ՀՀ իշխանություններն ամեն ինչ կանեն, որ Արցախի հարցն օրակարգում չմնա․ Խաչատրյան

  • 13:25 17.11.2023

«ՀՀ իշխանությունները շատ լավ հասկանում են, որ եթե Արցախի ժողովուրդն այստեղ կոմպակտ ապրի, քաղաքական ներկայացվածությունը պահի, Արցախի հարցը կմնա օրակարգում։ Եվ հետեւաբար, ամեն ինչ անելու են, որպեսզի դա տեղի չունենա, ներառյալ պետական ինստիտուտների համար Հայաստանում գործելու ոչ բարենպաստ միջավայր ստեղծելը։ Հայաստանի իշխանությունների համար Արցախի ժողովրդի ներկայացուցիչների գործունեությունը ռիսկ է, իրենք վտանգ են տեսնում։ Բայց որ ադրբեջանցիները գրավել են Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից 250 քկմ եւ զվռնում են ՀՀ տարածքում, մահ ու ավեր են սփռում, դա իշխանությունների համար ազգային անվտանգության վտանգ չէ»,- այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը»։ Այս մասին հայտնում է Step1.am-ի թղթակիցը Ազգային ժողովում։

Նա նշեց՝ այս իշխանության նպատակն է Արցախի հարցը փակել վերջնականապես։ Նիկոլ Փաշինյանը հրապարակեց քարտեզ, եւ Հայաստանի Հանրապետության պատմության մեջ առաջին անգամ Արցախը որեւէ կերպ այդ քարտեզի վրա նշված չէր։

Արթուր Խաչատրյանն ասաց, որ Արցախի ներկայացվածությունը շատ կարևոր  է։ «Հիշեցնեմ՝ 1994 թվականի մայիսին, երբ Բիշքեկում ստորագրվեց հրադադարը, ադրբեջանցիները չունեին ինչ-որ մեկին, որին Ադրբեջանի համայնքի կողմից կներկայացնեին։ Մի հատ Նիզամի Բահմանով էին առաջ բերում, որը եղել էր Շուշիի գործադիր մարմնի ժամանակավոր ղեկավարը 1,5 ամիս։ Եվ միջազգային հանրությունը, այդ միջխորհրդարանական վեհաժողովն ասաց՝ սա Ղարաբաղի ադրբեջանցիների ներկայացուցիչը չէ ընդհանրապես, եւ Ղարաբաղի ադրբեջանցիները որպես սուբյեկտ հանդես գալու իրավունք չունեն։ Այնպես որ, ցանկացած քայլ դիտեք նպատակի համատեքստում»,- ասաց Խաչատրյանը։

 

f