Կարեւոր քննարկում․ ինչպես պահպանել Արցախի պատմամշակութային բազմաշերտ ժառանգությունը

  • 13:19 25.01.2024

Արցախից բռնատեղահանվածների հրատապ խնդիրների շուրջ հանրային քննարկումների ծրագրի շրջանակներում Ստեփանակերտի մամուլի ակումբը, հերթական հանդիպում – քննարկումն է կազմակերպել, այս անգամ նվիրված Արցախի պատմամշակութային ժառանգությանը, առկա վտանգներին ու անելիքներին։ Ինչպես նշեց Ստեփանակերտի մամուլի ակումբի նախագահ Գեղամ Բաղդասարյանը, հրավիրվել են ոլորտի մասնագետներ, հանրային գործիչներ, որպեսզի քննարկման արդյունքում առավել հստակեցվեն մեր անելիքները՝ միտված միջազգային կառույցների հետ համագործակցությանը։

2020 թվականի, ապա նաև 2023 թվականի Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական ագրեսիայի արդյունքում պատմության մեջ առաջին անգամ Արցախի տարածքը հայաթափվեց, սակայն թշնամու վերահսկողության տակ մնաց հսկայական մշակութային ժառանգություն, որը ոչնչացման ու բռնայուրացման վտանգի տակ է։ Խնդրի վերաբերյալ տեղեկատվական նյութով հանդես եկան Արամայիս Աղաբեկյանը և Սարգիս Ասատրյանը։

Անդրադառնալով պատմամշակութային հուշարձաններին, մշակութաբան, պատմական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Համլետ Պետրոսյանը կարևորեց հուշարձան հասկացությունն անկախ կրոնական և էթնիկ պատկանելությունից, ինչպես նաև համագործակցությունը միջազգային գիտական հանրույթի հետ։ Անդրադարձավ հուշարձանների մշտադիտարկմամբ զբաղվող Monument Watch կազմակերպության գործունեությանն ու մեթոդաբանությանը։

ԱՀ ԿԳՄՍ նախկին փոխնախարար Լեռնիկ Հովհաննիսյանը նյութական մշակութային ժառանգությանը համընթաց ներկայացրեց այն մարտահրավերները, որոնք առկա են, ոչ մշակութային ժառանգության վերաբերյալ և ներկաների ուշադրությունը հրավիրեց նաև այդ խնդրին, երբ մոռացության վտանգի տակ են Արցախի բարբառը իր ենթաբարբառներով, սովորությունները և այլն։

“Արցախի մշակութային ժառանգության պահպանության հանրային խորհուրդ” ՀԿ նախագահ Սերգեյ Շահվերդյանի համար զարմանալի է, որ քիչ է ուշադրություն դարձվում շարժական մշակութային արժեքներին, մինչդեռ առնվազն  30 թանգարանային և արվեստի նմուշների հավաքածու է մնացել Արցախում, չհաշված մասնավոր արխիվները։

Ներկաները անդրադարձան նաև Արցախում մնացած գրադարանային ֆոնդին և մարդկային հիշողությանը, որպես սոցիոմշակույթ, որը նույնպես վտանգված է, կտրված լինելով իր բնական միջավայրից։

Հնչեցին տարբեր առաջարկություններ։ Ըստ պատմաբան Մհեր Հարությունյանի՝ շատ կարևոր է ստեղծել վիրտուալ Արցախ, որը կհամախմբի արցախահայությանը  և կբացահայտի Արցախը նոր սերնդի համար։

Տարօրինակ էր, որ քննարկմանը ներկա չէր ՀՀ ԿԳՄՍ նախարարության համապատասխան ոլորտի ներկայացուցիչը, մինչդեռ հայկական պատմամշակութային ժառանգության արցախյան հատվածի պահպանությունն ու պաշտպանությունը պետք է դառնա համահայկական խնդիր, միջազգային հարթակներում հաջողություն ապահովելու և Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը զսպելու և մշակութային ժառանգությունը փրկելու համար։

Step1.am