1961 թ. Արցախի մշակութային, հասարակական կյանքի վառ իրադարձությունը Ստեփանակերտում Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջի բացումն էր: Նախադրյալներից ամենակարևորը Արցախի բնակիչների մշակութային և էսթետիկ հայացքների աճն էր:
62 տարվա գործունեության ընթացքում քոլեջն անընդհատ կատարելագործվում էր`զարգացնելով տեխնոլոգիաները, ուսումնական ծրագրերը, մշակութային միջավայրը: «Արցախյան շարժման ընթացքում, կորոնավիրուսի օրերին, շրջափակման ամիսներին, պատերազմից հետո էլ կառավարության և ուսուցչական անձնակազմի ջանքերով կրթական պրոցեսը չէր ընդհատվում: Մեր աշակերտները կարողացել են գերազանց արդյունքներ ունենալ քննությունների ժամանակ»,- Step.1am-ի հետ զրույցում ասաց տնօրեն Անահիտ Հարությունյանը:
Նրա խոսքով`ամենավատ շրջանը 2020թ. պատերազմն էր, որը տակնուվրա արեց շատ բան: «Պատերազմի ընթացքում քոլեջը փակ էր, իսկ պատերազմից հետո ձեռնամուխ եղանք կրթական ծրագրով ուսումը շարունակելուն: 44-օրյայից հետո մեր մշակութային կյանքը ակտիվ էր, շատ միջոցառումներ էինք կազմակերպում: Նպատակն էր արվեստի միջոցով իրավիճակը հաղթահարելը: Մեր երեխաները միշտ գլխավոր մրցանակներն էին շահում: Նոր ուսումնական տարվա համար հետաքրքիր ծրագրեր ունեինք, բայց, ցավոք սրտի, սեպտեմբերի 19-ը հերթական հարվածը հասցրեց` խաթարելով քոլեջի բնականոն կյանքը»,-նշում է Անահիտ Հարությունյանը:
Քոլեջի բեղուն ստեղծագործական կյանքի և ակտիվության շնորհիվ շատ մեծ էր ուշադրությունը համաշխարհային երաժիշտների կողմից: Հանրահայտ երգչուհիներ Մոնսերատ Կաբալյեն և Լյուբով Կազարնովսկայան, ինչպես նաև պատերազմից հետո Պատրիկ Ֆիորին` իր բարեգործական խմբով էր, այցելեն են Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջ: Երեխաների համար դա շատ մեծ ոգևորություն էր:
«Մենք շատ խոչընդոտների միջով ենք անցել, բայց միավորվելու և աշխատանքային գործունեությունը վերսկսելու փափագը մեծ է: Հույս ունեմ, որ առողջ միտքը կհաղթի և մեզ հնարավորություն կտան իրագործելու մեր ցանկությունը: Ինքնապահպանվելու վերաբերյալ ունենք ապագայի մեր տեսլականը: Ֆենիքսի պես մոխրից վեր կհառնենք…»,-ասում է տնօրենը:
Տաթև Ազիզյան
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: