ԼՂ-ից Հայաստան տեղափոխված 7 տուժած քաղաքացու վիճակը ծանր է․ նրանք Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոնում են

Լեռնային Ղարաբաղում  պայթյունի հետևանքով տուժած 7 քաղաքացի արդեն Հայաստանի առողջապահության նախարարության «Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոնում» է:  Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին նախարարությունից, այս պահին նրանք անցնում են հետազոտություններն ու ստանում անհրաժեշտ բուժում:

Բժիշկները 4-ի առողջական վիճակը գնահատում են ծանր, գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, 3-ը այրվածքային բաժանմունքում են, առողջական վիճակը գնահատվում է ծանր, բայց կայուն:

ԱՄՆ չեն պահել խոստումը․ փոխպետնախարար

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Յուրի Քիմը այսօր՝ սեպտեմբերի 26–ին, Գորիս այցի ժամանակ ուղիղ պատասխան չտվեց NEWS.am–ի լրագրողի հարցին, թե ինչու Վաշինգտոնը պատժամիջոցներ չի կիրառում Ադրբեջանի նկատմամբ Լեռնային Ղարաբաղի դեմ իրականացրած ռազմական ագրեսիայի համար։

«Սենատում վերջին քննարկումների ժամանակ Դուք ասացիք, որ ԱՄՆ-ն չի հանդուրժի որևէ հարձակում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի վրա։ Սակայն Ձեր հայտարարությունից օրեր անց Ադրբեջանը հարձակվեց և Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը միայնակ մնաց Ադրբեջանի ագրեսիայի դեմ։ Ինչո՞ւ  Միացյալ Նահանգները պատժամիջոցներ չի կիրառում Ադրբեջանի նկատմամբ»,– հարցրել է NEWS.am–ի լրագրողը ։

Ի պատասխան, Յուրի Քիմն ասել է. «Այս հարցում ԱՄՆ դիրքորոշումը շատ հստակ է, և մենք շարունակելու ենք անել հնարավոր ամեն բան, որպեսզի հոգ տանենք մարդկանց, նրանց անմիջական կարիքների մասին։ Եվ հենց այդ նպատակով ենք այստեղ ես և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության տնօրենը»։

Հիշեցնենք, որ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Յուրի Քիմը եւ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության տնօրեն Սամանտա Փաուերը նախօրեին են ժամանել Հայաստան։ Այսօր նրանք հանդիպել են Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների հետ։

Շտապ օգնության մեքենաների շարասյունը ԿԽՄԿ-ի ուղեկցությամբ մեկնել է Ստեփանակերտ

Շտապ օգնության մեքենաների շարասյունը ԿԽՄԿ-ի ուղեկցությամբ Հայաստանից Կոռնիձորով մեկնել է Ստեփանակերտ։

Ինչպես հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը, Գորիսից Կարմիր խաչի ուղեկցությամբ 23 շտապօգնության մեքենաներ ուղեւորվել են Արցախ։

Ինֆոշտաբ․ պայթյունի ժամանակ կորածների մասին հայտնեք հետեւյալ հեռախոսահամարով

Սիրելի՛ հայրենակիցներ
Վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի և բռնկված հրդեհի պատճառով, դեռևս բազմաթիվ քաղաքացիների մասին չկան տեղեկություններ։
Հարազատներին հորդորում ենք անհետ կորածների վերաբերյալ տեղեկություններ հաղորդել, զանգահարելով
047 96 19 06 հեռախոսահամարին։
Ւնֆոշտաբ

ԼՂ-ից Հայաստան բռնի տեղահանվածների թիվը հասել է 13 550-ի

Սեպտեմբերի 26-ին ժամը 08:00 դրությամբ Լեռնային Ղարաբաղից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 13 550 անձ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին կառավարությունից, նրանցից 11 000-ի վերաբերյալ հաշվառման տվյալներն ամփոփված են, իսկ 2 550-ի կարիքների գնահատումը նույնականացման փուլում է: Բոլոր նրանց, ովքեր չունեն կեցության նախապես որոշված վայր, կառավարությունն ապահովում է համապատասխան կեցավայրով:

Աջակցության կարիքների նպատակով հաշվառումը շարունակվում է:

Հայաստանից բժիշկների թիմն ուղղաթիռով մեկնել է Ստեփանակերտ

Ուղղաթիռով բժիշկների թիմը` անհրաժեշտ դեղորայքով և բժշկական պարագաներով այս պահին մեկնեց դեպի Ստեփանակերտ` օգնության հասնելու Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում` բենզինի պահեստում, տեղի ունեցած պայթյունից տուժած մեր հայրենակիցներին։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ առողջապայության նախարարությունից, Ստեփանակերտի կենտրոնական հիվանդանոցում պացիենտները նախապատրաստվում են տեղափոխման։

Պայթյունի հետևանքով յոթ մարդ հիվանդանոցում մահացել է․ տասնյակ տուժածներ ծայրահեղ ծանր վիճակում են

Ասկերանի շրջանում սեպտեմբերի 25-ին վառելիքի պահեստում տեղի ունեցած խոշոր պայթյունի հետևանքով ԱՀ ԱՆ «Հանրապետական բժշկական կենտրոն», «Արևիկ» ԲՄ, Իվանյանի բուժական կետ և ռուս խաղաղապահների բուժկետում ընդունել են ընդհանուր առմամբ 290 հիվանդ` տարբեր աստիճանի այրվածքներով։

Նրանց հիմնական մասը տեղափոխվել է «Հանրապետական բժշկական կենտրոն»։

7 տուժածի կյանք հնարավոր չէր փրկել և նրանք մահացել են հիվանդանոցում։ Պայթյունից տուժած  տասնյակ մարդիկ դեռևս գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։

«13 չճանաչված մարմին տեղափոխվել է Դատաբժշկական փորձաքննության բյուրո։ Բազմաթիվ անձինք անհետ կորած են համարվում, քանի որ պայթյունի հետևանքով այրվել են և նրանց վերաբերյալ լրացուցիչ տվյալներ պետք է ճշտվեն», հայտնել են ԼՂ առողջապահության նախարարությունից՝ ընդգծելով, որ Ստեփանակերտում գտնվող բժիշկներն ու բուժանձնակազմն այս ծանր և սուղ պայմաններում կատարում են ամեն հնարավորը՝ վիրավորների կյանքը փրկելու համար: Զարգացումների վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ կհայտնենք։

Ժամանակն է Հայաստանի խորհրդարան քննարկման բերել փաստաթղթեր, որոնց դեմ ոչ ոք փաստարկներ չունի

Հայաստան է ժամանել ԱՄՆ պատվիրակությունը՝ ԱՄՆ ՄԶԳ ղեկավարը, պետքարտուղարի տեղակալը, ազդեցիկ կոնգրեսականներ։ Խոսում են Ղարաբաղում ինչ-որ միջազգային ներկայության, տեղահանվածներին օգնելու մասին։ Միաժամանակ Բլինքենը հանդիպում է Թուրքիայի արտգործնախարարի հետ և խնդրում, որ օգնի Ղարաբաղին (անհեթեթություն)։ Իսկ Բայդենը Նեթանյահուի հետ հանդիպման ժամանակ առանց վիզայի ռեժիմ է ապահովում Իսրայելի համար։

Թեև ակնհայտ է, որ եթե ԱՄՆ-ն իսկապես ցանկանում է օգնել Հայաստանին, ապա անհրաժեշտ են քաղաքական որոշումներ՝ Ազգերի լիգայի որոշման հիման վրա հայկական պետականության գոյության միջազգային իրավական հիմքի հաստատում, Հայաստանին ռազմական օգնություն և դաշնակցի կարգավիճակի տրամադրում։ 

Ռուսաստանն իր հերթին ոչնչացնում է իր նկատմամբ դրական վերաբերմունքի վերջին փշրանքները՝ նախքան տարածաշրջանը լքելը, փորձելով հնարավորինս մեծ վնաս հասցնել հայերին՝ կազմակերպել Արցախի տեղահանությունն այնպես, որ այն նմանվի «կամավոր գաղթի»։ Եվլախում, Իվանյանում հանդիպումների կրկեսը, լրատվամիջոցներում տեղեկատվական ստերը չեն կարող մաքրել հայերի արյունը Ռուսաստանից։ «Որտեղ մենք, այնտեղ մահ»՝ այսուհետ Ռուսաստանի ճակատին սա գրված կլինի. Ու թեև հույս չկա պարզելու, թե ով է սեպտեմբերի 25-ի երեկոյան գազալցակայան պայթեցնել Ստեփանակերտում, կատարելով արյունալի ոճրագործություն, սակայն այդ մարդկանց արյունը նույնպես Ռուսաստանի ու նրա կամակատար Ալիևի վրա է։

Երեւանը լի է աշխարհի տարբեր ծայրերից եկած ագենտներով, որոնք կործանարար ու դիվերսիոն ազդեցություն են գործում մարդկանց հոգեբանության վրա՝ ուռճացնելով ու խեղաթյուրելով առանց այն էլ սուղ տեղեկատվությունը։

Հայաստանի իշխանությունները ինտենսիվորեն պատրաստվում են հոկտեմբերի 5-ին «խաղաղության պայմանագրի» ստորագրմանը՝ թաքնվելով այն տեղեկատվական արշավի հետևում, որ եթե փաստաթուղթը չստորագրվի և Զանգեզուրի միջանցքը չտրվի, Հայաստանի պետականությունը կհայտնվի սպառնալիքի տակ։ Միևնույն ժամանակ, նրանք միտումնավոր խորհրդարանում քննարկման չեն ներկայացնում փաստաթղթեր, որոնք կարող են երկաթբետոնով ամրապնդել Հայաստանի պետականությունը և դարերով պաշտոնականացնել նրա «կադաստրային թուղթը»։

«40 տարի» ապակողմնորոշված ​​հասարակությանը փողոցով տանող հայկական ընդդիմությունը խորհրդարան քննարկման չի բերում քաղաքական կարևոր փաստաթղթեր, չի հիշեցնում Նախիջևանի կարգավիճակի մասին, մեղադրանքներ չի հնչեցնում Ռուսաստանի և Թուրքիայի հասցեին՝ կենտրոնանալով Նիկոլի իշխանությունն ամրապնդելու մասին.

Կկարողանա՞ն հայերը գոյատևել այս աշխարհաքաղաքական մսաղացում, կախված է հայ հասարակության՝ իրավիճակը սթափ գնահատելու և ինքնակազմակերպվելու կարողությունից։

Կոնգրեսական Քրիս Սմիթը ներկայացրել է արցախահայության էթնիկ զտումները կանխելու օրինագիծ

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Մարդու իրավունքների ենթահանձնաժողովի նախագահ, կոնգրեսական Քրիս Սմիթը օրինագիծ է ներկայացրել՝ կանխելու Ադրբեջանի կողմից արցախահայերի հետագա վայրագությունները և էթնիկ զտումները։

Սմիթի ակտը, որը կոչվում է Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտումների և վայրագությունների կանխարգելման ակտ 2023թ. մի շարք միջոցառումներ, այդ թվում՝

ԱՄՆ դիվանագետներ ուղարկել տարածաշրջան՝ իրավիճակը վերահսկելու և հետագա չարաշահումների մասին անհապաղ հայտնելու համար.

Հայկական մշակութային վայրերի 24-ժամյա տեսադիտարկում;

Մարդասիրական օգնության տրամադրում շրջափակումից և Լեռնային Ղարաբաղի վրա վերջին հարձակումից տուժած հայերին.

Լեռնային Ղարաբաղի շրջափակումն ու հարձակումը գլխավորած պաշտոնյաների դեմ նոր պատժամիջոցների կիրառում.

Օտարերկրյա ռազմական ֆինանսավորում տրամադրել Հայաստանի դեմոկրատական ​​Հանրապետությանը, որն այժմ վտանգված է Ադրբեջանի կողմից.

Ամերիկյան ռազմական օգնության դադարեցում Ադրբեջանին՝ չեղյալ համարելով Ազատության աջակցության ակտի 907-րդ բաժնի բացառությունը:

«Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը լուրջ վտանգի տակ է», – ասում է միջազգայնորեն ճանաչված իրավապաշտպան Սմիթը, ով երկու անգամ հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին Բաքվում՝ 2013-ին և կրկին 2014-ին, քննարկելու Ալիևի կոպիտ չարաշահումները։

Սմիթը հետագայում դարձավ Ադրբեջանում ժողովրդավարության մասին օրենքի հեղինակը 2015 թվականին: «Ցավոք, նրանք ստիպված եղան զինաթափվել և իրենց անկախությունը հանձնել անողոք բռնապետին, որի կառավարությունը տարիների ընթացքում բազմիցս սարսափելի չարաշահումներ է կատարել նրանց դեմ, ցանկություն է հայտնել էթնիկ զտումների և նույնիսկ նախաձեռնել ցեղասպանություն՝ շրջափակելով Լաչինի միջանցքը», – ասաց Սմիթը: «Մենք պետք է ապահովենք, որ անցումային շրջանը չնշվի շարունակական վայրագություններով»:

Սմիթի օրինագիծը հաջորդում է Կոնգրեսի մի շարք լսումների՝ նվիրված Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի ծանր վիճակին, այդ թվում՝ այս ամսվա սկզբին տեղի ունեցած արտակարգ լսումներին: «Լեռնային Ղարաբաղում ապրող հայերը, ինչպես միշտ, բոլոր իրավունքներն ունեն շարունակելու անվտանգ ապրել իրենց հինավուրց հայրենիքում», – ասել է Սմիթը: «Իմ օրինագիծը որոշակի թեթևացում կբերի և կխրախուսի Բայդենի վարչակազմին գործել հիմա՝ տարածաշրջանում անմեղ կյանքեր փրկելու համար»:

Բոլոր մտքերս վառելիքի պահեստի պայթյունից տուժածների հետ են․ Ֆրանսիայի ԱԳ նախարար

Բոլոր մտքերս այսօր երեկոյան վառելիքի պահեստի պայթյունից տուժածների հետ են։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Քեթրին Քոլոնան

«Ֆրանսիան պատրաստ է շտապ միջոցներ ուղարկել։ Ադրբեջանը պետք է թույլատրի մարդասիրական օգնության անհապաղ հասանելիությունը»,- գրել է նա։

Վաշինգտոնը կարծում է, որ անհրաժեշտ է միջազգային առաքելություն ուղարկել ԼՂ․ Միլլեր

ԱՄՆ Պետքարտուղարության ներկայացուցիչ Մեթյու Միլլերը հայտարարել է, որ անհրաժեշտ է միջազգային առաքելություն ստեղծել, որի գործունեության նպատակը պետք է լինի վերահսկել իրավիճակն Արցախում։

«Մենք կարծում ենք, որ անհրաժեշտ է միջազգային առաքելություն ստեղծել, որը բաց և թափանցիկ գործունեությամբ կապահովի ԼՂ բնակիչների անվտանգությունն ու հանգիստ կյանքը»,- ասել է Միլլերը։

Նրա խոսքով՝ այժմ ակտիվ քննարկումներ են ընթանում այդ հարցի շուրջ։

«Վաշինգտոնը կարծում է, որ Ռուսաստանն անվտանգության ոլորտում հուսալի գործընկեր չէ»,- ասել է պետքարտուղարության ներկայացուցիչը՝ հավելելով, որ Արցախի բնակիչները պետք է հնարավորություն ունենան չլքել իրենց տները, մնալ և խաղաղ ու արժանապատիվ ապրել իրենց բնակավայրերում և ունենալ պաշտպանված իրավունքներ։

«Իսկ նրանք, ովքեր ուզում են հեռանալ այդ տարածքից, պետք է անվտանգ ելքի հնարավորություն ունենան՝ երրորդ՝ դիտորդ կողմի ուղեկցությամբ»,- ասել է ամերիկացի դիվանագետը։