Շահմասուր․ Ապուն խաչքարը

Շահմասուրի Ճղպրաթաղ տեղամասում կանգուն է մի գեղաքանդակ խաչքար՝ խրոխտ պատկերաքանդակով։

Ժամանակին այդ խաչքարը երեսնիվայր ընկած էր։ Օրերից մի օր շահմասուրցի Իմիրանց Սերյոժան հիվանդանում է։ Նա մի քանի անգամ երազ է տեսնում, եւ աներևույթ մեկն ասում էր, որ խաչքարն իրենից թեքված է և պետք է Ճղպրաթաղ տարածքի ընկած խաչքարը ուղղի։ Վերջինս պառկած տեղերից հելնում է ու ճամփա բռնում դեպի Ճղպրաթաղ։ Նրան են միանում նաև որդիները։

Խաչքարը ուղղվեց, կանգնեցվեց, իսկ Սերյոժան հաղթահարեց հիվանդությունը։ Դրանից հետո նա հայտարարեց, որ դա իր խաչն է և ինքը պետք է աչքի լույսի պես պահի այն։ Հաճախ էր այցելում, շուրջը միշտ մաքրում ու աղոթում։ Այդ օրվանից խաչքարը սրբատեղի է դարձել ոչ միայն Սերյոժայի, այլև նրա ընտանիքի ու ազգատոհմի համար, ովքեր նրան Ապուն խաչքար անունն էին տվել։ Անգամ Ստեփանակերտից էին բարեկամները գալիս այնտեղ մոմ վառելու։

Հերթական այցերից մեկի ժամանակ խաչքարի տեղը մեզ ցույց տվեց ու այս պատմությունը պատմեց Շահմասուրի տնտեսության երբեմնի ղեկավար Էմիրյան Միրզայի թոռ, էմիրյան Սերյոժայի տղա, Էմիրյան Միրզան։ Շահմասուրի բնիկ, Իմիրանց տոհմի ժառանգը։ Այսօր Իմիրանց Սերյոժան Հրազդանում է հանգրվանել, իսկ Ապուն խաչքարը մնում է հարազատ Շահմասուրի Ճղպրաթաղ վայրում, հսկում հայրենի եզերքը, աչքը ուխտավորների ճամփին։

Այն մի գեղաքանդակ 12-13-րդ դարի խաչքար է, կենտրոնում մեծադիր խաչով, հյուսկեն մանվածո զարդանախշերով, խոյաեղջյուր։ Խաչից ներքև զինված տղամարդու պատկերաքանդակ է, ձեռքերը գոտկատեղին դրած, թուրը կախած ու հպարտ կանգնած։

Շահմասուրը Արցախի Մարտակերտի շրջանի հնագույն բնակավայրերից է, դա են փաստում տարածքում գտնվող նախաքրիստոնեական դամբարանաբլուրներն ու սրբավայրերը։ Ներկայիս գյուղի պատմությունը սկսվում է 12-13-րդ դարերից։ Բնակավայրը իր շրջակա տարածքով հանդերձ հարուստ է պատմամշակութային հուշարձաններով։

Արմինե Հայրապետյան

Ավելի ցավոտ լինել չէր կարող։ Մարդիկ գերադասում են օտար լինել օտարների մեջ, քան օտար` յուրայինների մեջ

2023 թվականի սեպտեմբերի 19-20-ի պատերազմի և բնակչության զանգվածային արտագաղթի հետևանքով Հայաստան բռնի տեղահանված արցախցիների վիճակը գնալով սրվում է կենսաթոշակների, նպաստների և տրամադրվող այլ ֆինանսական միջոցներ ստանալու արհեստական, անհիմն դժվարությունների պատճառով։

Թվում էր, թե ավելի քան 20 տարի Հայաստանն ու Արցախն ապրել են մեկ միասնական ֆինանսական, սոցիալական, հարկային և դատական ​​համակարգում։ Արցախի բնակիչների տվյալների բազան պահպանվել և փոխանցվել է Հայաստանի համապատասխան նախարարություններին ու գերատեսչություններին, հարկադիր վերաբնակեցված բոլոր քաղաքացիներն արդեն հաշվառված են գյուղական և մարզային սոցիալական ապահովության մարմիններում կամ քաղաքապետարանում։

Սակայն փաստաթղթերի և բնակության վայրում գրանցման հետ կապված պահանջը նոր խնդիրներ է ստեղծում, և արդյունքում՝ արցախցիների ցանկությունը՝ լքել Հայաստանը և ապաստան փնտրել այլ երկրներում, որոնց թվում գերակշռում է Ռուսաստանը։ Պարադոքսալ է, բայց մարդիկ, ովքեր կորցրել են իրենց տունը, ունեցվածքը, հայրենիքը ռուսական քաղաքականության պատճառով, ընտանիքներով տեղափոխվում են այս երկիր։ Առավել պարադոքսալ է, որ մարդիկ, ովքեր չեն տիրապետում եվրոպական լեզուներին, չունեն կրթություն, որը կապահովի նրանց քիչ թե շատ նորմալ բնակություն և գոյություն Եվրոպայում կամ Կանադայում, ամեն գնով ձգտում են մեկնել անհայտ երկրներ։

Ի՞նչն է ստիպում մարդկանց, ովքեր բառացիորեն կորցրել են ամեն ինչ, զրոյից կյանքի շեմին են հայտնվել, լքել հայրենիքը։ Չէ՞ որ Հայաստանը նրանց Հայրենիքն է,  որի հետ վերամիավորման համար նրանք 35 տարի տանջվեցին, կորցրին իրենց տոհմերի շատ տղամարդկանց, ընդ որում՝ երկու-երեք սերունդ։

Հանուն հայկական դպրոցում սովորելու, հանուն հայերեն փաստաթղթերի, հանուն հայ պարի ու երգի ուսումնասիրության, հանուն իր մշակութային ժառանգության պահպանման, ողջ հայ ժողովուրդը 1988թ. պայքար է սկսել հանուն ինքնորոշման։ Իսկ հիմա, երբ թվում էր, թե մայր Հայաստանում ապրելու հնարավորություն կա, այնքան հեշտությամբ թողնում հարազատ ամեն ինչ ու թռնում դեպի անհայտը։

Արդյո՞ք կենսաթոշակների և նպաստների վճարումների ուժացումն է ստիպում մարդկանց լքել իրենց հայրենիքը: Երևի դա էլ։ Սակայն շատերին ամենից շատ անհանգստացնում է այն, որ Հայաստանի իշխանություններն ամեն օր հայտարարում են, որ իրենց առաջնահերթությունը Հայաստանի 29800 քառակուսի կիլոմետր տարածքն է, և իրենց համար Արցախն այլևս գոյություն չունի։ Սրանից ավելի ցավալի բան չէր կարող լինել։ Մարդիկ գերադասում են օտար լինել օտարների մեջ, քան օտար՝ յուրայինների մեջ:

Ինչպե՞ս է Հայաստանի իշխանությունը ցանկանում պահպանել Հայաստանի ինքնիշխանությունը, եթե հեշտությամբ զիջեց իր երկրի մի մասը՝ Արցախը։ Ինչպե՞ս կարող են թշնամիները կանգ առնել՝ չտեսնելով հայկական կողմի դիմադրությունը։ Դա ասվում է ամեն քայլափոխի, հատկապես, որ Ադրբեջանը չի թաքցնում իր մտադրությունները. Ալիևն ասել է, որ Ղարաբաղի հարցը փակված է, հիմա իր խնդիրն այսպես կոչված «Արևմտյան ադրբեջանն» է։ Նա այդպես է անվանում ինքնիշխան Հայաստանի տարածքը, որից 400 քառակուսի կմ-ն ադրբեջանն արդեն օկուպացրել է և հաստատվել ռազմավարական կարևոր բարձունքներում։

Արցախից փախստականների խնդիրները լուծելու Հայաստանի կառավարության դժկամությունը շատ խնդիրներ կստեղծի հենց Հայաստանի համար։ Աշխարհում ոչ ոք չի հարգի մի պետության, որը հեշտությամբ հրաժարվում է իր տարածքի մի մասից, առավել եւս՝ իր ժողովրդիմի հատվածից։ Փաստորեն, հենց այս արհամարհանքով է շատերը վերաբերվում Հայաստանին՝ օգտագործելով այն իրենց նպատակների համար և դարձնելով աշխարհաքաղաքական սակարկության առարկա։

Մարգարիտա Քարամյան

«Shoonch Art Centre»-ը` որպես Արցախի երեխաների հոգեվիճակի բարելավման կենտրոն

«Shoonch Art Centre»-ը վերսկսել է իր գործունեությունը Երևանում: Այս մասին Step1.am-ի հետ զրույցում հայտնեց Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջի վոկալ բաժնի վարիչ, «Շունչ» ձայնի պահպանման ստուդիայի տնօրեն Գուրգեն Բաղդասարյանը:

Նախապատմությունը սկսվում է 2019 թ. Արցախում: Նպատակն էր Արցախի մշակութային կյանքի պահպանումը և զարգացումը: Ստուդիան հասցրել է ունենալ ընդունելության մի քանի հոսք, ամեն հոսքում` 15-ից ավելի ուսանողներ, մասնակցել է մրցույթի և ստացել սերտիֆիկատ:

Արցախում կազմակերպվում էին վարպետաց դասեր, երեխաները մասնակցում էին տարատեսակ մրցույթների, սակայն 2020թ. պատերազմից հետո ուսանողների մի մասը  հնարավորություն չուներ մասնակցելու դասընթացներին: Ստեղծված իրավիճակը հիմք հանդիսացավ, որպեսզի այդ փուլում արտ-թերապիա անցկացնեն: Այս հարցում օգնության հասավ շվեյցարական մշակութային հիմնադրամներից մեկը: 6 ամսվա դասընթացներին ընդգրկվեցին երեխաների, կանանց, տղամարդկանց առանձին խմբեր (ամեն խմբի համար 2 ամիս):

Հոգեբանական ճգնաժամային փուլը հաղթահարելուց հետո վերսկսեցին վոկալի պարապմունքները, համերգներ ունեցան Ստեփանակերտում, Բադարայում և այլ տեղերում:

Շրջափակման ընթացքում դիմորդները շատացել էին: Դա բացատրվում էր նրանով, որ մարդիկ դիմել էին հոգեբանի, իսկ հոգեբանները խորհուրդ էին տվել սթրեսը հաղթահարելու համար մասնակցել վոկալի դասընթացների:

«Արտ -թերապիան հոգեբանության մի ճյուղ է: Նոր հրահրված պատերազմը մեզ հասցրեց Երևան, և որոշ ժամանակ դադար առնելուց հետո որոշեցինք «Շունչը» վերաձևավորել, լայնացնել գործունեության բնագավառը: Ծրագրի շահառուներն են Արցախի երեխաները: Ներկայումս ձևավորված 3 խմբերի հետ աշխատում են հոգեբաններ: Ծրագրով նախատեսված է երաժշտաթերապիա, այցելություն թատրոն, մի շարք կրթօջախներ, ձիարշավարան:

Հունվար ամսից մեկնարկելու են վոկալի առանձին դասընթացներ: Համագործակցում ենք գերմանական «Միասին» ՀԿ-ի հետ: Մտադիր ենք տարբեր ծրագրեր կյանքի կոչել»,- ասում է Գուրգեն Բաղդասարյանը: Նրա խոսքով` նպատակն այն է, որ երեխաներն այստեղ ավելի հեշտ, արագ ադապտացվեն:

Տաթև Ազիզյան

Եթե արցախցիները ՀՀ քաղաքացիություն ընդունեն, 6 ամիս չեն զրկվի աջակցության ծրագրերից

ԱԺ պատգամավոր Զեմֆիրա Միրզոեւան կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ անդրադարձավ արցախցիների խնդիրներին։ Նրա խոսքով՝ կան ահազանգեր, որ անձնագրային բաժանմունքներում արցախցիներին հայտնում են, որ Հայաստանի քաղաքացիություն ստանալու դեպքում կզրկվեն բազմաթիվ աջակցության ծրագրերից։

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հերքեց այդ տեղեկությունները։ Նա նշեց, որ սեպտեմբերի 19-ից հետո Հայաստան տեղափոխված, նաեւ շրջափակման ժամանակ Հայաստանում գտնված արցախցիները վեց ամիս ժամկետով կշարունակեն օգտվել աջակցության ծրագրերից նաեւ Հայաստանի քաղաքացիություն ստանալու դեպքում։ «Մեր աջակցության ծրագրերում սահմանափակում չկա դրված, եթե դու դառնում ես ՀՀ քաղաքացի»,- հավելեց նախարարը։

Փաշինյանը Սեյրան Օհանյանին․ մենք պատասխանատու ենք միայն ՀՀ-ի համար, Ղարաբաղը ո՞րն է

Կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը հայտարարեց․ «Ցավով պետք է արձանագրենք, որ մենք եւ մեր պետականությունն ապրում ենք դարի ամենածանր նվաստացուցիչ պահը։ Այս իշխանության գործունեության, ավելի ճիշտ՝ անգործության արդյունքում չորրորդ ողբերգալի տարին ենք եզրափակում՝ առանց Արցախի, ընդ որում՝ ամբողջությամբ հայաթափված։ Այնինչ, ձեր բոլոր ծրագրերում Արցախի ինքնորոշումը, անվտանգության երաշխավորումը կարմիր թելի պես էր անցնում։ Թեեւ միեւնույն ժամանակ խուսափում էիք Արցախի Հանրապետություն բառից, նաեւ ինքնորոշման փաստից։

Միայն մեկ մեջբերում Ազգային անվտանգության ռազմավարությունից․ «Հակամարտության խաղաղ կարգավորման դիրքերից հանդես գալով հանդերձ՝ Հայաստանի Հանրապետությունը՝ որպես Արցախի անվտանգության երաշխավոր, աջակցում է Արցախի իշխանություններին՝ Ադրբեջանի ռազմական ագրեսիայից եւ հարկադրանքից իրենց բնակչությանը պաշտպանելու գործում․ Հայաստանի հանրապետությունը կկանխարգելի Արցախի ազգաբնակչության բնաջնջման կամ բռնագաղթեցման ցանկացած նոր փորձ»։ Դուք անտարբեր եղաք Ադրբեջանի անօրեն, իբրեւ թե հակաահաբեկչական գործողությունների ժամանակ՝ նույնիսկ ասելով, որ Արցախի խաղաղ բնակչությանը վտանգ չի սպառնում։ Արդյունքում՝ ըստ էության Արցախը հայաթափվեց, եւ Ադրբեջանն Արցախի բնակչության բռնի տեղահանմամբ ցեղասպանություն իրականացրեց։ Հիմա հարց՝ որ մարտավարական առումով հիմա սոցիալական, հումանիտար խնդիրներ են իրականացվում, դա ակնհայտ է, բայց ավելի կարեւոր է, որ մենք հասկանանք՝ ո՞րն է ՀՀ ռազմավարությունը Արցախի ապագայի վերաբերյալ՝ ձեր՝ «Ապագա կա» ծրագրերի շրջանակներում։ Ի՞նչ կապեր ունեք Արցախի ղեկավարության հետ, ինչպիսի՞ աշխատանքներ են տարվում, եւ ի՞նչ է արվում՝ գերիներին վերադարձնելու, հատկապես, ռազմաքաղաքական ղեկավարներին պաշտպանելու եւ դիվանագիտական ճանապարհով վերադարձնելու ուղղությամբ, որովհետեւ նրանք ահաբեկիչներ չեն»։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց հարցին։ «Մեր ռազմավարական անելիքն է Հայաստանի պետականությունը, ինքնիշխանությունը եւ անկախությունն ամրապնդելը։ Որոշ ուժերի կողմից երկար տարիների Լեռնային Ղարաբաղի հարցն օգտագործվել է մեկ նպատակի համար, որպեսզի Հայաստանում պետություն չկայանա։ Եվ այդ համոզմունքն ինձ համար գնալով ավելի է խորանում։ 1996 թվականի Լիսաբոնի գագաթաժողովից հետո ըստ էության Լեռնային Ղարաբաղի հարց չի եղել, մենք չենք առնչվել այդ իրականության հետ»,- ասաց Փաշինյանը։ Ինքնորոշման իրավունքին անդրադառնալով՝ Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Ուզում եմ հիշեցնել Լիսաբոնի գագաթնաժողովի արդյունքներով ընդունված փաստաթուղթը, նախագահողի հայտարարությունը, որտեղ ասվում էր, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը պետք է լուծվի ինքնորոշման իրավունքի շրջանակներում, այն է՝ ԼՂ-ն պետք է ինքնավարություն ստանա Ադրբեջանի կազմում»։

Սեյրան Օհանյանը նշեց, որ  Արցախի հակամարտությունը չի ավարտվել Ադրբեջանի հանցավոր գործունեության արդյունքում։ Այդ հակամարտությունն ավելի է խորացել, եւ Ադրբեջանը միջազգային հարթակում դրա համար պետք է պատասխան տա եւ պատժվի։ «Մեր պետության գործունեությունը պետք է ուղղված լինի դրան։ Դրա համար սուբյեկտայնությունը եւ ինստիտուտների պահպանումն անհրաժեշտություն է՝ իհարկե, առանձնակի նշելով Արցախի ժողովրդի ճակատագրի եւ հետ վերադարձի հարցը։ Իսկ այդ իրականության մեջ բանակցություններն այլընտրանք չունեն։ Դուք նորից հարցին չպատասխանելով՝ փորձում եք մանիպուլացնել։ Արցախն ու Հայաստանն ինտեգրված մի կուռ կառույց են եղել, եւ նախկին ժամանակահատվածում Արցախը գոյություն է ունեցել։  Ինչ էլ ուզում եք ասեք, միեւնույն է, ձեր իշխանության ժամանակահատվածում է, որ Արցախը հայաթափվել է, բանակցությունները ընդհատվել են, որովհետեւ դուք իրարամերժ հայտարարություններ ու գործողություններ եք արել։ Եվ այսօր նորից ոչ մի քայլ չեք ձեռնարկում Արցախի պատմական մեր տարածքը հետ բերելու, գոնե այդ ուղղությամբ բանակցելու ուղղությամբ»,- հավելեց Օհանյանը։

«Որպես ՀՀ վարչապետ՝ իմ խնդիրը Հայաստանի ապագան է։ Եվ ՀՀ Սահմանադրությունը ինձ տալիս է լիազորություն ՀՀ ապագայի վերաբերյալ։ Եվ ես կենտրոնացած եմ այդ խնդրի վրա։ Ինչ վերաբերում է ձեր այն դիտարկմանը, թե մենք Ղարաբաղին անտարբեր մնացինք, կան նաեւ դիտարկումներ, թե մենք Ղարաբաղին ինչ-որ իրավիճակում մենակ ենք թողել, ես նման արձագանքներին կարող եմ ընդամենը մի բառով գնահատական տալ՝ երախտամոռություն։ Ուրիշ բառ չեմ կարող գտնել»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Ինչ վերաբերում է գերիների վերադարձին՝ Փաշինյանն ասաց, որ այդ ուղղությամբ տարվում է ամենօրյա աշխատանք։

 

Թագուհի Թովմասյանի՝ արցախցիների բնակարանային խնդրի լուծման առաջարկը մերժվեց

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը մերժել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի առաջարկը՝ 2024 թվականի բյուջեի նախագծում ներառելու բռնի տեղահանված արցախցիների բնակարանային խնդրի լուծման հարցը։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Թագուհի Թովմասյանը։

«Ես ներկայացրել էի բյուջեի մեջ ներգրավելու առաջարկ, եւ այդ առաջարկն ուներ բավական տեսանելի լուծում։ Ես առաջարկում էի Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար ֆունդամենտալ լուծել բնակարանային խնդիրը։ Քանի որ 2020 թվականից մենք ունենք դեռեւս 20 հազար արցախահայեր, որոնք եկել են Հայաստան, բայց մինչ այսօր նրանց մեծ մասը չունեն բնակարաններ, ես այդ օրինակն ունենալով՝ առաջարկեցի հետեւյալը։ Ամեն տարի ՀՀ-ն Արցախ է ուղարկել կոնկրետ դրամական միջոցներ։ Պիտի համարենք, որ մենք շարունակում են արցախահայերին օգնել այդ միջոցներով, բայց քանի որ ցավոք սրտի Արցախի Հանրապետությունը հանձնված է, այդ միջոցները պետք է տրամադրվեն արցախահայերի բնակարանային հարցերը լուծելու համար»,- ասաց Թագուհի Թովմասյանը։

Նա նշեց, որ 2022 թվականին 144 մլրդ դրամ է Հայաստանը հատկացրել Արցախին, 2023 թվականին՝ 136 մլրդ դրամ։ «Բնակարան ձեռք բերելու համար ես առաջարկում էի յուրաքանչյուր ընտանիքի տալ 20 մլն դրամ, բայց պայմանով, որ դրանք պետք է  գնվեն կամ կառուցվեն մարզերում, որպեսզի մարզերը համաչափ զարգանան։ Սակայն մերժեցին»,- ասաց նա։ Թագուհի Թովմասյանը նշեց, որ իր առաջարկի մերժումը հիմնավորել են հետեւյալ կերպ․ «Ասում են՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության մի շարք ծրագրեր այս պահին քննարկվում են կառավարությունում։ Դրանք առավել արդյունավետ եւ նպատակային կիրառելու համար կարծում ենք՝ նախ եւ առաջ պետք է կատարել կարիքների գնահատում»։

Թագուհի Թովմասյանի խոսքով՝ այսինքն՝ կառավարությունը մինչեւ հիմա կարիքների գնահատում դեռ չի իրականացրել, բայց աշխարհի առաջ հայտարարում է, թե արցախցիների խնդիրները լավագույնս լուծվում են։

Ըստ նրա՝ 2020 թվականի պատերազմի հետեւանքով բռնի տեղահանված արցախցիներից վերջին երկու տարիների ընթացքում բնակարան է կարողացել ձեռք բերել ընդամենը 1735-ը։ Սա, ըստ պատգամավորի, ողբերգական թիվ է։ Եթե այդ մարդիկ արտագաղթեն, եւս ողբերգություն կլինի։ Թովմասյանն ասաց, որ այս տարվա սեպտեմբերյան դեպքերից հետո, պաշտոնական թվերով, Հայաստանից արդեն արտագաղթել է մոտ 3000 բռնի տեղահանված արցախցի։ Ոչ պաշտոնական թվերն ավելի մեծ կլինեն։ Այս իրավիճակն է, քանի որ, նրա խոսքով, պետական հստակ քաղաքականություն կա, որ արցախցիները չմնան Հայաստանում։ «Եթե դուք ուզում եք, որ արցախցին ապրի Հայաստանում, երկու հարց պիտի լուծես՝ բնակարան եւ աշխատանք։ Այս երկու հարցերում էլ մենք ունենք լրջագույն խնդիրներ։ Ես ամենօրյա ռեժիմով հանդիպում եմ արցախցիների հետ, մարդիկ ասում են՝ եթե ուզում ենք մշտական աշխատանք ունենալ, մեզ փափուկ ուժի կիրառմամբ ասում են՝ Հայաստանի քաղաքացի դարձեք, որ ձեզ կարողանանք աշխատանք տալ։ Այսինքն՝ այն փոքրիկ արժեքը, հիշողությունը, որը մնացել է արցախցիների մոտ, դա Արցախի անձնագիրն է, իշխանությունը փափուկ ուժի կիրառմամբ ստիպում է, որպեսզի արցախցիները հրաժարվեն այդ անձնագրից։ Սա նշանակում է, որ այն բոլոր լոզունգերը, խոսույթները, որոնք տարածվում են, թե արցախահայերի համար ամեն ինչ արվում է Հայաստանում, ձեւական են, չկա այդպիսի բան։ Կոնկրետ իմ առաջարկը մերժելը նշանակում է, որ՝ մենք չենք լուծելու այդ հարցը»,- ասաց Թովմասյանը։

Նա հայտարարեց․ «Այս մերժումը ես համարում եմ հստակ քաղաքական վերաբերմունք, այն է՝ արցախահայերին չեն ուզում ապահովել բնակարաններով, որպեսզի հիմնական բնակություն չհաստատեն Հայաստանում։ Իմ առաջարկի հիման վրա հնարավորություն կա մի քանի տարվա ընթացքում ֆունդամենտալ լուծել արցախահայերի բնակարանային խնդիրը, բայց չի արվում»։

2023 թվականը կլինի ամենատաքը դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում

Եղանակի դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում 2023 թվականը կլինի ամենատաքը այն բանից հետո, երբ նոյեմբերը դարձավ հերթական ռեկորդային տաք ամիսը։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է France 24 պարբերականից։

Նշվում է, որ Եվրոպայի Copernicus կլիմայի փոփոխության ծառայությունն արձանագրել է ամենատաք նոյեմբերը, երբ մոլորակի ջերմաստիճանը եղել է մինչարդյունաբերական ժամանակաշրջանի մակարդակից միջինը 1.46 աստիճանով բարձր՝ ըստ Ցելսիուսի սանդղակի։ Նոյեմբերին Երկրի մակերևույթի միջին ջերմաստիճանը կազմել է զրոյից բարձր 14,22 աստիճան, ինչը 0,32 աստիճանով գերազանցել է 2020 թվականի նախորդ ռեկորդը։ Արդյունքում նոյեմբերը դարձել է 2023 թվականի վեցերորդ ամիսն անընդմեջ, որը գերազանցում է ջերմաստիճանային ռեկորդները։

«Նոյեմբերին գլոբալ արտասովոր ջերմաստիճանը, այդ թվում՝ երկու օրերը, որոնք 2 աստիճանով են բարձր եղել մինչարդյունաբերական մակարդակից, նշանակում են, որ 2023 թվականը կլինի ամենատաք տարին դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում», – մեջբերում է France 24-ը Copernicus-ի փոխտնօրենի խոսքը:

ԱՄՆ Սենատի հանձնաժողովի ղեկավարը Բլինքենին կոչ է արել պատասխանատվության ենթարկել Ալիևի վարչակարգին ԼՂ-ում էթնիկ զտումների համար

ԱՄՆ սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բեն Քարդինը ԱՄՆ պետքարտուղարին կոչ է արել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակազմին պատասխանատվության ենթարկել Լեռնային Ղարաբաղում իրականացրած էթնիկ զտումների համար և շարունակել ԱՄՆ-ի աջակցությունը ԼՂ-ից բռնի տեղահանված հայերին։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով սենատորի նամակը Էնթոնի Բլինքենին։

«Ես շարունակում եմ խորապես մտահոգված մնալ, որ Ադրբեջանը կարող է հետագա ռազմական գործողություններ ձեռնարկել՝ լրացուցիչ քաղաքական ձեռքբերումների հասնելու համար, հատկապես՝ այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի առումով։ Ես հորդորում եմ Ձեզ շարունակել աշխատել միջազգային գործընկերների և կազմակերպությունների հետ՝ աջակցելու Ալիևի վարչակարգի գործողությունների համար պատասխանատվության ենթարկելուն (խմբ.՝ գործընթացին)», – գրել է սենատոր Քարդինը Բլինքենին ուղղված նամակում։

Սենատորը նաև հիշեցրել է Բաքվի կողմից Լեռնային Ղարաբաղի շրջափակման, այնուհետև սեպտեմբերի 19-ի հարձակման, հայերի սպանությունների և բնակչության բռնի տեղահանության մասին։ Բացի այդ, նամակում նշվում է ադրբեջանական ուժերի կողմից հայերի արտադատական սպանությունների վերաբերյալ բազմաթիվ հաղորդումների, Բաքվի վերահսկողության տակ գտնվող տարածքներում հայկական մշակութային սեփականությունը ոչնչացնելու լավ փաստագրված գործելակերպի և հայկական պատմությունն ու մշակույթը ջնջելու փորձերի մասին։

Սենատորը հարց է ուղղում ԱՄՆ պետքարտուղարին, թե ի՞նչ քայլեր են ձեռնարկվել կամ ձեռնարկվելու «Ալիևի վարչակարգի կողմից հնարավոր պատերազմական հանցագործությունների և այլ վայրագությունների» իրականացման, ադրբեջանցի պաշտոնյաներին պատասխանատվության ենթարկելու, համապատասխան միջազգային ատյանների առաջ նրանց կանգնեցնելու և 2023 թ. սեպտեմբերի հարձակման հետևանքով բռնի տեղահանված հայերին աջակցելու ուղղությամբ։

«Մենք պետք է հստակ ուղերձ հղենք նրանց, ովքեր կարծում են, թե կարող են գործել անպատիժ», – եզրափակել է սենատորը։

Ինչպես և երբ է նկարահանվել Գասիմովի տեսանյութը. ԱԱԾ-ն մանրամասներ է հայտնում

Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում նշված է.

«Ադրբեջանի փորձագիտական շրջանակներում որպես ռազմական փորձագետ և հայագետ ներկայացող, հայտնի և «լուրջ մասնագետ» Թելման Գասիմովի՝ ս.թ. դեկտեմբերի 5-ին տարածած տեսագրության վերաբերյալ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է, որ Թելման Գասիմովը նշված տեսագրությունը ստացել է դեռևս 2017թ. նոյեմբերին երկքաղաքացի «Ա. Ք.»-ից, ով տեսագրել է շենքը, որտեղ «ծնվել և մեծացել է» Թ.Գասիմովը և ուղարկել նրան: Սակայն, Թ.Գասիմովը 6 տարի անց այդ տեսանյութի մոնտաժման եղանակով՝ տեսագրությանն ավելացնելով իր ձայնը, էժանագին քարոզչությամբ փորձում է հայ հասարակության մեջ տարածել խուճապային տրամադրություններ և դրանով իր «կշիռը» բարձրացնել ադրբեջանական լսարանում:

Ներկայացվում է 2017թ. նամակագրությունից մեկ հատված:

Կոչ ենք անում գասիմովներին՝ դուրս գալ հիվանդ երևակայություններից:

ՀՀ ԶԼՄ-ներին և ազգաբնակչությանը հորդորում ենք զերծ մնալ ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից տարածվող և չստուգված, հերյուրանքներ պարունակող տվյալներն ու նյութերը հրապարակելուց՝ հասարակության շրջանում անհարկի լարվածություն և խուճապ չառաջացնելու համար:

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հավաստիացնում է, որ օպերատիվ իրավիճակը տարբեր ուղղություններով գտնվում է լիարժեք վերահսկողության տակ»։

Հեքիմյանի թաղ․ մեր պատուհանից եկեղեցին էր երեւում

Ստեփանակերտի Հեքիմյան թաղամասը գտնվում է մայրաքաղաքի ներքևի մասում, որը պայմանականորեն ժողովուրդը բաժանել է մի քանի մասի: Հեքիմյանի վերևի մասը անվանում էին «եկեղեցուն թաղը» կամ «տիվերի եկեղեցու թաղը» ի պատիվ այնտեղ գտնվող Սուրբ Հակոբ եկեղեցու: Եկեղեցու մոտ գտնվում էր «Էմբադա առևտրի կենտրոնը»՝ իր ամենամեծ սուպերմարկետով, որն անհնար էր դատարկ պատկերացնել, բայց շրջափակումը փոխեց ամեն ինչ:

Թաղամասի մեծ մասը բարձրահարկ շենքեր են, որտեղ ապրում էին հասարակ ստեփանակերտցիները: Երեխաները հաճախում էին մոտակա 10-րդ և 11-րդ դպրոցները, իսկ ազատ ժամանակ հավաքվում խաղում էին և նույնիսկ համերգներ էին կազմակերպում:

Շրջափակման ժամանակ բավականին բարդ էր, և բնակիչները  տարբեր հնարքներ էին փնտրում այն թեթևացնելու համար: Հեքիմյանի բնակիչ Ն.Բաղդասարյանը հիշում է, որ շրջափակման ժամանակ նրանք հարևաններով փայտե վառարան  էին դրել 8-րդ հարկում՝ ճաշ պատրաստելու համար:

Հարցին, թե ինչ կարող են պատմել իրենց թաղամասի մասին, պատասխանեց՝ «մեր պատուհանից եկեղեցին էր երևում և ես նայում էի եկեղեցուն ու աղոթում»:

Քրիստինե Ալավերդյան

Ինչպես դիմավորեցին արցախցիներին Հայաստանում և որտեղից եկան նոր դժբախտությունները

Երեկ ՀՀ կառավարությունը վերջապես հայտարարեց արցախցիներին կենսաթոշակների և նպաստների տրամադրման դիմումների ընդունման վերջնաժամկետի մասին՝ դա կարելի է անել դեկտեմբերի 11-ից։ Նշվեց նաեւ, որ այսօրվանից 37 հազար արցախցիներ կկարողանան 50 հազար դրամի օգնություն ստանալ։

Սեպտեմբերի վերջին օրերին Հայաստան ժամանած՝  ունեցվածքը, տունը, հայրենիքը, պետությունը, ինքնակառավարումը կորցրած արցախցիները հոգատար ընդունելության են արժանացել Հայաստանում։ Անմիջապես Կոռնիձորում նրանց դիմավորեցին սննդամթերքով ու անհրաժեշտ պարագաներով կամավորները, տեղում գրանցեցին, հազարավոր մարդկանց ապաստան տրամադրվեց։ Ե՛վ համայնքի ղեկավարները, և՛ շարքային բնակիչները փորձում էին օգնել ինչով կարող էին և մինչ օրս օգնում են: Երեխաները տեղավորվեցին դպրոցներում, տեղավորվեցին նաև ուսանողները՝ հիմնականում առաջին տարին անվճար։ Կարիքավորներին օգնություն է տրվում՝ սնունդ, անկողնային պարագաներ, մահճակալներ, հագուստ։

Հոկտեմբերին յուրաքանչյուր տեղահանվածի համար տրվել է 100 + 50 հազար դրամ։ Մարդիկ, վստահ լինելով, որ գոնե մի քանի ամսով օգնություն կլինի, իրենք էլ գործի կտեղավորվեն, վարձակալեցին անհավանական թանկացած բնակարաններ։ 2 ամսում արցախցիներին տրամադրված 150 հազար դրամը ուղղակի փոխանցվել է Երևանի և այլ քաղաքների բնակարանատերերին։

Հայաստանում բնակարանների վարձակալությունն արժե նույնը, ինչ Լոնդոնում, և կարևոր չէ, թե ինչ պայմաններ են, ինչ տարածքում և ով է ապրում բնակարանում։ Արցախցիները ստիպված են կուչ գալ երկու ընտանիքով մի փոքրիկ բնակարանում, որպեսզի կարողանան վարձը վճարել և ուտելիքի համար ինչ-որ բան թողնել։

Բայց հետո սկսվեցին նոր դժբախտություններ։ Սկզբում, չգիտես ինչու, արցախցիներին ստիպել են հաշվառվել այն բնակարաններում, որտեղ ապրում են՝ շանտաժի ենթարկելով, որ հակառակ դեպքում թոշակ ու նպաստ չեն տա (չնայած, ի՞նչ տարբերություն կա, թե որտեղ է հաշվառված անձը, մանավանդ որ խոսքը ուրիշի սեփականության մասին է)։ Ավելի ուշ պարզ դարձավ, թե ինչու է դա արվել՝ որպեսզի գրանցեն բոլոր այն հասցեները, որոնք վարձակալության էին տրվում։ Դեկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտել վարձակալած բնակարանների հարկման մասին օրենքը, և այժմ տանտերերը պետք է վճարեն հարկերը։

Որոշ տանտերեր արդեն բարձրացրել են վարձը՝ ոմանք 10 հազարով, ոմանց՝ միանգամից 20 հազարով, և դեռ ոչ մի օգնություն չի ցուցաբերվել։ Թեև օրական 10 անգամ ասում են, որ արցախցիներին 100 հազար դրամ են տալիս։ Այնպիսի տպավորություն է, որ այդ 100 հազար դրամը տրվում է օրական մի քանի անգամ, թեև վճարումը միանվագ է եղել։

Այժմ արցախցիները ստիպված են լինելու էլ ավելի շատ վճարել վարձակալության համար, իսկ արցախցիներին հատկացվող նոր գումարները կրկին կհոսեն երեւանցիների ու այլ բնակարանատերերի գրպանները, մի քիչ էլ բյուջե՝ հարկերի տեսքով։ Արցախցիների գրպանները էլի դատարկ են մնալու։

Բայց սա դեռ ամենը չէ: Արցախցի փաստաբան Էրիկ Բեգլարյանն, օրինակ, բաց նամակ է գրել Փաշինյանին ու Շահրամանյանին։ Նա նշել է՝ կան որոշումներ, որոնցից ակնհայտ է, որ արցախցիների համար միտումնավոր արհեստական ​​խոչընդոտներ են ստեղծվում։ Խոսքը վերաբերում է, օրինակ, այն կետին, որ 50 հազար դրամ չեն ստանա նրանք, ովքեր իրենց հաշվին ունեն 2 միլիոն դրամ։ Փաստաբանը հիշեցնում է բանկային գաղտնիքի մասին։ Նա նաեւ ասում է, որ մարդիկ քրտնաջան աշխատանքով են վաստակել ու խնայել այս 2 միլիոն դրամը, հիմա էլ պատժվում են իրենց տքնաջան աշխատանքի ու խնայողության համար։

Գրանցման պահանջի վերաբերյալ պահեստազորի գնդապետ Արա Քամալյանը դիմել է փոխվարչապետին, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ խնդրելով «գրանցել իր ընտանիքին իրենց տներում՝ որպես հայ, որպես հինգ երեխաների հայր։ Ես էլ կդառնամ Հայաստանի քաղաքացի ու կդադարեմ մտածել Իսպանիա կամ Ֆրանսիա տեղափոխվելու մասին»։

Բացի այդ, ինչպես ցանցում են ասում, պետական ​​կառույցներում աշխատանքի տեղավորվելու համար արցախցիներին ստիպում են «հավատարմության» թեստ անցնել․ հարցնում են, թե ինչպես են վերաբերվում Փաշինյանի քաղաքականությանը, ո՞ւմ են մեղադրում Արցախում տեղի ունեցածի մեջ, և այսպես շարունակ։

Արցախից բռնի տեղահանված անձանց համար օժանդակության ծրագրեր են իրականացվել՝ 47,3 մլրդ դրամի չափով

Արցախից բռնի տեղահանված անձանց համար օժանդակության ծրագրեր են  իրականացվել՝ 47,3 մլրդ դրամի չափով, որից կրթության ոլորտի գծով՝ 1,2 մլրդ դրամի չափով, իսկ կենսաթոշակների գծով հատկացվել է 22,5 մլրդ դրամ։ Այս մասին ԱԺ նիստում 2024 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

«Սա բռնի տեղահանված մեր հայրենակիցներին աջակցելու ամբողջ ծավալը չէ, ներկայումս քննարկումներ են գնում բնակարանային ծրագրերի, վերապատրաստումների, աշխատանքի տեղավորման եւ բնականոն կյանքին վերադառնալու այլ անհրաժեշտ միջոցառումների վերաբերյալ։ Պահուստային ֆոնդը 2024 թվականին նախատեսվել է աննախադեպ՝ 156 մլրդ դրամի մակարդակում։ Վստահ ենք, որ այս միջոցները բավարար են ֆիսկալ ռիսկերն ապահովելու եւ Լեռնային Ղարաբաից բռնի տեղահանված մեր հայրենակիցների հավելյալ կարիքները հոգալու համար»,- ասաց նախարարը։

Նա նշեց, որ նաեւ ակտիվ աշխատանքներ են տարվում միջազգային գործընկերների հետ՝ Արցախից տեղահանված անձանց կարիքները հոգալու համար ֆինանսական աջակցություն ստանալու նպատակով։ «Այս պահին ունենք հայտարարված բյուջետային աջակցության միջոցներ Եվրամիությունից, Ֆրանսիայից, Չինաստանից եւ բանակցություններ են վարվում մի շարք այլ գործընկերների հետ։ Այս միջոցներն ստանալուն պես մենք հնարավորություն կունենանք կա՛մ նվազեցնել բյուջեի պլանավորված դեֆիցիտը, կա՛մ նախատեսել հավելյալ հրատապ ծախսեր»,- հավելեց նա։