Արցախցիների կողմից հաճախ տրվող հարցերի ՆԳՆ պատասխանները

Հարգելի՛ հայրենակիցեր,

ՀՀ ներքին գործերի նախարարությունը ներկայացրել է Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված քաղաքացիների կողմից հաճախ տրվող հարցերի պատասխանները.

  1. Որո՞նք են փախստական և քաղաքացի կարգավիճակների տարբերությունները:

Նշված երկու իրավական կարգավիճակները ենթադրում են իրավունքների և պարտականությունների տարբեր ծավալներ: Հաշվի առնելով, որ նշված կարգավիճակների մասով տրվող իրավունքների ծավալի մեջ առավել շատ են համընկնումները, մատնանշենք տարբերությունները և այլ առանձնահատկություններ, որոնք կօգնեն անձին որոշում կայացնել կարգավիճակի ընտրության հարցում:

– ՀՀ կառավարությունը 2023 թ. հոկտեմբերի 26-ի 1864-Ն որոշմամբ՝ ԼՂ բնակչությանը փախստականի կարգավիճակ տրամադրվել է մեկ տարի ժամկետով՝ երկարաձգման հնարավորությամբ,

– Փախստականի կարգավիճակ ունեցող անձը չունի զինապարտության պարտավորություն (Սահմանադրություն, հոդված 14),

– Փախստականի կարգավիճակ ունեցող անձը չունի գյուղատնտեսական նշանակության հողի սեփականության իրավունք (Փախստականների և ապաստանի մասին ՀՀ օրենք, հոդված 19, Հողային օրենսգիրք, հոդված 4),

– Փախստականի կարգավիճակ ունեցող անձը չունի համապետական ընտրություններին ընտրելու և ընտրվելու իրավունք,

– Փախստականի կարգավիճակ ունեցող անձը չունի հանրային պաշտոն զբաղեցնելու իրավունք, սակայն ունի համայնքային ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունք (Հանրային ծառայության մասին ՀՀ օրենք, հոդված 13, կետ 1),

– Փախստականի կարգավիճակը անձին այլ երկրներում օրինական հիմունքներով բնակվելու հնարավորություն ինքնաբերաբար չի ընձեռում: Այլ երկրում օրինական հիմունքներով բնակության համար անձը պետք է անցնի տվյալ երկրի վարչարարական գործընթացներով, որոնք ենթակա են հաստատման կամ մերժման տվյալ պետության կողմից:

  1. Անձնագրի ժամկետը լրանալու պարագայում ի՞նչ պետք է անի ՀՀ-ում ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականը:

Անձնագրի փոխանակման դիմում կարելի է ներկայացնել ցանկացած անձնագրային ծառայությունում՝ ներկայացնելով 2 լուսանկար և ժամկետանց անձնագիրը:

  1. Ինչու՞ Լեռնային Ղարաբաղի բնակիչներին նույնականացման քարտ չի տրամադրվում:

Լեռնային Ղարաբաղի այն բնակիչները, որոնք ունեն վավեր նույնականացման քարտ, կարող են օգտագործել փաստաթուղթը մինչև դրա ժամկետի ավարտը: Լեռնային Ղարաբաղի՝ ՀՀ քաղաքացիություն ստացած բնակիչները կարող են դիմել նույնականացման քարտ ձեռք բերելու համար՝ համաձայն նույնականացման քարտերի մասին ՀՀ օրենքի, հոդված 2:

  1. Արդյո՞ք ՀՀ քաղաքացի դառնալով՝ ԼՂ բնակիչը չի նմանվում բռնի չտեղահանված ՀՀ քաղաքացիներին և չի վտանգում, որպես փախստական, տարբեր սոցիալական աջակցության ծրագրերից օգտվելու հնարավորությունը, որ կարող են իրականացվել հետագայում:

Բռնի տեղահանության փաստը ՀՀ կառավարությունն արձանագրել է 2023 թ. հոկտեմբերի 26-ի 1864-Ն որոշմամբ, որով ժամանակավոր պաշտպանության է վերցրել ԼՂ բնակիչներին։ Տեղահանության հետևանքով արձանագրված իրավունքների խախտումները, այդ թվում՝ գույքային կորուստները, չեն անհետանում կամ դադարում գոյություն ունենալուց մարդու իրավական կարգավիճակի փոփոխության հետևանքով (առկա են նմանատիպ միջազգային նախադեպեր)։

Պետական աջակցության ծրագրերը, որոնք մշակվում են բռնի տեղահանված անձանց համար, սահմանում են չափորոշիչներ՝ շահառուների խումբը նկարագրելու համար: Չափորոշիչների թվում անձի՝ տեղահանված լինելու հանգամանքով է պայմանավորված տվյալ ծրագրի շահառու ճանաչվելու հնարավորությունը:

  1. Ի՞նչ է լինում այն անձի կարգավիճակը, որը չի ընտրել ո՛չ փախստականի կարգավիճակ, ո՛չ էլ ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմում է ներկայացրել։

ՀՀ Կառավարության 2023 թ. հոկտեմբերի 26-ի 1864-Ն որոշմամբ՝ ԼՂ բնակիչներին տրամադրվել է ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի կարգավիճակ: Հետևաբար, եթե անձը քաղաքացիություն ստանալու դիմում չի ներկայացրել և համապատասխանում է կառավարության որոշմամբ սահմանված 3 խմբերից մեկի նկարագրությանը, ապա նա արդեն իսկ ճանաչվել է փախստական:

Այսպիսով, ժամանակավոր պաշտպանության տակ են վերցվել՝

1) Լեռնային Ղարաբաղի բնակչության ռեգիստրի հաշվառումներով անցնող անձինք,

2) Հայաստանի Հանրապետության տարածքում կամ Հայաստանի Հանրապետությունից դուրս գտնվող այն անձինք, որոնց վերջին հաշվառման հասցեն եղել է Լեռնային Ղարաբաղում,

3) այն անձինք, որոնք չեն ունեցել հաշվառում Լեռնային Ղարաբաղի բնակչության ռեգիստրում, սակայն բնակվել են Լեռնային Ղարաբաղում և 2023 թ. սեպտեմբերի 19-ից Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով բռնի տեղահանվելուց հետո հաշվառվել են Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից,

– եթե չունեն որևէ այլ երկրի քաղաքացիություն։

  1. ՀՀ-ում հաշվառվելվու համար պարտադի՞ր է տանտիրոջ համաձայնությունը: Եթե տանտերը դեմ է, բայց անձը փաստացի բնակվում է տվյալ հասցեում, ինչպե՞ս հաշվառվել:

Հաշվառումն իրականացվում է ՀՀ բնակչության պետական ռեգիստրում ՀՀ կառավարության 14.07.2005 թ. թիվ 1231-Ն որոշմամբ սահմանված կարգով։

Մասնավորապես, Հայաստանի Հանրապետությունում հաշվառվելու համար անձը դիմում է ըստ բնակության վայրի անձնագրային ծառայություն՝ ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ, ինչպես նաև տվյալ բնակության վայրում բնակվելու իրավունքը հավաստող փաստաթղթեր:

Վերոհիշյալ փաստաթղթերը ներկայացնելու անհնարինության դեպքում հաշվառումն իրականացվում է ՀՀ ոստիկանության կողմից տրված փաստացի բնակվելը հավաստող փաստաթղթի հիման վրա (քանի դեռ բնակելի տարածության սեփականատիրոջ կողմից հաշվառման վերաբերյալ գրավոր առարկություն չի ստացվել):

Համաձայն ՀՀ կառավարության 2005 թ. հուլիսի 14-ի թիվ 1231-Ն որոշմամբ հաստատված հավելված 1-ի 20.1 կետի՝ հաշվառման վերաբերյալ ներկայացված դիմումում նշված հասցեում բնակվելու փաստը ստուգվում է ոստիկանության կողմից:

Այն դեպքերում, երբ նախապես հայտնի է բնակելի տարածության սեփականատիրոջ առարկությունն իր բնակելի տարածության հասցեում դիմումատուին հաշվառելու վերաբերյալ, կամ դիմումատուն բնակվում է (գտնվում է) բնակելի տարածություն չհանդիսացող տարածքում, ապա ռեգիստրում կատարվում է նշում փաստացի բնակվելու (գտնվելու) վայրի մասին:

ՀՀ ներքին գործերի նախարարություն

Forrights. «Արգելել են Արցախի դրոշը դնել որդուս դագաղի վրա, բոլորին է դա վերաբերվել, շոկային իրավիճակում էինք»

Forrights

«Մենք էլ երևի իրար չենք տեսնի, վիճակը շատ վատ է»,- սեպտեմբերի 13-ին է դիրքերում գտնվող որդին ասել արտերկրում գտնվող մորը, երբ հետաքրքրվել է՝ ի՞նչ բերեմ քեզ համար։

Հյուրասենյակի սեղանին դրված կտորի վրա Ադելինա Ավետիսյանը որդու պատկերով նկարազարդումն է ավարտում, այն պետք է ցուցադրվի «Կյանք՝ կյանքի դիմաց» հուշ-երեկոյի ընթացքում։  «Տիգրանն իր կյանքը տվել է հանուն մեր կյանքերի, որ մենք ապրենք, չստացվի այնպես, որ ասեն իմ որդին և մյուսները հանուն ոչնչի են զոհվել։ Իմ որդին արել է ամեն ինչ, որ այլ կյանքեր փրկվեն»,-որդու՝ Տիգրան Ավետիսյանի սխրագործությունների մասին խոսելիս ասում է մայրը։

Մինչ սեպտեմբերի 19-ի արցախյան պատերազմը Տիգրանը հաճախակի է խոսել ընտանիքի անդամների հետ։ Forrights.am-ի հետ զրույցում մայրն ասաց, որ որդին սեպտեմբերի 17-ի երեկոյան արդեն զգուշացրել է սպասվող պատերազմի մասին․ «Մամ, հանկարծ չվախենաս, մի բան լինելու է, երկու օրով պատերազմ է լինելու։ Պետք է մի բան լինի, որ այս մարդիկ կարողանան դուրս գան, փրկվեն»։

Տիգրան Ավետիսյանը 19 տարեկանում է որոշել անցնել պայմանագրային ծառայության, երբ լրացել է ժամկետային ծառայության մեկ տարին։ Բարդ փուլում է նման որոշում կայացրել, սակայն, հիմքում եղել են 44-օրյա պատերազմի մարտական ուղին։

Երկու ամսվա զինվոր է եղել, երբ սկսվել է պատերազմը, նա Ջրականում է ծառայել։ «Սեպտեմբերի 27-ից մինչև հոկտեմբերի 6-ը մենք բացարձակ տեղեկություն չենք ունեցել Տիգրանից։ Նա եղել է Գագիկ անունով հրամանատարի հետ։ Միայն վեցին զանգեց, պարզվեց շրջափակման մեջ են, հայրը հեռախոսով ուղղորդեց, դուրս բերեց Հադրութի դպրոց։ Տիգրանն այնտեղ հանդիպել է եղբորը, որից հետո հրամանատարի հետ այլ ուղղությամբ են գնացել, մարտերի մեջ են կրկին ընկել, հրամանատարը վիրավորվել է, Տիգրանը նրան դուրս է հանել, այդ ընթացքում ինքն էլ է վիրավորվել»,-պատմում է մայրը։

Չնայած պատերազմական իրավիճակում ստեղծված դժվարություններին Տիգրանն ուսապարկով տեղափոխել է Ջրականի մատուռի խաչքարը, 13 օր ուսապարկը եղել է Տիգրանի մեջքին։

«17-րդ դարի խաչքար է եղել, որը վերցրել է Ջրականի մատուռից։ Տիգրանը, որ վիրավորվել է ուսապարկը կորցրել է, հետո այն գտել են Արցախի ռազմական ոստիկանները, Տիգրանի հեռախոսն է մեջը եղել, այդպես կապ են հաստատել ամուսնուս հետ»։

Պատերազմի դաշտում մարմնական վնասվածքներ ստացած Տիգրանին տեղափոխում են Երևան։ Ապաքինվելուց հետո Տիգրանը կրկին վերադառնում է զինվորական ծառայության, չորս ամիս անց որոշում է անցնել պայմանագրային ծառայության։ «Ինքը 19 տարեկան էր, բայց մտածելակերպն այլ էր։ Ինքը շատ էր սիրում Արցախը»,-ասում է մայրը՝ նշելով, որ որդին դժվարին ուղի է անցել։

Որոշ ժամանակ անց Տիգրանի մոտ առողջական խնդիրներ են առաջանում՝ ոտքերի շրջանում։ «2022 թվականի նոյեմբերի 3-ին վիրահատություն կատարվեց, իր մոտ երրորդ-չորրորդ կարգի վարիկոզ էր և ասացին, որ պետք է զորացրվի, ծառայության հետ իր վիճակն անհամատեղելի է։ Տիգրանի մոտ խուճապ առաջացավ, ասաց, որ ինքը պետք է լինի իր դիրքերում»,-մայրն ասում է, որ որդին առաջարկել է նամակ գրել զինվորական հոսպիտալին, եթե այնտեղից հայտնեն, որ բանակին պիտանի չէ, չի գնա ծառայության։

2022 թվականի դեկտեմբերի 4-ին Երևանից մեկնել է Արցախ՝ դիրքերը պաշտպանելու։ «Այդ օրվանից մենք էլ իրար չտեսանք։ Մեկ շաբաթ հետո բլոկադան սկսվեց, չէր կարողանում գալ Երևան՝ նույնիսկ ստուգումների։ Դեղերն ուղարկում էինք, որ խմի, ես էլ չէի կարողանում Արցախ գնալ, ինձ մերժում էին տանել, քանի որ գործող գնդապետի կին եմ»։

Այս ամբողջ ընթացքում որդին ծնողների հետ շփվել է միայն հեռախոսակապի միջոցով։  Նա ծառայում էր Վանք գյուղի մոտակայքում գտնվող դիրքերում։

Սեպտեմբերի 16-ին Տիգրանը, երբ բարձրացել է դիրքեր տեղեկացել է, որ կողքի դիրքում վատառողջ զինվոր կա, քանի որ Հայաստանի զորքերը հանել են, փոխարինող չի եղել, որոշել է ինքը փոխարինել այդ զինվորին։ «Այդ օրը մեզ հետ էր խոսում, բարձրախոս էր միացված, հորն ասաց՝ պապ կուտակումներ կան, հարյուրից ավել մարդ կա իրենցից, ես իրենց տեսնում եմ։ Հայրն հարցրեց՝ ի՞նչ եք անելու, պատասխանեց՝ ես պատրաստ եմ․․․»։

Մոր և որդու վերջին զրույցը եղել է սեպտեմբերի 19-ին՝ մինչ կեսօր։ Տիգրանը զանգել է, կարճ խոսել են, որ հետո շարունակեն։

«Խանութից վերադառնում էի, տուն չէի մտել, ընկերուհիս զանգահարեց ու ասաց, որ Ստեփանակերտը ռմբակոծում են։ Զանգում էի ամուսնուս հարազատներին՝ բոլորն այնտեղ էին, ոչ ոք չէր պատասխանում։ Երկու-երեք օր տառապեցինք, մինչև կապերը վերականգնվեցին։  Տիգրանը 112-րդ դիրքում է եղել, դա ամենավտանգավոր դիրքերից մեկն է եղել։  Պարզվել է, որ Տիգրանը դիրքում միայնակ է մնացել, ոչ մեկը իրեն չի օգնել, կողքից վիրավոր է եղել։ Պարզել ենք, որ ինքը բղավել է՝ ո՞ւր եք փախչում, պատրոն տվեք»։

Տիգրանի դին գտել են դիրքում՝ միայնակ, շուրջբոլորը կրակված պատրոններ են եղել։ Նրան գտել են մի քանի օր անց՝ որոնողական աշխատանքների ժամանակ, մայրն ասում է՝ Տիգրանը ճանաչելի էր։ Տիգրանին տեղափոխել են Հայաստան և հուղարկավորել Եռաբլուր զինվորական պանթեոնում։ Ադելինա Ավետիսյանի փոխանցմամբ՝ տարօրինակ իրավիճակում են հայտնվել։

«Արգելել են Արցախի դրոշը դնել որդուս դագաղի վրա։ Բոլորին է դա վերաբերվել։ Այն ժամանակ շոկային, սարսափելի իրավիճակում էինք»,-ասաց մայրը։

Դիրքը չլքած և հանուն Արցախի զոհված Տիգրանի ծնողներին որևէ մեկը չի այցելել․ մայրն ասաց,որ ո՛չ ծառայակիցներն են եկել, ո՛չ պաշտպանական գերատեսչություններից, միայն հրամանատարներից մեկը փոխանցել է իր մոտ մնացած Տիգրանի իրերից մեկը։

Նարեկ Կիրակոսյան

Արցախցիները աջակցություն կստանան, եթե երկրից բացակայել են ոչ ավել, քան 10 օր

Կառավարությունը դեկտեմբերի 7-ի նիստում ընդունել է որոշում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը գումար հատկացնելու վերաբերյալ:

Որոշման շրջանակում նախատեսվում է ԼՂ-ից բռնի տեղահանված ավելի քան 100 000 քաղաքացիների 6 ամիս ժամկետով (2023 թ. հոկտեմբերից մինչև 2024 թ. մարտը ներառյալ) սոցիալական աջակցության տրամադրում՝ ամսական 40 000 դրամ՝ ժամանակավոր կացարանում բնակվելու և 10 000 դրամ՝ կոմունալ ծառայությունների ծախսերի կատարմանն օժանդակելու համար:

Որոշման շահառու հանդիսացող շուրջ 41 500 անձանց նոյեմբեր ամսվա սոցիալական աջակցության գումարը (40000+10000) տրամադրելու համար պետբյուջեից կհատկացվի 2,075,000,000 դրամ:

Մեկ այլ որոշմամբ էլ պետբյուջեից կհատկացվի 1,705,850,000 դրամ՝ ԼՂ-ից բռնի տեղահանված՝ շահառու հանդիսացող 37000 անձանց նոյեմբեր ամսվա սոցիալական աջակցության գումարը՝ 50 000 դրամ, տրամադրելու համար:

Գործադիրը փոփոխություններ է կատարել միանվագ դրամական սոցիալական աջակցության շահառու հանդիսացող անձանց առաջնային սպառողական ծախսերը հոգալու համար սոցիալական աջակցության տրամադրման կարգում:

Ըստ այդմ՝ առաջարկվում են կարգավորումներ, որոնք կբացառեն շահառուի՝ իրենից անկախ պատճառներով սոցիալական աջակցության գումարը չստանալը: Մասնավորապես առաջարկվում է, եթե աջակցություն ստանալու դիմումը մերժվում է տվյալները 100 000 դրամ միանվագ դրամական աջակցության միջոցառման շահառուների ցուցակում առկա չլինելու հիմքով, ապա 2023 թ. ընթացքում նոր դիմում ներկայացնելու և հաստատվելու դեպքում աջակցության գումարը շահառուին վճարել չստացած ամսվանից, իսկ եթե դիմումը մերժվել է ՀՀ-ից բացակայելու հիմքով և ներկայացվել է նոր դիմում, որը հաստատվել է, ապա ամսական դրամական աջակցությունը վճարել նաև նախորդ ամսվա համար՝ ՀՀ-ից 10 օրից պակաս բացակայելու դեպքում:

«Ամբողջ մարմինս բեկորներ են, ցավալի է, որ մեզ դավաճանել է մեր իսկ ղեկավարությունը, սակայն ես ոչնչի համար չեմ ափսոսում»

Արտեմ Մուսայելյանը 44-օրյա պատերազմի մասնակից է։ Ծնվել է 2002 թվականի փետրվարի 23-ին Արցախի Մարտունու շրջանի Սոս գյուղում։ Գյուղը գտնվում է Ամարասի վանքի մոտ, որտեղ 5-րդ դարի սկզբին մեծն Մեսրոպ Մաշտոցը հիմնել է հայկական առաջին դպրոցը։

Սա Արտյոմի ամենասիրած վայրերից մեկն է։ Նա ընկերների ու հարազատների հետ հաճախ էր լինում վանքում։

Ավարտել է գյուղական դպրոցը։ Այնուհետեւ զորակոչվել է Արցախի պաշտպանության բանակ։ 44-օրյա պատերազմի ժամանակ ժամկետային զինվորական էր։ Պատերազմի հենց առաջին օրերից նա նետվել է մարտի դաշտ՝ պատվով կատարելով իր մարտական ​​պարտքը։ 2020 թվականի հոկտեմբերի 18-ին նա ծանր վիրավորվել էր անօդաչու սարքի հարվածից։ Նրան բախտ է վիճակվել ողջ մնալ՝ շնորհիվ իր ընկերների, ովքեր նրան դուրս են բերել մարտադաշտից և ժամանակին տեղափոխել հիվանդանոց։

Դրան հաջորդեց բուժման և վերականգնման փուլը։ Կատարվել է 4 վիրահատություն։ Ռեաբիլիտացիա է անցել Ստեփանակերտի վերականգնողական կենտրոնում։ «Ես անչափ շնորհակալ եմ բոլոր բժիշկներին և բուժքույրերին իրենց անգնահատելի աշխատանքի և հարյուրավոր կյանքեր փրկելու համար: Հատուկ շնորհակալություն Ստեփանակերտի վերականգնողական կենտրոնի մասնագետների թիմին, նրանք իսկապես պրոֆեսիոնալներ են, նման մասնագետներ այս օրերին բավականին հազվադեպ են, և ես կցանկանայի, որ կենտրոնը շարունակի իր գործունեությունը Հայաստանում, որպեսզի ես և շատ ուրիշներ, ովքեր վերականգնողական կարիք ունեն, ստանայինք անհրաժեշտ բուժումը»,- ասում է Արտեմը։

Նա բոլորի հետ միասին 9 ամիս ապրել է շրջափակման մեջ՝ առանց սննդի, լույսի և գազի, որին հաջորդել են էթնիկ զտումները և դժոխային ճանապարհը։ «Ես կորցրել եմ ամեն ինչ՝ տուն, գույք։ Ամբողջ մարմինս բեկորների մեջ է, և ամենավիրավորականն այն է, որ մեզ դավաճանել է մեր իսկ ղեկավարությունը, սակայն ես ոչնչի համար չեմ ափսոսում։ Եթե ​​պետք լինի, ես պատրաստ եմ նորից զենք վերցնել ու պաշտպանել հայրենիքս»,- ասում է Արտեմը։

Նա մտածում է Ռուսաստան գնալու մասին, քանի որ չի կարողանում աշխատանք գտնել։ «Վարձավճարը շատ բարձր է, ես ի վիճակի չեմ վճարել, բայց եթե հանկարծ հնարավորություն լինի Արցախ վերադառնալու, անպայման կվերադառնամ»,- ասում է նա։

Արսեն Աղաջանյան

Ծաղիկներ անցյալ կյանքից. Ալվարդ Գրիգորյան

Մոտենում եմ պատին, հանում նկարը, կոտրում շրջանակն ու ապակու տակից հանում ասեղնագործությունը։ Դնում եմ ուսապարկիս մեջ։

«Քո նկարներդ վերցրու, ինչի՞դ է պետք այս ասեղնագործությունը»,- կշտամբում է մայրս։

«Ես դեռ կնկարեմ, բայց չգիտեմ՝ դու կասեղնագործե՞ս», – ասում եմ նրան։

Ի վերջո, այդպես էլ եղավ։ Մի քանի օր շարունակ Արցախից Հայաստան դժվարին ճանապարհորդություն միջանցքով։ Ցուրտ և անհանգստություն։ Ծնողներիս մոտ՝ բարձր շաքար, արյան ճնշում, սրտի հիվանդություններ և տեսողությունը մշտապես կորցնելու վտանգ:

Հայաստան ժամանելուն պես սկսվում են բժիշկները, հիվանդանոցները, մի քանի վիրահատություններ։

Հիվանդանոցներն ու կլինիկաների միջանցքները լեփ-լեցուն են արցախցիներով. բոլորն էլ առողջական լուրջ խնդիրներ ունեն։ Տարբեր տարիքի մարդիկ են։

Գալիս եմ տուն։ Նայում եմ մորս ասեղնագործությանը։ Ես աչքով տվի, ինչպես ասում են։ Այժմ նա գրեթե կույր է։ Սա նշանակում է, որ ասեղնագործություն չի անի:

Հիշում եմ այն ​​օրը, երբ մեզ ստիպեցին հեռանալ Ստեփանակերտից։

«Տեղահանություն է։ Հավաքեք իրերը, մենք գնում ենք, մեքենան սպասում է,- զանգեց եղբորորդիս: «Չեմ կարող, ես աշխատանքի եմ», գոռում եմ հեռախոսի մեջ: «Ոչինչ չգիտեմ, մայրդ ուղարկեց քո հետեւից, ես հիմա կգամ, գնանք քո իրերի հետեւից», – պատասխանում է եղբորորդիս և անջատում հեռախոսը:

2023 թվականի սեպտեմբերի վերջ։ Ռմբակոծությունները դադարեցվել են երկու օր առաջ։ Ստեփանակերտի օդանավակայանը լեցուն է շրջաններից բռնագաղթվածներով, Ստեփանակերտի հրապարակն ու դպրոցները՝ փախստականներով։ Ադրբեջանցիները մոտ են՝ նրանք արդեն Կրկժանում են։

Կառավարությունից հայտարարություններ, պարզաբանումներ չկան։ Եվ ընդհանրապես պարզ չէ, թե որտեղ են նրանք: Հրապարակում գտնվող մի քանի պատգամավորներ փորձում են հանգստացնել մարդկանց։ Պետական կառույցներից՝ միայն ոստիկանությունը, փրկարարները, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատողները և կառավարության միջին օղակը։ Սեպտեմբերի 20-ից ի վեր ուրիշ ոչ ոքի չեմ հանդիպել։

Վազում եմ տուն: Վերջերս ծնողներիս դուրս են գրվել հիվանդանոցից. բազմաթիվ վիրավորներ կային, ուստի խաղաղ բնակիչները դուրս են գրվել հիվանդանոցից և տուն ուղարկել՝ մահճակալներ ազատելու համար։ Պայմանավորվեցինք, որ քույրս տանի ընտանիքիս։ Իսկ եղբայրս վերցնում է ծնողներին։

Ես շփոթված կանգնած եմ բնակարանի մեջտեղում։ Ի՞նչ վերցնել: Փաստաթղթեր, իհարկե։ Ասում են՝ Հաքարիի կամրջի վրա ադրբեջանցիները սկանավորում են ամեն ինչ ու առգրավում այն ​​ամենը, ինչ կարող է տեղեկություն պարունակել։ Որոշված է՝ տեխնիկան չեմ վերցնում, իսկ եթե վերադառնանք, այնտեղ կլինի։

Բաճկոն, սվիտեր, մի երկու գիրք… Սպասեք, նկարներ։ Իմ նկարները պատերին են։ Ես դրանք նկարում էի սիրով, խնամում էի։ Հայացքս կանգ է առնում ձեռագործ աշխատանքների վրա՝ մորս ասեղնագործած ծաղիկներին։ Տարիներ առաջ նա ուժ ուներ, բոլորի համար վառ ծաղիկներ էր ասեղնագործում։ Բոլոր հարազատներիս տանը նրա գործերը կախված է եղել։ Բայց 2020-ի պատերազմը նրա մեջ ինչ-որ բան կոտրեց՝ նա ընդհանրապես չէր կարողանում վառ ծաղիկներ ընկալել: Եվ դադարեց ստեղծագործել:

«Վերցրո՛ւ քո նկարները, ինչի՞ն է պետք այս ասեղնագործությունը»… Բայց նրա բոլոր գործերից միայն այս ասեղնագործությունն է մնացել՝ որպես հիշեցում նրա անցած կյանքի մասին:

Ալվարդ Գրիգորյան

Ավերիչ երկրաշարժից 35 տարի անց առաջին անգամ անմեղ զոհերի հիշատակի պատարագը մատուցվեց Գյումրու Սբ Ամենափրկիչ եկեղեցում

Երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին նվիրված միջոցառումները Գյումրիում մեկնարկեցին պատարագով. դեկտեմբերի 7-ին թեմի բոլոր եկեղեցիներում մատուցվեց Սուրբ պատարագ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ 1988  թվականի ավերիչ երկրաշարժից 35  տարի անց, Գյումրիում, առաջին անգամ անմեղ զոհերի հիշատակի պատարագը մատուցվեց Սբ Ամենափրկիչ եկեղեցում`  ձեռամբ պատարագիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արսեն ավագ քահանա Սիմոնյանի։

Սբ Ամենափրկիչ եկեղեցու կառուցման պատմությունը սկսվում է 1858-1872 թվականներից։ Ալեքպոլցի վարպետները եկեղեցին կառուցել են Անիի Մայր Տաճարի ճարտարապետական նմանությամբ։ Ամենափրկիչը հայկական մանրանկարչությանն ու որմնանկարչությանը բնորոշ զարդանախշերով եկեղեցի էր մինչև խորհրդային տարիները։ Մինչև 1988-ի երկրաշարժը եկեղեցին ծառայել է որպես թանգարան, ապա ֆիլհարմոնիա։ 1988 թվականին ավերիչ երկրաշարժի հետևանքով  եկեղեցին մասամբ ավերվել էր:

Եկեղեցու վերականգնման աշխատանքները սկսվել էին նախ հանգանակություններով՝ 1998 թվականին, ապա շարունակվել «Ամենափրկիչ» հիմնադրամի միջոցներով:  Հաջորդող տարիներին եկեղեցու վերականգնման նպատակով պետբյուջեից հատկացվել է 70 մլն դրամ։ Դրանից հետո եկեղեցու վերակառուցումն ամբողջացնելու համար Գյումրիի նախկին քաղաքապետի  ընտանիքի բարերարությամբ իրականացվել են մնացած վերականգնողական աշխատանքները։

Ալիեւը հայտարարել է նախագահի արտահերթ ընտրություն․ նոր «մանդատ» վճռորոշ իրադարձություններից առաջ

Ալիևը ստորագրել է կարգադրություն ազերբայդժանում արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու մասին։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովին հանձնարարվել է ապահովել 2024 թվականի փետրվարի 7-ին նախագահի արտահերթ ընտրությունների նշանակումը և դրանց անցկացումը՝ ԱՀ Ընտրական օրենսգրքով սահմանված կարգով։

Նշենք, որ Ռուսաստանում 2024-ի մարտին նախատեսված է ՌԴ նախագահի ընտրություն։ Հայաստանում հաճախացել են խոսակցություններն ԱԺ արտահերթ ընտրությունների մասին։

Ալիեւն արդեն երկրորդ անգամ է գնում արտահերթ ընտրության, նախորդը 2020-ի սեպտեմբերի 27-ի ռազմական արշավից առաջ էր։ Նոր «մանդատը» Ալիեւին անհրաժեշտ է տարածաշրջանում վճռորոշ իրադարձություններից առաջ։ 

Աղվան Վարդանյանը՝ Փաշինյանի մասին․ այս մարդու բոլոր քայլերի պատճառը, հիմքը վախն է

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի՝ Արցախի վերաբերյալ երեկվա հայտարարությանը։

«Պարոն Սեյրան Օհանյանը, երբ երեկ հարց էր տալիս Արցախին մենակ թողնելու վերաբերյալ, այս մարդն ասաց հետեւյալը՝ նրանք, ովքեր ինձ մեղադրում են Արցախի հարցում անտարբերության մեջ, Արցախին մենակ թողնելու մեջ, մեկ բառ կարող եմ ասել՝ երախտամոռություն։ Սա եւս այս մարդու տեսակը, բնույթը ճշգրիտ բնորոշող բառ է՝ երախտամոռություն։ Այս մարդու ամենահիմնական հատկանիշներից մեկն է։ Արցախին մենակ է թողել, Արցախի հարցի վիճակն այսօր բոլորդ գիտեք»,- նշեց Աղվան Վարդանյանը։

Նա հիշեցրեց Փաշինյանի ավելի վաղ արված հայտարարությունները։ «Ասել էր՝ ես՝ որպես Արցախի անվտանգության երաշխավորը հանդիսացող ՀՀ վարչապետ, պատերազմական իրավիճակներում Զինված ուժերի գլխավոր հրամանատար, ձեռնարկելու եմ ամենակոշտ միջոցները՝ այդ դավադիր մտադրություններն արմատախիլ անելու համար։ Ուշադիր լսեք այս խոսքը՝ «Արցախի անվտանգության երաշխավորը» եւ համեմատեք այսօրվա վիճակի հետ։ Տեսեք այս մարդու հետագիծը, նախկին իր բոլոր հայտարարությունները եւ այսօրվա 180 աստիճան հակառակը եւ նաեւ հասկացեք, որ այս մարդու բոլոր քայլերի պատճառը, հիմքը վախն է։ Երկու վախ՝ վախկոտ մարդու սովորական վախերը եւ այսօր արդեն իշխանությունը կորցնելու վախը»,- հավելեց Վարդանյանը։

Աբովյանում սկսեց գործել արցախցիների բացած առաջին կարատե-դո կենտրոնը

Արցախի ավանդական կարատե-դո ֆեդերացիան դեկտեմբերի 1-ից վերսկսել է իր գործունեությունը ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում։ Բացվել է ավանդական կարատե-դո կենտրոնը, որը նաև այս մարտարվեստի առաջին ակումբն է Աբովյանում։ Ակումբի դռները բաց են բոլորի համար Հայաստանից՝ ներառյալ Արցախը։

Մարզիչ, Արցախի և Հայաստանի բազմակի չեմպիոն, Եվրոպայի չեմպիոն, աշխարհի փոխչեմպիոն, սև գոտի ունեցող Տիգրան Գեւորգյանի խոսքով, ակումբը բացվել է համախոհների համատեղ ջանքերով։ Նրա խոսքով՝ մեծ ներուժ կա այս մարզաձեւը պրոֆեսիոնալ մակարդակով զարգացնելու, որպեսզի երեխաները կարողանան մասնակցել ինչպես տեղական, այնպես էլ արտասահմանյան մրցաշարերին։ Նա հավելեց, որ Արցախի կարատե-դո ֆեդերացիան պատրաստել է Եվրոպայի և աշխարհի բազմաթիվ չեմպիոնների ու մրցանակակիրների, և այդ աշխատանքը շարունակվելու է Հայաստանում։

Արցախի կարատե-դո ֆեդերացիայի նախագահ Արամ Գևորգյանը նշեց, որ ավանդական կարատե-դոն տարբերվում է այլ մարտարվեստներից նրանով, որ սերմանում է համբերություն, կարգապահություն և տոկունություն, ինչը հատկապես գրավում է պատանի մարզիկների ծնողներին։ Կարևոր է, որ Հայաստանում լինի մի վայր, որտեղ բոլորը, ովքեր հետաքրքրված են կարատե-դոյով, կարողանան հավաքվել, և ֆեդերացիայի անդամները, ովքեր բախտի կամքով սփռված են ամբողջ Հայաստանով, կարող են գալ Աբովյան, ասաց նա։

Գևորգյանը հավելեց, որ համախոհների համատեղ ջանքերով ներդրումներ են կատարվել տարածքի վարձակալության և վերապատրաստման համար անհրաժեշտ սարքավորումների ձեռքբերման ուղղությամբ։ Ուստի ողջունելի է ցանկացած աջակցություն, որը կնպաստի կենտրոնի զարգացմանը։

Հայաստանի կարատե-դո ֆեդերացիան ակումբին տրամադրել է տատամի։ Ֆեդերացիայի ղեկավար Սուրեն Մաթևոսյանի խոսքով՝ իրենք պատրաստ են աջակցել ցանկացած նախաձեռնության, որը կծառայի այս մարտարվեստի զարգացմանը։

«Մենք աջակցում ենք բոլոր ջանքերին։ Հատկապես այս դժվարին ժամանակներում։ Արցախի Ֆեդերացիան չսպասեց, օգնություն չխնդրեց, անմիջապես գործի անցավ։ Ուստի մենք կշարունակենք համագործակցել և հնարավորինս աջակցել»,- ասաց Մաթևոսյանը։

Ալվարդ Գրիգորյան

Ալեն Սիմոնյան․ «արցախցիները փախել են՝ վախենալով ադրբեջանցիների կողմից հնարավոր վտանգներից»

«Առաջին անգամ չէ, ամեն ճեպազրույցի ժամանակ մենք հայտարարել ենք, որ Հայաստանի Հանրապետությունը տարածքային պահանջներ չունի հարեւանների նկատմամբ։ Ի դեպ, սա նաեւ հայտարարել են բոլոր իշխանությունները։ Երբեւիցե որեւէ իշխանություն չի ասել, որ ինքը տարածքային պահանջ ունի Ադրբեջանի նկատմամբ։ Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի իշխանությունները չեն խոսել դրա մասին։ Մենք դրա մասին բարձր ասել ենք, որ տարածքային պահանջ չունենք եւ հավակնություններ չունենք հարեւան որեւէ երկրի միջազգայնորեն ճանաչված տարածքի նկատմամբ»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու հայտարարությանը։

Ալիեւը երեկ հայտարարել էր, որ Հայաստանը չպետք է ռեւանշի դիմի, ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից կրկնել էր Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու իր թեզերը։

Ալեն Սիմոնյանն ասաց, որ ՀՀ իշխանությունը տարածքային որեւէ պահանջ չունի Ադրբեջանի նկատմամբ։ Անդրադառնալով հարցին, թե արցախցիների վերադարձն ինչպե՞ս են պատկերացնում, Ալեն Սիմոնյանն ասաց, որ անվտանգային խնդիրներից ելնելով՝ դեռ պետք է ժամանակ անցնի։ «Բայց դա չի նշանակում, որ քննարկումներ չկան կամ դրա հետ կապված որոշում կա, բայց ես անկեղծ չեմ պատկերացնում, թե ինչպես հայերը կարող են վերադառնալ այսօր Լեռնային Ղարաբաղ այն պարագայում, երբ երկու-երեք օրվա ընթացքում 100 հազարից ավելի հայ իրենց տներն ուղղակի թողել ու արտագաղթել են, փախել են՝ վախենալով ադրբեջանցիների կողմից հնարավոր վտանգներից։ Այո՛, իհարկե, ուզում ենք, որ բոլորը վերադառնան իրենց տները, դա չի բացառում այն փաստը, որ մենք մեր հայրենակիցներին ՀՀ-ում փորձում ենք ամեն ինչով ապահովել։ Եվ ի հեճուկս շատ ու շատ կանխատեսումների՝ կարելի է ասել, որ մաքսիմումն արել ենք եւ շարունակելու ենք անել։ Բայց կվերադառնան, չեն վերադառնա, իմ կարծիքով ժամանակ է պետք»,- նշեց Ալեն Սիմոնյանը։

Ալիևն արդարացնում է Փաշինյանի ոչ թե անցյալ, այլ ապագա քայլերը

Ալիևը բարձրաձայնել է, թե ինչ է սպասվում Հայաստանին Ամանորին, որին Փաշինյանի կուսակցությունը պատրաստվում է անհասկանալի եռուզեռով։

Ալիեւն  ասել է, որ Բաքվին պետք չէ խաղաղ պայմանագիր, որի բացակայությունը, օրինակ, չի խանգարում Ճապոնիային ու Ռուսաստանին համագործակցել։ Բաքվին պետք են երաշխիքներ, որ Հայաստանը ռեւանշի փորձ չի անի, ինչը, ըստ նրա, հուշում են Երևանի «նոր արևմտյան բարեկամները»՝ ի դեմս Ֆրանսիայի և ԱՄՆ-ի։ Ալիևը որպես երաշխիք տեսնում է «մոռանալ այսպես կոչված ԼՂՀ-ի պատմությունը և անցնել սահմանազատման գործընթացին»։

Չնայած Փաշինյանի կառավարության գործողություններին, որը իրականացնում է Ալիևի հնչեցրած բոլոր քայլերը, ինչ-որ բան խանգարում է «խաղաղ գործընթացին»։ Ամենամեծ «խոչընդոտը» սեպտեմբերի վերջին օրերին արցախցիների միական արտագաղթն էր, որը խառնեց բոլոր խաղաքարտերը։ «Խաղաղություն» չի կարող լինել, երբ հաստատվում է տեղահանության և ցեղասպանության փաստը (թեկուզ չասված)։ Եվրոպական արտաքին գործերի նախարար Բորելը ասում է, որ «սառեցված հակամարտությունը, չեմ ասի, որ կարգավորվել է, բայց լուծվել է ռազմական միջամտությամբ, որը ստիպել է 150,000 մարդու լքել իրենց տները մեկ շաբաթվա ընթացքում»:

Այսինքն՝ սա մեծ խնդիր է արևմտյան դիվանագետների համար, որոնք մի կողմից չեն կարող ընդունել, որ ուժն ու ցեղասպանությունը հակամարտությունների կարգավորման օրինական ճանապարհ են, իսկ մյուս կողմից՝ չեն ցանկանում խանգարել Բաքվին հակամարտությունը «լուժել ինտեռվենցիայով»։ Այ, եթե մի 10-15 հազար բնակիչ մնար Արցախում, ամեն ինչ լավ կլիներ։

Բայց դրանք չկան, և պետք է անցնել պլան Բ-ի՝ ստիպել բոլորին «մոռանալ» ԼՂՀ-ի մասին, առաջին հերթին՝ ղարաբաղցիներին։ «Պասպորտիզացիան», կենսաթոշակի համար Արցախի գրանցումից հրաժարվելը այս ծրագրի մի մասն է։ Բայց սա էլ չի օգնում։ Ալիևն ասում է, որ հայկական ընդդիմությունը (ղարաբաղյան կլանը) ցանկանում է խաթարել «խաղաղ գործընթացը» (թեև ընդդիմությունը ձայն էլ չի հանում): Ալիեւը նույնիսկ հայտարարեց, որ Փաշինյանը, ինչպես Քոչարյանն ու Սարգսյանը, չեր ցանկանում ոչ մի թիզ հող զիջել։ Եվ սկզբում Փաշինյանը նույնիսկ փորձեց համաձայնագրի տեքստում կետ ներառել Ղարաբաղի վերաբերյալ, բայց «մենք ասացինք, որ այդ դեպքում պետք է ադրբեջանցիներին վերադարձնենք Հայաստան», և Փաշինյանը հրաժարվեց։ Վայ-վայ-վայ։

«Ադրբեջանը հաղթեց», և դա կաներ նույնիսկ առանց Փաշինյանի, ասում է Ալիևը՝ «զգուշացնելով» Հայաստանին իշխանափոխությունից և սպառնալով, որ եթե Փաշինյանին թույլ չտան ավարտին հասցնել «խաղաղ գործընթացը», ապա Հայաստանը կկորցնի ինքնիշխանությունը (կարծես թե Հայաստանը կպահպանի այն, եթե գնա «խաղաղ գործընթացի»):

Ալիեւի ինչի՞ն է պետք Փաշինյանը, եթե Ղարաբաղի հարցը փակված է համարում։ Թե՞ Ալիևն արդարացնում է Փաշինյանի հետագա քայլերը՝ սահմանազատում և հաղորդակցությունների բացում «առանց խաղաղության պայմանագրի»։ Ալիևը նաև հստակեցրեց հաղորդակցությունների բացումը. պարզվում է, որ միջանցքը պետք է լինի «Ռուսաստանի և Կալինինգրադի միջև» միջանցքի օրինակով, այսինքն՝ արտատարածքային՝ գնացքները կանցնեն «Հայաստանի ինքնիշխան տարածքով», բայց դրանք չեն կանգնեցվի և չեն ստուգվի։ Եվ հենց դա է քննարկվել Փաշինյանի հետ Բրյուսելում, ասում է Ալիևը։

Բայց առայժմ հրատապ է Փաշինյանին պահել իր պաշտոնում, որպեսզի նա կարողանա հայերին Ամանորին նվիրել «նոր իրականություն»՝ Հայաստան առանց տարածքների, սահմանների, պայմանագրերի ու քարտեզների։ Դրանից հետո կարելի է մեղադրել Ֆրանսիային, ընդդիմությանն ու ըմբոստ ղարաբաղցիներին։

Նաիրա Հայրումյան

Analyticon. Արցախում կենդանիների պաշտպանության շարժման համառոտ պատմությունը

Analyticon

Լեռնային Ղարաբաղում կենդանիների պաշտպանության շարժման թեման ներկայացնելու միտքն առաջացավ Ստեփանակերտի բնակիչ, կենդանիների նվիրյալ Ռիտա Ղազարյանի՝ վերջերս ադրբեջանական հեռուստատեսությանը տված սկանդալային հարցազրույցից հետո, որում շատերի համար անսպասելի պարզվեց, որ նա իբր Լիլիա Զեմցովան է։ Ռիտան աշխատել է Արցախի անօթևան կենդանիների առաջին՝ «Շունն ու կատու» ապաստարանում , որը բացվել է շրջափակումից քիչ առաջ, և որի ստեղծմանն անմիջական մասնակցություն է ունեցել նաև տողերիս հեղինակը։ Արցախից հայ բնակչության՝ ողբերգական իրադարձություններով ուղեկցված բռնի տեղահանությունից հետո Ռիտա Ղազարյանը որոշեց մնալ հայրենի քաղաքում, որպեսզի շարունակի խնամել ապաստարանում գտնվող կենդանիներին և այն ընտանի շներին ու կատուներին, որոնց տերերը տեղահանվելիս տարբեր պատճառներով չէին կարողացել իրենց հետ տանել։ Իհարկե, համարձակ որոշում էր՝ հաշվի առնելով, թե չնայած սլավոնական ծագումով, բայց հայկական ազգանուն կրող և հայկական ընտանիքում դաստիարակված կինը ում և ինչի հետ է բախվելու։  Ադրբեջանցի լրագրողներին տված հարցազրույցում Ռիտա Ղազարյանը, ապշեցնելով իր հայրենակիցներին, հայտարարեց, թե ուրախ է, որ ադրբեջանական բանակը մտել է Ստեփանակերտ, թե սպասում էր դրան, քանի որ հայերը վատ էին վերաբերվում իրեն՝ ռուսական ծագման պատճառով։ Ի դեպ, Ռիտա Ղազարյանի ռուսական ծագման բացահայտումը շատերիս՝ նրա հայրենակիցների համար անակնկալ էր։

Իսկ հիմա՝ այդ և Արցախում կենդանիների պաշտպանությամբ զբաղվող առաջին կազմակերպության ու անտուն կենդանիների առաջին ապաստարանի ստեղծման պատմության մասին՝ առավել մանրամասն։ Ոմանց գուցե տարօրինակ թվա, որ հեղինակը, փախստական ​​լինելով, որոշել է գրել ոչ թե բռնի տեղահանվածների խնդիրների մասին, այլ դիմել է այս թեմային։ Կարծում ենք, որ պատերազմի և մեզ համար անհաջող ելքի գլխավոր պատճառներից մեկը փոփոխություններին հարմարվելու, մեր գիտակցությունը բացելու և նախկինում անկարևոր ու աննշան թվացող հարցերի նկատմամբ վերաբերմունքը փոխելու՝ մեր հասարակության անկարողությունն է։ Մեր հանրությունը, ցավոք, պարփակված  իր հին պատկերացումներով և համոզմունքներով, ասես անպատրաստ է առաջընթացի և վերափոխման։ Մենք առաջվա պես թաղված ենք անցյալի մտածողության մեջ, մեր պատկերացումներն այժմ էլ մնում են անփոփոխ, իսկ ապագա հնարավորությունները մենք հաճախ ենք մերժում և վանում։ Եվ կենդանիներին էլ շարունակեցինք վերաբերվել միայն նրանց օգտակարության և կենցաղում օգտագործելու տեսանկյունից, մինչդեռ ամբողջ աշխարհում հասարակության քաղաքակրթության մակարդակը որոշվում է նրա ամենաանպաշտպան անդամների՝ երեխաների, հաշմանդամների և մեր չորքոտանի բարեկամների նկատմամբ վերաբերմունքով։

Լեռնային Ղարաբաղում կենդանիների պաշտպանության առաջին կազմակերպության ի հայտ գալը քայլ առաջ էր՝ հաղթահարելու այն մարտահրավերները, որոնց բախվել են մարդիկ, կենդանիները և բնությունը երկար տարիների պատերազմներից և այլ աղետներից տառապող մեր տարածաշրջանում։ Ստեղծելով կազմակերպությունն ու անօթևան կենդանիների առաջին ապաստարանը՝ մենք հույս ունեինք, որ մեր հանրապետության բնակիչները, չնայած կորուստներին և պատերազմներին, դեռ պահպանում են իրենց վախերն ու ցանկություններն արտահայտել չկարողացողների  ձայնը լինելու ընդունակությունը և պատրաստ են պաշտպանել նրանց։ Իսկ ապագա կազմակերպության նպատակներից մեկը, ի լրումն կենդանիների պաշտպանության, փորձն էր իր շուրջը համախմբելու մարդկանց, որոնք ունակ են տեսնելու և ճանաչելու բնության յուրաքանչյուր արարածի մնայուն գեղեցկությունը, որոնք ձգտում են ստեղծել անվտանգ աշխարհ մեր ընկերների՝ կենդանիների համար, որովհետև Հայրենիքի վերականգնումը պատերազմից հետո կարելի է սկսել մանրուքներից՝ մեր չորքոտանի բարեկամների հանդեպ հոգատարությունից։

2020 թվականի նոյեմբերի 7-ից սկսված համընդհանուր խուճապային տարհանումը ստիպեց գրեթե բոլոր ստեփանակերտցիներին լքել քաղաքը և ապաստան փնտրել անվտանգ վայրերում, սակայն Ռիտան այն ժամանակ էլ մնաց քաղաքում, քանի որ պարզապես չէր կարող անտեր թողնել իր շներին։ Լեռնային Ղարաբաղ ռուս խաղաղապահների մուտքից և խաղաղ բնակչության վերադարձից հետո կենդանիների իրավունքների պաշտպանները շարունակեցին Ռիտային օգնել խնամելու կենդանիներին։ Սակայն քաղաքի բնակարաններում մեծ քանակությամբ կենդանիներ պահելը կարող էր հանգեցնել բացասական հետևանքների։ Սանիտարահիգիենիկ պայմանների հետ կապված խնդիրներ, հարևանների հետ հնարավոր կոնֆլիկտներ և տարածքի պակաս՝ այս ամենը փորձություն դարձավ Ռիտայի, նրա հարևանների,  կենդանիների պաշտպանությամբ զբաղվող ակտիվիստների և, իհարկե, հենց կենդանիների համար։ Շներին ու կատուներին փողոց նետելու վտանգ կար։ Մարդկանց և կենդանիներին ստեղծված իրավիճակից ազատելու համար կենդանիների  պաշտպանները հասան նրան, որ Ստեփանակերտի քաղաքապետարանը աջակցեց Արցախում անօթևան կենդանիների առաջին ապաստարանի բացմանը։

Քաղաքապետարանը քաղաքին կից հողատարածք տրամադրեց, իսկ առատաձեռն հովանավոր Արման Հակոբջանյանը ֆինանսավորեց մեծավանդակների կառուցումը։ Այսպիսով, ապաստարանը հաջողությամբ գործարկվեց։ Բոլոր շները, որոնք նախկինում պահվում էին քաղաքի կենտրոնում գտնվող բնակարաններում, տեղափոխվեցին նոր կացարան, ինչը տարածք և հնարավորություններ ստեղծեց այլ կենդանիների համար, իսկ Ռիտա Ղազարյանը պաշտոնապես սկսեց աշխատել կացարանում որպես խնամող։ Ապաստարանի բացումից հետո մեր հայրենիքում անցկացրած կարճ ժամանակահատվածում կենդանիներին խնամել մեզ օգնեցին Սփյուռքի ներկայացուցիչները, Հայաստանի կենդանիների պաշտպանության կազմակերպությունները և որոշ հոգատար հայրենակիցներ, մասնավորապես՝ գրող Նարինե Աբգարյանը, Գրիգոր Մելքոնյանը, Իրինա Պողոսյանը, Անահիտը, Լուսինեն ԱՄՆ-ից, Երմակովան՝ Ռուսաստանից, որոնք պարբերաբար գումար էին փոխանցում հաշվին և սնունդ ուղարկում, քանի դեռ Լաչինի միջանցքը բաց էր։

Այդ ժամանակ էլ ստեղծվեց Արցախում կենդանիների պաշտպանության առաջին հասարակական կազմակերպությունը, որի նախագահ դարձավ Գայանե Առստամյանը։ Մեր կազմակերպությունը սկսեց պայքարել «Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի համար պատժի մասին» և «Ընտանի կենդանիների համար սեփականատերերի պատասխանատվության մասին» օրենքների ընդունման համար: Մենք փորձեցինք մեր դժվարին պայմաններում ընտանի կենդանիների և մարդկանց պաշտպանության ու բարեկեցության արդար իրավական դաշտ ստեղծել: Այդուհանդերձ, կազմակերպության հիմնական գործունեությունը շուտով դարձավ մեր կարևոր և լայնածավալ ծրագիրը՝ Արցախում անօթևան կենդանիների առաջին ապաստարանը կյանքի կոչելը։ Մենք գիտեինք, որ անօթևան կենդանիների զգալի մասը տառապում է սովից, ցրտից, հիվանդություններից և մարդկանց դաժան վերաբերմունքից։ Հետևաբար, մեր նպատակն էր ստեղծել անվտանգ և հոգատար վայր, որտեղ այս կենդանիները կարող էին ապաստանել, բուժօգնություն, սնունդ և ջերմություն ստանալ: Ապաստարանը հույսի աղբյուր էր դարձել Արցախի բազմաթիվ այն կենդանիների համար, որոնք կյանքի հանգամանքների, պատերազմի կամ դաժանության հետևանքով դարձել էին անօթևան: Մեր կազմակերպությունը մշտապես աշխատում էր գտնել և ընտրել հոգատար և պատասխանատու տերեր, որոնք պատրաստ կլինեին ապրելու հնարավորություն տալ  կենդանիներին։ Բազմաթիվ կենդանիներ տեղավորվեցին ընտանիքներում, մենք սկսեցինք համագործակցել Հայաստանի անասնաբուժական կլինիկաների և այլ կազմակերպությունների հետ, որոնց գործունեությունն առնչվում է կենդանիների պաշտպանությանը։

Շատերը չեն հավատում, որ անգամ շրջափակման ժամանակ, երբ ամեն ինչի սուր պակաս կար, իսկ վերջին շրջանում էլ՝ հիմնական պարենային ապրանքների իսպառ բացակայություն, թափառող կենդանիների առաջին ապաստարանն Արցախում կարողացավ ոչ միայն դիմանալ, այլև ընդլայնվել։ Շրջափակման ընթացքում ապաստարանում զգալիորեն ավելացավ կենդանիների, հիմնականում՝ շների թիվը։ Դա պայմանավորված էր նրանով, որ կերի առաքումը անասնաբուժական խանութներ, ինչպես որ սննդի առաքումը սովորական խանութներ սկզբում հասցվել էր նվազագույնի, իսկ հետո ընդհանրապես դադարեցվել: Շների, հատկապես խոշորների, շատ տերեր պարզապես չէին կարողանում կերակրել նրանց, և ազնվացեղ շները վզափոկով հայտնվում էին փողոցում։ Ահա՝ մենք ստիպված էինք նրանց տանել ապաստարան կամ փնտրել նոր տերեր, որոնք դեմ չէին իրենց չորքոտանի ընկերոջ հետ կիսել բլոկադային ապուրի վերջին ափսեն։

Արցախի կենդանիների պաշտպանները ամեն ջանք գործադրեցին շրջափակման ժամանակ ապաստարանում տասնյակ կենդանիներ կերակրելու և փողոցում հայտնվածներին աջակցելու համար։ Մեզ բազմիցս օգնեց տեղի անասնաբուժական խանութի սեփականատեր Միհրան Գևորգյանը,  շրջափակումը ճեղքելով՝ մի քանի անգամ  կարողացավ պարկերով սնունդ ուղարկել Հայաստանի «Դինգո» կազմակերպությունը, բայց ընդհանուր առմամբ մենք ստիպված էինք ինքնուրույն յոլա գնալ։ Ֆեյսբուքյան ընկերների հավաքած միջոցներով մենք սկսեցինք գնել մսի մնացորդներ և ցորենի թեփ, բայց դրանք էլ շուտով վերջացան: Շրջափակումը դարձավ տոտալ, մսի մնացորդները մարդիկ սկսեցին օգտագործել որպես սնունդ, իսկ փռերը սկսեցին թեփից հաց թխել՝ բնակչության կարիքները գոնե մասամբ բավարարելու համար։ Այդժամ մենք պարզապես գնացինք մեր ընկերների ու ծանոթների մոտ և սկսեցինք հավաքել ժամկետանց ձավարեղեն, ոսկորներ և այն ամենը, ինչից կարող էինք կենդանիների համար ապուրներ պատրաստել և ինչ-որ կերպ դիմանալ:

Իրավիճակն էլ ավելի բարդացավ, երբ վառելիքի պակասի պատճառով հասարակական տրանսպորտը դադարեց աշխատել, իսկ դիզելային վառելիքով աշխատող հազվագյուտ մեքենաներով ապաստարան գնալը սկսեց խլել հավաքված միջոցների առյուծի բաժինը։ Բայց այդ անտանելի շրջափակման պայմաններում ապաստարանը ոչ միայն դիմացավ, այլև մեզ հաջողվեց փոքր-ինչ ընդլայնել տարածքը և կատարել վերանորոգման աշխատանքներ։ Շներն ավելի ու ավելի շատ էին, բայց տարածքն ու սնունդը գնալով պակասում էին։ Շները, ինչպես արցախցիները, իհարկե, կուշտ չէին ուտում, սարսափելի նիհար էին, բայց՝ ողջ։ Մենք՝ արցախցիներս, նաև կենդանիները սոված մնացինք, դիմացանք ու սպասեցինք ավելի լավ ժամանակների։

Շրջափակման ժամանակ կենդանիների պաշտպանները մի քանի նամակ գրեցին «Գրինփիսին» և կենդանիների պաշտպանությամբ զբաղվող տարբեր կազմակերպություններին, որոնցում նկարագրվում էր ոչ միայն մարդկանց, այլև կենդանիների ողբալի վիճակը, որ ստեղծվել էր շրջակա միջավայրի պաշտպանության պատճառաբանությամբ Ադրբեջանի կազմակերպած շրջափակման հետևանքով։ Նամակներից ոչ մեկին պատասխան չեկավ։

Սա էր Արցախում կենդանիների պաշտպանության շարժման համառոտ պատմությունը։

 

Նունե ԱՌԱՔԵՅԱՆ
Բանասիրական գիտությունների թեկնածու
և կենդանիների պաշտպան
Ստեփանակերտ-Երևան