Հենց Արցախի կողմից հստակ ձեւակերպվում են պայմանները։ Սա կոնկրետ իրավիճակ է ստեղծում Ադրբեջանի իշխանությունների համար

  • 16:43 11.12.2023

Step1.am-ի զրուցակիցն է Հայ կառուցողական կուսակցության նախագահ, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը։

Պարո”ն Ղուկասյան, Արցախի քաղաքական եւ քաղաքացիական ուժերը միջազգային հանրությանն ուղղված ուղերձով են հանդես եկել։ Գործնական ի՞նչ քայլեր կարող են հետեւել դրան։

-Շատ կարեւոր է մոտակա ժամակահատվածում կազմակերպել այդ հայտարարությունy ստորագրած կազմակերպությունների եւ ՏԻՄ ղեկավարների ֆորում, ավելի մանրամասն քննարկել ու ամրապնդել այդ գաղափարները եւ ընդունել հետագա քայլերի ծրագիր։ Ինչպես գործել, որպեսզի Արցախի ինքնորոշման իրավունքը, արցախցիների բոլոր իրավունքները ամրագրվեն միջազգային ճանաչված եղանակով, որպեսզի դա դառնա քաղաքական լուրջ գործոն։

-Այդ հայտարարության մեջ նշվում է, որ անվտանգ և արժանապատիվ վերադարձի ու կյանքի համար անհրաժեշտ են մի շարք պայմանների ապահովում։ Այդ թվում՝ Արցախի Հանրապետության ողջ սահմանի երկայնքով պետք է տեղաբաշխվեն ՄԱԿ-ի միջազգային բազմազգ խաղաղապահ ուժեր, պետք է ստեղծվի ապառազմականացված գոտի, Լաչինի միջանցքը պետք է փոխանցվի ՄԱԿ-ի վերահսկողությանն ու կառավարմանը, Արցախի Հանրապետության տարածքը պետք է փոխանցվի ՄԱԿ-ի կառավարմանը, ռուսական զորքերը պետք է դուրս բերվեն։ Ի՞նչ մեխանիզմներ կան այս ամենի իրագործման համար։

-Բնականաբար, այդ բոլոր պահանջները պետք է ներկայացվեն Ադրբեջանին՝ բոլոր շահագրգիռ միջազգային կազմակերպությունների կողմից՝ և՛ ՄԱԿ-ից, և՛ Եվրոպայի խորհրդից, և՛ Եվրամիությունից, և; ԵԱՀԿ-ից։ Դրա համար հարկավոր է, որ Արցախի ձայնը լսելի լինի։ Ինչո՞ւ այս հայտարարությունը մեծ նշանակություն ունի, որովհետեւ առ այսօր սա առաջին հայտարարությունն է, որը կարելի է ասել հենց արցախցիների պահանջն է։ Դա ունի կարեւոր նշանակություն, որովհետեւ արցախցիների իրավունքների մասին է խոսք գնում։ Եվ արցախցիների կարծիքն այստեղ էական նշանակություն ունեցող գործոն է։ Այդ առումով ես կարծում եմ, որ սա լավ սկիզբ էր, որպեսզի ձեր նշած այդ քաղաքական ճարտարապետությունը կառուցվի, որը կարող է Ադրբեջանի համար դառնալ մի այնպիսի անհաղթահարելի պահանջ, որի իրականացումից արդեն կախված կլինի Ադրբեջանի իշխանությունների ապագան։

Այստեղ գլխավոր գործոնն այն է, որ եթե վերոնշյալ պայմանները չապահովվեն, ցանկացած այլ պայմաններում մարդիկ չեն վերադառնա Արցախ։ Իսկ գիտեք, որ Միջազգային դատարանը պարտավորեցրել է Ադրբեջանին ապահովել մարդկանց վերադարձն Արցախ, նաեւ այլ կողմերից այդ պահանջները կան, այդ թվում՝ ԵԽԽՎ-ի բանաձեւում։ Եվ քանի որ փակագծերը ոչ մի տեղ բաց չեն, թե որո՞նք ենք այդ պայմանները, հիմա Արցախի կազմակերպությունների, ՏԻՄ ղեկավարների կողմից հստակ ձեւակերպվում է, որ սրանք են պայմանները։ Սա կոնկրետ իրավիճակ է ստեղծում Ադրբեջանի իշխանությունների համար։