
Նկարում պապիկիս ու տատիկիս նամակներն են` գրված 60-ական թվականներին, որոնք տատս առանձնահատուկ խնամքով փաթաթված էր պահում պապիկիս թաշկինակի մեջ:
Մենք՝ թոռներս հետաքրքրությամբ, մի քիչ էլ ժպիտով բացում ու կարդում էինք:
Վերջին մի քանի տարիներին նամակները պահվում էին անձնական գրադարանի պահարանում։ Գաղթի օրերին մերոնք արդեն ճանապարհին էին, երբ պարզվեց, որ նամակները մնացել էին Ստեփանակերտում, մեր տան գրադարանում:
Բայց մարդկանց փրկում են մարդիկ․ նամակները հասել են Հայաստան մեր հարևանների շնորհիվ, ովքեր 48 ժամ շարունակ ճանապարհ էին անցնում դեպի անորոշություն:
Նամակների թաշկինակը նորից բացվել է ՀՀ-ում, որի մեջ նամակներից բացի պատահականությամբ հայտնվել էին նաև հին սև և սպիտակ նկարներ:
Մարդիկ իրենց գյուղում էին, մարդիկ նամակներ էին գրում…
Քրիստինա Ալահվերդյան