Մասնագիտական վերականգնողական ճամբար արցախցի լրագրողների համար

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը կազմակերպում է Մասնագիտական վերականգնողական ճամբար Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված լրագրողների, ինչպես նաև մեդիա բովանդակություն ստեղծող այլ անձանց համար։

Ճամբարի ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան հանդիպելու մեդիա փորձագետների, քաղաքագետների, հոգեբանների, գործընկեր լրագրողների հետ, կունենան տարածք կիսելու սեփական փորձը և քննարկելու իրավիճակն ու ոլորտում իրենց հետագա անելիքը։ Ճամբարի շրջանակում կանցկացվեն նաև մասնագիտական վարպետանոցներ, կներկայացվեն աշխատանքային գործիքներ։

Ճամբարն անցկացվելու է հոկտեմբերի 30-նոյեմբերի 5-ը։

Արցախբանկը կվերադարձնի Արցախում գրավադրված ոսկյա իրերը՝ առանց վարկային պարտավորությունների մարման. հայտարարություն

Արցախբանկը կվերադարձնի Արցախում գրավադրված ոսկյա իրերը՝ առանց վարկային պարտավորությունների մարման։

Բանկի հայտարարության մեջ ասվում է․ «Նախատեսում ենք որոշակի աջակցություն ցուցաբերել սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների արդյունքում Արցախը հարկադրված լքած և ֆինանսական ծանր վիճակում գտնվող մեր հայրենակիցներին», – ասված է հայտարարության մեջ։

ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդում համատեղ հայտարարություն է ներկայացվել Լեռնային Ղարաբաղի իրավիճակի վերաբերյալ

Ժնևում հոկտեմբերի 11-ին ընթացող Միավորված ազգերի կազմակերպության Մարդու իրավունքների խորհրդի 54-րդ նստաշրջանի շրջանակներում 34 երկրներ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որտեղ խոր մտահոգություն են հայտնել Լեռնային Ղարաբաղում մարդասիրական և մարդու իրավունքների ծանրագույն ճգնաժամի կապակցությամբ։ Համատեղ հայտարարությունն ընթերցվել է ՄԱԿ-ի Ժնևի գրասենյակում Ֆրանսիայի մշտական ներկայացուցչության կողմից։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համատեղ հայտարարությունում նշվում է, որ հայ ազգաբնակչության զանգվածային տեղահանումն իրենց տներից տեղի է ունեցել Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 19-ին իրականացված ռազմական գործողության, ինչպես նաև Լաչինի միջանցքի՝ ինն ամիս շարունակվող արգելափակման հետևանքով։

Համատեղ հայտարարության հեղինակները համաձայնություն են հայտնել Մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի բարձր հանձնակատար Վոլկեր Թյուրքի հետ, որ անհրաժեշտ է անհապաղ, անկախ և թափանցիկ հետաքննություն իրականացնել Լեռնային Ղարաբաղում գրանցված մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի խախտումների շուրջ։ Նրանք նաև համոզմունք են հայտնել, որ Բարձր հանձնակատարի գրասենյակը պետք է մշտադիտարկում իրականացնի Լեռնային Ղարաբաղում, հանդիպի Հայաստան տեղահանված փախստականների հետ և դրա մասին զեկուցի Մարդու իրավունքների խորհրդին։ Երկրները պատրաստակամություն են հայտնել դիտարկել Մարդու իրավունքների խորհրդում հետագա այլ քայլերի իրականացման հնարավորությունը։

Հայտարարությունը կոչ է անում Ադրբեջանին անհապաղ ստեղծել պայմաններ՝ կամավոր, անվտանգ, արժանապատիվ և մշտական վերադարձ ապահովելու այն անձանց համար, ովքեր կցանկանան վերադառնալ Լեռնային Ղարաբաղ, իրականացնել Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի սեպտեմբերի 22-ի միջանկյալ որոշման դրույթները, ինչպես նաև Արդարադատության միջազգային դատարանի 2021թ. դեկտեմբերի 7-ի, 2023թ. փետրվարի 22-ի և 2023թ. հուլիսի 6-ի որոշումները և երաշխավորել հայկական կրոնական և մշակութային ժառանգության պաշտպանությունը։

Ամբողջական հայտարարությունն ու այս պահին դրան միացած երկրների ցանկը ներկայացնում ենք ստորև.

 

Համատեղ հայտարարություն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ

Մենք խորապես մտահոգված ենք Լեռնային Ղարաբաղում մարդասիրական և մարդու իրավունքների շուրջ ստեղծված ծանրագույն ճգնաժամով, ինչպես նաև վերջին շաբաթներում Լեռնային Ղարաբաղից բնակչության տեղահանությամբ:

Ըստ տարածաշրջան այցելած ՄԱԿ-ի առաքելության զեկույցի, Լեռնային Ղարաբաղի գրեթե ամբողջ հայ բնակչությունը՝ ավելի քան 100,000 մարդ, տեղահանվել է Հայաստան: Զեկույցում իրավամբ նշվում են այն տառապանքները, որոնց նրանք ենթարկվել են նման փորձության արդյունքում:

Հայ ազգաբնակչության զանգվածային տեղահանումն իրենց տներից տեղի է ունեցել Ադրբեջանի կողմից ս.թ. սեպտեմբերի 19-ին իրականացրած ռազմական գործողության, ինչպես նաև ինն ամիս շարունակ Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով, ինչը հանգեցրել է հումանիտար ծանրագույն իրավիճակի:

Ողջունում ենք, որ Մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի բարձր հանձնակատար Վոլկեր Թյուրքը ս.թ. սեպտեմբերի 26-ին կատարած իր հայտարարության մեջ կոչ է անում հարգել էթնիկ հայերի իրավունքները, պաշտպանել քաղաքացիական անձանց և խստորեն հետևել միջազգային իրավունքի պահանջներին: Լիովին համաձայն ենք, որ «մարդու իրավունքների և միջազգային հումանիտար իրավունքի գրանցված խախտումները պետք է ուսումնասիրվեն, այդ թվում՝ անհապաղ, անկախ և թափանցիկ հետաքննության միջոցով»:

Համոզված ենք, որ Մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի բարձր հանձնակատարի գրասենյակի հաջորդ համապատասխան քայլը պետք է լինի մարդու իրավունքների անմիջական մշտադիտարկումը Լեռնային Ղարաբաղում, հանդիպումները փախստականների և տեղահանված անձանց և ԼՂ-ում դեռևս մնացած հայերի հետ, ինչի արդյունքների մասին պետք է զեկուցվի Մարդու իրավունքի խորհրդին: Ուստի, կոչ ենք անում Հայաստանին և Ադրբեջանին հրավեր ուղղել Բարձր հանձնակատարի գրասենյակին, որպեսզի այն հնարավորինս արագ կարողանա տրամադրել իր տեխնիկական աջակցությունը:

Միևնույն ժամանակ, կոչ ենք անում Ադրբեջանին երաշխավորել Լեռնային Ղարաբաղում դեռևս մնացած հայերի անվտանգությունն ու իրավունքները և անհապաղ ստեղծել պայմաններ՝ կամավոր, անվտանգ, արժանապատիվ և մշտական վերադարձ ապահովելու այն անձանց համար, ովքեր կցանկանան գնալ իրենց տները: Հայկական կրոնական և մշակութային ժառանգության պաշտպանությունը ևս պետք է երաշխավորվի:

Նաև, կոչ ենք անում Ադրբեջանին կատարել Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի ս.թ. սեպտեմբերի 22-ի միջանկյալ որոշման դրույթները, ինչպես նաև Արդարադատության միջազգային դատարանի 2021թ. դեկտեմբերի 7-ի, 2023թ. փետրվարի 22-ի և 2023թ. հուլիսի 6-ի որոշումները:

Կոչ ենք անում Հայաստանին՝ միջազգային համայնքի աջակցությամբ շարունակել մարդասիրական օգնություն տրամադրել ճգնաժամի հետևանքով տեղահանված անձանց:

Միջազգային առաքելությունների մուտքը Լեռնային Ղարաբաղ էական է օժանդակություն տրամադրելու, անկողմնակալ մշտադիտարկում իրականացնելու, ինչպես նաև մարդու իրավունքների իրավիճակին վերաբերող զեկույցներ կազմելու համար։

Հայաստանի և Ադրբեջանի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը պետք է անվերապահորեն հարգվեն: Մենք մեծապես աջակցում ենք բոլոր կողմերի միջև երկխոսությանը՝ համապարփակ և տևական խաղաղություն հաստատելու համար:

Մենք կշարունակենք ուշադիր հետևել իրավիճակին և կդիտարկենք յուրաքանչյուր և բոլոր հետագա քայլերը, որոնք կարող է նախաձեռնել և կիրառել Մարդու իրավունքների խորհուրդը:

ԱՄՆ

Ավստրալիա

Ավստրիա

Բելգիա

Բուլղարիա

Գերմանիա

Դանիա

Էստոնիա

Իռլանդիա

Իսլանդիա

Իսպանիա

Լատվիա

Լիխտենշտեյն

Լիտվա

Լյուքսեմբուրգ

Խորվաթիա

Կանադա

Կիպրոս

Հայաստան

Հունաստան

Ճապոնիա

Մալթա

ՄԹ

Նիդերլանդներ

Նոր Զելանդիա

Նորվեգիա

Շվեդիա

Շվեյցարիա

Պորտուգալիա

Սլովակիա

Սլովենիա

Ուրուգվայ

Ֆինլանդիա

Ֆրանսիա

 

Բաքուն վախենում է հայերի հատուցումից և «ռևանշիզմից»

Ալիևը պնդում է, որ Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայից հետո, որը ստիպել է ավելի քան 100.000 հայերի լքել իրենց հայրենիքը, «որոշ խմբեր թաքնված են այնտեղ»։

«Սեպտեմբերի 20-ից հետո Ղարաբաղում զինված սադրանքներ եղան։ Տարածքը բավականին մեծ է, լեռնային և անտառապատ, ուստի մեզ ժամանակ է պետք տարածքն ամբողջությամբ մաքրելու բանդաներից»,- ասաց նա։

Իր հերթին, նրա արտգործնախարար Բայրամովն ասում է, որ «չափազանց կարևոր է չաջակցել Հայաստանի ռեւանշիստական ​​փորձերին»։

Ի՞նչ ռեւանշիզմ, ի՞նչ խմբեր։ Ռուս «խաղաղապահները» զինաթափել են Արցախի բանակը, զսպում են հայկական բոլոր նախաձեռնությունները, իսկ Ակնայում գտնվող ռուս-թուրքական կենտրոնը և Իրանի հետ սահմանին գտնվող իսրայելական հսկողության տեխնիկան աչալուրջ հսկում են այն ամենը, ինչ տեղի է ունենում տարածքում։

Սակայն, ինչպես Ալիևն է ասում, տարածքը անտառապատ է, լեռնային…

ՀՀ ԿԳՄՍ նախարարության նոր շրջաբերականը արցախցի ուսանողների վերաբերյալ

Հարգելի՛ հայրենակիցներ,

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսանողների կրթության կազմակերպման նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հերթական շրջաբերական գրությունն է ուղարկել ուսումնարանների և քոլեջների տնօրեններին: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից:

Համաձայն շրջաբերականի՝ ԿԳՄՍ նախարարությունն այս ընթացքում ստացել է մի շարք հարցեր Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների կրթության շարունակության կազմակերպման դեպքում իրենց ուսումնառած և նախընտրած մասնագիտություններով առարկայական 8 տարբերությունների գերազանցման, ինչպես նաև ավագ դպրոց հաճախող կամ հիմնական կրթությունից հետո կրթությունից դուրս մնացած անձանց արհեստագործական ուսումնարան կամ քոլեջ ընդունվելու վերաբերյալ:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ նախարարությունը ՄԿՈՒ հաստատություններին տնօրեններին տեղեկացրել է, որ անձի ուսումնառած և նախընտրած մասնագիտություններով 8 առարկայական տարբերությունների գերազանցման դեպքում անհրաժեշտ է նախարարության համաձայնությունը ստանալուց հետո հրամանագրել ուսումնառած կուրսից՝ հնարավորության դեպքում կազմակերպելով առարկայական տարբերությունների հանձնումը, կամ անձի (անչափահաս լինելու դեպքում ծնողի) համաձայնությամբ վերականգնել այն կուրսից, որտեղ չի գերազանցի 8 առարկան (մոդուլը):

Անձի կողմից հարակից մասնագիտությամբ ուսումը շարունակելու և նրա մոտ ակադեմիական տեղեկանք կամ ուսումնառության վերաբերյալ տեղեկատվություն չլինելու դեպքում առարկայական տարբերությունները պետք է հաշվել ՀՀ-ում գործող համապատասխան մասնագիտությունների պետական կրթական չափորոշիչների ուսումնական պլաններով:

Ավագ դպրոց հաճախած կամ հիմնական կրթությունից հետո կրթությունից դուրս մնացած անձանց թույլատրվում է կրթությունը շարունակել նախնական մասնագիտական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կրթական ծրագրով՝ վճարովի համակարգում, սակայն այդ դեպքում պետության կողմից ուսման վարձի փոխհատուցում հետագայում չի նախատեսվում:

Քոլեջների և ուսումնարանների ղեկավարներին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսանողների կրթության կազմակերպման նպատակով նախարարությունը շրջաբերական գրություն էր ուղարկել նաև նախորդ շաբաթ:

Ըստ այդմ՝ հանձնարարվել էր բռնի տեղահանված մեր հայրենակիցների կրթության շարունակությունը կազմակերպել ՀՀ-ում ուսանողի բնակության վայրի ամենամոտ (համայնք կամ մարզ) ուսումնական հաստատությունում իր ուսումնառած մասնագիտությամբ՝ տվյալ մասնագիտության համար լիցենզիայով հատկացված տեղերի թիվը չգերազանցելու պայմանով:

Լիցենզիայով հատկացված տեղերի թիվը գերազանցելու դեպքում ուսումնական հաստատության կողմից պետք է խորհուրդ տրվի համայնքի կամ մարզի այլ հաստատություն, որտեղ առկա է ուսանողի ուսումնառած մասնագիտությամբ թափուր տեղ: Ուսանողի բնակության վայրի ամենամոտ ուսումնական հաստատությունում լիցենզիայով հատկացված տեղերը գերազանցելու դեպքում ուսանողն իր ցանկությամբ կարող է դիմել հարակից մասնագիտությամբ՝ պահպանելով ՀՀ կրթության և գիտության նախարարի 2011 թվականի դեկտեմբերի 5-ի N 1278-Ն հրամանի հավելվածով հաստատված «ՀՀ նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում ուսումնառությունն անավարտ թողած անձի ուսանողական իրավունքի վերականգնման» կարգի պահանջները: Ուսանողական իրավունքի վերականգնման մերժման հիմք չի կարող հանդիսանալ անհրաժեշտ փաստաթղթերի բացակայությունը:

Ուսանողի դիմումն ընդունելուց հետո անհրաժեշտ է նրան թույլատրել մասնակցելու ուսումնական գործընթացին և հնարավորինս սեղմ ժամկետում դիմել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն՝ վերականգնման համաձայնություն ստանալու համար: ԼՂ-ում ընդհատված կրթության իրավունքի վերականգնման դեպքում պետական քոլեջներում և ուսումնարաններում կրթության կազմակերպման նպատակով նախատեսվում է պետության կողմից ուսման վարձի փոխհատուցում:

Լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար անհրաժեշտ է դիմել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչություն՝ հետևյալ հեռախոսահամարով՝

(+374) 10-599-623:

ՀՀ ԿԳՄՍ նախարարություն

Լեռնային Ղարաբաղում տեղակայված ՌԴ խաղաղապահների հետագա ճակատագիրը կքննարկվի Ադրբեջանի հետ․ Պեսկով

Կրեմլը մեկնաբանել է ՀՀ վարչապետ Փաշինյանի հայտարարությունը Լեռնային Ղարաբաղում տեղակայած ՌԴ խաղաղապահների կարգավիճակի մասին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՌԴ մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը ասել է, որ Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի ընթացքում այդ հարցը չի քննարկվել։

«Ոչ, այդ հարցը չի քննարկվել։ Հիմա, իրոք, և դե-ֆակտո, և դե-յուրե մեր խաղաղապահները գտնվում են Ադրբեջանի տարածքում։ Դա ճանաչում է նաև Հայաստանի վարչապետ Փաշինյանը։ Ինչ վերաբերում է նրանց ապագա ռեժիմին, նրանց մնալուն և ուղեկցող բոլոր հանգամանքներին, ապա, իհարկե, դա կքննարկվի ադրբեջանական կողմի հետ։ Եվ իհարկե, մենք կշարունակենք մեր շփումները նաև հայ բարեկամների հետ»,- նշել է Պեսկովը։

Արցախի պետական բյուջեի գանձապետական հաշիվներում շարունակում է մնալ շուրջ 3,1 միլիարդ դրամ մնացորդ, որը սառեցված է. հայտարարություն

Պետական բյուջեից գումարների յուրացման և ծառայողական ավտոմեքենաների սեփականաշնորհման մասին համացանցում որոշ օգտատերերի կողմից շրջանառվող լուրերը կեղծ են, այս մասին հայտարարել են Արցախի Հանրապետության կառավարությունից։

«Հաշվի առնելով ապատեղեկատվության տարածման հետևանքով բնակչության շրջանում առկա խոսակցությունները՝ ներկայացնում ենք, որ վերջին ռազմական գործողություններից հետո պետական բյուջեից կատարված ամբողջ ծախսը կազմել է շուրջ 463 միլիոն դրամ:

Բյուջետային համակարգի մասին օրենսդրությանը համապատասխան՝ հավաստագրված ստացողների ստորագրություններով, կատարված ծախսերը ներկայացնում ենք հետևյալ բացվածքով.

1. Աշխատավարձերի և դրանց հավասարեցված վճարների (260 միլիոն դրամ) մասնակի տրամադրում այն աշխատակիցներին, ովքեր փաստացի աշխատանք էին կատարում հանրապետության տարածքում (Նախագահի աշխատակազմ, կառավառության գործերի կառավարչություն, ՊԲ, ՆԳՆ ոստիկանություն, ԱԻՊԾ, ԱԱԾ, Քննչական կոմիտե, առողջապահական հիմնարկներ),

2. Նախկինում կատարված շինարարական աշխատանքների դիմաց քաղաքաշինության նախարարության՝ 18 ընկերության հանդեպ ունեցած պարտավորությունների մարում  (83,5 միլիոն դրամ),

3. Երկրի շրջափակմամբ պայմանավորված՝ մսի արժեքի սուբսիդավորման նպատակով տարբեր տնտեսավարողների հանդեպ գյուղատնտեսության նախարարության ունեցած պարտավորությունների մարում (շուրջ 96 միլիոն դրամ),

4. Ռազմական գործողություններից հետո բնակչության տարհանման նպատակով տրանսպորտային ծառայությունների դիմաց վճարում և զոհվածների հուղարկավորության համար կատարված ծախսեր (23,5 միլիոն դրամ):

Արցախի Հանրապետության պետական բյուջեի գանձապետական հաշիվներում շարունակում է մնալ շուրջ 3,1 միլիարդ դրամ մնացորդ, որը սառեցված է, և որևէ գործարք չի իրականացվում:

Ինչ վերաբերում է ծառայողական մեքենաներին, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների հաշվեկշռում առկա ծառայողական ավտոմեքենաների վերաբերյալ որոշում չի կայացվել, ու դրանց հետագա տնօրինումը պարզ կլինի միայն համապատասխան որոշումներից հետո»,- ասվում է հայտարարությունում։

Էկոնոմիկայի նախարարությունը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված գործարարների համար ծրագրեր է մշակել

Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված գործարարների համար առաջարկներ ունի, ծրագրեր են մշակել ու ներկայացրել կառավարություն: Նրանց համար հասանելի կլինեն ինչպես արդեն իսկ գործող պետական աջակցության ծրագրերը, այնպես էլ կլինեն նոր ծրագրեր, որոնց շրջանակում բռնի տեղահանվածների համար կգործեն արտոնյալ պայմաններ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հոկտեմբերի 9-ին նախարարությունում հանդիպում է եղել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված գործարարների հետ՝ խնդիրներն ու գաղափարները քննարկելու նպատակով:

«Բավականին շատ մարդիկ էին եկել, որոնք հետաքրքրված էին մեր՝ արդեն իսկ իրականացվող ծրագրերով: Ունեցանք նաև գաղափարների որոշակի փոխանակում, թե ինչ ծրագրեր առավել արդյունավետ կլինեն Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր քույրերի և եղբայրների համար: Քննարկման արդյունքներով այն նախագծերը, որոնք մշակել և ներկայացրել էինք կառավարություն, որոշակի փոփոխություններ կկրեն»,-ասաց Էկոնոմիկայի փոխնախարար Ռաֆայել Գևորգյանը:

Գործարարները բարձրացրել են մի շարք խնդիրներ, որոնց մի մասը կապված են եղել նաև տեխնիկական հարցերի հետ: Եղել են հարցեր՝ հարկային համակարգերի փոխգործելիության հետ կապված և այլն: Գևորգյանի հավաստիացմամբ՝ դրանք լուծելի են: Բռնի տեղահանված գործարարները հետաքրքրվել են, թե Էկոնոմիկայի նախարարությունն ինչ ծրագրեր է իրականացնում, որոնցից կարելի է օգտվել:

«Ծրագրերը մի քանիսն են: Այս պահին մասնավոր հատվածի զարգացման մեր ամենաընդարձակ ծրագիրը տնտեսության արդիականացման միջոցառումն է: Միջոցառման շրջանակում արդեն իսկ կնքվել է 2500-ից ավելի վարկային պայմանագիր և 400 մլն դոլարից ավելի միջոցներ արտոնյալ տոկոսներով հասանելի են դարձել Հայաստանի քաղաքացիներին: Ծրագիրը գործել է նաև Լեռնային Ղարաբաղի տարածքում: Բռնի տեղահանումից հետո, բնականաբար, այն գործարարները, որոնք կցանկանան օգտվել ծրագրից, նույնպես դրա հնարավորությունն ունեն»,-վստահեցրեց փոխնախարարը:

Ծրագրի շրջանակում ընկերությունները մինչև 10 մլրդ դրամ սահմանաչափով կարող են ձեռք բերել մեքենասարքավորումներ, որոնց տոկոսագումարները պետությունը սուբսիդավորում է:

Նախատեսվում են նաև նոր ծրագրեր, դրանք կլինեն ոչ միայն բռնի տեղահանվածների համար, այլ Հայաստանում առհասարակ մասնավոր հատվածի համար: «Իսկ բռնի տեղահանվածների համար որոշակի արտոնյալ պայմաններ կգործեն: Դրանք այն առաջարկներն են, որ դեռ նախորդ շաբաթ մշակել և ներկայացրել ենք կառավարություն»,-ասաց փոխնախարարը:

Էկոնոմիկայի նախարարությունում հանդիպմանը մասնակցած գործարարները եղել են հիմնականում շինարարության, մշակող արդյունաբերության և այլ ոլորտներից: «Կարծում եմ, որ այն ծրագրերը, որոնք մենք ուզում ենք իրականացնել, հիմնական մասի խնդիրները կկարողանան սահուն կերպով լուծել»,-ասաց նա՝ հավելելով, որ հաշվի են առել  նրանց ներկայացրած որոշակի առաջարկները ևս:

Գևորգյանի խոսքով՝ կառավարությանը ներկայացված ծրագրերից մեկը վերաբերում է զբաղվածության ապահովմանը: Այն մարդիկ, որոնք տարբեր ժամանակաշրջաններում, օրինակ, գուցե զբաղվել են ապրանքների, ծառայությունների առևտրով, հնարավորություն կստանան Հայաստանում որպես աշխատուժ ներգրավվել տարբեր գործարարների մոտ, որոնք այս պահին աշխատուժի մեծ սղություն ունեն:

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում հոկտեմբերի 12-ին ժամը 14:00-ին հանդիպում տեղի կունենա նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված այն գործարարների հետ, որոնք գործունեություն  են ծավալել գյուղատնտեսության ոլորտում:

Սնունդ՝  անօթևան մնացած փախստականների համար

«AGBU» և «World Central Kitchen» ոչ առևտրային ընկերությունները Հայաստանում սնունդ են տրամադրում արցախցի փախստականներին: Սնունդը առաքվում է ողջ հանրապետությունով մեկ, որտեղ ապաստան են գտել տեղահանվածները։ Այն պատրաստվում և առաքվում է կամավորների ջանքերով, որոնց թվում կան արցախցիներ։

Ծրագրից հիմնականում օգտվում են արցախցիները, ովքեր թանկ գների պատճառով չեն կարողանում բնակարաններ վարձակալել և ստիպված են գիշերել պանսիոնատներում, տարբեր հաստատությունների հատուկ տարածքներում կամ սեփական մեքենաներում։

 

 

Ի՞նչն է խանգարում արցախցիներին այժմ փախստականի կարգավիճակ տալ. Չէ՞ որ Նիկոլը “ճանաչեց”

Ինչպես ակնկալում էինք, Հայաստանի իշխանությունները չեն պատրաստվում ոչ միայն տրամադրել, այլեւ քննարկել Արցախի բռնի տեղահանվածների կարգավիճակը։

2020 թվականին ցեղասպանությունից փախած Արցախի Հադրութի, Շուշիի, Քաշաթաղի, Քարվաճառի շրջանների բնակիչների ներգաղթից հետո ՀՀ իշխանությունները այս մարդկանց փախստականի կարգավիճակ տալուց հրաժարվելը բացատրեցին նրանով, որ Արցախի բոլոր բնակիչներն ունեն Հայաստանի հանրապետության անձնագրեր։ Հետևաբար, չեն կարող համարվել փախստական ​​(փախստականները համարվում են միջազգայնորեն ճանաչված այլ երկրի պետական ​​սահմանը հատած անձինք)։

Հիմա, երբ ՀՀ վարչապետը պաշտոնապես ճանաչել է Արցախը որպես Ադրբեջանի տարածք, հարց է առաջանում՝ ո՞վքեր են այն մարդիկ, որ հայտնվել են Հայաստանի տարածքում մեկ այլ երկրի տարածքից։

Հայաստանը ՄԱԿ-ի 1951 թվականի փախստականների կարգավիճակի մասին կոնվենցիայի մասնակից է, և Հայաստանի Հանրապետության կառավարությունը ստանձնել է ապաստանի դիմումների քննարկման պատասխանատվությունը:

Սակայն իրականությունը բոլորովին այլ պատմություն է պատմում։ Հայաստանի կառավարությունը արցախցի փախստականներին տրամադրում է նվազագույնը (միանվագ 100 հազար դրամը չի կարող ծածկել անգամ գյուղերում բնակարանի մեկ ամսվա վարձը, էլ չեմ խոսում մայրաքաղաքի մասին, որտեղ բնակարանների վարձակալության գներն ավելի բարձր են, քան Եվրոպայում):

Ինչպես հայտարարեց Արցախի վերջին «նախագահ Շահրամանյանը», նոր տարուց 3 ամիս առաջ պետական ​​ծառայողները չեն կարողանա աշխատավարձ ստանալ, քանի որ գանձարանում միջոցներ չկան։ Անհասկանալի է, թե ուր են գնացել 2023 թվականի բյուջեով հաստատված և որպես միջպետական ​​վարկ Արցախ ուղարկված ֆինանսական միջոցները։ Նշենք նաև, որ Արցախի բնակչության զանգվածային արտագաղթի օրերին հայտարարվում էր, որ աշխատավարձերը կպահպանվեն մինչև այս տարվա վերջ։

Մինչ արցախցիների զանգվածային արտագաղթը սկսվելը, ՀՀ վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը պատրաստ է բնակարանով ապահովել 40 հազար ընտանիքի, որը գործնականում ընդգրկում է ողջ բռնի տեղահանված բնակչությանը։ Փաստորեն, պարզվեց, որ մարդիկ, ովքեր տարբեր (հիմնականում հիմնավորված) պատճառներով չէին ցանկանում գնալ գյուղ, մեծ դժվարությունների հանդիպեցին ոչ միայն այդքան մեծ քանակությամբ բնակարանային ֆոնդի բացակայության, այլև բնակարանների անհավատալի բարձր գների պատճառով:

Շատ ընտանիքներ չէին ուզում գնալ հեռավոր գյուղեր, քանի որ չէին պատկերացնում, թե ինչպես կարող են օրվա հաց վաստակել այնտեղ։ Մայրաքաղաքում նրանք կարող են աշխատանքի անցնել բազմաթիվ շինհրապարակներում, մասնավոր ընկերություններում, կամ դառնալ տաքսու վարորդ։

Մեկ այլ կատեգորիա այն մարդիկ են, որոնց հարազատները լուրջ վնասվածքներ են ստացել մարտերում կամ վառելիքի պահեստում հայտնի հրդեհի ժամանակ: Վիրավորները պահանջում են երկարատև բուժում և պարբերական այցելություններ բուժհաստատություններ, ինչը ստիպում է նրանց հարազատներին բուժհաստատություններին ավելի մոտ կացարան փնտրել։

Արցախի հանրապետական ​​հիվանդանոցում երկար տարիներ բարդ վիրահատություններ կատարած նեղ մասնագիտացում ունեցող բազմաթիվ բարձրակարգ բժիշկներ չեն կարողանում իրենց մասնագիտությամբ աշխատել մարզային բուժհաստատություններում՝ համապատասխան բաժանմունքների բացակայության պատճառով։ Բայց սա դեռ ամենը չէ. նրանցից շատերը պարզապես ժամանակ չունեին համապատասխան վերապատրաստման դասընթացներ անցնելու և վկայականներ ստանալու համար: Այսօր նրանք պետք է դա անեն՝ համապատասխան աշխատավայր գտնելու համար։

Առայժմ ամեն ինչ գնում է նրան, որ Արցախի ժողովուրդը արժանանալու է Սումգայիթի, Բաքվի, Շահումյանի, Հադրութի, Շուշիի ժողովրդի ճակատագրին, ովքեր ստիպված լքել են իրենց տները և այդպես էլ չեն ստացել փախստականի կարգավիճակ և կորցրած գույքի փոխհատուցում։

Ավաղ, Հայաստանն արդեն 35 տարի վատնում է իր ամենաթանկ մարդկային կապիտալը՝ ծառայելով օտար երկրներին, որոնք արդեն իսկ ցույց են տվել իրենց իսկական՝ թշնամու դեմքը։

Մարգարիտա Քարամյան

Արցախցի մայրերը ահազանգում են․ Երեւանում երեխաներին մանկապարտեզ չեն ընդունում

Քանի օր է զանգում, մոտենում եմ Արաբկիր թաղամասի բոլոր պետական մանկապարտեզներ (մասնավորի գները պարզելուց հետո, դրանք որպես տարբերակ չդիտարկեցի) կրտսեր խմբում զույգ բալիկներիս տեղավորելու հարցով, պատասխանը հետևյալն է.
-Տեղ չունենք, կարգը այնպես է, որ իրավունք չունենք 20 երեխայից ավել խմբեր ունենալ, մեզ հրահանգավորել են Արցախից տարհանված երեխաներին վերցնել միայն այն դեպքում, երբ կա թափուր տեղ:
-Բայց դուք հասկանում եք չէ՞, որ ճգնաժամային իրավիճակում թղթի վրա գրված ստանդարտներով չեն առաջանորդվում:
-Դե, եթե թույլ տան կընդունենք, բայց այս պահին թույլտվություն չկա:
Այսինքն որևէ այլ արտոնություն չկա՞
-Կա, ընդունվելու դեպքում անվճար է։
Բոլոր մանկապարտեզներից բացասական պատասխան ստանալուց հետո, բայց հույս ունենալով, որ հնարավոր չէ լուծման որևէ այլ տարբերակի առաջարկ չլինի, զանգում եմ կրթության նախարարություն: Պատասխանը կտրուկ էր.
-Զանգեք քաղաքապետարան, մենք կապ չունենք, ընդամենը ծրագիր գրող ենք:
Զանգում եմ քաղաքապետարան: Քաղաքապետարանի աշխատակիցը լսելով իմ բացատրությունները՝ սառը տոնով պատասխանում է.
-Այո, ձեզ ճիշտ տեղեկություն են տրամադրել, պետք է հերթագրվեք ու սպասեք ձեր հերթին, տեղերը սահմանափակ են, դիմորդները շատ, ձեզ նման շատ ծնողների երեխաներ դուրս են մնացել ցուցակից, ու էս ասածների մեջ զրո էմոցիա:
Հուզմունքս մի կերպ զսպելով՝ հարցնում եմ.
-Դուք իմ կարգավիճակում հայտնվածներին համեմատում ե՞ք նախօրոք հերթում գրանցված ու դուրս մնացածների հետ: Հասկանում ե՞ք չէ մեզ ինչքան է պետք աշխատելը, միթե՞ որևէ լուծում չկա:
-Ոչ, չկա:
Աչքիս առաջ եկավ սեպտեմբերի 19-ի տեսարանը.
Ճաշի ժամ էր, աշխատանքից վերադարձա տուն, կոշիկներս հանելուն պես պայթունի ձայն լսեցի: Վազելով հասա պատուհանի մոտ. բոլորը վազում էին: Հասկացա՝ նորից պատերազմ է սկսվել: Ամուսինս այդ պահին երեխաներին էր քնեցնում, որոնց մանկապարտեզ չէի ուղարկել հիվանդության պատճառով: Քնաթաթախ, ջերմող երեխաներիս վերցրեցի ու վազելով իջանք նկուղ: Այդ օրը մենք չէին մտածում, որ կորցնում ենք տուն, տեղ աշխատանք, հայրենիք, մենք միայն փրկության մասին էինք մտածում:
Չգիտեմ մտածում եմ, արժե՞ր այդ մի փոքրիկ հատվածը մեր ապրած դժոխքից պատմել այդ աղջկան, գուցե մոտը ապրումակցման նշույլ առաջանար, բայց երևի ճիշտը չպատմելն էր:
Բոլորս շատ լավ գիտենք, որ կարճ ժամանակ հետո մենք մեր խնդիրների հետ մենակ ենք մնալու, երկարաժամկետ լուծումներ են պետք, որոնք ցավոք պետության կողմից չեն ձեռնարկվում: Մասնավոր հատվածը մեծ բեռ է իր վրա վերցրել, որի համար երախտապարտ ենք:
Մենք մուրացկան չենք, ընդամենը պահանջում ենք պայմաններ ստեղծել, կաշխատենք ու մեր գլխի ճարը կտեսնենք:
Խնդրում եմ տարածել գրառումը, գուցե պատկան մարմիններին տեղ հասնի, վստահ եմ, որ իմ կարգավիճակում շատերն են հայտնվել:

Պուտինն ու Էրդողանը պատրաստակամություն են հայտնել “նպաստել հակամարտության կարգավորմանը” Պաղեստինում

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, որի ընթացքում պետությունների ղեկավարները քննարկել են պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում կտրուկ վատթարացած իրավիճակը, ինչպես նաև մտահոգություն հայտնել բռնության աճի և զոհերի աճի կապակցությամբ, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Կրեմլի մամուլի ծառայությանը։

«Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Հիմնական ուշադրությունը դարձվում է պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում կտրուկ սրված իրավիճակին։ Խորը մտահոգություն է արտահայտվել բռնության շարունակվող էսկալացիայի և խաղաղ բնակչության շրջանում զոհերի թվի աղետալի աճի կապակցությամբ», – ասվում է հայտարարության մեջ։

Ուղերձում նշվում է նաև, որ «ընդգծվել է երկու կողմերի կողմից կրակի անհապաղ դադարեցման և բանակցային գործընթացի վերսկսման անհրաժեշտությունը»։

Բացի այդ, Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները փոխադարձ պատրաստակամություն են հայտնել ակտիվորեն նպաստել հակամարտության կարգավորմանը։

Պուտինն ու Էրդողանն ընդգծել են, որ Մերձավոր Արևելքի ճգնաժամի երկարաժամկետ խաղաղ կարգավորումը հնարավոր է միայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից հաստատված «երկու պետություն» բանաձևի հիման վրա, որը նախատեսում է անկախ Պաղեստին պետության ստեղծում՝ 1967թ-ի սահմաններով և Արևելյան Երուսաղեմում իր իր մայրաքաղաքով։

Երկու երկրների նախագահներն անդրադարձել են նաև տարբեր ոլորտներում ռուս-թուրքական համագործակցության որոշակի հարցերի։ Երկու երկրների ղեկավարների շփումները կշարունակվեն։