Եւս մեկ հրաշք խաչքար՝ Սարսանգի հովտում

Լուսանկարի  գեղաքանդակ  խաչքարը Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայության աշխատանքային խմբի կողմից փաստագրված ու վավերացված այն հարյուրավոր նորահայտ խաչքարերից է, ու նաև վերջիններից մեկը, որն արձանագրվել է Արցախի շրջափակումից 20 օր առաջ։ Գտնվում է Մարտակերտի շրջանում՝ Սարսանգի հովտում։ Պատմական աղբյուրներում և առհասարակ գրականության մեջ հուշարձանի մասին տեղեկություններ չկան։ Դատելով հուշարձանի տեղակայվածությունից կարելի է ենթադրել, որ այն ծառայել է որպես սրբատեղի:

Խաչքարը կերտված է կրաքարից։ Աչքի է ընկնում XII-XIII դդ. բնորոշ ուշագրավ զարդաքանդակներով: Կենտրոնում մեծադիր ծաղկած խաչն է, ստորին մասում՝ արմավազարդ, եզրամասերում՝ բուսական, հյուսկեն-մանվածո քանդակներ: Արձանագրություն չի պարունակում: Ուշագրավ են  նաև խաչի ներքնամասում քանդակված պատկերները, որը հիշեցնում է Ասկերանի շրջանի Քարագլխի XIIIդ. զույգ խաչքարերից աջակողմյան կոթողին, որտեղ ներկայացված են կնոջ ու տղամարդու պատկերներ և նրանց կողմից բռնած մատուցարան իր պարունակությամբ:

Ըստ էության կյանքի հարատևությունը խորհրդանշող գունդը (շրջանակը) այստեղ արտահայտվում է կենցաղային մոտիվների պատկերմամբ, որն Արցախում հազվադեպ երևույթ չէ:

Ցավոք սրտի վառելիքի բացակայության պատճառով շատ հուշարձաններ, այդ թվում խաչքարեր չվավերացվեցին, չլուսաբանվեցին ու մնացին անհասանելի։

Ռեւանշ` նշանակում է գործել արդար հատուցման, վրեժի եւ մեր կյանքն ու տունը վերականգնելու համար

Step1.am-ի զրուցակիցն է Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։

-Ձեր՝ «ես ռեւանշիստ» եմ հայտարարությունը քննարկման առիթ հանդիսացավ։ Այսօր իշխանությունները փորձում են հասարակությանը համոզել, որ ռեւանշը վատ բան է, ինչպե՞ս եք սա գնահատում։

-Երբ ես ասել եմ՝ «ռեւանշիստ եմ», նաեւ բացատրել եմ, թե դա ինչ է նշանակում։ Դա նշանակում է, որ մենք պետք է գործենք արդար հատուցման, վրեժի եւ մեր կյանքն ու տունը վերականգնելու համար։ Հիմա եթե որեւէ մեկը սրա հետ խնդիր ունի, ուրեմն գնահատականը թողնում եմ ձեզ՝ մտածելու՝ ինքն ուրացո՞ղ է, դավաճա՞ն է։ Եթե մեկը դրա հետ խնդիր ունի, ուրեմն ինքը մեր ինքնության հետ կապ չունի եւ միգուցե այս ամենի պատճառն ինքն է։ Ռեւանշիստ լինելը փորձում են ներկայացնել սեւ գույներով, պիտակավորել, որ դա իբրեւ շատ վատ երեւույթ է։ Բայց բոլորովին էլ այդպես չէ, դա պարզապես մեր կոչումն է՝ հանձնվելու փոխարեն պայքարել։ Մենք արդեն իսկ մեր հայրենիքի մեծ հատվածը՝ մեր Արցախ աշխարհը գոնե այս պահին կորցրել ենք։ Մենք ոչ միայն հող ու տարածք ենք կորցրել, այլ մեր ինքնությունն է խոցված, մեր արյունն է կորսված, մեր սրբավայրերն ու գերեզմաններն են կորսված։ Մի ամբողջ պատմություն ու կենսագրություն գլխիվայր շրջված է։

Մեր հասարակության մեջ պայքարի ներուժ կա՞։ Այս հարցի պատասխանը կարեւոր է հատկապես հիմա, երբ իշխանության մակարդակով փորձում են մարդկանց խեղճություն ու պարտվողական թեզեր ներարկել։

-Այո՛, կա այդ ներուժը, անշուշտ կա։ Կառավարություն չունենք այսօր, խնդիրը դա է։ Այնտեղ աթոռ զբաղեցնող մարդիկ են նստած, բայց մենք կառավարություն չունենք։ Եթե մենք կառավարություն ունենանք, ինչպե՞ս կարող են Արցախի Հանրապետության պետական ինստիտուտների վրա մատ թափ տալ։ Իրենք գործել են ամբողջ ավերը, բայց մեղքը փորձում են դնել մարդկանց վրա, որոնք ընդամենը 10 օր են եղել իշխանության ղեկին։ Սա երեսպաշտություն էլ չէ, կեղծիք էլ չէ, սա ավելին է։ Մենք ակնկալում ենք, որ այս կառավարությունը կամ պետական այրերն ինչ-որ բա՞ն պետք է անեն։ Հակառակը, համագործակցում են մեր թշնամի երկրի իրենց գործընկերների հետ։ Իրենց համար արժեքը ոչ թե հայրենիքն է, ոչ թե ինքնությունն է, այլ նյութական միջոցներն ու փողն են։

Մեր հասարակության մեջ ներուժը կա, եւ հասարակությանը ճիշտ առաջնորդություն  է պակասում։ Հասարակությանը ճիշտ ուղղորդելու ու առաջնորդության դեպքում մենք ամեն ինչի էլ կհասնենք։ Ես մշտապես ասել եմ, որ ինձ համար անհասկանալի է, թե ինչպես կարող է մեր ազգն այսքան մեծ ներուժ ունենալ՝ թե՛ մարդկային, թե՛ նյութական, եւ այսպիսի վիճակում գտնվել։ Հետեւաբար, գաղտնիքը համախմբվելն է, մարդկանց առաջնորդելն է։ Իսկապես ազգային նվիրումով, հայրենիքով, հավատքով, ուղղակի առաջնորդել, գաղափարական առաջնորդություն ունենալ, սա է մեր ամբողջ պրոբլեմը։

-Մեր թշնամիները վախենում են հայ ժողովրդի ռեւանշից եւ չեն էլ թաքցնում դա։ Հայաստանի իշխանությունները հայտարարում են, որ եթե խաղաղության են գնում, իհարկե, ռեւանշ չի լինելու, այսինքն՝ թշնամուն երաշխիք են տալիս, որ ռեւանշ չի լինելու։ Ռեւանշ չանելը խաղաղության հասնելու գրավակա՞ն է։

-Բացարձակ ոչ, եւ իմ հայտարարությունը հենց դրա պատասխանն էր։ Թշնամի պետության ղեկավարը հայտարարեց, այստեղից էլ երաշխիք տվեցին։ Իմ հայտարարությունը հենց այդ մասին էր, ու դուք սխալված եք, ռեւանշ լինելու է։ Մենք նախ մեր ներսն ենք ազատագրելու, ապա մեր ամբողջական հայրենիքը։

 

Հայաստանի ազգային գրադարանում՝ Շուշիի 1838 թ-ից գործող գրադարանի մասին

Հայաստանի ազգային գրադարան

Շուշիում առաջին պրոֆեսիոնալ գրադարան-ընթերցարանը սկսել է գործել 1838 թվականի հունիսի 22-ին՝ Ղարաբաղում Ներսես Աշտակեցի Կաթողիկոսի հիմնած հայոց հոգևոր թեմական դպրոցում, որի գործունեությունը շարունակվեց մինչև 1921-ի սկիզբը։

Հայաստանի ազգային գրադարանի (ՀԱԳ) մատենագիտության և գրադարանագիտության բաժնի 1-ին կարգի մատենագետ, Արցախի սեպտեմբերյան հայաթափման ու բռնագաղթի հետևանքով Հայաստան տեղափոխված Իրինա Առաքելյանը պատմեց Արցախի գրադարանների գործունեությանը նվիրված իր զեկույցում:

Նա տեսասահիկի և տեսանյութերի ցուցադրությամբ հանգամանալից ներկայացրեց Արցախի գրադարանները՝ դրանց ստեղծման ակունքներից մինչև մեր օրերը:

Իրինա Առաքելյանը նշեց, որ 2019-2022 թվականներին Ազգային գրադարանը 961 միավոր գրականություն է տրամադրել Արցախի գրադարաններին։ ՀԱԳ տնօրենի գիտական գծով տեղակալ Հայկանուշ Ղազարյանը և մի խումբ աշխատակիցներ տարբեր տարիների սեմինար-քննարկումներ են անցկացրել Արցախի մի շարք գրադարաններում։

Ընդգծվեց, որ Ազգային գրադարանը նախաձեռնել է «Արցախի (Լեռնային Ղարաբաղ) վտանգված ժառանգությունը» և «Միջազգային ԶԼՄ-ները Արցախի մասին» խորագրերով շտեմարանների ձևավորման աշխատանքները DSpace հարթակում:

Կրուգավայա փողոցը․ այնտեղից բացվում էր տեսարան դեպի ամբողջ Ստեփանակերտը

Արցախի Կրուգավայա փողոցը գտնվում է Ստեփանակերտի վերեւի հատվածում, որը ժողովրդի մեջ հայտնի է որպես «Պարալելնի»:

Պարալելնին կազմված է 6 փողոցներից, որոնցից յուրաքանչյուրը ունի իր անունը, իսկ այդպես էր կոչվում, քանի որ վերևից նայելու դեպքում փողոցները իրար դեմ դիմաց են:

Կրուգավայա փողոցով անցնում է այդեղ հասնող միակ տրանսպորը՝ “14 համարի մարշրուտկան”: Թաղամասը բավականին հանգիստ, առանց բարձրահարկ շենքերի էր, եւ գրեթե բոլորը ունեին իրենց փոքրիկ բանջարանոցներ, որոնք փրկություն էին տեղացիների համար շրջափակման պայմաններում:

Այստեղ էր գտնվում քաղաքը գրկող չորս խաչերից մեկը: Ըստ ստեփանակերտցիների՝ հենց այս խաչի մոտակայքում էին մարդիկ հավաքվում, ինչ-որ փոքրիկ առիթներ նշում, որը առավել արդիական էր շրջափակման ժամանակ:

Պարալելնու խաչի մոտակայքից բացվում էր տեսարան դեպի ամբողջ Ստեփանակերտը, այն նամանավանդ տպավորիչ էր երեկոները՝ երբ ամբողջ քաղաքը գեղեցիկ լույսերի մեջ էր: Մարդիկ ուղղակի վերցնում էին փոքրիկ վերմակները, թերմոսով տաք թեյը, թեյի հետ ինչ-որ քաղցր և վայելում էին գիշերային մայրաքաղաքը:

Այս փողոցի բնակիչները եւս հասարակ, մեկը մյուսի բարին կամեցող մարդիկ էին՝ ամառները գորգերն էին հանում լվանում, իսկ երեխաները հավաքվում էին գորգի շուրջը իբրեւ թե օգնելու նպատակով, իսկ իրականում ցանկանում էին ամառվա շոգին մի փոքր հովանալ:

Քրիստինա Ալավերդյան

«Դեպի երազանք» գրքի 17-ամյա հեղինակ․ ուզում են գրել երկրորդ հատորը

17-ամյա Վիկտորիա Միքայելյանի պատմությունը անսովոր տոկունության և փոփոխությունների դժվարին պայմաններում կրթության փափագի, հաջողության հասնելու ցանկության մասին է։ Ի՞նչ անել, ո՞ր կետից շարունակել կյանքը, երբ քո ծննդավայրից միայն հիշողություններ են մնացել։

Ինչպես ինքն է վկայում՝ շրջափակման առաջին օրերին խուճապ չկար ու ամեն երկուշաբթի սպասում էին հրաշքի՝ ճանապարհը կբացվի։ Եղանակի ցրտելու հետ դժվար էր օրը պլանավորել հովհարային գրաֆիկով, դաս սովորել մոմի լուսի տակ, ոտքով կիլոմետրեր հատել պարապմունքի հասնելու համար։

«Այդ ժամանակ սկսվեցին իմ կյանքի ամենածանր օրերը։ Զգում էի, որ լրիվ պարփակված եմ։ Գործնական աշխատանքներ էի ստանում Երևանից և դրանք ստիպված էի մերժել, որովհետև շարժական համացանցը երբեմն չէր աշխատում։ Երազկոտ մարդու համար դժվար էր ապրել այդ պայմաններում և հերթով սպանել երազանքներդ»,-պատմում է նա։

Սեպտեմբերի 19-ին, չնայած բարձր ջերմությանը, դպրոցում էր։ Մեկ ժամ առաջ լուրեր էին պտտվում, որ սահմանին  իրավիճակը ծանր է։ Մի քանի րոպե անց դպրոցը դղրդում էր պայթյուններից։  «Ժամացույցին նայեցի, 13։13 էր ու ասում են, որ նույն թվերի դեպքում պետք է երազանք պահել․․․Ողջ մնանք»,- ծանր զգացողությամբ վերհիշում  է նա։

Նկուղում անցկացրած 24 ժամը հավերժություն էր թվում։ Փոքրիկ ծխնելույզը լույսի մի շող էր ներս թողնում։ Անօդաչուների աղմուկը սպանում էր ողջ մնալու վերջին հույսերը։

Ծննդավայրին հրաժեշտ են տվել սեպտեմբերի 25-ին՝ պայթյունից առաջ։ Առաջինը հրաժեշտ է տվել դպրոցին, որն այդպես էլ չհասցրեց ավարտել․․․44-օրյա պատերազմում զոհված  ուսուցիչ պարոն Դոլուխանյանի անունը կրող դասարանը ամբողջ դպրոցն էր փայփայում։ Այդ օրը Շոշ գյուղից մազապուրծ փախած մարդիկ էին նախաճաշում այնտեղ։

Հաջորդ կանգառը տատիկի տունն էր ու այն պատշգամբը, որտեղ սուրճ էին խմում։ Տատիկի աճեցրած մրգերը վերջին անգամ քաղեցին․․․

Արցախից հող չի բերել, իր պատկերացումներում Արցախը հուշանվերի չի կարողանում վերածել․․․․

Բերել է շտեմարանները, որոնցով պատրաստվում էր քննություններ հանձնել, և իր ստեղծագործությունները։ «Դեպի երազանք», այս վերնագիրն է տվել 44-օրյա պատերազմից հետո գրված իր գրքին։ Չնայած նրան, որ պատերազմում եղբայր է կորցրել ու բազմաթիվ դժվարություններ հաղթահարել, գիրքը լավ ավարտ ունի։ Հիմա մտորում է երկրորդ մասը գրելու և տպագրելու  մասին․․․

«Ստեփանակերտի իմ ամենասիրելի վայրը նոր այգին էր։ Այնտեղ զոհված տղաների նկարներն էին կախված, այնտեղ իմ հոգին թեթևանում էր։ Եթե ամեն օր չհասցնեի, երկու օրը մեկ գնում էի եղբորս ամեն ինչ պատմելու։ Փորձում եմ լավը հիշել, մոռացության տալ վերջին ամիսներին կրածը, հյուծվածությունը։

Այս պահին փորձում եմ մութ օրերը մի կողմ թողնել, նոր կյանք սկսել, աշխատել, արարել։ Նոր բարձունքներ կան գրավելու․․․Ուզում եմ, որ մեր բարբառը չկորչի, ամեն մի րոպեն արժևորված ապրել ու զգալ այն ամենը, ինչ չենք կարողացել զգալ ինչ-որ ժամանակ․․․»,- ասում է նա։

Տաթև Ազիզյան

 

Խաղաղության պայմանագիրը 100 տոկոսով ամեն ինչ չի լուծի. Բաքու

Խաղաղության պայմանագիրը ամեն ինչ 100 տոկոսով չի լուծի։ Այս մասին ասել է Բաքվի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։

Նրա խոսքով՝ Ադրբեջանը խաղաղության համաձայնագրի հետ կապված բոլոր կարեւոր նախաձեռնությունների հեղինակն է։ «Գործընթացը կախված չէ մի կողմի ցանկությունից։ Կարեւոր է, որպեսզի երկու կողմերը այստեղ համապատասխան քայլեր ձեռնարկեն։ Ադրբեջանի լիակատար ինքնիշխանոսւթյան վերականգնումից հետո մենք ուշադիր հետեւում ենք Հայաստանի քաղաքական ղեկավարության ուղերձներին։ Մենք նաեւ լսում ենք որոշ դրական արձագանքներ»։

Նա տեղեկացրել է, որ առաջարկների հերթական փաթեթը խաղաղության պայմանագրի վերաբերյալ պաշտոնական Բաքուն Երեւանից ստացել է այս տարվա նոյեմբերի վերջին։ «Առաջարկների փաթեթը, որը մշակել ենք մենք մեկ ամսվա ընթացքում, ներկայացվել է Հայաստանին։ Գործընթացը շարունակվում է։ Ես կարծում եմ, որ հանդիպումները կկայանան 2024թ.։ Մենք այդ հարցին նայում ենք իրատեսորեն եւ լավատեսորեն։ Միեւնույն ժամանակ, երբ խոսում ենք խաղաղության համաձայնագրի մասին, մենք պետք է հասկանանք, որ այն ամեն ինչ 100 տոկոսով չի լուծի»,- ասել է Բայրամովը։

3-րդ ամիսն է, ինչ արցախցիները չեն ստանում իրենց հասանելիքը։ Մարդիկ  հայտնվում են դրսում

«Հայաստան» խմբակցության անդամներ Թադևոս Ավետիսյանի և Գառնիկ Դանիելյանի հետ քննարկվել են արցախցիների սոցիալական խնդիրները քաղաքական մակարդակում։

Step1.am-ի հետ զրույցում ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը նշել է, որ բազմաթիվ հանդիպումների ընթացքում արցախահայերը խնդիրներ են բարձրացրել թե՛ բնակարանային վարձերի հետ կապված, թե՛ աշխատատեղերի, թե՛ ինտեգրվելու հետ կապված, թե՛ փաստաթղթային հարցերի հետ կապված:

«Մարզերից Երևան գալու դեպքում առաջանում են տրանսպորտային խնդիրներ, հերթերի հետ կապված խնդիրներ և այս ամբողջը լուծում չի ստանում։ Շատ մարդիկ անձնական նամակներով և հանդիպումների ժամանակ խնդրում են, որ այդ հարցերին լուծում տրվի, քանի որ արդեն 3-րդ ամիսն է, ինչ փաստացի չեն ստանում իրենց հասանելիքը և դա առաջացնում է նաև կենսապահովման խնդիրներ։ Մարդիկ  հայտնվում են դրսում։ Ընտանիքներ գիտեմ, որ իրենց հասանելիքը չեն ստացել և այսօր, այս պայմաններում չունեն տուն, կացարան, համապատասխան պարագաներ և սա խոսում է համակարգային խնդիրների մասին, որոնք չլուծելու դեպքում կկանգնենք լուրջ աղետի առջև։ Խնդիրներից կուզեմ առաձնացնել արտագաղթի մտահոգիչ տեմպերը։ Մեր խնդիրն է ամեն ինչ անել, որպեսզի կարողանանք ապահովել առաջին անհրաժեշտության, կեցության պայմանները, որ հոսքը չշատանա»,-ասել է նա:

Թադևոս Ավետիսյանը բազմաթիվ առիթներ է ունեցել այս վերջին 2 ամսվա ընթացքում հիմնավորելու, որ աջակցությունը, այդ թվում՝ ֆինանսական, Արցախից բռնի տեղահանված և ցեղասպանությունից մազապուրծ պրծած հայրենակիցների այս իշխանությունների օրոք ոչ միայն համարժեք չի իրենց սոցիալական և հանրային կյանքի մյուս խնդիրներին, այլ նաև այդ ընթացակարգերն այնքան բարդ են, որ բազմաթիվ հայրենակիցներ ունենալով օգնության առաջնային անհրաժեշտությունը, շարունակում են չստանալ և հասու չլինել այդ օգնությանը:

«Պետական կառավարման մարմինները լավ գիտեն, որ այս աջակցությունը ժամ առաջ մարդկանց անհրաժեշտ է և շատ էլ լավ գիտեն, թե ինչ խնդիրներ են հարուցում խառնաշփոթ կարգավորման պարագայում: Ամեն անգամ իշխանություններն ինչ-որ թիվ են իջեցնում, բայց փաստն այն է, որ ոչ բոլոր քաղաքացիներն են ստացել և փաստն այն է, որ մեր դիտարկումներով ամենախոցելի ընտանիքները չստացողների ցանկում են: Պետք է հաշվի առնենք, որ արցախցին ունի բարձր արժանապատվություն և աջակցությունը պետք է այնքան սահուն լինի, բարոյական նորմերով համեմված, որ մարդկանց համար ողորմության տպավորություն չթողնի: Եթե մենք իրապես  չենք ուզում, որ մեր հայրենակիցներն արտագաղթեն  և 2-րդ անգամ թողնեն իրենց հայրենիքը, ապա պիտի ողջ ծավալով և’ իրավական, և’ բարոյական, և’ սոցիալական համարժեք աջակցություն ցուցաբերվի»,- նշել է նա:

Տաթև Ազիզյան

Բորելը անազնիվ է. Եվրոպայի ճակատագիրը կախված է ոչ թե Ուկրաինայից և Պաղեստինից, այլ Արցախից

ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը The Guardian-ին տված հարցազրույցում նշել է, որ Ուկրաինայում վտանգված է Եվրամիության գոյությունը։ «Ռուսաստանը երբեք ի վիճակի չի եղել ազգ դառնալու. միշտ կայսրություն է եղել ցարով, սովետներով, հիմա էլ՝  Պուտինով։ Սա Ռուսաստանի մշտականությունն է, նրա քաղաքական ինքնությունը և, որպես հետևանք, սպառնալիք իր հարևանների և հատկապես մեզ համար», – ասել է Բորելը:

Գազայի հատվածում պատերազմի վերաբերյալ նա նշել է, որ ՀԱՄԱՍ-ը «ոչ միայն ռազմական ուժ է, այլ գաղափար»։ «Գաղափարը որպես այդպիսին կարելի է հաղթել միայն ավելի լավ գաղափարներով, ոչ միայն ռումբերով»:

Եվրոպայի արտգործնախարարը, փաստորեն, ընդունում է, որ Եվրոպայի ճակատագիրը կախված է նրանից, թե արդյոք այսպես կոչված ժողովրդավարական աշխարհը կճանաչի հակամարտությունների ուժային լուծման օրինականությունը։ Ուկրաինայում և Պաղեստինում հենց այս հարցն է լուծվում։ Բայց Ուկրաինան և Պաղեստինը հնարավոր դարձան, քանի որ «ժողովրդավարական աշխարհը» լռելյայն ճանաչեց 2020-2023 թվականներին Արցախում Հայաստանի դեմ ռուս-թուրքական ահաբեկչական պատերազմի արդյունքները։

Արցախյան պատերազմից հետո միջազգային փաստաթղթերից ինչ-որ տեղ անհետացան հղումները երեք հիմնարար միջազգային սկզբունքներից երկուսին` ինքնորոշման իրավունքին և հակամարտությունների ուժային լուծման անթույլատրելիությանը:

2023 թվականի հոկտեմբերի 21-ին ԱՄՆ-ԵՄ համատեղ հայտարարության մեջ ասվում է, որ ստորագրողները «շարունակում են հավատարիմ մնալ Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հաստատմանը` հիմնված ինքնիշխանության, սահմանների անձեռնմխելիության և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա»: Ոչ մի հիշատակում ուժի չկիրառման «սրբազան» սկզբունքի մասին, որի վրա, ըստ էության, կառուցված է «ժողովրդավարական աշխարհը»։ Հիշատակում չկա, քանի որ այս դեպքում հարկ կլիներ Իսրայելին զրկել «ինքնապաշտպանության իրավունքից» և «նեղացնել» նավթաբեր Ալիևին։

Politico-ն գրում է, որ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, ով Ալիևին անվանել է Եվրոպայի ամենահուսալի և վստահելի գործընկերներից մեկը, այդպես էլ չի մեկնաբանել սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին Արցախում տեղի ունեցած իրադարձությունները։ Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը «լավատեսական շտապ հեռախոսազանգ է արել Ալիևին և խնդրել, որ ղարաբաղցի հայերի հետ լավ վերաբերվեն, բայց Եվրոպան, ըստ երևույթին, չունի որևէ լծակ կամ ցանկություն Ալիևին պատժամիջոցներով պատժելու»,–գրում է թերթը։

Սա ԵՄ գործադիր մարմինների դիրքորոշումն է՝ չնայած այն հանգամանքին, որ 2023 թվականի հոկտեմբերի 5-ին Եվրախորհրդարանը բանաձեւ է ընդունել և կոչ արել պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի կառավարության անդամների նկատմամբ, ովքեր պատասխանատու են Լեռնային Ղարաբաղում հրադադարի, միջազգային և մարդու իրավունքների խախտման համար։

Այնպես որ, Բորելը անազնիվ է. փաստորեն, Եվրոպայի ճակատագիրը որոշվում է ոչ թե Ուկրաինայում կամ Պաղեստինում, այլ Արցախում։ «Ժողովրդավարական» կեղծավորությունը և սեփական հիմնարար սկզբունքների մերժումը Արցախում դոմինոյի էֆեկտի պես կհասնեն Եվրոպա։ Բորելի տագնապալի տոնը հուշում է, որ նա ամեն ինչ շատ լավ գիտի։

Նաիրա Հայրումյան

Իրավիճակը ՀՀ ճանապարհներին

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Վարդենյաց լեռնանցքը (բուք է և ձյուն) փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։

Սպիտակի ոլորանները, Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհը փակ են կցորդիչով բեռնատարների համար (մերկասառույց)։

Ոսկեպարի, Դիլիջանի ոլորանները և Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհը փակ են բեռնատարների համար:

Բերդ-Ճամբարակ և Գորայք գյուղ (նաև Ջերմուկի խաչմերուկից) տանող ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհը (բուք է) դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Տիգրանաշենի ոլորաններում, Սիսիան-«Զանգեր» կոչվող հատվածում, Տաթև-Լծեն, Գորիս-Սիսիան, Աբովյանի, Ապարանի, Արագածի և Թալինի տարածաշրջանների, Ջերմուկ քաղաք տանող, Սպիտակ, Ստեփանավան և Վանաձոր քաղաքների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Սյունիքի մարզում, Հրազդան, Գավառ, Սևան, Ճամբարակ և Բերդ քաղաքներում տեղում է ձյուն։

Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում, Արագածի, Գյումրու, Ախուրյանի, Աշոցքի, Ամասիայի տարածաշրջաններում, Գավառ, Սևան, Ճամբարակ քաղաքներում, Շինուհայր և Գորայք գյուղերում բուք է:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

225 մլրդ արցախյան վարկերը փակելու համար. ո՞վ է ստանալու փողը

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորները կշտամբում են արցախցիներին, որ եթե Արցախի պետական ​​կառույցները ցանկանում են շարունակել գործել, ապա ինչու իրենց վրա չեն վերցնում Արցախի կառավարության 315 միլիարդ պարտքը ՀՀ բանկերին։

Հայաստանի կառավարությունն իր վերջին նիստում հանձնարարել է 225 մլրդ դրամ հատկացնել՝ Հայաստանի բանկերի նկատմամբ Արցախի կառավարության ֆինանսական պարտավորությունների 70%-ը ծածկելու համար։

Իհարկե, դեռ պետք է պարզել, թե Արցախում ինչի վրա է ծախսվել 315 միլիարդ դրամը, արդյոք գումարն հատկացվել է ակնհայտ անտեղի նախագծերին, ովքե՞ր են հաստատել այդ նախագծերը Հայաստանում եւ այլն։ Բայց ՀՀ կառավարությունը 225 մլրդ է վճարելու հայկական բանկերին, ոչ թե Արցախի քաղաքացիներին։ Միակ բանը, որ կստանան արցախցիները, դա այն է, որ հայկական բանկերը որոշ մարդկանց վարկային պարտքերը դուրս կգրեն, որպեսզի նրանք կարողանան նորից վարկ վերցնել ու հայտնվել պարտքային գերության մեջ։

225 միլիարդ դրամը կհայտնվի բանկերում, որոնք վերջին մի քանի տարիներին, հատկապես մեծահարուստ ռուսների Հայաստան հոսքից հետո, սկսեցին առասպելական շահույթներ ստանալ՝ բարձրացնելով միջնորդավճարները և այլ ծառայությունները։ Բանկերն այնքան են հարստացել, որ դարձել են ուղղակի ներդրողներ շինարարության և այլ ոլորտներում։

Ինչ վերաբերում է Արցախին, ապա 2020 թվականից հետո Արցախում հայկական բանկերը վարկեր չեն տրամադրել, միայն ոսկու և այլ շահութաբեր գրավի դիմաց։ Միաժամանակ սառեցվել են վարկերի մեծ մասի վճարումները։ Տեղահանությանը նախորդող վերջին օրերին հայկական որոշ բանկեր ոսկի են վերադարձրել արցախցիներին։

Արցախում առևտրային բանկերը գործում էին Հայաստանի պետական ​​երաշխիքներով։ Բացի այդ, նրանք հասկանում էին բոլոր ռիսկերը, և յուրաքանչյուր պայմանագրում ամրագրված էր ֆորսմաժորային դեպք։ Ըստ ամենայնի, բանկերը 10-ամսյա շրջափակումը, սեպտեմբերի 19-ի պատերազմն ու արտաքսումը ֆորսմաժոր չեն համարել։

Ի թիվս այլ բաների, վարկերի մեծ մասը տրվել է Արցախում անշարժ գույքի և բիզնեսի գրավադրմամբ։ Հայկական բանկերն հասցրել են շահույթ ստանալ Արցախում աշխատելուց։ Հիմա, եթե անգամ Արցախի իշխանությունը շարունակի աշխատել, ապա այն վարկունակ չէ և կարող է միայն խորհուրդ տալ բանկերին ազատագրել Արցախը օկուպացիայից և հետ վերցնել գրավը։

Փաստորեն, ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը չթաքցրեց, որ որոշումը միտված է կանխարգելել «ՀՀ ֆինանսաբանկային համակարգի կապիտալի կորուստը և ֆինանսական կայունության խաթարումը, բանկերի ֆինանսական ցուցանիշների և վարկանիշների վատթարացումը, վարկավորման տոկոսադրույքների իջեցումը,  Լեռնային Ղարաբաղի բնակչության տնտեսական ակտիվության նվազումը, սոցիալական ծանր պայմաններում գտնվող խմբերի վարկունակության վատթարացումը»։

Հայաստանի կառավարությունը դեռ միջոցներ չի գտել Արցախի բնակչությանը կենսաթոշակներ, նպաստներ և ֆինանսական աջակցություն վճարելու համար՝ ակնհայտորեն մղելով նրանց դեպի բանկեր՝ նոր վարկեր ձեռք բերելու համար։

Մնացել է 3 շաբաթ

Արդարադատության միջազգային դատարանը նոյեմբերի 17-ին կայացրել էր որոշում՝ Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի շրջանակներում քննվող Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական գործով Հայաստանի կողմից ժամանակավոր միջոցներ կիրառելու թվով 5-րդ միջնորդության վերաբերյալ՝ բավարարելով Հայաստանի պահանջները: Ժամանակավոր միջոցներ կիրառելու վերաբերյալ այս միջնորդությունը ՀՀ-ն ներկայացրել էր այս տարվա սեպտեմբերի 19-ին՝ Արցախի վրա Ադրբեջանի հարձակումից անմիջապես հետո:

Մինչեւ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական գործով վերջնական վճռի կայացումը, դատարանն Ադրբեջանի նկատմամբ կիրառեց հերթական ժամանակավոր միջոցները։ Դատարանի պահանջներից առաջինը վերաբերում է արցախցիների՝ Արցախ վերադառնալու իրավունքին։ Ըստ այդմ՝ դատարանը պահանջում է Ադրբեջանից «​​ապահովել, որպեսզի այն անձինք, որոնք լքել են Լեռնային Ղարաբաղը 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո, եւ որոնք ցանկանում են վերադառնալ Լեռնային Ղարաբաղ, կարողանան դա անել անվտանգ, անարգել և արագորեն, ապահովել, որպեսզի այն անձինք, որոնք մնացել են Լեռնային Ղարաբաղում 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո, եւ որոնք ցանկանում են հեռանալ, կարողանան դա անել անվտանգ, անարգել եւ արագորեն, ապահովել, որպեսզի այն անձինք, որոնք մնացել են Լեռնային Ղարաբաղում 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո կամ վերադարձել են Լեռնային Ղարաբաղ, եւ որոնք ցանկանում են մնալ այնտեղ, զերծ լինեն ուժի կիրառումից կամ ահաբեկումից, որը կարող է նրանց փախուստի պատճառ դառնալ»:

Step1.am-ը հարց ուղղեց Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակին՝ ինչպե՞ս է Բաքուն կատարելու Միջազգային դատարանի որոշումը, այդ համատեքստում հնարավո՞ր է, որ Բերձորի միջանցքը բացվի։

Ի պատասխան գրասենյակից ասացին․ «Արդարադատության միջազգային դատարանի որոշումները ստեղծում են իրավաբանորեն պարտադիր պարտավորություններ այն պետությունների համար, ում նկատմամբ դրանք կայացվել են։ Նոյեմբերի 17-ի որոշմամբ Դատարանը հաստատել է, որ առկա է Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքներին անդառնալի վնաս հասցնելու անմիջական վտանգ։ Դատարանը Ադրբեջանին պարտավորեցրել է ապահովել 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո Լեռնային Ղարաբաղից հեռացած և վերադառնալ ցանկացող անձանց անվտանգ, անխոչընդոտ և արագ վերադարձը։

Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը նաեւ նշել է, որ դատարանի այս որոշումը, ինչպես և նախորդ որոշումները, ստեղծում են իրավաբանորեն պարտադիր պարտավորություններ համաձայն միջազգային իրավունքի, որոնք Ադրբեջանը պարտավոր է անհապաղ և պատշաճորեն կատարել: Մեր հարցին, թե ի՞նչ լծակներ կան՝ ստիպելու Բաքվին կատարել այս որոշումը, գրասենյակից ասացին․ «Կարևոր է նաև նշել, որ Դատարանը պարտավորեցրել է Ադրբեջանին որոշման հրապարակումից հետո 8 շաբաթվա ընթացքում հաշվետվություն ներկայացնել դատարանին այն քայլերի վերաբերյալ, որոնցով կապահովի ժամանակավոր միջոցների կատարումը։ Դատարանը նաև վերահաստատել է 2021 թվականի դեկտեմբերի 7-ի և 2023 թվականի փետրվարի 22-ի իր որոշումները»։

 

Համակարգիչ՝ կառավարության փոխարեն. արցախցիներին մղում են «սովի բունտի»

Այն բանից հետո, երբ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի գլխավորությամբ տեղի ունեցավ խորհրդակցություն, որտեղ ասվեց, որ Արցախի լուծարման մասին փաստաթուղթ չկա, Հայաստանի իշխող կուսակցության ներկայացուցիչները և նրանց աջակցողները, ովքեր մեղմ ասած սիրով չեն տրամադրված Արցախի նկատմամբ, սկսեցին բացահայտ շանտաժ ու քարոզչություն։ 

Մասնավորապես, ՔՊ պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը հայտարարեց, որ «եթե ԼՂ ինստիտուտները շարունակում են գործել, ապա գուցե իրենց վրա վերցնեն ՀՀ բանկերի նկատմամբ ունեցած Լեռնային Ղարաբաղի՝ 315 մլրդ ՀՀ դրամի չափով պարտքը, որն այսօր ՀՀ կառավարությունը ստիպված եղավ վերցնել իր վրա»։ Եվ որ ՀՀ իշխանությունները թույլ չեն տա Արցախի իշխանությանը Հայաստանում անել նույնը, ինչ Արցախում։

Նույնքան հայտնի այլ հասարակական գործիչներ Սամվել Շահրամանյանին մեղադրում են բոլոր հնարավոր մեղքերի մեջ՝ հայտարարելով, որ նրան Բաքվից կառավարում են Բակոն և Արկադին, որ ռուսները նրան բերել են Հայաստան, որպեսզի նա այստեղ էլ ամեն ինչ հանձնի, ընդհանրապես՝ բոլոր վատ բաները գալիս են Արցախի ժողովրդից և նրա 9-օրյա նախագահից։

Հայաստանի կառավարության ներկայացուցիչները Արցախի կառավարության գործունեության շարունակությունն անվանում են «ռումբ Հայաստանի պետականության տակ»՝ նախապես Արցախին վերագրելով այն, ինչ կատարվելու է Հայաստանի հետ առաջիկա երկու հարյուր տարում։ Քարոզչությունն այնքան կոշտ ու լաչառ է, որ սովորական մարդիկ «հիվանդանոցային մահճակալի հարեւանների» մակարդակով կշտամբում են ցեղասպանությունը վերապրած արցախցիներին, որ միտումնավոր լքել են Արցախը, որպեսզի Քոչարյանն ավելի շատ ձայներ ստանա գալիք գարնանային ընտրություններում։

Քարոզչության անհեթեթությունը քողարկվում է նրանով, որ հեռուստատեսությամբ և յութուբում ինչ-որ «խելոքներ» անընդհատ հղում են են անում միայն իրենց հայտնի ինչ-որ աղբյուրներ, և հենց այնտեղ էլ ասում են, որ Հայաստանում բոլոր դժբախտությունները գալիս են արցախցիներից։ Եթե ​​նույնիսկ տվյալ արցախցին չի հարստացել մնացած հայության հաշվին, չի մասնակցել ընտրություններին, եթե անգամ ընդդիմություն է եղել, միեւնույն է, ինքն է մեղավոր, ի սկզբանե՝ պետք է ռուսներին չհավատար, սերժին, ռոբիկներին ու մյուս սամվելներին չպիտի ընտրեր։

Այս խելոքներից ոչ մեկն չի բացատրել, թե ինչո՞ւմն է Հայաստանում Արցախի իշխանության գոյության վտանգը, և ինչո՞ւ արցախցիները տեղահանությունից 3 ամիս անց սկսում են հասկանալ, որ շրջափակումն ու պատերազմը չեն ավարտվել, նրանք շարունակում են նորովի, էլ ավելի բարդ պայմաններում։

Ո՛չ Քաղաքացիական պայմանագրի պատգամավորները, ո՛չ էլ նրանց բազմաթիվ վճարովի քարոզիչները չեն ասում, թե ինչ է առաջարկվում արցախցիներին։ Ասենք, որ հունվարի 1-ից Արցախի իշխանությունը դադարեցնում է իր գործունեությունը, ասենք Շահրամանյանին ձերբակալեցին ու կախեցին, ո՞վ է զբաղվելու 150 հազար մարդու խնդիրներով։ Նույնիսկ դասարանում երեխաները ընտրում են ավագ, որը զբաղվում է կոլեկտիվ հարցերով: Հայաստանում արցախցիները զրկված են նույնիսկ ավագ ունենալու հնարավորությունից։

Երեք ամիս Հայաստանում արցախցիները դեռ չեն հասկացել, թե ով պետք է զբաղվի իրենց խնդիրներով՝ ոչ միայն կենսաթոշակներով ու ունեցվածքով, այլ քաղաքական իրավունքներով, թեկուզ 2020 թվականին դրա համար մանդատ են տվել խորհրդարանին։ Ինչպես գրում է Վարգդես Օվյանը, «Հայաստանում պետությունը համակարգիչներով, ինտերնետով ինչ-որ թղթաբանություններ է լրացնել տալիս, ամիսներով սպասեցնում, որպեսզի հաստատեն կամ մերժեն տալիք ֆինանսական աջակցությունն ու կենսաթոշակը…»։

Փաստորեն, Արցախի ժողովրդի կողմից ընտրված խորհրդարանի և կառավարության փոխարեն Հայաստանի իշխանություններն Արցախի ժողովրդին առաջարկում են վիրտուալ իշխանություն, երբ նույնիսկ դիմելու տեղ չկա, փաստաթղթեր ներկայացնելու և պահանջներ ներկայացնելու տեղ չկա։ Ինչ-որ մի երիտասարդ ջոյստիկով նստում է ինչ-որ գրասենյակում և որոշում, թե ում պետք է թոշակ տան և ում օգնությունը, ում քարտի վրա փող կա, ով է ապրում հարազատների մոտ և ով է քվեարկելու է Նիկոլի օգտին։

Արցախցիներն արդեն երեք ամիս է չեն ստանում իրենց թոշակները, սառեցվել է նաև դրամական օգնությունը, իսկ տանտերերը թանկացնում են բնակարանները, սպառվել են բոլոր պահուստները, եւ հազարավոր արցախցիներ արդեն հայտնվել են աղքատության եզրին։ Արցախցիներին մղում են սովի բունտի, և ոչ թե «ջոյստիկով տղայի», այլ Արցախի պետական ​​կառույցների դեմ։

Նաիրա Հայրումյան