Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց 2023 թ. կենսաթոշակի, նպաստների և պարգևավճարի վճարումն ապահովելու համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներ հատկացնելու նպատակով Կառավարությունն ընդունել է որոշում:
Ըստ այդմ՝ առաջարկվում է սահմանված ժամանակահատվածում վճարվելիք կենսաթոշակի, պարգևավճարի, պատվովճարի, ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների, չաշխատող անձի մայրության նպաստի, երեխայի ծննդյան միանվագ նպաստի իրավունքի իրացման համար հատկացնել անհրաժեշտ ֆինանսական միջոցներ՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հատկացված ֆինանսական միջոցների հաշվին:
Ըստ հիմնավորման՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակ կամ նպաստ նշանակվելու է 11.12.2023-ից ներկայացրած դիմումների հիման վրա: Ընդ որում՝ պարբերական վճարների դեպքում վճարվելու են 2023 թ. հոկտեմբերի 1-ից:
Պարբերաբար վճարվող այն վճարները՝ կենսաթոշակները, պատվովճարները, պարգևավճարները, ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստները, որոնք ԼՂ-ից բռնի տեղահանվածներին նշանակվելու են առաջին անգամ, ինչպես նաև մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստը 2023 թ. դեկտեմբերին ներկայացված դիմումների հիման վրա վճարվելու են 2024 թ. հունվարին:
Ընդ որում՝ 2024 թ. հունվարի գումարի հետ կվճարվեն նաև նախորդ ամիսների գումարները: Այդ բոլոր կարգավորումները նախատեսված են ՀՀ օրենսդրությամբ և կիրառվում են բոլոր դեպքերում: Սա նշանակում է, որ որոշմամբ առաջարկվող գումարներն ուղղվելու են բացառապես այն պարբերական գումարների վճարմանը, որոնք նշանակվել և վճարվել են ԼՂ-ում:
Միանվագ բնույթի վճարները 2023 թվականին կվճարվեն ըստ նշանակումների, որոնք կկատարվեն ներկայացված դիմումների հիման վրա:
Այսինքն՝ չաշխատող անձի մայրության նպաստը և երեխայի ծննդյան միանվագ նպաստը 2023 թ. դեկտեմբերին կվճարվեն, եթե ներկայացվի դիմում, և նշանակվի նպաստ:
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: