Արանի և Թուրանի պատերազմ. Փաշինյանը փորձում է համոզել Ռաիսիին

  • 18:45 21.12.2023

Փաշինյանի և նրա թիմի կողմից Հայաստանը «խաչմերուկի» վերածելու ծրագիրը բախվում է առաջին հերթին Իրանի դիմադրությանը։

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռաիսին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցում աջակցություն է հայտնել Կովկասում հաղորդակցության ուղիների բացմանն ուղղված ցանկացած գործողություններին, որոնք կլինեն բոլոր երկրների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարգման սկզբունքի վրա։

Հայաստանը «խաչմերուկ» դարձնելու Փաշինյանի գաղափարը, այսինքն՝ ճանապարհների հանգույց, որը Ռուսաստանը Ադրբեջանի տարածքով կկապի Թուրքիային, իսկ Հնդկաստանն ու Իրանը՝ Եվրոպայի հետ, կարող է գայթակղիչ թվալ, եթե չլինի մի հարց։ Արդյո՞ք անցած 100 տարվա ընթացքում որևէ մեկի մտքով չի՞ անցել Հայաստանում լոգիստիկ հաբ հիմնել և ապահովել համաշխարհային անարգել առեւտուր։ Իսկապե՞ս Փաշինյանը հույս ունի կտրել դարավոր գորդյան հանգույցը տարածաշրջանում՝ վերացնելով համաշխարհային առևտրի «միակ խոչընդոտը»՝ Հայաստանը։ Ի վերջո, լոգիստիկան ոչ միայն ճանապարհներ բացելն է, այլև դրանք մրցակիցների համար փակելը: Իսկ այն փաստի ետևում, որ Հարավային Կովկասն արդեն 100 տարի «խցան է» համաշխարհային լոգիստիկայի մեջ, որոշակի գաղափարախոսություն է թաքնված։

Իրանը հասկանում է, որ «հայկական խաչմերուկը» իրականում պատնեշ է Հնդկաստանից և Իրանից Հայաստանով և Վրաստանով դեպի Եվրոպա տանող ճանապարհին։ Իրանը դրանում համոզվեց, երբ Արցախյան պատերազմից և 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունից բառացիորեն մեկ ամիս անց Բաքուն փակեց Գորիս-Կապան ճանապարհը, այնտեղ անցակետեր տեղադրեց և, փաստորեն, փակեց Իրան-Հայաստան հազարամյա մայրուղին։ Ավելին, պաշտոնական Երեւանը սրա դեմ ոչ մի խոսք չասաց, միայն հայտարարեց, որ Տաթեւով նոր ճանապարհ է կառուցելու։ Ակնհայտ դարձավ, որ Իրան-Հայաստան մայրուղու փակումը Փաշինյանի կառավարության հետ համաձայնեցված ռուս-թուրքական ծրագրի մի մասն է։

Հիմա, երբ Փաշինյանը բացահայտ հայտարարում է Հայաստանը «խաչմերուկի» վերածելու մասին, Իրանը դիմադրում է՝ որպես պայման առաջ քաշելով… Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։

Դատելով Փաշինյան-Ռաիսի հեռախոսազրույցի հաղորդագրության տեքստից՝ պաշտոնական Երեւանը փորձում է համոզել Իրանին իզուր չհիշեցնել Հայաստանի ինքնիշխանությունը և «հաշտվել իրողությունների հետ»՝ գիտակցելով, որ ռուս-թուրքական տանդեմն է հիմա տիրել տարածաշրջանին։

Հայաստանի համար Արանի և Թուրանի (նստակյաց բնակիչների և քոչվորների) պատերազմի հերթական փուլը մոտենում է ավարտին։

Նաիրա Հայրումյան

f