Արտակ Բեգլարյանը թվարկել է, թե ում են ռուսները Արցախից դեպի Հայաստան տեղափոխում

Ադրբեջանական քարոզչամեքենան հերթական անգամ սկսել է շահարկել ռուս խաղաղապահների կողմից Արցախից Հայաստան մարդկանց տեղափոխությունը՝ վերջին խումբը ներկայացնելով իբր որպես Հայաստանի զինծառայողների տարհանում Արցախից: Այս մասին տելեգրամյան իր ալիքում գրել է ԱՀ նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը:
«Այդ առումով մի քանի շեշտադրում՝
  1. Վաղուց Հայաստանի ոչ մի զինծառայող Արցախում չի գտնվում, որի վերաբերյալ բազմիցս հայտարարվել է Արցախի ու Հայաստանի իշխանությունների կողմից:
  2. Հունիսի 15-ից մինչև օգոստոսի 21-ը Ադրբեջանի կողմից լրիվությամբ արգելված էր մարդկանց, մեքենաների ու բեռների տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ բացառությամբ Կարմիր խաչի կողմից իրականացվող բուժառուների խիստ սահմանափակ քանակի տեղափոխություններից:
  3. Օգոստոսի 21-ից 28-ը ռուս խաղաղապահների կողմից Արցախից Հայաստան են տեղափոխվել մի քանի հարյուր ուսանողներ և ՌԴ քաղաքացիներ ու նրանց ընտանիքների անդամներ: Սակայն ամսի 28-ին ադրբեջանական ապօրինի անցակետից արցախցի երեք ուսանողների ահաբեկչական առևանգումից հետո տեղափոխությունները դադարել էին:
  4. Վերջին օրերին վերականգնված տեղափոխության արդյունքում Հայաստան են տեղափոխվել, իմ տեղեկություններով, հերթում սպասող ուսանողներ, ՌԴ քաղաքացիներ և Արցախի շինարարության, հանքարդյունաբերության ու այլ ոլորտներում ժամանակին աշխատող և գործազուրկ դարձած ՀՀ քաղաքացիներ: Հավանաբար հենց այս վերջին խմբին էլ ադրբեջանցիները փորձում են ներկայացնել իբր որպես զինծառայողներ:
  5. Կարևոր է ընդգծել, որ և՛ օգոստոսյան, և՛ վերջին տեղափոխություններն իրականացվել են միակողմանիորեն, քանի որ ադրբեջանական կողմը թույլ չի տալիս խաղաղապահներին Հայաստանից Արցախ վերադարձնել հերթում սպասող բազմաթիվ արցախցիների: Ահա սա ադրբեջանական էթնիկ զտման ու հարկադիր տեղահանման քաղաքականության վառ օրինակներից է, երբ Արցախի բնակիչները փաստորեն կարող են լքել հայրենիքը, բայց չեն կարող վերադառնալ այնտեղ՝ իրենց ընտանիքների մոտ:
Հուսամ՝ Արցախի լիազոր պետական մարմինները հանդես կգան լրացուցիչ պարզաբանումներով այս հարցի շուրջ», – գրում է Բեգլարյանը:

Թողնել այն ամենը, ինչ ձեռք է բերվել սեփական աշխատանքով դեռ 13-րդ դարում հիմնադրված գյուղում

Մինչև 2020 թվականի հոկտեմբերի 7-ը Լիզա (Լյուբա) Սարգսյանն ապրում էր հայրենի Կեմրակուչ գյուղում, որը գտնվում է Հադրութից հինգ կիլոմետր հեռավորության վրա։

Ծնվել է գյուղացիական ընտանիքում։ Սովորել գյուղական ութամյա դպրոցում, այնուհետեւ ուսումը շարունակել Հադրութի միջնակարգ դպրոցում։ Մինչև Արցախյան առաջին պատերազմը աշխատել է գյուղական խանութում որպես վաճառող։

Նա լավ հիշում է, թե ինչպես էր խորհրդային տարիներին ամեն երկուշաբթի ոտքով գնում Հադրութ, որտեղ գյուղի խանութի համար ապրանքներ ստանալու հաշիվ-ապրանքագրեր էր ստանում։ Նրա խոսքով, բոլոր ներկրված ու որակյալ ապրանքները ուղարկվում էին ասրբեջանական շրջաններ և գյուղեր։ Արցախյան խանութներին տալիս էին այն ամենը, ինչ մնում էր, այսինքն՝ անորակ «շիրպոտրեբը»։ Այդ պատճառով մարդիկ ստիպված էին գնալ հարևան ադրբեջանական գյուղեր՝ լավ հագուստ, կոշիկ, սպասք և այլ բարձրորակ ապրանք գնելու համար։

Տիկին Լյուբան հիշում է, թե երեսունականներին քանի երիտասարդ ընտանիք լքեց գյուղը «պլանի» պատճառով (այսպես կոչված բնական հարկի, երբ արցախցիները տուրք էին տալիս Ադրբեջանին գյուղմթերքի տեսքով)։ Շատերը պետությանը (ըստ էության Ադրբեջանին) տալիս էին իրենց տարեկան ողջ պաշարը, և ընտանիքը մնում էր առանց որևէ բանի։

Իսկ Բաքվում այդ տարիներին նավթարդյունաբերությունը սկսեց արագ զարգանալ։ Արցախցի երիտասարդությունը գնում էր այնտեղ։ Բնատուր շնորհքի շնորհիվ  շատերը հասել են մեծ բարձունքների, բարձր պաշտոններ են զբաղեցրել։ Բայց նույնիսկ մեծ կարողություններով և պրոֆեսիոնալիզմով Ադրբեջանում հայերը միշտ երկրորդ տեղում էին. նրանց ղեկավարում էին երբեմն վատ կրթված ադրբեջանցիները:

Արցախի հայաթափման մեկ այլ ալիք էր Երկրորդ համաշխարհային պատերազմը, որի ընթացքում Ադրբեջանն արցախահայության հաշվին իրագործեց ճակատը տղամարդկանցով ապահովելու իր «պլանը»։ Ե՛վ տղամարդիկ, և՛ երիտասարդ աղջիկները կանչվում էին գրեթե բոլոր ընտանիքներից: Ռազմաճակատ մեկնածների կեսը չի վերադարձել։

Բայց հատկապես դժվար էր հետպատերազմյան տարիներին և արդեն 70-80-ական թվականներին, երբ ամբողջ Խորհրդային Միությունում պարենամթերքի և առաջին անհրաժեշտության ապրանքների պակաս կար։ Գյուղատնտեսական մթերքներով հարուստ Արցախը Ադրբեջանին էր տալիս դաշտերից հավաքված ողջ ցորենը, այգիներից բերքը, բազմաթիվ անասնաբուծական ֆերմաների միսը և ապրում սոված։

Ամեն ինչ փոխվեց 1988 թվականին, երբ արցախցի հպարտ ժողովուրդը որոշեց ձերբազատվել Ադրբեջանի ստրկությունից ու լծից։

Ժողովրդի ոգեւորությունը կոտրել են Սումգայիթի, ապա Բաքվի ջարդերը, որտեղ Լյուբան բազմաթիվ հարազատներ ուներ։ Նրանք բոլորը ստիպված եղան թողնել Բաքուն և սփռվել աշխարհով մեկ՝ Հայաստանից Ամերիկա։

Բայց հենց որ խոսակցությունը գալիս է Արցախի ազատության համար պայքարի դուրս եկած տարիներին, տիկին Լյուբայի աչքերում հպարտության լույս է փայլում՝ տեղի տալով զոհված երիտասարդ տղաների դառնությանը։ Դրան փոխարինելու է գալիս հպարտությունը, որ արցախցիները միասին կարողացան ազատվել ադրբեջանական լծից և կառուցել սեփական ազգային պետությունը։

Բայց աչքերը նորից մթագնում են, երբ խոսքը հասում է 2020 թվականի պատերազմին…

Տասներեքերորդ դարում հիմնադրված գյուղում թողնել այն ամենը, ինչ ձեռք է բերվել սեփական աշխատանքով, թողնել նախնիների չորս սերնդի ու հարազատների գերեզմանները, կորցնել անգամ անցյալը, տարեց կնոջ համար շատ դժվար է։

Այո՛, այսօր նա շրջապատված է իր զավակներով ու սիրելիներով, բայց չկան իր տան պատերը, արահետները, գյուղական աղբյուրը… Մնում է միայն հույսը, որ նա մի օր նորից կբացի իր տան դարպասները, որի բանալիները խնամքով պահում է…

 

ԱՄՆ-ն չի հանդուրժի ԼՂ հայ ժողովրդի նկատմամբ էթնիկ զտման որևէ փորձ. Յուրի Քիմ

ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի պաշտոնակատար Յուրի Քիմը կոչ է անում Ադրբեջանի կառավարությանը բացել Լաչինի միջանցքը՝ մարդասիրական փոխադրումների համար:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Յուրի Քիմն այս մասին ընդգծեց Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում «Լեռնային Ղարաբաղում ճգնաժամի գնահատում» խորագրով լսումներում:

Յուրի Քիմը նշեց, որ վերջին մի քանի ամիսներին ինտենսիվորեն աշխատել են՝ հասցեագրելու ԼՂ-ում հումանիտար իրավիճակը:

«Մենք խորապես մտահոգված ենք Լաչինի միջանցքի փակմամբ և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի վրա դրա փակման հետևանքներով: Անընդհատ ասում ենք, որ այդ միջանցքը պետք է բացվի առևտրային, հումանիտար և մասնավոր մեքենաների տեղաշարժի համար»,-ասաց նա:

Քիմն ընդգծեց հումանիտար մատակարարումները վերականգնելու հրատապությունը:

Նա նշեց, որ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, Կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդական Լուի Բոնոն, USAID-ի գործընկերները, ինքը և շատ գործընկերներ ինտենսիվորեն ներգրավված են այս հարցում՝ ճնշում գործադրելու Լաչինի միջանցքի, ինչպես նաև մարդասիրական, առևտրային և մասնավոր երթևեկության համար այլ ուղիների անհապաղ և անխափան բացման համար՝ հրատապ անհրաժեշտ պարագաների անցումը թույլ տալու նպատակով։ Քիմը նաև ասաց, որ Լուի Բոնոն կրկին տարածաշրջանում է՝ ճնշում գործադրելու, որպեսզի մատակարարումները Լեռնային Ղարաբաղ թույլատրվեն անհապաղ և սահուն կերպով:

Նա շեշտեց՝ կոչ են անում Ադրբեջանի կառավարությանը արագ վերականգնել մասնավոր, մարդասիրական տրանսպորտային միջոցների ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով, նաև գիտակցում են լրացուցիչ երթուղիների կարևորությունը:

Ըստ նրա՝ տարածաշրջանում փոխվստահության բացակայությունը ամենալուրջ խնդիրներից մեկն է: «Մենք պետք է շարունակենք խրախուսել բոլոր կողմերին կառուցողական աշխատել»,-նշեց Քիմը:

Նա շեշեց. «ԱՄՆ-ն չի հանդուրժի ԼՂ հայ ժողովրդի նկատմամբ էթնիկ զտման որևէ փորձ, գործողություն կամ այլ վայրագություն՝  լինի դա կարճաժամկետ կամ երկարաժամկետ»:

Սենատոր Ջեյմս Ռիսչն էլ նշեց, որ Եվրոպայում և Եվրասիայում շարունակվող անկայունությունը պարզ են դարձնում Հարավային Կովկասում ԱՄՆ-ի ուժեղ քաղաքականության անհրաժեշտությունը:

 

Ինչո՞ւ մենք ավելի հրապարակայնորեն չենք քննարկում պատժամիջոցների հարցը. ԱՄՆ սենատորը՝ Ադրբեջանի մասին

ԱՄՆ սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների քաղաքականության համար Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների հարց քննարկելու անհրաժեշտություն է տեսնում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Մենենդեսը նման դիրքորոշում հայտնեց Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում «Լեռնային Ղարաբաղում ճգնաժամի գնահատում» խորագրով լսումներին:

Նա նշեց, որ Ադրբեջանն ընդամենը մեկ բեռնատարի մուտք է թույլատրել Լեռնային Ղարաբաղ Աղդամով՝ 120 հազար հայերի համար, մինչդեռ մինչև Լաչինի միջանցքի արգելափակումը 120 բեռնատարներ էին անցնում ամեն օր:

«Նախագահ Ալիևն ասում է, որ ինքը չի կազմակերպում էթնիկ զտումներ: Բայց դա հենց դա է, ինչ ինքն անում է»,-ասաց նա՝ հավելելով, որ Ալիևը նպատակ ունի Արցախի ժողովրդին ստիպել քաղաքականապես հպատակվել կամ սովամահ անել:

Սենատորը հավելեց՝ հաշվի առնելով, որ Ադրբեջանը, ըստ տեղեկությունների, սահմանի երկայնքով զորքեր է կուտակում, պետք է պատրաստ լինել ռազմական գործողությունների: Սենատորն ընդգծեց՝ ժամանակն էական է: Նա մեջբերեց Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի զեկույցից մի հատված՝ սովը ցեղասպանության անտեսանելի զենքն է, առանց անմիջական կտրուկ փոփոխությունների՝ հայերի այս խումբը մի քանի շաբաթից կկործանվի:

«Մի քանի շաբաթ, այսքան ժամանակ մենք ունենք»,-շեշտեց Մենենդեսը:

Խոսելով այս վայրագությունը կանխելու համար Բայդենի վարչակազմից և միջազգային հանրությունից ակնկալվող գործողություններից՝ նա ասաց. «Մեր ուղերձը ամենաբարձր մակարդակներից պետք է լինի միանշանակ՝ դադարեցրեք շրջափակումը, դադարեցրեք սպառնալիքները Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հասցեին, դադարեցրեք սպառնալիքները հայերի հասցեին, բացեք Լաչինի միջանցքն անմիջապես»:

Սենատորն ընդգծեց՝ սրանք այն պարտավորություններն են, որոնք Ադրբեջանը ինքն է ստանձնել 2020 թվականի նոյեմբերի 9-ին հրադադարի պայմանավորվածությամբ:

Նա խոսեց նաև ռուս խաղաղապահների ունեցած պարտավորությունների մասին:

Մենենդեսը նշեց, որ նաև Եվրոպայում կայունության նպատակով Միացյալ Նահանգները և Եվրոպան պատասխանատվություն են կրում: Վերջին մեկ տարվա ընթացքում Միացյալ Նահանգներն օգնում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ավելի երկարատև, կայուն խաղաղության համաձայնագրի կնքմանը: «Ես աջակցում եմ ցանկացած ջանքի, որն ուղղված է ապահովելու կայուն խաղաղությունը և անվտանգությունն ու հիմնարար իրավունքները՝ տարածաշրջանում բոլոր մարդկանց համար: Բայց իրականությունը հետևյալն է՝ խոսակցությունն անարժեք է, երբ այս բանակցություններում մի կողմը էթնիկ զտումների արշավ է իրականացնում»,-ասաց Մենենդեսը:

Նա հույս հայտնեց, որ կգտնեն, թե ինչ տարբերակով կարող են մեղմել հումանիտար ճգնաժամը ԼՂ հայերի համար, ինչ միջոցներ պետք է ձեռնարկել՝ ստիպելու համար Բաքվի իշխանություններին բացել Լաչինի միջանցքը:

«Եվ ինչո՞ւ մենք ավելի հրապարակայնորեն չենք քննարկում պատժամիջոցները այն գործունեության համար, որը, կարծում եմ, բոլորս կարող ենք համաձայնել, ակնհայտորեն պատժելի է»,-եզրափակեց Մենենդեսը:

 

ԱՄՆ Սենատում անցկացվում են Լեռնային Ղարաբաղի իրավիճակի վերաբերյալ լսումներ

ԱՄՆ Սենատում մեկնարկել են Լեռնային Ղարաբաղի իրավիճակի վերաբերյալ լսումներ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լսումներն անցկացվում են Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում «Լեռնային Ղարաբաղում ճգնաժամի գնահատում» խորագրով:

Լսումների մեկնարկին հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը հիշեցրեց, որ արդեն ամիսներ շարունակ Ադրբեջանն արգելափակել է Լաչինի միջանցք մուտքը ` թույլ չտալով Հայաստանից մարդասիրական օգնություն անգամ հասցնել ԼՂ հայերին, որոնք սովամահ են լինում:

Եվրոպական խորհրդարանում բանաձև է ընդունվել Ադրբեջանի դեմ՝ մարդու իրավունքների խախտումների համար

Եվրոպական խորհրդարանում բանաձև են ընդունել՝ պահանջելով ազատ արձակել Ադրբեջանում անօրինական կերպով ձերբակալված հայտնի ընդդիմադիր գործիչ Գուբադ Իբադօղլուին, դատապարտել Ադրբեջանում մարդու իրավունքների լուրջ խախտումները, ինչպես նաև պատժամիջոցներ սահմանել մարդու իրավունքների խախտումներ իրականացրած ադրբեջանցի պաշտոնյաների նկատմամբ։

Բանաձևն ընդունվել է 539 կողմ, 6 դեմ և 24 ձեռնպահ ձայներով։

Եվրոպական խորհրդարանի բանաձևում նշված է, որ Գուբադ Իբադօղլուն դաժան հարձակման է ենթարկվել և կամայականորեն ձերբակալվել 2023 թ․ հուլիսի 23-ին և կասկածելի մեղադրանքներով դեռ մնում է բանտում։ Նա հայտնի է Ադրբեջանի կառավարության խիստ քննադատությամբ՝ կապված կոռուպցիայի, հանրային ֆինանսների անարդյունավետ կառավարման, թափանցիկության բացակայության հետ։

Ըստ բանաձևի տեքստի՝ նրան սպառնում է 12 տարվա ազատազրկում «շինծու մեղադրանքներով»։

Ադրբեջանում, ըստ Եվրոպական խորհրդարան ներկայացված բանաձևի, ներկայում կա շուրջ 200 քաղբանտարկյալ, այդ թվում՝ լրագրողներ, իրավապաշտպաններ, ընդդիմադիր քաղաքական գործիչներ։

Բանաձևով կոչ է արվում Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների դեպքերը բարձրաձայնել բոլոր երկկողմ հանդիպումների և ապագա գործընկերության համաձայնագրեր կնքելու շուրջ բանակցությունների ժամանակ։ Նշվում է, որ այդ համաձայնագրերի կնքման պայման պետք է հանդիսանա բոլոր քաղբանտարկյալների ազատ արձակումը։

 

Ֆլանդրիայի խորհրդարանականներն իրենց զորակցությունն են հայտնել Արցախի ժողովրդին

Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի «Արցախի Հանրապետություն-Բելգիայի Թագավորության Ֆլանդրիայի խորհրդարան» բարեկամական խմբի  նախաձեռնությամբ սեպտեմբերի 13-ին  տեսակապով  հանդիպում է կազմակերպվել  Բելգիայի գործընկերների հետ:

Ինչպես տեղեկանում է Արցախի ԱԺ-ի տարածած հաղորդագրությունից, տեսակապով հանդիպմանը, որին մասնակցում էին նաև ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբի գրասենյակի ղեկավար Գասպար Կարապետյանն ու գրասենյակի գործադիր տնօրեն Հեղինե Էվինյանը, քննարկվել են Արցախի ներկա կացության հետ կապված հարցեր:

Ազգային ժողովի «ԱՀ – Բելգիայի Թագավորության Ֆլանդրիայի խորհրդարանի» բարեկամական խմբի ղեկավար Արամ Գրիգորյանը, խմբի անդամներ Աժ նախագահի տեղակալ Գագիկ Բաղունցն ու ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանը ներկայացրել են Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակմամբ պայմանավորված արցախցիների կրած դժվարությունները, անդրադարձել են անվտանգային խնդիրներին,  նշել են, որ Արցախի  բարեկամներից ակնկալում են հարցի բարձրաձայնում  միջազգային ատյաններում և մեդիատիրույթում:

Ֆլանդրիայի խորհրդարանի անդամ,սենատոր Կառլ Վանլաուեն,սենատոր Մարկ Դեմեսմաքերն ու տեսակապի այլ մասնակիցներ իրենց զորակցությունն են հայտնել Արցախի ժողովրդին,շեշտել են, որ Ֆլանդրիայի խորհրդարանը դատապարտել է Ադրբեջանի քաղաքականությունը, պատերազմից հետո կառավարությունը միջոցներ է հատկացրել հումանիտար օգնության համար ու այսօր էլ փորձում են քայլեր մշակել Արցախին աջակցելու համար:

ԱԺ նախագահի տեղակալ Գագիկ Բաղունցը  կարևորել է  Արցախի բարեկամների աջակցությունն այս դժվարին փուլում ու  շեշտել է, որ շարունակելու ենք պայքարել ինքնորոշման իրավունքի համար:

Արմեն Գրիգորյանն ու ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահը քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը

Սեպտեմբերի 14-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուի Բոնոյին:

Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը՝ հումանիտար ճգնաժամը և դրա հաղթահարմանն ուղղված ջանքերը, ինչպես նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանն առնչվող հարցեր:

Ի՞նչ միջազգային երաշխիքների մասին է խոսում «Արցախի անվտանգության և զարգացման ճակատը»

“Այսօր կարող ենք արձանագրել, որ Ադրբեջանը հերթական անգամ հրաժարվել է հաստատված պայմանավորվածություններից և, ի պատասխան Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով Ռուսաստանից ռուսական Կարմիր Խաչի հումանիտար բեռի տեղափոխման հարցով Արցախի իշխանությունների համաձայնության, չի թույլատրել Բերձորի միջանցքով ՀՀ տարածքից հումանիտար բեռների տեղափոխումը:
Ադրբեջանի իշխանությունների այս պահվածքը ոչ այլ ինչ է, քան հիմնախնդրի լուծման միջազգային դերակատարների բոլոր ջանքերի լիակատար արհամարհում։
Առնվազն տարակուսելի է, որ Ռուսաստանը՝ որպես պայմանավորվածությունների կողմ և 2020 թվականի եռակողմ հայտարարության դրույթների կատարման երաշխավոր, հանդուրժում է հերթական սադրանքը Ադրբեջանի կողմից։
«Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժումն առաջին անգամ չէ, որ հայտարարում է ադրբեջանական կողմի՝ պայմանագրային պարտավորությունները պահպանելու կասկածելի ունակությունների մասին և Արցախի իշխանություններին հորդորում է պնդել միջազգային երաշխիքների եւ պատժի անհրաժեշտությունը՝ իրականացնելու հնարավոր որոշումները, որոնց հնարավոր կլինի հասնել ադրբեջանական կողմի հետ երբեւէ։
Այս դժվարին ժամին մեր հայրենակիցներին կոչ ենք անում համախմբվել եւ անել հնարավորը՝ հանուն Արցախի փրկության:
Տոտալ շրջափակման, խոր հումանիտար ճգնաժամի և Ադրբեջանի կողմից գոյաբանական սպառնալիքների պայմաններում Արցախը հայկական պահելու ամենակարեւոր երաշխիքը եղել եւ մնում է Արցախի ժողովրդի՝ իր հայրենիքում ապրելու եւ այն ամեն գնով պաշտպանելու անկոտրում կամքը”:
«Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժում

Բաքվի զինված տեղակայումները Լաչինի միջանցքից ու ճանապարհից մինչև Ստեփանակերտ և Ստեփանակերտից մինչև Ակնա

Նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը գրել է․

«Մենք տեղորոշել ենք ադրբեջանական զինված տեղակայումները Լաչինի միջանցքից ու ճանապարհից մինչև Ստեփանակերտ և Ստեփանակերտից էլ մինչև Աղդամ:

Այս քարտեզների վրա հստակ նշված են նաև այն վայրերը, որտեղ գտնվում էին ճանապարհը շրջափակած ադրբեջանական կառավարության «էկոակտիվիստ» գործակալները 2022թ. դեկտեմբերի 12-ից մինչև 2023թ. ապրիլի 23-ը:

Տեղորոշված է նաև ադրբեջանական կարմիր մահիկի ընկերության մեքենաների վայրը:

Այս քարտեզները և տեղակայումները ևս մեկ անգամ ապացուցում են, որ Լաչինի միջանցքն ունի Արցախի էթնիկ հայերի ինքնությունը պահպանելու նշանակություն։

Աղդամի ճանապարհի բացումը գոյութենական սպառնալիք է Արցախի հայերի համար և չի կարող այլընտրանք լինել Լաչինի միջանցքին»: