Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը Հայաստանում է։ Այդ մասին հայտնել է Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանը։
Month: Հոկտեմբեր 2023
LՂ-ից բռնի տեղահանված երեխաներին 100-հազարական դրամ տրամադրելու համար անհրաժեշտ է մուտքագրել նրանց տվյալները
Լեռնային Ղարաբաղից Հայաստան բռնի տեղահանված անչափահասներին 100-հազարական դրամ տրամադրելու համար անհրաժեշտ է համապատասխան հարթակներում մուտքագրել նրանց տվյալները:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հոկտեմբերի 4-ին «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ասուլիսում հայտնեց Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:
«Երեկ երեկոյան ՀՀ կառավարությունը գրավոր ընթացակարգով հաստատել է 100 հազարական դրամների միանվագ տրամադրման որոշումը և հատկացման կարգը: Այն բոլոր ընտանիքներում, որտեղ կան անչափահաս երեխաներ, անհրաժեշտություն կա մուտք գործել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հատուկ հարթակ, որտեղ երեխայի մայրը կամ խնամակալը պետք է լրացնեն երեխայի ծննդյան վկայականի տվյալները, որպեսզի այդ տվյալները կապվեն մոր կամ խնամակալի տվյալներին: Այդ դեպքում գումարը կփոխանցվի մոր կամ խնամակալի բանկային հաշվին»,-ասաց Բաղդասարյանը:
Նա հիշեցրեց՝ այն մարդիկ, որոնք առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամության կարգ ունեն կամ 75 տարեկանից ավելի բարձր են, նրանց գումարների հատկացումը կլինի «Հայփոստ»-ի միջոցով:
«Անհրաժեշտ է ժամ առաջ գնալ որևէ առևտրային բանկ և բացել քարտային բանկային հաշիվ: Հաշիվների բացումն անվճար է: Դրանից հետո որևէ այլ գործառույթ իրականացնել պետք չէ, որովհետև այդ տվյալները Հայաստանի կենտրոնական բանկի կողմից փոխանցվում են միասնական սոցիալական ծառայություն և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, ամփոփելով այդ տվյալները, գումարների փոխանցումը կիրականացնի»,-նշեց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:
Ո՞ւմ էր պետք վավերացնել Հռոմի ստատուտը մինչև հոկտեմբերի 5-ը
2023 թվականի հոկտեմբերի 3-ին Հայաստանի խորհրդարանը, ավելի ճիշտ՝ իշխող Քաղաքացիական պայմանագիրը վավերացրեց Միջազգային քրեական դատարանին միանալու մասին Հռոմի ստատուտը։ Այսուհետ դատարանի իրավասությունը տարածվում է Հայաստանի տարածքի վրա։
2020 թվականի պատերազմից, 2023 թվականի սեպտեմբերի 19-ի ագրեսիայից, արցախցիների արտաքսումից հետո, Բաքվի կողմից Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության մի շարք ներկայացուցիչների ձերբակալություններից, նախկին նախագահների և զորահրամանատարների անհայտ ճակատագրից հետո եւ հոկտեմբերի 5-ին Գրանադայում կայանալիք հանդիպման նախօրեին Հռոմի ստատուտի վավերացումը չարագուշակ է թվում։
Ելույթ ունենալով խորհրդարանում՝ միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն ասաց, որ հարցը կրկին արդիական է դարձել Հայաստանի տարածքում ադրբեջանական զինուժի հարձակումից և նրանց կողմից ռազմական հանցագործություններ կատարելուց հետո։ Վավերացումը հնարավորություն կտա ադրբեջանական զինուժին պատասխանատվության ենթարկել և ապագայում կանխել նմանատիպ հանցագործությունները, հատկապես, որ Ադրբեջանի զինված ստորաբաժանումները մնում են Հայաստանի տարածքում։
Կիրակոսյանը պարզաբանեց, որ դատարանն իրավասու չէ այլ երկրի տարածքը զավթելու հարցերով, սակայն իրավասու է քննարկել անդամ երկրի տարածքում կատարված ցանկացած հանցագործություն։ Դատարան կարող է ներկայացվել նաև Լեռնային Ղարաբաղից հայերին բռնի տեղահանելու հայցը։
Սակայն Արցախի և Հայաստանի սահմանադրական տարածքի դեմ ագրեսիան, քաղաքական և իրավական հարցում Հայաստանի իշխանության գործողությունները (ավելի ճիշտ՝ անգործությունը), քաղաքական խնդիրների փոխարինումը «մարդասիրականով» եւ այլն հուշում են, որ Հայաստանի գործող իշխանությունը դատի չի տա Բաքվին։ Ուրեմն ինչո՞ւ էր անհրաժեշտ շտապ վավերացնել ստատուտը։
Ռուսամետ ընդդիմությունը և Մոսկվան պնդում են, որ Հռոմի ստատուտի վավերացումն ուղղված է Ռուսաստանի դեմ. ՄՔԴ-ն մի քանի ամիս առաջ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու օրդեր է տվել։ Քաղաքացիական պայմանագիրը պնդում է, որ վավերացումն ուղղված չէ Ռուսաստանի դեմ, Պուտինին էլ չեն ձերբակալի, բայց ընդդիմությունը դեմ է և ասում է, որ Հռոմի ստատուտի ընդունումը «հակասահմանադրական է»։
Ինչու՞ Հայաստանի Սահմանադրական դատարանը 2004 թվականին որոշեց, որ Հռոմի ստատուտը հակասում է Հայաստանի Սահմանադրությանը։ Ի՞նչ է իրականում թաքնված դրա ներկայիս հրատապ վավերացման հետևում։ Արդյո՞ք սա կապված է առաջիկա «խաղաղության պայմանագրի» նախապատրաստման հետ, որը հոկտեմբերի 5-ին Իսպանիայի Գրանադայում քննարկվելու է Հայաստանի, Ադրբեջանի և ԵՄ երկրների ղեկավարների կողմից։
Փաշինյանն ու Ալիևը Եվրոպական խորհրդի ղեկավարի միջնորդությամբ խոսել են «խաղաղության պայմանագրի» մասին 2022 թվականի նոյեմբերին, երբ Փաշինյանը «Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ճանաչեց»։ Սրանից անմիջապես հետո Հայաստանում ակտիվացել է Հռոմի ստատուտի վավերացման գործընթացը (Պուտինին ձերբակալելու օրդեր է տրվել միայն 2023 թվականի մարտին)։
Հայաստանը Հռոմի ստատուտը ստորագրել է դեռ 1999 թվականին, սակայն այն չի վավերացրել, քանի որ 2004 թվականին Հայաստանի Սահմանադրական դատարանը ստատուտը ճանաչել է մասնակի հակասահմանադրական։ Սահմանադրական դատարանի որոշման մեջ ասվում է, որ «Միջազգային քրեական դատարանի կանոնադրության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունը, համաձայն որի Միջազգային քրեական դատարանը լրացնում է Հայաստանի Հանրապետության քրեական իրավասության ներպետական մարմինները, չի համապատասխանում Սահմանադրությանը»։
«Հայաստանի Հանրապետությունում արդարադատությունն իրականացնում են միայն ՀՀ դատարանները՝ Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան»:
Սահմանադրական դատարանը նաև նշել է Հռոմի կանոնադրության 105-րդ հոդվածը, որը «բացառում է ներման իրավունքի իրացումը և համաներման հնարավորությունը ներպետական ընթացակարգերով դատապարտվածների համար», որը չի համապատասխանում երկրի Սահմանադրությանը:
Ընդդիմությունը Հռոմի ստատուտը վավերացնելու կառավարության որոշումը անվանել է «ծայրահեղ քաղաքական կուրություն», որը հղի է «անկանխատեսելի հետեւանքներով»։
Ի՞նչ հետեւանքների մասին է խոսքը։ Հիշեցնենք, որ «խաղաղության պայմանագիրը» ներառում է նաև «ռազմական հանցագործների» հարցի լուծում. Բաքուն մեկ անգամ չէ, որ անուղղակիորեն պահանջել է արտահանձնել 1991-94 և 2016 թ-ի պատերազմներում հայերի հաղթանակին նպաստած ռազմական և քաղաքական գործիչներին։ Այդ մարդկանցից շատերը գտնվում են Հայաստանի տարածքում, մի քանիսն Ադրբեջանի կողմից միջազգային հետախուզման մեջ են։
2004 թվականին մտահոգությունները անուղղակի վերաբերում էին նաև այն անձանց ճակատագրին, որոնց այլ երկրները կարող էին մեղադրել «ռազմական հանցագործությունների» մեջ։ Այդ իսկ պատճառով ՀՀ Սահմանադրությունը սահմանեց, որ նրանք կարող են դատվել միայն Հայաստան դատարանների կողմից, իսկ ներման ու համաներման իրավունքը նույնպես պետք է իրականացվի ներպետական ընթացակարգով։
Հիմա, փաստորեն, այդ արգելքները հանվել են։
Արդյո՞ք այդ անձանց վրա կտարածվի Հռոմի ստատուտը, և արդյոք Երևանը «ստիպված» կլինի Հայաստանի և Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարությանը հանձնել Հաագային։
Հայաստանը խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի առաջնորդների ձերբակալությունները
Հայաստանի Հանրապետությունը խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի առաջնորդների ձերբակալությունները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է ՀՀ ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ:
«Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի առաջնորդների՝ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի, Դավիթ Իշխանյանի, Ռուբեն Վարդանյանի և այլոց ձերբակալությունները։
Չնայած ԼՂ ներկայացուցիչների հետ երկխոսությանը, հայերի իրավունքների հարգման և պաշտպանության, նրանց վերադարձը ԼՂ չխոչընդոտելու պատրաստակամության, տարածաշրջանում խաղաղության հաստատման վերաբերյալ Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարություններին, Ադրբեջանի իրավապահ մարմինները շարունակում են կամայական ձերբակալությունները:
Հայաստանի Հանրապետությունը բազմիցս, այդ թվում՝ սեպտեմբերի 23-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հարթակից, բարձրաձայնել է այդպիսի գործողությունների բացառումը երաշխավորելու անհրաժեշտության մասին։ Սեպտեմբերի 28-ին Հայաստանի Հանրապետությունն արդեն իսկ դիմում է ներկայացրել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան՝ Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի շրջանակներում քննվող Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով ժամանակավոր միջոց կիրառելու մասին Ադրբեջանից պահանջելով ձեռնպահ մնալ Լեռնային Ղարաբաղի ներկայիս կամ նախկին ղեկավարության կամ զինվորականների նկատմամբ պատժիչ գործողություններից։
Հայաստանի Հանրապետությունը կձեռնարկի բոլոր հնարավոր քայլերն ապօրինաբար ձերբակալված ԼՂ ներկայացուցիչների իրավունքները միջազգային, այդ թվում՝ դատական ատյաններում պաշտպանելու համար։
Նաև կոչ ենք անում միջազգային գործընկերներին հետամուտ լինել մինչ օրս Ադրբեջանին ուղղված բոլոր՝ ԼՂ ժողովրդի իրավունքների և անվտանգության պաշտպանության վերաբերյալ իրենց ուղերձներին և խնդիրը հասցեագրել թե´ Ադրբեջանի հետ երկկողմ հարաբերությունների տիրույթում, թե´ տարբեր միջազգային ատյաններում»,- ասված է հայտարարության մեջ:
Երեխաներին ասել են, որ սա ընդամենը “փախնենք նկուղ” խաղ է
Սեպտեմբերի 19-ը շրջափակման հերթական օրն էր, որին նախորդում էին հյուծիչ հերթերը, սակայն կեսօրից՝ պայթյուններ, նորից խեղված ճակատագրեր։
Ստեփանակերտի բնակիչ Մ․ Գրիգորյանը պատմում է, որ արդեն վերադարձել էր աշխատանքից, երբ սկսեցին ռմբակոծել Ստեփանակերտը, ավելի «արատ», քան 2020 թվականին։
Տան տղամարդիկ, ինչպես միշտ, հայրենիքի պաշտպանությանն էին մեկնել, ինքը մենակ էր։ Հարևանի 3 ամյա աղջիկը հոր հետ տանն էր, իսկ մայրը մյուս երկու երեխաների հետ դրսում, և քանի որ երեխայի հայրը ևս պետք է գնար, խնդրեց, որ երեխային նայի, մինչև կվերադառնան։
Հիշում է, որ ամուր գրկել էր երեխային և վազել դեպի հարևանի նկուղ, որտեղ հավաքվում էին հարևանները պատերազմների ժամանակ։
Երեխան հարցնում էր, թե ինչ է կատարվում, ինչ ձայներ են։ Ասել են՝ ընդամենը ամպրոպ է, հիմա նկուղում են, որ փախնեն անձրևից, և այս ամենը ընդամենը խաղ է։
Հիմա հարևանի նկուղը դատարկ է, միայն անցած օրերի ուրվականն է շրջում երբեմնի աշխույժ թաղամասով։
Ամեն ինչ կորցնելուց հետո ընդամենը երազում են, որ գոնե հարևաններով, բարեկամներով մոտ լինեն, որպեսզի կապը չկորցնեն։
Քրիստինա Ալավերդյան
100.000 բնակիչներ ստիպված էին լքել իրենց պատմական հողերը՝ Ռուսաստանի մեղսակցությամբ Բաքվի ռազմական գործողությունների պատճառով․ Կոլոննա
Իմ վերջին այցից հինգ ամիս անց ես վերադարձա Հայաստան՝ ոչ միայն ցույց տալու մեր բարեկամությունը, այլ նաև Ֆրանսիայի համերաշխությունն ու աջակցությունը հայտնելու Հայաստանին և հայ ժողովրդին այն փորձության պահին, որով անցնում է Հայաստանը։ Այս մասին հոկտեմբերի 3-ին Երեւանում մամուլի ասուլիսին հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Քեթրին Կոլոնան։
«Երկու շաբաթվա ընթացքում դուք Լեռնային Ղարաբաղից ընդունեցիք ավելի քան 100.000 բնակիչների, ովքեր ստիպված էին լքել իրենց պատմական հողերը՝ Ռուսաստանի մեղսակցությամբ՝ Ադրբեջանի ռազմական գործողությունների պատճառով, պետք է նաև հիշեցնել՝ 9 ամիս ապօրինի շրջափակումից հետո։ Ապօրինի, քանի որ բոլորս կարող ենք հիշել, որ Արդարադատության միջազգային դատարանը պահանջել էր, որ այս տարածքը բացվի փետրվարին։
ԱՄՆ Պետդեպը Արցախ ՄԱԿ դիտորդական խմբի այցի եւ Արցախում Ռուսաստանի ռազմական ներկայության մասին
ԱՄՆ պետքարտուղարության մամուլի փոխխոսնակ Վեդանթ Փաթելն այսօր ԱՄՆ պետքարտուղարությունում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ընդգծել է, որ Միացյալ Նահանգները շարունակում է շփումները Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարության հետ ամենաբարձր մակարդակներում՝ արժանապատիվ և տեւական խաղաղության հասնելու համար:
«Այս վերջին շաբաթվա ընթացքում և դրանից հետո մենք կրկնում ենք Լեռնային Ղարաբաղում ավելի երկարաժամկետ, անկախ միջազգային դիտորդական առաքելություն ունենալու մեր կոչը՝ ապահովելու համար թափանցիկություն և վստահ լինելու համար, որ էթնիկ հայերի իրավունքները և անվտանգությունը կպաշտպանվի, մասնավորապես, նրանց, ովքեր կարող են վերադառնալ, ինչպես նաև [կպահպանվի] մշակութային ժառանգության օբյեկտները, ինչը, իհարկե, համահունչ է Ադրբեջանի հրապարակային հայտարարություններին և նրանց ստանձնած միջազգային պարտավորություններին:
Պատասխանելով լրագրողների հարցերին՝ Վեդանթ Փաթելը հավելել է, որ ռուսական ռազմական ներկայությունը Լեռնային Ղարաբաղում շարունակում է մտահոգիչ լինել, սակայն Միացյալ Նահանգները կշարունակի ներգրավված մնալ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարության հետ, որպեսզի հնարավոր դառնա հասնել արժանապատիվ և տեւական խաղաղությանը:
Անդրադառանալով վերջերս ՄԱԿ-ի դիտորդական առաքելության այցին Լեռնային Ղարբաղ և ՄԱԿ-ի խոսնակի մեկնաբանություններին այդ առիթով՝ Փաթելն ընդգծել է. «Մենք, իհարկե, գնահատում ենք ՄԱԿ-ի խոսնակի մեկնաբանությունները, բայց դա չի փոխում Միացյալ Նահանգների դիրքորոշումը… Մենք շարունակում ենք հավատացած լինել, նույնիսկ ՄԱԿ-ի այցի լույսի ներքո, որ առկա է մեծ ցանկություն և անհրաժեշտություն Լեռնային Ղարաբաղում ունենալ ավելի երկարաժամկետ անկախ միջազգային դիտորդական առաքելություն: Կարծում ենք, որ դա կապահովի թափանցիկություն և համապատասխան հավաստիացումներ, որ կապահովվեն իրավունքներն ու անվտանգությունը, որի վերաբերյալ մենք շարունակում ենք խորը մտահոգություն ունենալ»,- ասել է Փաթելը:
Հայերը պետք է վերադառնան Լեռնային Ղարաբաղ․ Քննարկումներ Եվրախորհրդարանում
Եվրախորհրդարանի հոկտեմբերի 3-ի բանավեճի ժամանակ Հարավային Կովկասի հետ հարաբերությունների գծով Եվրախորհրդարանի պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդը հայտարարել է, որ Եվրամիությունը պետք է վերանայի իր հարաբերությունները ազերբայդժանի հետ և առաջ քաշի իր պայմանները։
«Մենք պետք է դադարեցնենք հանդարտեցման քաղաքականությունը, և Ալիևի վարչակարգի համար անհապաղ հետևանքներ պետք է լինեն», ընդգծել է նա։
Կալյուրանդը քննադատել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենին, ով անցյալ տարի իր այցի ժամանակ կանգնել էր Ալիևի կողքին և գովել Բաքվին՝ նրան անվանելով «ԵՄ վստահելի գործընկեր»։
«Այսօր Հանձնաժողովը շատ հստակ հասկացրեց, որ ազերբայդժանի գործողությունները՝ սկսած ռազմական գործողություններից, ավարտվում են Լեռնային Ղարաբաղի բնակչության բռնի տեղահանմամբ, ինչը փաստացի էթնիկ զտում է», ասել է նա։
Եվրախորհրդարանի պատգամավորի խոսքով՝ ԵՄ-ն արձագանքելու համար անհրաժեշտ լծակներ ունի, և նրա պատասխանը պետք է ներառի պատժամիջոցներ։
Իր հերթին, ԵԽ պատգամավոր Նատալի Լուազոն, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին, կոչ է արել չկրկնել անցյալի սխալները։ «Մենք պետք է ծառայենք մեր պատվին և ծառայենք Հայաստանին», ասել է նա։
ԵՄ-ում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը X-ի իր միկրոբլոգում մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Եվրախորհրդարանում տեղի ունեցած բանավեճը։
«Եվրախորհրդարանի անդամները միակարծիք են.
Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտումները դատապարտելու հարցում
Ալիևի ռեժիմը պետք է բախվի իր գործողությունների հետևանքներին.
Հայաստանին ԵՄ-ի բազմակողմանի աջակցության մեջ
Հայերը պետք է վերադառնան Լեռնային Ղարաբաղ՝ միջազգային երաշխիքների և ներկայության ներքո»։
ԵՄ-ն, ԱՄՆ-ն և Ռուսաստանը գաղտնի բանակցություններ են վարել Լեռնային Ղարաբաղի դեմ ագրեսիայից առաջ. Politico
ԱՄՆ-ի, ԵՄ-ի և Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաները Արցախի դեմ Բաքվի ագրեսիայից մի քանի օր առաջ գաղտնի բանակցություններ են վարել Թուրքիայում՝ կապված Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի հետ, գրում է Politico-ն։
Հանդիպումը նշանավորում է ուկրաինական պատերազմի բռնկման պահից ի վեր Մոսկվայի և Արևմուտքի միջև հազվագյուտ, թեեւ անարդյունք շփումը անվտանգության հիմնական խնդրի շուրջ:
Քննարկումներին ծանոթ բարձրաստիճան դիվանագետը Politico-ին ասել է, որ հանդիպումը տեղի է ունեցել սեպտեմբերի 17-ին Ստամբուլում՝ Բաքվի վրա ճնշում գործադրելու ջանքերի շրջանակում, որպեսզի վերջ տա անկլավի իննամսյա շրջափակմանը և թույլ տա Հայաստանից մարդասիրական օգնության շարասյուներին անցնել: Նա ասել է, որ հանդիպման ժամանակ հիմնական ուշադրությունը սեւեռվել այն բանի վրա, թե «ինչպես տեղից շարժել այդ անիծյալ բեռնատարները» և ապահովել, որ սննդի և վառելիքի մատակարարումները հասնեն 100,000 բնակիչներին:
ԱՄՆ-ն ներկայացրել է Կովկասում բանակցությունների գծով Վաշինգտոնի ավագ խորհրդական Լուի Բոնոն, ԵՄ-ն ուղարկել է իր հատուկ բանագնաց Տոյվո Կլաարին, իսկ Ռուսաստանը գործուղել է Իգոր Խովաևին, ով Ռուսաստանի Դաշնության հատուկ բանագնացն է Հայաստանի և Բաքվի հարաբերությունների գծով։
Politico-ին ԵՄ պաշտոնյան ասել է՝ «մենք կարծում ենք, որ կարևոր է պահպանել շփման ուղիները համապատասխան զրուցակիցների հետ՝ թյուրիմացություններից խուսափելու համար»: Պաշտոնյան նաև նշել է, որ Կլաարը «վերջին տարիներին» ձգտել է պահպանել շփման ուղիները բազմաթիվ ճակատներում, այդ թվում՝ Խովաևի և Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինի հետ բանակցություններում:
ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակը հրաժարվել է մեկնաբանել հանդիպումը՝ ասելով միայն, որ «մենք չենք մեկնաբանում մասնավոր դիվանագիտական քննարկումները»։
Այնուամենայնիվ, խնդրին ծանոթ ամերիկացի պաշտոնյան բացատրել է, որ քննարկումները ծագել են այն ըմբռնումից, որ Կրեմլը շարունակում է վերահսկել իրավիճակը տարածաշրջանում։ «Մենք պետք է կարողանանք աշխատել ռուսների հետ այս հարցում, քանի որ նրանք իսկապես ազդեցություն ունեն կողմերի վրա, հատկապես հիմա, երբ մենք վտանգավոր պահին ենք»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։
Արցախում ռուսական զորքերը պատրաստվում են նոր «առաքելության»
Արցախում ավելի քան 120 հազար հայերի բռնի տեղահանումից հետո ռուս խաղաղապահները, ովքեր 2020 թվականի նոյեմբերի 10-ին, առանց միջազգային մանդատի և միայն Նիկոլ Փաշինյանի համաձայնությամբ, տեղակայվեցին Արցախում, շարունակում են այնտեղ գտնվել առ այսօր։ Երեկ նրանք կատարեցին իրենց հերթական դավաճանությունը՝ հենց Ստեփանակերտի օդանավակայանի ռուս խաղաղապահների բազայից ապօրինի ձերբակալվեցին Արցախի նախկին նախագահներն ու խորհրդարանի նախագահը։ Նախկինում ռուսները նույն կերպ հանձնել էին Ռուբեն Վարդանյանին և մի շարք այլ անձանց։
Արցախում ռուսական զորքերի մանդատը մինչ օրս հիմնված է բացառապես եռակողմ հայտարարության տակ դրված Փաշինյանի ստորագրության վրա։ Ալիեւը, հիշեցնենք, ռուսներին մանդատ չի տվել.։Չնայած Արայիկ Հարությունյանի «խնդրանքներին», ՄԱԿ-ը նույնպես Ռուսաստանին միջազգային մանդատ չտրամադրեց, թեև Արցախում ռուսական ներկայությանը որեւէ կերպ չվիճարկեց։ Այժմ նրանք Արցախում են՝ նոր առաքելությամբ։
Փաշինյանի կուսակցության ներկայացուցիչը երեսպաշտորեն հայտարարում է, որ «պետք է խոսել նաև ռուս խաղաղապահների անգործության մասին»։ «Լեռնային Ղարաբաղում հայ չի մնացել. Չեմ պատկերացնում, թե ում անվտանգությունը կապահովեն ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում՝ հաշվի առնելով, որ 10 ամիս և մինչ այդ նրանք անգործություն են դրսևորել և չեն կարողացել պատշաճ մակարդակով կատարել իրենց գործառույթները»,- ասաց ՔՊ պատգամավոր Սարգիս Խանդանյանը։
Աշխարհում զարմանալի կոնսենսուս կա Արցախում ռուսական ներկայության և նրանց «առաքելության» առնչությամբ։
Վերջերս Ստեփանակերտ այցելած «ՄԱԿ առաքելությունը» հայտարարեց, որ այնտեղ ամեն ինչ լավ է, և ոչինչ չասաց ռուսական ներկայության անթույլատրելիության, անօրինականության կամ ժամկետանց լինելու մասին։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վերջին նիստում միայն Ֆրանսիայի և Գերմանիայի ներկայացուցիչներն են մատնանշել Ռուսաստանի դերը Արցախում տեղի ունեցած իրադարձություններում։
Մեկնաբանելով Ղարաբաղում ռուս խաղաղապահների ներկայությունը՝ ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Պատելը նշել է, որ «չի ցանկանում շահարկումներ անել» այս թեմայով։ «Իհարկե, նման ներկայությունը դեռևս մտահոգություն է առաջացնում։ Սակայն Միացյալ Նահանգները պատրաստվում է շարունակել կենտրոնանալ այս հարցում Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարության հետ բանակցություններոմ ներգրավվելու վրա և անել ամեն ինչ, որպեսզի շարունակենք աջակցել արժանապատիվ և տեւական խաղաղությանը», – ասել է նա:
«Երկու շաբաթվա ընթացքում դուք Լեռնային Ղարաբաղից ընդունեցիք ավելի քան 100 հազար բնակիչների, ովքեր ստիպված էին լքել իրենց պատմական տարածքները՝ Ռուսաստանի մեղսակցության և Ադրբեջանի ռազմական գործողությունների պատճառով։ Պետք է հիշել նաև ապօրինի շրջափակման 9 ամիսները։ Ապօրինիէ, քանի որ Արդարադատության միջազգային դատարանը փետրվարին պահանջել է բացել տարածքը», – Երեւանում հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Քեթրին Կոլոնան։
Ռուսաստանի կողմից «դեպի Արևմուտք թեքվելու» մեջ մեղադրվող Փաշինյանը, նույնիսկ Արցախի հայերի բռնագաղթից և ռուսների կողմից Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը Ադրբեջանին հանձնելուց հետո չի հրաժարվում իր ստորագրությունից եռակողմ հայտարարության տակ և պահպանում է ռուսների ներկայությունը Արցախում։ Ինչի՞ համար։
Ռուսները դեռ պետք է «ալբանացնեն» Արցախի հայկական եկեղեցիները, հող նախապատրաստեն «հայկական փոքրամասնության» կյանքի համար՝ ինչպես ասել է Լավրովը, «ադրբեջանական օրենսդրության» շրջանակներում, Արցախի բնակիչների տները «անձեռնմխելի» պահպանեն», որպեսզի հարմար պահին նույն կերպ բռնի «վերադարձ» իրականացնեն դեպի գետտո։ ՄԱԿ-ի և ԵԱՀԿ-ի աջակցությամբ, և գուցե միջազգային մանդատով։ Չէ որ մինչ հիմա ամեն ինչ ճիշտ են անում, կարելի է նաեւ մանդատ տալ։
Հակառակ դեպքում ինչի՞ն է պետք Արցախում ռուսական կոնտինգենտը։
ԼՂ հայերի բռնի տեղահանումը միջազգային իրավունքի կոպտագույն խախտում է․ Կատրին Կոլոննա
Լեռնային Ղարաբաղի հայերը ինքնակամ չեն լքել իրենց տները, սա բռնի տեղահանում էր։ Տեղի ունեցածը միջազգային իրավունքի կոպտագույն խախտում է։
«Արմենպրես»–ի հաղորդմամբ` այս մասին ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը հաջորդած ասուլիսում ասաց Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոննան։
«Ես անհրաժեշտություն եմ զգում ևս մեկ անգամ հայտարարելու այդ մասին, քանի որ մենք լսում ենք հայտարարություններ, որոնցում ասվում է, որ մարդիկ ինքնակամ լքել են իրենց տները։ Դա այդպես չէ»,– ասաց նա։
Ֆրանսիայի արտգործնախարարը շեշտեց, որ այս փաստին հստակ գնահատական տալը կարևոր է, ու հավելեց, որ այդ սուտը ոչ մեկին չի մոլորեցնի։
«Մարդասիրական այս սարսափելի աղետի պայմաններում Ֆրանսիան 12,5 մլն եվրոյի օգնություն է հատկացրել Հայաստանին, որն ուղղված է բռնի տեղահանվածների համար արժանապատիվ պայմանների ապահովմանը։ Ես խոստանում եմ, որ այդ օգնությունը կլինի շարունակական և կրկին կտրամադրվի, եթե անհրաժեշտություն առաջանա»,– ասաց նա:
Կոլոննան ընդգծեց, որ այն խոսակցությունները, թե Ֆրանսիան բավականաչափ ակտիվ չի եղել և ստեղծված իրավիճակում արձագանքել է ուշ, իրականությանը չեն համապատասխանում։ «Ֆրանսիան միշտ եղել է հայերի կողքին, մենք հայերի կողքին ենք եղել ՄԱԿ-ում և ամենուր, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի հետ ամենաբարձր մակարդակների բոլոր շփումներում։ Հայաստանի կողքին ենք եղել նաև Եվրամիության շրջանակներում դիտորդական առաքելության ստեղծման ժամանակ։ Եվ ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ մենք փորձում ենք ստեղծել պայմաններ, որոնք հնարավորություն կտան ունենալ բանաձևի նախագիծ, ըստ որի Լեռնային Ղարաբաղի այն հայերը, ովքեր կցանկանան, կարողանան անվտանգ պայմաններում վերադառնալ իրենց տները»,– ասաց Կատրին Կոլոննան։
Բաքուն հայտնում է Արայիկ Հարությունյանի «ձերբակալման» մասին
Ադրբեջանական լրատվամիջոցները լուրեր են շրջանառել ԼՂ նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի «ձերբակալման» մասին։ Ավելի վաղ հայտնվել է նաև ԼՂ նախկին նախագահներ Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի, ինչպես նաև Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանի «ձերբակալման» մասին։