Ո՞վ են «գործակալները» Հայաստանի ներսում․ արցախցիները կան ու կան

  • 09:43 08.05.2024

«2020 թվականից հետո տասնյակ մարդիկ պետական դավաճանության համար ձերբակալվել են, կալանավորվել են և ենթադրում եմ, որ նրանց մեծ մասը դատապարտյալի կարգավիճակ ունի։ Դեպքեր կան, որ գիտենք, որ մարդը գործակալ է, բայց կա նաև ապացուցման շեմի խնդիր, կա նաև համոզմունքի շեմ։ Ավելին ասեմ, մենք գիտենք գործակալական ցանցերի մասին Հայաստանի Հանրապետությունում»։

Երեկ այդ մասին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը, ասելով, որ նրանց չեն բռնում, քանի որ դու մի ասա  “գործակալը աշխատում է այնպես, որ չբացահայտվի»։

Որ երկրի գործակալներին նկատի ունի Փաշինյանն, անհասկանալի է, առավել եւս, որ եթե իրոք ցանկություն կա բացահայտել հին եւ նոր գործակալներին, նաեւ ազատվել «այլ երկրների» գաղութային լծից, գյություն ունի շատ պարզ ձեւ՝ լյուստրացիա։ Առանց լյուստրացիայի եւ բացահայտումների «գործակալների» եւ «թշնամիների» մասին խոսքերը պարզապես ներքաղաքական պայքարի միջոց են դառնում։ Այդ պիտակների միջոցով կարելի է թիրախավորել ում ասես։

Հիմա “Տավուշը հանուն հայրենիքի” շարժման շնորհիվ «թիրախավորելու» ալիքը նոր թափ է ստանում, եւ առանցքում, ինչպես միշտ, արցախցիներն են։ Ազգը պառակտողները միանգամից արցախցիներին մեղադրեցին շարժումը նախաձեռնելու համար։ Այն, որ հրահանգը գալիս է վերեւից, վկայում է Նիկոլ Փաշինյանի խոսքերը՝ այս շարժման շահառուն Ռոբերթ Քոչարյանն է։ Իսկ Քոչարյանի տակ նկատի են ունենում «ղարաբաղյան կլանը»։ Ու գնաց։

Արցախի օմբուդսմեն Գեղամ Ստեփանյանը նույնիսկ հատուկ հայտարարություն է տարածել․ «Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի հայտարարությունից հետո ողորմելիների մի խմբակ իրենց ֆեյքերով նորից լծվել է արցախցիների դեմ ատելության քարոզին»:

«Անվերադարձ գրողի ծոցը պետք է ուղարկել ազգը պառակտողներին»,- գրել է Գեղամ Ստեփանյանը իրեն ոչ հատուկ կատաղած ոճով:

«Հրապարակ» թերթը իր հերթին գրում է, որ «մարզպետները Հայաստանում ապաստանած արցախցիներին սպառնում են՝ մայիսի 9-ին Երեւանում Բագրատ սրբազանի առաջնորդած երթին մասնակցելու դեպքում կզրկվեն պետական աջակցությունից։ Մեզ ասացին, որ երեկ երեկոյան Փարաքարի վարչական ղեկավարն անձամբ է հավաք արել, արցախցիներին զգուշացրել՝ ակտիվություն չդրսեւորել: Նրա հետ կապ հաստատել, սակայն, չհաջողվեց։ Երեկ նաեւ պետական հիմնարկների աշխատակիցներից ահազանգեր ստացանք․ նրանց ուղիղ ասվել է՝ եթե մասնակցեք երթին, կազատվեք աշխատանքից»:

Այն, որ արցախցիները հատուկ լքել են իրենց տները, որ գան Երեւանում իշխանափոխություն անեն, իշխող կուսակցությունն ու իր ղեկավարը ասել են բազմաթիվ անգամ։ Մինչ այդ էլ մասկի-շոուներ էին անում՝ բռնելով Արցախից եկած մարդու, որը “գալիս էր Երեւան հայտնիմարդուն սպանելու” համար։ Ո՞ւր է մեղադրյալը։

7 ամիս է անցել, եւ արցախցիները ընդամենը մի անգամ են հանրահավաք արել, այն էլ՝ իրենց սոցիալական խնդիրների հետ կապված։ Բայց դա կապ չունի, մեկ է՝ թիրախում արցախցիներն են։

Իսկական «գործակալներին» գտեք։ Թե՞ վախենալու է լյուստրացիա անելը։

Նաիրա Հայրումյան