Ինչպես երեկ անցավ արցախցիների աշխատանքի տոնավաճառը (լուսանկարներ)

Երեկ Move2Armenia շարժումը Արցախի երիտասարդական ակումբների ալյանսի հետ համատեղ կազմակերպվել է աշխատանք փնտրող արցախցիների հանդիպում գործատուների հետ։

Ներկայացնում ենք Հայկ Հարությունյանի ֆոտոշարքը

Տյաք` կորուսված Հայրենիք

Մինչև 2020 թվականի 44-օրյա պատերազմը Հադրութի շրջանի Տյաք գյուղը հանդիսանում էր տարածաշրջանի ամենահետաքրքիր և ճարտարապետա- գեղարվեստական տեսակետից մեծ արժեք ներկայացնող բնակավայրերից մեկը և 2017 թվականից ներառված էր <<Տյաք>> պետական պատմամշակութային արգելոցի մեջ: Գյուղի աղբյուրն ու կողքի Տնջրին /սոսենի/ սիրված վայր էր ոչ միայն հադրութցիների համար։

Պատմական աղբյուրները, սակայն, սահմանափակ տեղեկություններ են հաղորդում Տյաք գյուղի մասին: Առաջին անգամ հանդիպում ենք 1563 թ. տեղում արտագրված ձեռագիր մի Ավետարանի հիշատակարանում: Տյաքի մասին համառոտ տեղեկություններ է հաղորդում Մակար եպիսկոպոս Բարխուդարյանցը:

Տյաք տեղանունն առայժմ ստուգաբանված չէ:  Աղբյուրներում այն հանդիպում է Տաք, Դաք, Տյաք, Տագ ձևերով: Ըստ տեղանունների բառարանի, Տյաքը հավանաբար առաջացել է <<տյարք>> բառից: Սլավա Սարգսյանի կարծիքով Տյաքը Թաղքի, կամ Թաղիքի աղավաղումն է։

Գյուղի շրջակայքում պահպանված երկու փոքրիկ մատուռի ու գերեզմանատան առկայությունից կարելի է եզրակացնել, որ գյուղը գոյություն է ունեցել դեռևս միջնադարում: Մատուռներից մեկը՝ տեղադրված գյուղի հյուսիս – արևելյան եզրին, երբեմնի մեծ գերեզմանատան կենտրոնում, ըստ ճարտարապետական առանձնահատկությունների թվագրվում է 9-10-րդ դարերով: Սրբավայրը հայտնի է Սուրբ Հակոբ (Սուրկուփ) անվամբ:

1828 թվականի Ռուսաստանի ու Պարսկաստանի միջև կնքված պայմանագրով, Պարսկաստանում ապրող հայերին հնարավորություն տրվեց ներգաղթել Արևելյան Հայաստան, այդ թվում նաև Արցախ: Արցախ ներգաղթած բնակչության զգալի մասը հաստատվեց Դիզակում, նրանք հիմնականում Պարսկաստանի Ղարադաղ գավառից էին: Ըստ վկայությունների, Տյաք գյուղի բնակիչների մի մասը նույնպես Ղարադաղից էին:

Տյաք գյուղն ունի Արցախի բնակավայրերի մեծ մասին բնորոշ տեղադրություն: Գյուղի հատակագծային կառուցվածքը բաղկացած է երեք թաղից՝ Վերին, Ներքին և Դամանց: Ունի արևմուտքից արևելք ձգվող հստակ արտահայտված գլխավոր փողոց, որը տանում է գյուղի արևելյան մասում գտնվող, բնակավայրի կենտրոնը հանդիսացող աղբյուրը: Տյաք գյուղի աղբյուրն իր համալիրով Արցախի ամենաընդարձակ ու ճարտարապետորեն ձևավորված աղբյուրներից մեկն է, որը մեծ դեր է ունեցել գյուղի հասարակական կյանքում և ծառայել է որպես հավաքատեղի: Աղբյուրը միաժամանակ սրբավայր է: Ողջ համալիրը, սրբազան համարվող սոսիների հետ, գյուղացիների համար ունեցել է պաշտամունքային նշանակություն:

Բնակավայրի արևմտյան ծայրամասում, կառուցապատված տարածքից դուրս գյուղի գերեզմանատան կենտրոնում Սբ. Մեսրոպ եկեղեցին է, որը 19-րդ դարի համանման կառույցներին բնորոշ միանավ թաղածածկ բազիլիկ է՝ խորանի երկու կողմերի ավանդատներով։ Շարված է հիմնականում կոպտատաշ քարից, կրաշաղախով:

Վիճակագրական տվյալների համաձայն, Տյաք գյուղում 19-րդ դարի սկզբին բնակվում էր 9 ընտանիք, 43 մարդ, դարավերջին 35 ընտանիք 300 մարդ:

Խորհրդային շրջանում գյուղում գործում էր տարրական դպրոց, ակումբ-գրադարան: 1974 թվականին ուներ 102 հայ բնակիչ: 1998 թվականից ընդգրկվել է Հադրութի քաղաքային համայնքի կազմում: 2014 թվականի տվյալներով ուներ 32 տնտեսություն, 69 բնակիչ:

Տյաքն այսօր օկուպացված է Ադրբեջանի կողմից։

Արմինե Հայրապետյան

 

«Ներխուժում Հայաստան». 5000 քառ. կմ «բավակա՞ն» է հայերին

Ստիպված հեռանալով իր նախնիների հազարամյա հայրենիքից՝ արցախցիները տագնապով են լսում լուրերն ու պաշտոնական տեղեկություններն առ այն, որ Բաքուն Թուրքիայի և Ռուսաստանի աջակցությամբ կարող է ներխուժել Հայաստան և կտրել ոչ միայն Սյունիքն ու Վայոց ձորը, այլեւ Տավուշի ու Գեղարքունիքի մի մասը։

Փաշինյանը վերջերս տված հարցազրույցում ասել էր, որ «մեր ընդդիմախոսներն ասում են՝ ոչ, Հայաստանի Հանրապետությունը 29800 քառ. կմ չէ։ Նրանք կարծում են, որ, ասենք, Հայաստանի տարածքը 5000 քառակուսի կմ է, բայց այս նրբությունների մեջ շատ դեպքերում ոչ ոք չի խորանում»։

Այսինքն՝ Փաշինյանն ակնարկում է, որ Հայաստանի տարածքը կարող է սահմանափակվել 5000 հազար քառակուսի կիլոմետրով, եւ այս ուղղությամբ “աշխատանքներ են տարվում”։

Իր հերթին «Ամերիկայի Ձայն»-ի հայկական ծառայությունը պարզաբանում է խնդրել Պետդեպարտամենտից Politico-ի այն հոդվածի առնչությամբ, որ պետքարտուղար Բլինքենը կոնգրեսականներին զգուշացրել է Բաքվի կողմից հայկական տարածք մոտալուտ ներխուժման մասին։

Ի պատասխան՝ Պետդեպարտամենտը նշել է, որ «Միացյալ Նահանգները շարունակում է աշխատել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ ամենաբարձր մակարդակներում՝ ձգտելու արժանապատիվ և տեւական խաղաղության, որտեղ հարգվում են բոլորի իրավունքները։ Ուժի կիրառումն անընդունելի է, իսկ ուղղակի երկխոսությունը էական է հակամարտության երկարաժամկետ լուծման համար»։

«Ադրբեջանը նաև պատասխանատվություն է կրում ապահովելու, որ իր զինված ուժերը պահպանեն միջազգային իրավունքը, ներառյալ միջազգային մարդասիրական իրավունքը, որը կարգավորում է ռազմական գործողությունների ընթացքը, խաղաղ բնակչության պաշտպանությունը և մարտիկների նկատմամբ մարդասիրական վերաբերմունքը», – ասվում է Պետդեպարտամենտի պատասխանում:

Այսինքն՝ Պետդեպարտամենտը չի հերքում, որ պետքարտուղար Բլինքենը նախազգուշացրել է մի խումբ օրենսդիրների՝ «առաջիկա շաբաթներին» ադրբեջանական Հայաստան հարավ ներխուժման մասին։ Պետքարտուղարությունը միայն հորդորում է Բաքվին պահպանել «ներխուժման միջազգային կանոնները»։

Բաքուն չի թաքցնում «սահմանազատումից» առաջ իրեն անհրաժեշտ սահմանները գծելու մտադրությունները։ «Ինչպես ցույց է տալիս փորձը, սահմանազատման գործընթացն իրականացվում է ոչ միայն քարտեզների հիման վրա»,- ասել է Ադրբեջանի ԱԳՆ-ը՝ պատասխանելով Ալմա-Աթայի հռչակագրի և 1975 թվականի քարտեզների մասին հարցին, որոնք Փաշինյանն առաջարկում է որպես 29.8 հազար քառ. կմ Հայաստանի սահմանազատման հիմք:

Ռուսաստանը Բաքվին խոստանում է «Զանգեզուրի» հարցերը լուծել նույնքան «խաղաղ», ինչպես Արցախում՝ իր օկուպացիոն ուժերի միջոցով, բայց պայմանով, որ հենց Մոսկվան «միջնորդ» կլինի Թուրքիայի հետ միասին «խաղաղության պայմանագրի» ստորագրման հարցում, իհարկե՝ 5000քմ. կմ սահմաններում։ Ալիեւը նույնպես պնդում է միայն ռուսական միջնորդությունը։ Բայց քանի որ Արևմուտքը պնդում է իր միջնորդությունը (արդեն պայմանավորվածություն կա Փաշինյան-Ալիև ամսվա վերջին Բրյուսելում հանդիպման մասին), “ոչ խաղաղ” ներխուժումն անխուսափելի է դառնում։

«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունները հիշեցնում են այն հռետորաբանությունը, որը կիրառում էր Մոսկվան Ուկրաինա ներխուժելուց առաջ, երբ [Մոսկվան] խոսում էր Արևմուտքի ռազմական օգնության մասին [Կիևին]»,- գրում է ամերիկյան հեղինակավոր Stratfor վերլուծական կենտրոնը՝ նշելով, որ Ադրբեջանը «ցանկանում է դանդաղեցնել կամ կանխել Հայաստանին արևմտյան օգնության ընդլայնումը` միաժամանակ պահպանելով կարճաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում հայկական տարածք հնարավոր ներխուժման կենսունակությունը»: Stratfor-ի վերլուծաբանները նաև մեջբերում են Բրյուսելում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանի վերջին հայտարարություններն այն մասին, որ ադրբեջանական ներխուժումը կարող է տեղի ունենալ առաջիկա շաբաթներին:

Շատ բան, իհարկե, կախված է նրանից, թե ինչպես կզարգանան իրադարձությունները Մերձավոր Արևելքում: Բայց ամեն դեպքում, Հայաստանը պետք է պատրաստվի Ռուսաստանի «խաղաղ» ներխուժմանը կամ Թուրքիայի ռազմական ներխուժմանը։ Արևմուտքը միայն պահանջում է «մարդկային վերաբերմունք» պահպանել։

Վերածնվում ենք. Արցախից Հայաստան տեղափոխված մի շարք ընկերություններ ներկայացված են «ԴիջիԹեք» էքսպոյում

Բռնի տեղահանման հետևանքով Լեռնային Ղարաբաղից Հայաստանի Հանրապետություն տեղափոխված մի շարք ընկերություններ նոր գործընկերներ, համագործակցություն ու ներդրումներ գտնելու ակնկալիքով ներկայացված են հոկտեմբերի 13-15-ն անցկացվող 18-րդ «ԴիջիԹեք» էքսպոյին:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում տվյալ ընկերությունների ներկայացուցիչները շեշտեցին, որ վերածնվելու հստակ նպատակ ու պլաններ ունեն:

«Մունք» տեխնոդպրոցի հիմնադիր տնօրեն Աշոտ Ավանեսյանը պատմեց, որ տեղահանման ժամանակ մի կերպ կարողացել են իրենց գույքի մեծ մասը դուրս բերել ԼՂ-ից, բայց ամենակարևորը, որ բերել են՝ իրենց երազանքներն ու նպատակներն են։ Տեխնոլոգիական կրթություն առաջարկող «Մունք»-ում վստահ են՝ լավ հայրենիք ունենալու ճանապարհը կրթությունից է սկսվում։

«ԼՂ-ում ծրագիրը գործում էր 7 համայնքներում։ Երկու տեխնոդպրոց ունեինք, մեկը՝ Ստեփանակերտում, մյուսը՝ Մարտունու շրջանի Հաղորտի գյուղում։ 250-ից ավելի ուսանողներ ունեինք, իսկ ամենամեծ ձեռքբերումը շուրջ 40 շրջանավարտներն էին, որ, վստահ եմ՝ արդեն այս տարի կտեղավորվեն աշխատանքի հայաստանյան ՏՏ ոլորտում և որոշ դեպքերում, նույնիսկ լինելով անչափահաս, կդառնան տան կերակրողը»,- նշեց տեխնոդպրոցի ծրագրերի ղեկավար Սասուն Դավիդյանը։

Դպրոցը ԼՂ-ից տեղահանվելուց հետո հաստատվել է Լոռու մարզում։ Արդեն որոշակի տարածք ունեն, որտեղ կարող են վերսկսել աշխատանքները: Միակ խնդիրը ընթացիկ ծախսերի համար գումար ու ներդրողներ գտնելն է։

Ներդրումների ու նոր գործընկերների հետևից «ԴիջիԹեք» են եկել նաև մարտակերտցի մի խումբ երիտասարդներ։ Լեռնային Ղարաբաղում ծրագրում էին նորարարական լուծումներով երիտասարդական կենտրոն բացել ու զարգացնել համայնքը: Հիմա մտադիր են կիսատ թողած գործը Հայաստանում շարունակել:

«Երկու հարկանի շենք ունեինք Մարտակերտում, որ պետք է վերածվեր Beety co-working տարածքի ու համայնքային զարգացման ինկուբատորի, սակայն, երբ արդեն «ռեԱրմենիա»-ում դրամահավաք պետք է սկսվեր շինարարությունը սկսելու համար, սկսվեց շրջափակումը ու չհասցրինք դրամահավաք անել։ Այդ ընթացքում փորձում էինք ակտիվացնել Մարտակերտը, երիտասարդների ներգրավել մեր թիմ»,-պատմեց Beety կազմակերպության համահիմնադիր Մերի Հովհաննիսյանը։

ԼՂ-ի միակ ու առաջին Մարքեթինգային ընկերությունը՝ BIB-ը, որը համագործակցել է աշխարհի տարբեր երկրների հետ, վերածնվելու հաստատակամ պլաններով է առաջ շարժվում: Ուզում են ապացուցել, որ իրենց ոչ ոք չի կարող կանգնեցնել և խանգարել զարգանալու և երկրին աճ ապահովելու գործում: Այս պահին բաց են ընկերությունների հետ համագործակցության համար:

ԼՂ-ից բռնի տեղահանվածների կարիքները հոգալու համար ՀՀ-ին արտերկրից կտրամադրվի ևս 35 միլիոն եվրո. փոխվարչապետ

ՀՀ փոխվարչապետ, հումանիտար կենտրոնի աշխատանքները համակարգող Տիգրան Խաչատրյանի տեղեկացմամբ՝ այս պահին ՀՀ մարզերում արդեն հաշվառվել է 85000 բռնի տեղահանված անձ, ինչը նշանակում է, որ նրանց զգալի մասը, որպես բնակության ժամանակավոր վայր, ընտրել է մարզերը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ փոխվարչապետը «Հումանիտար կենտրոն»-ում հավաստիացրեց, որ Կառավարությունն օգնում է տեղահանվածներին ինչպես վարձակալության, այնպես էլ հետագայում միջնաժամկետ ու երկարաժամկետ բնակության վայր ընտրելու հարցում։ Մարզպետարանների բոլոր աշխատակիցները և հումանիտար կենտրոնների մարզային կառույցների գործընկերներն օգնում են, որպեսզի մարդկանց բնակության վայրերի ընտրությունը տեղի ունենա հնարավորինս լայն տիրույթից, որպեսզի մարդիկ համադրելու եղանակով ընտրեն իրենց համար լավագույն պայմանները, որոնք կարող են լինել մարզերում։

«Հայաստանը շարունակում է աջակցություն ստանալ միջազգային գործընկերներից, որոնք տարբեր ձևաչափերով օգնում են ՀՀ կառավարությանը՝ բռնի տեղահանված անձանց առաջնային կարիքները հոգալու հարցում։ Դրամական աջակցության խոստումներ տրվել են բազմաթիվ երկրների կառավարությունների և միջազգային կազմակերպությունների կողմից։ Ըստ հայտարարությունների՝ ավելի քան 35 միլիոն եվրո օգնություն կտրամադրվի կառավարությունների ու միջազգային կառույցների կողմից ԿԽՄԿ-ի միջոցով։ Եվս 35 միլիոն եվրո արդեն իսկ հատկացվել է այլ եղանակով, որից 15 միլիոն եվրոն կհատկացվի բյուջետային աջակցության եղանակով ՀՀ կառավարության գանձապետական հաշվին, իսկ մնացած միջոցները զարգացման գործակալություններն իրենց կողմից Հայաստանում գործող ներկայացուցչությունների միջոցով կուղղեն բռնի տեղահանվածների կարիքների կամ խնդիրների լուծմանը»,- նշեց Խաչատրյանը։

Փոխվարչապետի տեղեկացմամբ՝ հումանիտար օգնություն ստացվում է նաև տարբեր բեռների տեսքով։ Նախորդ երկու շաբաթների ընթացքում Հայաստանը ստացել է ավելի քան 100 տոննա մարդասիրական բեռ, որը բաշխվում է բռնի տեղահանվածներին՝ սննդի և առաջնային անհրաժեշտության կարիքները հոգալու համար։

«Կառավարությունը հետևում է ԼՂ-ից բռնի տեղահանվածների խնդիրներին և շարունակում է դրանց համապատասխան մշակել աջակցության ծրագրեր։ Նախորդ երկու շաբաթներն օգտագործվել են առաջնային հարցերը լուծելու համար, բայց արդեն ժամանակն է, որպեսզի միջնաժամկետ ու երկարաժամկետ անելիքների ուղղությամբ հստակեցվեն հետագա աջակցության ծրագրերը։ Առաջիկայում այդ ծրագրերը կներկայացվեն թե՛ կարծիքներ լսելու, թե՛ որոշումներն ավելի ճիշտ ուղղության մեջ դնելու համար»,- եզրափակեց ՀՀ փոխվարչապետը։

Հայաստանի ԱԳՆ-ն ուրախ է, որ ԵԽԽՎ բանաձեւը վերաբերում է միայն հումանիտար հետեւանքներին

ԵԽԽՎ Արցախի վերաբերյալ բանաձեւը եւ հանձնարարականները վերաբերում են ծանր հումանիտար հետեւանքներին եւ մարդու իրավունքներին՝ կապված արցախահայերի բռնի տեղահանման հետ, եւ լուսաբանում են Ադրբեջանի կողմից իր կանոնադրական պարտավորությունների եւ անդամակցության պարտավորությունների լուրջ խախտումներին արձագանքելու մեխանիզմները։ Այս մասին Х-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը։

ԵԽԽՎ-ն հոկտեմբերի 12-ին ընդունել է «Հումանիտար իրավիճակն Արցախում» բանաձեւը եւ համանուն հանձնարարականը։

Ամենադժվարը ընտանիքի հետ կապի բացակայությունն էր

Տ. Գրիգորյանը Արցախի Մարտունու շրջանից է։ Այս տարի ընդունվել է Արցախի պետհամալսարանի «Պատմության» ֆակուլտետ:

Սեպտեմբերի 19-ին սովորականի պես դասի էին, 13:05-ին ձայներ լսվեցին, հետո տագնապի ազդանշանը միացվեց, եւ բոլոր ուսանողները իջան նկուղ:

Սկզբում խմբով մնում էին մութ սենյակում, հետո ուսանողներից մեկի նախաձեռնությամբ տեղափոխվեցին ավելի լուսավոր սենյակ: Ձայները շատ ուժեղ էին, դուրս գալ չէր ստացվում, կապ ևս չկար: Խմբով մնացել են մինչև հրադադարը, հետո դուրս են եկել ու փորձել կապ հաստատել ընտանիքների հետ, թեկուզ մեծամասնության մոտ չէր ստացվում։

Համալսարանի նկուղից հետո մնացել են բարեկամների տներում, որից հետո վարձակալված տների նկուղներում: Ամենադժվարը ընտանիքի հետ կապ չունենալն էր, չգիտեին արդյո՞ք կա հայրենի գյուղը, թե արդեն չկա, և եթե չկա, ուր են մարդիկ:

Տ.Գրիգորյանը մյուս ուսանողների հետ մի քանի օր մնացել էր Ստեփանակերտում, հետո՝ մեկ շաբաթ անց կարողացավ կապվել ընտանիքի հետ:

Եղբայրը Ասկերանի բենզալցակայանում էր, այրվածքներ էր ստացել:

Կորցնելով ամեն ինչ, բռնի տեղահանվել են սեպտեմբերի վերջին, 2 օր անց հասել են Չարենցավան:

Քրիստինա Ալահվերդյան

Բանկերը պարտավորվել են Արցախի բնակիչներին վերադարձնել քարտերից դուրս գրված սոցիալական օգնությունը

Հայաստանի բանկերը խոստացել են 10 օրվա ընթացքում վերադարձնել բանկային քարտերին պետական ​​աջակցության ծրագրով Արցախի բնակիչներին տրամադրված ֆինանսական օգնությունը, որը դուրս է գրվել վարկերի մարման համար։

Ստեփանակերտի բնակչուհի, փաստաբան Ժաննա Արզումանյանի խոսքով՝ իր քարտին 100 հազար դրամ սոցիալական օգնություն է մուտքագրվել, սակայն նա չի կարողացել այն ստանալ, քանի որ ABB-ն (Armenian Business Bank) այս գումարը դուրս է գրել վարկերը մարելու համար։

«Իմ զայրույթը սահմաններ չուներ։ Եկա բանկ։ Այնտեղ մինչև հարյուր մարդ կար՝ տարբեր բանկերի հաճախորդներ, որոնց գումարները նույնպես դուրս են գրվել։ Մենք արտահայտեցինք մեր պահանջները։ Սկզբում մեզ ասացին, որ գումարը մեկ օրից կվերադարձվի քարտին։ Հետո երեք օրից խոստացան։ Դե, հետո ասացին, որ 10 օրից գումարը կվերադարձնեն։ Պարզապես պետք է սպասել և հուսալ, որ նրանք մեզ չեն խաբի»։

Արզումանյանը կարծում է, որ «բանկերը չպետք է դա անեին՝ հաշվի առնելով այն ծանր վիճակը, որում հայտնվել են արցախցիները»։ Նա խոստովանեց. «Վրդովեցուցիչ է, որ բանկերը, որտեղ բաժնետերերը մեր հայրենակիցներն են, մեզ հետ վարվեցին այդքան անարդար, թեկուզ մենք նրանցից ոչ միայն ըմբռնում ենք ակնկալում, այլև աջակցություն»:

Փաստաբանն ասում է, որ եթե 10 օր հետո գումարը չլինի իր քարտի վրա, ապա «մեծ սկանդալ կլինի»։ «Այն, ինչ մենք ունեինք, մնաց Արցախում։ Ինչո՞ւ պետք է վարկ կամ հիփոթեք փակենք, եթե գույքը կորցրել ենք»:

Ինչպե՞ս չեղարկել Արցախի Հանրապետության գոյությունը դադարեցնելու մասին Արցախի նախագահի հրամանագիրը

Ի լրումն Արցախի Հանրապետության գոյությունը դադարեցնելու մասին Արցախի նախագահի հրամանագրի վերաբերյալ իմ 28.09.2023թ. https://www.facebook.com/stepan.hasanjalalyan/posts/pfbid0ixsj2NcqKYqDbqTa4dbgd8an9RCgnVKjXfkYrzNDhq1qe7JznFPwJ6DYjcSkC6uql հրապարակման:

Ինչպես հայտնի է, Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը 2023թ. սեպտեմբերի 28-ին ստորագրել է Արցախի Հանրապետության գոյությունը 2024թ. հունվարի 1-ից դադարեցնելու մասին հրամանագիր: Տվյալ հրամանագրի տեքստը չի հրապարակվել, այն առկա չէ նաև Արցախի Հանրապետության նորմատիվ իրավական ակտերի հրապարակման միասնական՝ arlexis.am կայքում: Արցախի նախագահի կողմից նման բովանդակությամբ հրամանագիր ստորագրելու մասին տեղեկանում ենք Արցախի տեղեկատվական շտաբի 2023թ. սեպտեմբերի 28-ին հրապարակած հայտարարությունից:

Արցախի Հանրապետության ներպետական օրենսդրությունն Արցախի Հանրապետության որևէ պաշտոնատար անձի, այդ թվում նաև հանրապետության նախագահին, իրավունք չի տալիս դադարեցնել հանրաքվեով հռչակված Արցախի Հանրապետության գոյությունը: Հետևաբար, նշված հրամանագիրն ԱՊՕՐԻՆԻ Է ԵՎ ՉԻ ԿԱՐՈՂ ԱՌԱՋԱՑՆԵԼ ՈՐԵՎԷ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔ: Սակայն, քաղաքական առումով, մասնավորապես՝ Արցախի Հանրապետության դեօկուպացիայի համատեքստում, անհրաժեշտ է չեղարկել տվյալ հրամանագիրը:

Նշված հրամանագիրը մինչև 2024թ. հունվարի 1-ը չեղարկելու համար առկա է իրավական երկու ճանապարհ՝

առաջին. Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդը, ղեկավարվելով Արցախի Հանրապետության Սահմանադրության 141-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, ըստ որի՝ սահմանադրական արդարադատություն իրականացնելիս Գերագույն դատարանը օրենքով սահմանված կարգով՝ որոշում է օրենքների, Ազգային ժողովի որոշումների, Հանրապետության նախագահի հրամանագրերի և կարգադրությունների, Կառավարության որոշումների, ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի համապատասխանությունը Սահմանադրությանը, և 142-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, ըստ որի՝ Գերագույն դատարան կարող են դիմել պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդը՝ Սահմանադրության 141-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 5-րդ կետերով սահմանված դեպքերում, կարող է դիմել Արցախի Հանրապետության Գերագույն դատարան Արցախի Հանրապետության գոյությունը 2024թ. հունվարի 1-ից դադարեցնելու մասին Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանի 2023թ. սեպտեմբերի 28-ի հրամանագրի համապատասխանությունը Արցախի Հանրապետության Սահմանադրությանը որոշելու համար:

երկրորդ. Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը, ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» 2019 թվականի մայիսի 30-ի ՀՕ-24-Ն օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասով, կարող է ստորագրել հրամանագիր Արցախի Հանրապետության գոյությունը 2024թ. հունվարի 1-ից դադարեցնելու մասին իր՝ 2023թ. սեպտեմբերի 28-ի հրամանագիրն ուժը կորցրած ճանաչելու մասին:

Նկատի ունենալով Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի և Գերագույն դատարանի բնականոն աշխատանքները վերսկսելուն խոչընդոտող հնարավոր խնդիրները՝ առավել իրատեսական է խնդրի լուծման երկրորդ տարբերակը, ըստ որի Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը ստորագրում է Արցախի Հանրապետության գոյությունը 2024թ. հունվարի 1-ից դադարեցնելու մասին իր՝ 2023թ. սեպտեմբերի 28-ին ընդունած հրամանագիրն ուժը կորցրած ճանաչելու մասին հրամանագիր, որի մասին էլ հայտարարությամբ հանդես է գալիս Արցախի տեղեկատվական շտաբը:

ՍՏԵՓԱՆ ՀԱՍԱՆ-ՋԱԼԱԼՅԱՆ

Lragir.am

Բենզալցակայանի պայթունից տուժածները` ցեղասպանության եւ պատերազմի զոհեր են և համապատասխան կարգավիճակ պիտի ունենան

«Մարդիկ, որոնք տուժվել են բենզալցակայանի պայթունից, միանշանակ պետք է ունենան սոցիալական երաշխիքներ: Զոհերը և վիրավորները ուղիղ կապ ունեն պատերազմի հետ, քանի որ պայթունը ուղիղ ադրբեջանական ցեղասպանության և պատերազմի հետևանք է»: Այդ մասին Step1.am-ին ասել է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։

«Նախ՝ Ադրբեջանի պահանջով պետական համակարգի և բանակի կազմալուծումը բերել են անկառավարելի իրավիճակի։ Երկրորդ պատճառն այն է, որ Ադրբեջանը շրջափակման պայմաններում հատուկ ստեղծել է վառելիքի սղություն, և մարդիկ ստիպված էին հայթայթել վառելիք։ Եւ երրորդ պատճառն այն է, որ 10 ամիս շրջափակման, պատերազմի, պետական համակարգի կազմալուծման պայմաններում մարդկանց մոտ սուր վախի զգացողություն է առաջացել, մարդիկ հիմնավորված կասկածներ ունեին, որ ադրբեջանցիները կմտնեն և կցեղասպանեն բնակչությունը։ Հետեւաբար՝ նրանք փորձում էին մի քիչ վառելիք ձեռք բերել փրկվելու համար: Եվ եթե չլիներ խուճապային տրամադրություն, վառելիքի սղություն, կազմալուծված բանակ և պետական համակարգ, այս դեպքը չէր լինի»-, ասել է Արտակ Բեգլարյանը:

Անհետ կորած համարվող քաղաքացիների, զոհերի ու վիրավորների մասով MediaHub-ը զրուցել է Արցախի քննչական կոմիտեի ներկայացուցչի հետ։ «Ըստ քննչական կոմիտեի ու Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի փաստահավաք առաքելության հավաքագրած տվյալների, պայթյունի զոհ է դարձել 212 քաղաքացի։ Հայաստանյան ու արտասահմանյան բուժհաստատություններ են տեղափոխվել հարյուրավոր քաղաքացիներ, նրանց մի մասի առողջական վիճակը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։

Մինչև հոկտեմբերի 4-ը Արցախի փրկարարների կողմից այդ տարածքում իրականացված որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում տարհանված դիերի մի մասը ճանաչելի են եղել, 150 անճանաչելի դիակ գտնվում է դատաբժշկական փորձաքննության բյուրոյում։

Բոլոր այն քաղաքացիները, ովքեր ունեն անհետ կորած համարվող հարազատներ և նրանց մասին որևէ լուր չունեն և դիակների նույնականացման համար դեռևս ԴՆԹ թեստ չեն հանձնել, կարող են մոտենալ Մխիթար Հերացի 5 հասցեով՝ դատաբժշկական և գիտագործական կենտրոն։

Ի դեպ, տեղեկությունը, թե իբր ադրբեջանական կողմը պայթյունից հետո վիրավորներ է տեղափոխել Ակնա (Աղդամ) կամ Շուշի, իրականությանը չի համապատասխանում։

Ըստ ականատեսների՝ Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի ձախակողմյան հատվածում գտնվող, ՊՆ-ին պատկանող վառելիքի պահեստի տարածքում 500-ից ավելի մարդ է եղել, այդ թվում՝ կանայք ու երեխաներ։ Նախնական վարկածով պայթյունը և դրան հետևած հրդեհը անվտանգության կանոնների չպահպանման հետևանք է»։

Այսօր կկայանա բռնի տեղահանված արցախցիների համար հանդիպում գործատուների հետ

Move2Armenia թիմը, որի անդամ է Արցախի Հայ երիտասարդական ակումբների ալյանսսը, այսօր կազմակերպում է բռնի տեղահանված արցախցիների համար հանդիպում գործատուների հետ։

Ինչպես Step1.am-in ասել է Ալյանսի ներկայացուցիչ Զոյա Սարգսյանը, 24 կազմակերպություններ են համաձայնվել ներկայանան այսօր, տնօրենների մակարդակով, որպեսզի տրամադրեն իրենց թափուռ աշխատատեղերը արցախցիներին։

“Ավելի քան 1700 մարդ ենք այսօր սպասում։ Նախապես հարցումներ ենք առաջարկել արցախցիներին, լրացրել են 1500-ից ավելին մարդ, ովքեր փնտրում են աշխատանք, ուզում են գտնել իրենց այս միջավայրում, եւ այսօր այդ հնարավորությունը կա։

Այսօր կլինի հնարավորություն շփվելու 7 ոլորտների կազմակերպությունների հետ, հարցազրույց անցնելու եւ աշխատանքի ընդունվելու։

Ցուցահանդեսը կազմակերպել է Move2Armenia թիմը, կամավորները՝ Արցախի Հայ երիտասարդական ակումբների ալյանսի 30-ից ավել երիտասարդներն են։ Ցուցահանդեսը 4 փուլով է լինելու։ Առաջին փուլում մարդիկ ԵրՊՀ-ի բակում կլրացնեն հարցաթերթիկներ, ռեզյումեներ մեր կամավորների օգնությամբ, այդ հարցաթերթիկներով նրանք հետո առաջ կգնան, եւ կորոշվի, ինչ ոլորտում են իրենք ուզում աշխատել։ Ըստ ոլորտների նրանք կտեղափոխվեն դահլիճ, որտեղ կլինեն համապատասխան ոլորտների կազմակերպությունները, եւ կսկսվի հարցազրույց։ Մեկ հարցազրույցը կտեւի 5 րոպե։ Պլանավորում ենք 1 օրվա ընթացքում ժամը 12-ից 6-ը 1500 մարդու մուտք”, ասել է Զոյան։

Պետդեպը արձագանքել է Հայաստան Բաքվի ներխուժման վերաբերյալ հրապարակմանը

ԱՄՆ պետքարտուղարությունը պատասխանել է «Ամերիկայի ձայնի» հայկական ծառայության հարցմանը՝ կապված Politico հանդեսում լույս տեսած «Բլինքենը զգուշացրել է օրենսդիրներին, որ Ադրբեջանը կարող է ներխուժել Հայաստան առաջիկա շաբաթներին» վերնագրով հրապարակման հետ:

Ի պատասխան՝ պետքարտուղարությունն ընդգծել է, որ «Միացյալ Նահանգները շարունակում է համագործակցել Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների հետ ամենաբարձր մակարդակներում՝ ձգտելով արժանապատիվ և տեւական խաղաղությանը, որտեղ հարգվում են բոլորի իրավունքները: Ուժի կիրառումն անընդունելի է, և ուղիղ երկխոսությունը կարևոր նշանակություն ունի այս երկարատև հակամարտության կարգավորման համար», նշված է պետքարտուղարության պատասխանի մեջ։

Ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչությունը նաև նշել է, որ «ԱՄՆ աջակցում է Հայաստանի կառավարության ջանքերին՝ մարդասիրական կազմակերպությունների հետ սերտ համագործակցությամբ օգնելու տեղահանվածներին ապաստան և հարմարավետություն գտնել Հայաստանում։ Մենք մեր կարեկցանքն ենք հայտնում տեղահանված անձանց՝ գիտակցելով, թե ինչ շոկի և տրավմայի միջով են նրանք անցնում, և ինչ անորոշության հետ են բախվում»:

Պետքարտուղարությունը նաև հավելել է, որ Բաքուն պատասխանատվություն է կրում խաղաղ բնակիչներին պաշտպանելու և բոլորի նկատմամբ մարդկային վերաբերմունք ապահովելու համար, ներառյալ նրանց, ում կասկածում է ռազմական գործողությունների մասնակցության մեջ:

«Ադրբեջանը նաև պատասխանատու է, որ իր [զինված] ուժերը համապատասխանեն միջազգային իրավունքին, ներառյալ միջազգային մարդասիրական իրավունքի, որը կարգավորում է ռազմական գործողությունների իրականացումը, խաղաղ բնակչության պաշտպանությունը և ռազմական գործողությունների մասնակիցների նկատմամբ մարդասիրական վերաբերմունքը», ասված է «Ամերիկայի ձայնի» հայկական ծառայությանն ուղղված պետքարտուղարության պատասխանում: