Բլինքենը զգուշացրել է կոնգրեսականներին, որ Բաքուն կարող է ներխուժել Հայաստան. Politico

«ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը նախազգուշացրել է օրենսդիրների ընտրյալ խմբին, որ Ադրբեջանը կարող է ծրագրել ներխուժել Հայաստան առաջիկա շաբաթներին», – գրում է Politico-ն։

Քննարկումներին ծանոթ պաշտոնյաները Politico-ին ասել են, որ Բլինքենը հոկտեմբերի 3-ին կայացած կոնֆերանսի ժամանակ բարձրացրել է ներխուժման հնարավորության հարցը:

Հեռախոսազրույցը վերաբերել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի սեպտեմբերյան հարձակմանը ԱՄՆ արձագանքի վերաբերյալ պաշտոնյաների հարցերին: Զրույցի ընթացքում Բլինքենն ասել է օրենսդիրներին, որ Պետդեպարտամենտը չի երկարաձգի գործող համաձայնագիրը, որը թույլ է տալիս ԱՄՆ-ին ռազմական օգնություն առաջարկել Ադրբեջանին: Համաձայնագիրը երկարաձգվում էր ամեն տարի՝ սկսած 2002 թվականից, սակայն դրա ժամկետը լրացել է հունիսին։ Նույն կոչում Բլինքենը զգուշացրել է, որ Ադրբեջանը կարող է ներխուժել Հայաստանի հարավային հատված:

Ինչպես ընդգծվում է հրապարակման մեջ, Բաքվի ռազմական ագրեսիայի արդյունքում Լեռնային Ղարաբաղից հայերի արտագաղթից հետո Երևանը մտավախություն է հայտնել, որ Ադրբեջանը կարող է Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ պլաններ ունենալ:

«Հատկապես մտահոգիչ է Սյունիքի հարավային հատվածը, որն Ադրբեջանը անվանում է Զանգեզուրի միջանցք, իսկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը անվանում է «Արևմտյան Ադրբեջան»:

Ալիևը չի մասնակցել հոկտեմբերի 5-ին Իսպանիայի Գրանադա քաղաքում Բաքվի և Երևանի միջև ծրագրված խաղաղ բանակցություններին։ Ավելի ուշ Ալիևն առաջարկել է Վրաստանը որպես Հայաստանի հետ բանակցություններ ընդունող երկիր։

Պաշտոնյաների խոսքով՝ հոկտեմբերի 3-ին կայացած հեռախոսազրույցի ժամանակ Բլինքենը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը դեռ կարող է լուծվել արդյունավետ դիվանագիտական ​​բանակցությունների միջոցով։

 

Կարմիր խաչը դեռ չի տեսակցել Բաքվում ապօրինի կալանավորված Արցախի ներկա ու նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին

Կարմիր խաչը դեռ չի տեսակցել Բաքվում ապօրինի կալանավորված Արցախի ներկա ու նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին։ Այս մասին NEWS.am-ին է փոխանցել ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։

Հիշեցնենք` ադրբեջանցի սահմանապահները ձերբակալել, ապա կալանավորել են Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանին, ՊԲ նախկին հրամանատար Լեւոն Մնացականյանին եւ ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին, Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին և Արայիկ Հարությունյանին, Արցախի Ազգայի ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանին։ Սեպտեմբերի 30-ին ադրբեջանական լրատվամիջոցները հայտնեցին, որ Ադրբեջանում կալանավորվել է նաեւ Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը։

Նշենք, որ Բաքվում կալանավորված նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին մի շարք ապօրինի մեղադրանքներ են ներկայացվել։ Նրանք բոլորն էլ կալանավորվել են չորս ամսով։

Արտակ Բեգլարյան. Ի՞նչ է պետք անել Արցախը պահպանելու համար

Արցախի նախկին պետնախարար, այժմ հասարակական գործիչ Արտակ Բեգլարյանը ընդգծում  է, որ տեղի է ունեցել ցեղասպանություն: Սկզբում ցեղասպանությունը ընթանում էր շրջափակման տեսքով, հետո վերջին փուլն է տեղի ունեցել՝ բռնի տեղահանման տեսքով, որը ինքնին ցեղասպանական ակտ է, ըստ միջազգային փաստաթղթերի՝ նաև հանցագործություն է մարդկության դեմ:

“Այստեղ պետք է հաշվի առնել, որ Ադրբեջանի իշխանությունը կոնկրետ և նպատակաուղղված նախապատրաստվել է այդ ցեղասպանությանը․ որպես փաստ՝ 10 ամիս տևողությամբ տոտալ շրջափակումն է, եւ այս ամենը միանշանակ փաստում է, որ տեղի է ունեցել արցախցիների ցեղասպանություն:

Ինչու այդպես ստացվեց՝ հարցը շատ համապարփակ է: Կարճ կարելի է ասել, որ աշխարհաքաղաքական տարբեր զարգացումների հետևանք է, իսկ եթե փորձենք ավելի կոնկրետացնել՝ բոլոր դերակատարները, և ՌԴ, և Արևմուտքը ունեն իրենց մեղավորության, մեղսակցության բաժինը: Նրանք թույլ են տվել սկզբում շրջափակումը, հետո ռազմական ագրեսիան, որոշակիորեն նաև աջակցում էին, ունեին իրենց շահերը՝ ՌԴ-ն իր շահերն ուներ, Արևմուտք՝ այլ շահեր:

Այս ամենում իհարկե մեծ դեր է խաղացել ՀՀ ռազմավարական ձախողումը:

Արցախի և ՀՀ իշխանությունները շատ արագ պետք է քաղաքական օրակարգ ձևավորեն ու հումանիտարից անցնեն այլ հարցերի, իհարկե, հումանիտարը կարևոր է մարդկային տառապանքները մեղմացնելու տեսանկյունից, բայց պատճառը չի թիրախավորում, հասցեավորում է հետևանքը, բայց պատճառի մասով պետք է Արցախի և Հայաստանի իշխանությունները շատ արագ քաղաքական օրակարգ ձևավորեն:

Հստակ տեսակետ է, որ Արցախի ժողովուրդը պետք է վերադառնա Արցախ և անվտանգ արժանապատիվ պայմաններ ունենա իր հայրենիքում ապրելու համար։ Դրան ուղղված կոնկրետ պայմաններ, միջոցառումներ պետք է լինեն, և այդ ամենը ենթադրում է միջազգային բարձր երաշխիքներ, հստակ ինքնավարության, ներքին իրավունքների պաշտպանության կամ իրացման մեխանիզմների ներդրումներ:

Այս մասով կան բազմաթիվ այլ հարցեր, որոնք պետք է քննարկվեն”,- ասել է Արտակ Բեգլարյանը։

Հայաստանի կառավարությունը կքննարկի Արցախից բռնագաղթածների պահանջը

Ինչպես գրել էր Step1-ը, հոկտեմբերի 13-ին արցախցիները ծրագրել էին ակցիա, որտեղ մտադիր էին ՀՀ կառավարությունից պահանջել չխոչնդոտել պետական ​​հատվածի աշխատակիցների աշխատավարձերի վճարմանը։

Նախաձեռնող խմբի անդամ Լիանա Պետրոսյանի խոսքով՝ ակցիան նախատեսված էր ժամը 17.00-ին կառավարության շենքի դիմաց։

«Կարելի է ասել, որ ակցիայի մեկնարկից անմիջապես հետո, դեռևս մինչ մարդիկ իսկապես կսկսեն հավաքվել, մեզ հրավիրել էին կառավարության ներկայացուցչի հետ հանդիպման։ Մեր նախաձեռնող խումբը բաղկացած էր 2020 և 2023 թվականների ներքին տեղահանվածներից։ 2020 թվականի ներքին տեղահանվածների մոտ դեռեւս չլուծված են մնում նույն հիմնարար խնդիրները, որոնց բախվում են այժմ արցախցի նոր բռնագաղթածները՝  բնակարան, աշխատանք։ Մենք շարադրել ենք մեր իրողությունները։ Կառավարության ներկայացուցչի խոսքով՝ վերոնշյալ հարցերը կփոխանցվեն Հայաստանի փոխվարչապետին՝ քննարկելու և լուծումներ փնտրելու համար։ «Մենք, իհարկե, ընդգծեցինք, որ շնորհակալ ենք ՀՀ կառավարությանը Արցախի ներքին տեղահանվածների հետ կապված լայնածավալ աշխատանքի համար, սակայն բարձրացված խնդիրները սոցիալական աջակցության շրջանակներից դուրս ավելի մեծ ուշադրություն են պահանջում»։

 

Արդյոք ամեն ինչ կորցրած, աշխատավարձի հույսին մնացած մարդիկ պետք է պատասխան տան «ենթադրյալ չարաշահումների» համար

Հոկտեմբերի 13-րդ օրը բոլորեց, իսկ Արցախի պետական բյուջեից ֆինանսավորվող, աշխատավարձը՝ որպես եկամտի միակ աղբյուր ունեցող քաղաքացիներն իրենց կատարած փաստացի աշխատանքի դիմաց դեռեւս չեն վարձատրվել։
Տարատեսակ քննարկումները, մեկնաբանությունները, նամակները թույլ են տալիս մտածել, որ հասարակ մարդը պետք է տուժի «իշխանական ենթադրյալ չարաշահումների» պատճառով։ Այդ մասին գրում է արցախցի օգտատերը։
Եթե կան պետական բյուջեի յուրացման դեպքեր, եթե կան պետական միջոցների չհիմնավորված ծախսեր,
Մենք պահանջում ենք՝ ըստ օրենքի քննել այդ գործերը, վեր հանել խախտումները, մեղավորներին ենթարկել պատասխանատվության, վերականգնել պետբյուջեի կորուստները,
ԲԱՅՑ՝ ՄԻ ՊԱՅՄԱՆՈՎ՝
Օրենքով սահմանված կարգով վճարել առանց տուն ու տեղ մնացած մարդկանց ապրուստի միակ միջոցը՝ աշխատավարձը։
Վճարել ոչ միայն սեպտեմբեր, այլ նաեւ՝ հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսների դիմաց։
Մարդիկ ունենան օպտիմալ ժամկետ՝ նոր աշխատանք փնտրելու համար։
Մանավանդ՝ Արցախի Հանրապետությունը լուծարվում է 2024թ. հունվարի 1-ից, իսկ 2023թ. պետբյուջեն հաստատված է։
Մենք շնորհակալ ենք ՀՀ Կառավարությանը՝ տեղահանված արցախցիներին ցուցաբերած սոցիալական տարատեսակ աջակցությունների համար, ՍԱԿԱՅՆ՝
Մենք ոչ թե աջակցություն ենք պահանջում, այլ՝ հասանելիք, հաստատված աշխատավարձ։

Լեռնային Ղարաբաղում մշակութային ցեղասպանությունն անխուսափելի է․ Time-ի հոդվածը

Ամերիկյան Time ամսագրում հոդված է հրապարակվել, որն անդրադառնում է Լեռնային Ղարաբաղում մշակութային ցեղասպանությանը․ հոդվածի հեղինակը դա անխուսափելի է համարում՝ հաշվի առնելով, թե ինչ ճակատագրի է արժանացել հայկական մշակութային ժառանգությունը Նախիջևանում Ադրբեջանի տիրապետության տակ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Ինչպիսին է մշակութային ցեղասպանությունը Լեռնային Ղարաբաղի հայերի համար»  խորագրով հոդվածի հեղինակը հիշեցնում է Ջուղայի խաչքարերի ոչնչացումը, Ջրականի (Ջաբրայիլ) Սուրբ Աստվածածին եկեղեցու հողին հավասարեցումը և Մեծ Թաղեր գյուղի հայկական գերեզմանոցի ոչնչացումը Ադրբեջանի կառավարության կողմից, ինչպես նաև Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու գնդակոծումը և վանդալիզմի ենթարկումը։

«Արցախում հազարամյակների հայկական կյանքի բնաջնջումը հնարավոր է դարձել այն մարդկանց անգործության ու թվացյալ անտարբերության պատճառով, ովքեր կարող էին դա կանխել։ Միացյալ Նահանգները և Եվրամիությունը բարձրաձայն խոսում են մարդու համընդհանուր իրավունքների մասին, բայց ոչինչ չարեցին ինը ամիս, մինչ արցախցիները զրկված էին սննդից, դեղորայքից, վառելիքից և այլ կենսական նշանակության ապրանքներից: Նրանք ոչինչ չարեցին Արդարադատության միջազգային դատարանի հրամանը կատարելու համար, որը դեռ 2023 թվականի փետրվարին պահանջում էր Ադրբեջանից դադարեցնել իր շրջափակումը։ Այդ անգործությունը ակնհայտորեն քաջալերեց Ադրբեջանին հարձակվել, ճիշտ այնպես, ինչպես կխրախուսի մյուսներին անել նույնը այլուր», – գրել է հոդվածի հեղինակ, Հարվարդի համալսարանի պրոֆեսոր Քրիստինա Մարանցին:

Հեղինակը նախազգուշացնում է, որ պատմությունից կարելի է եզրակացնել, որ էթնիկ զտումները սովորաբար ուղեկցվում են մշակութային օբյեկտների ոչնչացման տարբեր տեսակներով՝ սկսած վանդալիզմից մինչև ամբողջական հողին հավասարեցում։ Ավելի քիչ հայտնի և փոքր եկեղեցիներն ու հուշարձաններն, ըստ Մարանցիի, հողին կհավասարեցվեն, իսկ առավել հայտնիների, օրինակ՝ միջնադարյան հայկական ճարտարապետության կոթողներ Դադիվանքի կամ Գանձասարի դեպքում կլինեն կեղծարարություններ։ Հեղինակը հիշեցնում է, որ Ադրբեջանն արդեն իսկ փորձել է դրանք ներկայացնել որպես «Կովկասյան Աղվանքի վանքեր»։ Իսկ բազմաթիվ այլ կոթողներից, հեղինակի համոզմամբ, կջնջվեն հայկական արձանագրությունները։

Հեղինակը հիշեցնում է նաև 1915 թ․ Հայոց ցեղասպանությանը հաջորդած մշակութային ցեղասպանությունը։

«Այժմ ժամանակն է, որ աշխարհը պաշտպանի Լեռնային Ղարաբաղում մնացած հայկական մշակույթը։ Եթե ոչ, ապա ո՞ր մշակույթը կլինի հաջորդը», – եզրափակում է հոդվածի հեղինակը։

Լուկաշենկոն Արցախի բռնազավթումն ու հայերի տեղահանությունն անվանել է «հաջող լուծում»

Բիշքեկում ԱՊՀ գագաթնաժողովում է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է․ «Մենք տեսնում ենք, որ բոլոր հին հակամարտությունները, որոնք ժամանակին նետվեցին մեզ վրա, անխուսափելիորեն ի հայտ են գալիս շատ տխուր հետևանքներով։ Փառք Աստծո, որ ոչ միայն միտում է նկատվել այս հակամարտությունների լուծման ուղղությամբ, այլ դրանց մի մասը հաջողությամբ հաղթահարվել է»։

«Հաջողությամբ հաղթահարվածը»՝ է Արցախի օկուպացիան և նրա բոլոր բնիկ բնակիչների տեղահանությունն է։ Բելառուսի սուտի նախագահը կտեսնի նաեւ իր երկրի համար «հաջող» լուծում։

Ցեղասպան Բաքուն մտադիր է «Նյուրնբերգյան դատավարություն» կազմակերպել Արցախի նախկին ղեկավարների դեմ

Արցախի Հանրապետության էթնիկ զտումներից հետո ռուսական կողմը, որն անմիջական մասնակցություն է ունեցել այդ հանցագործությանը, Ադրբեջանին է հանձնել ոչ միայն հայության պատմական տարածքը, այլև հանրապետության նախկին ղեկավարներին ու բարձրաստիճան պաշտոնյաներին։

Շատերի համար զարմանալի էր, որ Ռուսաստանը «ծախեց» ոչ միայն հայկական հանրապետությունը, որն իրեն նվիրված էր մինչեւ վերջին մասնիկը, այլև այն մարդկանց, ովքեր վերջին 25 տարիների ընթացքում հավատարմորեն ծառայեցին նրան Արցախում, ենթարկելով նրա բնակիչների բոլոր իրավունքները «անտեսանելի դաշնակցին»։

Ինչպես պարզվեց 2020 թվականի պատերազմից հետո, Արցախի պաշտպանության բանակում շատերն ուղղակի կամ անուղղակի ենթարկվում էին Մոսկվային։ Արցախում գործում էր հինգերորդ շարասյունը՝ ներկայացված բազմաթիվ հասարակական կազմակերպություններով և հիմնադրամներով։

Պատերազմից հետո ակնհայտ դարձավ նաև, որ հենց Ռուսաստանն է Արցախ բերել ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիային, որի հետ միասին բաժանել են մեր Հայրենիքը, իսկ ռուսական օկուպացիոն ուժերն իրենց խաղաղարար են անվանել։ Գործարքն ապացուցելու համար Ակնայում (Ագդամ) տեղակայվել է ռուս-թուրքական մոնիտորինգի կենտրոնը, որը վերահսկողության տակ էր պահել նախկին Արցախի Հանրապետության ողջ տարածքը։

Այսինքն՝ միջազգային ահաբեկչության միջոցով ռուս-թուրք-ադրբեջանական եռյակը անեքսիայի ենթարկեց երբեմնի անկախ պետությունը, երեք տարի հալածեց նրա բնակիչներին, ազգաբնակչությանը ենթարկեց ցեղասպանության՝ սովի, ապա էթնիկ զտումների։ Բայց ահաբեկիչներին, ըստ երեւույթին, դա բավարար չէր։

Ադրբեջանը նախկին արտգործնախարար Թոֆիգ Զուլֆուգարովի բերանով հայտարարեց, որ չի լինելու առանձին դատարան, կլինի Նյուրնբերգյան դատավարության նման մի բան, «որտեղ ցեխակրոնիզմի գաղափարախոսությունը, որն, ըստ էության, ֆաշիստական ​​է, և որը գաղափարապես արդարացնում էր «Միացում» նախագիծը և դրա հետագա իրականացումը, ներառյալ էթնիկ զտումները, պետք է հրապարակայնորեն դատապարտվի՝ միջազգային իրավաբանների ներգրավմամբ»։

Իրոք, աշխարհը գլխիվայր շուռ է եկել։ Համաշխարհային ահաբեկչության համար ցատկահարթակ դարձած ադրբեջան կոչվող ֆաշիստական ​​կառույցը պատրաստվում է նախաձեռնել 1989 թվականին ԽՍՀՄ Սահմանադրությանը և միջազգային իրավունքին համապատասխան Արցախի Հանրապետության ժողովրդավարական ճանապարհով օրինական ընտրված առաջնորդների դեմ Նյուրնբերգյան դատավարություն:

Ռուս բոլշևիկների և օսմանյան քեմալականների հանցավոր դավադրության արդյունքում ստեղծված «պետությունը», որը վերջին 35 տարվա ընթացքում իրականացրել է առնվազն 6 ցեղասպանություն, բոլոր հայերին վտարելով Ադրբեջանի տարածքից, այսինքն՝ էթնիկ զտումներ է իրականացրել. պատրաստվում է համաշխարհային դատավարություն կազմակերպել սեփական դեմոկրատական ​​պետություն ստեղծած ժողովրդի և Պաշտպանության բանակի դեմ, որը պաշտպանել է մեր երկիրը բոլոր 33 տարիները և փրկել Արցախի ժողովրդին լիակատար ֆիզիկական բնաջնջումից։

Այո՛, արցախցիները դժգոհ էին իրենց իշխանություններից, որովհետև նրանք կոլաբորացիոնիստներ էին, սպասարկում էին Ռուսաստանի և Թուրքիայի շահերը, նրանք դավաճանեցին մեր ժողովրդի ձեռքբերումներին, արյունը, որ թափեցինք՝ հանուն սեփական առևտրային ֆինանսական շահերի, բայց դա բոլորովին չի նշանակում, որ թշնամի Ադրբեջանը իրավունք ունի պատանդ պահել այդ մարդկանց և առավել եւս նրանց նկատմամբ դատավարություն անցկացնել։

Ցավոք սրտի, Հայաստանի իշխանությունները լիովին չեն հասկանում այս երեւույթի վտանգավորությունը, նրանք չեն գիտակցում, որ նման դատավարությունն ուղղված է ոչ թե կոնկրետ անձանց, այլ հայոց պետականության դեմ։ Ընթացիկ գործընթացներին անհամապատասխանությունը կարող է հանգեցնել Հայաստանի ինքնիշխանության կորստի։ Այստեղ արդեն պետք է աշխատեն լուրջ իրավաբաններ։

Մարգարիտա Քարամյան

Արտաշատի սպորտդպրոցի դահլիճում եղել է 104 արցախցի, հիմա մնացել է մեկ ընտանիք

Արցախից բռնի տեղահանված և ՀՀ մարզերում գտնվող 80 հազար մարդուց միայն 1600-ն է հարմարեցված շինություններում: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 13-ին, Երեւանի քաղաքապետարանի դիմաց, լրագրողների հետ զրույցում ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։

«Միակ տեղը, որտեղ համատարած բնակեցված են եղել, Արտաշատի սպորտդպրոցի դահլիճն է, որտեղ 104 մարդ է եղել։ Այժմ այնտեղ մնացել է մեկ ընտանիք, խնդրել են ևս 2 օր մնալ: Մնացած բոլորին տեղաբաշխել ենք», – ասաց Սանոսյանը։

«Artsakh Career Expo»-ն՝ ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար աշխատանք գտնելու լավագույն հարթակ. այն կհամախմբի մի շարք ընկերությունների

«Artsakh Career Expo»-ն, որն աշխատանքի տոնավաճառ է և անցկացվելու է հոկտեմբերի 31-ին «Էլիտ պլազա» բիզնես կենտրոնում, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հնարավորություն կտա աշխատանք գտնել
Հայաստանի մի շարք առաջատար ընկերություններում։

«Artsakh Career Expo»-ում տարբեր ընկերություններ կներկայացնեն իրենց հնարավոր թափուր հաստիքները և կծանոթացնեն ընկերության գործունեությանը։

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում էքսպոյի համահիմնադիր և կազմակերպիչ Մանե Բարեղայմանն ասաց՝ «Artsakh Career Expo»-ն ինքնաբուխ նախաձեռնություն է, որի գաղափարի հեղինակն ինքն է: «Տեսնելով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների վիճակը՝ պատկերացրինք, որ մինչև նրանք գան Հայաստան, փոքր ինչ ադապտացվեն, երկու շաբաթ անց ամենաճիշտ ժամանակը կլինի նրանց համար աշխատանքի տոնավաճառ կազմակերպել»,-նշեց նա և տեղեկացրեց՝ տոնավաճառը բաց է լինելու ժամը 13:00-ից 20:00-ը:

Բարեղամյանի խոսքով՝ վստահ են եղել, որ տոնավաճառը հետաքրքիր է, սակայն չեն ակնկալել, որ շատ մեծ արձագանք կստանա, այնինչ տեղեկությունը համացանցում տարածելուց հետո տեսել են, որ շատ-շատերն են հետաքրքրված:

Նախաձեռնության շուրջ Բարեղամյանը համախմբել է իր գործընկերներին՝ Անի Ասոյանին, Էմմա Մամունցին, Իսկուհի Ստեփանյանին: Նա խոստովանում է՝ աջակիցներ ունեն, սակայն հիմնականում իրենց միջոցներով են կյանքի կոչում էքսպոն: «Համագործակցության համար դիմել ենք տարբեր կազմակերպությունների. օրինակ՝ «Էլիթ պլազա»-ն սրահն անվճար է տրամադրել, «Թովմասյան» հիմնադրամն աջակցել է սննդի ապահովման, բեռնափոխադրման և մարքեթինգային հարցերում»,-շեշտեց Մանե Բարեղամյանը:

Անդրադառնալով էքսպոյում ներկայացված կազմակերպություններին՝ նա ասաց՝ կան 25-ից ավելի գործատու կազմակերպություններ, որոնք շատ տարբեր բնագավառներից են՝ ՏՏ ընկերություններ, սպասարկման ոլորտի հարթակներ, բջջային օպերատորներ և այլն: Կա առանձին կրթական մաս: «Ցանկանում ենք՝ տոնավաճառում մարդիկ ոչ միայն աշխատանք գտնեն, այլև հետաքրքիր դասընթացներ, ծրագրեր, որոնցից կարող են օգտվել զեղչերով կամ անվճար հիմունքներով. մեր առաջին նախապայմանը եղել է այն, որ մասնակցեն բոլոր այն ընկերությունները, որոնք ունեն ամենաքիչը 20 ազատ հաստիք: Այդպես աշխատանք գտնելու հավանականությունը հնարավորինս մեծ կլինի»,-ասաց Մանե Բարեղամյանը:

Էքսպոյի շրջանակում կհյուրընկալվեն նաև խոսնակներ, որոնք վարպետության դասեր կանցկացնեն, կօգնեն մարդկանց ճիշտ կենսագրականներ կազմել, համապատասխան կառույցներին դիմել և այլն:

«Փորձել ենք այնպիսի միջոցառում ստանալ, որ մասնակիցները թե՛ աշխատանք, գտնելու, թե՛ կրթվելու, թե՛ զարգանալու հնարավորություն ունենան: Մեր հիմնական թիրախը արցախահայերն են, սակայն միջոցառումը բաց է և անվճար: Այն կոմերցիոն չէ, բարեգործական նպատակով է իրականացվում»,-եզրափակեց «Artsakh Career Expo»-ի համահիմնադիր կազմակերպիչը:

Ստեփանակերտի վերականգնողական. մի օր կրկին օգնության կհասնի

Ստեփանակերտի վերականգնողական կենտրոնը բացվել է 1998 թվականին՝ Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի փոխխոսնակ բարոնուհի Քերոլայն Քոքսի նախաձեռնությամբ, ով մասնագիտությամբ բուժքույր էր և լավ էր հասկանում հետպատերազմյան շրջանում նման կենտրոն ստեղծելու անհրաժեշտությունը։

1999թ.-ի մարտին Ք.Քոքսի հրավերով Արցախ եկավ վերականգնող մասնագետ Վարդան Թադևոսյանը, ով դարձավ Վերականգնողական կենտրոնի հիմնադիրն ու տնօրենը։

Կազմակերպվել է մասնագետների վերապատրաստման մեկամյա դասընթաց, որից հետո 2000 թվականին Կենտրոնը սկսեց գործել։

Սկզբում բուժումն իրականացվում էր հիվանդանոցային պայմաններում, ինչպես նաև ամբուլատոր հիմունքներով։ Կենտրոնը մատուցում էր ծառայությունների լայն շրջանակ՝ վերականգնողական մասնագետի, թերապևտի, հոգեբանի և լոգոպեդի խորհրդատվություն, ֆիզիոթերապիա, էրգոթերապիա, հիդրոթերապիա, արտ-թերապիա։

Հիմնադրման օրվանից կենտրոնի մասնագետները բուժօգնություն են ցուցաբերել նաև տնային պայմաններում։ Դրա շնորհիվ լուրջ ախտորոշմամբ ավելի քան 500 հիվանդ կարողացել է ստանալ անհրաժեշտ բժշկական օգնություն։

Վերականգնողական կենտրոնն իր գործունեության շրջանակներում բազմաթիվ ծրագրեր է իրականացրել։ 2007 թվականին բացվել է մանկական առողջության կենտրոն, որտեղ 25 տարվա ընթացքում տարբեր ախտորոշումներով ավելի քան 200 երեխաներ կարողացել են վերականգնողական փուլ անցնել և ինտեգրվել հասարակությանը։

2017 թվականին բացվել է աուտիզմով երեխաների աջակցության կենտրոն, որտեղ տարեկան բուժվում էր 72 հիվանդ։

Կենտրոնը զբաղվում էր նաև Արցախյան երեք պատերազմների ընթացքում հազարավոր վիրավորների ռեաբիլիտացիայով։

Վերականգնողական կենտրոնը շատերի համար դարձել է երկրորդ տուն։ Շատ հիվանդներ կարողացան կրկին հավատալ իրենց և սկսել նոր կյանք:

2023 թվականի սեպտեմբերին կենտրոնը դադարեց գործել՝ Արցախի տարածքի ամբողջական օկուպացիայի պատճառով։

Հուսանք, որ ապագայում Քերոլայն Քոքսի վերականգնողական կենտրոնը կկարողանա վերսկսել գործունեությունը ժամանակավորապես Հայաստանի տարածքում։

Արսեն Աղաջանյան

Ո՞ւր են մեր իշխանությունները։ Միգուցե նրանք օգնության կարիք ունեն

«Ես արդեն վախենում եմ տուն կառուցել, ընտանիքս մեկ հարկի տակ հավաքել: Թվում է թե կյանքը լավանում է, բայց նորից պատերազմ, նորից փախստական ​​ենք, բռնի տեղահանվածներ։ Թեկուզ նույնիսկ այս բոլոր բառերը միասին չեն կարող փոխանցել իմ անհանգստությունն ու տառապանքը: Ես անհանգստանում եմ ոչ թե ինձ համար, այլ այն երեխաների համար, ովքեր մանկության տարիներին ստիպված են եղել սկսել չափահաս կյանք՝ շրջափակում, պատերազմ, տեղահանություն, ժամանակավոր կացարաններ»,- կիսվում է մեզ հետ Ստեփանակերտից Հայաստան բռնագաղթված Արմիդա Աբաղյանը։

Կինը երեք անգամ ստիպված է եղել լքել իր տունը եւ կրկին կառուցել այն զրոյից: Առաջին անգամ Ղարաբաղյան շարժման սկզբին․ երբ Բաքվի հայ բնակչության դեմ ջարդեր սկսվեցին, նրա ընտանիքը ստիպված եղավ լքել քաղաքը, որտեղ նա ծնվել է, որ ուղղակի փրկվեն։ Ընտանիքը որոշել է հաստատվել Արցախում։

Երկրորդ անգամ նրանք անտուն մնացին 2020 թ․ 44-օրյա պատերազմի ժամանակ. Աբաղյանների տնտեսությունը տուժել է հրետանային գնդակոծությունից, ուստի Ստեփանակերտ վերադառնալուց հետո տան վերականգնումը նորից սկսել է զրոյից։

Երրորդ անգամ՝ արդեն 2023 թվականի սեպտեմբերին։ «Մինչ վերջին պահը չէի հավատում, որ կլքենք Ստեփանակերտը։ Բայց մեզ ասացին, որ բոլորին դուրս են հանում, մնալը վտանգավոր է, քանի որ գյուղերում արդեն ադրբեջանցիների կողմից մորթված երեխաներ ու մեծահասակներ կան։ Տարբեր, սարսափելի բաներ էին պատմում։ Բայց ես այնքան էլ չզարմացա, քանի որ Բաքվում տեսա հայերի ջարդերը։ Հարկավոր էր փրկել իմ հարազատների կյանքը, ուստի ես թույլ տվեցի ինձ արտաքսել»։

Այժմ կինը ստիպված է թափառել Հայաստանի տարբեր վայրերում գտնվող հարազատների ու ընկերների տներով՝ մի քանի գիշերով ապաստան խնդրելով։ Նա ցերեկով գնում է իշխանությունների մոտ և խնդրում գոնե ինչ-որ մշտական ​​անկյուն։ Գտնելու պես նա մտադիր է աշխատանք փնտրել, սակայն հիմա էլ որոշ աշխատանք անում է։

Նա պնդում է, որ չի ցանկանում նեղություն տալ երեխաներին, ովքեր ունեն իրենց ընտանիքները և, ինչպես նա, ապրում են ուրիշների տներում։ Ցածր վարձով բնակարան գտնելը խնդրահարույց է։

«Այն ամենի համար, ինչ տեղի է ունեցել Արցախի և նրա ժողովրդի հետ, ես առաջին հերթին մեղադրում եմ իմ բարձրագույն ղեկավարությանը, իսկ հետո՝ այլ երկրներին և այսպես ասած աշխարհաքաղաքականությանը։ Ինը ամիս մենք շրջափակման մեջ ենք ապրել, իսկ վերջին երեք ամիսներին՝ տոտալ շրջափակման մեջ։ Դիմացանք, երբ մեզ օրական 200 գրամ սեւ հացի վրա նստացրեցին, դիմացանք հերթերին, միայն թե հետո ամեն ինչ ստացվի։ Բայց մեր ղեկավարությունը ժողովրդի խնդիրներին անդրադառնալու փոխարեն շարունակեց իշխանության համար իր խաղերը։ Հիմա զարմանում եմ, թե ինչի՞ վրա էին հույս դնում, ռուսե՞րի։

Նա վստահեցնում է, որ «երբ սկսվեց պատերազմը, ապա տեղահանությունը, ես բարձր պաշտոնյաներից ոչ մեկին չեմ տեսել»։ «Գոնե ինչ-որ ելույթ, կոչ ժողովրդին։ Նման բան չեմ լսել։ Մեզ չբացատրեցին, թե ինչու ստիպեցին անցնել այս շրջափակման միջով, և ի վերջո զրկեցին մեր տնից ու հայրենիքից։ Մենք հասկանում էինք, որ մեզ ավելի շատ փորձություններ են սպասվում, և պատրաստվում էինք դիմագրավել դժվարին ձմռանը։ Բայց ո՞րն է վերջնական արդյունքը: Իշխանությունների անգործությունը, ավելի ճիշտ՝ նրանց գործողությունները չէին բխում ժողովրդի և երկրի շահերից, և դա մեզ վրա ազդեց ավելի ուժեղ, քան իննամսյա շրջափակումը»։

Այս ամենից հետո կինը մտահոգություն հայտնեց Արցախի ղեկավարության՝ նախագահի, նախարարների, իհարկե, պատգամավորների ճակատագրով։ «Ես չգիտեմ, թե որտեղ է իմ ղեկավարությունը, ինչ են անում, ինչ են պլանավորում, պատասխանատվություն կրո՞ւմ են իրենց ժողովրդի համար: Իսկ ընդհանրապես որտե՞ղ են կուչ գալիս։ Գուցե նրանք մեր օգնության կարիքն ունեն? Ինձ համար շատ հետաքրքիր է։ Գոնե այստեղ ինչ-որ կապուղիով մարդկանց հետ կապվեինք»։

Ալվարդ Գրիգորյան