«Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժումն այսօր Ազգային ժողովի մոտ հավաք անցկացրեց՝ Արցախի եւ Հայաստանի վերամիավորման որոշման կատարման պահանջով։ Այդ մասին հայտնում է step1.am-ի թղթակիցը։
Գերագույն խորհրդի պատգամավոր Հրանտ Խաչատրյանն իր ելույթում ասաց. «Հայաստանի եւ Արցախի վերամիավորման պայքարը 1960-ական թվականներին ընթացել է։ Դրանից առաջ ընդհատակում են եղել նման խոսակցությունները։ Բայց 1960-ական թվականներից մարդիկ միշտ իմացել են, որ Արցախը, Նախիջեւանը, էլ չեմ ասում՝ ցեղասպանությունից հետո Արեւմտյան Հայաստանը հայերից բռնազավթվել է ուժի կիրառմամբ եւ պատերազմների միջոցով, ցեղասպանության գնով։ Դեկտեմբերի 1-ի որոշման գաղափարն առաջին անգամ հրապարակում շատ մարդկանց ներկայությամբ հայտնեց Իգոր Մուրադյանը՝ Արցախի դիմումից հետո, երբ ստորագրահավաք էր անցկացվել Հայաստանին վերամիավորվելու պահանջով։ Եվ այդ գաղափարը իրականացվում էր «միացում» կարգախոսի ներքո։ Իգոր Մուրադյանը շատ շուտ իջեցվեց ամբիոնից, բայց գաղափարը մնաց մինչեւ 1988 թվականի դեկտեմբեր։ Ողջ հայ ժողովուրդը հավաքվում էր Երեւանի կենտրոնական հրապարակներում եւ պահանջում էր Գերագույն խորհրդի նստաշրջանի՝ վերամիավորման մասին որոշում ընդունելու համար։ Մենք վստահ էինք, որ այդ նստաշրջանը լինելու էր»։
Նրա խոսքով՝ փաստ է, որ 1990 թվականի իշխանափոխությունից հետո այդ որոշումը մղվեց հետին պլան։ «Դրա վրա դրվեց ծանր կնիք, եւ մինչեւ 1991 թվականի աշուն Արցախում անցկացվեց առանձին հանրաքվե, հռչակվեց Արցախի Հանրապետությունը։ Ես չեմ կարող գոհունակություն հայտնել նախորդ երեք իշխանություններից, որոնք լռության են մատնել վերամիավորման մասին որոշումը։ Հռչակելով Արցախի Հանրապետությունը՝ երկրորդ պլան է մղվել այն հանգամանքը, որ արցախցիները երեք տասնամյակից ավելի համարվել են ՀՀ քաղաքացիներ։ Դիմում եմ հայ ժողովրդին, բոլոր ուժերին՝ մինչեւ հայ ժողովուրդը չվերադառնա իր այն ակունքներին, որը կոչվում էր Արցախյան շարժում եւ հետագայում վերածվեց անկախության շարժման, եւ Հայաստանը դարձավ անկախ պետություն, մենք չենք կարող առավելագույնս օգտագործել մեր ազգի ռեսուրսները, հավաքական ուժը եւ անընդհատ դժգոհելու ենք սրանից-նրանից»։