Եւս մեկ հրաշք խաչքար՝ Սարսանգի հովտում

Լուսանկարի  գեղաքանդակ  խաչքարը Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայության աշխատանքային խմբի կողմից փաստագրված ու վավերացված այն հարյուրավոր նորահայտ խաչքարերից է, ու նաև վերջիններից մեկը, որն արձանագրվել է Արցախի շրջափակումից 20 օր առաջ։ Գտնվում է Մարտակերտի շրջանում՝ Սարսանգի հովտում։ Պատմական աղբյուրներում և առհասարակ գրականության մեջ հուշարձանի մասին տեղեկություններ չկան։ Դատելով հուշարձանի տեղակայվածությունից կարելի է ենթադրել, որ այն ծառայել է որպես սրբատեղի:

Խաչքարը կերտված է կրաքարից։ Աչքի է ընկնում XII-XIII դդ. բնորոշ ուշագրավ զարդաքանդակներով: Կենտրոնում մեծադիր ծաղկած խաչն է, ստորին մասում՝ արմավազարդ, եզրամասերում՝ բուսական, հյուսկեն-մանվածո քանդակներ: Արձանագրություն չի պարունակում: Ուշագրավ են  նաև խաչի ներքնամասում քանդակված պատկերները, որը հիշեցնում է Ասկերանի շրջանի Քարագլխի XIIIդ. զույգ խաչքարերից աջակողմյան կոթողին, որտեղ ներկայացված են կնոջ ու տղամարդու պատկերներ և նրանց կողմից բռնած մատուցարան իր պարունակությամբ:

Ըստ էության կյանքի հարատևությունը խորհրդանշող գունդը (շրջանակը) այստեղ արտահայտվում է կենցաղային մոտիվների պատկերմամբ, որն Արցախում հազվադեպ երևույթ չէ:

Ցավոք սրտի վառելիքի բացակայության պատճառով շատ հուշարձաններ, այդ թվում խաչքարեր չվավերացվեցին, չլուսաբանվեցին ու մնացին անհասանելի։