Ահա թե ինչ կմնա պատմության մեջ Արցախի հայաթափման դժոխային շաբաթից

Համաշխարհային լրատվամիջոցները, նույնիսկ Ռուսաստանին և Թուրքիային հարողները, հեգնանքով են գրում այն մասին, թե ինչպես է ՄԱԿ-ը սպասել Արցախի հայերի լիակատար արտաքսմանը և միայն դրանից հետո «Բաքվի հրավերով և Մոսկվայի համաձայնությամբ» առաքելություն ուղարկել այնտեղ։ Ըստ ամենայնի, առաքելություն ուղարկելու մասին հրամանագիրը ստորագրել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Ֆոլքեր Թյուրքը։

Համաշխարհային լրատվամիջոցները տարակուսանքով և չակերտներով են գրում, որ «առաքելությունը կոչված է գնահատելու Ղարաբաղի ժողովրդի կարիքները»։ Սոցցանցերի հայ եւ ոչ հայ օգտատերերը գրում են, որ եթե Արցախոմ բնակվեին միայն շներ և սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչներ, ապա բոլոր միջազգային կազմակերպությունները կշտապեին պաշտպանել նրանց իրավունքները։ Օդային միջանցք կբացեին և հատուկ սնունդ և հագուստ կմատակարարեյին, ինչպես նաև կողբան բազմաթիվ նիստերի եւ ֆոռումների ժամանակ։

Բայց ամբողջ աշխարհի աչքի առաջ ավելի քան 100 հազար մարդ, իրենց հետ տանելով սպանվածների աճյունները, լքեցին հայրենիքը, որտեղ իրենց նախնիները ապրել են հազարավոր տարիներ, իսկ ՄԱԿ-ը՝ միջազգային բարձրագույն մարմինը ժամանել է Ղարաբաղ միայն համոզվելու, որ «ամեն ինչ մաքուր է»:

Այժմ կարելի է հանգիստ, առանց ականատեսների արմատախիլ անել պատմությունը և քրիստոնեական հուշարձանները, որոնք արմատներով հազարամյակների են հասնում: Ինչու՞ Ֆոլկեր Թյուրքը պետք է պաշտպանի քրիստոնեական և հայկական հուշարձանները:

Ռուսական լրատվամիջոցները նույնպես լավատեսական տեղեկություններ են տարածում այն ​​մասին, թե ինչպես են «խաղաղապահները Հայաստանից 15 տոննա ալյուր բերել» Ստեփանակերտի հացի գործարան։ Ռուսաստանում գտնվող ընկերներն ու բարեկամները, որոնք սովոր են վստահել պաշտոնական տեղեկատվությանը, զանգահարում են ու հարցնում. Ղարաբաղում մա՞րդ է մնացել։ Ոչ, չի մնացել, միայն մահացածների աճյուններն են, որոնց դեռ փնտրում են։

Միջազգային հանրությունը՝ ՄԱԿ-ը, ԵԱՀԿ-ն (որի գործող նախագահն է Բույար Օսմանին), Մոսկվայի և Բաքվի հետ ձեռք ձեռքի տված, խնամքով կառուցում են կատարվածի սեփական պատկերը՝ պատմության և Հաագայի համար: Դատավորներն ու պատմաբանները կհավատան ոչ էե «չճանաչված» արցախցիների պատմություններին, այլ ՄԱԿ-ի և ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական տեղեկություններին։ Պատկերը հետևյալն է լինելու. «Բաքուն մարդասիրական միջանցք է բացել նրանց համար, ովքեր չեն ցանկացել ապրել Ադրբեջանի սահմանադրական կարգի ներքո, անվտանգ մեկնումը կազմակերպվել է ռուս խաղաղապահների և Բաքվի քաղաքավարի ոստիկանների կողմից, Ստեփանակերտում թալանի փաստեր չկան (Թյուրքն ու Օսմանին կհաստատեն), իսկ ցանկացողները կարող են վերադառնալ»։

Որոշ լրատվամիջոցներ արդեն հայտնում են, որ «Ղարաբաղը լքողները ասում են, թե անջատողական առաջնորդներն են իրենց ստիպել հեռանալ»։

Ահա թե ինչ կմնա պատմության մեջ Արցախի հայաթափման դժոխային շաբաթից։

La Figaro-ի փոխտնօրենը կոշտ քննադատության է ենթարկել ՄԱԿ-ին Արցախի հարցում

Ֆրանսիական La Figaro պարբերականի փոխտնօրեն Ժան-Քրիստոֆ Բյուսոնը X-ի իր միկրոբլոգում գրել է․

«ՄԱԿ-ի շատ, շատ, շատ օգտակար առաքելություն Արցախի անապատում, այժմ, երբ նրա գրեթե բոլոր հայ բնակիչները հալածվել են (երբ նրանք չեն սպանվել) ադրբեջանցիների կողմից, և երբ այնտեղ անելու ոչինչ չկա կամ պաշտպանող չկա (բացի. հորթեր, կովեր և խոզեր)»,- գրել է Բուիսսոնը։

Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը մի խումբ պատասխանատուների հետ կմնա Ստեփանակերտում

Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը մի խումբ պատասխանատուների հետ կմնա Ստեփանակերտում այնքան ժամանակ, մինչև չավարտվեն սեպտեմբերի 19-ից 20-ը տեղի ունեցած ռազմական գործողությունների և սեպտեմբերի 25-ին Ասկերանի շրջանում վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքները։ Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը:

«Տեղեկացնում ենք նաև, որ կառավարությունը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել ՀՀ տեղափոխվել ցանկացող այն քաղաքացիների հարցը, ովքեր տարբեր պատճառներով հնարավոր է, որ գտնվելիս լինեն Հանրապետության տարածքում»,-ասվում է հաղորդագրությունում։

Կատրին Կոլոննան հոկտեմբերի 3-ին կայցելի Հայաստան

Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան հոկտեմբերի 3-ինկայցելի Հայաստան։ Այդ մասին հայտնում են Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունից։

Հիշեցնենք՝ Կոլոննան հայտարարել էր, որ Ֆրանսիան ռազմական կցորդ կունենա Երևանում, ինչպես նաև հյուպատոսություն կբացի Սյունիքի մարզում:

Վերջին ավտոբուսը

Արցախից վերջին ավտոբուսը հասավ Գորիս 15 ուղևորներով: Այս մասին իր ֆեհսբուքյան էջում գրել է ԱՀ ՄԻՊ  Գեղամ Ստեփանյանը:

«Նվիրյալ մարդկանց մի փոքրիկ թիմ հարյուրավոր ահազանգերի հետևից գնացել է հասցե առ հասցե, դուռ առ դուռ՝ անօգնական մարդկանց տարհանելու համար:

Հ.Գ. Եթե Արցախում մնացած միայնակ կամ անօգնական մարդկանց մասին դեռևս ունեք հստակ տեղեկություն, պետք է դիմել Կարմիր խաչի միջազգային կոմիտե, կամ էլ տրամադրել տեղեկությունները մեզ ԿԽՄԿ փոխանցելու համար»,-գրել է նա։

ՄԱԿ-ը մուտք է գործել Արցախ, որ համոզվի՝ “все чисто”

ՄԱԿ առաքելության այցն Արցախ արդեն ուշացած է, ինչպես նաեւ մյուս մարդասիրական բոլոր կազմակերպությունների այցը, դա ձեւական բնույթ է կրում, քան թե բովանդակային: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադեւոսյանը` մեկնաբանելով ՄԱԿ առաքելության ուշացած այցն արդեն հայաթափված Արցախ:

«Ես կամավորական աշխատանք եմ կատարել, ինչքան մարդ եղել է նկուղներում, թեկուզ հոգեկան հիվանդություններ ունեցող, որ չեն հասկանում՝ ինչ է կատարվում, իմ ձեռքով նստացրել եմ ավտոբուս, հանել ենք Ստեփանակերտից: Սոցիալական ցանցերով ինֆորմացիա էր պտտվում, որ 7 երեխաներով մայր է մնացել, ամուսիններ, նորից ենք պտտվել ամբողջ քաղաքով, ոչ մեկին չենք գտել: Հիմնական բնակչություն չի մնացել Ստեփանակերտում, եթե լինեն՝ մատների վրա հաշված մարդիկ: Իմ տեղեկություններով՝ դեռ Արցախում են գտնվում նախկին նախագահները եւ քաղաքական ղեկավարությունը»,- ասաց նա:

ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք հոկտեմբերի 3-ից կարող են դիմել միանվագ 100- հազարական դրամ աջակցությունն ստանալու համար

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածները հոկտեմբերի 3-ից կարող են դիմել միանվագ 100-հազարական դրամ ստանալու համար: Հոկտեմբերի 1-ից 6-ամսյա ժամկետով տրամադրվող աջակցության ծրագրերի ավարտից հետո, պետությունը այլ ծրագրեր կներկայացնի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Հումանիտար կենտրոն»-ում ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։

«Հաշվառումը տեղի կունենա Երևանից դուրս` բոլոր մարզպետարաններում և խոշոր համայնքապետարաններում գործող միասնական սոցիալական ծառայությունների միջոցով։  Հոկտեմբերի 2-ին մենք կհրապարակենք կարգը, իսկ հոկտեմբերի 3-ից տեղահանվածները հնարավորություն կունենան դիմելու։ Անչափահասների դեպքում ծնողները կարող են նշել, թե ում բանկային հաշվին են ցանկանում, որպեսզի գումարը փոխանցվի»,- նշեց Խաչատրյանը։

Նա տեղեկացրեց` բոլոր այն անձանց համար, որոնք ունեն բանկային հաշիվներ կամ քարտեր, այս գործընթացը համամետաբար արագ կկատարվի, իսկ ովքեր դեռևս չունեն, նրանց համար տեխնիկապես այդ ամենը պատրաստելու համար մի քանի օր ժամանակ կպահանջվի:

Պետության կողմից տրամադրված կացարաններից օգտվել է 45 516 արցախցի

Պետության կողմից տրամադրված կացարաններից օգտվել է 45 516 արցախցի: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 1-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։

Ըստ մարզերի քաղաքացիները տեղաբաշխվել են հետևյալ կերպ. Արագածոտնի մարզում ժամանակավոր կացարան է ստացել 2262 մարդ, Արարատի մարզում` 12 638, Արմավիրի մարզում` 3943, Գեղարքունիքի մարզում` 3516, Լոռու մարզում` 2252, Կոտայքի մարզում`11 132, Շիրակի մարզում` 2114, Սյունիքի մարզում` 3655, Վայոց Ձորի մարզում` 1756 և Տավուշի մարզում` 2129։

Ուփսս, չհաջողվեց փրկել Հայաստանի հարավը. Ռուսաստանը ստիպված օկուպացրեց

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ելույթ ունենալով Եվրախորհրդի խորհրդարանների ղեկավարների եվրոպական համաժողովում, ասաց. “Հույս ունենք, որ հոկտեմբերի 5-ին Իսպանիայի Գրանադայում Հայաստանի, Ադրբեջանի, Գերմանիայի, Ֆրանսիայի և ԵՄ ղեկավարների հանդիպումը կլինի մի քայլ առաջ։ Հայաստանը վճռականորեն է տրամադրված խաղաղ համաձայնությանը, որը համաձայնեցվել է վարչապետ Փաշինյանի և նախագահ Ալիևի կողմից և որը ձևակերպել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը”։ Նա ընդգծեց, որ Երևանը ողջունում է ապագա տրանսպորտային համաձայնագրերը, որոնք հարգում են ինքնիշխանության, իրավասության և փոխադարձության սկզբունքները, և կոչ արեց միջազգային հանրությանը, ներառյալ ԵԽ-ին, աջակցել այս գործընթացին։

Փաստորեն, Սիմոնյանի խոսքերից ակնհայտ է դառնում, որ Հայաստանի իշխող կուսակցությունը «խաղաղության պայմանագիրը» կապում է հաղորդակցությունների «ապշրջափակման», այլ կերպ ասած՝ միջանցքի բացման և Սյունիքի հանձնման հետ։ Ըստ ամենայնի, Սյունիքի հարցը լուծված է։ Հարցը միայն այն է, թե ում հսկողության տակ է անցնելու նոր միջանցքը։

Ռուսաստանն ու Թուրքիան արդեն տերերի իրավունքով պատրաստվում են։ «Տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցության և լոգիստիկայի զարգացման ծրագրեր կան։ Սա չափազանց կարևոր է Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի համար»,- ասել է Պուտինի մամուլի քարտուղար Պեսկովը։ Այսինքն՝ ամեն ինչ կբաժանվի իրար մեջ՝ առանց Եվրոպայի եւ այլոց։

Հայաստանի իշխող կուսակցությունն իբր հույս ունի, որ միջանցքոի վերահսկողական գործառույթը կստանձնի Եվրամիությունը։ Բայց Արցախում տեղի ունեցող իրադարձությունները ցույց են տալիս, թե ինչպես է զարգանալու Սյունիքի օկուպացիան։

Ժամանակին Փաշինյանը հայտարարեց, որ թույլ չի տա էթնիկ զտումներ Արցախում, հետո ասաց՝ «ցավոք, զտումները չհաջողվեց կանխել»։ Բայց ոչինչ, գլխավորն այն է, որ Հայաստանում պահպանվել է ժողովրդավարական իշխանություն, այսինքն՝ Փաշինյանը՝ որպես ժողովրդավարության մարմնացում մնաց իշխանության ղեկին, այնպես որ Եվրոպան կարող է երջանիկ լինել։

Ռուսաստանն ու Թուրքիան պարտավորվեցին «համոզել» Իրանին. իզուր չէր, որ Շոյգուն սեպտեմբերի 19-ին Թեհրանում էր և այաթոլլաներին պարզ բացատրում էր ամեն ինչ։ Իրանին ասվել է, որ Մոսկվան ու Անկարան թույլ չեն տա Արևմուտքին մտնել տարածաշրջան։ Այնպես որ, Իրանը դժվար թե պատերազմ սկսի Ռուսաստանի և Թուրքիայի հետ։

Հիմա Ալեն Սիմոնյանը դիմում է Եվրոպային՝ «հաղորդակցությունների ապաշրջափակման» հարցով. Հետո, երբ ռուս-թուրքական էքսպեդիցիոն կորպուսը բռնակցի Սյունիքը, Սիմոնյանը կասի. «Ուփս, չստացվեց պահպանել Սյունիքը, բայց գլխավորն այն է, որ մենք՝ դեմոկրատներս, մնացինք իշխանության»։ Իսկ Եվրոպան կխոստանա առաքելություն ուղարկել Սյունիք՝ կարիքները գնահատելու համար։

Հարազատ Հերհեր․ կյանքի ամենադաժան օրերը /լուսանկարներ/

Լիա Գրիգորյանը 16 տարեկան է, իր ողջ կյանքը ապրել է Արցախի Հերհեր գյուղում, որի մոտ գտնվում է հանրահայտ Ամարասի ամառանոցը։

Պատմում է, որ սեպտեմբերի 19-ին սովորականի պես դպրոցում էր, երբ լսվեց առաջին պայթյունի ձայնը, հաղորդակցություն ստացավ, որ նորից պատերազմ է, հասցրեց տուն հասնել, բայց ասում է, որ ամեն րոպե ավելի բարձր էին լսվում ձայները։

Նույն օրը կապերը արդեն խզվել էին, կապ հաստատել բարեկամների հետ չէր ստացվում։ Մնացին տանը մինչ այն պահը, երբ ռումբը հայտնվեց հենց նրանց բակում:

Ասում է, որ հրաշքով փրկվեցին, և արդեն գյուղի ողջ բնակչությունը տեղափոխվեց դպրոց, որը համեմատաբար ապահով էր։

Այդ մի քանի օրերը իրենց կյանքի ամենադժվար և ամենադաժան օրերն էին։ Հետո արդեն հայտարարվեց, որ այլևս գյուղում անհնար է մնալ, թուրքերը գրեթե գյուղում են, իսկ դուրս գալու համար վառելիք չկա։

Գյուղացիների միահամուր ուժերով և տրակտորներով կարողացան մեքենաները քարշ տալով հասցնել Ճարտար գյուղ, որտեղ գյուղապետը կարողացավ որոշակի վառելիք գտնել մինչև Ստեփանակերտ։

Ստեփանակերտում մնացին 1 օր, մինչև վառելիք գտան և ընդամենը մի քանի ճամպրուկով, կարոտով լցված սրտով ճանապարհ բռնեցին դեպի Գորիս, թողնելով տունը, դպրոցը, նախնիների գերեզմանները և 16 տարիների լավագույն օրերը։

Նյութին կից Լիայի ֆոտոշարքն է հարազատ գյուղից, որը արվել է երկար հրաժեշտից առաջ։

Բաքուն միջազգային հետախուզում է հայտարարել Արայիկ Հարությունյանի և Ջալալ Հարությունյանի նկատմամբ

Բաքուն միջազգային հետախուզում է հայտարարել նախկին ղեկավար Արայիկ Հարությունյանի և  պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի նկատմամբ։

Նշվում է, որ այս և հետախուզման մեջ գտնվող այլ անձանց մասին մանրամասները շուտով կներկայացվեն հանրությանը: