Ադրբեջանը պետք է ապահովի ԼՂ հայերի՝ իրենց տներում արժանապատիվ ապրելու իրավունքը․ ԵԽ նախարարների կոմիտեի հայտարարությունը

Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի հոկտեմբերի 18-ի նիստում անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասի իրավիճակին և հայտարարություն ընդունվել Հայաստանի և Ադրբեջանի վերաբերյալ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ԵՄ արտաքին ծառայության մամուլի բաժնից։

Հայտարարության մեջ նշված է, որ Եվրամիությունը շարունակում է մտահոգությամբ հետևել սեպտեմբերի 19-ին և 20-ին Ադրբեջանի ռազմական գործողությունների և Լաչինի միջանցքի իննամսյա շրջափակման հետևանքով Ղարաբաղի հայերի զանգվածային արտագաղթից հետո ստեղծված ծայրահեղ ծանր իրավիճակին։

«Լեռնային Ղարաբաղի գրեթե ողջ բնակչությունը՝ ավելի քան 100 հազար 600 մարդ, ապաստան է գտել Հայաստանում։ Հրամայական է ապահովել շարունակական անխոչընդոտ մարդասիրական աջակցությունը նրանց, ովքեր դեռ կարիքի մեջ են Ղարաբաղում, ինչպես նաև նրանց, ովքեր հեռացել են։

Անցյալ շաբաթ Եվրահանձնաժողովը հայտարարեց 10,45 միլիոն եվրոյի չափով մարդասիրական օգնության լրացուցիչ փաթեթի մասին՝ ի հավելումն 2020 թվականից ի վեր արդեն տրամադրված 20,8 միլիոն եվրոյի: Ադրբեջանը պետք է ապահովի Ղարաբաղի հայերի մարդու իրավունքները, հիմնարար ազատությունները և անվտանգությունը, ներառյալ իրենց տներում արժանապատիվ ապրելու իրավունքը՝ առանց ահաբեկման կամ խտրականության, ինչպես նաև պայմաններ ստեղծի Լեռնային Ղարաբաղ փախստականների և տեղահանվածների կամավոր, անվտանգ, արժանապատիվ և կայուն վերադարձի համար՝ հարգելով նրանց պատմությունը, մշակույթն ու մարդու իրավունքները: Բացի այդ, պետք է արդյունավետ պաշտպանվեն և երաշխավորվեն տեղական բնակչության մշակութային ժառանգությունն ու սեփականության իրավունքները:

Այս կապակցությամբ հիշեցնում ենք, որ Ադրբեջանը պետք է կատարի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից սեպտեմբերի 22-ին նշված միջանկյալ միջոցները, այսինքն՝ ձեռնպահ մնա այնպիսի քայլեր ձեռնարկելուց, որոնք կարող են հանգեցնել Կոնվենցիայով նախատեսված իրենց պարտավորությունների, մասնավորապես՝ 2-րդ հոդվածի (կյանքի իրավունք) և 3-րդ հոդվածի (խոշտանգումների և անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի արգելում) խախտումների:

Մենք ի գիտություն ընդունեցինք նախագահ Ալիևի հրապարակային արտահայտությունները Ղարաբաղի հայերի հետ խաղաղ ապրելու և նրանց իրավունքները պահպանելու պատրաստակամության մասին։ Ադրբեջանն ունի հստակ առաջնային պատասխանատվություն բնակչության ճակատագրի համար: Պետք է տրամադրվեն շոշափելի, կոնկրետ և թափանցիկ երաշխիքներ։ Որպես վստահության ամրապնդման կարևոր միջոց՝ մենք ակնկալում ենք համապարփակ համաներում Ղարաբաղի բոլոր հայերի, ներառյալ նրանց ներկայացուցիչների համար, և բոլոր կողմերի զսպվածությունը կոշտ հռետորաբանությունից։

Միջազգային մուտքը Ղարաբաղ շատ կարևոր է, երբ խոսքը վերաբերում է շատ անհրաժեշտ օգնության տրամադրմանը և տեղում իրավիճակի անկախ մոնիթորինգի ապահովմանը: Եվրամիությունն ի գիտություն է ընդունել ՄԱԿ-ի վերջին երկու այցերը: Մենք բարձր ենք գնահատում Միգրացիայի և փախստականների հարցերով գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչի աշխատանքը, որը ցուցաբերում է աջակցություն և օգնություն Հայաստանի իշխանություններին՝ դեպի իր տարածք այս զանգվածային արտագաղթը կարգավորելու հարցում:

Անհամբեր սպասում ենք Եվրոպայի խորհրդի փաստահավաք առաքելությանը՝ մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչի գլխավորությամբ և դրա հետագա առաջարկություններին: ԵՄ-ն վերահաստատում է իր աջակցությունը ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի ինքնիշխանությանը, սահմանների անձեռնմխելիությանը և տարածքային ամբողջականությանը։

Մենք կոչ ենք անում Ադրբեջանին վերահաստատել իր աներկբա հավատարմությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը՝ համաձայն 1991 թ. Ալմաթիի հռչակագրի։ ԵՄ-ն շարունակում է հավատարիմ մնալ երկու կողմերի միջև երկխոսության խթանմանը ՝ համապարփակ և կայուն խաղաղություն ապահովելու համար՝ ի շահ տարածաշրջանի ամբողջ բնակչության»,-ասված է հայտարարության մեջ, որը ստորագրել են Ալբանիան, Անդորրան, Բոսնիա և Հերցեգովինան, Իսլանդիան, Լիխտենշտեյնը, Մոնակոն, Չեռնոգորիան, Հյուսիսային Մակեդոնիան, Նորվեգիան, Սան Մարինոն:

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը հասկանում է ԼՂ-ում հայկական մշակութային ժառանգությունը պահպանելու անհրաժեշտությունը

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոն հայտարարել է, որ իրենք հասկանում են Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային ժառանգությունը պահպանելու և պաշտպանելու անհրաժեշտությունը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Լուիզ Մուշիկիվաբոն այս մասին հայտարարել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում։

«Այսօր, երբ խոսվում է ՖՄԿ-ի կողմից Հայաստանին ցուցաբերվող աջակցության մասին, նախևառաջ անդրադարձ է արվում այն անձանց ճակատագրին, ովքեր դեռ մնացել են Լեռնային Ղարաբաղում, ինչպես նաև խոսվում է այնտեղ հայկական մշակութային ժառանգությունը պահպանելու և պաշտպանելու անհրաժեշտության մասին, որովհետև մշակութային արժեքները շատ կարևոր են մարդկանց համար և ավելին արժեն, քան ֆինանսական արժեքները։ ՖՄԿ-ն և ՅՈՒՆԵՍԿՕ-ն, որոնք ունեն նման հանձնառություն, հասկանում են դրա կարևորությունը։ ՖՄԿ-ն իր համերաշխությունն ու աջակցությունն է ցուցաբերում նաև անհետ կորածների և Ադրբեջանում գերեվարված անձանց ընտանիքներին»,- ասել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարը։

Խոսելով Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի վերջին ագրեսիայի մասին՝ Մուշիկիվաբոն նշել է, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթները պետք է պաշտպանվեին։ «Այն պահից, երբ անցել եմ իմ գործառույթների կատարմանը, մշտապես աջակցել եմ այն գաղափարին, որ նախևառաջ պետք է հասնենք կոնֆլիկտի (խմբ․ Լեռնային Ղարաբաղի հակամարտություն) հավասարակշիռ, ընդունելի, արդար լուծմանը՝ հենվելով միջազգային իրավունքի դրույթների վրա։ Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ աշխարհում առկա է խառնաշփոթ, անկանոն իրավիճակ, ինչով էլ պայմանավորված են բոլոր բարդությունները, քանի որ պատերազմներն ու կոնֆլիկտները չափազանց մեծ են։ Մենք շատ բարձր ենք գնահատում հայկական կողմի քայլերը, որոնց շնորհիվ բազմաթիվ ընտանիքներ, որոնք չսպասված իրավիճակում լքել էին իրենց տարածքները, արժանապատվորեն, շատ բարձր մակարդակով ընդունվել են Հայաստանում»,- ընդգծել է ՖՄԿ գլխավոր քարտուղարը։

Նա հիշեցրել է, որ Հայաստանը 2027 թվականի ֆրանկաֆոն մարզամշակութային խաղերն իր մոտ անցկացնելու հայտ է ներկայացրել՝ հավելելով, որ շատ երջանիկ կլինի, որ դրանք անցկացվեն հենց Հայաստանում։ «Հուսով եմ, որ ՖՄԿ անդամ շատ երկրներ դրականորեն կարձագանքեն Հայաստանի հայտին, և ավելի խաղաղ պայմաններում կայցելենք տարածաշրջան։ Հայաստանի արտգործնախարարին սպասում ենք նաև Կամերունում, որտեղ մոտակա ամիսներին կկայանան փակ լսումներ ամենատարբեր թեմաների շուրջ։ Շատ կարևոր է, որպեսզի որոշումներ ընդունելուց առաջ նախարարներն անմիջականորեն լսեն իրենց հայ գործընկերոջ տեսակետները»,- եզրափակել է ՖՄԿ գլխավոր քարտուղարը։

 

Արցախում տեղի ունեցածը հանցագործություն ու ապամարդկայնացման գործողություն չէր, Զախարովա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, թե Ռուսաստանը Գազայի հիվանդանոցի վրա հրթիռային հարձակումը որակում է որպես հանցագործություն և ապամարդկայնացման գործողություն։ Ինչպես միշտ, «արեւմտյան բլոկն է մեղավոր հակամարտության գոտում հումանիտար աղետալի իրավիճակի համար։ Այս ամենն ուղղորդվում է Վաշինգտոնից և Լոնդոնից», ասել է Զախարովան։

Շուտով կպարզվի, թե հակամարտության գոտում ով եւ ինչ է ուղղորդում։ Սա՝ իմիջիայլոց։

Նման գնահատական Արցախում վերջին երեք տարիներին, երբ Մոսկվան Արցախը համարում էր իր «պատասխանատվության գոտի», Մոսկվայից չի հնչել․ ոչ Բաքվի ռազմական հանցագործությունների, ոչ շրջափակման, ոչ էլ հայերի սպանությունների ու արտաքսման կապակցությամբ։ Ավելին, Կրեմլի ու ՌԴ ԱԳՆ գոպնիկների կողմից դրանք արդարացվել են, այդ թվում «արեւմտյան բլոկն է» մեղավոր ատմազկայով։

Հասկանալի է, թե ինչու չի հնչել՝ Ռուսաստանը իր «պատասխանատվության գոտում» ռազմական հանցագործությունների ու ցեղասպանության ծրագրողն ու առաջնորդողն էր գետնի վրա օպերատիվ երաշխավորությամբ։ Իսկ Ստեփանակերտի վառելիքի բազայի դիվերսիան, որին զոհ գնացին հարյուրավոր հայեր, ռուսական ստոր առաքելության «պսակն» էր։

Lragir

Շահրամանյանը պարտավոր է բացատրել, թե ինչ փաստաթղթի տակ է իր ստորագրությունը

Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը հայտարարել է, որ Արցախի խորհրդարանի կողմից ընտրված նոր նախագահը չի ստորագրել Արցախի Հանրապետության լուծարման մասին որևէ փաստաթուղթ։ Հայկական մամուլում և սոցիալական ցանցերում շրջանառվում են քաղաքապետի պնդումները, թե նախագահ Սամվել Շահրամանյանն անձամբ է մի հանդիպման ժամանակ հայտարարել, որ ինքը նման փաստաթուղթ չի ստորագրել։

Լրագրողի այն պնդումը, որ եղել է Արցախի Հանրապետության հունվարի 1-ից լուծարման մասին հրամանագրի պաշտոնական հայտարարությունը, չի ազդել Ստեփանակերտի քաղաքապետի վրա, նա համոզիչ պնդում է, որ Շահրամանյանը չի ստորագրել, նման փաստաթուղթ չկա։

Բայց այդ դեպքում շատ հարցեր են ծագում։ Ավելին, դեռ Ստեփանակերտում, երբ տեղահանությունը եռում էր, ասում էին, որ «ռուսները ստորագրության են ներկայացրել Արցախի լուծարման մասին պատրաստի փաստաթուղթ», իսկ Շահրամանյանին հրամայել են «ձենդ կտրի, լսի և կատարի»։

Այդուհանդերձ, ավելի ճիշտ կլինի, որ ինքը՝ Սամվել Շահրամանյանը, հայտարարություն աներ ու բացատրեր, թե ինչ է ստորագրել, ինչ չի ստորագրել։

Ի՞նչ են փորձում փոխանցել Ստեփանակերտի քաղաքապետի շուրթերով։ Փրկո՞ւմ են Շահրամանյանի համբավը։ Թե՞ աշխարհաքաղաքականությունը որոշել է փրկել Արցախը։

Հետաքրքիր կլիներ լսել նաև, այսպես կոչված, ղարաբաղյան վերնախավի «տուսովկային», որը հավաքվում է Ն.Զարյան 17ա հասցեում։

«Բաքուն վերջնագիր էր ներկայացրել՝ սպառնալով մտնել Ստեփանակերտ». ինչո՞ւ ստորագրվեց Արցախը լուծարելու հրամանագիրը

Ազատություն

Ինչո՞ւ և ի՞նչ պայմաններում Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը ստորագրեց Արցախը մինչև հունվարի 1-ը լուծարելու հրամանագիրը։ Այս հարցի շուրջ Երևանում գտնվող Շահրամանյանն առ այսօր որևէ պարզաբանում չի տվել։

Մինչդեռ, հրամանագրի ստորագրումից և արցախահայերի բռնի տեղահանումից հետո արցախցի որոշ պաշտոնյաներ փակագծեր են բացում։ Խորհրդարանի իշխող «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» խմբակցության պատգամավոր Արամ Հարությունյանի տվյալներով՝ սեպտեմբերի 19-ին Արցախի վրա լայնածավալ հարձակումից հետո Բաքուն վերջնագիր էր ներկայացրել Արցախի իշխանություններին՝ սպառնալով, որ Ադրբեջանի զինված ուժերը կմտնեն նաև Ստեփանակերտ։

«Հստակ Ադրբեջանի կողմից և՛ հանրային տիրույթում, և՛ փակ ռեժիմով ներկայացվել է այդ պահանջը, որ պետք է ընդունվեն մեր պայմանները, հակառակ դեպքում մենք շարունակելու ենք և մտնելու ենք Ստեփանակերտ, և ես, անկեղծ ասած, տեսնելով՝ ինչ կատարվում է, կարծում եմ, որ այդպես էլ եղել է իրենց ռազմավարությունը», – ասաց նա։

«Այլ ելք չկար, ադրբեջանական զինուժը գյուղեր էր գրավում, մարդկանց խոշտանգում». Հունան Թադևոսյան

 

Արցախի ներքին գործերի նախարարի խոսնակ Հունան Թադևոսյանը ևս «Ազատության» հետ զրույցում պատմեց՝ «այլ ելք չկար, հազարավոր մարդկանց կյանքը փրկելու համար Արցախի իշխանությունները ենթարկվեցին Ադրբեջանի կողմից առաջ քաշված պայմաններին։

Ես չեմ կարծում, որ բանը հասել է նրան, որ նախագահին զենքի գործադրմամբ վախեցնեն, որ նա ստորագրի։ Տեսեք՝ ինն ամիս Արցախը նախքան այդ ռազմական գործողությունները եղել է շրջափակման մեջ, Արցախում կատարյալ սով էր, վառելիք չկար նույնիսկ, շարժը բոլորս ոտքով էինք կատարում, և շատ ծանր ու դժվար օրեր ենք ապրել։

Ռազմական գործողությունների ընթացքում մի քանի անգամ, եթե կհիշեք, հայկական կողմը՝ արցախյան կողմը, դիմեց, որ դադարեցնեն կրակը, բանակցությունների շուրջ հավաքվենք, որովհետև անընդհատ գյուղեր էին գրավում, անընդհատ զոհեր էինք ունենում, բայց ադրբեջանական կողմը շարունակում էր կրակել։ Եվ գյուղեր էին գրավում, այնտեղ մնացած մարդկանց էին խոշտանգում, մի խոսքով՝ դա բոլորը գիտեն, և արդեն այլ ելք չկար, քան ստիպված գոնե ունեցածը պահելու համար, մարդկային կյանքը խնայելու համար ենթարկվել ադրբեջանական բարձրացրած խնդիրներին», – նշեց նա։

Արցախի խորհրդարանական ընդդիմությունն առայժմ հրաժարվում է խոսել նախագահ Շահրամանյանի հրամանագրի պատճառների մասին։ Ընդդիմադիր «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանն ասաց, թե «ժամանակը կգա, և շատ փակագծեր կբացվեն», այս պահին իրեն իրավունք չի վերապահում որևէ բան ասել։

Պարզ չէ՝ 2 կետից բաղկացած հրամանագիրը կոնկրետ երբ, որտեղ և ում ներկայությամբ է ստորագրվել

Արցախը լուծարելու վերաբերյալ հրամանագրի բուն տեքստը նախագահի ստորագրությամբ չի հրապարակվել։ Այն սեպտեմբերի 28-ին Արցախի տեղեկատվական շտաբի ֆեյսբուքյան էջը տարածեց։ Պարզ չէ, թե 2 կետից բաղկացած այդ փաստաթուղթը կոնկրետ երբ, որտեղ և ում ներկայությամբ է ստորագրվել։

Մինչև հունվարի 1-ը պետական բոլոր հիմնարկները լուծարելուց բացի, հրամանագրի 2-րդ կետում Լեռնային Ղարաբաղի բնակչությանը կոչ էր արվում ծանոթանալ Ադրբեջանի կողմից ներկայացված վերաինտեգրման պայմաններին՝ հետագայում Ղարաբաղում մնալու կամ վերադառնալու հնարավորությունը ինքնուրույն որոշելու նպատակով։

Արցախը լուծարելու տեքստի հրապարակումից մոտ մեկ շաբաթ առաջ էլ՝ սեպտեմբերի 20 -ին, այսինքն՝ Արցախի վրա Ադրբեջանի լայնածավալ հարձակման հենց հաջորդ օրը, Արցախի իշխանությունները մեկ այլ հայտարարություն տարածեցին, տեղեկացնելով, թե «հաշվի առնելով ստեղծված ծանր իրավիճակը»՝ ընդունում են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկությունը կրակի դադարեցման վերաբերյալ: Ընդ որում, կրակի դադարեցման 3 կետից բաղկացած պայմանները հրապարակվեցին միայն ռուսերենով, որտեղ նշվում էր, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել ամբողջությամբ զինաթափել և լուծարել Արցախի պաշտպանության բանակը, ինչպես նաև ռուսական զորակազմի տեղակայման վայրից հանել «Հայաստանի զինված ուժերի մնացյալ ստորաբաժանումները»։

Թե ինչպես էր կրակի դադարեցման տեքստում տեղ գտել Հայաստանի զինված ուժերի վերաբերյալ վիճահարույց ձևակերպումը, Արցախի ղեկավար կազմն այս դրվագին ևս չի անդրադարձել։ Հայաստանի իշխանություները, այդ թվում՝ վարչապետ Փաշինյանը բազմիցս հերքել են Բաքվի մեղադրանքները, թե Լեռնային Ղարաբաղում Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումներ կան։

 

Իսպանիայի խորհրդարանականները հայտարարությամբ դատապարտել են Ադրբեջանի գործողությունները Լեռնային Ղարաբաղում

Իսպանիայի խորհրդարանի յոթ խմբակցություններ հոկտեմբերի 17-ին ընդունել են հայտարարություն Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ իրականացրած հարձակման վերաբերյալ, որի հետևանքով հազարավոր հայեր բռնի տեղահանվեցին։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտարարության մեջ խմբակցությունները խստորեն դատապարտել են «Ադրբեջանի՝ արդարացում չունեցող հարձակումը, որը սպառնալիք է ստեղծում տարածաշրջանային անվտանգության ու կայունության համար»։

Խմբակցություններն իրենց դժգոհությունն են հայտնել այն փաստի առնչությամբ, որ Ադրբեջանը հրաժարվում է կատարել 2020 թվականի նոյեմբերի 9-ի կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունը, ինչպես նաև կյանքի չի կոչում Արդարադատության միջազգային դատարանի որոշումները։

Իսպանացի օրենսդիրները պահանջել են Ադրբեջանից անհապաղ դադարեցնել թշնամական գործողությունները՝ հիշեցնելով, որ այդ պետությունը ժամանակին վավերացրել է Ցեղասպանությունների կանխարգելման և պատժի մասին ՄԱԿ-ի կոնվենցիան։ Նրանք դատապարտել են ադրբեջանական գործողությունների հետևանքով հայկական կողմում գրանցված մարդկային կորուստները՝ իրենց համերաշխությունը հայտնելով Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը։

Հայտարարության մեջ նշվում է, որ Եվրամիությունը կարող է և պետք է նպաստի հակամարտության բանակցային ու տևական լուծման որոնումներին։

Ո՞վ և ե՞րբ պետք է վճարի արցախցիների կենսաթոշակները. հարցեր` առանց պատասխանների

Sputnik. Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով բռնի տեղահանված ու Հայաստանում հաստատված շուրջ 21 հազար արցախցի ամբողջ ընթացքում ստանում էին իրենց կենսաթոշակներն Արցախի կառավարության ֆինանսավորմամբ։ Հիմա ո՛չ նրանք են ստանում, ո՛չ էլ վերջին իրադարձություններից հետո բռնի տեղահանված ու ՀՀ տեղափոխված շուրջ 101 հազար արցախցիները։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին հայտնեց Հայաստանում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի պետ Միքայել Վիրաբյանը։
Նշենք, որ հոկտեմբերի 1-ից Արցախից բռնի տեղահանված թոշակառուները չեն ստանում իրենց կենսաթոշակները, իսկ այնտեղի պետական աշխատողները` աշխատավարձերը։ Հարցը մինչ օրս օդում կախված է։
Վիրաբյանը ընդգծեց` կան նաև մարդիկ, որոնք շրջափակումից առաջ և շրջափակման ընթացքում են Հայաստանում հայտնվել` ուսանողներ, հիվանդներ և այլն, որոնք հասկանալի պատճառներով տուն վերադառնալ չեն կարողացել։ Այդ մարդիկ այսօր հաշվառման խնդիր ունեն։
«Պատկերացնում եմ նաև այն քաղաքացիները, որոնք ինչ–որ պատճառով դեռ չեն դիմել շտաբ իրենց փաստաթղթերին տեր կանգնելու, տեղեկանքներ, կրկնօրինակներ վերցնելու, վաղը չէ մյուս օրը գալու են իրենց կենսաթոշակային գործերի հետևից։ Ի՞նչ պատասխան ենք տալու, ասելու ենք` դուք այլազգի եք, եկել եք, չի ստացվել։ Ասելու ենք, թե ձեզ փախստականի կամ բռնի տեղահանվածի կարգավիճակով տալիս ենք սոցիալական օգնություն, բայց չէ՞ որ Հայաստանի ու Արցախի կառավարությունները երկար տարիներ միասնական աշխատավարձային և սոցիալական քաղաքականություն են վարել։ Ես պատկերացնում եմ, որ դա պետք է հիմք ընդունվի և այդպես շարունակվի։ Մենք պարտավոր ենք վերականգնել կենսաթոշակային գործերը»,– նշեց Վիրաբյանը։
Շեշտեց` կարևոր է նաև աշխատանքային փորձը հաշվի առնելը` ստաժի հաշվարկման առումով։ Նրա կարծիքով` բոլոր այս հարցերը կարգավորելու համար պետք է բարձր մակարդակով հանդիպում կայանա, կոնկրետ քաղաքականություն որոշվի, մշակվի։
Ներկայում շտաբ դիմում են և՛ պետական աշխատողները` աշխատավարձերի ստացման համար, և՛ կենսաթոշակ, նպաստ կամ զինվորական թոշակ ստացողները։ Դիմում են համապատասխան տեղեկանքներ և փաստաթղթերի կրկնօրինակներ ստանալու համար։
Sputnik Արմենիան այս հարցերով դիմել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, պարզելու` ինչ քայլեր են ձեռնարկվում խնդրին լուծում տալու համար։ Մեզ հայտնեցին, որ քննարկումներ են ընթանում, սակայն այլ մանրամասներ չհայտնեցին։
Միքայել Վիրաբյանը վստահեցրեց` մինչ օրս ՀՀ սոցապ նախարարությունից չեն հայտնել, թե ինչ աշխատանքներ են տարվում կամ նախապատրաստվում, ոչ էլ հրավեր է եղել քննարկումներին մասնակցելու։

Եվրախորհրդարանը կոչ է անում Արցախի ժողովրդին ինտեգրվել Հայաստանին, ոչ թե Ադրբեջանին

Հոկտեմբերի 17-ին Ստրասբուրգում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ԵՄ խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան նշել է, որ Եվրոպան կշարունակի աջակցել Հայաստանին՝ այսօրվա վիճակը հաղթահարելու գործում»: Ռոբերտա Մեցոլան նաեւ նշեց, որ իրենք իրենց աջակցությունն են առաջարկում ԼՂ-ից փախստականների հոսքի կապակցությամբ, ինչպես նաեւ Հայաստանում նրանց վերաինտեգրման հարցում. «ԵՄ երկրներից շատերը նաեւ տեխնիկական միջոցներ, սնունդ եւ դեղորայք են տրամադրում ԵՄ քաղաքացիական պաշտպանության մեխանիզմի միջոցով:

Եվրախորհրդարանի ղեկավարը, փաստորեն, կոչ է անում Արցախի ժողովրդին ինտեգրվել Հայաստանին։ Երևանը, սակայն, հայց է ներկայացրել ՄԱԿ-ի դատարան, որը վկայում է Հայաստանի կառավարության մտադրության մասին՝ ապահովելու Արցախի ժողովրդի ինտեգրումն Ադրբեջանին։

Միջոցներ ձեռնարկել Արցախի կայքերը վերականգնելու, եղած տեղեկատվությունը առավել ապահով կրիչների վրա տեղափոխելու ուղղությամբ

Արդարադատության նախկին նախարար Գեւորգ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետներին խնդրում եմ կամավոր, առանց հրահանգների սպասելու, համակարգված միջոցներ ձեռնարկել Արցախի կայքերը վերականգնելու, եղած տեղեկատվությունը առավել ապահով կրիչների վրա տեղափոխելու ուղղությամբ:

Որպեսզի փաստաթղթային արխիվային նյութերն ամբողջովին չընկնեն թշնամու ձեռքը, ոչնչացվել են, ընդ որում, խոսքը անգամ այնպիսի իրավական ակտերի մասին է, որոնց մի մասը չկա նաև սոցցանցերում:

Եղած պաշտոնական կայքերը հաշված ժամերի ընթացքում փակվել են ադրբեջանական իշխանությունների կողմից: Խնդրում եմ, ելակետ ընդունեք այն, որ այդ նյութերը չափազանց կարևոր են (փակագծերը դեռ բացել հնարավոր չէ), դրանց արժեքը անգնահատելի է, չի կարելի թույլ տալ, որ իսպառ ոչնչացվեն այդ փաստաթղթերի աղբյուրները»։

Ում դեմ են թուրքական բանակի զորավարժությունները Նախիջեւանում եւ Արցախում

Ադրբեջանը եւ Թուրքիան զորավարժություններ կանցկացնեն Նախիջեւանում եւ օկուպացված Արցախում։

Ինչպես տեղեկացրել է Reuters-ը՝ հղում կատարելով Ադրբեջանի ՊՆ-ին, զորավարժությունները նվիրված են Թուրքիայի Հանրապետության հարյուրամյա հոբելյանին, դրանք տեղի կունենան հոկտեմբերի 23-25-ին մի քանի շրջաններում։ Դրանց մեջ են Բաքուն, Նախիջեւանը եւ Արցախի օկուպացված տարածքը։

15 տարի առաջ Գանձասարում

15 տարի առաջ՝ 2008 թվականի հոկտեմբերի 16-ին տեղի ունեցավ «Հայկական մեծ հարսանիքը»՝ 700 զույգ միաժամանակ ընտանիքներ ստեղծեց Արցախում։
Միջոցառման նախաձեռնողը Լեւոն Հայրապետյանն էր։ Ռուբեն Վարդանյանն աջակցել է նրան և դարձել 700 զույգերից 250-ի քավորը, յուրաքանչյուր զույգին տվել են մեկ կով և 2000 դոլար, իսկ Շուշիում ապրողները, քանի որ այնտեղ կով պահելու հնարավորություն չկա, կովի փոխարեն ստացել են ևս 500 դոլար։
Բացի այդ, այս զույգերին տրվում է երեխայի ծննդյան խրախուսական ծրագիր՝ 2000 ԱՄՆ դոլար մեկ երեխայի համար, 3000 ԱՄՆ դոլար երկրորդի համար, 5000 ԱՄՆ դոլար երրորդի համար, 10000 ԱՄՆ դոլար՝ չորրորդին և այլն։

Շրջափակման խոխան

Ծնվեց շրջափակված Արցախում ամուսնացած առաջին զույգի երեխան։ Ասպրամի և Էդուարդի բալիկը ծնվեց հոկտեմբերի 10-ին և չնայած շրջափակման ժամանակ ունեցած դժվարություններին, թերսնմանը և վիտամինների պակասին, բալիկը բոլորովին առողջ է։