Գիտաժողով Փարիզում․ փորձում են վերացնել Արցախի հայերի հետքերը, սակայն բազմադարյա պատմության ընթացքում հայերն են Արցախում ապրել ու արարել

  • 09:45 13.12.2023

Շուշին Կովկասի մարգարիտ Նոյեմբերի 11-ին Փարիզի “Արևելյան լեզուների և քաղաքակրթությունների ազգային ինստիտուտ (INALCO)”-ի պատմական շենքում իր աշխատանքները սկսեց “Շուշին` Կովկասի մարգարիտ (Chouchi, la perle du Caucase)” երկօրյա գիտաժողովը, որը կազմեկերպել էր Ինալկո հիմնադրամը։

Իր բացման խոսքում հիմնադրամի նախախագահ Ֆիլիպ Ադիվանին նշեց, որ շատ է կարևորում ոչ միայն Շուշիի, այլև ամբողջ Արցախի մշակութային ժառանգությունը, որն այսօր վտանգված է, և որ կանեն հնարավորը ավելի շատ հուշարձաններ վավերագրելու համար, ինչը հնարավորություն է տարբեր հարթակներում հուշարձանների պաշտպանության համար։

Բացման խոսքով հանդես է եկել նաև Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, անդրադառնալով Արցախի պատմամշակութային ժառանգության պահպանության խնդիրներին ու առկա մարտահրավերներին։

Գիտաժողովն իր մեկնարկը տվեց “Հիշատակարան” կայքի շնորհանդեսով, որը INALCO հիմնադրամի կարևոր նախաձեռնություններից է Արցախի պատմամշակութային ժառանգության հանրահռչակման ու պահպանության գործում։ Կայքը կդառնա հուշարձանների վկայագրերի յուրահատուկ շտեմարան իր ամբողջ մատենագիտությամբ։ Երկու օրերի ընթացքում ներկայացված զեկույցները, վերաբերում էին Շուշիի անցյալին ու ներկային, նրա փառավոր ու ողբերգական օրերին։

Գիտաժողովը իր երկօրյա աշխատանքների ընթացքում հյուրընկալել էր նաև Ֆրանսիայի բարձրաստիճան պաշտոնյաների։ Ֆրանսիայի սենատի փոխնախագահ Փիեռ Ուզուլիասն իր խոսքի մեջ նշեց, որ երբեք չի կարելի Արցախը մահացած համարել և այս հանգրվանում բոլորիս ջանքերը պետք է ուղղված լինի ժառանգության պահպանությանը։

Ելույթներով հանդես եկան Ֆրանսիական թանգարանների գլխավոր տնօրեն Հերվե Բարբարետը, Արևելյան լեզուների և քաղաքակրթությունների ինստիտուտի` INALCO ռեկտոր Ժան Ֆրանսուա Հուշետը, Ազգային հուշարձանների պաշտպանության ինստիտուտի տնօրեն Շառլ Պերսոնան, ով անդրադառնալով հայկական հուշարձանների ոչնչացման դեպքերին, նշեց, որ պատրաստ են միասին պայքարել Արցախի հուշարձանների ոչնչացման դեմ։

Ուղերձով հանդես է եկել Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆրանսուա Բելամին։ Նա իր հստակ գնահատականները տվեց Արցախում կատարվածին, նշելով, որ դա ոչ միայն տարածք գրավելու պատերազմ էր, այլ ցեղասպանական պատերազմ, որը գործի է դրվել ու փորձում է վերացնել Լեռնային Ղարաբաղի հայերի հետքերը, սակայն բոլորս գիտենք, որ իր բազմադարյա պատմության ընթացքում հայերն են Ղարաբաղում ապրել ու արարել, ինչը Ադրբեջանը շարունակ կեղծում ու քանդում է։ Ուստի շատ կարևոր է ժառանգության պահպանության համար այս պայքարը և Եվրոպայի պարտքն է լինել մշակութային ներկայության պահապանը։

“Հիշատակարան” գիտական ղեկավար, տնօրեն, Փարիզի արևելյան լեզուների և քաղաքակրթությունների ինստիտուտի դոցենտ, արվեստաբան Աննա Լեյլոյան-Եկմալյանը նշեց որ գիտաժողովի նպատակն է Արցախի պատմամշակութային ժառանգության խնդիրների մասին մեր խոսքը հասանելի դարձնել հայկական շրջանակներից դուրս, ինչու չէ նաև քննարկել այն Փարիզի համալսարանական և առհասարակ քաղաքական մակարդակում։

Այս գիտաժողովը շատերիհ համար բացահայտող նշանակություն ուներ, չնայած շատերը որոշակի պատկերացում ունեն, ինչ է կատարվում Արցախում, մասնավորապես մշակութային ժառանգության հետ, բայց նրանց անծանոթ է Շուշիի մշակութային ողջ ծավալը, որ Շուշին միայն Ղազանչեցոցն ու Կանաչ ժամը չէ։ Շատերն այսօր առաջին անգամ լսեցին Շուշիի մշակութային պատմության ու ավանդույթների մասին։ Առհասարակ շատ պետք է խոսել մեր ժառանգության մասին։

Արմինե Հայրապետյան, Փարիզ

Ֆրանսիայում կայացած համաժողովին որպես բանախոս մասնակցում է Step1.am-ի հեղինակ Արմինե Հայրապետյանը, ով մեր կայքում ներկայացնում է Արցախի հուշարձանների մասին վկայություններ։

f