Արցախցին տերն է այդ հողի, տերն է այդ տարածաշրջանի․ Սեյրան Օհանյան

  • 18:12 24.11.2023

«Այս քննարկումների ընթացքում հիմնավորվեց Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի պաշտպանությունը եւ հատկապես Արցախի ինքնորոշման գաղափարը շարունակական դարձնելը»,- այսօր Ազգային ժողովում «Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնության առաջադրած ԱԺ հայտարարության նախագծի վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

«Մենք պետք է ֆիքսենք հետեւյալը, որ առաջինը՝ ինքնորոշման իրավունքը պետք է շարունակական դարձնել, Արցախի էջը փակ չէ։ Դեռ ավելին, Ադրբեջանի հանցավոր քաղաքականության հետեւանքով այն հակամարտությունն ավելի է խորացել։ Եվ Ադրբեջանը միջազգային հարթակներում պետք է պատասխան տա այն ցեղասպանության գործողությունների համար, որն ինքն իրագործեց Արցախի ժողովրդի նկատմամբ՝ ցեղասպանությունը, էթնիկ զտումը, տեղահանությունը։ Երկրորդ, Արցախի սուբյեկտայնությունը պետք է պաշտպանվի՝ բոլոր ինստիտուտներով եւ հատկապես ժողովրդի համար համապատասխան պայմանների ապահովմամբ, ընդ որում, ոչ միայն Հայաստանում, այլ նաեւ հետ վերադարձի բոլոր պահանջներով։ Այսինքն՝ այնպիսի պայմաններ, որոնք կապահովեն Արցախի ժողովրդի՝ իր իսկ պատմական տարածքում ապրելու, անվտանգ արարելու եւ զարգանալու իրավունքը։ Ինքը տերն է այդ հողի, տերն է այդ տարածաշրջանի եւ Արցախում ինքնորոշվել է ԽՍՀՄ փլուզումից հետո այնպես, ինչպես խորհրդային մյուս պետությունները»,- հավելեց նա։

Ըստ նրա՝ հետխորհրդային տարիների ընթացքում Արցախն իր պետական ինստիտուտներով եղել է նաեւ օրինակելի՝ ժողովրդավարական հիմունքների, օրինականության, անվտանգության ապահովման տեսանկյունից։  «Եթե Արցախի սուբյեկտայնությունը, ինքնորոշումը պահպանվում է, ապա հակամարտության վերաբերյալ ընդունելի կամ ընդունված ձեւաչափով բանակցային գործընթացին այլընտրանք չկա։ Սրանով էլ հիմնավորվում է, որ Արցախի ապագայի համար նույնպես պետք է ձեւավորվեն ազգային եւ միջազգային երաշխիքներ։ Այդ ռազմավարության մշակողը պետք է լինեն Արցախի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության իշխանությունները, եւ հապաղելն այստեղ անընդունելի է, կարող է կործանարար լինել։ Իսկ եթե Հայաստանի իշխանությունները հրաժարվում են այդ ռազմավարության մշակումից, սա եւս մեկ անգամ փաստում է, որ իրենք հրաժարվում են բոլոր այն խոստումներից, որոնք իրենք տվել են։ Ես հատուկ ընդգծում եմ, որ Ազգային Անվտանգության ռազմավարության մեջ նշված է, որ «Հայաստանի Հանրապետությունը կկանխարգելի Արցախի ազգաբնակչության բնաջնջման կամ բռնագաղթեցման ցանկացած փորձ»։ Իսկ այս բռնագաղթեցման ճանապարհին ՀՀ իշխանությունները կրավորական կամ դավաճանական կեցվածք ընդունելով՝ հայտարարում էին, որ Արցախի խաղաղ քաղաքացիների համար անվտանգության ոչ մի խնդիր չկա, այն պարագայում, երբ Արցախի ժողովուրդը, նրա բանակը, հրամանատարներն ու զինվորները հերոսաբար կռվում էին վերջին պատերազմի ժամանակ՝ իրենց ինքնությունը պաշտպանելու համար»,- հավելեց Օհանյանը։

f