Տաղանդներ. արցախցիների աշխատանքների եզակի ցուցահանդես

  • 11:09 17.12.2023

Դեկտեմբերի 16-ին Իմփաքթ Հաբ Երևանում կազմակերպվեց արցախցի արտադրողների ապրանքների տոնավաճառը: Ամենամյա Սուրբ Ծննդյան տոնավաճառը առիթ է տոնական տրամադրություն և  յուրօրինակ նվերներ ձեռք բերելու համար:

Լազարյան Սվետլանայի աշխատանքներն է ներկայացնում դուստրը` Մարիաննա Գրիգորյանը: Թելերի մեծ մասը մայրն Արցախից է բերել: Երբեմն որպես հումք օգտագործում էին սովորական վառված լամպերը: Ցավոք, չեն կարողացել իրենց հետ բերել պատրաստ տեսականին` պայուսակներ, սփռոցներ, զարդատուփեր, խաղալիքներ ևն: Հիմա տեսականին հարստացնում են` գործելով վերմակներ և գույնզգույն շարֆեր:

Լրագրող Սրբուհի Վանյանի Min Taqun tegh  բրենդը գործում է 2022 թ. սեպտեմբերից: Շրջափակումը սկսվելուց հետո ստիպված էին աշխատել ֆորս-մաժորային պայմաններում: Տեղափոխվելուց հետո որոշեցին վերագործարկել և նոր շունչ տալ ձեռագործ աշխատանքներին: Նկարում է գործվածքների, սփռոցների, բարձերի, ափսեների վրա:

Arata բրենդը ներկայացնում է տնական խնձորի քացախ: Հադրութի շրջանից  Ռուդիկ Ոսկանյանը նշում է , որ այն պարունակում է կալիում, որն օգտակար է սրտի աշխատանքի և մկանների գործունեության համար:

Զիտա Ավագիմյանը 2020 թ. Հայաստան տեղափոխվելուց հետո ստեղծեց Kro բրենդը: Հրուշակեղենը արտադրվում է բացառապես արցախյան բաղադրատոմսերով: Մտադիր են հետագայում խանութ բացել և ավելի մեծացնել ընտանեկան բիզնեսը:

2020թ. հետո  Հադրութից տեղահանված  ընտանիքն արդեն բացել է Hadrut’s bakery: Պատրաստում են Հադրութի գաթան, դոշաբով թխվածքը, փախլավան, ժենգյալով հացը, իսկ առաջին թթխմորը բերել էին Հադրութից:

Էլլա Մանուկյանը ներկայացնում է օրգանական սերտիֆիկացում ունեցող Լոռվա մարզի մեղրը: Այն արտահանվել է ԱՄՆ, Դուբայ և հաղթել է միջազգային տարբեր հարթակներում:

Արցախի Քաշաթաղի շրջանից Անահիտ Մամիկոնյանը իր գյուղին մոտ զգալու համար բրենդն անվանել է Goghtan sweet : Էջմիածին քաղաքում արտադրվող և քաղցրասերներին մատուցվող խմորեղենը պատրաստվում է բացառապես բնական հումքով ` առանց քիմիական հավելումների:

Արևիկ Բարսեղյանը Շուշիից 2020 թ. տեղահանվելուց հետո նոր աշխատանք էր փնտրում: Սկզբից ձեռագործ աշխատանքները նվիրում էր մտերիմներին, այնուհետև բիզնես ծրագրի դիմելուց հետո հաճելի հոբբին վերածվեց եկամտաբեր աշխատանքի:

Ասյան ներկայացնում է Salome art ձեռագործ աշխատանքները, որոնք  կավից են պատրաստված և հայրենի խորհրդանշների պատկերներով են: Սալոմե նշանակում է խաղաղություն…

Lana Fashion kids մանկական հագուստի արտադրություն` տոնական հագուստից մինչև ամենօրյա հագուստ, գեղեցիկ պրինտներով մանկական անկողին, բարձեր: Պատերազմում ամուսինս ստացավ վիրավորում և ընտանիքի հոգսն ընկավ ինձ վրա: Ինձ մոտիվացնում են իմ երեխաները ասում է արտադրողը:

Ստեփանակերտի բնակչուհի Նախշուն Ավագյանն իր բիզնեսը հիմնադրել է 2020թ. պատերազմից հետո, երբ տոնավաճառներից հավաքված գումարով փոքրիկ կարի մեքենա է գնել: Կարում է տարբեր  դիզայնի մազակալներ, բարձեր, խաղալիքներ: Ժամանակավոր կացարան են գտել Ծաղկաձորում և տեղավորվելուց մի շաբաթ հետո հասկացել է` բացի սիրելի գործից ուրիշ ոչ մի բան չի օգնում հաղթահարել իրավիճակը…

Ava Artsakh պայուսակների բրենդը հիմնադրվել է Արցախում 2021թ.: Ընտանեկան բիզնեսում մայրիկը կարում է կաշվից և կտորից պայուսակներ, իսկ դուստրերը Արցախի խորհրդանիշներն են նկարում: Օնլայն հարթակների միջոցով կարողանում են իրականացնել ապրանքի վաճառքը:

Շուշիից Դոլուխանյան Էլինան արդեն 3 տարի է Elina handmade բրենդի տնօրենն է: Երևանում միտք ունի ավելի կատարելագործել և առաջ տանել արտադրանքը:

Հակոբյան Ջուլիի աշխատատեղը շրջափակման ընթացքում փակվել էր , իսկ գումար պետք էր: Ընկերուհու հետ սկսել են աշխատել:  Ներկայումս Վանաձորում են  ապրում և արդեն ունեն պատվերներ:

Հայրապետյան Գոհարը երկու հայրենիք է կորցրել` Ննգին և Ստեփանակերտը: Փոքրիկ բիզնեսը հիմնել է 2 տարի առաջ: Ոգեշնչվել է համացանցում տեսնելով չորացրած ծաղիկներով պատրաստված զարդեր, սպասք: Ուրախ է, որ Արցախից բերած ծաղիկներով է ստեղծագործում:

Աննա Հակոբյանը  մանկուց էր սիրում նկարել: Adana բրենդի հիմքում ընկած է հայկական խորհրդանիշներով նկարելը:

Միլենա Ավետիսյանը հիմնադրել է Milave shop օնլայն խանութը` 3 դ սթիքերներ, թղթային սթիքերներ և նոթատետրեր: Բրենդի հիմնական առաքելությունն է պահպանել և տարածել բարբառը:

Մարինան 20 տարի է, ինչ զբաղվում է զարդերի պատրաստումով: Համանուն բրենդի հեղինակն իր  դիզայներական աշխատանքներում օգտագործում է միայն բնական քարեր:

Tatev gips –ը ներկայացնում է   փոքրիկների համար գիպսե խաղալիքներ, զարդեր, սպասք:

Մարինա Գրիգորյանը 14 տարեկանից Արցախում պատրաստել է ձեռագործ շապիկներ և պայուսակներ:  Նկարում է չգունաթափվող ներկերով: Աշխատելու որոշումը կայացրել է 2020թ. պատերազմից  հետո ընտանիքին օգնելու համար: Morpho  նշանակում է կապույտ թիթեռ է, որը խորհրդանշում է ազատությունը: Այդ անվան միտքը ծագել է պատերազմի օրերին:

Արևիկ Սարգսյանը Sunshine gifts-ի հիմնադիրն է: Ձեռագործ աշխատանքներով զբաղվելը ընտանիքի ավանդույթն էր։ Երևանում պատրաստում էր փափուկ խաղալիքներ, փայտե խաղալիքներ, ժապավեններ և սթիքերներ։  Սեպտեմբերի վերջին ընտանիքը տեղափոխվեց Արցախից և որոշեցին, որ ընդլայնելու են բիզնեսը: Պատրաստվում են նկարել շորերի, պայուսակների վրա, ինչպես նաև  ձևավորել տարբեր թեմատիկ նվեր-բոքսեր:

Տաթև Ազիզյան

 

f