Ստեփանակերտի Կոմիտասի անվան երաժշտական դպրոցը պատրաստվում է հանդես գալ համերգով

  • 19:31 09.12.2023

Ստեփանակերտի Կոմիտասի անվան երաժշտական դպրոցն  իր գործունեության 85-ամյակը  Արցախում նշելուց հետո ստիպված էր տեղահանվել: Նոյեմբերի 22-ին դպրոցը համերգով հանդես եկավ ՀՀ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի օջախում:

Դպրոցի տնօրեն Զարինե Բաբայանը Step1.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է, որ շրջափակման ընթացքում էլ դպրոցը շարունակում էր իր գործունեությունը:

Չնայած առաջացած բազմաթիվ խոչընդոտներին` կարողանում էին կազմակերպել ստուգարքները և քննությունները: Հայաստանին կապող ճանապարհը փակ էր, բայց համահայկական և միջազգային մրցույթ-փառատոնններին  մասնակցելուց էլ սաները չհրաժարվեցին: Ելքը գտել էին` օնլայն ձևաչափով: «Մեր սաները տեսան կորուստներ, զրկանքներ, չարչարանքներ, բայց դա նրանց չկանգնեցրեց մրցույթում առաջին, երկրորդ պատվավոր տեղերը գրավելուց»,- վերհիշում է Զարինե Բաբայանը:

Տեղահանվելուց հետո դիմել են ՀՀ կառավարությանը` խնդրանքով, որ դպրոցի վերաբացման համար տրամադրվի տարածք: Սպասում են նամակի պատասխանին: «Հույս ունենք, որ մեր սաներին, որոնք նույն դպրոցում սովորելու մեծ պատրաստակամություն են հայտնել և մեր դպրոցին, որն ունի 85 տարվա պատմություն, չեն մերժելու: Մտադիր ենք մեր գործը շարունակել «Մենք կանք» կարգախոսով», -ասում է Զարինե Բաբայանը:

2-րդ համերգը նախատեսվում է կազմակերպել դեկտեմբերի 14-ին Կոնստանտին Սարաջյանի անվան երաժշտական դպրոցում, իսկ 3-ը` դեկտեմբերի 20-ին  Տիգրան Չուխաջյանի անվան  երաժշտական դպրոցում:

Տաթև Ազիզյան

f