Սզնեք․ սարսափելի, աննկարագրելի դաժան էր

Բերդ Թերթ

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

Սեպտեմբերի 19-ի ահասարսուռ իրադարձությունները դաջված են սզնեքցի Էլլադա Մուսայելյանի աչքերի մեջ: Դառն ապրումներ, վախ, սարսափ, որ երբեք չի կարողանա մոռանալ: Սարսափելի էր, աննկարագրելի դաժան…

-Հրետակոծությունն սկսվեց կեսօրվա մոտ, հանկարծակի: Թիրախավորվել էին գյուղի դիրքերը: Մոտավորապես մեկ ժամ անընդմեջ խփում էին դիրքերի ուղղությամբ: Մեկ րոպե անգամ չէին դադարում կրակոցները, թշնամին օգտագործում էր ամեն տեսակի զենք: Մի քանի ժամից հետո աշխարհազորայինները նահանջեցին դիրքերից: Այլևս հնարավոր չէր պայքարել: Ուժերն անհավասար էին…

Գյուղի կանայք, ծերերը և փոքրիկ Մանեն /այդ պահին գյուղի միակ երեխան/ ոտքով անտառների ու դաշտերի միջով գլխապատառ փախան դեպի հարևան Խաչմաչ: Այդ ընթացքում ևս չէին դադարում հրետակոծությունները: Թշնամին ամենուր էր՝ մեծ խմբերով…Թե ինչպես հասանք Խաչմաչ, այսօր դժվարանում եմ ասել. վազելով, ընկնելով, թաքնվելով ծառերի տակ…Տարեց մարդկանց մեքենաներով տեղափոխեցին: Բոլորս հայտնվեցինք տարբեր նկուղներում: Նույն գիշերը մի մասը տեղափոխվեց Ստեփանակերտ, իսկ մի մասը մնաց Խաչմաչում: Զինադադարից հետո հասկացանք, որ մեր գյուղացիներից մի քանի հոգի մնացել են Խաչմաչում ու գերեվարվել: Բարեբախտաբար, երկու հոգի վերադարձել են: Վաստակաշատ մանկավարժ Արտյուշա Միքայելյանին մահացած են գտել, մարմինը վերադարձվել է և հուղարկավորվել Էջմիածին քաղաքում: Երկու հոգու ճակատագիր դեռևս անհայտ է /Ռոբերտ Մուսայելյան, Շուրա Մանասյան/: Չորս աշխարհազորայիններ ևս գերեվարված են, սակայն նրանց հետ կապ է հաստատվել, հույս ունենք, որ շուտով ազատ կարձակվեն:

Գյուղից դուրս ենք եկել խուճապահար, չէինք մտածում, որ ողջ կմնանք, սակայն արցախցին ամուր է, և այսօր հայտնվելով Մայր Հայաստանում, գտել ենք ժամանակավոր կացարաններ, մտադիր ենք ապրել… Իհարկե, շատ դժվար է: Երբեք չենք կարողանա մոռանալ մեր հարազատ գյուղը և այն ահուսարսափը, որ ունեցանք վերջին օրերին: Արցախին հրաժեշտ տվեցինք միանգամից, ամենացավալի կերպով,-ասում է դժոխքի միջով անցած կինը:

Համայնքի ղեկավար Էդվարդ Մուսայելյանի ցավը խորն է. գերեվարված ծերունիներից մեկը իր հայրն է՝ 82-ամյա Ռոբերտ Մուսայելյանը:

-Այս պատերազմն այնքան հանկարծակի սկսվեց, որ չկարողացանք գյուղի բնակչության տարհանումը կազմակերպել, անասելի ցավ եմ ապրում դրա համար: Այդ պահին, երբ գյուղը տարհանվում էր, գտնվում էի դիրքերում՝ աշխարհազորայինների հետ: Սզնեքցին հարազատ բնօրրանը լքեց անասելի ցավոտ պայմաններում: Ով կպատկերացներ…

Գյուղացիների հետ կապ եմ պահպանում, գիտեմ նրանց ժամանակավոր բնակության վայրերը: Ամենամտահոգիչն այսօր մեր անհայտ կորածների ճակատագրերն են. ո՞րտեղ են, ի՞նչ է կատարվում նրանց հետ,-ասում է համայնքի ղեկավարը և ավելացնում,-Արցախն այսպիսի ճակատագիր չպետք է ունենար…

 

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 9082 երեխա ընդգրկվել է հայաստանյան կրթական հաստատություններում

ՀՀ ԿԳՄՍ նախարարության տրամադրած տվյալների համաձայն՝ հոկտեմբերի 9-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 9082 երեխա կրթությունը շարունակում է հայաստանյան կրթական  հաստատություններում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հոկտեմբերի 9-ին «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ասուլիսում հայտնեց Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:

«Կրթությունը Երևանում ստանում է 2910 երեխա, Կոտայքի մարզում՝ 1561, Արարատում՝ 1322, Արմավիրում՝ 790,  Լոռիում՝ 472,  Գեղարքունիքում՝ 441, Արագածոտնի մարզում՝ 430, Սյունիքի մարզում՝ 390, Շիրակի մարզում՝ 342, Տավուշում՝ 258,  Վայոց ձորում՝ 166»,-շեշտեց վարչապետի մամուլի քարտուղարը:

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 52 հազար 600 անձ դրամական աջակցություն է ստացել

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 52 հազար 600 անձ դրամական աջակցություն է ստացել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հոկտեմբերի 9-ին «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ասուլիսում հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը:

Նա հիշեցրեց, որ առաջին փոխանցումները սկսել են նախորդ ուրբաթ: Անդրադառնալով անչափահասներին՝ Խաչատրյանն ասաց՝ նրանց դիմումների ընդունման  գործընթացը սկսվել է հոկտեմբերի 7-ից:

«Դիմումների ընդունման պահից սկսած մինչև հոկտեմբերի 9-ի ժամը 15:00-ն 17 հազար 139 անչափահասի դիմում ենք ստացել»,-շեշտեց նա:

Խաչատրյանի խոսքով՝ դիմումների բավարարվածության չափը 1005 է, այսինքն՝ 1005-ի դիմումի վերաբերյալ նույնականացում է իրականացվել, 306-ը մերժվել է, 15 հազար 828-ը մշակման փուլում է: Մշակման գործընթացը կավարտվի մեկ կամ երկու օրվա ընթացքում: Փոխանցումները կկատարվեն հոկտեմբերի 13-ին:

Պարզվում է՝ այն ամենը, ինչ եկամուտ է ստեղծում՝ Սարսանգից մինչեւ Արցախգազ ու Արցախբանկ, վաճառվել է

Արցախցի քաղաքագետ Դավիթ Կարաբեկյանը կարծում է, որ մեր հայրենակիցները Արցախի դե ֆակտո գոյություն ունեցող կառավարման մարմիններից և Հայաստանի Հանրապետության իշխանություններից ակնկալում են երեք խմբի խնդիրների լուծում.

1. Առաջին խումբը՝ կարգավիճակն է: Քանի որ ողջ աշխարհը ծափահարում է Փաշինյանին Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու համար, ի ուրախություն վերջինիս ու ՀԱՊԿ-ում ու ԵՄ-ում իր ընկերների, թող նա ապահովի, որ մեզ միջազգային մակարդակով փախստականի կարգավիճակ տրվի, և մենք իրացնենք մեր իրավունքները։ Կամ ճանաչի Արցախի ինքնորոշման իրավունքը։

2. Երկրորդ խումբը սոցիալ-տնտեսական խնդիրներն են։ Բնակարանների՝ ժամանակավոր կամ մշտական ​​և աշխատանքի: Հայաստանի Հանրապետության և Արցախի պետական ​​կառույցները և նրանց “ստուկաչները”, գրանտակերները, հափշտակողները և այլն՝ ձեզ ժամանակին չեն հասել, հիմա ձեզ կհասնեն։ Շատ չի անցնի, երբ մավրը Երեւանում եւս կկատարի իր գործը և կմիանա Արայիկին, Բակոյին և Ղուկասյանին։ Մեկ միջանցք և ընդամենը 8 գյուղ է մնացել. հայաստանյան և ղարաբաղյան վերնախավին օտար չէ Կրեմլի հրահանգով ամբողջ շրջաններ հանձնելը։

3. Եվ վերջապես, երրորդը, ակնհայտորեն միտում կա արցախցիների մի մասին աշխատանք չտալ Երեւանում։
Այս առնչությամբ որոշ ՀԿ-ներ, որոնք գայթակղվել են Նիկոլի նարատիվներով, ասում են, որ Նիկոլը չի ​​ուզում և չի կարող մեզ փախստականի կարգավիճակ տալ։ Փախստականի կարգավիճակն ամրագրված է միջազգային իրավական ակտերով, որոնց Հայաստանի Հանրապետության և Արցախի կառավարությունները միացել են դեռևս 1991 թվականին: Եվ նրանք կարող են կամ կատարել այս փաստաթղթերի դրույթները, կամ ոչ։ Եթե ​​ոչ, ապա թեթեւ սրտով կարող ենք ասել, որ իրականություն են դառնալու Փաշինյանի եւ Ալիեւի ընկերոջ խոսքերը, թե ՀՀ-ում ժամանակավոր վարչակազմ է։

Այն գումարը, որը հատկացվել է ՀՀ բյուջեից՝ որպես տխրահռչակ բյուջետային աջակցություն Արցախին և տարբեր հիմնադրամների, հատկապես Արցախի ներդրումային հիմնադրամի միջոցով, բավական է լուծելու արցախցիներին բնակարանով և աշխատանքով ապահովելու, այդ թվում՝ վերապատրաստման և վերաորակավորման խնդիրը։ Երեք տարվա ընթացքում ՀՀ բյուջեից 1,2 մլրդ դոլար է հատկացվել Արցախին օգնելու համար, այդ թվում՝ շինարարության համար։

Բայց խոշոր օբյեկտների շինարարություն չի իրականացվել, թեև Երևանն ու Ստեփանակերտն այդ նպատակով մրցույթներ են անցկացրել և զգալի գումար հատկացրել։

Պարզվում է, որ Երևանը, Ստեփանակերտը և Բաքուն ի սկզբանե, Մոսկվայի գիտությամբ ու հավանությամբ, որոշել են մեզ ինտեգրել Ադրբեջանին՝ խաբելով ոչ միայն հայ հարկատուներին, այլև Եվրոպայի ու ԱՄՆ-ին։ Ի դեպ, ՀՀ բյուջեից հատկացված գումարով նախատեսվում էր բնակարանով ապահովել 40-45 հազար հարկադիր տեղահանված արցախցիների։

Բայց պարզվում է, այն ամենը, ինչ եկամուտ է բերում՝ Սարսանգից մինչև Արցախգազ ու Արցախբանկ, վաճառվել է, իսկ Արայիկը, Բակոն, Սիրմաքեշը ամենևին էլ տեր չեն, այլ զից-ատենապետներ։

Հոկտեմբերի 1-ից Արցախի պետաշխատողները աշխատավարձ չեն ստանա

Արցախի բնակչության շուրջ 70%-ը պետական սեկտորի աշխատողներ էին։

Տեղահանվելուց հետո արցախցիների մեծ մասը բնակարաններ վարձեցին, տեղեկություն ունենալով, որ պետաշխատողների աշխատավարձը կպահպանվի մինչև հունվարի 1-ը, և հնարավոր կլինի վճարել բնակվարձը։

Այսօր պարզ դարձավ, որ հոկտեմբերի 1-ից բոլոր պետաշխատողները պաշտոնապես ազատվեցին աշխատանքից և չեն ստանա աշխատավարձ։

Պետության կողմից, բացի 100.000-ական դրամների միանվագ օգնությունից եւ բնակվարձերի փոխհատումից, գումարային որեւէ այլ ծրագիր չկա։

Թե ինչպես պետք է մարդիկ վճարեն բնակարանների առանց այդ էլ բարձր վարձը, անհայտ է։

 

Արցախի հարուստ պատմամշակութային ժառանգությունը վտանգված է. առաջին հայաթափում

Սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանական ագրեսիայի արդյունքում Արցախն ամբողջովին բռնազավթվեց ու հայաթափվեց։ Սա Արցախի պատմության մեջ աննախադեպ մի իրավիճակ է, երբ հայկական այդ տարածքը զրկվում է բնիկ էթնոսից։

Պատմական տարբեր հանգրվաններում անշուշտ ժողովրդագրական տեղաշարժեր եղել են տարբեր պատճառներով, բայց որ տարածքը հայազրկվի, առաջին անգամն է։

Հազարամյակների ընթացքում հայերը Արցախի տարածքում թողել են մշակութային արժեքավոր ու հարուստ ժառանգություն, որն այսօր գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ։ Դատելով 44-օրյա պատերազմից հետո բռնազավթված տարածքների պատմամշակութային հուշարձանների հանդեպ կիրառված քաղաքականությունից՝ ֆիզիկական ոչնչացում, պղծում, մշակույթի բռնայուրացում,  այսօր առավել քան մտահոգիչ է այդ ժառանգության ճակատագիրը։

Եվ այսպես, ի՞նչ պատմամշակութային ժառանգություն է մնացել  թշնամու վերահսկողության տակ 2020 թվականից առ այսօր։ Ըստ Արցախի Հանրապետության հուշարձանների պետական ցուցակների, թշնամու վերահսկողության տակ է մնացել 4115 հուշարձան, այդ թվում հնագիտական։ Սակայն թիվն աճել է, քանի որ այդ ցուցակները կազմվել են հուշարձանների անձնագրավորման աշխատանքների առաջին փուլի արդյունքներով։ Հետագա աշխատանքների արդյունքները ներառված չենք։

Մինչդեռ ունենք 2000-ից ավելի նորահայտ հուշարձաններ,  ասել է թե պետական ցուցակներում չընդգրկված հուշարձաններ։ 500-ից ավել հուշարձաններ՝ խաչքարեր, ավերված եկեղեցիներ, արձանագիր քարեր, տապանաքարեր ու եկեղեցիներ հաշվառվել են 2020 թվականի պատերազմից հետո։ Հետևաբար հուշարձանների քանակը 6000-ից ավելին է։

Մինչ 2020 թվականը Արցախում գործում էր 5 պետական արգելոց, 3 պատմամշակութային՝ “Տիգրանակերտ”, “Տողի մելիքական ապարանք”, “Տյաք” և  2 բնապատմական՝ “Հունոտի կիրճ” և “Ազոխի քարանձավ”։ Ընդ որում “Տիգրանակերտ” և “Տողի մելիքական ապարանք” արգելոցներում գործում էին հնագիտական թանգարաններ, որտեղ ցուցադրվում էին տարածքում իրականացված պեղումների արդյունքում հայտնաբերված գտածոները։ Արգելոցները սիրելի վայր էին դարձել ոչ միայն տեղացիների, այլև օտարերկրյա այցելուների համար։

Թշնամու վերահսկողության տակ են մնացել այնպիսի խոշոր, նշանավոր հոգևոր կենտրոններ, ինչպիսիք են Դադիվանքը, Գանձասարը, Ամարասը, Շուշիի Սբ․ Ամենափրկիչ (Ղազանչեցոց) և Հովհաննես Մկրտիչ եկեղեցիները։ Ադրբեջանն այս հայկական բազմադարյա պատմություն ունեցող հոգևոր կենտրոնները հայտարարել է աղվանական, ավելի կոնկրետ ուդիական։ Եվ այսօր վերանորոգման անվան տակ հասկանալի չէ, թե այս պահի դրությամբ  ի՞նչ վնաս է հասցվում մեր արժեքներին՝ Ղազանչեցոց, Կանաչ ժամ, Դադիվանք։ Իսկ Գանձասարի վերաբերյալ ադրբեջանական որոշ պաշտոնյաներ արդեն խոսում են հայերի կողմից Գանձասարում “անօրեն”  իրականացված շինարարության մասին, ինչը թույլ է տալիս եզրակացնել, որ Գանձասարի վանքը նույնպես փոփոխությունների է ենթարկվելու։

Արցախի հայկական պատմամշակութային դարավոր ժառանգությունը, որը ոչ միայն մեր պատմական հիշողության կրիչներն են, այլև տարածքի էթնիկ պատկանելիության քարե վկաները, թիրախավորված է Ադրբեջանի հակահայ ու ծավալապաշտական քաղաքականության կողմից։ Արցախի հայ բնակչությանը ցեղասպանության ու բռնի տեղահանության ենթարկելուց հետո, Ադրբեջանն անցնելու է մշակութային ցեղասպանությանը, որի համար նախադրյալներ է ստեղծում։

Արմինե Հայրապետյան

 

Իրանի ԱԳՆ-ն՝ Իրանի տարածքով Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապի մասին

Սա նոր հարց չէ։ Իրանը վերջին 34 տարիների ընթացքում Ադրբեջանին տարածք և միջանցք է տրամադրել համագործակցության համար։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանաանին՝ պատասխանելով միջանցքի մասին հարցին, որը Ադրբեջանին Իրանի տարածքով կկապի Նախիջեւանը, փոխանցում է Tasnim-ը։

Նրա խոսքով, համագործակցությունը շարունակվում է հենց վերը նշված շրջանակներում, սակայն «հաշվի առնելով տարածաշրջանի նոր պայմանները, հնարավորություն է ստեղծվել նոր աշխարհագրությանը համապատասխան նոր համագործակցություն հաստատել, ադրբեջանական կողմը համագործակցություն է խնդրել Իրանից, և Թեհրանը ողջունել է: Պարոն Բազարփաշի (Իրանի տրանսպորտի նախարարության ղեկավար Մեհրդադ Բազարփաշի – խմբ.) այցը (Ադրբեջան) և նոր կամրջի բացումը (Արաքս գետի վրայով – խմբ.) Իրանի ևԱդրբեջանի համագործակցության նույն շրջանակներում են։ Մենք սկզբունքորեն աջակցում ենք տարանցիկ և տարածաշրջանային միջանցքների ոլորտում համագործակցության քննարկմանը, սակայն ընդգծում ենք, որ միջանցքները պետք է ստեղծվեն երկրների ինքնիշխանությանը և միջազգային իրավունքին համապատասխան։ Այցի ընթացքում քննարկվել են տարբեր թեմաներ»,- նշել է նա։

Հիշեցնենք, որ անցած շաբաթավերջին, օկուպացված Զանգելանի շրջանի Աղբանդ գյուղում, Արաքս գետի վրայով Ադրբեջանից Իրան ճանապարհային կամրջի հիմնարկեքի արարողություն էր տեղի ունեցել։ Հաղորդվում է, որ կամրջի կառուցմանը զուգահեռ կստեղծվեն սահմանային և մաքսային ենթակառուցվածքներ։

Կողմերի կարծիքով՝ «ստեղծված ավտոմոբիլային և սահմանամաքսային ենթակառուցվածքը կծառայի բեռնափոխադրումների ավելացմանը և Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն մուտքն ու ելքը հեշտացնելուն»։

Կարելի է Ինտերպոլի միջոցով հասնել Ադրբեջանի պաշտոնյաների՝ հետախուզմանն ու հանձնմանը Հայաստանին. Սիրանուշ Սահակյան

Մարդկության դեմ ուղղված և ռազմական հանցագործությունների համար Ադրբեջանի պաշտոնյաներին կարելի է մեղադրանք առաջադրել ու արդարադատության առաջ կանգնեցնել հենց Հայաստանում։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 9-ին, «Մեդիա կենտրոնում» ասուլիսի ժամանակ նշեց Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանը, ով Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու նոր մեխանիզմներ ներկայացրեց։

«Բնականաբար, այդ մարդիկ իրենց կամքով չեն գա ՀՀ, սակայն կարելի է միջազգային գործընկերների և Ինտերպոլի միջոցով հասնել նրանց հետախուզմանն ու հանձնմանը, որ նրանք ֆիզիկապես ներկա գտնվեն մեր դատական համակարգի առաջ։ Մանավանդ, ի տարբերություն Ադրբեջանի, որը շինծու գործեր է կարում, մենք ծանրակշիռ փաստեր ունենք հանցագործությունների մասին, օրինակ` Սև լճի տարածքում ինը հայ զինվորների գնդակահարման փաստը»,– ասաց Սահակյանը։

Ինչ վերաբերում է Ադրբեջանի կազմած «սև ցուցակին», որում 300 հայ է ընդգրկվել, և որոնց նկատմամբ Բաքուն միջազգային հետախուզումներ է հայտարարել, Սահակյանը կարծում է, որ դրանք մերժվելու են քաղաքական լինելու հիմքով։

«Ադրբեջանը ժամանակին դիմել է նման չհաջողված փորձերի։ Միակ խնդիրն այն է, որ ինչպես օրինակ Ալեքսանդր Լապշինի դեպքում, կարող են դիմել իրենց բարեկամ երկրներին ու նրանց միջոցով կալանավորել նրանց»,– նշեց Սահակյանը։

 

Ադրբեջանի կողմից առաջ քաշվող անկլավների թեման իրավական որևէ հիմք չունի. քարտեզագետ

Ադրբեջանն իր անկախության հռչակագրի երկրորդ հոդվածի մեջ նշել է, որ իրավահաջորդն է 1918-20 թվականների Ադրբեջանի, իսկ այդ տարիներին անկլավներ գոյություն չեն ունեցել, հետևաբար Ադրբեջանը պետք է չվավերացված և կեղծ քարտեզները հավաքի և վերադարձնի նախկին ԽՍՀՄ ռազմական շտաբ, որի իրավահաջորդն այժմ Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարությունն է։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին «Մեդիա կենտրոն» հարթակում կազմակերպված «Անկլավներ. ի՞նչ են ասում քարտեզները» խորագրով քննարկման ժամանակ ասաց աշխարհագրագետ, քարտեզագետ-քարտեզաբան Ռուբեն Գալիչյանը։

Նշենք, որ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Բրյուսելում հայ-ադրբեջանական կարգավորման շուրջ հանդիպմանն ընդառաջ զրուցել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Ադրբեջանական, ռուսաստանյան լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Միշելի հետ զրույցում Ալիևը նշել է ութ անկլավի մասին, որոնք, ըստ նրա, «օկուպացված են Հայաստանի կողմից, դրանք պետք է ազատագրել»։

Գալիչյանը ցույց տվեց 1926 թվականի ԽՍՀՄ քարտեզը, որը վավերացվել է Ներքին գործերի նախարարության կողմից և որում որևէ անկլավ թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի տարածքում գոյություն չի ունեցել։ Ավելին՝ այդ քարտեզում ամրագրված ՀԽՍՀ որոշ տարածքներ 1200 քառակուսի կիլոմետր մակերեսով հետագայում փոխանցվել են Ադրբեջանին։ Նույն քարտեզով Հայաստանին Լեռնային Ղարաբաղից բաժանել է միայն Աղավնո գետը։ Հետագայում ադրբեջանցիներին են փոխանցվել հարակից նորանոր տարածքներ։

Գալիչյանը ցույց տվեց նաև 1932 թվականի ԽՍՀՄ քարտեզը, որի համաձայն՝ երկու երկրներում նույնպես անկլավներ չեն եղել։ Դրանք ի հայտ են եկել 1940 թվականի քարտեզում՝ երկուսը Տավուշում, մյուսն Արարատի մարզում, ինչպես նաև Արծվաշենն Ադրբեջանի կազմում։ Թեև այդ անկլավները գծագրվել են, սակայն դրանց վերաբերյալ որևէ փաստաթուղթ գոյություն չունի, այսինքն՝ դրանց ամրագրումն ապացուցող իրավական հիմք չկա նաև մեր արխիվներում։ Չնայած այդ հանգամանքին՝ Ադրբեջանը 2014 թվականին հրապարակել է ատլաս, որում իր կազմի մեջ ներառել է ՀՀ տարածքում գտնվող անկլավները, սակայն որևէ նշում արված չէ Արծվաշենի վերաբերյալ։

«Ադրբեջանի ԱԳՆ-ն երկու տարի առաջ հայտարարեց, որ եթե Հայաստանը պնդում է, որ անկլավներն իր տարածքներն են, ապա պետք է պաշտոնական փաստաթուղթ ներկայացնի։ Բայց դա, ըստ էության, հակառակ մոտեցում է, քանի որ տվյալ տարածքները ՀՀ ներսում են, հետևաբար Հայաստանինն են։ Իսկ եթե Ադրբեջանը որևէ հավակնություն ունի նշված տարածքների նկատմամբ, ապա հենց ինքը պետք է ներկայացնի իրավական հիմքեր, որոնք, ըստ էության, գոյություն չունեն։ Ի դեպ, մեր տարածքում գտնվող երեք անկլավների ընդհանուր մակերեսը կազմում է 45 քառակուսի կիլոմետրը, մինչդեռ միայն Արծվաշենի տարածքը 44 քառակուսի կիլոմետր է։ Երկու տարի առաջ անդրադառնալով անկլավների թեմային վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց դրանց փոխանակման մասին, ինչը խնդրի լուծման ամենահեշտ ճանապարհն է»,- ասաց քարտեզագետը։

Ալիևը հայտարարել է, որ ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը, սակայն  տարածքի մակերեսի հետ կապված որևէ ստույգ թիվ չի հնչեցրել։ Նա ասում է, որ եթե Հայաստանը չի գալիս մանրակրկիտ սահմանագծման ու սահմանազատման, ապա իրենք այն տարածքները, որտեղ կանգնած են ադրբեջանցի զինվորականները, կհամարեն իրենց սահմանները։ Եթե Ալիևը ցանկություն ունի որևէ պայմանագիր կնքել, ապա առաջին հերթին, Գալիչյանի պնդմամբ, պետք է վերադարձնի 2021 թվականից մինչ օրս Հայաստանից գրաված տարածքները, որոնք կազմում են շուրջ 240 քառակուսի կիլոմետր և հիմնականում ռազմավարական նշանակության բարձունքներ են։

Գալիչյանը հիշեցրեց, որ ըստ ԽՍՀՄ-ի ռազմական շտաբի քարտեզները Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների մասնակցությամբ վավերացվել են դեռևս 1960-70-ական թվականներին, որոնց հիման վրա էլ 1991 թվականին ընդունվել է Ալմա-Աթայի հռչակագիրը։ Ադրբեջանցիներն այժմ առաջադրում են այնպիսի քարտեզներ, որոնցում Սև լճի և Իշխանասարի հատվածներն ընդգրկված են Ադրբեջանի կազմում։ Այդ կեղծված քարտեզներն Ադրբեջանը բաժանել է սահմաններին կանգնած իր զինվորներին ու սահմանապահներին։ Երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՀՀ տարածքն ընդգրկում է 29800 քառակուսի կիլոմետր, նշանակում է, որ ներառվում են նաև Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքները, որոնք, ի դեպ, Ադրբեջանը 1991 թվականի հռչակագրով արդեն իսկ ճանաչել է որպես ՀՀ սուվերեն տարածք։

«Եթե ադրբեջանական կողմը դուրս չի գալիս մեր երկրի ինքնիշխան տարածքի առանձին հատվածներից, ապա ինչպես կարող ենք գնալ բանակցությունների։ Ադրբեջանի հեռահար նպատակները պարզ են։ Եթե նրանք ՀՀ տարածքում ունենան անկլավներ, ապա ապագայում կպահանջեն նաև միջանցք, որպեսզի ցամաքային կապ ունենան անկլավների հետ, ինչը նույն դերակատարումն է ունենալու, ինչ այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը։ Մյուս կողմից պարզ տեսանելի է, որ ադրբեջանական անկլավները ՀՀ տարածքում գտնվում են ռազմավարական նշանակություն ունեցող մայրուղիների վրա, ու եթե դրանք միջանցքներով միացվեն Ադրբեջանին, ապա Հայաստանը ուղիղ կապ չի ունենա իր հարավային մարզերի հետ, իսկ հյուսիսում էլ կտրվելու է Իջևան-Նոյեմբերյան ճանապարհը։ Ադրբեջանը խոսում է ուժի տեսանկյունից և ակնարկում այդ տարածքներին տիրանալու մասին։ Եթե Հայաստանը զիջումների գնա, դրանից Ադրբեջանի ախորժակն ավելի է բացվելու, և մեր հարևանը երբեք կանգ չի առնելու, հետևաբար ուժին հնարավոր է դիմակայել միայն հակադարձ ուժի ցուցադրմամբ։ Մենք պետք է արագ վերականգնենք մեր զինված ուժերը, որպեսզի ապագայում կարողանանք արդյունավետորեն պաշտպանել մեր սուվերեն տարածքները»,- ասաց բանախոսը։

Մարինա Կալյուրանդն ակնկալում է, որ Եվրոպական հանձնաժողովն ավելի կոնկրետ քայլեր կանի Ադրբեջանի ագրեսիան զսպելու ուղղությամբ

Եվրոպական խորհրդարանի` Հարավային Կովկասի հետ հարաբերությունների պատվիրակության ղեկավար, պատգամավոր Մարինա Կալյուրանդը կարծիք է հայտնել, որ Հայաստանն այժմ առավել քան երբևէ ունի Եվրոպական Միության աջակցության կարիքը։ Նրա խոսքով՝ Հայաստանն ունի ԵՄ-ի թե ֆինանսական, թե քաղաքական աջակցության կարիքը՝ հումանիտար աղետը հաղթահարելու համար։  Ինչ վերաբերում է հարցին, թե որքանով է պատրաստ Եվրամիությունն անվտանգության երաշխիքներ տալ Հայաստանին, Կալյուրանդը նշում է, որ դա հարցադրում է, որ պետք է ուղղվի Հայաստանի ղեկավարությանը, շատ որոշումներ հենց Հայաստանը պետք է կայացնի։

ԵԽ պատգամավորը նաև նշել է, որ Եվրոպական խորհրդարանն իր քայլն արել է, կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ, վերանայել ԵՄ-Ադրբեջան հարաբերությունները։ Նա հավելել է, որ հերթը Եվրոպական հանձնաժողովինն է, որից ակնկալում է ավելի կոնկրետ քայլեր։

Մարինա Կալյուրանդն այս մասին ասել է Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցին տված հարցազրույցում, որը ներկայացնում ենք ստորև․

-Տիկի՜ն Կալյուրանդ, Հարավային Կովկասում խաղաղության հասնելու արևմտյան ջանքերը որքանո՞վ են արդար և կառուցողական՝ հաշվի առնելով այն իրավիճակը, որում արցախահայությունը բոլորովին անտեսված ու լքված մնաց Արևմուտքի կողմից։

-Ես չեմ կարող խոսել ամբողջ Արեւմուտքի անունից, կարող եմ խոսել Եվրախորհրդարանի, իմ պատվիրակության անունից և, հիմնվելով այն ամենի վրա, ինչ տեսնում եմ, ԵՄ-ի անունից: Այո, ես նախկինում բազմիցս լսել եմ, որ ԵՄ-ն բավականաչափ ուշադրություն չի դարձրել Լեռնային Ղարաբաղին և հայերի վերաբերյալ իրավիճակին՝ նաեւ 2020 թվականի պատերազմից հետո: Բայց կցանկանայի ասել, որ ԵՄ-ն մեծ դեր է խաղացել միջնորդության հարցում: Բրյուսելում վարչապետ Փաշինյանի և նախագահ Ալիևի հանդիպումները միջնորդական ջանքերով են տեղի ունեցել։ Բրյուսելում անվտանգության բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ միջնորդական աշխատանքներ տեղի ունեցան՝ նպատակը հոկտեմբերի սկզբին վարչապետ Փաշինյանի և նախագահ Ալիևի հնարավոր հանդիպման համար հող նախապատրաստելն էր։

Մենք Հայաստանում դիտորդական առաքելություն ունենք, որն, այո, այնտեղ է անցյալ տարվա դեկտեմբերից, եւ ադրբեջանական կողմը չի ճանաչում, բայց առաքելությունը կա։ Այն փորձում է կատարել իր հիմնական խնդիրը, փորձում է անել գլխավորը՝ ապահովել խաղաղությունն ու անվտանգությունը, լինել խաղաղության ու անվտանգության երաշխիք։ Բայց, իհարկե, հեշտ չի կարող լինել, եթե երկու կողմերն էլ քաղաքական կամք չունեն։ Միջնորդությունները կարող են անվերջ շարունակվել, եթե չկա քաղաքական կամք՝ կնքելու երկարատև խաղաղության համաձայնագիր՝ խաղաղության և անվտանգության երաշխավորման դրույթներով, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում բնակվող հայերի իրավունքների վրա կենտրոնանալով։ Առանց այդ երաշխիքների ես պարզապես չեմ պատկերացնում, որ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությունը կարող է վստահ լինել, որ իրենց կհարգեն, և իրենց իրավունքները պաշտպանված կլինեն։

-Վերջերս ձեր տված հարցազրույցներից մեկում դուք ասացիք, որ Հայաստանում իշխանությունները փորձում են մերձենալ Արևմուտքի հետ, ուստի Եվրամիությունը պետք է օգնի Հայաստանի իշխանություններին։ Կարո՞ղ է Եվրամիությունը կամ ընդհանրապես Արևմուտքը Հայաստանին անվտանգության իրական երաշխիքներ տալ՝ հաշվի առնելով, որ ՆԱՏՕ-ն տարածաշրջանում ներկայացնում է Թուրքիան, իսկ նրա կեցվածքն ու հարաբերությունները Ադրբեջանի հետ հայտնի են բոլորին։

-Դժվար հարց է։ Ինչ վերաբերում է օգնությանը, այո, ես կարծում եմ, որ Հայաստանն այսօր ավելի շատ ԵՄ աջակցության կարիքն ունի, քան երբևէ, այդ թվում՝ քաղաքական, այդ թվում՝ ֆինանսական՝ հումանիտար աղետը հաղթահարելու համար։ Եվ ես իսկապես ուրախ եմ, որ ԵՄ-ն արդեն աջակցում է՝ առաջին որոշումը կայացված է, միջոցներ են  հատկացվում  փախստականների հետ կապված իրավիճակին օգնելու համար։ Ինչ վերաբերում է անվտանգության երաշխիքներին, ապա դա ավելի շատ հարցադրում է հենց  Հայաստանի համար: Հայաստանն այսօր ՀԱՊԿ անդամ է։ Թեև ձեր վարչապետը շատ քննադատաբար է վերաբերվել այն դերին, որ Ռուսաստանը խաղացել է, կամ ավելի շուտ կասեի, որ չի խաղացել տարածաշրջանում անվտանգության ապահովման գործում՝ չմիջամտելով Ադրբեջանի վերջին հարձակումների ժամանակ։ Ռուսաստանը չկարողացավ կասեցնել Լաչինի միջանցքի շրջափակումը։ Ինձ համար դա շատ հստակ ցույց է տալիս, որ Ռուսաստանի աջակցությունը Հայաստանին ձախողվել է։ Եվ հիմա հարցը Հայաստանի իշխանություններին ու պաշտոնյաներին է՝ ինչպե՞ս եք տեսնում ձեր ապագան: Ես շատ ուշադիր լսում եմ, թե ինչ է ասում ձեր վարչապետը ԵՄ-ի հետ հարաբերությունների սերտացման մասին։ Ես շատ ուշադիր հետևում էի ձեր զինվորականների վարժանքներին ամերիկացիների, Կանզասի ազգային գվարդիայի հետ: Կարծում եմ՝ սրանք այն քայլերն են, որոնք ցույց են տալիս, որ Հայաստանը ցանկանում է անվտանգության ոլորտում ավելի սերտ համագործակցություն ունենալ նաև արևմտյան տերությունների հետ։ Բայց, ինչպես ասացի, շատ որոշումներ Հայաստանը պետք է կայացնի։

-Եկեք անկեղծ լինենք, անշուշտ ռուս խաղաղապահների արածը բավարար չէ։ Եվ հարցը դա չէ․․․

-Թույլ տվեք ընդհատեմ ձեզ: Հարցն այն չէ, թե ռուսների խաղաղապահությունը բավարա՞ր է։ Ռուսական խաղաղապահությունն ամբողջությամբ ձախողվել է, և քանի դեռ Հայաստանը շարունակում է համագործակցությունը ռուսական անվտանգության ուժերի հետ՝ ռուսական բանակի, ռուսական ԱԱԾ-ի, ռուս սահմանապահների հետ, ես պարզապես չեմ տեսնում, թե ինչպես Հայաստանը կարող է անվտանգության ոլորտում ավելի սերտ համագործակցություն ունենալ ԵՄ-ի հետ։

-Լավ, բայց ի՞նչ է արել կամ ի՞նչ է անում Եվրամիությունը բացի խիստ և շատ մտահոգված լինելուց։ Համամարդկային արժեքների ու իրավունքների ոտնահարում, սանձարձակ բռնատիրություն, որը չի հարգում ոչ մի միջազգային կառույցի որևէ որոշում, և Եվրամիությունը լռում է։ Ուրիշ ի՞նչ պետք է անի Ադրբեջանը, որպեսզի պատժամիջոցներ կիրառվեն։ Եվրամիությունը միշտ մտահոգված է, շատ անհանգստացած, բայց երբեք հստակ քայլեր և պատժամիջոցներ չեն ձեռնարկվում։

-Թույլ տվեք չհամաձայնել, որ ԵՄ-ն ձախողել է։ Ես կասեի միջազգային հանրությունն է ձախողել, քանի որ բանակցությունները եղել են ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որտեղ ԵՄ-ն հիմնական դերակատարներից ընդամենը մեկն է։ Այնպես որ, ավելի ճիշտ է ասել, որ այդ ֆորմատը ձախողվեց։ Ինչ վերաբերում է վերջին իրադարձություններին և միջազգային իրավունքի խախտումներին, այո, ես համաձայն եմ, և ես նույնպես կցանկանայի ավելի կոշտ հայտարարություններ տեսնել արտաքին հարաբերությունների գերագույն ներկայացուցիչ Բորելի կողմից։ Բայց ես կարող եմ կրկին խոսել իմ, իմ պատվիրակության և Եվրախորհրդարանի անունից։ Ուշադրություն դարձրեք մեր վերջին հայտարարություններին։ Մենք շատ պարզ ասացինք, որ պետք է դիտարկել պատժամիջոցների կիրառումը նրանց դեմ, ովքեր կանգնած են հարձակման որոշումների հետևում, մենք նաև շատ հստակ ասել ենք, որ ԵՄ-Ադրբեջան հարաբերությունների ապագան պետք է պայմանավորվի ոչ միայն Լեռնային Ղարաբաղում հայերի կարգավիճակով, այլ պետք է դիտարկվի ավելի լայն պատկերի շրջանակներում։ Վերջին ամիսներին մենք լիագումար նիստում մի քանի քննարկումներ ենք ունեցել Ադրբեջանում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ։ Այսպիսով, ես կասեի, որ Եվրախորհրդարանը շատ ավելին է արել, քան ԵՄ այլ կառույցները, բայց ես համաձայն եմ, որ այսօր հերթը Հանձնաժողովինն է, Հանձնաժողովի նախագահինը, որը մեկ տարի առաջ Բաքվում էր՝ ստորագրելով փոխըմբռնման հուշագիրը եւ ասելով, որ Ադրբեջանը վստահելի գործընկեր է։ Այսօր Ադրբեջանն իրեն վստահելի գործընկերոջ պես չի պահում։ Այնպես որ, այո, ես նույնպես սպասում եմ, ակնկալում եմ, որ Հանձնաժողովը և Գերագույն ներկայացուցչությունը ավելի կոնկրետ քայլեր կձեռնարկեն։

-Որո՞նք կլինեն Եվրոպայի քայլերը Հայաստանի ինքնիքշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ոտնձգությունների պարագայում։ Կրկին խիստ մտահոգությո՞ւն, որը երբեմն ցինիզմի է վերածվում, երբեք չկան պատժամիջոցներ․․․ այս դեպքում, եթե խոսքը վերաբերի Հայաստանի ինքնիշխան տարածքին, արդյո՞ք հստակ քայլեր կձեռնարկի Եվրամիությունը։

-Ինչպես ասացի, Եվրախորհրդարանը կոչ է արել կոնկրետ քայլեր ձեռնարկել, և մենք շատ հստակ դիրքորոշում ենք դրսեւորել ԵՄ-Ադրբեջան հարաբերությունների ապագայի, ինչպես նաև պատժամիջոցների վերաբերյալ։ Բայց, ինչպես գիտեք, պատժամիջոցները Եվրախորհրդարանի կողմից չեն սահմանվում։ Ես տեսնում եմ Եվրախորհրդարանի դերը որպես արդար միջնորդ և որպես միջոց, որը հիշեցնում է Եվրոպական Խորհրդին և Հանձնաժողովին իրենց պարտականությունների մասին: Ուզում եմ հիշեցնել, որ Եվրախորհրդարանն առաջինն էր, որ 2022 թվականի մարտին, Ուկրաինայի դեմ ագրեսիայի սկսվելուց հետո, ասաց, որ ռուսական էներգակիրների ներկրումը պետք է 100 տոկոսով արգելվի։ Հանձնաժողովից և Խորհրդից որոշ ժամանակ պահանջվեց, բայց նրանք դա արեցին, այնպես որ ես կարող եմ միայն ևս մեկ անգամ հաստատել այն դիրքորոշումը, որը դուք լավ գիտեք՝ իմ դիրքորոշումը, ԵԽ Հարավային Կովկասի պատվիրակության դիրքորոշումը, Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի դիրքորոշումը։ Եվ մենք կշարունակենք կրկնել մեր դիրքորոշումը և պահանջել Եվրոպական Հանձնաժողովից և Խորհրդից համապատասխան քայլեր ձեռնարկել։

 

Արցախում ՄԱԿ-ի երկրորդ առաքելությունը «կհաստատի», որ Ստեփանակերտում թալան չկա

ՄԱԿ-ի առաքելությունը հայերի տեղահանությունից հետո երկրորդ անգամ այցելեց Արցախ։ Առաքելության կազմը և գտնվելու տևողությունը չի հաղորդվում։

Նախորդ առաքելությունը, փաստորեն, արձանագրել է, որ հայերի տեղահանությունից հետո (որը արևմտյան և ռուսական մամուլում կոչում են «փախուստ», կամ «զարմանալի տեղահանություն»), Ստեփանակերտի ենթակառուցվածքներն ու տները չեն ավերվել, թալան չի եղել, և մարդիկ կարող են “անվտանգ” վերադառնալ իրենց տները:

Իր հերթին, հոկտեմբերի 12-ին Արդարադատության միջազգային դատարանը կքննարկի Հայաստանի հայցն ընդդեմ Ադրբեջանի։ Հայաստանը դիմել է Արդարադատության միջազգային դատարան՝ Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոցներ կիրառելու խնդրանքով։

Պահանջներից մեկն այն է, որ «Ադրբեջանը ճանաչի և կիրառի Լեռնային Ղարաբաղի իշխանությունների կողմից ստեղծված քաղաքացիական կացության ակտերը, անձը հաստատող փաստաթղթերը, սեփականության իրավունքներն ու գրանցամատյանները և չոչնչացնի կամ չբռնագրավի այդպիսի գրանցամատյաններն ու փաստաթղթերը»:

Փաստորեն, եթե հոկտեմբերի 12-ի դատարանը Ադրբեջանին «ստիպի» ճանաչել Արցախի ժողովրդի սեփականության իրավունքները, Բաքուն համաձայնվի դա անել, իսկ ՄԱԿ-ի առաքելությունը հաստատի, որ Արցախի ժողովրդի ողջ ունեցվածքը կարգին է, ապա «հետարտաքսման» հարցը, կամ Արցախում արցախցիների սեփականության իրավունքից վերջնականապես զրկելը միայն տեխնիկայի խնդիր է դառնալու։

ՀՀ կառավարությունը չի ներկայացրել Արցախում գրանցված Հայաստանի քաղաքացիների երկարաժամկետ ինտեգրման ծրագիր, չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կողմից տրված փաստաթղթերը, այդ թվում՝ սեփականության իրավունքի, զինվորական ծառայության և այլի մասին։ Հայցը, որով պահանջվում է, որ Ադրբեջանը ճանաչի այդ իրավունքները, նշանակում է, որ Հայաստանը «պատվիրակում է» այդ իրավունքները Բաքվին։

Ի՞նչ կմնա արցախցիներին, եթե նրանք ֆիզիկապես չկարողանան մեկնել Արցախ, իսկ սեփականության իրավունքը փոխանցվի Բաքվին։ ՄԱԿ-ը և ռուսական զորքերը կհաստատեն, որ գույքն ապահով է, և մնում է միայն գալ, վերցնել նոր սեփականության վկայական, նոր անձնագիր և ապրել «անվտանգության մեջ»:

Հայաստանի վարչապետն իր բանավոր հայտարարությամբ Ղարաբաղը «ճանաչեց» որպես Ադրբեջանի մաս, թեև դրա համար իրավական հիմքեր չկան։ Եթե ​​գոնե մեկ նման փաստաթուղթ լիներ, Պուտինն ու Միշելը ոչ թե Փաշինյանի հայտարարությանը հղում կանեին, այլ կցուցադրեին այս փաստաթուղթը։

Հիմա Փաշինյանը ՄԱԿ-ի դատարան հայցով ցանկանում է վերջապես զրկել արցախցիներին Արցախի տարածքում սեփականության իրավունքից։