Արցախից բռնի տեղահանվածների համար նախատեսված Իրանի հումանիտար բեռը Սյունիքի մարզում է

Սյունիք հոկտեմբերի 3-ին հասել է Իրանի Իսլամական Հանրապետության կողմից Հայաստան ուղարկված հումանիտար բեռը՝ նախատեսված Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար, հայտնում են Սյունիքի մարզպետի աշխատակազմից։

Կապանում այն դիմավորել են Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը և Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետությւան արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին: Նշվում է, որ մոտ 60 տոննա հումանիտար օգնությամբ բեռնատարներում սնունդ է, հիգիենիկ պարագաներ, տաք ծածկոցներ, ջեռուցիչներ և այլն։

Մարդիկ ուժի սպառնալիքով ստիպված են եղել թողնել տները և դառնալ բռնի տեղահանված․ Ֆրանսիայի ԱԳ նախարար

Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոննան Հայաստանի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի ուղեկցությամբ Այրվածքաբանության ազգային կենտրոնում  տեսակցել է Լեռնային Ղարաբաղում վառելիքի պայթյունից տուժած քաղաքացիներին, հայտնում է Առաջին լրատվական ալիքը։

Նշվում է, որ Ֆրանսիայի արտգործնախարարը կենտրոնին է փոխանցել Ֆրանսիայի հումանիտար օգնությունը:

Կոլոննան տեղեկացրել է, որ մտադիր են 4 պացիենտի տեղափոխել Ֆրանսիա, բուժումն այնտեղ շարունակելու նպատակով:

«Իմ այցը արտահայտում է Ֆրանսիայի բարեկամությունը, բայց ոչ միայն բարեկամությունը, այլև՝ աջակցությունը և համերաշխությունը, նաև՝ դիվանագիտական համերաշխությունը: Ֆրանսիան արագ արձագանքեց ողբերգությանը, որ մարդիկ ուժի սպառնալիքով ստիպված են եղել թողնել տները և դառնալ բռնի տեղահանված: Կշարունակենք լինել ձեր կողքին»,- ասել է Ֆրանսիայի ԱԳ նախարարը։

Կատրին Կոլոննան նշել է, որ  տեսնելով ԼՂ-ում իրավիճակի վատթարացումը, լիակատար շրջափակումը, որը միջազգային իրավունքի խախտում է, արդեն որոշել են մեծացնել Հայաստանին աջակցությունը։ Ըստ նրա՝ այն արդեն հասցրել են  12,5 միլիոն եվրոյի՝ բռնի տեղահանվածներին օգնության համար:

Փարիզի քաղաքային խորհուրդը ընդունել է «Լեռնային Ղարաբաղի (Արցախի) հայերին Փարիզ քաղաքի պատվավոր քաղաքացիություն շնորհելու վերաբերյալ» բանաձև

Փարիզի քաղաքային խորհուրդը միաձայն ընդունել է «Լեռնային Ղարաբաղի (Արցախի) հայերին Փարիզ քաղաքի պատվավոր քաղաքացիություն շնորհելու վերաբերյալ» բանաձև։ Այս մասին հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից։

Այս բանաձևով Փարիզի քաղաքային խորհուրդը դատապարտում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի գործած շարունակական հանցագործությունները, այդ թվում նաև՝ սեպտեմբերի 19-ին սանձազերծված ռազմական ագրեսիան և արցախահայության դեմ իրականացվող իրականացվող ցեղասպանական գործընթացը։

Ի հավաստումն Փարիզի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդին տրամադրվող աջակցության շարունակականության՝ նշված բանաձևի համաձայն արցախահայությանը խորհրդանշական ձևով շնորհվում է նաև Փարիզի պատվավոր քաղաքացիություն։

Բաքվի ԶԼՄ-ները գրում են Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի, Դավիթ Իշխանյանի ձերբակալման մասին

Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ները, վկայակոչելով իրենց աղբյուրները գրում են, որ ձերբակալվել են Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը, ԱԺ գործող նախագահ Դավիթ Իշխանյանը։

 Ըստ աղբյուրի,  նրանց ձերբակալել են Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում։ Նրանց տեղափոխում են Բաքու։

ԼՂՀ պետնախարարը, ՆԳ նախարարը և ԱԱԾ պետը Հայաստանում են

ԼՂ պետնախարար Արթուր Հարությունյանը, ԼՂ ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանը և ԱԱԾ պետ Արարատ Մելքումյանը մի քանի ժամ է արդեն Հայաստանում են։

«Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկությունը հաստատեց ԼՂ պետնախարար Արթուր Հարությունյանը՝ հավելելով, որ Հայաստան են հասել այսօր։

ՌԴ-ն դավաճանեց հայ ժողովրդին. Շառլ Միշել

Իրավիճակը պարզ է. ոչ ոք չի կարող չտեսնել, որ Ռուսաստանը դավաճանել է հայ բնակչությանը, Euronews-ին տված հարցազրույցում ասել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը:

«Ռուսաստանը ցանկություն է հայտնել, որ իր զինվորները ներկա լինեն այնտեղ և երաշխավորեն կայունության և անվտանգության մասին համաձայնագրերը: Եվ մենք տեսնում ենք, որ այդ ռազմական գործողությունը սկսվել է առանց իրադարձությունների վայրում գտնվող Ռուսաստանի ամենափոքր արձագանքի՝ ի տարբերություն Եվրամիության, որն այնտեղ ռազմական ներկայություն չունի», – նշել է նա:

Շառլ Միշելն ասել է, որ մտադիր է միջնորդություն առաջարկել Հայաստանի և Բաքվի միջև Իսպանիայի Գրանադա քաղաքում այս շաբաթվա վերջին կայանալիք Եվրամիության գագաթնաժողովի ընթացքում:

Արցախի ցեղասպանության իրագործումից հետո բոլորը փորձում են իրենց կաշին փրկել:

«Թուրքերի հետ երկրորդ բարդ օպերացիան արեցինք Ղարաբաղում»․ Շոյգու Կյուժուգեթ օղլու

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ «կազմակերպվել է Լեռնային Ղարաբաղից Հայաստանի տարածք ավելի քան 98 հազար խաղաղ բնակիչների, այդ թվում՝ մոտ 32 հազար երեխաների տարհանում»։ Նրա խոսքով, մարդկային կորուստները կանխելու համար որոշվել է տարհանել և տեղավորել խաղաղ բնակիչներին դիտակետերում և բազային ճամբարում։

44-օրյա պատերազմից հետո Շոյգու Կյուժուգեթ օղլուն հայտարարել էր, թե «թուրքերի հետ բարդ օպերացիա են իրականացրել Ղարաբաղում»։ Սեպտեմբերի 19-ին Մոսկվայի կողմից երկրորդ «բարդ օպերացիան» իրականացվեց Ղարաբաղում Պուտինի՝ հայերին պետք է ցեղասպանել «հնարավորինս անցնցում» հրահանգի համաձայն։

Ինչպե՞ս կարող են Արցախից տեղահանված անձինք ստանալ 100 հազար դրամ միանվագ աջակցությունը

Արցախի դեմ իրականացված ագրեսիայի հետևանքով սեպտեմբերի 24-ին և դրանից հետո բռնի տեղահանված բոլոր անձինք ՀՀ կառավարության որոշմամբ կստանան 100 հազար դրամ միանվագ աջակցություն՝ առաջնային կարիքների ծախսերի ապահովման համար։

Աջակցության ծրագրից օգտվելու համար անհրաժեշտ է հետևել նշված քայլերին՝

Քայլ 2. Հաշվառում անցած տեղահանված այն անձինք, ովքեր չունեն բանկային քարտեր, պետք է դիմեն նախընտրելի բանկ՝ անվճար քարտ ստանալու համար, որին կփոխանցվի աջակցության գումարը*։ Քարտի թողարկման դիմումը ներկայացնելուց հետո Կենտրոնական բանկը նոր քարտատիրոջ քարտի համարը կուղարկի Միասնական սոցիալական ծառայությանը՝ դրամական աջակցությունը քարտին փոխանցելու համար։

Ընդ որում՝

  • Տեղահանված այն անձինք, ովքեր ունեն բանկային քարտեր (այդ թվում՝ կենսաթոշակի), որևէ տեղ դիմելու, նոր քարտ ձեռք բերելու անհրաժեշտություն չունեն։ 100 հազար դրամ միանվագ աջակցությունը առաջիկա օրերի ընթացքում կփոխանցվի նրանց քարտերին։
  • 75 տարին լրացած, ինչպես նաև 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք, ովքեր չունեն բանկային քարտ, աջակցությունը կարող են ստանալ կանխիկ եղանակով՝ Հայփոստից (ըստ անհրաժեշտության՝ փոստատարի միջոցով)՝ անձը հաստատող փաստաթղթի հիման վրա։

Կարևոր դիտարկումներ.

  • Յուրաքանչյուր չափահաս անձ պետք է ունենա սեփական քարտային հաշիվ, որին կփոխանցվի աջակցության գումարը։
  • Անչափահաս երեխաներին հասանելիք աջակցության գումարը կստանա նրանց մայրը կամ օրինական ներկայացուցիչը՝ առցանց հարթակում դիմում ներկայացնելով (հարթակի գործարկման մասին կտեղեկացնենք Կառավարության կողմից կարգը հաստատելուց հետո) կամ Միասնական սոցիալական ծառայություն մոտենալով։
  • Այն անձինք, ովքեր չունեն անձը հաստատող փաստաթուղթ, պետք է նախապես մոտենան ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն (անձնագրային բաժանմունք), որտեղ իրենց անձը նույնականացնելուց հետո կտրվի տեղեկանք, որի հիման վրա հնարավոր կլինի բանկում բացել քարտային հաշիվ և ստանալ աջակցության գումարը։
  • Քարտային հաշիվ հնարավոր է բացել Հայաստանում գործող բոլոր բանկերում, բացի «Մելլաթ Բանկ» ՓԲԸ և «Ֆասթ բանկ» ՓԲԸ բանկերից, որոնք այս պահի դրությամբ ֆիզիկական անձանց քարտային հաշիվներ չեն սպասարկում:

Հարցերի դեպքում զանգահարել Թեժ գիծ՝ 114 հեռախոսահամարով։

ՀՀ դպրոցներում ազատ տեղերի մասին տեղեկատվությունը հասանելի է license.emis.am հարթակում

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցները ՀՀ հանրակրթական դպրոցներում տվյալ պահին առկա ազատ տեղերի մասին տեղեկատվություն կարող են ստանալ license.emis.am հարթակի միջոցով:

ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ հավելյալ խնդիրների և hարցերի դեպքում նրանք կարող են դիմել ՀՀ մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի ոլորտային վարչություններ, ինչպես նաև Հայաստանի 60-ից ավելի համայնքներում Կառավարության կողմից ստեղծված Տարածքային հումանիտար կենտրոններ կամ Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններ, որտեղ մասնագետները համապատասխան ուղղորդում կիրականացնեն՝ տվյալ բնակավայրի դպրոցների և լիցենզիայով սահմանված ազատ տեղերի վերաբերյալ:

Հիշեցնենք՝ ԿԳՄՍՆ կողմից հանրակրթական ուսումնական հաստատություններին ուղարկված շրջաբերական-հանձնարարականի համաձայն՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաների ընդգրկումն ուսումնական հաստատություններում պետք է իրականացվի գործող իրավակարգավորումներով, մասնավորապես՝ 2010 թվականի նոյեմբերի 24-ի N 1640-Ն հրամանով հաստատված «Դպրոցական տարիքի երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու, սահմանված ժամկետից ուշ հանրակրթության մեջ ընդգրկվող երեխաների կրթության կազմակերպման և հանրակրթական ուսումնական հաստատությունից սովորողին այլ ուսումնական հաստատություն տեղափոխելու և ազատելու կարգի»:

Ըստ այդմ՝ բնակավայրի միակ դպրոցում երեխաներն ընդգրկվելու են՝ անկախ տվյալ հաստատության՝ լիցենզիայով սահմանված տեղերի թվից: Մի քանի ուսումնական հաստատություններ ունեցող բնակավայրերում երեխաների ընդգրկումն իրականացվելու է ազատ տեղեր ունեցող հաստատություններում, իսկ տվյալ բնակավայրում դրանք ամբողջությամբ համալրված լինելու դեպքում, կրկին առաջնորդվելով երեխայի լավագույն շահով, փաստացի բնակավայրի մոտակա հաստատությունում՝ անկախ լիցենզիայով սահմանված տեղերից:

Արցախից բռնի տեղահանված բուժաշխատողները թափուր հաստիքների մասին կարող են տեղեկանալ ԱՆ կայքում

Արցախից բռնի տեղահանված բուժաշխատողները Առողջապահության նախարարության պաշտոնական կայքում կարող են գտնել բարձրագույն և միջին բժշկական կրթություն ունեցողների համար հանրապետությունում այս պահին առկա թափուր հաստիքների մասին տեղեկատվություն, որը պարբերաբար թարմացվում է: Այս մասին հայտնում է Հհ առողջապահության նախարարությունը։

Բուժաշխատողների կրթական և զբաղվածության կարիքները վերհանելու և հոգալու համար խնդրում ենք դիմել ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտ՝ 096 14 40 83 հեռախոսահամարով, երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 9:00-19:00-ը:

Հարցերի դեպքում կարող եք նաև դիմել Առողջապահության ազգային ինստիտուտում (Կոմիտաս 49/4, 116 սենյակ) գործող անվճար խորհրդատվության ծառայության մասնագետներին:

Նախարարությանը կարող եք գրել նաև տելեգրամում` https://t.me/Min_Health

ՀՀ ԱԳՆ-ը արդարացնո՞ւմ է արցախցիների տեղահանումը

Հետաքրքիր է, թե ինչ կնշանակեր ՄԱԿ-ի Բռնության դեմ միջազգային օրը երեխաների և կանանց համար, ովքեր բռնի տեղահանվել են Լեռնային Ղարաբաղից՝ բռնությունից փախչելով ընդամենը մի քանի օր առաջ: Այդ մասին X-ի (նախկին Twitter) իր միկրոբլոգում գրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը:

«Շատ կանխատեսելի է, ճիշտ հակառակը՝ պատերազմ, ապրել անմարդկային շրջափակման մեջ, ոչ մի արդյունավետ միջազգային կանխարգելում, կորսված կյանքեր»,- նշել է Բադալյանը։

ԱՄՆ-ն չի վարանի ձեռնարկել համապատասխան միջոցներ, եթե ի հայտ գան Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումները վկայող ապացույցներ․ պետքարտուղարություն

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղից հայերի տեղահանությանը և շրջան գործուղված ՄԱԿ-ի առաքելությանը վերաբերող հարցին՝ ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը հայտարարել է, թե Վաշինգտոնը լրջորեն է վերաբերվում էթնիկ զտումների, ցեղասպանության կամ այլ վայրագությունների մասին մեղադրանքներին, գրում է Ամերիկայի ձայնը:

«Կապի մեջ ենք տեղում [գործող] մեր մարդկանց հետ՝ հասկանալու, թե ինչ իրավիճակ է։ Չենք վարանի ձեռնարկել համապատասխան միջոցներ՝ արձագանքելու վայրագություններին վերաբերող մեղադրանքներին և պատասխանատվության ենթարկելու նրանց, ովքեր կանգնած են դրանց հետևում, երբ ապացույցներ նկատենք, որ նման բան է տեղի ունեցել: Ինչպես միշտ, ցեղասպանության կամ էթնիկ զտումների վերաբերյալ որոշումը հիմնված է ապացույցներ պարունակող գործընթացի վրա, ուստի չեմ կարող վերջնականապես խոսել այդ մասին այս ամբիոնից»,- հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչը:

Անդրադառնալով թվերին, որ Լեռնային Ղարաբաղից Հայաստան է տեղահանվել մոտ 100 հազար հայ՝ Միլլերը շարունակել է՝ հստակ չէ, թե նրանցից քանի տոկոսն է ծրագրում մշտապես մնալ Հայաստանում և որքան մարդ կցանկանա վերադառնալ Ղարաբաղ, եթե պայմանները թույլ տան, և տեղահանվածներին ցուցաբերվի համապատասխան վերաբերմունք:

«Ուստի, կրկնում ենք անկախ միջազգային դիտորդական առաքելություն ստեղծելու մեր կոչը, որը թափանցիկություն կապահովի և վստահություն կներշնչի Լեռնային Ղարաբաղի բնակչությանը, որ էթնիկ հայերի իրավունքներն ու անվտանգությունը կպաշտպանվեն, մասնավորապես՝ նրանց, ովքեր ցանկանում են վերադառնալ: Ադրբեջանը նման հավաստիացումներ է արել։ Կարծում ենք, այնտեղ պետք է լինի միջազգային դիտորդական առաքելություն, որը պետք է դիտարկի և երաշխավորի»,- ընդգծել է խոսնակը:

Մեթյու Միլլերը ողջունել է ՄԱԿ-ի դիտորդական առաքելության գործուղումը Լեռնային Ղարաբաղ՝ նշելով, որ ԱՄՆ-ն շարունակում է աշխատել իր դաշնակիցների և գործընկերների հետ՝ երկարաժամկետ առաքելության հարցի շուրջ:

ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչն ընգծել է, որ առկա է հնարավորություն՝ խաղաղության հասնելու համար:

«Լեռնային Ղարաբաղի կարգավիճակից դուրս կան այլ հարցեր, որոնք վիճելի են Հայաստանի և Ադրբեջանի համար, և մենք կխրախուսեինք նրանց վերադառնալ խաղաղ բանակցությունների [սեղանի շուրջ]՝ քննարկելու և, ի վերջո, լուծում տալու այդ հարցերին»,- եզրափակել է Մեթյու Միլերը: