Առողջապահության նախարարությունը ԼՂ-ից բռնի տեղահանված բուժաշխատողներին առաջարկում է համագործակցել

ՀՀ առողջապահության նախարարությունը  սկսում է հավաքագրել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բուժաշխատողների կրթական, զբաղվածության կարիքները, և առաջարկում համագործակցել:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Առողջապահության նախարարության տարածած հաղորդագրությունից, ցանկացողները կարող են զանգահարել ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտ` 096-14-40-83, երկուշաբթիից ուրբաթ` ժամը 9:00-19:00 կամ մոտենալ ԱԱԻ (Կոմիտաս 49/4, 116 սենյակ)` անվճար խորհրդատվության համար:

Կարիքները հավաքագրելուց հետո կմեկնարկեն դրանք հոգալու ուղղությամբ աշխատանքները:

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների թիվը հասել է 74 հազար 400-ի

Լեռնային Ղարաբաղից Հայաստան սեպտեմբերի 28-ի ժամը 18:00-ի դրությամբ տեղափոխվել է բռնի տեղահանված 74 հազար 400 անձ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ասուլիսում հայտարարեց Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:

«Ժամը 18:00-ի դրությամբ Հակարիի կամուրջը հատել է 15 հազար 535 տրանսպորտային միջոց»,-ասաց Բաղդասարյանը:

Նրա խոսքով՝ հաշվառում արդեն իրականացվել է 55 հազար 248 անձի շուրջ:

ԼՂ-ից բռնի տեղահանվածներից յուրաքանչյուրին պետական բյուջեից կհատկացվի միանվագ 100 հազարական դրամ

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածի հրատապ կարիքների համար նրանցից յուրաքանչյուրին՝ անկախ տարիքից, պետական բյուջեից կհատկացվի միանվագ 100 հազարական դրամ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  այս մասին ֆեյսբուքի էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր քույրերի եւ եղբայրների հրատապ կարիքների համար նրանցից յուրաքանչյուրին՝ անկախ տարիքից, պետական բյուջեից կհատկացնենք միանվագ 100 հազարական դրամ:

Այսօր երեկոյան փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը Հ1-ի եթերում կներկայացնի մանրամասները»,- գրել է վարչապետը:

Բաքուն կազմել է հարյուրավոր ղարաբաղցի հայերի ցուցակ, որոնց ցանկանում է կալանավորել

Ադրբեջանն ունի Լեռնային Ղարաբաղից մի քանի հարյուր հայերի ցուցակ, որոնց Բաքուն ցանկանում է կալանավորել տարբեր հանցագործությունների մեղադրանքով, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով «բարձրաստիճան դիվանագետին»։

Խլացուցիչ լռություն. Հայաստանի քաղաքական ուժերը նույնիսկ հայտարարություններ չեն ընդունում կատարվածի մասին

Քաղաքական վակուումի արդյունքը

Ադրբեջանի կողմից իրականացվող էթնիկ զտումների քաղաքականության արդյունքում Լեռնային Ղարաբաղից հայերի արտագաղթը շարունակվում է, ասել է Փաշինյանը՝ նշելով, որ առաջիկա օրերին Լեռնային Ղարաբաղում այլևս հայ չի մնա։ Նա դա անվանել է էթնիկ զտումների և հայրենազրկման ուղղակի ակտ։

«Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող էթնիկ զտումները դատապարտող միջազգային տարբեր խաղացողների հայտարարությունները կարևոր են, բայց եթե դրանց չհետևեն կոնկրետ գործողություններ, ապա այդ հայտարարությունները կդիտարկվեն որպես պատմության համար պարզապես բարոյական վիճակագրություն»,- ասաց Փաշինյանը։

Փաշինյանը չասաց, թե ինչ է արել Հայաստանը գնահատականների և կոնկրետ գործողությունների մակարդակով՝ չհաշված մարդասիրական օգնությունը հազարամյա հայրենիքից բռնագաղթված մարդկանց։

Հայաստանի քաղաքական իսթեբլիշմենթի գործողությունների մասին կարելի է լեգենդներ հյուսել. ընդհանրապես, Հայաստանի անկախության անցած 30 տարիների պատմությունը տարեգրության մեջ կմտնի որպես հակապետության օրինակ։ Հայաստանում ոչ մի քաղաքական ուժ այդպես էլ հայտարարություն չի ընդունել եւ գնահատական ​​չի տվել տեղի ունեցածին։ Նրանք փորձում են խլացուցիչ լռությունը լցնել մարդասիրական մտահոգությամբ և անպտուղ բողոքի ակցիաներով։ Բայց վակուումը մեծանում է, և ինչ-որ պահի այն կպայթի, ինչպես ցանկացած հականյութ՝ վերածվելով սև խոռոչի։

Վերջին 30 տարիների ընթացքում Հայաստանի խորհրդարանը չի ընդունել որևէ փաստաթուղթ, որը կարող է սահմանել պետական ​​ռազմավարության նշաձողը, որի հիման վրա կկառուցվեն հարաբերություններ այլ երկրների հետ։ Ոչ 2016 թվականի պատերազմից հետո, ոչ 2020 թվականի աշնանը, ոչ էլ հիմա, երբ Ղարաբաղը հայաթափվել է, Հայաստանի խորհրդարանը չի ընդունել որևէ հայտարարություն, բանաձև կամ օրենք, որը գնահատական ​​կտա տեղի ունեցածին։ Քաղաքական վակուումը ստեղծվեց միտումնավոր, և արդյունքը եղավ այն, որ Հայաստանի քաղաքական դիրքն աշխարհում գնահատվում է Նիկոլ Փաշինյանի բանավոր հայտարարություններով։

Ի՞նչ նկատի ունի Փաշինյանը՝ խոսելով միջազգային հանրության կոնկրետ գործողությունների մասին։ Որ Ֆրանսիան, ի հակառակ Հայաստանի, զո՞րք կմտցնի Արցախ և կցրի Ակնայում գտնվող ռուս-թուրքական կենտրոնը։ Որ ԱՄՆ-ն և Ֆրանսիան կճանաչե՞ն Արցախի ինքնորոշման իրավունքը, մինչդեռ Երևանը կոչ է անում «չքաղաքականացնել արցախահայության իրավունքներն ու անվտանգությունը»։ Ի՞նչ պետք է ասեն Մակրոնը, Շոլցն ու Թրյուդոն, որ «Նիկոլը սխալվում է, Արցախը Ադրբեջանի տարա՞ծք չէ»։ Ի՞նչ պետք է անեն այլ երկրները:

ԱՄՆ չգիտի՞, որ հայերը հեռանում են․ “մենք ողջունում ենք Ադրբեջանի կողմից գազի եւ ջրի մատակարարումների վերականգնման վերաբերյալ հայտարարված պարտավորությունը”

Մենք նախկինի պես խորապես մտահոգված ենք Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակով եւ կոչ ենք անում Ադրբեջանին պահպանել հրադադարի ռեժիմը եւ խուսափել ռազմական գործունեության ցանկացած վերսկսումից: Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մայքլ Ռ. Քարփենթերը։

«Ինչպես սեպտեմբերի 26-ին նախագահ Ալիեւի հետ զրույցում ընդգծել է պետքարտուղար Բլինքենը, ԱՄՆ-ն Ադրբեջանին կոչ է անում զերծ մնալ Լեռնային Ղարաբաղում հետագա ռազմական գործողություններից եւ ապահովել անարգել հումանիտար հասանելիություն։ Ուժի կիրառումն անընդունելի է եւ հակասում է տարածաշրջանում արդար, հարատեւ եւ արժանապատիվ խաղաղության համար պայմաններ ստեղծելուն ուղղված ջանքերին:

Միացյալ Նահանգները շարունակում է խորապես մտահոգված մնալ Լեռնային Ղարաբաղի ներսում ստեղծված հումանիտար իրավիճակով: Մենք ողջունում ենք Ադրբեջանի կողմից գազի եւ ջրի մատակարարումների վերականգնման վերաբերյալ հայտարարված պարտավորությունը եւ կոչ ենք անում Ադրբեջանին կատարել այդ եւ այլ պարտավորությունները: Մենք կոչ ենք անում միջազգային մարդասիրական կազմակերպություններին անարգել մուտք գործել տարածաշրջան՝ կարիքավոր բնակչությանը կանոնավոր մարդասիրական մատակարարումների համար։

Բացի այդ, մենք կողմերին կոչ ենք անում ապահովել հումանիտար աշխատողների պահպանությունն ու անվտանգությունը։ Մենք աջակցում ենք Հայաստանի կառավարության ջանքերին՝ օգնելու տեղահանվածներին ապաստան եւ հարմարավետություն գտնել Հայաստանում եւ շարունակելու ենք աջակցել Հայաստանի կառավարությանը նրա ջանքերում:

Lեռնային Ղարաբաղի էթնիկ հայերը պետք է հնարավորություն ունենան իրենց տներում մնալ խաղաղության եւ արժանապատվության մեջ։ Նրանց, ովքեր ցանկանում են հեռանալ եւ վերադառնալ, պետք է ապահով անցում ապահովվի չեզոք, անկախ երրորդ կողմի հսկողության ներքո: Ադրբեջանը պատասխանատվություն է կրում քաղաքացիական բնակչության պաշտպանության եւ բոլորի նկատմամբ մարդասիրական վերաբերմունքի ապահովման համար։

Ադրբեջանը նաեւ պատասխանատվություն է կրում իր ուժերի կողմից միջազգային իրավունքի պահպանման ապահովման համար, ներառյալ միջազգային մարդասիրական իրավունքը, որը կարգավորում է ռազմական գործողությունների վարումը, քաղաքացիական բնակչության պաշտպանությունը եւ մարտիկների նկատմամբ մարդասիրական վերաբերմունքը: Մենք ակնկալում ենք, որ Լեռնային Ղարաբաղի այն բնակիչները, ովքեր մեկնում են Հայաստան, կկարողանան ազատ վերադառնալ իրենց տները։

ԱՄՆ-ն հանձնառու է մարդասիրական օգնություն ցուցաբերել տարածաշրջանին։ USAID-ի ղեկավար Սամանթա Փաուերը սեպտեմբերի 26-ին Գորիսում հայտարարել է ավելի քան 11,5 միլիոն ԱՄՆ դոլարի լրացուցիչ մարդասիրական օգնություն հատկացնելու մասին՝ աելի քան 23 միլիոն ԱՄՆ դոլարից զատ, որը ԱՄՆ-ն արդեն տրամադրել է որպես մարդասիրական օգնություն 2020 թվականից ի վեր։

Մենք ընդգծել ենք Բաքվի եւ Լեռնային Ղարաբաղում բնակվող էթնիկ հայերի միջեւ երկխոսության կարեւորությունը եւ հույս ունենք ապագայում տեսնել բովանդակալից քննարկումներ։

ԱՄՆ-ն կշարունակի ամենաբարձ մակարդակով համագործակցել Ադրբեջանի եւ Հայաստանի հետ՝ կայուն խաղաղություն հաստատելու համար»,-նշել է նա։

Պեսկով․ ամեն ինչ կարգին է, կարեւորը՝ հումանիտար խնդիրն է

Կրեմլը ուշադիր հետևում է Լեռնային Ղարաբաղում իրավիճակի զարգացմանը, ներառյալ դրա հումանիտար ասպեկտին։ Այս մասին հայտարարել է ՌԴ պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի՝ 2024 թվականի հունվարի 1-ից Արցախի գոյությունը դադարեցնելու մասին հրամանագրի ստորագրումը մեկնաբանելու խնդրանքին ի պատասխան՝ Պեսկովն ասել է. «Մենք ընդունում ենք ի գիտություն, ուշադիր հետևում ենք իրավիճակին, առաջին հերթին, իհարկե, հումանիտար ասպեկտը, դա ամենակարևորն է»։

«Մեր խաղաղապահները շարունակում են օգնել մարդկանց։ Շատերը ցանկություն են հայտնում տեղափոխվել Հայաստանի տարածք։ Ցանկացողներին աջակցություն է ցուցաբերվում»,- հավելել է Կրեմլի ներկայացուցիչը։

Մամուլի քարտուղարը նաև ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ հրապարակված փաստաթղթի կետերից մեկում ասվում է, որ բնակչությունը պետք է ծանոթանա Բաքվի առաջարկած վերաինտեգրման պայմաններին։ «Մենք, իհարկե, կշարունակենք ուշադրություն դարձնել այս հումանիտար ասպեկտներին», – հավելել է Պեսկովը։

Պեսկովն ասել է, որ Ռուսաստանը, Լեռնային Ղարաբաղից հայերի զանգվածային արտագաղթի իրավիճակում, ամենաշատը մտահոգված է հումանիտար ասպեկտով. կարևոր է, որ մարդկանց ապահովվեն նորմալ պայմաններ։ «Հավանաբար, դժվար թե հնարավոր լինի խոսել այն մասին, թե ով է մեղավոր, քանի որ նման գործողությունների անմիջական պատճառ չկա, բայց, այնուամենայնիվ, մարդիկ ցանկություն են հայտնում լքել Ղարաբաղի տարածքը։ Նրանցից ոմանք կարող են ցանկություն հայտնել դա անել ընդմիշտ, ոմանք՝ ժամանակավորապես՝ տրանսֆորմացիայի ժամանակաշրջանում»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով լրագրողների հարցերին, թե ով է մեղավոր, և որն է, իր կարծիքով, Ղարաբաղի հայերի արտագաղթի հիմնական պատճառը։

«Այստեղ գլխավորն այն է, որ նման որոշում կայացրածներն ապահովված լինեն նորմալ կենսապայմաններով։ Այսինքն՝ մեզ ամենից շատ անհանգստացնում է այս խնդրի զուտ մարդասիրական կողմը»,- նշել է նա։

Հայաստանը մեծ տարողությամբ ավտոբուսներ կուղարկի Ստեփանակերտում մնացած բռնի տեղահանված անձանց տեղափոխելու համար

Գորիսում մոբիլիզացված են 35 մեծ տարողությամբ ավտոբուսներ, որոնք պետք է ուղևորվեն դեպի Ստեփանակերտ՝ այնտեղ մնացած բռնի տեղահանված անձանց Հայաստան տեղափոխելու համար։

Այս մասին սեպտեմբերի 28-ին ՀՀ կառավարության նիստում հայտարարեց փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը՝ ընդգծելով, որ Լեռնային Ղարաբաղի գործընկերներից տեղեկացված են՝ բավական մեծ թվով մարդիկ կան, որ սեփական տրանսպորտային միջոցներ չունեն՝ դեպի Հայաստան ուղևորվելու համար։  «Կա պայմանավորվածություն, որ այդ անձանց կաջակցենք ավտոբուսներ տրամադրելով։ ՌԴ խաղաղապահների հետ կա համաձայնություն, որ կապահովեն ուղեկցումը։ Ճանապարհը ծանրաբեռնված է, և ավտոբուսները դեռ չեն շարժվում դեպի Ստեփանակերտ, կշարժվեն ծանրաբեռնվածության փոքր-ինչ թեթևացումից հետո»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտնեց փոխվարչապետը։

Գորիս-Ստեփանակերտ ճանապարհը գերբեռնված է, քանի որ Ստեփանակերտից դեպի Կոռնիձորի անցակետ հասնելու համար զբաղեցված են ավտոճանապարհի բոլոր գծերը՝ թե դեպի ՀՀ եկող, թե Լեռնային Ղարաբաղ գնացող։ Փոխվարչապետը տեղեկացրեց, որ մինչև սեպտեմբերի 27-ի երեկոյան ուշ ժամերը ճանապարհին՝ դեպի Կոռնիձորի անցակետ, միջին հաշվով մեկ մեքենան եղել է 30-35 ժամ։

«Եթե ավտոբուսներն ուղղվեն դեպի Ստեփանակերտ, դրանք ստիպված կլինեն ավելի քան 12 ժամ գտնվել ճանապարհներին։ Երթևեկության թեթևացման պարագայում հնարավոր կլինի անցումն ավելի քիչ ժամանակում կազմակերպել։ Բացի դրանից, միայն մեկ անգամով հնարավոր չի լինի Ստեփանակերտում բոլոր մնացածներին տեղափոխել։ Հավանաբար, կարիք կլինի երկու անգամ տեղափոխման գործընթաց կազմակերպել»,-իրավիճակը ներկայացրեց Խաչատրյանը։

Տաթև Թովմասյան անունով օգտատերը տեսագրություն էր տարածել՝ խնդրելով Հայաստանի իշխանություններին օգնության հասնել և տեղափոխում ապահովել տարբեր շրջաններից բռնի տեղահանված ու Ստեփանակերտում մնացած ԼՂ բնակիչների համար։ Նա հուզմունքով նշում էր, որ բավական մեծ թվով մարդիկ են մնացել, որոնք գիշերում են դրսում, ծանր հոգեվիճակում են՝ վախի մթնոլորտում և անորոշության  մեջ, քանի որ չունեն սեփական փոխադրամիջոց և քաղաքում նկատելի չեն ավտոբուսներ, որոնք կկազմակերպեն իրենց տեղափոխումը։

ԱՄՆ 96 կոնգրեսական կոչ է արել պատժամիջոցներ սահմանել Ալիևի կառավարության նկատմամբ՝ ԼՂ-ում մարդու իրավունքների խախտումների համար

ԱՄՆ Կոնգրեսի սենատի և ներկայացուցիչների պալատի 96 անդամներ նամակ են հղել երկրի պետքարտուղար Էնթոնի Բլինքենին և ֆինանսների նախարար Ջենեթ Յելենին՝ կոչ անելով պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի այն պաշտոնյաների նկատմամբ, որոնք պատասխանատու են Լաչինի միջանցքի շրջափակման և Լեռնային Ղարաբաղի վրա հարձակման համար։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նամակի համահեղինակները կոչ են անում մարդու իրավունքների կոպիտ խախտումների համար պատասխանատու ադրբեջանցի պաշտոնյաների նկատմամբ կիրառել «Մագնիտսկիի օրենքը»։

«Մենք կոչ ենք անում Պետքարտուղարությանը և Ֆինանսների նախարարությանը՝ անհապաղ գործադրել հայեցողական լիազորություն՝ Մարդու իրավունքների հաշվետվողականության Գլոբալ Մագնիտսկիի օրենքի (Գլոբալ Մագնիտսկիի օրենք, վերնագիր XII, P.L. 114-328 ենթավերնագիր F, 22 U.S.C. §10101 և դրան հաջորդողը) համաձայն պատժամիջոցներ սահմանելու Ադրբեջանի կառավարությունում այն ֆիզիկական անձանց նկատմամբ, որոնք կապված են Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմական հարձակումների և Լեռնային Ղարաբաղի դաժան շրջափակման հետ։ Այս գործողությունները ներկայացնում են մարդու իրավունքների կոպիտ խախտում և բռնի հակամարտության իրականացում, որոնք երկուսն էլ ուղղակի հարձակում են ամերիկյան արժեքների և շահերի վրա։ Մարդու իրավունքների այս խախտումների հեղինակները պետք է պատասխանատվության ենթարկվեն Միացյալ Նահանգների կողմից», – գրված է նամակում։

Նամակի հեղինակները նաև ներկայացնում են 2022 թ. դեկտեմբերի 12-ից Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված ծայրահեղ ծանր իրավիճակը, դրան հաջորդող հարձակումը և պայթյունը, որոնք է՛լ ավելի են խորացրել արդեն առկա ճգնաժամը։

«Իսկ «վերաինտեգրման» մասին Ադրբեջանի կառավարության հայտարարությունները մտահոգություններ են առաջացնում էթնիկ զտումների և մշակութային ցեղասպանության վերաբերյալ», – գրում են նամակի համահեղինակները։

Եզրափակելով՝ կոնգրեսականները շեշտում են, որ ԱՄՆ-ն համաշխարհային առաջատար է միջազգային մարդու իրավունքների հարցերում և պետք է շարունակի որպես միջնորդ ծառայել և աջակցել տարածաշրջանում խաղաղությանը։ Նամակի հեղինակները ևս մեկ անգամ ԱՄՆ երկու գերատեսչություններին կոչ են անում անհատական պատժամիջոցներ սահմանել «Ալիևի կառավարության անդամների նկատմամբ, որոնք պատասխանատու են Լեռնային Ղարաբաղում մարդու իրավունքների խախտումների համար կամ մասնակցել են դրանց»։

Ռուբեն Վարդանյանին «ահաբեկչությունը ֆինանսավորելու» մեղադրանք են առաջադրել

Ադրբեջանի իշխանությունները մեղադրանք են առաջադրել Ռուբեն Վարդանյանին:

Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, Պետական ​​անվտանգության ծառայության տեղեկատվության մեջ ասվում է.

«Հավաքված ապացույցների հիման վրա բացահայտվել են հանցավոր արարքների էական կասկածներ 1968 թվականին ծնված Ռուբեն Կառլենովիչի Վարդանյանի նկատմամբ, ով ներկայումս հանդիսանում է ՀՀ քաղաքացի՝ 214-1 հոդվածներով (ահաբեկչության ֆինանսավորում), 279.3 (մասնակցություն օրենքով չնախատեսված զինված կազմավորումների կամ խմբերի ստեղծման և գործունեության մեջ) և ԱՀ ՔՕ 318.1 (Օտարերկրացու կամ քաղաքացիություն չունեցող անձի ապօրինի ժամանումը Ադրբեջանի Հանրապետություն):

Նրան առաջադրված մեղադրանքի համաձայն՝ պարզվել է, որ Ռուբեն Վարդանյանը, լինելով օտարերկրյա քաղաքացի, 2022 թվականի սեպտեմբերին ահաբեկչական սադրիչ գործողություններ կատարելու նպատակով ապօրինի հատել է ԱՀ պետական ​​սահմանը՝ շրջանցելով անցակետերը և մուտք գործել ՀՀ տարածք։

Նրան առաջադրված մեղադրանքի համաձայն՝ պարզվել է, որ Ռուբեն Վարդանյանը, լինելով օտարերկրյա քաղաքացի, 2022 թվականի սեպտեմբերին ահաբեկչական սադրիչ գործողություններ կատարելու նպատակով ապօրինի հատել է ԱՀ պետական ​​սահմանը՝ շրջանցելով անցակետերը և մուտք գործել Ադրբեջանի Հանրապետության Ղարաբաղյան տնտեսական շրջանում ռուս խաղաղապահների ժամանակավոր տեղակայման տարածք, մասնակցել է ԱՀ օրենսդրությամբ չնախատեսված զինված կազմավորումների ձևավորմանն ու գործունեությանը, ինչպես նաև մասնակցել է զենքի, զինամթերքի, պայթուցիկ նյութերի, ռազմական տեխնիկայի և բանակային իրերի մատակարարմանը այդ ապօրինի ռազմական կազմավորումներին, որոնք հարձակումներ են իրականացրել գերատեսչությունների, կազմակերպությունների և անհատների վրա, որոնք հանգեցրել են մահվան և այլ ծանր հետևանքների։

Բացի այդ, Վարդանյանը մասնակցել է ահաբեկչության ֆինանսավորմանը՝ միջոցներ հատկացնելով այդ ապօրինի զինված խմբավորումների ահաբեկչական գործունեությունը կազմակերպելու համար։ Կատարված ապօրինի գործողությունների համար Ռուբեն Վարդանյանը 2023 թվականի սեպտեմբերի 27-ին ձերբակալվել է և որպես մեղադրյալ ենթարկվել է քրեական պատասխանատվության, նրա նկատմամբ դատարանի որոշմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Քրեական գործով քննչական և օպերատիվ միջոցառումները շարունակվում են»։

Ռուսաստանցի գործարար և բարերար, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին ադրբեջանցիները երեկ բերման են ենթարկել Լաչինի միջանցքում։

ԱՄՆ-ն առաջիկա օրերին քայլեր կձեռնարկի ԼՂ միջազգային դիտորդական առաքելություն ուղարկելու ուղղությամբ

Ադրբեջանի կառավարությունը կողջունի միջազգային դիտորդական առաքելության ուղարկումը Լեռնային Ղարաբաղ, և ԱՄՆ-ն այդ ուղղությամբ առաջիկա օրերին կաշխատի իր դաշնակիցների և գործընկերների հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ճեպազրույցում հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։

«Կարող եմ ասել, որ մենք ողջունեցինք քիչ առաջ՝ նախքան իմ ամբիոն բարձրանալը, Ադրբեջանի կառավարության մեկնաբանությունն այն մասին, որ նրանք կողջունեն նման միջազգային դիտորդական առաքելությունը։ Պետքարտուղարն ուղղակիորեն նախագահին (խմբ՝.  Ադրբեջանի) հորդորում էր դա անել, և մենք ուրախ ենք տեսնել, որ նա համաձայնեց դրան։ Եվ մենք կաշխատենք մեր դաշնակիցների և գործընկերների հետ առաջիկա օրերին, որպեսզի վերջնական հստակ տեսք հաղորդենք այդ առաքելությանը», – ասել է Միլլերը։

Նա նաև կրկնել է այն մի շարք առաջնահերթ նպատակները, որոնց Վաշինգտոնը ցանկանում է հասնել տարածաշրջանում, որոնք, Միլլերի խոսքով, շեշտել են ինչպես ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, այնպես էլ Հայաստանում գտնվող ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավար Սամանթա Փաուերը և ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի պաշտոնակատար Յուրի Քիմը։

«Առաջին՝ մենք ցանկանում ենք տեսնել, որ հրադադարը պահպանվում է, երկրորդ՝ մենք ցանկանում ենք տեսնել, որ բավարարվում են հումանիտար կարիքները, ինչը նշանակում է բաց պահել Լաչինի միջանցքը, ապահովել հումանիտար մատակարարումների մուտքը։ Դա նաև նշանակում է միջազգային դիտորդական առաքելության ուղարկում՝ երաշխավորելու, որ այդ կարիքները բավարարվեն», – նշել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը։

Մեթյու Միլլերը հավելել է, որ ԱՄՆ-ն ցանկանում է, ի վերջո, տեսնել, որ կողմերը վերադառնում են բանակցային սեղանի շուրջ, որտեղ կարող են վերջապես հասնել արժանապատիվ, կայուն խաղաղության։ Նա շեշտել է, որ ԱՄՆ պետքարտուղարն ուղիղ շփումների մեջ է ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի ղեկավարների հետ, իսկ ամերիկյան մի շարք պաշտոնյաներ ԼՂ-ի նկատմամբ Ադրբեջանի վերջին օրերի բռնություններից հետո այցելել են տարածաշրջան։

Շեշտելով, որ Վաշինգտոնն արել է ամեն բան, որպեսզի խնդիրը լուծվի դիվանագիտական ճանապարհով՝ Միլլերը նշել է, որ համաձայնության պետք է հասնեն հենց կողմերը, որոնք ունեն ուղիղ տարաձայնություններ։

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը նաև անդրադարձել է Ռուսաստանի դերին վերջին օրերի ընթացքում։

«Անշուշտ, չեմ կարծում, որ Ռուսաստանն արդյունավետ դեր է կատարել վերջին շաբաթվա ընթացքում։ Մենք երբեմն տեսել ենք, որ որոշ դեպքերում նրանք նպաստել են բանակցություններին, և մենք դա ողջունել ենք, սակայն, անշուշտ, վերջին շաբաթվա ընթացքում նրանց դերն ադյունավետ չի եղել այս իրավիճակում», – ասել է պաշտոնյան։

Նա նաև անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ձերբակալությանը։

«Մենք տեղյակ ենք ձերբակալության մասին։ Մենք ուշադիր հետևում ենք իրավիճակին», – եզրափակել է նա։

Հայաստան է տեղափոխվել ԼՂ-ի հոգեկան առողջության կենտրոնում ստացիոնար բուժօգնություն ստացող 25 պացիենտ

Գիշերը Հայաստան է տեղափոխվել Լեռնային Ղարաբաղի հոգեկան առողջության կենտրոնում ստացիոնար բուժօգնություն ստացող 25 պացիենտ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Առողջապահության նախարարության տարածած հաղորդագրությունից, պացիենտները բուժումը կշարունակեն առողջապահության նախարարության ենթակայությամբ գործող համապատասխան բժշկական կազմակերպություններում: