Փաշինյանը խոստովանեց, որ իր վրա է վերցրել «անխուսափելին» ավարտին հասցնելու առաքելությունը

  • 13:42 10.12.2023

Կոռնիձոր․ 2023 սեպտեմբերի վերջ

Իջեւանում տեղի ունեցած ՔՊ նախաձեռնող խմբի նիստին ՔՊ ղեկավար Նիկոլ Փաշինյանն ասել է, որ «Բանակցային այն իրավիճակում, որ մենք ժառանգել ենք, առաջ գնալու անխուսափելի ճանապարհը ոչ միայն տարածքների հանձնումն էր և այլն, այլև Լեռնային Ղարաբաղում պետական հաստատված կարգի լուծարումը և զրոյացումը»:

Նա ասել է, որ 30 տարի ռեսուրսների անիմաստ վատնում է եղել մի խնդրի վրա, որն ի սկզբանե անլուծելի էր, ու թվարկել ՄԱԿ-ի ԱԽ բանաձեւերն ու 1996 թ․ Լիսաբոնի վեհաժողովը, լռության մատնելով մի քանի տասնյակ բանաձեւեր ու հայտարարություններ, որոնք հակառակն են վկայում։

Փաշինյանը փորձեց արդարանալ, թե ինչո՞ւ այս մասին չի խոսել ժողովրդի հետ՝ չանդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ է նման «ժառանգությամբ» 6 տարի համառորեն կառչել իշխանությունից՝ ստիպելով խորհրդարանին մի քանի անգամ ընտրել իրեն վարչապետ, իսկ ժողովրդին՝ երկու անգամ մանդատ տալ։ Եթե ​​Արցախի պետականության լուծարումը (որոշ ժամանակ անց նա նույնը կասի Հայաստանի մասին) անխուսափելի էր, և 2018 թվականին, ծանոթանալով փաստաթղթերին, Փաշինյանը դա հասկացավ, ապա ի՞նչն էր խանգարում նրան հայտարարել, որ ի վիճակի չէ նման «նախնական պայմաններով» իրականացնել իր ծրագիրը, ուստի հրաժարական է տալիս։ Ինչո՞ւ նա արտահերթ ընտրություններ անցկացրեց 2018 թվականի դեկտեմբերին, 2021 թվականի հունիսին և առաջ քաշեց “անխուսափելիին” հակառակ ուղղությամբ տանող ծրագիր։

Եթե ​​տարածքների հանձնումից և Արցախի պետականության կազմալուծումից հնարավոր չէր խուսափել, և դա իմանալով, Փաշինյանը զավթեց իշխանությունը (կա՛մ ես կլինեմ վարչապետ, կա՛մ երկրում վարչապետ չի լինի. Փաշինյան, 2018թ.), տարավ երկիրը 2 պատերազմների միջով, չկատարեց իր ծրագիրը և հրաժարական չտվեց, դա նշանակում է, որ 2018 թվականին նա եկել է հենց այդպիսի առաքելությամբ։ Այս առաքելությունն է՝ վերջակետին հասցնել «անխուսափելին» և թույլ չտալ հայ ժողովրդին այլ ճանապարհով գնալ։

Հիմա, երբ Փաշինյանը գնում է Էրդողանի երդմնակալությանը, Բաքուն և Երևանը ստորագրում են համատեղ հայտարարություն և պատրաստվում են Հայաստանը խաչմերուկի վերածել, Փաշինյանը նախապատրաստում է վերջին ակտը: Սրանից հետո նրա առաքելությունը կավարտվի։