ԼՂ-ից բռնի տեղահանված ավելի քան 5000 անձ արդեն աշխատանքի է տեղավորվել

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տվյալների համաձայն՝ հանրապետությունում արդեն աշխատանքի է տեղավորվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված  5351 անձ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ճեպազրույցի ժամանակ տեղեկացրել է ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը՝ մանրամասնելով, որ նրանք հիմնականում աշխատանքի են տեղավորվել հիմնականում մշակող արդյունաբերության ոլորտում՝ 674 անձ, կրթության՝ 947, սպասարկման և ծառայության՝ 731, շինարարության ոլորտում 420 անձ և այլն:

«Դեկտեմբերի 4-ի դրությամբ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության 49 կենտրոններում որպես աշխատանք փնտրող հաշվառվել է շուրջ 3929 անձ, որից 3737-ը ստացել է գործազուրկի կարգավիճակ։  Աշխատանքի տեղավորման նպատակով ուղեգիր է ստացել 1608 անձ, ինչի արդյունքում այս պահի դրությամբ 438-ն արդեն իսկ տեղավորվել է աշխատանքի»,-հավելել փոխնախարարը։

Անդրադառնալով զբաղվածության ծրագրերին, նա նշել է, որ վերջնական փուլում է գտնվում նախարարության կողմից մշակվող երկու ծրագիր և հաստատման պարագայում կգործեն արդեն 2024 թվականի սկզբից։

«Զուգահեռաբար՝ Առողջապահության, ԿԳՄՍ նախարարությունները հատուկ միջոցառումներ են իրականացրել համապատասխան ոլորտների մասնագետների զբաղվածության աջակցության նպատակով։ Իրականացվում են և նախատեսում ենք իրականացնել զբաղվածության տարբեր ծրագրեր միջազգային գործընկերների հետ»,-ավելացրել է Սարգսյանը՝ համոզմունք հայտնելով, որ աշխատանք փնտրելու դեպքում, վստահաբար,այն կարող է գտնել, քանի որ տարբեր ոլորտներում առկա է մոտ 5000 թափուր աշխատատեղ, որոնց մասին հնարավոր է տեղեկություն ստանալ այցելելով Միասնական սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոններ կամ համապատասխան էլեկտրոնային հարթակի միջոցով։

 

Ի՞նչ ընթացակարգերով են նշանակվելու երեխայի ծննդյան և մայրության նպաստները ԼՂ-ից բռնի տեղահանվածներին․պարզաբանում

ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Զարուհի Մանուչարյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց երեխայի ծննդյան կապակցությամբ միանվագ և մայրության նպաստ նշանակելու ընթացակարգերն ու դիմումների ընդունման ժամանակացույցը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դեկտեմբերի 8-ին «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ճեպազրույցի ժամանակ Զարուհի Մանուչարյանը տեղեկացրել է, որ Հայաստանի Հանրապետությունում երեխայի ծննդյան միանվագ նպաստի նշանակման համար ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ ունեցող փախստականը կարող է դիմել, եթե ծնողը և երեխան ՀՀ բնակչության պետական ռեգիստրում հաշվառված են ՀՀ բնակության վայրի հասցեով և Լեռնային Ղարաբաղում այդ նպաստը չի նշանակվել։

«Դիմումների ներկայացման ընթացակարգը կներկայացվի առաջիկայում։ Երկուշաբթի օրվանից մեր հայրենակիցներն  արդեն կկարողանան ներկայացնել դիմումները, որոնք կընդունվեն նույն սկզբունքներով, ինչպես և աջակցության ծրագրերի դեպքում, այսինքն՝ ելակետը, հիմնական հարթակը լինելու է Միասնական սոցիալական ծառայության կայքէջը»,-պարզաբանել է Մանուչարյանը՝ հայտնելով, որ նպաստի նշանակման համար դիմումները կընդունվեն ընթացիկ տարվա դեկտեմբերի 11-ից։

Անդրադառնալով մայրության նպաստին, նա իրազեկել է, որ ՀՀ-ում մայրության նպաստի նշանակման համար անձը կարող է դիմել, եթե բնակչության պետական ռեգիստրում հաշվառված է ՀՀ բնակության վայրի հասցեով և ԼՂ-ում նրան այդ նպաստը չի նշանակվել։

Մանուչարյանի խոսքով՝ եթե անձը չի աշխատում և ԼՂ-ից բռնի տեղահանվել է հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի՝ 140 օրվա կամ երեխայի ծննդյան օրվանից հետո 70 օրվա ընթացքում, ապա մայրության նպաստ նշանակելու կարող է դիմել 2023 թվականի դեկտեմբերի 11-ից հետո 140 օրվա ընթացքում։ Այդ ժամկետից հետո դիմելու դեպքում մայրության նպաստ չի նշանակվելու։ Սահմանված ժամկետում դիմումը պետք է ներկայացնել Միասնական սոցիալական ծառայություն։ Անհրաժեշտ է լինելու կցել ՀՀ կամ ԼՂ համապատասխան բժշկական կազմակերպության կողմից տրված ժամանակավոր անաշխատունակության թերթիկը, իսկ դրա բացակայության դեպքում երեխայի ծննդյան վկայականը։

Աշխատող մայրերին ընդհանուր կարգով նշանակելու, հաշվարկելու և վճարելու է գործատուն։

Սերժ Թանկյանը, Սեզար Գուեկյանը և Թոնի Այոմին հայտարարել են նոր բարեգործական նախագծի մասին. Հավաքված ողջ հասույթը կկրկնապատկի «Կորպորասիոն Ամերիկա» հիմնադրամը

«Gibson Brands» ընկերությունը հայտարարել է «Gibson Band» նախագծի մեկնարկի մասին: «Gibson Band»-ը թողարկել է իր առաջին երգը՝ «Deconstruction», որի համահեղինակներն են «System of a Down» խմբի հիմնադիր Սերժ Թանկյանը, «Gibson Brands» ընկերության գործադիր տնօրեն Սեզար Գուեկյանը և «Black Sabbath» խմբի կիթառահար Թոնի Այոմին (երգը ներբեռնելու համար հետևեք հղմանը՝ https://gibsonrecords.ffm.to/deconstruction):

«Gibson Records»-ը, Սեզար Գուեկյանը, Սերժ Թանկյանը և Թոնի Այոմին «Deconstruction» երգի վաճառքից գոյացած ողջ հասույթը, ինչպես նաև՝ «Gibson Gives»-ի միջոցով Սերժ Թանկյանի կտավի և եզակի «Les Paul» կիթառի աճուրդից հավաքված միջոցները նվիրաբերելու են «Հայաստան» հիմնադրամի` Արցախի փախստականներին ուղղված նախաձեռնությանը: «Հայաստան» հիմնադրամը մարդասիրական օգնություն է տրամադրում Հայաստանի բնակչությանը և ամբողջ աշխարհի հայ համայնքներին կենսական ենթակառուցվածքային նախագծերի, կրթական, մշակութային, առողջապահական և աղետների հետևանքով օգնության ծրագրերի մշակման, ինչպես նաև` ուղղակի օգնություն ընտանիքներին և անհատներին (մանրամասների համար՝ https://www.armeniafund.org/

Էռնեկյան ընտանիքն ի դեմս Corporación America հիմնադրամի կկրկնապատկի հավաքված ողջ հասույթը և բոլոր միջոցները կուղղվեն նախաձեռնությանը: Սերժ Թանկյանը նաև կայացած նկարիչ է: «Deconstruction» երգի շապիկի գեղարվեստական աշխատանքը հիմնված է Սերժ Թանկյանի «Մեր լեռները» յուրօրինակ արվեստի գործի վրա, որը հեղինակը նկարել է հատուկ այս նախագծի համար: Թանկյանի օրիգինալ «Մեր լեռները» կտավը, ինչպես նաև` եզակի «Gibson Les Paul Standard»-ը (դեկտեմբերի 8-18, ավարտը՝ 11:00 PST) կլինեն բացառիկ համաշխարհային աճուրդի մի մասը (աճուրդին մասնակցելու համար հետևեք հղմանը՝  https://www.julienslive.com/auctions/catalog/id/515):

«Մենք շատ երկար ենք աշխատել այս նախագծի վրա։ Ես և Սերժը, երկուսս էլ սփյուռքահայ ենք, ուստի անմիջապես որոշեցինք, որ ցանկանում ենք «Deconstruction»-ը նվիրվի հայ համայնքին։ Հուսով եմ, բոլորը կսիրեն «Deconstruction»-ն այնքան, որքան մենք սիրեցինք այն ստեղծելիս»,- Սեզար Գուեկյան:

«Ուրախ եմ, որ օգտագործում ենք մեր հարթակը, որպեսզի նվիրաբերենք երաժշտությունը, իմ արվեստը և Գիբսոնի աներևակայելի եզակի կիթառը նման մեծ բարեգործության համար: Ճիշտ մտադրություններով երաժշտությունը կարող է ոգեշնչել և նաև դրական փոփոխություններ ստեղծել»,- Սերժ Թանկյան:

«Հայ ժողովուրդն իմ կողմից սիրված ժողովուրդ է և դա մեծ հաճույք է, մեծ գործ, և ես շատ ուրախ եմ դրանում ներգրավվելու համար»,- ասել է Թոնի Այոմի: «Մենք ուրախ ենք «Gibson Records»-ի հետ միասին մասնակցել այս նախաձեռնությանը», – նշում է «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերության գործադիր տնօրեն Մարտին Էռնեկյանը:

«Մենք հավատարիմ ենք մեր համայնքներում դրական փոփոխություններ խթանելուն և խոստանում ենք նվիրատվություն կատարել «Հայաստան» հիմնադրամին, որը կկրկնապատկի Սերժի նկարի և «Gibson Les Paul» կիթառի աճուրդից գոյացած միջոցները: Գիբսոնի հետ այս համագործակցությունը բացառիկ հնարավորություն է մեզ համար առաջ մղելու մեր ռազմավարական նպատակը՝ նշանակալից ազդեցություն ունենալ Հայաստանում»:

Forrights. «Մարդկային կորուստն էր մեծ․ ամուսինս է զոհվել, եղբայրս, հորեղբորս տղան, քրոջս ամուսինը…»

Forrights

«Տունը, տեղը դեռ ոչինչ: Մարդկային կորուստն էր մեծ: Ամուսինս է զոհվել, եղբայրս է զոհվել, հորեղբորս տղան է զոհվել, քրոջս ամուսինը պայթյունից է մահացել, տեգրն էլ` 15 տարեկան նույնպես մահացել է…»,- պատմում է Արցախի Ասկերանի շրջանի Սարուշեն գյուղից տեղահանված 30-ամյա կինը:

Կարինեի ամուսինը  Արցախի Փրկարար ծառայության աշխատակից Վալերի Գասպարյանն է, ով սպանվել է հենց դիրքերում: Նա երեք անչափահաս երեխաների հայր էր, մասնակցել էր և՛ 4-օրյա, և՛ 44-օրյա պատերազմներին:

«Ամուսինս զոհվել է 19-ին, երբ պատերազվը սկսվեց, իջավ դիրքեր ու կապը կորավ: Ոչ մի կապ չկար, հնարավոր չէր պարզել, թե ինչ է կատարվում, ամուսինս որտեղ է, ինչ վիճակում է: Մենք անտառներով փախել գնացել էինք այլ գյուղ, 10 կմ կանանցով, երեխաներով անցել էինք, մինչեւ գիշերվա ժամը երեքը մնացինք այդտեղ, հետո մեզ տեղափոխեցին ռուսների մոտ: Հետո երբ մեր գյուղապետը գնաց, զանգեցի նրան, հարցրի թե ինչ լուր կա ամուսնուցս, ասեց` չենք կարողացել կապվել: Երկու օրից զանգեցին, ասեցին որ Կարմիր խաչը ռուսների հետ պետք է գնա մեր գյուղ` դիեր հանելու: Զանգեցին, ասացին` դե ինչ ասեմ, բերում են… մահացած է»,- պատմում է կինը:

Նրա խոսքով, ավելի ուշ իրեն փոխանցել են, որ դեպքը եղել է այն ժամանակ, երբ Վալերին փորձել է օգնել ընկերոջը. «Ընկերը գոռացել է` օգնեք, օգնեք, ինքը իջել է, որ ընկերոջը փրկի, իրան խփել են: Ընկերն էլ է մահացել, ինքն էլ` կրծքավանդակի հրազենային վնասվածքից»։

Զոհված փրկարարի կինը պատմում է, որ նախ խոսակցություն էր գնում, թե ամուսնու դին պետք է Արցախում թողնեն, սակայն ավելի ուշ ասել են` կարող է տեղափոխվել Հայաստան.

«Մի պահ ասացին, որ պետք է Արցախում հուղարկավորենք, չենք կարող մեզ հետ բերել, հետո ասացին, որ արդեն տարբերակ կա, որ կարող ենք տեղափոխել Երեւան` Եռաբլուր: Ես էլ համաձայնեցի, հիմա ամուսինս Եռաբլուրում է»:

Կարինեն այժմ ապրում է Արագածոտնի մարզի Օշական գյուղում` ընտանիքի 9 կին անդամների ու երեխաների հետ: Ասում է` երեխաները գիտեն, թե ինչ է տեղի ունեցել իրենց հոր հետ. «Փոքր երեխաս 8 տարեկան է, մեծս 12, միջնեկս 10»:

Վալերիի մայրը եւս այստեղ է ապրում: Կինը խոսել չի սիրում: Պատշգամբում, մտքերով ընկած, ժենգյալով հաց է թխում:

Անի Գևորգյան

Մոսկվան ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը

Մոսկվան գոհունակությամբ է ընդունել Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմի և Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի համատեղ հայտարարությունը, որը հաստատում է հարաբերությունները կարգավորելու և երկու երկրների միջև խաղաղության պայմանագիր կնքելու փոխադարձ մտադրությունը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան։

«Մենք ողջունում ենք Բաքվի և Երևանի միջև պայմանավորվածությունը հայ և ադրբեջանցի զինծառայողների ազատ արձակման վերաբերյալ։ Ռուսաստանը հետևողականորեն առաջ էր մղում պահվող անձանց փոխանակելու գաղափարը՝ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով։ Սա նպաստում է վստահության փոխադարձ ամրապնդմանը և նոր հնարավորություններ է բացում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի խթանման համար՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ 2020-2022 թվականների համապարփակ եռակողմ համաձայնագրերին համահունչ։ Մենք պատրաստ ենք շարունակել հնարավոր աջակցությունը ցուցաբերել տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման, սահմանի սահմանազատման, խաղաղության պայմանագրի կնքման և քաղաքացիական հասարակության գծով շփումների հարցում», – գրված է հայտարարությունում։

Ըստ ՌԴ ԱԳՆ-ի՝ Մոսկվան նաև ողջունում է Երևանի որոշումը՝ որպես բարի կամքի ժեստ հօգուտ Ադրբեջանի հրաժարվելու իր երկրի թեկնածությունից՝ 2024 թվականի նոյեմբերին ընդունելու ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի Մասնակիցների կոնֆերանսի 29-րդ նստաշրջանը, ինչպես նաև Բաքվի կողմից ՄԱԿ-ի «COP»-ի բյուրոյին անդամակցելու համար Հայաստանի թեկնածությանն աջակցությունը։

«Ռուսական կողմը (ՌԴ նախագահի կլիմայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Ռ.Ս.-Խ. Էդելգերիևը) շփումներ է ունեցել Բաքվի և Երևանի հետ՝ նպատակ ունենալով հասնել ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի շուրջ ընդհանուր համաձայնության», – նշված է հայտարարությունում։

Բոլոր փաստաթղթերը հօգուտ Հայաստանի են, առ այն, որ Արցախը մշտապես Հայաստանի կազմի մեջ է եղել

Step1.am-ի զրուցակիցն է արցախցի փաստաբան Ռաֆայել Մարտիրոսյանը։

Պարոն Մարտիրոսյան, արցախցիների գույքի գույքագրման ուղղությամբ ի՞նչ աշխատանք պետք է տարվի եւ ի՞նչ իրավական հնարավորություններ կան։ Ես նկատի ունեմ եւ անհատների գույքը, եւ կոլեկտիվ։

-Կարծում եմ, որ այդ հարցով Հայաստանի Հանրապետությունը պետք է դիմի միջազգային դատարան։ Արցախը միջազգային իրավունքի սուբյեկտ չէ, չի կարող միջազգային դատական ատյաններում իր իրավունքները պաշտպանել։ Այդպիսի իրավունքով օժտված է Հայաստանը եւ Հայաստանը պետք է հայց ներկայացնի Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ քննարկման առարկա դարձնելու գույքի փոխհատուցման հարցը։ Եվ ոչ միայն այդ հարցը։ Ակնհայտ է, որ Արցախում տեղի է ունեցել ցեղասպանություն, եւ պետք է հասնել նրան, որպեսզի քրեական պատասխանատվության ենթարկվեն Ադրբեջանի այն պաշտոնատար անձինք, ովքեր Արցախի Հանրապետությունում ցեղասպանական գործողություններ են իրականացրել։

Բայց կարծես թե այս հարցը դիտավորյալ հետին պլան է մղվում, ինչո՞ւ։

-Ես կարծում եմ, որ անհրաժեշտ ջանքեր չեն գործադրվում այդ ուղղությամբ։ Հստակ տեղեկություններ չունեմ, այդ հարցը կարող է նաեւ գաղտնի ռեժիմ ունենալ։ Բայց ցանկալի է, որ այդ ուղղությամբ շատ արագ տեմպերով աշխատանք տարվի։ Տեղի է ունեցել ցեղասպանություն, որը զուգորդված է եղել մարդկայնության դեմ ուղղված հանցագործություններով։ Մարդկայնության դեմ ուղղված հանցագործությունների հիմքում ընկած են մի քանի պարամետրեր, որոնց թվում նաեւ ռազմական հանցագործություններն են։

-Հնարավորություններ տեսնո՞ւմ եք, որ միջազգային դատական ատյաններում կարող են պատիժներ սահմանվել Արցախում տեղի ունեցած այս հանցագործությունների դեպքերով։

-Իհարկե, դա ակնհայտ է, որեւէ կասկած չկա, որ ցեղասպանություն է իրականացվել արցախցիների նկատմամբ։ Ընդհանրապես կասկածելի որեւէ բան չկա, ընդհակառակը, բոլոր հիմքերը կան՝ Ադրբեջանին քրեական պատասխանատվության ենթարկելու համար։ Թե ի՞նչ են մտածում Արցախի իշխանությունները, ինչո՞ւ չեն միջնորդում Հայաստանի իշխանություններին, որպեսզի այդ գործընթացն իրականացվի, չգիտեմ, չեմ կարողանում պատասխանել այդ հարցին։

-Արցախացիների վերադարձի հարցն ինչպե՞ս պետք է լուծվի։

-Փախստականների կարգավիճակի վերաբերյալ կոնվենցիա գոյություն ունի, Հայաստանի Հանրապետության «Փախստականների և ապաստանի մասին» օրենքը հիմնված է հենց այս կոնվենցիոն դրույթների վրա, որտեղ կա նաեւ վերադարձելիության սկզբունք։ Իսկ այդ վերադարձելիության սկզբունքը տվյալ տարածքից բռնի տեղահանվածներին է վերաբերում։ Հիմա հարց է առաջացնում՝ արդյոք Արցախի իշխանությունների կողմի՞ց են էթնիկական ու քաղաքական հետապնդումներ իրականացվել, որպեսզի վերադարձելիության սկզբունքի հիմքն առաջանա։ Այնտեղ նորմի մեջ որոշակի հարցեր կան, որոնք ենթակա են կարգավորման, որպեսզի արցախցիների վերադարձելիությունը համապատասխանեցվի 1951 թվականի Փախստականների կարգավիճակի վերաբերյալ կոնվենցիայի դրույթների պահանջներին։

Ես կարծում եմ, որ Ադրբեջանի համար ցանկալի կլինի ինչ-որ թվաքանակով արցախցիների վերադարձ, բայց մեզ դա ձեռնտու չէ։ Մեզ համար ձեռնտու է բոլոր արցախցների վերադարձի ապահովումը, ընդ որում, այդ վերադարձի ընթացակարգը պետք է զուգորդված լինի միջազգային խաղաղարար ուժերի կողմից իրավունքի պաշտպանության միջոցով։ Այլ ճանապարհ ես չեմ տեսնում, որովհետեւ նախորդող ժամանակահատվածը վկայում է Ադրբեջանի կողմից ցեղասպանական ակնհայտ գործողություններ կատարելու մասին։

Եթե Հայաստանի իշխանությունը հայտարարում է, որ Արցախը ճանաչում է Ադրբեջանի կազմում, իրավական հիմք չունեցող այս հայտարարությունն ի՞նչ նշանակություն ունի։

-Ինձ համար անընդունելի են նմանատիպ հայտարարությունները, քանի որ չկա որեւէ իրավական փաստաթուղթ, որի վրա հիմնվելով՝ կարող են հայտարարել, որ Արցախն Ադրբեջանի կազմում է գտնվում։ Այդպիսի փաստաթուղթ գոյություն չունի, ոչ Ալմա-Աթայի հռչակագրում կա նման կետ, ոչ էլ այլ իրավական փաստաթղթում։ Ընդհակառակը, բոլոր փաստաթղթերը հօգուտ Հայաստանի են, առ այն, որ Արցախը մշտապես Հայաստանի կազմի մեջ է եղել։ Ընդ որում, պետք է հիմնվենք այն փաստի վրա, որ Արցախը հայտնվել է խորհրդային Ադրբեջանի կազմում այն ժամանակ, երբ Ռուսաստանն ու Ադրբեջանը միջազգային իրավունքի սուբյեկտներ չեն հանդիսացել։ Իսկ քանի դեռ նրանք միջազգային իրավունքի սուբյեկտներ չեն, նրանց կողմից կնքված փաստաթղթերն իրավական ուժ չունեն՝ հակասելով միջազգային իրավունքի նորմերի պահանջներին։

-Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի հրամանագիրը, որում նշվում է, որ հուվարի 1-ից Արցախի Հանրապետությունը պետք է լուծարվի, եւս չունի իրավական ուժ։ Այս իրավիճակում ի՞նչ պետք է անել։

– Նորմատիվ իրավական ակտերի մասին օրենքի համաձայն՝ իրավական փաստաթուղթն ուժի մեջ է մտնում այն բանից հետո, երբ դա պաշտոնապես հրապարակվում է։ Այսինքն՝ մենք գործ ունենք մի այնպիսի նորմատիվ իրավական ակտի գոյության հետ, որ ինքնին օրենքի ուժով առ ոչինչ է, քանի որ այն չի հրապարակվել պաշտոնապես։ Երկրորդ, նախագահի հրամանագիրը չի կարող իրավաչափ համարվել, քանի որ Արցախի Հանրապետությունը ստեղծվել է Սահմանադրության վրա, եւ միայն Սահմանադրությամբ կարող է լուծարվել Արցախի Հանրապետությունը։ Հետեւաբար, անկախ նրանից, թե որքանով են անիրավաչափ նրանց գործողությունները, ես գտնում եմ, որ դա պետք է Սահմանադրական դատարանի քննության առարկա դառնա։ Տվյալ դեպքում պետք է Արցախի Գերագույն դատարանի քննության առարկա դառնա։ Գերագույն դատարանի որոշումն իրավական տեսանկյունից ավելի մեծ նշանակություն ու արժեք ունի, քան ինքնին այդ փաստաթուղթը առ ոչինչ ճանաչելը, որովեհետեւ Ադրբեջանը կարող է դա չճանաչել։

Այսինքն՝ Գերագույն դատարանը պետք է իր որոշմա՞մբ ամրագրի, որ առ ոչինչ է այս հրամանագիրը։

-Միանշանակ այո։ Եվ նույնիսկ զարմանալի է, որ մեր Ազգային ժողովի պատգամավորներն այդ ուղղությամբ ոչինչ չեն ձեռնարկում փաստորեն։ Նրանք այսօրվա դրությամբ զբաղված են Արցախի ապագայի կործանմամբ՝ չկատարելով անհրաժեշտ գործողություններ։

Արցախի և Աբովյանի երեխաների զարգացման կենտրոն

Աբովյան քաղաքում արցախցի մի ընտանիքի ջանքերով բացվել է «Բևեռային արջ» մանկական զարգացման կենտրոնը։ Մի քանի երեխա արդեն գալիս է այստեղ, բայց կենտրոնը պատրաստ է ընդունել մի քանի տասնյակ։ Երեխաների հետ աշխատելու ողջ անձնակազմը համալրված է, ձեռք է բերվել կենտրոնի համար անհրաժեշտ կահույք և պարագաներ։ Վճարը շատ ավելի ցածր է, քան մյուս մասնավոր մանկապարտեզներում։

Կենտրոնի հիմնադիրը Ստեփանակերտի բնակիչ Արեն Սարգսյանն է։ Նրա խոսքով, բռնի տեղահանումից հետո իրենք ընտանիքով հաստատվել են Աբովյանում։ Մենք որոշեցինք պարապ չնստել, սկսել մի բան, որը օգտակար կլինի հասարակության համար եւ հետաքրքիր կլինի ընտանիքի համար։

«Մեր ընտանիքում մանկավարժներ կան, որոնք երկար տարիներ աշխատել են մանկապարտեզում, ուստի երկար մտածելու կարիք չկար. որոշեցինք ստեղծել երեխաների զարգացման կենտրոն: Մենք հավաքեցինք միջոցների մի մասը, իսկ մյուս մասը ներդրեցինք մեր ուժերով և հիմնեցինք զարգացման այս կենտրոնը։ Կենտրոնը պատրաստ է ընդունելու ոչ միայն արցախցի, այլեւ աբովյանցի երեխաներին։ Յուրաքանչյուր երեխա կստանա անհատական ​​մոտեցում՝ մշակութային և խաղային հարուստ ծրագրով։ Սննդային առումով՝ միայն էկոլոգիապես մաքուր արտադրանք»։

Ալվարդ Գրիգորյան

2024-ի սեպտեմբերից Հայաստանում առցանց տաքսիների համար տուրքեր կսահմանվեն

2024 թվականի սեպտեմբերից Հայաստանում կսահմանվեն տուրքեր առցանց տաքսիների համար։ Այս մասին Ազգային ժողովի նիստում «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու, իսկ հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթի երկրորդ և վերջնական ընթերցմամբ քննարկման ժամանակ` դեկտեմբերի 8-ին, հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանը։

Նրա խոսքով` էլեկտրոնային հարթակների միջոցով ուղեւորափոխադրումների կազմակերպման ոլորտը ներկայումս շատ լայն տարածում ունի։ Սակայն դա ոչ մի կերպ չի կարգավորվում կամ վերահսկվում։ «Նոր օրենսդրական նախաձեռնության շրջանակներում կկարգավորվի էլեկտրոնային հարթակների միջոցով տաքսիների պատվերներ ընդունող կամ վերաբաշխող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի գործունեությունը։ Այն կնշանակվի որպես ծանուցում պահանջող գործունեություն: Մասնավորապես, առաջարկվում է սահմանել տարեկան 1 մլն դրամ պետական ​​տուրք»,- ասաց Սիմոնյանը։

Բացի սրանից, առցանց պատվիրված յուրաքանչյուր տաքսի-փոխադրման համար առաջարկվում է գանձել վճար՝ անկանխիկ վճարման համար՝ 1,5% (2025 թվականից՝ 2,5%, 2026 թվականից՝ 4%)։ Կանխիկ վճարման դեպքում 2024 թվականի սեպտեմբերի 1-ից տուրքը կկազմի 2%, 2025 թվականից՝ 3,5%, իսկ 2026 թվականից՝ 5%։

Պահանջ կլինի նաև տաքսիներում ՀԴՄ-ներ ունենալ և էլեկտրոնային կտրոն տրամադրել։ Եթե ​​վերը նշված պահանջները չկատարվեն, կկիրառվեն վարչական տույժեր։ Այդ մասին հայտնում է news.am-ը։

Երեւան-Բաքու գործարք, բյուզանդական կայսրեր եւ Էրդողանի օսմանյան սահմանադրություն

Լևոն V հայի Բյուզանդիայի կայսր հռչակումը։ Կառավարել է 813-ից 820 թվականներին

Թուրքիան՝ սահմանադրական բարեփոխումների և «ինքնիշխան» սահմանների հաստատման նախօրեին փորձում է  լուծել խնդիրները հույների և հայերի հետ, որոնց հողերի վրա ստեղծվել է Օսմանյան կայսրությունը հունա-հայկական Բյուզանդիայի գրավումից հետո, և միայն հույներն ու հայերը կարող են խանգարել Էրդողանին իրեն նոր օսմանյան սուլթան հռչակել։

Երեկ Էրդողանը 6 առճակատման տարիների ընթացքում առաջին անգամ այցելեց Աթենք, որտեղ բավականին բարեկամաբար խոսեց Կիպրոսի խնդրի մասին և մի շարք պայմանագրեր կնքեց Հունաստանի հետ։

Զուգահեռաբար՝ Ալիևի, ԱՄՆ-ի, ԵՄ-ի միջոցով, Էրդողանը փորձում է փաստագրել հայերի հրաժարումը իրենց պատմական տարածքների հանդեպ օրինական պահանջներից, այդ թվում՝ Արցախի նկատմամբ, որը դարեր շարունակ եղել է հայկական պետականության ամրոցը։ Եվ պատահական չէ, որ Էրդողանի այցը Աթենք համընկավ Երևան-Բաքու աննախադեպ գործարքի հետ, որն անմիջապես ողջունվեց Թուրքիայի, ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից։ ԱՄՆ-ն և ԵՄ-ն չեն թաքցնում, որ հետաքրքրված են տարածաշրջանում Ռուսաստանին Թուրքիայով «փոխարինելու» հարցում։

Ռուսաստանը նույնպես դեմ չէ դրան և, ի նշան հավանության, վերացրել է Վերին Լարսով հայկական բեռնատարների անցման սահմանափակումները։ Ֆրանսիան առայժմ լռում է։

Այս բոլոր իրադարձությունները տարօրինակ կերպով տեղի ունեցան ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Օ՛Բրայենի Բաքու այցից և պետքարտուղարի հատուկ ներկայացուցիչ Լուի Բոնոյի Երևան կատարած այցից հետո։ Բրայանի հետ հանդիպումից հետո Ալիևն անսպասելիորեն արտահերթ նախագահական ընտրություններ է նշանակել 2024 թվականի փետրվարի 7-ին։ Մինչ այս Ալիևը պահանջել է «Հայաստանից մոռանալ ԼՂՀ-ի հետ պատմությունը» և անցնել սահմանազատման՝ ասելով, որ պարտադիր չէ հաշտության պայմանագիր կնքել, գլխավորը ռեւանշից հրաժարվելու երաշխիքներ տալն է։ Ալեն Սիմոնյանը բարձր մակարդակով տվել է բոլոր անհրաժեշտ հավաստիացումները՝ հերթական անգամ հրաժարվելով Արցախից և հայկական մնացած հողերից։ Այնուհետև Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի վարչակազմերը ստորագրեցին այս տարիների ընթացքում առաջին համաձայնագիրը՝ հայտարարելով «խաղաղության պայմանագիր» ստորագրելու մտադրության մասին։ Բաքուն ազատ է արձակել գերեվարված 32 հայերի, իսկ Երևանն՝ երկու ադրբեջանական դիվերսանտների և մարդասպանների, ինչը կոչվում է «վստահության միջոցներ»։

Կիպրոսի խնդրի հիմնարար լուծումից Հունաստանի հրաժարումը և Ռուսաստանի հետ դարավոր գործարքի արդյունքում Թուրքիային զիջված Արցախից, Նախիջևանից, Կարսից և այլ հողերից Հայաստանի հրաժարումը թույլ կտա Էրդողանին ընդունել նոր սահմանադրություն՝ «ինքնիշխան» սահմաններով։ Մինչ այժմ Թուրքիայի սահմանները որոշվում են Կարսի 1921 թվականի և Լոզանի 1923 թվականի ուրիշների կողմից կնքած պայմանագրերով։ Ըստ այդ պայմանագրերի, Թուրքիան, օրինակ, իրավունք չունի տնօրինելու ցեղասպանության ենթարկված հայերի և հույների ունեցվածքը։

Սրանից հետո Էրդողանը կարող է իրեն հռչակել «հավերժ նախագահ», այլ կերպ ասած՝ սուլթան, իսկ Ալիևը կդառնա նրա նահանգապետը Կովկասում։ Երուսաղեմում հզորացող հրեական պետությունը նրանց կթագադրի, իսկ եթե Նեթանյահուն “չդիմանա”, ապա Էրդողանը նույնպես պատրաստ է դրան։

Նաիրա Հայրումյան

Արցախն անկախություն է հռչակել միայն ինքն իրեն պատկանող տարածքներում

Step1.am-ի զրուցակիցն է քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը։

Պարո՛ն Մանասյան, դուք ասում եք, որ Արցախը երբեք չի պատկանել Ադրբեջանին, որ նման իրավական հիմք չկա։ Հայաստանի իշխանությունները բանավոր հայտարարել են, որ Արցախը ճանաչում են Ադրբեջանի կազմում։ Եթե չկան իրավական հիմքեր, այս բանավոր հայտարարություններն ի՞նչ նշանակություն ունեն։

-Գլխավոր միտքն այն է, որ Լեռնային Ղարաբաղը միջազգային իրավունքով չի պատկանում ոչ մեկի, պատկանում է Արցախի ժողովրդին։ Պատմականորեն էլ Արցախի ժողովուրդն այնտեղ ունեցել է այդ իրավունքը։ Մենք անկախություն ենք ձեռք բերել երկու անգամ։ Անկախություն ենք հռչակել 1918 թվականին, երբ ցարական Ռուսաստանը փլվում էր, եւ ռուսական կայսրությունը չկար այլեւս։ Ռուսական կայսրությունը չկար, բոլշեւիկներն ու Ադրբեջանն էլ չկային, Արցախը դարձել է ինքնավար, դե ֆակտո անկախ կազմավորում՝ ոչ մեկին չպատկանող տարածքում։ Երկրորդ անգամ դա եղել է 1991 թվականին, երբ սովետն է փլուզվել։ Արդեն դեկտեմբերի 8-ին սովետը չկար, մենք դեկտեմբերի 10-ին հանրաքվեն անցկացրել ենք սովետին չպատկանող տարածքում։ Եվ քանի որ որեւէ հանրապետություն կայացած չէր, իմ խոսքն առաջին հերթին վերաբերում է Ադրբեջանին, որը դեռ պետություն չէր, հետեւաբար, մենք կայացել ենք ուրիշ ոչ մեկին չպատկանող տարածքներում՝ մեզ պատկանող տարածքներում։

-Հղում է արվում Ստալինի անօրինական որոշմանը, թե Արցախն իբր Ադրբեջանին է հանձնվել այդ որոշմամբ։

-Այդպիսի որոշում չի եղել, Կովկասյան բյուրոն այդպիսի իրավասություններ չի ունեցել։ Ընդ որում, այն ժամանակ չի եղել սովետը, եղել են Ռուսաստանը, Հայաստանը եւ Ադրբեջանը։ Ռուսաստանի Կոմունիստական կուսակցությունն է որոշել, դա անհեթեթ բան է իրավական իմաստով, ուղղակի բռնություն է եղել։ Մյուս կողմից, այդ հարցը չի դրվել քննարկման ու քվեարկության։ Այսինքն՝ ըստ էության չընդունված որոշում է։ 1991 թվականի օգոստոսի 30-ին մերօրյա Ադրբեջանը հռչակել է, որ վերականգնում է 1918-1920 թվականների ադրբեջանական դեմոկրատական հանրապետությունը, բայց այն հանգամանքը, որ նա վերականգնել է 1918-20 թվականների ադրբեջանական հանրապետությունը, որտեղ Արցախը չի եղել, դա էլ է մեզ թույլ տալիս ասել, որ մենք ինքնորոշվել ենք միայն մեզ պատկանող տարածքներում։ Ադրբեջանը մի կողմից վերականգնել է ադրբեջանական դեմոկրատական հանրապետությունը, որտեղ Արցախը չի եղել, մյուս կողմից ինքն անկախության հանրաքվե չէր արել։ Ադրբեջանն անկախության հանրաքվե անցկացրել է դեկտեմբերի 29-ին, երբ բանը բանից անցել էր։ Այսինքն՝ հետփաստային հանրաքվե է արել, որին էլ Արցախը չի մասնակցել։ Հետեւաբար, այդ հանրաքվեի տեսակետից եւս Արցախն իրեն չի պատկանում։ Արցախն անկախություն է հռչակել միայն ինքն իրեն պատկանող տարածքներում։

Արցախը հայկական պահելու, այդ իրավունքները վերականգնելու ի՞նչ հնարավորություն եք տեսնում դուք։

-Դա կախված է մեր պայքարից, ամեն մեկն իր գործը պետք անի։ Պետք է Արցախի մշակութային դիմագիծը պահել, Արցախի քաղաքական ինստիտուտները պետք է ամեն կերպ պահվեն, հասարակական կազմակերպությունները պետք է մնան եւ անընդհատ միջազգային կառույցներում Արցախի հարցը բարձրացնեն։ Արցախն ինքնուրույն անկախ պետականություն է եղել՝ միջազգային իրավունքի տեսակետից անբասիր կայացած, ոչ մեկին չպատկանող տարածքում կայացած։ Եվ ինքը պետք է իր այդ կեցվածքը պահի։ Մենք պետք է ասենք, որ դա մեր տարածքն է, որ Արցախի հայությունը եղել է կոտորածի վտանգի տակ, եւ մենք մեր ժողովրդին փրկել ենք։ Բայց այդ տարածքը մերն է պատմականորեն, մենք ունենք այնտեղ պատմական տիտղոս։

 

 

Ազատ արձակված 32 հայ զինվորների մասին մանրամասներ են հայտնի դարձել

32 զինծառայողները, որոնց Բաքուն կվերադարձնի Հայաստանին, գերեվարվել են 2020 թվականի դեկտեմբերին Հադրութի ուղղությամբ, մնացած 6-ը տարբեր ժամանակներում գերեվարված անձինք են, գրում են Բաքվի լրատվամիջոցները։

Նշվում է, որ վերադարձողների շարքում չեն Արցախի ղեկավարները, մասնավորապես՝ նախկին նախագահներ Արայիկ Հարությունյանը, Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ինչպես նաև Վագիֆ Խաչատրյանը և Ալյոշա Խոսրովյանը. նրանք կմնան կալանքի տակ:

Ադրբեջանը հրապարակել է այն անձանց անունները, որոնց պատրաստվում է ազատ արձակել:

Հադրութի ուղղության վրա գերեվարված 26 անձինք են․

1․ Ավագյան Հրաչ Արզումանի

2․ Սերբյան Գեղամ Սամվելի

3․ Հովհաննիսյան Հայկազ Կորյունի

4․ Թոսունյան Լևոն Աշոտի

5․ Բաղադսարյան Արթուր Էդուարդի

6․ Ստեփանյան Դավիթ Ստեփանի

7․ Հերաբյան Հրայր Հրաչի

8․ Միքայելյան Անդրանիկ Վազգենի

9․ Ավագյան Սերոբ Սուրենի

10․ Կոստանյան Նարեկ Աղայի

11․ Հարությունյան Վարազդատ Սերգեյի

12․ Մարտոյան Մանուկ

13․ Վարդանյան Արսեն Արայիկի

14․ Դիլանյան Արման Վազգենի

15․ Թադևոսյան Հրայր Վարդանի

16․ Բախրիկյան Վաչագան Էդիկի

17․ Արամյան Կարեն Արմենի

18․ Սուքիասյան Անդրանիկ Սրապի

19․ Մարտիրոսյան Գևորգ Սամվելի

20․ Կիրակոսյան Էդուարդ Արմենի

21․ Գևորգյան Ռոբերտ Հովիկի

22․ Եղիազարյան Սաասուն Սեյրանի

23․ Հակոբյան Վոլյա Գագիկի

24․ Ավագյան Տիգրան Մանիկի

25․ Սաղաթելյան Գրիգոր Սեյրանի

26․ Ավետիսյան Վաղարշակ Աշոտի

Տարբեր ժամանակներում գերեվարված 6 անձինք են

1․ Ռաֆայելյան Վլադիմիր Օթարի

2․ Սարգսյան Իշխան Աշոտի

3․ Հովակիմյան Հարություն Յուրիկի

4․ Ղազարյան Կարեն Աշոտի

5․ Ոսկանյան Գագիկ Աշոտի

6․ Էուլջեկջյան Վիգեն Աբրահամի

Հայաստանի վարչապետի աշխատակազմի և ազերբայդժանի նախագահի վարչակազմի համատեղ հայտարարությունը

Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը համակարծիք են, որ տարածաշրջանում վաղուց սպասված խաղաղության հասնելու պատմական հնարավորություն կա: Երկու պետությունները վերահաստատում են ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքների հարգման հիման վրա հարաբերությունները կարգավորելու և խաղաղության պայմանագրի կնքմանը հասնելու իրենց մտադրությունը:

Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմի միջև բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու պետությունների միջև վստահության կառուցման ուղղությամբ շոշափելի քայլեր ձեռնարկելու մասին:

Առաջնորդվելով մարդասիրության արժեքներով, և որպես բարի կամքի դրսևորում, Ադրբեջանի Հանրապետությունն ազատ է արձակում 32 հայ զինծառայողների:

Հայաստանի Հանրապետությունն իր հերթին, առաջնորդվելով մարդասիրության արժեքներով, և որպես բարի կամքի դրսևորում, ազատ է արձակում 2 ադրբեջանցի զինծառայողների:

Որպես բարի կամքի քայլ` Հայաստանի Հանրապետությունն իր աջակցությունն է հայտնում ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի Մասնակիցների կոնֆերանսի 29-րդ նստաշրջանը («COP29») հյուրընկալելու նպատակով Ադրբեջանի Հանրապետության ներկայացրած հայտին և հանում է իր թեկնածությունը: Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը հույս են հայտնում, որ Արևելյան Եվրոպայի խմբի մյուս պետությունները նույնպես կաջակցեն հյուրընկալելու նպատակով Ադրբեջանի Հանրապետության ներկայացրած հայտին: Որպես բարի կամքի քայլ` Ադրբեջանի Հանրապետությունն իր աջակցությունն է հայտնում Արևելյան Եվրոպայի խմբի «COP»-ի բյուրոյին անդամակցելու համար առաջադրված` Հայաստանի Հանրապետության թեկնածությանը:

Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը կշարունակեն իրենց քննարկումները վստահության կառուցման ավելի շատ միջոցառումների իրականացման վերաբերյալ՝ մոտ ապագայում կյանքի կոչելու համար, և կոչ են անում միջազգային հանրությանը`աջակցելու իրենց ջանքերին, որոնք կնպաստեն երկու պետությունների միջև փոխադարձ վստահության կառուցմանը և դրական ազդեցություն կունենան Հարավային Կովկասի ողջ տարածաշրջանի համար: