ՄԱԿ Միջազգային դատարանը նոյեմբերի 17-ին ժամանակավոր միջոցների մասին որոշում կկայացնի Ադրբեջանի դեմ ՀՀ հայցով

ՄԱԿ Միջազգային դատարանը ուրբաթ՝ նոյեմբերի 17-ին որոշում կկայացնի ժամանակավոր միջոցների վերաբերյալ միջնորդության մասին 2023թ. սեպտեմբերի 28-ին Հայաստանի ներկայացրած հայցով՝ ռասայական խտրականության բոլոր ձեւերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի (Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի) կիրառման գործով, տեղեկացրել է ՄԱԿ Միջազգային դատարանի մամուլի ծառայությունը։

Դռնբաց նիստը տեղի կունենա տեղի ժամանակով ժամը 15.00-ին Հաագայի Խաղաղության պալատում, որի ընթացքում դատավոր Ջոան Դոնոհյուն՝ դատարանի նախագահը, կհրապարակի դատարանի որոշումը։

2021թ. սեպտեմբերի 16-ին Հայաստանը հայց էր ներկայացրել Ադրբեջանի դեմ գործ հարուցելու վերաբերյալ՝ կապված ռասայական խտրականության բոլոր ձեւերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի խախտումների հետ։

Հունոտի կիրճ․ կորուսված Հայրենիք

Երբ ասում ենք Հունոտի կիրճ, ակամայից հիշում ենք Հովանոցները, կամ ժողովրդի լեզվով ասած Զոնծիկները, որը իրավամբ բնական հրաշք է ու կիրճի զարդը, բայց և այնպես, Հունոտի կիրճը աչքի է ընկնում ոչ միայն բնական հուշարձաններով ու տարաբնույթ բուսական, կենդանական միջավայրով, այլև պատմա-հնագիտական ու ճարտարապետական մի շարք հուշարձաններով, որոնք մեզ են հասել դեռևս վաղնջական ժամանակներից:

Տարածքում գոյություն ունեն շուրջ 30 պատմա-ճարտարապետական և երկու տասնյակ հնագիտական հուշարձան-քարանձավներ։  Քարանձավներում` մասնավորապես «Ավանա կարանում» և «Ալեքսանա ղուզե» քարայրում կատարված հնագիտական ուսումնասիրությունները վկայում են տարածաշրջանում մարդկային բնակության մասին դեռևս հին ու միջին քարեդարյան ժամանակներից:

2015թ.-ին Հունոտի կիրճ պետական բնապատմական արգելոցի մաս կազմող Ալեքսանա Ղուզե քարանձավ համալիրում հայտնաբերված գտածոն ո՛չ նախամարդու գործիք էր և ո՛չ էլ սեպագիր արձանագրություն: Դա մի ատամ էր, որը պատկանել է էնեոլիթի ժամանակաշրջանում ապրած մարդու: Հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ ատամը 6,5 հազար տարեկան է: Նման նմուշները հնէաբանական ու հնագիտական արժեքավոր տեղեկություն են տալիս, ո՞վ է եղել այն մարդը, ով դեռ 6500 տարի առաջ ապրել է ներկայիս Արցախի տարածքում:

Ինչպես փաստում են գիտնականները, ատամի մեջ ԴՆԹ-ն կարող է պահպանվել հազարամյակներով, ուստի հայտնաբերված ատամի ԴՆԹ-ի կառուցվածքը պարզելու փորձագիտական ուսումնասիրությունների համար գտածոն ուղարկվել է Կոպենհագենի գենետիկայի համալսարան, հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ ատամը 6,5 հազար տարվա վաղեմություն ունի եւ պատկանել է մեր նախնիներին, ինչը վկայում է ժառանգական անընդհատության փաստի մասին։

Միջնադարյան և հետմիջնադարյան մի շարք հուշարձան-շինությունների ուսումնասիրությունները հավաստում են, որ Հունոտի կիրճում և նրա հարակից բարձրավանդակում կյանքը շարունակվել է սերնդե-սերունդ, հասնելով մինչև մեր օրերը: Տեղում կատարված ուսումնասիրությունները մեկ անգամ ևս եկան փաստելու մատենագրության մեջ եղած այն վկայությունները, ըստ որոնց Հունոտի կիրճը` հարակից ռազմավարական բարձրավանդակով դեռևս վաղ միջնադարից սկսած կարևոր դերակատարություն են ունեցել Արցախի Մեծառանք գավառի այդ հատվածի պատմության մեջ, իսկ ուշ միջնադարում` խոշոր դեր կատարել արցախահայության ազգային-ազատագրական պայքարում:

Դրա խոսուն վկայությունն են հանդիսանում հանդիպակաց լեռնալանջի ամարաթ-շինությունները, պաշտպանական կառույցները և հետագայում ժամանակի պայմաններին հարմարեցված քարանձավ-պատսպարանները, առանց որոնց Շուշի ամրոց-բնակավայրի պաշտպանությունը անհուսալի կլիներ:

Ուսումնասիրությունները միաժամանակ ցույց են տվել, որ կիրճում գտնվող մեկ տասնյակից ավելի ջրաղացները պատմական բախտորոշ պահերին Շուշիի և շրջակա մի շարք բնակավայրերի բնակչության կեցության ապահովման գործում առանձնահատուկ դերակատարություն են ունեցել, ալյուր մատակարարելով:

Գրավիչ շինությունները տարածվում էին կիրճի գեղատեսիլ գետակի երկայնքով, որտեղ ջուրը դրանց համար շարժիչ ուժ էր հանդիսանում: Հունոտի և դրա շրջակայքի մոտ 12 ջրաղացների ավերակները վկայում են այստեղի երբեմնի ծաղկում ապրած արդյունաբերության մասին:

Ուշ միջնադարյան Հայաստանի արտադրական կառույցների շարքում առանձնահատուկ տեղ ունեն ջրաղացները: Եկամտաբեր այդ արտադրությունները հիմնականում պատկանում էին ունևոր մարդկանց և վանքերին: Գետի շուրջը դեռ կան այդ ջրաղացներից շատերի ավերակները: Ջրաղացներից մեկի բարավորին առկա է շինարարական արձանագրություն «ԹՌՅԵ» (1856թ.):

Հետագայում, ռազմավարական մեծ նշանակության կիրճի և մարդկանց գոյատևման համար կարևոր դեր ունեցող ջրաղացների պաշտպանության նկատառումներից ելնելով, 18-րդ դարում այստեղ ձևավորվել է բնակավայր, որը պատմական աղբյուրներում հիշատակվում է «Հունոտ», «Քարինտակ- Հունոտ», «Ներքին Քարինտակ» անուններով:

1895 թվականին 130 բնակիչ ունեցող Հունոտ գյուղը մեծ դեր է խաղացել Շուշի քաղաքի համար: 1930 –ական թվականներին գյուղը վերջնականապես լքվել է, բնակիչները տեղափոխվել են Շուշի, ինչպես նաև Քարին տակ, Մխիթարաշեն ու Շոշ գյուղերը:

Գյուղի ավերակներն ու գերեզմանոցն այսօր զբաղեցնում են մոտ մեկ ու կես հեկտար տարածք:

Հունոտի գյուղատեղի կամարաձեւ կամուրջը գտնվում է Կարկառ գետի վրա: Այն կառուցվել է 1720թ. տեղական սպիտակ կրաքարով ու կրաշաղախով: Բնական անհարմար տեղանքը շինարարների կողմից բավականին վարպետորեն է օգտագործվել, հիմնապատերը կցվել ու ամրացվել են գետի երկու կողմերի ժայռաքարերին: Ժամանակին կամուրջը կարեւոր ռազմավարական նշանակություն է ունեցել: 2020 թվականին կամուրջը գտնվում էր վերանորոգման փուլում:

Տարածքում գործում էր «Հունոտի կիրճ» պետական բնապատմական արգելոցը։

Արմինե Հայրապետյան

Ուղիղ 1 տարի անց Ստեփանակերտի “Sanremo”-ն վերաբացվեց Երևանում

Ուղիղ 1 տարի առաջ Ստեփանակերտում բացվել էր “Sanremo” ռեստորանը, որն այսօր վերաբացվեց Երևանի Սարյան 2 հասցեյով։

Արամը` ռեստորանի տերը խոստովանում է, որ ուրիշ ընտրություն չուներ, և այս գործը միակն է, որը իրեն դուր է գալիս, հաճույք է պատճառում, և որի մեջ նա իրեն տեսնում է, այդ իսկ պատճառով էլ Երևան ժամանած առաջին իսկ օրվանից մտածում էր Սանռեմոն վերաբացելու մասին և աշխատում այդ ուղղությամբ։

«Կամ պետք է վերաբացեի ռեստորանը, կամ մնայի անգործ»,- ասում է Արամը։

Սարյանի վրա գտնվող բազմաթիվ ռեստորանների մեջ «Սանռեմոն» աչքի է ընկնում իր բառով։ Արամը, ով որպես բարմեն աշխատել և սովորել է Սանկտ-Պետերբուրգում, ասում է, որ պետերբուրգյան բառային ոգին բերել է Երևան, և դա լինելու է իր ռեստորանի այցեքարտը։

Ստեփանակերտի «Սանռեմոյից» ոչ մի բան իր հետ չի բերել։ Ամեն ինչ մաքուր, լվացված և իրենց տեղերում թողել է այնտեղ՝ հավատալով, որ մի օր կվերադառնա։

Հայկ Հարությունյան

Մեկնարկել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց քաղաքացիության ձեռք բերման դիմումների ընդունման գործընթացը

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց քաղաքացիության ձեռք բերման դիմումների ընդունման գործընթացն արդեն իսկ մեկնարկել է։

«Արմենպրես»-ի  հաղորդմամբ՝ այս մասին «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ասուլիսում հայտնել է ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը։

«Մեր այն հայրենակիցները, ովքեր բռնագաղթել են Լեռնային Ղարաբաղից և ցանկանում են դիմել Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար, կարող են մոտենալ Զաքյան փողոցում Միգրացիայի և քաղաքացիության ծառայության գրասենյակ։ Բացի այդ, բոլոր մարզերում անձնագրային ծառայություններում նրանք կարող են ներկայացնել այդ դիմումները։ Հնարավորինս ընթացակարգերը պարզեցվել են և մարդիկ դիմելու դեպքում  արագ կարգով կարող են ստանալ ՀՀ քաղաքացիություն»,-մանրամասնել է Ղազարյանը։

Նրա խոսքով՝ ՀՀ կառավարության հոկտեմբերի 26-ի որոշմամբ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց վրա տարածված ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ՝ փախստականի վկայական ստանալու համար ևս անհրաժեշտ է մոտենալ անձնագրային ծառայություններ, դիմում ներկայացնել, փոխել հաշվառման հասցեն։

Անդրադառնալով այն մտահոգություններին, որ եթե առկա չէ սեփականատիրոջ համաձայնություն, ապա ինչպե՞ս անձը կարող է հաշվառվել տվյալ հասցեում, ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետը նշել է, որ անձը կարող է մոտենալ անձնագրային ծառայություն, ներկայացնել փաստացի հաշվառման համար դիմում, որից հետո ոստիկանությունը  համապատասխան ստուգման արդյունքում  անձնագրային ծառայությանը կտրամադրի տեղեկանք, որի հիման վրա անձը փաստացի հիմքով կհաշվառվի տվյալ բնակության հասցեում։

«Ես կցանկանայի նաև փարատել գույքերի սեփականատերերի այն մտահոգությունները, թե հաշվառումն առաջացնում է որևէ գույքային պարտավորություն։ Նման բան մեր օրենսդրությամբ առկա չէ և հաշվառումը որևէ գույքային պարտավորություն չի առաջացնում»,-շեշտել է Ղազարյանը։

Նրա տեղեկատվությամբ՝ Հումանիտար կենտրոններում ԼՂ-ից բռնի տեղահանվածների զանգվածային գրանցումների գործընթացի դադարեցումից հետո,  ներկայում ընթացքում է անհատական գործերի ուսումնասիրման և ֆիլտրման փուլը և առաջիկա շաբաթների ընթացքում այս գործընթացը ևս տրամաբանական ավարտին կհասնի, որի արդյունքում ամբողջական տվյալներ կլինեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց վերաբերյալ։

Սրանք են այն 5 կետերը, որոնք պետք է ապահովվեն, որպեսզի արցախցիները վերադառնան Արցախ

Step1.am-ը զրուցել է Հայ կառուցողական կուսակցության նախագահ, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանի հետ։

-Պարոն Ղուկասյան, ԱՄՆ-ին ի՞նչ դիրքորոշում է որդեգրել Արցախի հարցում, ճանաչո՞ւմ է այն իրավիճակը, որը կա այսօր։

-Նոյեմբերի 15-ին ԱՄՆ Սենատի կոմիտեներից մեկում լսումներ պետք է լինեն՝ «Արցախի ապագան» խորագրով։ Հավանաբար այնտեղ կլինի քննարկում, կտրվի իրավիճակի գնահատականը։

-Տարբեր երկրներ իրենց դիրքորոշումը հայտնել են այս ընթացքում, որոշ երկրներ, ինչպես, օրինակ, Ռուսաստանը, Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու մասին են հայտարարել։ ԱՄՆ-ն Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչո՞ւմ է, եթե ոչ, ի՞նչ քաղաքական քայլեր կարող են արվել։

1992 թվականից, երբ Հայաստանը եւ Ադրբեջանը ստացան միջազգային ճանաչում, միջազգային հանրությունն Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչում է որպես վիճելի տարածք։ Վեճի առարկան ինքնորոշման իրավունքի հարցն է։ Հայաստանն ու Ադրբեջանը 1992 թվականին դիմել են ԵԱՀԿ-ին՝ Արցախի կարգավիճակը որոշելու հարցով։ Դա միջազգային հանրության կողմից իրենց ճանաչման նախապայմանն էր, այդ պայմանով է ճանաչվել եւ Հայաստանի, եւ Ադրբեջանի անկախությունը։ Ինչպես գիտեք, 1992 թվականից առ այսօր գոյություն ունի ԵԱՀԿ Մինսկի խումբ, 11 պետություն, 9 պետություն՝ բացի Հայաստանից եւ Ադրբեջանից, եւս ունեն վետոյի իրավունք Արցախի կարգավիճակին վերաբերող ցանկացած հարցում։ Ոչ Հայաստանը, ոչ Ադրբեջանը դուրս չեն եկել ԵԱՀԿ-ից ու Մինսկի խմբից։ Եվ, բնականաբար, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագիր առանց Մինսկի խմբի մյուս պետությունների հավանության չի կարող կնքվել։ Դրա մասին ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան հայտարարել էին դեռեւս 2020 թվականի դեկտեմբերին՝ պատերազմից անմիջապես հետո։ Արցախի խնդրի հարցում եւ ԱՄՆ-ն, եւ Ֆրանսիան շարունակում են մնալ այն դիրքերում, որ այդ խնդիրը պետք է լուծվի՝ հաշվի առնելով Արցախի կարգավիճակը։

-Արցախից բռնի տեղահանված անձանց Արցախ վերադարձի համար ի՞նչ հնարավորություններ եք տեսնում։

-Մեր կուսակցությունը, «Ազատ հայրենիք» դաշինքի կազմում գտնվող այլ կուսակցություններ ու հասարակական կազմակերպություններ, մեկ ամիս առաջ հանդես ենք եկել հայտարարությամբ, որտեղ հնչեցրել ենք այն պայմանները, որոնք, ելելով միջազգային իրավունքից ու պրակտիկայից, պետք է ապահովված լինեն, որպեսզի հայերը կարողանան վերադառնալ Արցախ։ Դա 5 կետերից բաղկացած փաստաթուղթ է։ Ակնհայտ է, որ պետք է բացառվեն Ադրբեջանի կողմից Արցախի քաղաքացիների նկատմամբ քրեական հետապնդումները, ադրբեջանական զորքերը պետք է դուրս բերվեն նախկին ԼՂԻՄ ողջ տարածքից եւ Շահումյանի շրջանից, պետք է Լաչինի միջանցքն անցնի ՄԱԿ-ի կառավարման տակ, միջազգային բազմազգ խաղաղարար ուժեր պետք է տեղակայվեն նախկին ԼՂԻՄ եւ Շահումյանի շրջանների սահմաններում, այդ սահմանների շուրջը պետք է ստեղծվի ապամիլիտարիզացված գոտի։ Եվ, իհարկե, Արցախի կառավարումը պետք է հանձնվի ՄԱԿ-ի կողմից նշանակված վարչակազմին, որը պայմաններ կապահովի բոլոր փախստականների վերադարձի համար, կապահովի ինստիտուտների ստեղծման գործընթաց։ Արդարադատության համակարգը, բոլոր անհրաժեշտ ինստիտուտները եւ տնտեսական զարգացման համար անհրաժեշտ պայմաններն այդ վարչակազմի մանդատում պետք է լինեն, մինչեւ հնարավորություն կլինի ազատ եւ թափանցիկ հանրաքվեի միջոցով, ազատ ինքնորոշման իրավունքի հիման վրա որոշել Արցախի վերջնական կարգավիճակը։ Սրանք են այն 5 կետերը, որոնք պետք է միջազգային հանրությունն ապահովի, որպեսզի արցախցիները կարողանան վերադառնալ Արցախ։ Առանց դրա վերադարձ չի կարող լինել, եւ սին են Ռուսաստանի Դաշնության ու իրենց խամաճիկների ջանքերը՝ ինչ-որ ձեւով արցախցիներին համոզել Ադրբեջանի քաղաքացիություն ստանալու եւ ինտեգրվելու։

-Կա՞ հնարավորություն, որ միջազգային հանրությունը կապահովի ձեր նշած պայմանների առկայությունը։

-Միայն միջազգային հանրությունը դա կարող է ապահովել։ Դրա այլընտրանքը պատերազմն է՝ վերսկսել պատերազմը եւ ուժով ազատագրել Արցախը։

Ռոզա Հովհաննիսյան

Արցախցի զինծառայողները տեղեկացվել են, որ իրենց ստաժը Հայաստանում հաշվարկվելու է

Արցախից բռնի տեղահանված թոշակի անցած զինծառայողները տեղեկացվել են, որ իրենց ստաժը Հայաստանում հաշվարկվելու է։ Այս մասին step1.am-ի հետ զրույցում ասաց հադրութեցի պահեստազորի սպա Արթուր Ստեփանյանը։

«Ասացին՝ ընդհանրապես ոչ մի խնդիր չի լինելու, զինվորական թոշակները նույնպես վճարվելու են։ Հարցն այն է, որ միայն Հայաստանի գրանցում պետք է ունենանք։ Իսկ հաշվառման կանգնելու գործընթացն այնպես են պարզեցրել, որ խնդիր չի լինի»,- ասաց Արթուր Ստեփանյանը։

Նա նշեց, որ զինվորական ստաժը Արցախում ավելի շատ էր հաշվարկված, քանի որ 1990-ական թվականների պատերազմի տարիները մեկ տարին երեք տարի էին համարում։ Իսկ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունում իրենց ասել են, որ ստաժը հաշվարկելու են, բայց Արցախի հաշվարկի համեմատ ավելի քիչ է լինելու, դեռ հստակություն չկա։

Հիշեցնենք, որ օրերս Արցախի պահեստազորի սպաները բողոքի ակցիա էին անում աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության մոտ՝ պահանջելով իրենց թոշակները, որոնք չեն վճարվել վերջին ամիսներին։ Նրանց բարձրացրած աղմուկից հետո ՀՀ կառավարությունն ընդունեց օրենքի նախագիծ, ըստ որի՝ նախատեսվում է վճարել արցախցիների թոշակներն ու նպաստները։ Թոշակ ու նպաստ ստանալու համար պարտադիր չէ, որ բռնի տեղահանված արցախցիները ՀՀ քաղաքացիություն ընդունեն։

Արթուր Ստեփանյանը նաեւ ասաց, որ տեղեկություններ են ստանում, որ ՀՀ զինված ուժերում ծառայություն անցնելու ցանկություն հայտնող արցախցիներին ստիպում են ՀՀ քաղաքացիություն ձեռք բերել։

Արցախից մուտք գործած մեքենաների՝ մինչև հունվարի 1-ը առցանց եղանակով ԱՊՊԱ պայմանագրերի դեպքում կգանձվի գումարի 50 %-ը

ԼՂ բնակչության բռնի տեղահանման հետևանքով Հայաստանում ԱՊՊԱ պայմանագիր չունեցող ավտոմեքենաների էական ներհոսքը հաշվի առնելով և նկատի ունենալով տեղահանվածների սոցիալական վիճակը՝ Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն որոշել է ԼՂ-ից մուտք գործած ավտոմեքենաների՝ մինչև 2024 թվականի հունվարի 1-ը առցանց եղանակով կնքվող ԱՊՊԱ պայմանագրերի դեպքում գանձել գումարի 50 տոկոսը:

Անհրաժեշտ է, սակայն, որ ավտոմեքենան բավարարի հետևյալ պայմաններին. ԱՊՊԱ պայմանագրի կնքման պահին հաշվառված լինի ԼՂ-ում, մինչև 2020 թվականի արտադրության լինի, չհանդիսանա պետական կամ համայնքային սեփականություն, սեփականության իրավունքն ապահովադրի անվամբ գրանցված լինի մինչև 2023 թվականի օգոստոսի 1-ը:

Արամ Ա կաթողիկոսը ԱՄՆ ղեկավարությանը կոչ է արել աջակցել Լեռնային Ղարաբաղի 100 հազար հայ քրիստոնյա փախստականներին

Ն.Ս.Օ.Տ.Տ. Մեծի տանն Կիլիկիոյ Արամ Ա կաթողիկոսը կոնգրեսական Ադամ Շիֆի հրավերով եղել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում։ Նա հանդիպումներ է ունեցել Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնի, նախկին խոսնակ Նենսի Փելոսիի հետ, ԱՄՆ ղեկավարությանը կոչ է արել աջակցել Լեռնային Ղարաբաղի 100 000 հայ քրիստոնյա փախստականներին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Արամ Ա կաթողիկոսը բացման աղոթք է արել Ներկայացուցիչների պալատի նիստից առաջ, որին նախորդել էին նրա հանդիպումները Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնի և կոնգրեսական Ադամ Շիֆի հետ։

«Օգնի՛ր մեզ, ողորմա՛ծ Աստված, մեր աղոթքներում հիշի՛ր ավելի քան հարյուր հազար հայ փախստականներին, որոնք վերջերս ստիպված էին լքել Լեռնային Ղարաբաղը, իրենց դարավոր հայրենիքը», – աղոթքում նշել է Մեծի տանն Կիլիկիոյ կաթողիկոսը։

Արամ Ա-ի աղոթքից հետո կոնգրեսական Ադամ Շիֆը ողջունել է նրան՝ շեշտելով, որ «նրա անսասան նվիրվածությունը հավատքի, համայնքի և կարեկցանքի արժեքներին մարմնավորում է մեր կենսունակ հայ համայնքի ոգին»։

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը նշում է, որ իր կողմից կազմակերպված ընդունելության ժամանակ Արամ Ա կաթողիկոսը հանդիպումներ է ունեցել նաև դեմոկրատական անդամ Քեթրին Քլարկի, Ջիմ Կոստայի, Աննա Էշուի, Յանգ Քիմի, Բարբարա Լիի, բրեդ Շերմանի և այլոց հետ։ Նա նաև առանձին հանդիպում է ունեցել հանրապետական կոնգրեսական Ջերի Կառլի հետ։

Ո՞վ է վերահսկելու «միջանցքն» ու «խաչմերուկի» վերածվող Հայաստանը

Հայաստանի տարածքով հաղորդակցությունների բացումը դառնում է ապագա աշխարհաքաղաքական դասավորվածությունը պայմանավորող հիմնարար խնդիրներից մեկը։ Նրանք, ովքեր կվերահսկեն ճանապարհները, կվերահսկեն ողջ տարածաշրջանը։

Հայաստանի կառավարությունը վերջերս հրապարակեց «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որտեղ նշվում է, որ տարածաշրջանային հաղորդակցությունների բացման դեպքում Հայաստանը պետք է իր տարածքում սահմանային և մաքսային հսկողություն իրականացնի պետական ​​կառույցների միջոցով։ Այս մասին ասվում է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարի մեկնաբանության մեջ՝ կապված ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի հայտարարության հետ։ Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Մարիա Զախարովան հայտարարել էր, որ «Ռուսաստանի Դաշնության ԱԴԾ-ն կոչված է վերահսկողություն իրականացնել Ադրբեջանի և Նախիջևանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների վրա»։

«Վերջերս ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունում ստեղծվել է հատուկ վարչություն, որի խնդիրն է հաղորդակցությունների բացման դեպքում ապահովել այդ հաղորդակցությունների, ինչպես նաև ապրանքների, բեռների, տրանսպորտային միջոցների, մարդկանց անվտանգությունը: Հայաստանի Հանրապետությունը երբևէ ոչ մի փաստաթղթում համաձայնություն չի տվել իր ինքնիշխանության որևէ սահմանափակման, և երրորդ երկրի նկատմամբ վերահսկողություն չի կարող սահմանվել իր ինքնիշխան տարածքի որևէ մասում»,- ասված է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի հայտարարության մեջ։

Մոսկվան Երևանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը համարում է կառուցողական և համահունչ այն նախագծերին, որոնք վերջին տարիներին քննարկվել են եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում՝ Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի համանախագահությամբ, ասել է Մարիա Զախարովան։

Զախարովան ափսոսանքով նշել է, որ այս հարցերին դեռ չի հաջողվել վերջակետ դնել։ Նրա խոսքով, «որոշ մարդկանց մոտ պարզապես բացակայում է դա անելու քաղաքական կամքը, և դա Ռուսաստանը չէ»:

Նիկոլ Փաշինյանը, խոսելով Ոստիկանության Պարեկային ծառայության ստեղծման մասին, որը պետք է ապահովի նաեւ «ճանապարհների անվտանգությունը», հիշեցրեց, որ ՀՀ կառավարությունը այս գործում ներդրել է 20 միլիարդ դրամ, 6 միլիարդ ԱՄՆ, 3 միլիարդ՝ Եվրամիությունը։ Նա հիշեցրեց նաև, որ Ռուսաստանը նույնպես իր ներդրումն է ունեցել առափնյա պարեկային ծառայության ստեղծման գործում՝ ակնարկելով, որ պարեկային ծառայությունը ոչ թե ռուսական, այլ արևմտյան նախագիծ է։

«Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Գեւորգ Պապոյանի կարծիքով՝ միակ հարցը, որի շուրջ փոխըմբռնում չկար, այսպես կոչված միջանցքն էր. «Բայց Ադրբեջանն ու Թուրքիան ասում են, որ դա իրենց պետք չէ։ Ենթադրում եմ, որ հիմա մեզ ոչինչ չի խանգարում աշխատել համաձայնագրի վերջնական տեքստի վրա»։

Բաքվին անհրաժեշտ է սեփական վերահսկողության տակ գտնվող արտատարածքային միջանցք։ Իսկ Բաքվի «հետաքրքրության կորուստը» Մեղրիի միջանցքի նկատմամբ միայն նշանակում է, որ կոնկրետ հետաքրքրություն է առաջացել մեկ այլ միջանցքում, օրինակ՝ Ջերմուկ-Երասխ-Մարգարայի հանդեպ։

Իր հերթին Լեմկինի ինստիտուտը կարծում է, որ հայկական պետության համար չափազանց կարևոր է վերահսկողություն պահպանել իր տարածքով անցնող ցանկացած միջանցքի նկատմամբ։ Մինչ Ռուսաստանի կառավարությունը աճող աջակցություն է ցուցաբերում ինչպես ադրբեջանական, այնպես էլ թուրքական տարածաշրջանային հավակնություններին, Հայաստանը ստիպված է ավելի ու ավելի շատ հույս դնել Արևմուտքի վրա: Սակայն Եվրոպան և Ամերիկան ​​սեպտեմբերին ցույց տվեցին, որ արևմտյան տերությունները պատրաստ են զոհաբերել հայկական շահերը, նույնիսկ մինչև ցեղասպանության աստիճան, ապահովելու իրենց ռազմավարական հարաբերությունները Թուրքիայի և Իսրայելի հետ, ինչպես նաև Արևմուտքի մուտքը դեպի Թուրքիան Կենտրոնական Ասիայի հետ կապող ցանկացած առևտրային միջանցք, ասվում է Լեմկինի ինստիտուտի հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ Էրդողանը գրեթե ամեն օր ասում է, որ «Հայաստանը պետք է կատարի իր պարտավորությունները և բացի մուտքը «Արևմտյան Ադրբեջանից դեպի Նախիջևան»։ Իր հերթին, Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն ուրախ է, որ «երրորդ երկրների քաղաքացիների համար» հայ-թուրքական սահմանի բացման մասին «լավ նորություններ» կարող են լինել։ Պարզ չէ, թե ինչն է լավ այս նորության մեջ:

Անձնագրերի խնդիրը ոչ թե լուծվում է, ոչ թե օրինական դաշտ է բերվում, այլ ավելի է խճճվում

Step1.am-ը զրուցել է Արցախի պետական համալսարանի դասախոս, սոցիոլոգ Դավիթ Կարաբեկյանի հետ։

Պարո՜ն Կարաբեկյան, բռնի տեղահանված արցախցիներից ահազանգեր կան, որ Հայաստանում՝ հատկապես պետական համակարգում աշխատանքի չեն կարողանում ընդունվել մարդիկ։ Ի՞նչ խնդիրներ եք արձանագրել։

-Մի կողմից ձեւական պահանջներ են դրվում, օրինակ՝ եթե դասախոս է, հարցնում են՝ պաշտպանած է, թե՞ ոչ։ Ես ինքս մասնակցել եմ աշխատանքի տոնավաճառի, մի քանի տեղ գրանցվել եմ աշխատանքի համար, նույնիսկ ֆինանսների նախարարությունում, բայց չեն զանգել ու պատասխան չեն տվել։ Շատերն ահազանգում են անձնագրի «070» կոդի հետ կապված խնդրի մասին (խոսքն արցախցիներին տվող անձնագրերում առկա համարի մասին է)։ Ընկերս բանվոր է, ասում է՝ սկզբում աշխատանք կար, բայց հետո խոչընդոտներ առաջացան։ Շատերը համարում են, որ դա պատահականություն չէ։ Օրինակ՝ դասախոսներն աշխատանքի համար են դիմում, կարծես թե գործն ընթացքի մեջ է, բայց հետո ընդհատվում է։ Նույնիսկ տեղեկություններ ունենք, որ ներքին կարգադրություն կա, որ պետական ապարատում աշխատանքի չընդունեն անձանց, ովքեր «070» կոդով անձնագիր ունեն։ Ովքեր աշխատանքի են ընդունվել, հիմնականում իրենց ծանոթների միջամտությամբ են աշխատանք գտել եւ այն ոլորտներում, որոնց վրա պետությունն ազդեցություն ունենալ չի կարող։

Բոլոր հարցերը օդում կախված են, այն մարդիկ, ովքեր գիտական աստիճան ունեն, եւ մտածում  էին՝ այստեղ աշխատանք կունենան, իրենց հարցն էլ է հիմա օդում կախված։ Ինչպես ասացի՝ Արցախի համալսարանի  դասախոսներից երեք հոգի են աշխատում, այն էլ ժամավճարով եւ նրանցից 2-ը՝ ոչ պետական համակարգում։ Այսինքն՝ պետական համակարգում այդ խոչընդոտը զգացվում է։ Մյուս հարցը մարդկանց թոշակներին է վերաբերում, կառավարությունից լղոզված պատասխան են տալիս, պարզ չէ՝ մարդիկ նորմալ թոշակ կստանան, թե՞ ոչ, կամ վերահաշվարկն ի՞նչ հիմունքներով է իրականացվելու։

Մյուս խնդիրն այն է, որ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի որոշումը պետք է բեկանվի։ Եթե Սամվել Շահրամանյանը ճիշտ է ասում, որ Արցախի պետական ինստիտուտները լուծարելու որոշում չկա, ապա ինչի՞ հիման վրա են մարդկանց ստիպում, որ իրենք կամավոր ազատվեն աշխատանքից կամ աշխատավարձը չեն տալիս։ Չէ՞ որ ֆորս մաժոր է եղել, մարդիկ չեն կարողացել իրենց բնականոն աշխատանքը կատարել։ Ես կարծում եմ, որ «070» համարի հետ կապված խնդիրը շինծու է։

Ինչո՞ւ, ո՞րն է պատճառը։

-Երբ Արցախի Հանրապետությունը հաստատում էր մեր փոստային ինդեքսը, անձնագրի «070» կոդը,  փաստաթղթերն այնպես են կազմվել, որպեսզի որեւէ կերպ Հայաստանի տարածաշրջանային եւ կենտրոնական կառույցների աշխատանքին չխոչընդոտեն ու մաքսիմալ համատեղելի լինեն։ Եվ այն մեկնաբանությունները, որոնք տրվել են ֆինանսների եւ սոցապ փոխնախարարների կողմից, հանգեցնում են նրան, որ խնդիրը ոչ թե լուծվում է, ոչ թե օրինական դաշտ է բերվում, այլ ավելի է խճճվում։ Այսինքն՝ այն կառույցները, որոնք կան Արցախում, դրանք անգործության են մատնվում։ Այն մարդիկ, որոնք Արցախը պաշտպանում էին, հիմա մնացել են անպաշտպան, այն մարդիկ, որոնք ստեղծում էին, հիմա կոտրած տաշտակի առաջ են կանգնում։ Հիմա փաստորեն այս որոշումները բերում են նրան, որ մարդիկ առհասարակ չգիտեն՝ այս «070» կոդով կարո՞ղ են նպաստ ու թոշակ ստանալ, թե ոչ։

Կառավարության նիստում աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարն ասաց, որ թոշակ ստանալու համար անհրաժեշտ է, որ արցախցիները գրանցված լինեն Հայաստանի որեւիցե հասցեում։ Ոչ թե հաշվառված, այլ գրանցված։

-Հաշվառման մասին են խոսում, բայց ես կրկնում եմ՝ այդ կոդն ու անձնագրի սերիան այնպես էր մշակված, որ նույնիսկ տեղահանման դեպքում հաշվառման համակարգը հեշտ լիներ իրականացնել։ Իրենք խոսում են հաշվառման մասին, բայց չէ՞ որ մենք բոլորս հաշվառված էինք, եւ վերագրանցվելով մենք մի քանի խոչընդոտ ենք ստեղծում։ Երկրորդ, հիմա ո՞վ կցանկանա իր տան վրա մարդ գրանցել։ Եվ հարց է՝ հաշվառումն ու գրանցումը նույնական են, թե՞ ոչ։ Օրինակ՝ եթե որեւէ մեկը գրանցվում է՝ մշտական կամ ժամանակավոր, դա ի՞նչ արտոնություն ու լիազորություն է տալիս։ Այսինքն՝ որոշակի իրավական ու կազմակերպչական քաոս է առաջանում։

Ռոզա Հովհաննիսյան

Նախ գլխատեք բանակը. Ալիևը պահանջում է ցրե՞լ հայկական զինված ուժերը

Forrights

Հայկական բանակը մի քանի տարի շարունակ բարեփոխվում է անհայտ հայեցակարգով. 44-օրյա պատերազմից հետո՝ 2021 թվականի փետրվարին, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ «Հայաստանը սկսում է Ռուսաստանի հետ համագործակցությամբ զինված ուժերի բարեփոխման հայեցակարգ մշակել»։ Դա տեղի ունեցավ «Գլխավոր շտաբի» հայտնի հայտարարությունից հետո, որը Փաշինյանը անվանեց «ռազմական հեղաշրջման փորձ»։ Սրանից հետո Փաշինյանը սկսեց բանակը «բարեփոխել Ռուսաստանի օգնությամբ», թեկուզ մինչ օրս չի ներկայացրել, թե ինչ էր փորձում «քանդակել» հայկական բանակից, որը 30 տարի ահեղ ռազմաքաղաքական գործոն էր տարածաշրջանում։

Հիմա Փաշինյանի կառավարությունը «դիվերսիֆիկացնում» է իր ռազմական դոկտրինը։ Մասնավորապես, ռազմական համագործակցություն է հաստատվում ԱՄՆ-ի հետ, հակաօդային պաշտպանության համակարգեր են գնում Հնդկաստանից և Ֆրանսիայից (թեև հայտնի չէ, թե ինչպես են դրանք մատակարարվելու Հայաստան)։ Երեւանը փորձում է չգնալ ռուսական անվտանգության միջոցառումներին, ու այժմ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը հանդիպում է ԱՄՆ Եվրոպական հրամանատարության (EUCOM) հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Սթիվեն Բաշամի հետ։ Նա պատմել է նրան ՀՀ զինված ուժերում իրականացվող բարեփոխումների մանրամասները և քննարկել դրանց իրականացմանն ԱՄՆ աջակցությունը։

2023 թվականի հունվարի 28-ի՝ արդեն չնշվող Բանակի օրվան նվիրված ուղերձում Նիկոլ Փաշինյանն իրեն բնորոշ ձևով ասաց, որ «պաշտպանության ոլորտում 2018 թվականի համեմատ 2024 թվականին բյուջեի ծախսերը աճել են ավելի քան երկու անգամ՝ 125 տոկոսով»։ Բացարձակ թվերով դրանք այնքան էլ մեծ թվեր չեն, պարզ չէ նաև, թե ուր են գնում այդ գումարները։ Բարեփոխումների հայեցակարգը ոչ ոք չի տեսել, ինչը նշանակում է, որ հնարավոր չէ ասել, թե արդյոք այդ գումարները ծախսվում են դոկտրինի համաձայն։

Ամեն անգամ, խոսելով ծախսերի ավելացման մասին, Փաշինյանը հարկ է համարում վերապահում անել, որ «պաշտպանության ծախսերի դինամիկան ոչ մի կերպ չի հակասում մեր հայտարարված խաղաղության օրակարգին, քանի որ մարտունակ զինված ուժերի առկայությունը յուրաքանչյուր պետության օրինական իրավունքն է, ցանկացած պետության համար պարտադիր հատկանիշ»։

Դա հնչում է որպես խղճուկ արդարացում, հատկապես հաշվի առնելով Ադրբեջանի ղեկավարության պահանջները։

Դեռևս 2021 թվականին Ալիևն ասել էր. «Տեղեկություններ են հայտնվել, որ Հայաստանի դաշնակիցները (Ռուսաստանը) ցանկանում են թարմացնել հայկական բանակը, արդիականացնել այն։ Ինչի համար? Ո՞ւմ դեմ։ Հայկական բանակն այլեւս չկա ու չպետք է լինի»։

Օրերս հայտարարվեց նաև, որ անհրաժեշտ է լուծարել հայկական բանակը՝ որպես «խաղաղության պայմանագիր» կնքելու պայմաններից մեկը։ Առաջին պայմանը եղել է հայկական բանակի չմիջամտումը Արցախի օկուպացման ու տեղահանման գործընթացին։ Երեւանը կատարել է այս պայմանը՝ չի միջամտել։ Մնում է երկրորդ պայմանը` հայկական բանակի չեզոքացումը և անատամ կազմակերպության վերածումը, որի գործառույթները չեն ներառում դիմադրությունը եւ ռազմական գործողությունները։

«Պարզած ձեռքերի» քաղաքականությունը, որով Փաշինյանը եկավ իշխանության, վերաբերում է նաև բանակին. Փորձագետներն ասում են, որ «բանակի բարեփոխումը», որը սկսվեց զինվորների սննդակարգում «ելակով» և բարձրաստիճան սպաների դեմ այդպես էլ չբացահայտված կոռուպցիոն պատմություններով, կավարտվի բանակի զինաթափմամբ և «խաղաղ» սահմանապահ զորքերի վերածմամբ, որոնք կապահովեն ադրբեջանցիների անվտանգությունը «խաղաղության խաչմերուկում»։

Այսօր 168 ժամի հետ զրույցում Փաշինյանի կառավարության պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն ասել է. «Ինձ ձերբակալելու համար քաղաքական համաձայնություն է տրվել ՀՀ վարչապետի մոտ կայացած խորհրդակցության ժամանակ, որի բոլոր մասնակիցներն ինձ և հանրությանը հայտնի են: Բացի ինձնից, մոտ 10 գեներալ մեղադրվում են տարբեր քրեական գործերով, որոնցից 5-ն այս պահին կալանավորված են: Հարյուրավոր ավագ և կրտսեր սպայական կազմի զինվորականներ մեղադրվում են և տասնյակները կալանավորված են: Բանտախցերում զինծառայողներին զորատեսակներով են արդեն տեղավորում»:

Տոնոյանը, ըստ էության, հաստատում է հայկական բանակի կանխամտածված գլխատման և հայրենիքին ծառայել ցանկացող սպաներից զրկելու փաստը։ Ըստ ամենայնի, կատարվում է Ալիեւի հրամանը, ով ամեն օր ասում է, որ Հայաստանի ղեկավարությունը չպետք է թույլ տա ռևանշ եւ դիմադրություն։

«Խաղաղության դարաշրջանի» վերանայումը եւ ռևանշը կանխելու համար անհրաժեշտ է «բարեփոխել» բանակը, որպեսզի այնտեղ ծառայեն ոչ թե պրոֆեսիոնալ զինվորականներ, այլ տարեց պայմանագրայիններ ու կանայք։ Այժմ, մեր տվյալներով, դիրքապահների փոխարինման հետ կապված խնդիրներ կան, և դիրքերում արդեն բալզակյան տարիքի կանայք են կանգնած։

Բայց ներքին անվտանգությունը զարգանում է բուռն տեմպերով, որպեսզի Փաշինյանի նկատմամբ էլ «ռևանշ»  չլինի։ Ալիեւը կզայրանա։