեքենան բեռնաթափվել է և վերադարձվել Ակնա

Առավոտյան Ակնայից Ասկերանով Ստեփանակերտ ժամանած Կարմիր Խաչի մարդասիրական բեռներով ավտոմեքենան բեռնաթափվել և վերադարձել է Ակնա։ Այս մասին հայտնում են ճանապարհին հերթապահություն իրականացնող Արցախի քաղաքացիները։

Արցախի հերոսական ժողովուրդը մի բան չկարողացավ անել՝ վերահսկել սեփական իշխանություններին․ Գեղամ Բաղդասարյան

Գեղամ Բաղդասարյանը գրում է․
Արցախի բնակչությունն անասելի զրկանքներ կրեց՝ հանուն ազատության և անկախության։ Չեմ կարծում, թե մեկ այլ ժողովուրդ, մեկ այլ հանրություն ի զորու կլիներ դիմանալ նման փորձությունների՝ չթողնելով, որ մեռնի պայքարի ոգին ու դրանով իսկ այդքան մեծ շանս տալով իշխանություններին՝ գործուն քայլեր ձեռնարկելու թե մեր քաղաքական օրակարգը աշխարհին համոզիչ կերպով ներկայացնելու և թե շրջափակման պայմաններում ներքին կյանքն արդյունավետ կազմակերպելու համար։ Բայց իշխանությունները ձախողեցին երկուսն էլ։
Երկար դիմացան արցախցիները, մեծ փորձությունների դիմակայեցին ու անասելի զրկանքներ կրեցին, ուստի ցավալի է, շատ ցավալի է նման քաղաքական արդյունքը, ավելի ճիշտ՝ զրո արդյունքը։ Շատ ցավալի է, որ քաղաքական իմաստավորում չստացան այդ զրկանքները։ Այդպես է լինում, երբ քաղաքական էլիտայի փոխարեն տնտեսական շահախմբեր են ձևավորվում։ Այդպես է լինում, երբ քաղաքական օրակարգ չի լինում, երբ քաղաքական հաստատություններն ապաքաղաքական են լինում, ու ինքը երկիրը դադարում է քաղաքական միավոր լինելուց։
Այդպես է լինում, երբ հանրությունը չի կարողանում վերահսկել իշխանություններին։ Իսկ սեփական ժողովրդի կողմից չվերահսկվող իշխանությունները, որպես կանոն, վերահսկվում են այլոց կողմից։
Արցախի բնակչությունն անասելի զրկանքներ կրեց՝ հանուն ազատության և անկախության։ Ու անվեհերության մի իսկական «մաստերկլաս» ցույց տվեց ողջ աշխարհին։ Բայց Արցախի հերոսական ժողովուրդը մի բան չկարողացավ անել՝ վերահսկել սեփական իշխանություններին։ Իսկ դա հնարավոր է միայն այն դեպքում, եթե իշխանությունները քո ընտրածն են, քո գիտակից ընտրության արդյունք են։ Արցախցիներիս այդ մեկը չի հաջողվել։ Չի հաջողվել ոչ միայն այսօր…
Ափսոս, հազար ափսոս։ Հույս պահենք, որ քաղաքական առումով ամեն ինչ չէ կորսված…

Ժամը 8.00-ին Ակնայից բեռներն անցել են Ասկերան

Մեր տեղեկություններով, այսօր ժամը 8.00-ին Կարմիր խաչի մեքենաներով մարդասիրական ավտոշարասյունը Ակնայից շարժվել է Ասկերան։ Չճշտված տեղեկություններ կան, որ բեռ է  անցել նաեւ Հաքարի կամրջով։

200 գրամ հացի համար գիշերային հերթերը վերսկսվում են

Արցախի տեղեկատվական կենտրոնը հայտարարեց, որ այսօր ժամը 24.00-ից Ստեփանակերտի փուռերը կվերսկսեն հաց թխել։ Սա նշանակում է, որ մայրաքաղաքի բնակիչներին սպասվում է հերթական անքուն գիշերը։

Բայց եթե հաշվի առեք, որ Ստեփանակերտում արդեն երկրորդ օրն է, ինչ հաց չկա, և մարդիկ չեն կարող գնել անգամ կտրոններով իրենց հասանելիք 200 գրամը, ապա անքուն գիշեր անցկացնելու հեռանկարն այնքան էլ սարսափելի չէ։ Ավելին, մարդիկ արդեն երկրորդ ամիսն է, ինչ հերթերի մեջ են գիշեր-ցերեկ անցկացնում։

Ինչպես ասաց ցանոթս երկու օր առանց հաց մնալուց հետո. «Կարոտել եմ հացի գիշերային հերթերը»: Տխուր է։

Որոշ մտքեր են հայտնվում. Օրինակ, եթե 200 գրամը բաժանեք երեքի, քանի՞ գրամ հաց է հասնում մարդուն մեկ ճաշի համար: Ինչո՞ւ քաղաքում երկու օր հաց չկար, բայց հենց որ հայտարարվեց Բերձորի (Լաչին) միջանցքի և Ակնա-Ասկերան ճանապարհի հետ կապված պայմանավորվածության մասին, հացի արտադրամասերը սկսեցին ալյուր ստանալ։ Ինչո՞ւ էին քաղաքով մեկ խոսակցություններ պտտվում, որ ռուսական ալյուրից են հաց թխելու, բայց որոշ փուռեր այսօր ստացել են նույն ալյուրը, ինչ նախկինում։

Կենտրոնական փողոցներից մեկում գտնվող փուռի աշխատողներն ասացին, որ ստացել են նույն տեսակի ցորենի ալյուր և մի քիչ եգիպտացորենի ալյուր: Ստացվում է, որ ալյուր եղել է, բայց կամ չեն հասցրել աղալ, կամ պահե՞լ են։

Մինչդեռ արդեն ժամը 21.00-ին մարդիկ սկսեցին հավաքվել հացի փռերի մոտ։ Հերթերը, ինչպես նախկինում, ամրագրվում են նախապես։ Սոցցանցում քննարկումներ են ընթանում, “նավոդկայով”, թե որ հացի փուռն արդեն ստացել է ալյուր։ Այսօր հաց կստանան 10 համարի կտրոնով։

Ա.Գրիգորյան

Ակնա-Ստեփանակերտ ճանապարհին ակտիվիստները շարունակում են հերթապահել

«Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» շարժումը և ասկերանցիները շարունակում են Ակնա-Ասկերան-Ստեփանակերտ ճանապարհը շրջափակման ակցիան։

Ճակատի ներկայացուցիչ Հովիկ Ավանեսովի խոսքով՝ Ասկերան քաղաքի մատույցներում իրականացվող ակցիան շարունակվում է։ «Այս պահին ձևաչափի փոփոխություններ չկան։ Հերթապահությունն իրականացվում է նույն ձևաչափով և նույն նպատակով։ Փոփոխություններ կկատարվեն իրավիճակի զարգացմանը զուգընթաց»։

Ակտիվիստը նշեց, որ «ծանոթ է հայտարարությանը և անընդունելի եմ համարում «մարդասիրական ապրանքների» տեղափոխումը Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով»։

Այսօր Արցախի իշխանությունները հայտարարեցին, որ համաձայնություն կա «Բերձորի միջանցքով Գորիս-Ստեփանակերտ մայրուղով և Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով ԿԽՄԿ մեքենաներով (օտարերկրյա ապրանքներ) սինխրոն փոխադրելու մասին»:

Ըստ ArtsakhLur.am-ի աղբյուրների՝ Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով դեպի Արցախ կառաքվեն շվեյցարական, ռուսական, իսպանական և հնդկական ապրանքներ։ Հայաստանում արտադրվող ալյուրը, որի կարիքն օրեցօր ավելի է զգացվում, կմատակարարվի Գորիս-Ստեփանակերտ մայրուղով։

Բեռնափոխադրումները կիրականացվեն բացառապես Միջազգային Կարմիր Խաչի մեքենաներով։ Կարմիր մահիկի մեքենաները Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով չեն երթևեկելու:

 

SOS-ի խաղողը փրկում է արցախցիների հոգիները

SOS-ի խաղողը փրկում է արցախցիների հոգիները

Խաղողաշաքարն Արցախում փոխարինում է ոչ միայն սովորական շաքարը, այլ այսօր այն միակ ուտելիքը կարելի է համարել առհասարակ

 

Անցած շաբաթն Արցախում անձրեւային էր: Ստեփանակերտի կանգառներից մեկում մի կին նստած է ծանր ուղեբեռների մոտ: Ես նրան ասացի, որ քաղաքային տրանսպորտ չի գործում, եւ առաջարկեցի քայլել Ազատամարտիկներով` ինչպես բոլորը: Կինը Սոս գյուղից էր: Նա ինձ բացատրեց, թե ինչու է մեր գրեթե միակ ուտելիքը՝ խաղողը նույնպես անհետացել Ստեփանակերտից (ես կարծում էի, թե պարզապես սեզոնն է անցել եւ ժամանակն է սպասել Նախիջեւանիկի նռանը): Պարզվեց, որ մեքենաները չեն կարողանում խաղողի այգի մտնել անձրեւի պատճառով:

Մատաղ ինիմ, մենք գյուղում մի բան գտնում ենք էլի, հողը մեզ սնում է, բայց դուք եք այստեղ խղճալի վիճակում հայտնվել: Մեր սիրտն ուզում է եղածից հասցնել, բայց վառելիք չկա: Վառելիք եթե գտնվում է, գյուղացիներով հավաքվում ենք, մի մեքենա գտնում, ցորեն, կառտոֆիլ եւ խաղող հասցնում քաղաք: Սեզոնը դեռ չի ավարտվել: Ամարասում մենք խաղողի մեծ այգի ունենք, փառք Աստծո, բայց տեղափոխել չի ստացվում հաճախ: Այնպիսիներն էլ կան, որ այգին մշակել, սակայն չեն կարողանում բերքը հավաել, քանի որ գտնվում է ադրբեջանական զինվորների նշանառության տակ, վախենում են մտնել այնտեղ, կրակում են… Ժամանակին մարդիկ գալիս էին եւ խաղողը հենց այգում գնում մեզանից, իսկ հիմա անգամ գյուղի տրանսպորտը չի գործում, գիտեք, – կիսվում էր իմ զրուցակիցը:

Սննդի վիճակը չափազանց լրջացել է Արցախում: Մեքենաներից դատարկված քաղաքում միայն ռուս խաղաղապահների ռոտորների ձայնն է տարածվում: Միայն այլուրի, հացի մասին խոսակցություններ են լսվում անցորդներից: Զանգել եմ մորս, ասում եմ երկու կիլոգրամ այլյուր եմ գտել, երեկոյան հաց եմ թխելու երեխաների համար, թե հետո ինչ եմ անելու`չգիտեմ…:

Սոցապի դիմաց մարդկանց մի հսկա բազմություն է հավաքվել: Ես մտածեցի, որ ռուսական Կարմիր Խաչի հումանիտար բեռի համար են եկել: Ա չէ, բրատ, էդ помощь-ը վաղուց է գտել իր տերերին… Հացի կտրոններն են տալիս, — պարզաբանել էր մի երիտասարդ:

Եթե անցած ամիս դեռ սուպերմարկետների դռները բաց էին, թեկուզ միայն ալկոհոլն էր մնացել (դե ռուսնեն կյամն` առնում, ասում էին վաճառողուհիները), այսօր պարզապես կողպեքով փակել եւ տուն են գնացել: Այնպիսի ապրանքներ են վերջանում անգամ, որ երեւի տարիներով ոչ ոք դրան չէր էլ նայում: Փեղկերի տրվում է վարձով-ը փոխարինվում է վաճառվում է-ով: Բայց գնորդը ո՞վ է…

Քաղաքի միակ բաց սննդի կետում գրեթե միայն չոր լոբով պերոժկի են վաճառում, որի սեւ ալյուրը խոշոր աղի պես զգում ես բերանում: Աղն այնտեղ բնականաբար քիչ է, քանի որ այն ոսկու գինն ունի հիմա: Բայց բանն այն է, որ այդ  գնով էլ ոչինչ հնարավոր չէ գնել արդեն: Երեւի գիտեք, որ արցախցիները Ֆեյսբուքում օնլայն մարկետ են ստեղծել եւ փորձում են ով ինչ ունի` փոխանակել իրար հետ. N°1֊2 պամպերսը՝ ձեթի, օճառը՝ ձվի, ծխախոտը բենզինի (սեւ շուկայում ծխախոտ կարելի է գտնել նորվեգական գնով` 4 հազար դրամ տուփը), սոդան հինգ կգ սպիտակ ալյուրով, կարտոֆիլը սրճով եւ այսպես շարունակ:

Հոսանքը միշտ ամենաանհարմար պահին է անջատվում: Տխուր է տեսնել, երբ երեկոյան ուշ ժամին դպրոցական երեխաներ են գալիս այստեղ, հեռախոսի լուսը պահում դատարկ փեղկերի վրա եւ հարցնում. մենակ պիրոժկի՞ յա: Այս գեր մարդը երեւի չի պատկերացրել, որ մի օր պերոժկու համար հերթ պետք է կանգնի դպրոցական երեխաների հետ: Ես էլ չեմ պատկերացրել, որ մի օր ժենգյալով հացն այսքան կփոքրանա, խեղճանա ու առանց ձեթ կլինի, ապա չի լինի ընդհանրապես: Չեմ պատկերացրել, որ անգամ ապարատը կոֆե չի տա: Բայց անգամ քառաստղ Վալեքսը չի տալիս: Արմենիա հյուրանոցում ասում են, որ երեւի ամսի մեկից չաշխատեն: Ստեփանակերտի շուկան ամբողջությամբ դատարկվել է:

Ամեն ինչ շատ վատանալու մասին է հուշում նաեւ մայրիկների գրառումները մանկական տակդիրների մասին. Խոխին պամպերս ա պետք, գինը կապ չունի, փոխանակելու բան չունեմ…

Սակայն ամենասարսափեցնողը վերջին օրերին շատացած ճամպրուկ գնելու մասին գրառումներն են Ֆեյսբուքում:

Ամենածանրն ինձ համար ճամպրուկ գտնելու մասին գրառումներն են: Էն, որ հասկանում ես, որ մարդիկ իրավունք ունեն պայքարից հոգնելու և պարզապես սովորական կյանքով ապրելու ցանկություն ունենալ, բայց ամեն նոր ճամպրուկի փնտրտուքի գրառում հաստատելով, մի՜ փոքր ավելի լքված եմ ինձ զգում, մի՜ փոքր դավաճանված և մի՜ փոքր ավելի մենակ: Սրա ավելի ծանր տարբերակը` քո ճանաչած մարդկանց հեռանալն է, նրանց, որ ասում էին` լավ է մեռնեմ, քան ապօրինի անցակետում անձնագիրս իմ ձեռքով տամ ադրբեջանցուն ստուգի… Չեմ մեղադրում, քավ լիցի, գուցե նավն այն աստիճան խորտակվի, որ պայքարելու տեղ այլևս չմնա և նույն նվաստացուցիչ անցակետով բոլորս էլ անցնենք, բայց միևնույն է, ինչ֊-որ ծանր ապրում կա, որ խտանում է ամեն գնացողի հետ, — գրում է լրագրող Տաթեւիկ Խաչատրյանը:

Այսօր Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին եկեղեցում խաղող են բաժանել: Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Խաչվերացը: Դավիթ սարկավագն ասաց, որ բերքը մի մարդ է ուղարկել: Չորս խոխի փայ ա, մատաղ ինիմ, — ասում է մի կին ու մեկնում տնից բերած տոպրակը, տոպրակով ենք շրջում, — ավելացնում է նա:

Հավատացյալները Տերունական աղոթքով ամեն օր Աստծուց խնդրում են, որ հանապազօրյա հացը հասցնի: Ինչեւէ, Աստված այսօր արցախցիներին կես հաց է տալիս` տալոնով:

Բայց մեկ է, մեր լույսը բացվելու է,-ասում են տեղացիները:

Մարութ Վանյան

 

Ինչ է մատուցվում արցախյան ռեստորաններում

Արցախում պարենային իրավիճակի բարդացումը հանգեցրեց նրան, որ Ստեփանակերտի գրեթե բոլոր ռեստորանները և սրճարանները փակվեցին եւ մոտ 2 ամիս է չեն աշխատում։

Ներկա դրությամբ Ստեփանակերտում աշխատում է 2 ռեստորան` “Sanremo”-ն և Եվրոպա հյուրանոցի ռեստորանը։ Այցելեցինք վերոնշյալ հաստատություններ եւ պարզեցինք, որ “մենյուի” 90%-ը չկա։

Երկու ռեստորաններում էլ գրեթե նույն վիճակն է։ “Sanremo” ռեստորանը մատուցում է միայն թեյ, որի վերջին 4 տուփն է մնացել, և տեղական արտադրության կոմպոտներ և նռան հյութ։ Ալկոհոլային խմիչքներից երևում են միայն ժամանակին վաճառվող թանկարժեք խմիչքների մնացորդներ։

Եվրոպա հյուրանոցի ռեստորանը մատուցում է տեղական խոտաբույսերով պատրաստված “Նախշուն” թեյերը, տեղական “Քիրս” գինիները, ալկոհոլային խմիչքների մնացորդներ,  տեղական կոմպոտներ և նռան հյութ։


Ադրբեջանական կողմը Մարտակերտի շրջանում խախտել է հրադադարը. հայկական կողմը ունի վիրավոր. ՊԲ

Սեպտեմբերի  17֊ ին ժամը 18։20֊ի սահմաններում ադրբեջանական զինուժը Մարտակերտի շրջանում խախտել է   հրադադարը՝ կիրառելով հրաձգային զենք եւ ԶՈւ 23֊2 կայանք: Այս մասին հաղորդում են ԱՀ ՊԲ մամուլի ծառայությունից:

Հրադադարի խախտման հետեւանքով հայկական կողմում կա մեկ վիրավոր։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում։

Իրանը թույլ չի տա, որ սահմանափակվի կամ փակվի Հայաստանի հետ պատմական կապը․ Աբդոլահիան

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեին Ամիր Աբդոլահիանը հայտարարել է, որ Իրանը թույլ չի տա, որպեսզի սահմանափակվի կամ փակվի իր պատմական կապը Հայաստանի հետ։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով իրանական IRNA գործակալությունը, Իրանի արտաքին գործերի նախարարն այս մասին  ասել է Al-Vefagh թերթին տված հարցազրույցում։

Նշվում է, որ Իրանի ԱԳ նախարարն այդ մասին ասել է՝ անդրադառնալով Հարավային Կովկասում առկա զարգացումներին։