Մեքենայի ուղղությամբ Բաքվի կրակի հետևանքով հայկական կողմն ունի 1 զոհ և 2 վիրավոր․ Թիրախավորվել է նաև շտապօգնության մեքենան

Հոկտեմբերի 2-ին սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ Բաքվի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմն ունի 1 զոհ և 2 վիրավոր, հայտնում  են ՀՀ ՊՆ-ից։

«Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները թիրախավորած են եղել նաև շտապօգնության մեքենան, ինչը միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի կոպտագույն խախտում է։

Զոհված զինծառայողն է ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Արամ Տիգրանի Քոչարյանը:

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Վիրավոր 2 զինծառայողների կյանքին այս պահին վտանգ չի սպառնում, տեղափոխվել են զինվորական հոսպիտալ»,- նշված է հաղորդագրությունում:

Ինչին է ՄԱԿ-ը նախապատրաստում արցախահայությանը. առաջին քայլն արված է

Լեռնային Ղարաբաղում էթնիկ հայերի թիվը, ըստ տարածաշրջանում մնացած մարդկանց, կարող է տատանվել 50-ից 1 հազարի սահմաններում, այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։

Դյուժարիկը հավելել է, որ մեկ օրվա ընթացքում Ստեփանակերտում ՄԱԿ-ի առաքելությունը քաղաքացիական ենթակառուցվածքների, այդ թվում՝ դպրոցների և հիվանդանոցների ոչնչացման նշաններ չի հայտնաբերել, թեև բոլոր խանութները փակ են։ «Վերջին զինադադարից հետո նրանք չեն լսել խաղաղ բնակչության նկատմամբ բռնության մասին որևէ հաղորդում: Նրանք չեն հայտնաբերել սատկած անասուններ կամ ընտանի կենդանիներ, գյուղատնտեսական ենթակառուցվածքների ոչնչացում»,- հավելեց նա:

Դյուժարիկը չհիշատակեց 2020 թվականի պատերազմի, 9-ամսյա շրջափակման, սովի, սեպտեմբերի 19-ի ագրեսիայի մասին՝ հարյուրավոր մարդկանց սպանությամբ և տասնյակ գյուղերից տեղահանությամբ, հազարավոր մարդկանց մասին, ովքեր մեկ շաբաթ անցկացրեցին Ստեփանակերտի օդանավակայանում, բենզինի պայթյունի մասին, որը հարյուրավոր մարդկանց կյանք խլեց միայն այն պատճառով, որ նրանք ցանկանում էին վառելիք ստանալ իրենց ընտանիքները փրկելու համար։

Իր հերթին, ռուս «խաղաղապահները» նույնպես հայտարարում են արցախահայությանը “պաշտպանելու” իրենց մտադրության մասին, եւ, ի տարբերություն Ուկրաինայի՝ ձեռք չեն տալիս Ստեփանակերտի տների զուգարաններին։

Այսօր Բաքուն հրապարակել է արցախահայության «ինտեգրման ծրագիր», որն ամբողջությամբ վերահրատարակել է Փաշինյանների ընտանիքին պատկանող թերթը։ Հայաստանի կառավարությունն իր հերթին ներկայացրել է «ժամանակավոր աջակցության» ծրագիր՝ զգուշորեն խուսափելով Հայաստանում արցախահայության «ինտեգրման» թեմայից։ Խոսքը միայն վարձավճարների մի քանի ամսվա փոխհատուցման և մարդասիրական օգնության մասին է (արցախցիներն ասում են, որ ծանր տեղահանության զայրույթը հալվել է Կոռնիձորում և Գորիսում իրենց նկատմամբ վերաբերմունքից)։ Պաշտոնական Երևանը չի խոսում քաղաքական և իրավական հարցերի մասին՝ փախստականի, ժամանակավոր տեղահանվածի կարգավիճակի, կորցրած գույքի փոխհատուցման, քաղաքացիության և այլ կարևոր հարցերի մասին։

Սա կարող է նշանակել, որ Հայաստանի կառավարությունը դիտարկում է Արցախի ժողովրդի արագ վերադարձի հնարավորությունը Բաքվի «ինտեգրացիոն ծրագրի» շրջանակներում՝ ռուս «վստահելի» խաղաղապահների և ՄԱԿ-ի երաշխիքների ներքո, որի կույր առաքելությունը «բռնության» հետքեր չի տեսել Ստեփանակերտում։

Դյուժարիկի հայտարարությունը կարող է դառնալ Արցախ հայերի հարկադիր վերադարձի պլանի նախադրյալը. իսկ ի՞նչ է եղել՝ ենթակառուցվածքները չեն քանդվում, ռուս խաղաղապահները չեն թալանում, Ալիևը խոստանում է անվտանգություն, իսկ Փաշինյանը հավատում է Ալիևի  եւ ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Թյուրքի երաշխիքներին։

Նաիրա Հայրումյան

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսանողները կարող են իրենց կրթությունը շարունակել հայաստանյան բուհերում

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի կողմից շրջաբերական գրություն է ուղարկվել  բարձրագույն կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների ղեկավարներին:

ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ շրջաբերականում նշված է. «2023 թվականի սեպտեմբերի 19-ից Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ բռնի տեղահանված ուսանողների կրթության շարունակականությունն ու անընդհատությունն ապահովելու նպատակով առաջարկվում է այդ ուսանողներին, իրենց դիմումների համաձայն, ներգրավել ուսումնական գործընթացներում՝ կցագրելով համապատասխան մասնագիտությամբ (կրթական ծրագրով) համապատասխան կուրսերում: Ուսանողները պետք է կցագրվեն՝ անկախ դիմելու պահին փաստաթղթերի առկայությունից, տվյալ մասնագիտության (կրթական ծրագրի) համար լիցենզիայով սահմանված տեղերի քանակից, կրեդիտների տարբերությունից (առարկայական տարբերություններից ու ակադեմիական պարտքերից)՝ ըստ անհրաժեշտության ցուցաբերելով իրավիճակային կամ անհատական մոտեցում»:

«Մինչև քննաշրջանի սկիզբն անհրաժեշտ քայլեր կձեռնարկվեն՝ համապատասխան փաստաթղթերի առկայությունն ապահովելու, ինչպես նաև ուսանողների տեղափոխության գործընթացներում, ըստ անհրաժեշտության, նոր կարգավորումներ սահմանելու ուղղությամբ։ Քննարկվում են նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսանողների աջակցության ծրագրեր, որոնց վերաբերյալ կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն»։

Բուհերին առաջարկվել է կրթական գործընթացին զուգահեռ դիտարկել նաև տեղահանված ընտանիքների ուսանողների ինտեգրման, հոգեբանական և կրթությանն առնչվող հավելյալ աջակցության ծրագրեր և ոչ ֆորմալ կրթական նախաձեռնություններ իրականացնելու հնարավորությունները՝ բուհի համապատասխան ստորաբաժանումների միջոցով կամ համագործակցելով այլ բուհերի հետ։

ԿԽՄԿ-ից հայտնում են՝ անհետ կորածներին գտնելու հարյուրավոր զանգեր են ստանում արցախցիներից

Վերջին օրերին Կարմիր խաչի միջազգային կոմիտեն ամեն օր հարյուրավոր զանգեր է ստանում արցախցիներից, որոնք հարազատներին են փնտրում, «Ազատության» հարցին ի պատասխան՝ հայտնել են Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակությունից:

Միջազգային կազմակերպության Հայաստանի գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունիի փոխանցմամբ՝ ԿԽՄԿ-ի ներկայացուցիչները շարունակում են աշխատանքը Լեռնային Ղարաբաղում, այդ թվում՝ պատրաստ են Հայաստան տեղափոխել անօգնական վիճակում գտնվող քաղաքացիներին։

Գրասենյակից, սակայն, չեն հստակեցրել, թե նման քանի ահազանգ են ստացել, և կոնկրետ քանի մարդ է համարվում անհետ կորած։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն նաև Արցախից աճյունների դուրսբերմամբ է զբաղվում։ Զառա Ամատունին հայտնեց, որ կազմակերպությունը երեկ 33 աճյուն է տեղափոխել Հայաստան։

Ովքեր են Արցախում ՄԱԿ դիտորդական առաքելության կազմում

Արցախում ՄԱԿ-ի դիտորդական առաքելության կազմում են Բաքվում հավատարմագրված ազերբայդժանի դաշնակից երկրների՝ Թուրքիայի, Ռուսաստանի, Հունգարիայի, Պակիստանի, Ալբանիայի դիվանագետները։ Այս երկրները միջազգային ատյաններում աջակցում են Բաքվի ցեղասպան քաղաքականությանը։ Մեկնաբանություններն ավելորդ են։

ԼՂ-ից տեղափոխված փախստականների թվում կա 29 հազար երեխա. ՅՈՒՆԻՍԵՖ

Լեռնային Ղարաբաղից փախստականների թվում 29 հազար երեխա կա, ասվում է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) Իտալիայի մասնաճյուղի հաղորդագրության մեջ։
«2023 թվականի սեպտեմբերի 29-ի դրությամբ 98625 մարդ ստիպված է եղել լքել այն տարածքները, որոնք տուժել են վերջին ռազմական գործողություններից: Նրանցից մոտ 29,000-ը երեխաներ են: ՅՈՒՆԻՍԵՖ-ը ստեղծել է անվտանգ տարածք հարավարևելյան Գորիս քաղաքում, որտեղ ամեն օր ընդունվում են մոտ 300 երեխաներ և նրանց ծնողները»,- հայտնել են միջազգային կազմակերպությունից։
Այսօր Հայաստան կհասնեն նոր պաշարներ, որոնք ՅՈՒՆԻՍԵՖ-ը կբաշխի տեղահանված երեխաներին և ընտանիքներին։

Արցախի նախկին նախագահները Երեւան չեն տեղափոխվել. Aravot.am

Արցախի չորս նախագահները՝ Արկադի Ղուկասյան, Բակո Սահակյան, Արայիկ Հարությունյան, Սամվել Շահրամանյան, Հայաստան չեն տեղափոխվել: Նրանք, ըստ Aravot.am-ի հավաստի աղբյուրի, շարունակում են գտնվել Արցախում:

Երեկ երեկոյից սոցիալական ցանցերում եւ տելեգրամ ալիքներում տեղեկություններ տարածվեցին, որ Արցախի երեք նախագահները՝ բանակցությունների արդյունքում, անվտանգ տեղափոխվել են Երեւան:

Մեր տեղեկություններով, սակայն, Արցախի նախագահները, կառավարության անդամների մեծ մասը, այդ թվում՝ նաեւ ուժային կառույցների ղեկավարները, Արցախում են:

Այսօր կայանալիք որոշ հանդիպումների եւ քննարկումների արդյունքում ակնկալվում է, որ կորոշվի Արցախի երեք նախագահների՝ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի ճակատագիրը:

Հիշեցնենք, որ Արցախի տեղեկատվական շտաբի երեկ տարածած հաղորդագրության համաձայն նախագահ Սամվել Շահրամանյանը՝ մի խումբ պատասխանատուների հետ կմնա Ստեփանակերտում այնքան ժամանակ, մինչև չավարտվեն սեպտեմբերի 19-ից 20-ը տեղի ունեցած ռազմական գործողությունների և սեպտեմբերի 25-ին Ասկերանի շրջանում վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքները։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈւ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ

Հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունից, նշելով, որ տեղեկություններ կտրամադրեն ավելի ուշ:

Ժամը 16:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:

Ավելի վաղ ՀՀ ՊՆ-ից տեղեկացրել էին, որ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հոկտեմբերի 2-ին ժամը 14:25-ի սահմաններում հրաձգային զենքերից կրակ են բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ:

ԼՂ-ից բռնի տեղահանվածներից 53 հազար 935 անձ օգտվել է Հայաստանի կառավարության տրամադրած կեցավայրերից

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Հայաստան տեղափոխված անձանցից 53 հազար 935-ը օգտվել է պետության տրամադրած կեցավայրերից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Հումանիտար կենտրոն»-ում ասուլիսում հայտարարեց Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:

«Այս պահի դրությամբ 53 հազար 935 անձ օգտվել է պետության կողմից տրամադրված կեցավայրերից»,-ասաց Բաղդասարյանը:

Արագածոտնի մարզում տեղաբաշխվել է 2454 անձ, Արարատի մարզում՝ 13050, Արմավիրի մարզում՝ 5186, Գեղարքունիքում՝ 4337, Լոռիում՝ 3263, Կոտայքում՝ 13297, Շիրակում՝ 2558, Սյունիքում՝ 5089, Վայոց ձորում՝ 2134, Տավուշում՝ 2567։

Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը

Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի այցը Իրան տեղի է ունեցել երկու հարևան երկրների միջև բանակցությունների և  շփումների շարունակության շրջանակներում՝ քննարկելու երկկողմ հարաբերություններն, ինչպես նաև Կովկասյան տարածաշրջանում զարգացումները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանաանին։

Պաշտոնյայի խոսքով՝ այս այցը հնարավորություն է, որպեսզի Իսլամական Հանրապետությունն իր տեսակետները հայտնի տարածաշրջանային ներուժի միջոցով Կովկասյան տարածաշրջանում հակամարտությունների լուծման շուրջ։

Քանաանին շեշտել է, որ տարածաշրջանում խաղաղությունն Իրանի համար չափազանց կարևոր է, և բոլոր խնդիրները հարկավոր է լուծել երկխոսության միջոցով։ Ինչ վերաբերում է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքին», Քանաանին հայտնել է, որ Իրանը կողմ է տրանսպորտային ցանցերի զարգացմանը, որը շահավետ կլինի տարածաշրջանի բոլոր երկրների համար, սակայն ևս մեկ անգամ ընդգծել է՝ «երկիրը դեմ է միջազգային և աշխարհաքաղաքական սահմանների փոփոխություններին»։

Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերին հումանիտար օգնության ուղարկմանը՝ Քանաանին հայտնել է, որ դրա վերաբերյալ մանրամասներ շուտով կհայտնի Իրանի Կարմիր մահիկի ընկերությունը։

 

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ֆինանսական աջակցություն ստանալու համար պետք է բացեն քարտային հաշիվներ

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին ցուցաբերվող հումանիտար օգնության ծրագրերն ու հետագա քայլերը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վարչապետի աշխատակազմից հայտնում են՝ անդրադառնալով միջնաժամկետ անելիքներին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ դրանցից ամենաառաջնային որոշումը վերաբերում է բռնի տեղահանվածներին առաջին անհրաժեշտ կարիքների համար դրամական  աջակցություն ցուցաբերելուն:

«Տեղյակ եք, որ կայացվել է որոշում և հայտարարվել, որ Լեռնային  Ղարաբաղից յուրաքանչյուր բռնի տեղահանված, խոսքը վերաբերվում է և՛ երեխաներին, և մեծահասակներին, ամեն անձի հաշվով կտրվի 100 000 միանվագ դրամական աջակցություն: Մենք խնդիր ունենք այդ աջակցությունը հնարավորինս արագ հասցնել մեր քույրերին և եղբայրներին: Այս հարցում նաև նրանց աջակցության կարիքն ունենք, և ուզում եմ խնդրել, որ բռնի տեղահանված մեր քույրերն ու եղբայրներն այս պահից սկսած, նրանք, ովքեր չունեն բանկային, քարտային հաշիվներ, մոտենան իրենց ամենամոտ, ամենահարմար բանկ և այնտեղ բացեն քարտային հաշիվ՝ հետագայում նաև բանկային քարտ ստանալու համար»,- ասել է վարչապետը՝ ավելացնելով, որ, իհարկե, բանկային քարտ ստանալը կարող է որոշակի ժամանակ տևել, բայց հաշիվները կբացվեն արագ, և Կառավարությունը 100 հազարական դրամները միանվագ կփոխանցի այդ հաշիվներին, և մարդիկ արդեն իրենց անձնագրերով հասանելիություն կունենան դրանց:

Իսկ նրանք, ովքեր բանկային քարտեր ունեն՝ Կառավարությունը միանգամից առաջիկա շաբաթվա ընթացքում այդ գումարները կփոխանցի հաշիվներին և քարտերին:

«Իհարկե գիտենք, որ մեծ թիվ են կազմում այն մարդիկ, ովքեր փաստաթղթեր չունեն: Նման դեպքերում անհրաժեշտ է, որպեսզի համապատասխան տեղեկանք վերցնեն Միասնական սոցիալական ծառայությունից, և այդ տեղեկանքի միջոցով արդեն հնարավոր կլինի բանկային, քարտային հաշիվ ունենալ, կամ այլ եղանակով գումարները հասանելի կլինեն բռնի տեղահանված մեր քույրերին, եղբայրներին և երեխաներին: Երեխաների պարագայում, իհարկե, նրանց տվյալները կամրակցվեն նրանց մայրիկների անուններին և մայրիկները երեխաների գումարները իրենց հաշիվներին նույնպես կստանան:

Հաջորդ որոշումը, որ մենք կայացրել ենք, վերաբերում է կեցության, բնակարանային ծախսերին աջակցությանը: Մենք որոշում ենք կայացրել, որ բռնի տեղահանված յուրաքանչյուր անձի կտրվի 40 000 դրամ՝ որպես բնակության ծախսերի հատուցում, գումարած 10 000 դրամ՝ կոմունալ ծախսերի գծով աջակցություն: Շատ կարևոր է, որ նաև այս ծրագրից օգտվելու համար բռնի տեղահանված մեր քույրերն ու եղբայրները հնարավորինս արագ մոտենան բանկ և հաշիվները բացեն, որպեսզի մենք արդեն համապատասխան արագությամբ կարողանանք այդ գումարները փոխանցել:

 

Բայց նաև մինչև գումարների փոխանցումը, ըստ էության, կարող ենք արձանագրել, որ օրինակ, 5 հոգանոց ընտանիքի պարագայում՝ հոկտեմբերին նրանք կունենան պետության, Կառավարության կողմից 750 000 դրամի աջակցություն: Նաև կարծում եմ, որ այս գումարի, բյուջեի հաշվառումով նրանք կարող են նաև որոշակի գործողություններ ծավալել: Մասնավորապես, ովքեր գտնվում են ժամանակավոր կացարաններում, շատ լավ կլինի, որպեսզի արդեն սկսեն վարձով բնակարանների կամ բնակելի տարածքների վարձակալության փնտրտուքը: Իհարկե, նաև հանձնարարված է, որ տեղական ինքնակառավարման մարմինները, մարզպետարաններն աջակցեն նրանց այդ հարցում: Շատ կարևոր է, որ մեր բազմաթիվ կամավորները կարողանան այնպես անել, որպեսզի պոտենցիալ վարձակալները և վարձով բնակելի տարածքներ տրամադրողներն իրար հանդիպեն և պայմանավորվածություններ ձեռք բերեն»,- ասել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների աշխատանքի ապահովման խնդրի լուծումը:

«Մենք նաև միջոցներ ենք ձեռնարկում, որ օրինակ, հանրակրթության ոլորտի մասնագետները ներգրավվեն, աշխատանքի ընդունվեն հանրակրթության ոլորտում, դպրոցներում, առողջապահության ոլորտի աշխատողներն աշխատանքի ընդունվեն առողջապահության ոլորտում: Նաև շատ կարևոր է, որ նախարարությունները թափուր աշխատատեղերի վերաբերյալ տեղեկատվությունն ակտիվ տարածեն:

Իհարկե, աշխատանքի ընդունվելու որոշակի ընթացակարգեր կան, մրցույթներ և այլն, այդ ընթացակարգերը չեն զրոյացվի, բայց մյուս կողմից էլ մենք հնարավորինս կպարզեցնենք, որպեսզի գործող մանկավարժները հեշտացված ընթացակարգերով հնարավորություն ունենան աշխատանքի ընդունվել, նաև առողջապահության ոլորտի մասնագետներին է վերաբերվում, այլ ոլորտներին նույնպես: Դրա հետ կապված տրված են համապատասխան հանձնարարականներ»,- ասել է վարչապետը:

Խորհրդակցությանն անդրադարձ է կատարվել նաև պետական կապիտալ ներդրումների իրականացմամբ զբաղվող կապալառու ընկերություններում առկա թափուր աշխատատեղերում ԼՂ մեր հայրենակիցներին ներգրավվելու հարցը:

«Կապ կհաստատենք և կհավաքագրենք թափուր աշխատատեղերի վերաբերյալ նրանց պահանջարկը, նաև հումանիտար կենտրոնի եթերների ընթացքում հնարավորինս մատչելի այդ տեղեկատվությունը կտարածենք: Սա կարևոր պահ է, որովհետև, եթե օրինակ, լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված որևէ քաղաքացի տեսնում է, որ ենթադրենք Շիրակի մարզի որևէ բնակավայրում ուսուցչի թափուր աշխատանք կա, և ինքը կարող է այդ տեղում աշխատանքի ընդունվել, այս տեղեկատվությունը հնարավորինս շուտ պետք է նրան հասցնել, որովհետև նա արդեն պիտի պլանավորի, որ այդ բնակավայրում բնակելի տարածք կամ բնակարան վարձակալի և այլն, և այդպես շարունակ:

Ամեն ինչ պետք է անենք, որ այդ 750 հազար, կամ 10 հոգանոց ընտանիքի պարագայում 1.5 մլն դրամը, օգնենք նաև, որ մարդն էֆեկտիվ ծախսի, որովհետև խնդիրը միայն գումար ունենալը չէ, խնդիր է նաև այդ գումարն այնպես ծախսել, որ էֆեկտիվ լինի: Մասնավորապես, եթե մարդը պիտի տեղավորվի Շիրակի մարզի իքս գյուղում և այս պահին գտնվում է, օրինակ, Կոտայքի մարզի որևէ բնակավայրում, այս գումարները ծախսելիս էլ պետք է պլանավորի: Դրա համար, կարծում եմ, հումանիտար կենտրոնը, նրա հանրային կոմունիկացիան այս հարցերում շատ ակտիվ պետք է աշխատի, որպեսզի մարդկանց կարողանանք այս հարցում հնարավորինս աջակցել:

Էլ չեմ ասում, որ այդտեղ այլ հարցեր են առաջ գալիս՝ երեխայի դպրոցի խնդիրն է, այդ պարագայում ավելի խելամիտ կլինի երեխային միանգամից ընդունել այն բնակավայրի դպրոցը, որտեղ առաջիկա առնվազն 6 ամիսը պետք է բնակվեն, որպեսզի երեխաները կրկնակի սթրեսի չենթարկվեն։ Իհարկե, ուսանողների խնդիրը նույն կերպ պետք է լուծվի, որպեսզի նրանք ինտեգրվեն մեր բուհական համակարգին, այսինքն, նրանց կրթության գործընթացը չընդհատվի։ Նաև պետք է միջոցներ ձեռնարկենք, որպեսզի կրթության գործընթացում հնարավորինս աջակցություն ցուցաբերենք,  խթանենք բարձր առաջադիմությունը»,- նշել է Նիկոլ Փաշինյանը։

Հաջորդ կարևոր և սուր խնդիրը, վարչապետի խոսքով, վերաբերում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեծ թվով թոշակառուներին։

«Լավ լուրն այն է, որ նրանք մեծ մասամբ ունեն բանկային քարտեր և մենք նրանց աջակցություն ցուցաբերելիս հասանելիության հարցում մեծ դժվարություններ չենք ունենա։ Ֆինանսական առումով մեր մոտեցումն այն է, որ նրանք իրենց կենսաթոշակները շարունակեն ստանալ Հայաստանի Հանրապետությունում։ Այստեղ, սակայն, մենք զուտ իրավական խնդիր ունենք, կախված նրանց բռնի տեղահանվածի և փախստական լինելու կարգավիճակի հետ։ Մեր մոտեցումն այն է, որ գումարները կփոխանցենք և այդ գումարների հարցը հնարավորինս շուտ կլուծենք։ Եթե մինչ այդ իրավական հարցերում արդեն վերջնական լուծումներ ունենանք, շատ լավ, եթե չենք ունենա վերջնական լուծումներ, մարդու սոցիալական նվազագույն կարիքները կապահովենք, իրավական խնդիրները հընթացս կլուծենք, առանց այդ ընթացքում մեր հայրենակիցներին զրկելու որևէ աջակցության հասանելիությունից։

Ամփոփելով ասեմ, որ այսօր ամենակարևոր խնդիրը հետևյալն է. Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներն իրենց հարմար մոտակա բանկերում պետք է բացեն հաշվեհամարներ։ Կենտրոնական բանկն արդեն քննարկել է բանկերի հետ, որ այդ հաշվեհամարները բացվեն անվճար և հնարավորինս արագ։ Իհարկե, նաև, պետք է հետևենք իրադրությանը, եթե որևէ տեղ կտեսնենք, որ հերթեր են գոյանում, նաև մեր կամավորներին պետք է ուղղորդենք, որպեսզի նրանք հերթերը կառավարեն և մարդկանց օգնեն, որ ավելի լավ միջավայրում այդ գործողություններն իրականացնելու հնարավորություն ունենան և բանկերի բնականոն աշխատանքը որևէ կերպ չխաթարվի»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

Խորհրդակցության վերջում վարչապետը շնորհակալություն է հայտնել «Հումանիտար կենտրոն»-ին, որը գործել է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի համակարգմամբ, Կառավարության բոլոր անդամներին, գերատեսչություններին,  հասարակական կազմակերպություններին, տեղական ինքնակառավարման մարմիններին, մարզպետարաններին, կամավորներին՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների դիմավորումը և հրատապ տեղավորումը պատշաճ մակարդակով կազմակերպելու համար:

«Իհարկե հասկանալի է, որ այդ ճգնաժամային պայմաններում ամեն ինչ չէ, որ եղել է անթերի, բնականաբար, եղած կլինեն նաև որոշակի թերություններ, բայց ընդհանուր առմամբ, կարծում եմ և՛ հանրային արձագանքը, և՛ մեր դիտարկումները, և՛ այն փաստը, որ ըստ էության, ծայրահեղ ճգնաժամային իրավիճակ մենք չունենք որևէ տեղ, դրա ամենակարևոր աջակցությունն էր, ճգնաժամային իրավիճակ՝ հումանիտար առումով, բայց այն, ինչն ինքնին արդեն ճգնաժամ է, դրանից դուրս մենք ավելի սրված իրավիճակ չունենք»,- եզրափակել է Նիկոլ Փաշինյանը: