1989 թվականից Արցախն ու Հայաստանը միասնական իրավաքաղաքական տարածք են, իսկ արցախցիները՝ ՀՀ քաղաքացիներ են

Գագիկ Ավանեսյան, Արցախցինրի իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ

Վերջերս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՀՀ քաղաքացիություն չունեցող անձինք չեն կարող մասնակցել երկրի  քաղաքական կյանքին: Արդյո՞ք այս հայտարարությունը վերաբերում էր նաև Արցախի ժողովրդին:

Ես կտրականապես համաձայն չեմ այս հայտարարության հետ: Եվ չնայած այն ուղղակիորեն չէր վերաբերում Արցախի ժողովրդին, բայց հաշվի առնելով, որ քաղաքացիության հարցը դարձել է արցախցիների համար պարտադիր պահանջներից մեկը, այս հայտարարությունը տարակուսանք է առաջացնում:

Մենք՝ արցախցիներիս, ունենք բոլոր իրավունքները մասնակցելու Հայաստանի ապագայի որոշմանը, արտահայտելու մեր քաղաքացիական դիրքորոշումը և ակտիվորեն մասնակցելու այն հարցերի քննարկմանը, որոնք անմիջականորեն ազդում են Արցախից բռնի տեղահանված անձանց ճակատագրի վրա: Արցախցիների ճակատագիրը ուղղակիորեն կապված է ՀՀ-ի հետ, և, համապատասխանաբար, մենք իրավունք ունենք մասնակցելու երկրի քաղաքական և հասարակական գործընթացներին՝ իրավական հիմքերով:

Հիշեցնենք, որ ՀԽՍՀ Գերագույն խորհրդի 1989 թվականի դեկտեմբերի 1-ի որոշման համաձայն՝ Արցախը և Հայաստանը ճանաչվում են որպես միասնական քաղաքական-իրավական տարածք, իսկ Արցախի ժողովուրդը՝ Հայաստանի քաղաքացի։ Արցախցիներն ունեն այս որոշումից բխող բոլոր իրավունքները, այդ թվում՝ քաղաքացիության և պետական ​​քաղաքականությանը մասնակցելու իրավունքը։ Արցախի ժողովրդին քաղաքացիությունից և ընտրական իրավունքից զրկելը անընդունելի է թե՛ իրավական, թե՛ բարոյական տեսանկյունից։

Մենք, ինչպես բոլոր հայերը, ունենք ընդհանուր նպատակ՝ ուժեղ, արդար և անկախ Հայաստան, որտեղ յուրաքանչյուր քաղաքացի ունի հավասար իրավունքներ և հնարավորություններ։

Ալվարդ Գրիգորյան