Ո՞վ էր տարածում առասպելները. պարզ չէ՞ բովանդակությունից

Ստեփանակերտի օդանավակայանում արտաքսումից առաջ. հերթական առասպելը՝ ռուսները մեզ կփրկեն

Ռազմավարական Հետազոտությունների Անկախ Կենտրոնը գրում է

Արցախում վերջին տարիներին, հատկապես 44-օրյա պատերազմից և խաղաղ բնակիչների վերադարձից հետո, առասպելներ էին հյուսվում։ Հանկարծ ինչ-որ տեղից առասպելներ էին հայտնվում, և մարդիկ հաճույքով հավատում էին դրանց:
Այսպիսով, մի պահ հայտնվեցին ամենատարբեր առասպելներ, թե շուտով բոլոր արցախցիները ռուսական անձնագրեր կստանան և կդառնան Ռուսաստանի Դաշնության քաղաքացի։ Հետո ամբողջ երկրով մեկ տարածվեց միֆը, թե իբր մեր հայերից մեկը Ստեփանակերտի օդանավակայանում «պատահաբար» տեսել է ռուսական անձնագրերով լի արկղեր՝ անգարում։ Կամ, որ իբր Արայիկ Հարությունյանը գնացել է Մոսկվայում, և այնտեղ նրան ամենաբարձր մակարդակով վստահեցրել են, որ Արցախը դառնալու է առանձին պետություն (ճանաչված համաշխարհային հանրության կողմից), բայց լինելու է Ռուսաստանի պրոտեկտորատի տակ։ Անմիջապես այս առասպելը լույսի արագությամբ տարածվեց Արցախի շրջաններով ու գյուղերով։
Մյուս առասպելն այն էր, որ Արցախն այնքան լավն է լինելու, որ շատ հայեր կտեղափոխվեն այստեղ ապրելու։ Երանի նրան, ով հավատում է: Այսպես էլ ապրեցինք, ամեն տեսակ առասպելներ հորինելով։ Ի վերջո կորցրինք մեր հայրենիքը։

ԵՄ արտգործնախարարներն անդրադարձել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացին

Բրյուսելում նոյեմբերի 13-ին ընթացող ԵՄ արտգործնախարարների խորհրդի նիստից առաջ մի շարք անդամ երկրների նախարարներ ճեպազրույց են անցկացրել, որի ընթացքում կարեւորել են խաղաղությունը Հարավային Կովկասում, շեշտադրել Հայաստանի ինքնիշխանությանը եւ տարածքային ամբողջականությանը սատարելու կարեւորությունը եւ հույս հայտնել, որ խորհրդի նիստում այս հայեցակարգերն իրենց հստակ դրսեւորումը կգտնեն։

«Արմենպրեսի»-ի Բրյուսելի թղթակցի փոխանցմամբ՝ Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բերբոքն ասել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ավելի քան երեսուն տարի տեւած հակամարտությունը կենտրոնական խնդիր է նաեւ Եվրոպայի համար։

«Հատկապես ամենադժվար աշխարհաքաղաքական ժամանակաշրջանում բոլորն ունեն նույն շահագրգռվածությունը՝ ապահովելու, որ տարածաշրջանում բոլորի համար լինի խաղաղություն եւ անվտանգություն», – ասել է Բերբոքը եւ հավելել, որ վերջերս էր տարածաշրջանում եւ համոզված է՝ ավելի քան արժե ուժեղացնել համատեղ ջանքերը՝ աջակցելու խաղաղ գործընթացին։ Գերմանացի արտգործնախարարը կարեւորել է եվրոպական ներկայությունը տարածաշրջանում եւ ընդգծել, որ եթե ԵՄ-ն այնտեղ չլինի, այդ բացը շատ արագ կլրացվի այլ դերակատարներով։ «Եվրոպական հարթակը այն հարթակն է, որը պաշտպանում է իրական անվտանգությունը, իրական վստահությունը և տարածաշրջանում իրական խաղաղությունը», – եզրափակել է Աննալենա Բերբոքը։

Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոննան կարևոր է համարել, որ ԵՄ  արտաքին հարաբերությունների խորհուրդը հստակ հաստատի իր աջակցությունը Հայաստանին, այսինքն՝ իր աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։ Նա ընդգծել է, որ ցանկություն կա ընդլայնելու ԵՄ առաքելության մանդատն ու միջոցները, ինչպես նաև աջակցելու Հայաստանին՝ Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով: «Կարծում եմ, որ սա ուղերձ է, որը տեղին կլիներ մեր խորհրդի կողմից այսօր հստակ և հաստատակամորեն փոխանցել: Ժամանակն է դա անելու: Մենք արդեն մի քանի շաբաթ է, ինչ խոսում ենք այս մասին»,- ասել է Ֆրանսիայի արտգործնախարարը։

Լատվիայի արտգործնախարար Կրիշյանիս Կարիշը եւս իր խոսքում նշել է, որ Եվրոպան պետք է իր ներդրումն ունենա , որպեսզի Հայաստանը և Ադրբեջանը վերջապես գան խաղաղ լուծման: «Ես հավատում եմ, որ դա հնարավոր է: Հատկապես եթե դրա հետեւում Եվրոպական Միություն կշիռն է», – ասել է Կարիշը։

Իսպանիայի արտգործնախարար Ալբարես Բուենոն եւս հակիրճ անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերություններին, նշել, որ Եվրոպան պետք է ջանք չխնայի իրավիճակը կայունացնելու համար Հարավային Կովկասում խաղաղություն երաշխավորելու, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում ստեղծված լուրջ իրավիճակից հետո Հայաստանին աջակցություն և կայունություն առաջարկելու համար։

Իրանում տեղի ունեցած երկրաշարժը զգացվել է նաև Հայաստանում

Նոյեմբերի 13-ին, ժամը 18:58-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 14:58-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39.48⁰ և արևելյան երկայնության 44.62⁰ աշխարհագրական կոորդինատներով Իրան՝ Մակու քաղաքից 23 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4․3 մագնիտուդով երկրաշարժ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից, էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5-6 բալ:
Երկրաշարժը զգացվել է Արարատի և Վայոց ձորի մարզերում՝ 3-4 բալ, ինչպես նաև Երևան քաղաքում՝ 2-3 բալ ուժգնությամբ։

Սոֆյա Հովսեփյան. Իշխանությունները նպատակ ունեն վերջնականապես փակել գույքային իրավունքի հարցը

Հայաստանի իշխանությունը Արցախի անձնագրերի «070» կոդը մերժել է վաղուց․ 2020 թվականի պատերազմից հետո տարբեր առիթներով այդ մասին բարձրաձայնվել է։ Այս մասին step1.am-ի հետ զրույցում ասաց Ազգային ժողովի նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը։ Նա հիշեցրեց, որ դեռ 44-օրյա պատերազմից հետո էին բանկային եւ այլ գործարքների դեպքում արցախցիները Հայաստանում խնդիրների բախվում։

«Իսկ հիմա, երբ իրենք արդեն Արցախը ճանաչում են Ադրբեջանի կազմում, իսկ այդ մարդիկ, ՀՀ քաղաքացի լինելով, գրանցվում են Նիկոլ Փաշինյանի պատկերացրած Ադրբեջանի Հանրապետությունում, ապա 070 կոդը, որը տրվել է Հայաստանի Հանրապետության կողմից, հակադրության մեջ է մտնում իրենց իսկ որդեգրած սկզբունքի հետ։ Այդ սկզբունքն այն է, որ Արցախը ճանաչում են Ադրբեջանի կազմում։ Բնական է, որ իրենք, լինելով Ալիեւի կամակատարը, պետք է այսպես էլ գործեին, ոչ ոք չի էլ զարմանում»,- ասաց Սոֆյա Հովսեփյանը։

Հայաստանի իշխանությունները հայտարարում են, որ ՀՀ քաղաքացիություն ստանալու դեպքում՝ արցախցիների պահանջատիրության ու գույքային իրավունքի հարցերը չեն փակվում։ Սոֆյա Հովսեփյանի խոսքով՝ իրականում իշխանությունները նպատակ ունեն վերջնականապես փակել գույքային իրավունքի եւ մյուս հարցերը։

«Ադրբեջանը հենց դա է պահանջում իրենցից, որ արցախցին չկարողանա որեւէ իրավական գործընթաց սկսել՝ անկախ նրանից, թե միջազգային կառույցներն ինչ գործընթաց կարող են իրականացնել։ Իրենց սկզբունքն է՝ վերջնականապես ծառայել Ադրբեջանին, որովհետեւ ակնհայտ է, որ իրենք չեն ծառայում Հայաստանի Հանրապետությանը»,- հավելեց Սոֆյա Հովսեփյանը։

 

Պուտինը հավատում է միայն Փաշինյանին. նա և Ալիևն այլ փաստարկներ չունեն

Ալիևը կրկին խոսել է «հարավկովկասյան տարածաշրջանում նոր իրողությունների մասին»:

Չնայած Արցախի օկուպացմանը և բնիկ հայ մեծամասնության տեղահանությանը, աշխարհը չի ճանաչում Բաքվի իրավունքը Արցախի նկատմամբ։ Ալիևը երկու ոտքից էլ կաղող զույգ փաստարկ ունի՝ ռազմական ուժ և Փաշինյանի հայտարարությունը «Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ճանաչելու մասին»։

Ուժի փաստարկը հակասում է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին և ՄԱԿ-ի կանոնադրությանը: Այդ իսկ պատճառով ոչ մի միջազգային կազմակերպություն կամ իրեն հարգող երկիր պաշտոնապես չճանաչեց 2020 թվականի 44-օրյա պատերազմի արդյունքները, շրջափակումը, սեպտեմբերյան ագրեսիան և 2023 թվականի արտաքսումը։ Ի տարբերություն Իսրայելի, որի ինքնապաշտպանության իրավունքը ճանաչված է Արևմուտքի կողմից, ոչ ոք հրապարակայնորեն չի ճանաչել Ղարաբաղը գրավելու Բաքվի «իրավունքը»։

Ավելին, ադրբեջանցի քաղաքագետները Բաքվի ԱԳՆ-ի վերջին դեմարշը ԱՄՆ-ի դեմ բացատրել են նրանով, որ ԱՄՆ-ը հրաժարվում է Ղարաբաղը ճանաչել որպես Ադրբեջանի մաս։

Բաքուն դեռևս առաջ է մղում ուժային փաստարկը՝ Ստեփանակերտում հիմար երկաթե բռունցք տեղադրելով։ Բայց այս բռունցքը կհայտնվի շատ անհարմար տեղում, եթե աշխարհը վերադառնա ուժի կիրառումից հրաժարվելու հիմնարար սկզբունքին։

Երկրորդ փաստարկը՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն է. Վլադիմիր Պուտինն ու նրա շքախումբն ասում են, որ «Հայաստանը ճանաչեց Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս, և դա փոխեց է իրավիճակը, նույնիսկ ռուսական խաղաղապահ զորքերի տեղակայման պայմանները»։ Արևմտյան երկրները փորձում են չկրկնել Փաշինյանի հայտարարությունը. Փաշինյանը վաղը կարող է ասել, որ Ղարաբաղն ու Նախիջևանը Հայաստան են։ Հո ամեն անգամ չեն փոխելու միջազգային քաղաքականությունը, ՄԱԿ-ի բանաձեւերը և այլ փաստաթղթեր։

Պուտինը, փաստորեն, անվերապահորեն հավատում է Փաշինյանին՝ նրա խոսքերը համարելով «վերջնական ճշմարտություն»։ «Արևմտամետ» Փաշինյանի նկատմամբ Պուտինի նման քնքուշ վստահությունը պայմանավորված է նրանով, որ «Ղարաբաղն Ադրբեջանի մաս» ճանաչելու իրավական հիմքեր բացարձակապես չկան։ Միակ «հիմքը» կարող է լինել Բաքվի և Երևանի միջև միջազգային պայմանագրի ստորագրումը։

Հայտարարելով, որ առանց պայմանագրի և սահմանազատման «Հայաստանը սահմաններ չունի», Ալիևը հասկանում է, որ նույնը կարելի է ասել իր հորից ժառանգած երկրի մասին։

44-օրյա պատերազմի հանգամանքները քննող ԱԺ հանձնաժողովը հրավիրել է ԼՂ նախագահ Սամվել Շահրամանյանին

44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովը նոյեմբերի 13-ին  գրավոր նամակ է ուղարկել Լեռնային Ղարաբաղի նախագահ Սամվել Շահրամանյանին և սպասում է նրա արձագանքին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Ազատության»-ը փոխանցել է հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

«Նամակը քիչ առաջ ուղարկել ենք Արցախի ներկայացուցչական շտաբ և սպասում ենք նրան քննիչ հանձնաժողովում»,-նշել է Քոչարյանը։

 

«Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը չի կարող որոշվել Ադրբեջանի կողմից սկսված պատերազմով»

Բասկերի երկրի խորհրդարանի եվրոպական հարցերի և արտաքին գործերի հանձնաժողովը լսումներ է անցկացրել Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ, որի ընթացքում Հայ բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) անդամ, իսպանահայ իրավաբան Լևոն Գրիգորյանը հանձնաժողովի խնդրանքով տեղեկացրել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի մասին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Գրիգորյանը հայտարարել է, որ մարդու իրավունքների պաշտպանությունը պատասխանատվություն է, որը գերազանցում է քաղաքական, մշակութային և էթնիկ տարբերությունները:

«Անկախ մեր ծագումից՝ կարևոր է, որ մենք միավորվենք այս ընդհանուր գործում: Էթնիկ զտումներն ուղղակի ոտնձգություն են մարդկային արժանապատվության և ամենահիմնական իրավունքի` կյանքի իրավունքի նկատմամբ: Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքները միջազգայնորեն պաշտպանության կարիք ունեն, իսկ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը չի կարող որոշվել Ադրբեջանի կողմից սկսված պատերազմով»,- ասել է իրավաբանը։

Գրիգորյանը հանդես է եկել Ադրբեջանի իշխանությունների կողմից մարդկության դեմ կատարված հանցագործությունների անկախ հետաքննության օգտին՝ պնդելով, որ այս իշխանությունների դեմ պատժամիջոցների կիրառումը վճռորոշ է Հայոց նոր ցեղասպանության հնարավորությունը կանխելու համար։

ԵՄ ԱԳ նախարարները կքննարկեն Հայաստանի ու Ադրբեջանի շուրջ վերջին իրադարձությունները

Բրյուսելում տեղի կունենա Արտաքին հարաբերությունների խորհրդի նիստ։ Նիստը կգլխավորի ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։

ԵՄ ԱԳ նախարարները կքննարկեն Ուկրաինայում տիրող իրավիճակը, Հայաստանի ու ազերբայդժանի շուրջ վերջին իրադարձությունները։

Խորհուրդը կարծիքներ կփոխանակի Իսրայելում եւ տարածաշրջանում տիրող իրավիճակի, տնտեսական անվտանգության արտաքին քաղաքական հարթության շուրջ։

ՀՀ քաղաքացիություն ստանալ ցանկացող արցախցիների հոսքը պասիվ է

Արդեն մեկ շաբաթ է՝ մեկնարկել է Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված անձանց Հայաստանում քաղաքացիություն ստանալու դիմումների ընդունման գործընթացը։ ՀՀ ՆԳՆ միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը տեղեկացրել էր, որ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար արցախցիները կարող են մոտենալ Զաքյան փողոցում գտնվող Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության գրասենյակ։ Այցելելով նշված գրասենյակ՝ step1.am-ի թղթակիցը պարզեց, որ արցախքիների հոսքը պասիվ է։ Մեր այցելության պահին ընդհանրապես դիմող արցախցի չկար։ Գրասենյակի աշխատակիցների տեղեկացմամբ՝ այս օրերին արցախցիները հիմնականում իրենց դիմում են տեղեկատվություն ստանալու համար։

Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության հանրային կապերի պատասխանատու Նելլի Դավթյանից հետաքրքրվեցինք, թե բռնի տեղահանված քանի՞ արցախցի է դիմել ՀՀ քաղաքացիություն ստանալու համար։

«Նոյեմբերի 6-ից սկսած մենք բացել ենք Զաքյան 3,118/1 հասցեում գտնվող մեր մասնաճյուղը, որտեղ արցախցիներից ընդունում ենք քաղաքացիություն ստանալու դիմումներ։ Գործընթացը կազմակերպվում է նաեւ մարզերի բոլոր անձնագրային ծառայություններում։ Առաջին անգամ ենք նման պրակտիկա կիրառում, որովհետեւ սովորաբար քաղաքացիության համար դիմում ընդունվում էր Անձնագրերի եւ վիզաների վարչության վարչական շենքում։ Բայց որպեսզի չբարդացնենք գործընթացը, եւ մեր հայրենակիցները ստիպված չլինեն մարզերից Երեւան գալ՝ այդ դիմումը հանձնելու համար, նման լուծում ենք տվել։ Այնտեղ նաեւ խորհրդատվական բնույթի ծառայություն ենք մատուցում։ Եվ նախորդ մեկ շաբաթվա ընթացքում մարդիկ ավելի շատ մոտեցել են՝ հարց ու փորձ անելու, տարբեր ընթացակարգեր ճշտելու, իրավունքների ու պարտականությունների փաթեթներին ծանոթանալու, կարգավիճակների տարբերությունները հասկանալու համար։ Եվ փաստորեն ավելի շատ խորհրդատվական այցեր են լինում այս օրերին»,- ասաց Նելլի Դավթյանը։

Նա հավելեց, որ ստացվել են նաեւ քաղաքացիություն ստանալու մի քանի տասնյակ դիմումներ։ «Չենք ամփոփել, քանի որ Հայաստանի մասշտաբով ենք հավաքագրում դիմումները, թիվ չեմ կարող նշել, բայց մի քանի տասնյակ դիմումներ արդեն կան։ Նաեւ շատ են դեպքերը, երբ փաստաթղթերը պակաս են կամ թերի, ուղղորդում ենք փաստաթղթերը լրացնելու նորից վերադառնալու»,- նշեց նա։

Նելլի Դավթյանն ասաց, որ գրասենյակ դիմող արցախցիներին ավելի շատ հետաքրքրում է այն հարցը, թե արդյոք ՀՀ քաղաքացիություն ստանալու դեպքում հնարավո՞ր է պահպանել փախստականի կարգավիճակը։ «Կա մի թյուրըմբռնում, որ քաղաքացիություն ստանալու դեպքում հնարավոր է պահպանել փախստականի կարգավիճակը։ Մենք պարզաբանում ենք, որ դրանք երկու կարգավիճակներ են, եւ փախստականից անցում է կատարվում դեպի քաղաքացու կարգավիճակի։ Եվ նաեւ պարզաբանում ենք ներկայացնում բոլոր հիմնական մտահոգությունների մասին։ Օրինակ՝ գույքի, վնասի փոխհատուցում, վերադարձի իրավունքի իրացում։ Փախստականի հետ փոխկապակցված իրավունքների մասով մարդիկ ունեն մտավախություն, որ հանկարծ քաղաքացիություն ստանալու դեպքում այդ իրավունքներից չզրկվեն։ Մենք պարզաբանում ենք, որ ՀՀ կառավարության դեկլարատիվ բնույթի որոշումը հենց դրա համար է ընդունվել, որ Արցախի ամբողջ բնակչությանն արդեն իսկ տրվել է փախստականի կարգավիճակ, ֆիքսվել է բռնի տեղահանության փաստը, եւ դրանք անձի հետ անխզելիորեն կապված իրավունքներ են, ոչ ոք չի չեղարկում իրենց անցած ճանապարհը։ Մենք դա ֆիքսել ենք հենց կառավարության որոշմամբ»,- ասաց նա։

Ռոզա Հովհաննիսյան

Մենք նավթ ունենք, դուք՝ սփյուռք. ինչի՞ է հանգեցնում ազգային հսկայական ռեսուրսից օտարումը

Նոյեմբերի 10-ին ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Լիլիթ Մակունցն ընդունեց Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ին և նրա գլխավորած պատվիրակությանը։ Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Սփյուռք հարաբերությունները։

«Հայաստան-Սփյուռք հարաբերությունների» թեման 2018 թվականից հետո դարձել է հակահայ պայքարի հիմնական վեկտորներից մեկը։ Մենք ունենք նավթ և գազ, Հայաստանն ունի սփյուռք. այդպես են միշտ ասել Ալիևը, Էրդողանը և Հայաստանի նկատմամբ թշնամաբար տրամադրված մյուս ուժերը։ Սփյուռքին վարկաբեկելը, չեզոքացնելն ու Հայաստանից օտարելը պայման դարձավ Փաշինյանի կառավարության գործունեության համար։

Սփյուռքը չափազանց տարասեռ նյութ է, որը նույնիսկ մինչև 2018 թվականը միասնական չէր, թեև Արցախի և հայկական իրավունքների գաղափարը միավորում էր նույնիսկ հակառակորդ ուժերին։ 2018 թվականին Դաշնակցությունը դարձավ Փաշինյանի կառավարության մաս, ինչը պետք է դառնար Հայաստանի և Սփյուռքի միասնության խորհրդանիշը։ Սփյուռքի ազդեցիկ քաղաքական գործիչներ սկսեցին գալ Հայաստան, Փաշինյանի հեղափոխությունը ողջունվեց հայ համաշխարհային մակարդակի շոու-աստղերի կողմից, և հայտնվեց ազգի համախմբման «սպառնալիք»։

Շատ շուտով Սփյուռքում ազդեցիկ Դաշնակցությունը հեռացվեց իշխող կոալիցիայից, կուսակցությունը անցավ ընդդիմություն և իշխանամետ քարոզչությամբ հռչակվեց ազգի գրեթե գլխավոր թշնամի։ Իշխանամետ քարոզչությունը Դաշնակցությանը արդարացիորեն մեղադրում էր ռուսամետ լինելու մեջ, մինչդեռ դա արդարացի կլիներ, եթե Հայաստանի իշխանությունն ինքը նույնպես չգործեր ռուսամետ քաղաքականության և շահերի ծիրում:

Արդյունքում, Հայաստանը ամբողջովին կտրվեց սփյուռքից՝ ոչ միայն հայերի ընդհանուր թվի երկու երրորդից, այլ այն հայերից, ովքեր ունեն ազդեցության հսկայական ռեսուրս միջազգային քաղաքականության վրա և ունակ են լոբբինգ իրականացնել ամենաբարձր մակարդակով: Սփյուռքահայերի գործունեությունը սկսեց հանդիպել Հայաստանի կառավարության դիմադրությանը։ Հիշեցնենք, որ այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Մակրոնը՝ Ֆրանսիայի հայկական սփյուռքի ներկայացուցիչներին ասելով, որ «խնդիրը Փաշինյանի մեջ է»։

Ալիևը 2021 թվականի փետրվարին ասել էր, որ «Խորհրդային Միության փլուզումից հետո ամերիկյան Կոնգրեսն ընդունեց Ազատության աջակցության ակտը՝ օգնելու բոլոր նախկին խորհրդային հանրապետություններին»: «Բայց Ադրբեջանը դուրս է մնացել այնտեղից։ Ո՞վ է նրան դուրս թողել։ Հայկական լոբբիի ներկայացուցիչները. նրանցից շատերն այսօր էլ բարձր պաշտոններում են։ Այն պատրվակով, թե իբր Ադրբեջանը շրջափակում է հայտարարել Հայաստանին։ Մեր նկատմամբ սանկցիաներ կիրառվեցին։ Դրանք գործում են մինչ օրս: Նրանք նաև մի թիվ ունեն՝ 907-րդ փոփոխությունը։ Ազատության աջակցության ակտի 907-րդ փոփոխությունը ենթադրում է պատժամիջոցներ մեր դեմ»,- ասել է Ալիևը։

Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն ասել է, որ պետք է «պայքարել ժողովրդի իրավունքների հարգման համար, քանի որ ժողովուրդը, նույնիսկ եթե այնտեղ (Արցախում) մարդ չկա, դեռ հողի և գույքի տերն է»: «Հայաստանն ունի շատ նշանակալից սփյուռք ամբողջ աշխարհում։ Դուք անհավանական ուժ ունեք, և մենք կարող ենք օգտագործել այն: Ես հասկանում եմ, որ սա շատ դժվար պահ է հայկական սփյուռքի համար, որ հնարավոր են նույնիսկ հարձակումներ Հայաստանի վրա, բայց դուք պետք է հասկանաք, որ երբեք չեք հաղթի, եթե դադարեք պայքարել»,- ասաց նա։

Արցախի օկուպացիայից և բնիկ բնակչության տեղահանությունից հետո սփյուռքի կազմակերպությունները հայտնվեցին նույն խառնաշփոթի մեջ, ինչ ողջ հայությունը։ Հիմա, ըստ ամենայնի, սփյուռքը փորձում է հասկանալ, թե ինչ կարելի է անել Հայաստանի համար և ինչպես կարող է աշխատել Փաշինյանի իշխանության հետ։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն օրերս ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի նախագահին։ Պաշտոնական Երեւանը, ըստ երեւույթին, մեծահոգաբար որոշել է թույլ տալ սփյուռքին լուծել արցախահայության «մարդասիրական խնդիրները»։

Նաիրա Հայրումյան

Անկախության սերունդ. անբուժելի «Վերք Ղարաբաղի»

Գագիկը ծնվել է 1997 թվականին Ստեփանակերտում։ Մանկուց սիրում էր կարդալ։ Գրքերի հանդեպ սերը նրան փոխանցվել է գենետիկորեն։ Նրանք տան դիմաց ունեին տնակ, որը հետագայում վերածվեց ընտանեկան գողտրիկ անկյունի, որտեղ երեկոները հավաքվում էին Գագիկի ընկերներն ու հարազատները։ Սենյակում կար մեծ գրադարան, որտեղ հավաքված էին թե՛ հայ, թե՛ օտարազգի հայտնի հեղինակների գրեթե բոլոր ստեղծագործությունները, որոնք Գագիկը բազմիցս վերընթերցել է։

Գագիկի ոչ պակաս սիրելի զբաղմունքը այգեգործությունն էր։ Նրանք այգի ունեին, որտեղ նա շքեղ ծաղիկներ էր աճեցնում։ Այգում թափառում էր ընտանի կատու, որը համարվում էր ընտանիքի անդամ։ Ճոճաթոռը, որտեղ նա նստում էր ու ժամերով գրքեր էր կարդում։

«Այս փոքրիկ ջերմ անկյունում տիրում էր աստվածային խաղաղություն, այնտեղ անսահման հաճույք էի  ստանում»,- ասում է Գագիկը։

Սովորել է Ստեփանակերտի թիվ 8 դպրոցում։ Ջերմությամբ ու տխրությամբ է հիշում իր դպրոցական տարիները, ուսուցիչներին ու դասընկերներին։ «Ուսուցիչների շնորհիվ է, որ թիվ 8 դպրոցի շրջանավարտները միշտ աչքի են ընկել իրենց լավ վարքագծով և էրուդիցիայով։ Դպրոցում առանձնահատուկ ուշադրություն էր դարձվում լեզուների ուսումնասիրությանը։ Դպրոցի շրջանավարտներից շատերը գերազանց տիրապետում են երկու օտար լեզուների»,- ասում է նա։

Դպրոցն ավարտելուց հետո Գագիկն ընդունվել է Արցախի պետական ​​համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ 2016 թվականին զորակոչվել է Արցախի պաշտպանության բանակ։ Պատվով և արժանապատվորեն ծառայելով՝ նա տուն վերադարձավ պարգևներով և պատվոգրերով։ Վերադառնալուց հետո շարունակել է ուսումը և մեծ հաջողությամբ ավարտել համալսարանը՝ ստանալով բակալավրի կոչում։

2020 թվականի սեպտեմբերի 27-ին, երբ սկսվեց 44-օրյա պատերազմը, նա ընտանիքի հետ հանգստանում էր Սյունիքի մարզում։ Լուրը լսելով՝ Գագիկը շտապել է Արցախ։ Ժամանելուն պես նա անմիջապես մեկնել է ռազմաճակատ։ Ժամանակի ընթացքում հայրն էլ միացավ նրան, և նրանք միասին պատվով կռվեցին մինչև ռազմական գործողությունների ավարտը։

Հիմա նա հոգում մեծ ցավով է հիշում իր կյանքի այդ չարաբաստիկ շրջանն ու պատերազմից հետո կատարվածը։ «Իմ ժողովրդի ողջ խնդիրը ռացիոնալ մտածողության բացակայության մեջ է. թշնամուն հաղթելու համար անհրաժեշտ է համախմբվել և ընտրել արժանի ու կոմպետենտ ղեկավարների՝ երկիրը կառավարելու համար։ Կուզենայի հուսալ, որ մեր ժողովուրդը գոնե այս բոլոր փորձություններից հետո կսկսի սթափ մտածել»,- ասում է Գագիկը։

Նա շատ է սիրում բնությունը։ Նրա ամենասիրելի տեսարժան վայրերից էր Գանձասարի վանքը և նրա շրջակայքը։ Նա հասցրել է այցելել Արցախի գրեթե բոլոր անտառները։ Հիշում է նաև հարազատ դպրոցի բակում գտնվող ծեր թխկին, որը դեռահասների դեպրեսիայի լավագույն դեղամիջոցն էր։

Պոեզիա է գրում մանկուց, ամենահայտնի ստեղծագործությունը՝ «Վերք Ղարաբաղի», գրել է բոլորովին վերջերս։ 2021 թվականին իմացավ եվրոպական հեղինակավոր բուհերից մեկն ընդունվելու հնարավորության մասին։ Հաջողությամբ հանձնելով բոլոր քննությունները՝ մեկնեց սովորելու Հունգարիա։ Սովորում է Պատմության ֆակուլտետում։ Որոշեց փոխել մասնագիտությունը, քանի որ ամբողջովին կորցրել է հավատը միջազգային իրավունքի նկատմամբ։

Նա աշխատում է իր մագիստրոսական թեզի վրա՝ «Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը Հայաստանի տարածքում» թեմայով։ Նախատեսում է նաև գիտական ​​հոդվածներ տպագրել եվրոպական հայտնի գիտական ​​հրատարակություններում։

Արսեն Աղաջանյան

Արցախի Սահմանադրական բոլոր մարմինները իրենց ղեկավարներով շարունակում են զբաղեցնել այդ պաշտոնները. պետնախարար

Սահմանադրական բոլոր մարմինները իրենց ղեկավարներով շարունակում են զբաղեցնել հասարակական հիմունքներով այդ պաշտոնները: Այս մասին Արցախի Հանրային հեռուստաընկերության  հետ զրույցում ասել է Արցախի պետնախարար Արթուր Հարությունյանը:

«Սահմանադրական բոլոր մարմինները իրենց ղեկավարներով շարունակում են զբաղեցնել հասարակական հիմունքներով այդ պաշտոնները եւ բոլոր մեր սահմանադրական մարմինները հենց այդ հրամանագրով պահպանելու եւ հետագայում նաեւ որոշակի աշխատանք կատարելու ցանկության դեպքում նաեւ այդ աշխատանքները իրականացվելու են: Այս պահի դրությամբ Արցախի Հանրապետության կառավարությունը որեւէ ծրագիր չի կարող իրականացնել, քանի որ ֆինանսական ռեսուրսների բացակայության պայմաններում չենք կարող իրականացնել: Մեր հայրենակիցների կրթական, սոցիալական եւ այլ հարցերի վերաբերյալ կարգավորումները տրվում են ՀՀ կառավարության կողմից, ողջ պարտավորությունը ստանձնել է ՀՀ կառավարությունը: Մենք ունենք տարբեր ձեւաչափերով համագործակցության, հանդիպումների եւ  քննարկումների օրակարգ եւ կարողանում ենք ապահովել մեր ժողովրդի խնդիրները, բնակիչների խնդիրները, ներկայացնել առաջարկների տեսքով ՀՀ կառավարությանը, որպեսզի կարողնանք այդ  հոգսերը թեթեւացնել, կամ ծրագրերը ավելի արդյունավետ դարձնել»,-ասաց նա:

Անդրադառնալով Արցախի պետական մարմինների աշխատակիցների աշխատավարձերի վերջնահաշվարկի հետ կապված խնդիրներին, Հարությունյանը ասաց, որ օրենքով նախատեսված է և՜ վերջնահաշվարկ և՜ արձակման նպաստ, բայց քանի որ  կառավարությունը որեւէ ֆինանսական  ռեսուրս չունի, այս պահին հաշվառված է այն որպես Արցախի Հնարապետության  կառավարության պարտավորություն:

«Ինչ վերաբերում է աշխպատանքային գրքույկների տրամադրմանը եւ մնացած բոլոր հարցերին, իհարկե, մեր տարբեր գերատեսչություններ, քանի որ աշխատակիցներից ոչ բոլորն են գտնվում Երեւանում, գերատեսչությունները ըստ պայմանավորվածութունների են տրամադրում աշխատանքայյին գրքույկները»,-ասաց նա:

Հարցին, թե ինչու սեպտեմբերի համար աշխատավարձերը 100 տոկոսով չվճարվեցին, Արցախի պետնախարարը պատասխանեց, որ տեղահանվելու պահին գանձապետական հաշվում եղած ֆինանսական միջոցները կազմել են աշխատավարձային ֆոնդի 85 տոկոսը։ Աշխատավարձերն այդ պատճառով վճարվել են եղած միջոցների համամասնությամբ։

Այդուհանդերձ, պետնախարարը նշեց, որ սեպտեմբերի աշխատավարձերի 15 տոկոսը, ինչպես և վերջնահաշվարկները համարվում են Արցախի Հանրապետության կառավարության պարտավորությունը։