Ադամ Շիֆը բանաձև է ներկայացրել ԱՄՆ Կոնգրես՝ պահանջելով Բաքվի դեմ պատժամիջոցներ կիրառել

ԱՄՆ Դեմոկրատ կոնգրեսական Ադամ Շիֆը բանաձև է ներկայացրել Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատ, որով պահանջում է Բաքվից անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին, գերեվարված քաղաքացիական անձանց և քաղբանտարկյալներին, այդ թվում՝ Արցախի կառավարության պաշտոնյաներին, որոնք ապօրինաբար կալանավորվել են անցյալ ամիս Ադրբեջանի էթնիկ զտումների ժամանակ։ Այս մասին հաղորդում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA):

Բանաձևը, մասնավորապես, կոչ է անում Բայդենի վարչակազմին պատժամիջոցներ կիրառել Բաքվի պետական պաշտոնյաների նկատմամբ, որոնք պատասխանատու են հայ ռազմագերիների անօրինական կալանավորման, խոշտանգումների և արտադատական սպանությունների համար: Այն կրկնում է նաև Բաքվին ԱՄՆ ռազմական և անվտանգության աջակցության վերաբերյալ 907-րդ հոդվածի կիրառումը սահմանափակելու մասին Կոնգրեսի կոչերը։

Ինչու են որոշ դեպքերում բանկերը հետ ուղարկում ԼՂ-ից բռնի տեղահանվածներին փոխանցված դրամական աջակցությունը․ պարզաբանում

Հայաստանի կենտրոնական բանկը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին պետության կողմից տրվող 100 հազար դրամ միանվագ աջակցության  շահառուների տվյալները պարբերաբար թարմացնում և փոխանցում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը։

Այս մասին նշել են ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից՝ ի պատասխան  «Արմենպրես»-ի  հարցմանը, որ որոշ շահառուներ 100 հազար դրամները դեռ չեն ստացել, քանի որ երբեմն բանկերի կողմից գումարները հետ են ուղարկվում, քարտերի և դրանց տվյալների հետ խնդիրներ են առաջանում:

«Բնական է, որ նման ծավալի տեղեկատվության մշակման, ճշգրտման և փոխանցման ընթացքում, հնարավոր է, տեղ գտնեն տեխնիկական վրիպակներ, որոնք, սակայն, հնարավորինս օպերատիվ կերպով իրենց լուծումն են ստանում բոլոր ներգրավված կառույցների մասնագետների կողմից: Եթե շահառուն (բացի այն քարտից, որին գումար փոխանցելու խնդիր է առաջացել) ունի այլ քարտ, ապա գումարը փոխանցվում է այդ քարտին: Եթե շահառուն չունի այլ քարտ, ապա անհրաժեշտ է դիմել բանկ՝ նոր քարտ ստանալու համար, որից հետո գումարը կփոխանցվի նոր թողարկված քարտին: Լրացուցիչ բոլոր պարզաբանումների համար անհրաժեշտ է դիմել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը»,-հավելեցին Կենտրոնական բանկից։

ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Զառա Մանուչարյանն էլ մանրամասնեց, որ փոխանցումը կատարվում է այն հաշվեհամարին,որը Կենտրոնական բանկից տրամադրվում է նախարարության Միասնական սոցիալական ծառայությանը։

«Եթե քաղաքացին բանկի հետ կապված իր խնդիրը լուծել է, մեզ փոխանցվում է նոր հաշվեհամար և իրականացվում է փոխանցումը։ 100 հազարների ծրագրի շրջանակում փոխանցումներն ամենշաբաթյա պարբերականությամբ են իրականացվում, հիմնականում ուրբաթ օրերին»,-պարզաբանեց Մանուչարյանը՝ավելացնելով, որ  100 հազար դրամ միանվագ աջակցության ծրագրի շրջանակում արդեն իսկ վճարման է ուղարկված 104 հազար 200 անձի տվյալ. նրանցից չափահաս՝ 75 հազար 725 անձ , անչափահաս` 28 հազար 475 ։

Լուռ երթ, Երեւան, նոյեմբերի 9

Նոյեմբերի 9-ին ՀՀԿ երիտասարդական կառույցները նախաձեռնել են Երևան քաղաքում անցակցել լուռ երթ՝ վերահաստատելով ՀԱՅԿԱԿԱՆ Արցախի դեմ գործի դրված անմարդկային ծրագրերի դեմ արդար բողոքը:
“Համարելով որ մեր Հայրենիքի մի հատվածը հանձնվել է՝ միջազգային բոլոր նորմերի և սկզբունքների անմարդկային ոտնահարումներով, իրենց պատմական Հայրենիքից բռնի տեղահանումներով ու էթնիկ զտումներով: Աշխարհը պետք է իմանա, որ Արցախյան էջը չի կարող և չի կարելի փակված համարել: Այդ հարցում մեր բոլորիս առաջին պահանջը Հայաստանի իշխանություններին է ուղղված”, ասված է կազմակերպության հայտարարության մեջ:
Ֆոտո Հայկ Հարությունյանի

Դեռ փակված չէ ավելի քան կես միլիոն ադրբեջանահայության խնդիրը․ Այվազյան

Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ, ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանը step1.am-ի հետ զրույցում անդրադարձել է ադրբեջանական կողմի այն հայտարարություններին, որ բռնի տեղահանված արցախցիների վերադարձի հարցը փորձում են փոխկապակցել այսպես կոչված «ադրբեջանցի փախստականների» Հայաստան վերադարձի հարցի հետ։ Այվազյանի խոսքով՝ դա ադրբեջանական կողմից կիրառվող էժանագին հնարք է եւ աբսուրդի ժանրից է։

«Եթե խոսում ենք համարժեքության մասին, ապա չպետք է մոռանանք, որ դեռ փակված չէ ավելի քան կես միլիոն ադրբեջանահայության խնդիրը։ Այդ մարդկանց վերադարձի հարցը եւս պետք է քննարկվի բանակցային սեղանի շուրջ։ Տարբեր գնահատականներով՝ կես միլիոնից մինչեւ մեկ միլիոն փոխստական ունենք նախկին ադրբեջանական խորհրդային հանրապետության տարածքից։ Եվ տարբեր գնահատականներով՝ այդ անձանց կրած նյութական եւ բարոյական վնասների չափը գնահատվում է մոտավորապես 100 մլրդ դոլար։ Այդ վնասները մարդիկ կրել են ադրբեջանական ղեկավարության նպատակաուղղված ցեղասպանական քաղաքականության պատճառով»,- ասաց նա։

Ըստ Գրիգորի Այվազյանի՝ Ադրբեջանը փորձում է նույն հարթության վրա դնել արցախիների եւ այսպես կոչված «ադրբեջանցի փախստականների» հարցը, բայց ադրբեջանցիները Հայաստանից իրենց կամքով են գնացել։ «Եվ այդ թուրքերի թիվն այդքան մեծ չէ, ուռճացված են ներկայացնում, նրանց համար ստեղծել են վտարանդի կառավարություն, Բաքվի կենտրոնում շենք են տրամադրել, բոլոր միջազգային կառույցների ներկայացուցիչները, որոնք գնում են Բաքու, հանդիպում են նրանց հետ։ Նախկինում լուրջ չէր ընկալվում նաեւ Արցախի այսպես կոչված ադրբեջանական համայնքի խնդիրը, իսկ մենք տեսել ենք, թե պատմությունն ինչ է ցույց տվել։ Նույն քաղաքականությունն ադրբեջանցիները հիմա են վարում։ Ես համոզված եմ, որ ադրբեջանահայ փախստականների խնդիրը մինչեւ այսօր չի կորցրել իր արդիականությունը եւ կիրառական նշանակությունը։ Այնպես որ, պետք է բարձրացնել նաեւ այդ մարդկանց վերադառնալու իրավունքի հարցը։ Իսկ եթե Ադրբեջանն ի վիճակի չէ նրանց անվտանգությունը պատշաճ ապահովել, ապա պետք է փոխհատուցում վճարեն, ինչն իրենց համար այդքան էլ հեշտ ու հաճելի գործընթաց չի լինելու։ Առնվազն այս հարցով կարելի է փակել իրենց այսպես կոչված փախստականների վերադարձի հարցը ՀՀ տարածք»,- հավելեց նա։

Գրիգորի Այվազյանը նշում է, որ արցախցիների հարցը բոլորովին այլ է։ Արցախի էթնիկ զտումը տեղի է ունեցել բոլորովին վերջերս եւ միայն անուղղակիորեն կապ ունի ադրբեջանցիների բարձրացրած հարցերի հետ։

«Այնպես որ, մենք պետք է օգտագործենք մեր հաղթաթուղթը, որն առկա է։ Բայց այդ հաղթաթուղթը միայն այն ձեռքում է հաղթաթուղթ, ով գիտե՝ ինչպես դա պատշաճ օգտագործել։ Բարձր որակավորում ունեցող մասնագետների կողմից պետք է մատուցվի այդ հարցը։ Նաեւ արցախասհայության վերադարձի հարցը մենք չպետք է հետին պլան մղենք։ Պետք է պնդենք դա, մանավանդ, որ միջազգային հանրության կարծիքն այդ հարցում կարծես թե միասնական է, որ միջազգային խաղաղապահների երաշխավորմամբ ու դիտորդների ներկայությամբ պետք է արցախահայերին հնարավորություն տրվի վերադառնալ իրենց բնօրրանը»,- ընդգծեց Այվազյանը։

Ռոզա Հովհաննիսյան

Ադրբեջանի ագրեսիայից հետո Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածը ցեղասպանության տեսակ է․ Լուիս Մորենո Օկամպոյի հարցազրույցը

Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն կարծում է, որ պետությունները միտումնավոր կերպով անտեսում են ցեղասպանությունների վտանգը, որպեսզի պարտավորվածություն չկրեն դրանք կանխելու համար։

Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Մորենո Օկամպոն նշել է, որ Ադրբեջանի ռազմական ագրեսիայից հետո Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած բռնի տեղահանումը ևս ցեղասպանության ձև է՝ շեշտելով, որ ցեղասպանությունը միայն մասսայական սպանությունը չէ։

-Պարո՜ն Օկամպո, Դուք օգոստոսի 7-ին Արցախի Հանրապետության նախագահին տրամադրեցիք եւ ապա հրապարակեցիք ձեր մասնագիտական տեսակետը՝ Լեռնային Ղարաբաղի շրջափակումը եւ ամբողջական պաշարումը համարելով ցեղասպանություն։ Ի՞նչ գործընթաց կարելի էր այդ ժամանակ սկսել՝ առաջիկա աղետի առաջն առնելու համար։

-Զեկույցը կարևոր էր, քանի որ մենք հանրային կարծիք ստեղծեցինք: Այնուամենայնիվ, պետությունները ինչ-որ զարմանալի բան են անում․ նրանք միտումնավոր անտեսում են ցեղասպանության վտանգը, որպեսզի խուսափեն ցեղասպանությունը կանխելու պարտավորությունից․ սա այն է, ինչին մենք  հանգեցինք: Հիմնականում պարզեցինք, որ պետությունները փորձում են խուսափել ցեղասպանություն բառից։ Նույնիսկ այն դեպքում, երբ ԱՄՆ Կոնգրեսը վերցրեց իմ զեկույցը և սկսեց գործունեություն ծավալել, այն ժամանակ ԱՄՆ Պետդեպարտամենտը, առանց ցեղասպանության մասին հիշատակելու, ասաց, որ միջազգային մակարդակով պաշտպանելու է Լեռնային Ղարաբաղը։ Բայց արդեն ուշ էր։ Նրանք դա ասացին, իսկ երեք օր անց Ալիևը հարձակվեց։

-«Ինչպե՞ս եք մեկնաբանում սեպտեմբերի 19-ից հետո տեղի ունեցածը։ Թվում է, թե շատերը, ցեղասպանություն ասելիս, միայն կոտորած են պատկերացնում։ Բայց մի քանի օրում հարյուր հազարից ավել մարդ, թողնելով ամեն ինչ, լքեց սեփական հայրենիքը։

-Դա նույնպես ցեղասպանություն է` համաձայն Ցեղասպանության կոնվենցիայի 2-րդ հոդվածի  B կետի (խմբի անդամին մարմնական կամ հոգեկան ծանր վնաս հասցնելը)։ Խուան Մենդեսի նոր զեկույցը կա, որում ասվում է, որ այն փաստը, որ 100 հազար մարդ հեռացել է, ցույց է տալիս հոգեբանական վնասը, քանի որ նրանք թողել են ամեն ինչ։ Ուրեմն դա ցեղասպանության տեսակ է, ցեղասպանությունը միայն սպանություն չէ: Այո՜, սպանությունը զանգվածային չէր, բայց հոգեկան վնաս կա՝ ամբողջ համայնքը լքեց իր հայրենի հողը։

-Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների պաշտպանության համար ի՞նչ իրավական մեխանիզմներ կան, որոնք կարող են գործել և որքանով եք Դուք իրատեսական համարում այս մարդկանց իրավունքների վերականգնումն՝ ըստ միջազգային նորմերի։

-Կարծում եմ՝ հիմա կարևոր է, որ Ֆրանսիան հարցը դրան է տանում: Կարևոր պետություն է, որը առաջ է մղում օրակարգը, և դրա համար մենք պետք է պայքարենք: Պետք է պայքարել ժողովրդի իրավունքը հարգելու համար, քանի որ ժողովուրդը, եթե անգամ այնտեղ չէ, միևնույնն է՝ այդ հողի ու գույքի տերն է, ուստի պետք է հարգել նրա իրավունքները։ Եվ ես այլ առաջնահերթ խնդիր եմ համարում ապաքինվելը, պատանդներին ազատելը։ Ադրբեջանում կա 53 բանտարկյալ։ Խնդիրն այն է, որ միջազգային իրավունքն այնպես չի գործում, որ, օրինակ, եթե ինչ-որ մեկը գողանա քո հեծանիվը, դու կարող ես դիմել ոստիկանություն և դատարան: Ոչ, նման բան չկա: Մենք ունենք Արդարադատության միջազգային դատարան, ենթադրաբար, պետությունների համար, և կա Միջազգային քրեական դատարան՝ անձանց հետապնդելու համար: Այդ մարդկանց ազատ արձակելու իրավական գործընթացը պարզ չէ, բայց մենք պետք է քաղաքականապես զարգացնենք գործընթացը։ Այդ իսկ պատճառով այս համաժողովը (խմբ Եվրախորհրդարանում ԼՂ-ի հարցով համաժողովը) կարևոր էր։

-Ինչպե՞ս եք գնահատում միջազգային հանրության պահվածքը, ի՞նչ կարող էր անել միջազգային հանրությունը, որ չարեց, և այդ անգործությունը հանգեցրեց այս արդյունքին։

-Դե, դա խնդիր է, ձախողում: Որովհետև աշխարհը չունի գլոբալ ինստիտուտներ։ Հիմնականում միակ գլոբալ անկախ ինստիտուտը Միջազգային քրեական դատարանն է, և վերջ։ Դա բավական չէ։ Պատկերացրեք մի երկիր, որտեղ կա ընդամենը մեկ դատարան, առանց կառավարության ու քաղաքական համակարգի: Այնպես որ, Հայաստանը պետք է ներգրավվի խնդրի լուծմանը։ Եվ ահա թե ինչու նման հանդիպումները, քաղաքական առաջնորդների հետ քննարկումներն այն մասին, թե ինչ կարող են անել, այն է, ինչ մենք պետք է անենք: Հայաստանը ցույց է տալիս, որ վտանգի տակ է ոչ միայն ինքը, այլ քաղաքակրթությունը, և այդ պատճառով հայերը միայնակ չեն: Բայց Հայաստանը վճռորոշ է։ Հայաստանն ունի շատ կարևոր համայնք ամբողջ աշխարհում։ Դա անհավանական ուժ է, որը դուք ունեք, և մենք կարող ենք օգտագործել դա:

-Կան որոշ հակամարտություններ, որոնց ավելի շատ է ուշադրություն դարձվում, քան մյուսներին։ Կարծես թե, բոլոր երեխաները չէ, որ երեխա են, բոլոր կանայք չէ, որ կին են։ Ո՞րն է Ձեր բացատրությունն այս երկակիությանը։

-Դե գիտեք, լրատվամիջոցների ուշադրության տիրույթը ընդամենը 6 վայրկյան է: Դա նորմալ է: Դարֆուրի ցեղասպանությունն առաջին տեղում էր լրատվամիջոցներում, հետո եկավ Արաբական գարունը, հետո Լիբիան, հետո Սիրիան, հետո Ռուսաստանը, եզդիները, հետո ռոհինջաները: Միշտ կա նոր հակամարտություն, որը ծածկում է նախորդ հակամարտության ձախողումը: Եվ ահա թե ինչու այս տարի՝ 2023 թվականին, հինգ ցեղասպանության ականատես եղանք: Հիմա ժամանակն է դա շտկելու: Այն փաստը, որ հայկական համայնքը և հրեական համայնքը այդքան տարածված են, իսկապես կարող է օգնել փոխելու այս իրավիճակը: Ես հասկանում եմ, որ հայ համայնքի համար շատ դժվար պահ է, որ նույնիսկ հնարավոր են հարձակումներ Հայաստանի վրա, բայց դու պետք է հասկանաս, որ երբեք չես հաղթում, եթե դադարես պայքարել։ Այսպիսով, դուք պետք է շարունակեք պայքարել, և դուք միայնակ չեք:

 

Լիլիթ Գասպարյան

 

Արցախցը կանանց ձեռագործ աշխատանքները. այն օգնում է մեզ հաղթահարել սթրեսը

Այսօր Երևանի Իսակովի 11 հասցեում կազմակերպվեց արցախցի  կանանց աշխատանքների ցուցահանդես-տոնավաճառը։

Ահարոնյան Ասյան ներկայացնում է Սալոմեի ձեռագործ աշխատանքները։ Դրանք հիմնականում կավից կամ փայտից պատրաստված բրոշներ են և կտավի փոքր կտորների վրա նախշեր:

«Երեք տարի է, ինչ զբաղվում եմ այս գործով, և այժմ, իմ սիրելի հայրենակիցների շնորհիվ, աշխատանքը եռում է։  Կարողանում եմ  կտրվել դառը իրականությունից։ Աշխատում եմ միայն առցանց, ինչպես Արցախում։ Ես կցանկանայի բացել փոքրիկ բուտիկ»,-ասում է նա:

Ցուցահանդեսի մասին տեղեկացել է ֆեյսբուքյան էջից։

20 տարեկան Մարիամ Վարդանյանը ծնվել է Շուշիում։ «2020 թվականի պատերազմից հետո  սկսեցի զբաղվել այս գործով, որը դարձավ իմ փրկությունը սթրեսից և կենցաղային խնդիրներից։ Նկարում եմ հագուստի, փայտի, կտավի վրա, տարբեր ձեռագործ աշխատանքներ եմ անում։ Գովեստի խոսքերը, որ լսում եմ, օգնում են ինձ շարունակել այս գործը: Երկրորդ տեղահանությունից հետո այս գործը շարունակում է ինձ համար փրկություն ծառայել։ Աշխատում եմ հիմնականում առցանց, ընդունում եմ պատվերներ և ուղարկում փոստով», – պատմում է նա։

Համբարձումյանների ընտանիք. «Այսպես եմ արել նաև Արցախում՝ մարդկանց ուրախության համար համեղ ուտեստներ պատրաստելով։ Ես թխում եմ ամեն ինչ՝ ժենգյալով հաց և փախլավա։ Կարող եք փորձել մեր թխվածքաբլիթները և կարկանդակները։ Ի դեպ, կարկանդակները թխում են սեփական բաղադրատոմսով։ Դեռևս 2018 թվականին ծնողներս Սանկտ Պետերբուրգում մասնակցել են ցուցահանդեսի, ցուցադրել իրենց «Ղարաբաղ Նապոլեոնը» և արժանացել մրցանակի։ Մենք կցանկանայինք խանութ բացել, բայց դեռ տեղ չենք գտել։ Մեզ իրականում արտաքսեցին Մադաղեսից 1992 թվականին և այդպես էլ չվերադարձանք մեր ավերված տուն։ Մենք մնացինք Ստեփանակերտում և բացեցինք Համբարձումյանների ընտանեկան բիզնեսը՝ համեղ ուտեստներ ենք պատրաստում։ Հետաքրքիր անուն գտանք՝ ՌայԱնուշ։ Ցուցահանդեսի մասին տեղեկացանք Նաիրա Զոհրաբյանի էջից, զանգահարեցինք և գրանցվեցինք»։

Հայկ Հարությունյան

ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենան Արցախի ապագային նվիրված լսումներ

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի միջազգային հարաբերությունների կոմիտեն հայտարարել է, որ եվրոպական գործերի ենթակոմիտեն հրավիրում է լսումներ՝ «Լեռնային Ղարաբաղի ապագան» անվանմամբ։ Լսումները տեղի կունենան նոյեմբերի 15-ին։

Նիստին կմասնակցեն եւ ելույթ կունենան նաեւ ԱՄՆ պաշտոնատար անձինք, մասնավորապես՝ ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի գործերի գծով տեղակալ Ջեյմս Օ՛Բրայենը եւ Եվրոպական եւ Եվրասիական բյուրոյի ղեկավարի օգնականի տեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկին։

Հակարիի ափին ստեղծել է պոեզիա, կազմակերպել գրական երեկոներ

Տարոնը ծնվել է 1994 թվականին Երևանում։ Նա ընդամենը 2 ամսական էր, երբ ընտանիքը տեղափոխվեց Արցախ։ Նրանք բնակություն են հաստատել Քաշաթաղի շրջանի Քարեգահ գյուղում։

Արցախում Տարոնի մոտ մանկական ուղեղային կաթված է ախտորոշվել։ Սկզբում ծնողների համար դա դատապարտվածություն էր թվում, բայց Տարոնը մեծանալով ապացուցեց, որ ախտորոշումը խոչընդոտ չէ լիարժեք ապրելակերպի համար։

Սովորելով տանը՝ նա մեծ առաջադիմություն ունեցավ՝ դրսևորելով բարձր ինտելեկտուալ կարողություններ։ Տարոնը հումանիտար գիտությունների հակում ունի, և նա ցանկանում էր ընդունվել ԵՊՀ պատմության բաժինը։ Գերազանցությամբ ավարտել է գյուղական դպրոցը։

Համալսարան ընդունվելու առաջին փորձն անհաջող էր. գրելու հետ կապված խնդիրներ ունի: Այդ պատճառով հրաժարվեցին ընդունել նրան։ Սակայն նա չհուսահատվեց ու շարունակեց վստահ շարժվել դեպի իր նպատակը։

2012 թվականին Տարոնը վերականգնողական փուլ է անցել Ստեփանակերտի վերականգնողական կենտրոնում։ Կենտրոնում անցկացվում էին սպորտային միջոցառումներ, մասնավորապես՝ Bocce մրցումներ, որոնցում նույնպես աչքի է ընկել՝ զբաղեցնելով մրցանակային տեղ։

Արցախում Տարոնը ակտիվ կենսակերպ է վարել։ Հայրենի գյուղում հարազատների ու համագյուղացիների մասնակցությամբ կազմակերպում էր գրական երեկոներ, որտեղ ընթերցում էր սեփական բանաստեղծությունները։ Տարոնն անգամ ունի «Տարոն Այկազուն» գրական կեղծանուն։

Բանաստեղծություններ է գրում մանկուց։ «Պոեզիան իմ տարերքն է, առանց դրա կյանքս շատ ձանձրալի կլիներ»,- ասում է Տարոնը։

2013 թվականին նա ընտանիքի հետ տեղափոխվել է Երևան, իսկ արդեն 2023 թվականին ընդունվել է Panarmenian մեդիա դպրոցը։ Սովորել է որպես սցենարիստ։ Ներկայումս աշխատում է խաղի սցենարի վրա: Նա վստահ է, որ խաղը համաշխարհային համբավ ձեռք կբերի։ Նա նաև նախատեսում է սկսել երգերի խոսքեր գրել։

Տարոնը հոգում մեծ ցավով հիշում է Հակարի գետի ափին գտնվող իր տունը, Արցախի չքնաղ բնությունը, այդ ուրախ ու անհոգ ժամանակը։ Նա անկեղծորեն հույս ունի վերադառնալ հայրենի վայր։

Արսեն Աղաջանյան

 

ՀՀ ԱԳՆ-ը մեղադրում է անգործության մեջ “միջազգային հանրությանը”

Արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ ՀՀ ԱԳՆ կողմից աշխատանք է տարվում միջազգային հարթակներում՝ Ադրբեջանի կողմից ապօրինաբար ձերբակալված անձանց, այդ թվում՝ ԼՂ նախկին պաշտոնյաների վերադարձի հարցով։ Այդ մասին հայտնում է Step1.am-ը։

«Կան իրավական գործընթացներ նաեւ ՄԻԵԴ-ում, Արդարադատության միջազգային դատարանում։ Ամբողջ գործիքակազմը, որը հասու է ԱԳՆ-ին, օգտագործում ենք, որ օր առաջ մեր բոլոր հայրենակիցները, այդ թվում՝ նախկին պաշտոնյաները վերադառնան»,- ասաց նա։

Կոստանյանը հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած բռնի տեղահանումը նաեւ միջազգային հանրության անգործության հետեւանք էր։ «ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում տեղի ունեցած նիստերի ընթացքում մենք հստակ արձանագրել ենք մեր դիրքորոշումը, որ ըստ մեզ՝ Լաչինի միջանցքի փակումից սկսած եւ մինչ այդ նույնպես միջազգային հանրությունն ադեկվատ չի արձագանքել ստեղծված իրավիճակին։ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած բռնի տեղահանումը նաեւ միջազգային հանրության անգործության հետեւանք էր։ Բայց մենք շարունակելու ենք եւ շարունակում ենք աշխատանքներ միջազգային գործընկերների հետ, որպեսզի ավելի ադեկվատ եւ տարածաշրջանի կայունությանն ու անվտանգությանն ուղղված հստակ քայլեր ձեռնարկվեն, անհրաժեշտության դեպքում օգտագործեն այն գործիքակազմը, որն ունեն»,- ասաց նա։

 

Արցախից բռնի տեղահանված անձանց թոշակներն ու նպաստները կվճարվեն․ կառավարությունը որոշում ընդունեց

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում ընդունեց օրենքի նախագիծ, ըստ որի՝ Արցախից բռնի տեղահանված անձանց թոշակներն ու նպաստները Հայաստանում կվճարվեն։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը կառավարության նիստում ներկայացրեց նախագիծը․ «Մենք կառավարության հոկտեմբերի 26-ի նիստում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց ժամանակավոր պաշտպանության տակ վերցնելու որոշում կայացրինք։  Եվ այդպիսով, օրենքի ուժով նրանք արդեն ունեն կենսաթոշակի եւ նպաստի իրավունք, եթե բավարարում են Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին։ Այսինքն՝ անկախ այն հանգամանքից՝ իրենք Լեռնային Ղարաբաղում կենսաթոշակ կամ նպաստ ստացել են, թե չէ, ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք ՀՀ-ում իրավունք ունեն ստանալու կենսաթոշակ եւ նպաստ»։ Նարեկ Մկրտչյանն ասաց, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների թվում շուրջ 15 հազար թոշակառու կա։

Նախարարի խոսքով՝ անհրաժեշտություն է առաջացել «Նպաստների եւ կենսաթոշակների մասին» օրենքներում կատարել որոշակի փոփոխություններ՝ ամրագրելով փախստականի կարգավիճակ ունեցող անձանց համար կենսաթոշակի իրացման իրավունքի իրացման առանձնահատկությունները կառավարության կողմից սահմանելու լիազորությունները: Ըստ նախարարի՝ կստեղծվի նաեւ էլեկտրոնային հարթակ, եւ բոլոր այն անձինք, որոնք ԼՂ-ում արդեն ստացած են եղել այդ իրավունքը, ինքնաշխատ տարբերակով դա կընդունեն ի գիտություն, եւ ՀՀ կառավարությունը կսկսի այդ իրավունքը իրացնել: Իսկ բռնի տեղահանված այն անձինք, որոնք այստեղ են ստանալու կենսաթոշակի կամ նպաստի իրավունք,  այստեղ գործող չափանիշներով կգնահատեն եւ  կնշանակեն կենսաթոշակ կամ նպաստ։

«Երբ որ հարթակը կգործարկվի, մեր հայրենակիցներն արդեն կարող են դիմել կենսաթոշակի, երեխայի ծննդյան միանվագ նպաստի, մայրության նպաստի, խնամքի նպաստի եւ մյուս կենսաթոշակների համար։ Նշանակումը կատարելուց հետո նրանք կարող են ստանալ գումարը։ Մի շատ կարեւոր արձանագրում՝ անհրաժեշտ է, որ իրենք գրանցված լինեն Հայաստանի որեւիցե հասցեում։ Այսինքն՝  սա չպետք է շփոթել հաշվառման ու քաղաքացիության հետ, շատ կարեւոր է, որ որեւէ հասցեում անպայման գրանցված լինեն։ Դիմումների համար կարող են մոտենալ Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններ»,- հավելեց նա։

Նարեկ Մկրտչյանն ասաց՝ քանի որ ժամանակավոր պաշտպանության կարգավիճակը հոկտեմբերի 26-ին է սահմանվել, թոշակները կհաշվարկվեն հոկտեմբերի 28-ից սկսած։

 

ԼՂ-ից բռնի տեղահանվածների առաջնային սպառողական ծախսերը հոգալու համար կտրամադրի 50 հազար դրամ

Կառավարությունը հաստատեց Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին առաջնային սպառողական ծախսերը հոգալու համար սոցիալական աջակցության միջոցառումը և աջակցության տրամադրման կարգը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կառավարության հերթական նիստին նախագիծը ներկայացրեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։

Նախարարը նշեց, որ նախագծով առաջարկվում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների համար իրականացնել երկամսյա սոցիալական աջակցության միջոցառում՝ նոյեմբեր, դեկտեմբեր ամիսների համար՝ ամսական 50000 դրամ։

«Միջոցառման շահառու կհանդիսանան 100 հազար դրամ միանվագ աջակցության միջոցառման շահառու հանդիսացող անձինք՝ որոշ բացառություններով։ Միջոցառման շահառու չեն հանդիսանա հյուրանոցներում կամ հյուրատներում ժամանակավոր բնակվող, Հայաստանի Հանրապետությունում չգտնվող և բանկային հաշիվներում 2 միլիոն դրամական շեմից ավել դրամական միջոց ունեցող անձինք»,- ասաց Մկրտչյանը։

Նախարարը նաև նշեց, որ ծրագրից չեն կարող օգտվել մինչև բռնի տեղահանումը Հայաստանի Հանրապետությունում հաշվառված անձինք։