Խաբեությամբ գումարի հափշտակում արցախցիներից․ զգույշ եղեք

Տեղահանված արցախահայերին վարձով բնակարան տրամադրելու դիմաց կանխավճար վերցնող և անհետացող անձանց թիվը օրեցօր շատանում է։

Վերջին 2 շաբաթում գրանցվել են գումարի հափշտակման տասնյակ դեպքեր, որոնք այդպես էլ բացահայտել չստացվեց։ Հանցագործները մեծամասամբ “աշխատում” են արցախահայերին օգնելու համար ստեղծված տելեգրամյան ալիքներում։

Այդպիսի մի օգտատեր կա նաև “Բնակարաններ արցախահայության համար” խոշոր տելեգրամյան ալիքում։ Նրա անունը “D.L.” է, և պարբերաբար նա այդ խմբում տարածում է “помощь Арцахцам” տելեգրամյան ալիքի հղում։ Այդ հղումով անցնելով, կարող ենք տեսնել Երևանի կենտրոնական հատվածներում, եվրովերանորոգված 2-4 սենյականոց բնակարաններ ներկա պայմանների համար անհավանական ցածր գներով (120-200 հազար դրամ) առաջարկներ։

Ձևանալով բնակարան փնտրող անձ, կարողացանք հեռախոսահամար իմանալ և կապվել նրա հետ և հասկանալ, թե ինչպես է աշխատում։

Սկզբում ուզում են անձնագրային տվյալները և պահանջում գումար փոխանցել արտասահմանում գտնվող տանտիրոջ հաշվին, որը և իբրև կտրամադրի բանալիները։ Մարդկանց, ովքեր ցանկություն ունեն հանդիպել կամ բնակարանը տեսնել, նրանք չեն պատասխանում, կամ անընդհատ ձգձգում են հանդիպման օրերը։

Հաջորդիվ կնշենք խաբեության ես 2 դեպքի մասին։

“List.am” կայքում, Ավանի “Ծարավ աղբյուր” թաղամասում 3 սենյականոց բնակարան էինք գտել։ Մի կերպ հաջողվեց կապվել տիրոջ հետ, որը ասաց, որ հոկտեմբերի ի 6-ին բնակարանը կազատվի, և եթե մարդ չզբաղեցնի, մենք կարող ենք մնալ այդ տանը։

Հարցրեցինք, թե ո՞նց կարող ենք նախօրոք այդ տունը ամրագրել, ասաց, որ պետք է կանխավճար մուծենք։

Պայմանավորվել ենք հանդիպել և հաջորդ օրը երեկոյան 10-ին միայն կարողացանք կապ հաստատել և հանդիպել հետը, բայց լրիվ ուրիշ հասցեով։  Հանդիպեցինք, զրուցեցինք, հաճելի տղամարդ էր։ 80.000 մուծելուց հետո պայմանավորվեցինք, որ ամսի 6-ին ժամը 2-ին կարող ենք զբաղեցնել տունը։

Այդ հանդիպումից հետո տղամարդը “կորավ”:

“Երևանի մեր ծանոթը գտավ բնակարան, և տանտերը 135000 դրամ կանխավճար պահանջեց, տունը մեզ պահելու համար։ Հենց հասանք Գորիս, գումարը փոխանցեցինք։ Որոշ ժամանակ անց տանտերը զանգեց մեզ և պահանջեց 4 ամսվա վճարը` վստահ լինելու համար, որ երկար ենք մնալու այդ տանը։ Չհամաձայնվեցինք և որոշեցինք հանդիպել նրա հետ, երբ որ հասնենք Երևան։ Երևան հասնելու պես կապի դուրս եկանք, ասաց, որ տուն բարեկամներ են եկել, տրամադրել չի կարող, ասաց, որ հաշվեհամար թողենք, որպեսզի մեր փոխանցած գումարը հետ փոխանցի։

Գումարը հետ չփոխանցեց, իր հետ էլ կապի դուրս գալ չկարողացանք”։

Այս բոլոր դեպքերում էլ ոստիկանությունը օգնել չկարողացավ։ Կամ գործ ունենք լավ կազմակերպված հանցավոր խմբերի հետ։

Պետք է լինել զգույշ և մինչև բնակարանը և տանտիրոջը տեսնելը գումար չփոխանցել։

 

Ադրբեջանցիների հանցագործությունները պետք է փաստաթղթավորվեն․ ֆրանսիացի պատգամավորը հորդորում է հետևողական լինել այդ հարցում

Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր, Ֆրանսիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում ադրբեջանցիների հանցագործությունները պետք է փաստաթղթավորվեն, որպեսզի ապացուցողական հիմքերն ուժեղ լինեն։ Պատգամավորի խոսքով՝ դա իրենց հնարավորություն կտա այդ ամենի մասին բարձրաձայնել և գործուն հակաքայլեր կիրառել։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, ֆրանսիացի պատգամավորն այդ մասին ասել է Գորիսում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների հետ հանդիպման ժամանակ։

«Ճիշտ է, բազմաթիվ ֆրանսահայեր այս օրերին մեզ ներկայացնում են տեսանյութեր, որոնցում, իրենց հավաստմամբ, ադրբեջանցիները Լեռնային Ղարաբաղում կատարում են հանցագործություններ խաղաղ բնակչության նկատմամբ, բայցևայնպես շատ կարևոր է, որ այդ դրվագները փաստաթղթավորվեն, այսինքն՝ նշվի, թե կոնկրետ երբ և որ բնակավայրում են կատարվել հանցագործությունները, որպեսզի ապացուցողական հիմքը լինի բավականին ուժեղ և մեզ օգնի այդ ամենի մասին բարձրաձայնել և գործուն հակաքայլեր կիրառել»,- ասաց Անն-Լորանս Պետելը։

Նրա խոսքով՝ շատ կարևոր իրողություն է այն, որ Հայաստանը վավերացրեց Հռոմի ստատուտը՝ միանալով Միջազգային քրեական դատարանին։ «Հիմա ավելի կհեշտանա Ադրբեջանի կողմից պատերազմական հանցագործությունների անկախ քննությունը, ինչի շնորհիվ հնարավոր կլինի ճիշտ գնահատել իրավիճակն ու անմիջականորեն արձագանքել պատերազմական հանցագործություններին։ Եթե բոլոր դրվագները հավուր պատշաճի փաստաթղթավորվեն, հանցագործները վաղ թե ուշ պատասխան կտան՝ կանգնելով արդարադատության առջև։ Եթե անգամ նրանք չգտնվեն իրենց հայրենիքում, այլ արտասահմանում, ապա Հռոմի ստատուտը ստորագրած երկրներն անպայման իրենց տարածքներում գտնվող հանցագործներին կձերբակալեն ու կհանձնեն Միջազգային քրեական դատարանին»,- ասաց Պետելը։

Նա վստահեցրեց, որ Ֆրանսիայի ու ԵՄ շատ երկրների համար այս պահին առաջանահերթություն է Հայաստանի սահմանների անվտանգությունը, նրա տարածքային ամբողջականության պաշտպանությունը, ուստի ֆրանսիացի պատգամավորները փորձում են եվրոպական երկրների գործընկերներին դրդել, որպեսզի ավելի մեծ աջակցություն ցուցաբերեն Հայաստանին, լինեն նրա կողքին այս դժվար պահին։

Անդրադառնալով բռնի տեղահանվածներին հուզող կարևոր հարցին, որն առնչվում է հայ ռազմագերիների հայրենադարձմանն ու Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական վերնախավի ներկայացուցիչների ձերբակալություններին՝ Պետելը տեղեկացրեց, որ Ֆրանսիայի խորհրդարանում այդ առթիվ տեղի է ունեցել քննարկում։

«Եվրոպական հանձնաժողովի նախագահի մասնակցությամբ նույնպես կայացել է հանդիպում, որի ընթացում նա խնդրել է իրեն տրամադրել բոլոր ռազմագերիների և ձերբակալված պաշտոնյաների ցուցակը, որպեսզի մոտ ապագայում այդ կապակցությամբ կազմակերպեն քննարկում»,-նշեց ֆրանսիացի պատգամավորը։

«Հայաստանի ընկերներ» խմբի անդամ, «Ավելի ընդգրկուն Եվրոպա» ծրագրի ղեկավար Մարի Դյումուլենն իր հերթին նշեց, որ բացի իրավիճակին ծանոթանալուց, իրենք ունեն ևս մեկ նպատակ՝ հասկանալ, թե արդյոք կա՞ Լեռնային Ղարաբաղի հայերի ու ադրբեջանցիների միջև երկխոսություն սկսելու և տեղում միջազգային խաղաղապահ ուժեր տեղակայելու հնարավորություն։

«Խաղաղապահների վերաբերյալ խոսելն անշուշտ դեռ վաղ է, մեզ համար առաջնային մտահոգության առիթ է Հայաստանի անվտանգությունը։ Միջազգային հանրությունը փորձում է ամեն ինչ անել, որպեսզի ապահովվի Հայաստանի և  ղարաբաղցիների անվտանգությունը, որպեսզի հնարավոր լինի ապահովել տեղահանվածների անվտանգ վերադարձը Լեռնային Ղարաբաղ»,- ասաց Դյումուլենը

«Հայաստանի ընկերներ» խմբի ներկայացուցիչը հավաստիացրեց, որ իրենք վերադառնալուն պես ավելի լավ պատկերացում կունենան և իրազեկված կլինեն բռնի տեղահանվածների կարիքների ու սպասումների վերաբերյալ և կփորձեն կոնկրետ քայլերով նպաստել, որպեսզի վիճահարույց հարցերին տրվեն որոշակի լուծումներ։

Ո՞վ է սառեցրել Արցախի բյուջեի գումարները

«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանի իշխանությունների եւ Արցախի վտարանդի իշխանությունների միջեւ խուլ հակամարտությունը կարող է պայթյունի հանգեցնել՝ աշխատավարձերի չվճարման հողի վրա: Հիշեցնենք, որ ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանի անցկացրած խորհրդակցության մասին մեր հրապարակումներից հետո Փաշինյանը որոշել է պատժել արցախցիներին եւ չվճարել պետական ապարատի աշխատակիցների աշխատավարձերը, չնայած որոշված էր, որ մինչեւ հունվարի 1-ը ստանալու են։

Արդեն մի քանի օր է` իշխանական ԶԼՄ-ները եւ ֆեյքերն արշավ են սկսել Արցախի իշխանությունների դեմ, թե նրանք թալանել են բյուջեն,  փող չկա, այդ պատճառով արցախցիներն աշխատավարձ չեն ստանում։ Այս գրոհն այնքան հուժկու էր, որ երեկ Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարեց, թե Արցախի պետբյուջեում դեռ կա շուրջ 3,1 միլիարդ դրամի մնացորդ, որը սառեցված է: Սառեցրել է ՀՀ կառավարությունը։ Շտաբից մանրակրկիտ հաշվետվություն ներկայացրին վերջին ռազմական գործողություններից հետո բյուջեից կատարված շուրջ 463 միլիոն դրամ ծախսի վերաբերյալ։ Իսկ ԱՀ պաշտոնատար անձինք հրապարակային հայտարարել են, որ կառավարությունը թեպետ ԱՀ բյուջեն հաստատում է, սակայն փոխանցումները կատարվում են ամսական կտրվածքով։

Ամսական 40,000+10,000 դրամ՝ ԼՂ-ից տեղահանված անձանց. մանրամասներ

ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կտրամադրվի վեցամսյա սոցիալական աջակցություն՝ 40 հազարական դրամ՝ ժամանակավոր կացարաններում բնակվելու և 10 հազարական դրամ՝ կոմունալ ծախսերի վճարման համար․ նախագիծն այսօր Կառավարության նիստում հավանության է արժանացել։

Ըստ այդմ, աջակցությունը կտրամադրվի ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների չափահաս և անչափահաս անդամներին, բացառությամբ՝

  • եթե դիմողը բացակայում է ՀՀ-ից,
  • բնակչության պետական ռեգիստրում ՀՀ-ում հաշվառված անձ է։
  • Տեղահանված այն անձինք, ովքեր ՀՀ-ում ունեն բնակելի անշարժ գույք, ժամանակավոր կացարաններում բնակվելու համար նախատեսված 40 հազար դրամ աջակցության շահառու չեն հանդիսանա, սակայն վերջիններս կկարողանան օգտվել կոմունալ վճարների համար նախատեսված 10 հազարական դրամներից։

    ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․ Հոկտեմբեր ամսվա համար դիմումներ ներկայացնելու անհրաժեշտություն չկա․ այս ամսվա վճարման ցուցակը կձևավորվի 100 հազար դրամ միանվագ աջակցություն ստացած անձանց տվյալների մշակման միջոցով։

    Գումարը կփոխանցվի շահառուների բանկային հաշիվներին կամ կտրամադրվի առձեռն՝ Հայփոստի միջոցով, այն դեպքում, եթե շահառուի տարիքը 75-ից բարձր է կամ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձ է և չունի բանկային հաշվեհամար։

    Նոյեմբեր ամսից աջակցությունը չի վերաբերի՝

    • բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունում ժամանակավոր բնակվող անձանց,
    • պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող տարածքներում ժամանակավոր բնակվող անձանց։

    Սկսած նոյեմբերից աջակցությունը կտրամադրվի մեկ անգամ ներկայացվող առցանց դիմումների հիման վրա, որի ընթացակարգը կներկայացվի լրացուցիչ։

Լեռնային Ղարաբաղից հայերի գաղթի մասշտաբները և պատճառված վնասի չափը հսկայական են. Էլիս Մակդոնալդ

«Լեռնային Ղարաբաղից հայերի արտագաղթի մասշտաբները և հասցված վնասի չափը հսկայական են։ Բայց մենք այստեղ ենք, որպեսզի կանխենք ավելի մեծ կորուստներ»։  Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 12-ին, հայտարարել է Արդարադատության միջազգային դատարանում Ադրբեջանի դեմ Հայաստանի բողոքի քննության ժամանակ Հայաստանը ներկայացնող պրոֆեսոր Էլիս Մակդոնալդը։

Նրա խոսքով՝ իրավիճակը ողբերգական է. մարդիկ ընդամենը մի քանի օրում լքել են իրենց պատմական հայրենիքը։

«Մտածեք, թե ինչի միջով են նրանք անցել։ Նրանք կորցրել են ամեն ինչ՝ տունը, պատմությունը, իրենց նախնիների հայրենիքը։ Ակնթարթային ագրեսիան եկավ ամիսներ տեւած պաշարումից հետո: Հայաստանը նրանց գրկաբաց ընդունեց, և միջազգային հանրությունը կօգնի։ Բայց սա միակ հարցը չէ։

Իրենց պապենական հայրենիք վերադառնալու նրանց կարողությունը կախված է միջազգային կոնվենցիայի պահանջների կատարումից։ Ադրբեջանն այժմ անընդհատ ոտնահարում է նրանց իրավունքները, կլանում է Լեռնային Ղարաբաղը բոլոր իմաստներով, ոչնչացնում է տարածաշրջանի հայկական էությունը՝ հայերի վերադարձի հնարավորությունը բացառելու համար։

Լեռնային Ղարաբաղի 8 բարձրաստիճան պաշտոնյաներ շինծու մեղադրանքով ձերբակալվել են: Ալիևը հայ բնակչության ընտրված ներկայացուցիչներին ներկայացնում է որպես «խունտա», նրանց թույլ չեն տալիս հանդիպել միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ ԿԽՄԿ-ի ներկայացուցիչների հետ։ Այս ամենն արվում է հայկական հետքը, հայկական մշակույթը ջնջելու համար։

Ատելությունը տարածվում է լեզվի վրա: Այս մասին խոսել է Ալիեւը՝ ասելով, որ այսուհետ այստեղ հայկական երգեր չեն հնչի։ Հայերենով ցուցանակներն ակտիվորեն ոչնչացվում են: Վերադարձի և բազմազգ դրախտում ապրելու խոստումները վստահություն չեն ներշնչում։ Ալիևն անձամբ է հայտարարել, որ եթե հայերն իրենք այստեղից «չմաքրվեն», նրանց շների պես կքշեն։

Միևնույն ժամանակ ԵԽԽՎ-ն նշել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրներ, իսկ ՄԱԿ-ի դատարանը նախկինում մերժել էր Ադրբեջանի փաստարկները։ Բաքուն չի ապահովում միջազգային դիտորդների ներկայությունը հայերի վերադարձի հնարավորություն ստեղծելու համար, եթե, իհարկե, չխոսենք ՄԱԿ-ի առաքելության թատերական այցի մասին։ Այսինքն՝ հայերը պետք է հավատան իրենց վտարողներին։

Ադրբեջանը վերացրել է բոլոր ինքնավարությունները և պատրաստվում է շրջանը բնակեցնել ադրբեջանցիներով, Ալիևն արդեն հայտարարել է «վերադարձի մեծ ծրագրի» մասին և առաջիկա 3 տարում մտադիր է վերաբնակեցնել 100 հազար ադրբեջանցիների, այսինքն՝ որքան հայ լքել է տարածաշրջանը։

Այսպիսով, Ադրբեջանը, որի նախագահը հպարտանում է շների պես հայերին վտարելով, արդարադատության միջազգային դատարանին խնդրում է հավատալ հայերին պաշտպանելու պատրաստակամության մասին իր հայտարարություններին։

Նա նրանց 9 ամիս սովի է մատնել, իսկ հիմա պատրաստ է պաշտպանել նրանց։

Եթե ​​իրադարձությունները շարունակվեն նույն ոգով, ձեր որոշումն անիմաստ կլինի, քանի որ մինչ այդ Լեռնային Ղարաբաղի հայաթափումը փաստ կդառնա»,- նշել է նա։

 

Արցախից բռնի տեղահանված 2500 անձ դուրս է եկել Հայաստանից

«Հայաստանի կառավարությունը պետք է ամեն ինչ անի, որ Լեռնային Ղարաբաղից բոլոր բռնի տեղահանվածները մնան Հայաստանի Հանրապետությունում, եթե նրանք հնարավորություն չունենան վերադառնալ Լեռնային Ղարաբաղ»։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կառավարության հերթական նիստի ժամանակ այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այն պարագայում և այն դեպքում, երբ Լեռնային Ղարաբաղի մեր քույրերը և եղբայրներն իրենց տներ վերադառնալու հնարավորություն չեն ունենա, մեր քաղաքականությունն է, որ մենք ամեն ինչ անենք, որ Լեռնային Ղարաբաղից բոլոր բռնի տեղահանվածները մնան Հայաստանի Հանրապետությունում։ Սա շատ կարևոր արձանագրում է։ Մենք ուզում ենք, որ բոլորը առանց բացառությամբ մնան, ապրեն, աշխատեն Հայաստանի Հանրապետությունում։ Եվ մեր քաղաքականությունն այս է լինելու»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետի ունեցած տեղեկություններով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 2500 անձ դուրս է եկել Հայաստանից։

«Հույս ունեմ, որ նրանք պարզապես շոկային վիճակը հաղթահարելու համար այցելում են արտերկրում ապրող իրենց բարեկամներին ինչ-որ ժամանակ անցկացնելու այնտեղ և վերադառնալու մտադրությամբ։

Մենք ժողովրդագրության, բնակարանի ապահովման, սահմանամերձ գյուղերում տներ կառուցելու հետ կախված ծրագրեր ունենք։ Մենք բոլոր այդ ծրագրերով ամեն ինչ անելու ենք, որպեսզի մարդկանց Հայաստանում մնալու հնարավորությունները օբյեկտիվ և սուբյեկտիվ որևէ բանով չսահմանափակվեն»,- եզրափակեց Փաշինյանը։

 

Բռնի տեղահանված ուսուցիչները, բացի աշխատավարձից, կստանան նաև 30 տոկոս հավելում

Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 12-ի նիստում հաստատեց 2023 թվականին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագիրը:

ԼՂ–ից բռնի տեղահանված ուսուցիչներն արտամրցութային կարգով աշխատանքի անցնելու հնարավորություն ունեն։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 12-ին, ՀՀ կառավարության նիստում հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։

Նա նշեց, որ այս պահին կա 1500 թափուր աշխատատեղ, որտեղ գործում է արտամրցութային կարգը։ Փոխվարչապետը տեղեկացրեց, որ ԼՂ–ից բռնի տեղահանված ուսուցիչը կարող է ընտրել թափուր աշխատատեղը ու հայտ ներկայացնել` այդ տեղը զբաղեցնելու համար։

«Բացի աշխատավարձից, ԼՂ–ից բռնի տեղահանված ուսուցիչը կունենա նաև 30 տոկոս հավելում իր աշխատավարձին։ Դա, ըստ ընդհանուր կարգի, տեղի է ունենում այն ժամանակ, երբ նախարարությունն ուսուցչին գործուղում է որևէ մարզ»,– պարզաբանեց Խաչատրյանը։

Նա ավելացրեց, որ ՀՀ կառավարությունն առանձնացրել է նաև այն բնակավայրերը, որտեղ բացի այդ 30 տոկոսից, կլինի նաև լրացուցիչ 50 հազար դրամ հավելում։ Դրանք են՝ Սյունիքի և Վայոց Ձորի մարզերը, Գեղարքունիքի, Ճամբարակի, Վարդենիսի բնակավայրերը, ինչպես նաև Տավուշի մարզի Նոյեմբերյան, Իջևան, Բերդավան բնակավայրերը։

«Այսինքն, խրախուսելով մարդկանց ընտրությունը` երկարաժամկետ հատվածով դեպի սահմնամերձ հատվածներ գնալը կամ այն մարզեր, որտեղ մենք կցանկանայինք, որ նրանք գնային, մենք այդ ուղղություններով նաև մտածում ենք տարբերակված մոտեցում ունենալ բնակարանային ապահովության ծրագիր կազմելու առումով։ Սրանք որոշակի խթաններ կլինեն, որ մարդիկ իրենց որոշումներում այս հանգամանքը հաշվի առնեն»,– ընդգծեց նա։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն իր հերթին ասաց, որ ԼՂ–ից բռնի տեղահանված ուսուցիչների դեպքում թափուր տեղերի համար դիմելու պայմանները հնարավորինս հեշտացված են։

Նրա խոսքով` էլեկտորնային հարթակը վաղվանից գործելու է, ու ուսուցիչներն, իրենց տվյալները մուտքագրելով, կարող են գրանցվել, տեսնել առկա թափուր աշխատատեղերը` ըստ դասավանդման առարկաների ու բնակավայրերի։

ՀՀ կառավարության որոշման ընդունման կապակցությամբ ՀՀ պետական բյուջեից ակնկալվում է իրականացնել հատկացումներ տարեկան շուրջ 309 մլն դրամի չափով։

Ըստ կանխատեսումների, 2023 թվականին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված թվով մոտ 1500 ուսուցիչներից մոտ 1000-ը կօգտվեն նախագծով նախատեսվող միջոցառումից։ Հաշվի առնելով այն, որ ուսուցչի թափուր տեղերի ժամերը կազմում է շաբաթական միջինը 9,35 ժամ (0,42 դրույք)՝ դրույքաչափի 30 տոկոսի չափով լրացուցիչ հատկացվող լրավճարի գումարը 1 ուսուցչի հաշվարկով տարեկան կկազմի 125,0 (ուսուցչի միջին դրույքաչափ) x 0,42 (թափուր հաստիքների միջին դրույք) x 0,3 (լրավճար 30%) x 12 (տարեկան ամիսների քանակ) = 189,0 հազ դրամ, իսկ 1000 ուսուցչի հաշվարկով՝ 189,0 մլն դրամ։

Հաշվի առնելով նաև այն, որ նախագծով նախատեսվում է Սյունիքի և Վայոց Ձորի մարզերի հաստատություններ և Գեղարքունիքի մարզի Ճամբարակ ու Վարդենիս համայնքների և Տավուշի մարզի Նոյեմբերյան, Իջևան ու Բերդ համայնքների հաստատությունների սույն ծրագրից օգտվող  ուսուցիչներին տրամադրել ևս հիսուն հազար դրամ ֆիքսված լրավճար, ինչը կազմում է ներկայիս թափուր տեղերի մոտ 20 տոկոսը, ըստ կանխատեսումների այդ ուսուցիչների թիվը կկազմի 200 (1000-ի 20%-ը), որի տարեկան ծախսը կկազմի մոտ 120,0 մլն դրամ։

Հաստատվեցին ԼՂ-ից բռնի տեղահանված ուսանողների ուսման վարձի փոխհատուցման համար կրթաթոշակի առավելագույն չափերը

Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 12-ի նիստում հաստատեց 2023-ի սեպտեմբերի 19-ից հետո Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսանողների 2023-2024 ուստարվա ուսման վարձի լրիվ կամ մասնակի փոխհատուցման նպատակով կրթաթոշակի տրամադրման կարգը և տրամադրվելիք կրթաթոշակի առավելագույն չափերը՝ ըստ կրթական ծրագրերի կամ կրթական աստիճանի:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ԿԳՄՍ նախարարությունը իրականացրել է իրավիճակի վերլուծություն՝ըստ հասանելի տվյալների: Հավաքագրված և վերլուծված տեղեկատվության հիման վրա՝նախատեսվում է 2023 թվականին բուհական համակարգում ներառել շուրջ 2 116 ուսանող, իսկ նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթություն իրականացնող ուսումնական հաստատություններում` 2 524 ուսանող։

Ներկայումս,ԿԳՄՍ նախարարության շրջաբերականով՝ ՀՀ պետական բուհերին տրվել է ուղղորդում` Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսանողներին ներգրավելու դասապրոցեսի մեջ` ըստ ուսանողների ներկայացրած և տվյալ պահին հասանելի տեղեկատվության:

Կարգավորումների համաձայն՝ ուսանողներին տրամադրվելու է կրթաթոշակ, որը համաձայն ուսանողի և ՈՒՀ-ի միջև կնքվող պայմանագրի, փոխանցվելու է ՈՒՀ-ին` 2023-2024 ուստարվա ուսման վճարը հոգալու նպատակով:

Որոշմամբ նախատեսվում է նաև ելնելով իրադրության առանձնահատկությունից` սահմանվող դեպքերում չկիրառել ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված կարգի ուսանողների տեղափոխության որոշ դրույթներ, որոնք նախատեսված են այն դեպքերի համար, երբ առկա է ուսանողի տեղափոխության համար ամբողջ անհրաժեշտ փաստաթղթավորումը: Կիրառելի չեն նաև առաջին և վերջին կուրսերից տեղափոխության արգելքները: Ինչպես նաև կրեդիտների տարբերության լրացման համար նախատեսված է ավելի ճկուն ընթացակարգ` անհատական պլանի համաձայն:

Որոշման հավելվածներով սահմանվում են նաև բակալավրի կրթական աստիճանում ըստ մասնագիտության (կրթական ծրագրերի) և նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացրած պետական ուսումնական հաստատություններում տրամադրվող կրթաթոշակների առավելագույն չափերի ցանկերը, որոնք հաշվարկվել են՝ ըստ տվյալ կրթական ծրագրերի ՀՀ պետական ուսումնական հաստատություններում իրականացվող ուսումնառության համար սահմանված վճարների միջին արժեքների՝ չգերազանցելով 700 000 դրամը:

Նախատեսվում է, որ ուսման վարձի փոխհատուցման նպատակով կրթաթոշակը կտրամադրվի՝ համաձայն տվյալ ՈՒՀ-ում տվյալ կրթական ծրագրի համար հաստատված ուսման վճարի չափի, բայց ոչ ավելի, քան հավելվածներով սահմանված չափերը, իսկ մագիստրոսի կրթական ծրագրերում` 560 հազ.դրամը:

Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրերի դեպքում կրթաթոշակի առավելագույն չափերն են՝

  1. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրի մասնագիտություններով՝  245 000 դրամ
  2. Միջին մասնագիտական կրթական ծրագրով առկա ուսուցմամբ.

Արվեստի ոլորտի մասնագիտություններով՝  480 000 դրամ,

Առողջապահության ոլորտի մասնագիտություններով՝ 500 000 դրամ,

Այլ ոլորտների մասնագիտություններով՝ 300 000 դրամ:

  1. Միջին մասնագիտական կրթական ծրագրով հեռակա ուսուցմամբ մասնագիտություններով՝ 300 000 դրամ:

Այսպիսով, որոշ կրթական ծրագրերի մասով սահմանված կրթաթոշակի չափը լինում է պակաս, քան որոշ բուհերում այդ ծրագրի համար սահմանված ուսման վճարը, ինչը որոշակիորեն կխրախուսի ուսանողներին տեղափոխվել դեպի մարզային ՈՒՀ-ներ:

Այս որոշման նախագծի ընդունման կապակցությամբ ՀՀ պետական բյուջեից ակնկալվում է իրականացնել հատկացումներ 2023 թվականի համար` 659 790 601 դրամ և 2024 թվականի համար` 1 325 021 202 դրամ:

Արդարադատության միջազգային դատարանում մեկնարկել է Ադրբեջանի դեմ Հայաստանի բողոքի քննությունը

«Հայաստանը ամիսներ շարունակ զգուշացնում է, որ Ադրբեջանը էթնիկ զտումներ է նախապատրաստում. ցավով եմ արձանագրում, որ սա իրականություն է դարձել»: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 12-ին, հայտարարել է միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը՝ ելույթ ունենալով Արդարադատության միջազգային դատարանում Ադրբեջանի դեմ Հայաստանի բողոքի քննության ժամանակ։

Նա հիշեցրեց, որ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնածավալ հարձակում ձեռնարկեց Արցախի դեմ, ապա ցինիկաբար բացեց Լաչինի միջանցքը 9 ամսվա շրջափակման մեջ առաջին անգամ, որպեսզի արցախահայությունը հեռանա այն տարածաշրջանից, որտեղ ապրել է երկար դարեր. «Այժմ այնտեղ հայեր չկան։ Եվ եթե սա էթնիկ զտում չէ, այդ դեպքում ես չգիտեմ, թե ինչ է էթնիկ զտումը։ Ադրբեջանի ներկայացուցիչը կասի, որ պատրաստ է խաղաղության եւ այլն։ Բայց նա նույն բանն ասել է 9 ամիս առաջ: Հետո նա սկսեց շրջափակում, դաժան հարձակում գործեց և հայերին վտարեց իրենց նախնիների երկրից։

Ադրբեջանը կասի, որ պատրաստ է հայերի վերադարձին, բայց պատերազմից հետո նույն բանն ասացին. Ոչ մի հայի թույլ չեն տվել վերադառնալ օկուպացված տարածքներ: Նա խոստանալու է հարգել հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը։ Բայց Ադրբեջանը նախկինում էլ նման խոստումներ է տվել, և դա չի խանգարել նրան խախտել միջազգային կոնվենցիաները։

2020 թվականի սեպտեմբերից Ադրբեջանը քայլեր է ձեռնարկել հայերի էթնիկ զտումների ուղղությամբ։ Եվ դա արել է այս դատարանում հայկական հայցի քննարկմանը զուգահեռ։ Միջազգային հանրությունը չդադարեցրեց այդ գործընթացը: Ադրբեջանի պատասխանատվությունը կորոշվի այս դատարանում քննարկման արդյունքներով։ Բայց հիմա դեռ ժամանակ կա կանխելու հայության գաղթի անշրջելիությունը։

Լեռնային Ղարաբաղում դեռ կան հայեր և նրանց իրավունքները պետք է պաշտպանվեն: Բազմաթիվ բանտարկյալներ առևանգվել և անօրինական կերպով պահվել են Ադրբեջանի բանտերում։ Բաքվի ցինիզմը սահմաններ չունի: Ադրբեջանը պնդում է, որ Հայաստանի պահանջները խախտում են օրենքները և մեղադրում է Երևանին, իբր, դեմ է տարածաշրջանում խաղաղության հաստատմանը և շահագրգռված չէ հարաբերությունների կարգավորման գործընթացով։

Ադրբեջանի պահվածքը հակասում է միջազգային օրենքներին: Նա բազմիցս ցույց է տվել միջազգային հանրությանը մոլորեցնելու իր պատրաստակամությունը։ Միայն դատարանի միջանկյալ միջոցները կարող են կասեցնել տարածաշրջանում էթնիկ զտումները և հայկական հետքը ջնջելու փորձերը, ինչպես եղավ Նախիջևանում, ինչպես նաև պաշտպանել Արցախի նախկին ղեկավարներին Բաքվի անօրինական գործողություններից։

Բայց եթե դատարանի որոշման մեջ անորոշություն լինի, Ադրբեջանն անխուսափելիորեն կօգտվի դրանից։ Մենք արդեն երրորդ անգամ ենք դիմում դատարան»,- նշեց նա։

Նշենք, որ Արդարադատության միջազգային դատարանում սկսվել են Ադրբեջանի դեմ Հայաստանի բողոքի լսումները։ Հայաստանի դիրքորոշումը ներկայացնում է 5 ներկայացուցիչ։

 

Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը նախագահ Ալիեւին ստի մեջ է բռնել

«Երեկ, առանց որևէ ապացույցի, բռնապետ Ալիևը հերթական անգամ կեղծ հայտարարություն արեց՝ պնդելով, թե իբր զինված խմբավորումներ են թաքնված Արցախի անտառներում։ Փաստորեն, այնտեղ ոչ մի զինված կամ թաքնված մարդ չկա՝ չհաշված ադրբեջանցի ահաբեկիչներին։ Արցախում մնացածների թիվը չի գերազանցում 40-ը»,- իր TG ալիքում գրել է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։

Արցախցիներն արդեն «Ադրբեջանում» ստիպված կլինեն թոշակ ստանալ

Սեպտեմբերի 19-20-ի ագրեսիայից, Ստեփանակերտի մոտ բենզինի բաքի պայթյունից, արցախցիների զանգվածային տեղահանությունից, ՊԲ-ի զինաթափումից, Արցախի նախկին ղեկավարությանը Բաքվին հանձնվելուց հետո արցախցիներից շատերի մոտ «հարցեր են առաջացել» Պուտինին։ Շատերը բացահայտ ասում են, որ հենց Ռուսաստանն է դարձել Ադրբեջանի կողմից Արցախի օկուպացիայի երաշխավորը։

Թեև դեռ կան ասողներ՝« դե, այո, ռուսները ելնում են իրենց շահերից, ինչպես Ուկրաինայում, նրանք չեն զիջի «իրենց հողերը» Արևմուտքին»։ Իսկ ի՞նչ արեցին մեզ համար Արևմուտքը՝ Ֆրանսիան և ԱՄՆ-ը, հարցնում են նրանք նույնիսկ այսքանից հետո։

Մարդկանց՝ առաջին հայացքից այս տարօրինակ հոգեբանության վրա չեն ազդում անգամ Պուտինի բացահայտ խոստովանությունները. արդեն 2020 թվականի նոյեմբերի 10-ին Պուտինն ասել է, որ «Ղարաբաղը Ադրբեջանի տարածքն է», Շոյգուն ասել է, որ «մենք Թուրքիայի հետ համատեղ բարդ օպերացիա են իրականացրել Ղարաբաղում», հետո Պուտինն ու Լավրովը ասացին, որ իրենք աշխատում են թուրքերի հետ՝ նպատակ ունենալով «ինտեգրել» Ղարաբաղի հայերին որպես ազգային փոքրամասնություն «ադրբեջանական օրենսդրության» շրջանակներում։

Ամեն ինչ մի փոքր բարդացավ, երբ ղարաբաղցիները չցանկացան ապրել «Ադրբեջանի օրենսդրությամբ» և բոլորը լքեցին իրենց տները գալով Հայաստան ՝ որպես իրենց իրավունքները երաշխավորող երկիր։ Արցախի տարածքն ու ժողովուրդն իրենց իրավունքներով հանդերձ տարանջատվեցին միմյանցից։ Սա որոշակիորեն փոխեց ծրագրերը, քանի որ հիմա ստացվում է, որ Ադրբեջանն ու Ռուսաստանը պարզապես անեքսիայի են ենթարկել Արցախը հօգուտ Բաքվի և նրա բնիկ բնակիչներին զրկել բոլոր իրավունքներից՝ ապրելու իրենց նախնիների հազարամյա հողի վրա, սեփականության եւ այլ իրավունքներից։

Սա ակնհայտ հանցագործություն է մարդկության դեմ, որը մի օր կկոչվի այդպիսին, երբ Հայաստանը սկսի հայ ժողովրդի ազգային շահերից ելնելով դատական ​​հայցեր ներկայացնել միջազգային ատյաններին։ Բայց Հայաստանը դեռ դա չի անում։

Ուստի հիմա Պուտինի, Ալիևի և Փաշինյանի խնդիրն է՝ «վերամիավորել» Արցախի տարածքը արցախցիների հետ, ստեղծել տեղեկատվական ֆոն (Ռուսաստանի ՊՆ-ի լավատեսական հաղորդագրություններ, ՄԱԿ-ի անհասկանալի առաքելություններ), իբր արցախցիները ցանկանում են վերադառնալ, սակայն որոշ «առեղծվածային» անջատողականներ թույլ չեն տալիս դա անել. Եվ ամենակարևորը՝ Հայաստանում պետք է ստեղծել այնպիսի պայմաններ, որ արցախցին իրեն զգա կքված, «վախից փախած», մի օրում պատերազմում հանձնված բոմժ, որն ապրում է ողորմությամբ և չունի կառավարություն, բյուջե, սոցիալական և գույքային իրավունքներ։

Հիմա Պուտինը Ղարաբաղի և ղարաբաղցիների մասին բանակցում է միայն Ալիևի հետ։ Նրանք կհանդիպեն հոկտեմբերի 12-ին։ «Օրակարգը ղարաբաղցի հայերի խաղաղ ինտեգրումն է Ադրբեջանի իրավական դաշտ՝ հարգելով միջազգայնորեն ճանաչված իրավունքներն ու ազատությունները, և ռուսական խաղաղապահ զորախումբը պատրաստ է դրան նպաստել»,- ասել է Պուտինի օգնական Ուշակովը։

Զուգահեռաբար, այսօր Արդարադատության միջազգային դատարանը Հայաստանի հայցով կքննարկի Երևանի պահանջը, որով Բաքուն պետք է «ճանաչի Լեռնային Ղարաբաղի իշխանությունների կողմից տրված քաղաքացիական կացության փաստաթղթերը, վկայականները, այդ թվում՝ սեփականության իրավունքը»։

Բաքուն, իհարկե, ուրախությամբ կճանաչի այդ իրավունքները, և այն ֆոնին, որ Արցախի բյուջեի միջոցները սառեցվել են Հայաստանում, մինչև տարեվերջ թոշակներ և պետական ​​աշխատավարձեր տալու մասին խոսք չկա, տեղեկանք եւ այլ փաստաթուղթ ստանալու հնարավորություն չկա, Արցախի ժողովուրդը կմնա ոչ միայն առանց հայրենիքի ու տան, այլև առանց տարրական իրավունքների։

Հենց որ Բաքուն ճանաչի Արցախի ժողովրդի «իրավունքները»՝ հիմնվելով Հայաստանի դատական պահանջի վրա, ծննդյան վկայական, հարկերի, կենսաթոշակների և այլ տեղեկանքներ եւ տվյալներ ստանալու համար արցախցիները ստիպված կլինեն դիմել Ղարաբաղում “Ադրբեջանի քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններին”։ Իսկ դրա համար հարկ կլինի վերադառնալ «Ադրբեջան», որտեղ կրկին կսպասեն ռուս խաղաղապահները՝ գնդացիրներով ու ծաղիկներով։ Путин армянам дал проход.

 

«Ֆրանսիան ՄԱԿ-ում կպահանջի ԼՂ հայերի վերադարձի մասին բանաձև ընդունել»․ Կոլոննա

Ֆրանսիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի շրջանակներում կպահանջի ընդունել Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձի վերաբերյալ բանաձև։ Այս մասին Ֆրանսիայի սենատում հայտարարել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան։

«Ադրբեջանը ծրագրել և կազմակերպել է ավելի քան 100 հազար հայերի ելքը Լեռնային Ղարաբաղից։ Այս ծանր հանցագործությունը չի կարող անարձագանք մնալ»,- ասել է Կոլոննան։