Ռուսաստանն ու Եվրոպան խստացնում են միգրացիոն օրենսդրությունը. արցախցիները կմնա՞ն Հայաստանում

Խնդիրները “ոտքերով” լուծելուն հակված հայերը հաջորդ տարի ի՞նչ պայմաններում կարող են արտագաղթել։ Կկարողանա՞ն արցախցիները հեռանալ Հայաստանից, որտեղ դժվար է աշխատանք, բնակարան և իրավական պաշտպանություն գտնելը։ Ինչպիսի՞ն կլինեն պայմանները Եվրոպայում և Ռուսաստանում, որտեղ ավանդաբար գնում են հայերը։

2024 թվականի հունիսին Եվրամիության անդամ 27 երկրներում տեղի կունենան Եվրախորհրդարանի ընտրություններ։ Սոցիոլոգիական հարցումների համաձայն՝ ԵՄ-ում միգրանտների ու փախստականների աճող թիվը և նրանց համար ապաստան տրամադրելը նախընտրական արշավի հիմնական թեմաներն են։ Զարմանալի չէ, որ Եվրոպայի երեք խոշորագույն երկրները, որոնք միգրանտների հիմնական թիրախն են՝ Գերմանիան, Ֆրանսիան և Իտալիան, խստացրել են իրենց ազգային միգրացիոն օրենքները 2023 թվականին՝ նվազեցնելու միգրացիոն հոսքը և արագացնելու ապաստան աստանալու մերժվածների արտաքսման գործընթացը։

Միգրացիայի հարցում ԵՄ երեք խոշորագույն տնտեսությունները քաղաքականապես նույն ուղղությամբ են շարժվում։ Սա հուշում է, որ ԵՄ-ի հետ վիզային ռեժիմը պարզեցնելու Հայաստանի ղեկավարության հույսերը, հատկապես այն պայմաններում, երբ Հայաստանը դարձել է ԵԱՏՄ նախագահ, կարող են ապարդյուն լինել։ Առայժմ արցախցիների հույսերը, որ փախստականի կարգավիճակով կարող են արտագաղթել Եվրոպա և ԱՄՆ, չեն իրականանում։ Ֆրանսիայի դեսպանատունը, չնայած իր բարիակամեցությանը, դեռ չի արձագանքել արցախցիների խնդրանքներին։

Մյուս կողմից, Ռուսաստանը փոխում է միգրանտներին ընդունելու պայմանները, թեև արցախցիներն այժմ գերադասում են չմեկնել պատերազմող Ռուսաստան եւ կրակից կրակի մեջ չընկնել։

Հոնվարի 7-ից Ռուսաստանում գտնվող միգրանտներից կպահանջվի տեղեկացնել աշխատանքի մեկնարկի մասին։ Ռուսաստանի Ներքին գործերի նախարարությունը հաստատել է ծանուցման ձևը, որը 2024 թվականի հունվարի 7-ից բոլոր օտարերկրացիները և քաղաքացիություն չունեցող անձինք պետք է լրացնեն արտոնագիր ստանալու կամ Ռուսաստանում աշխատանք գտնելիս։

Բայց 2024 թվականի հունվարի 7-ից բարձր որակավորում ունեցող օտարերկրյա մասնագետներին կարող է տրվել Ռուսաստանում անժամկետ կացության թույլտվություն:

Պուտինն ասել է, որ «բոլոր արտագաղթողները, առանց որևէ կասկածի, պետք է հարգեն մեր օրենքները և Ռուսաստանի Դաշնության ժողովուրդների ավանդույթները, իսկ համապատասխան մարմինները պետք է վերահսկեն և անհապաղ արձագանքեն խախտումներին»:

Իսահակյանի փողոց՝ Ստեփանակերտի բարի ու հյուրընկալ անկյուն

Իսահակյանը Ստեփանակերտի հայտնի փողոցներից է։ Նրա բնակիչները միշտ բարեսիրտ ու հյուրընկալ են։ Յուրաքանչյուր մարդու, ով քայլում էր այս փողոցով, թվում էր, թե հայտնվել է հարազատ՝ ջերմ ու գողտրիկ անկյունում։

Փողոցի մեջտեղում նստարաններ կային, որտեղ հատկապես թոշակառուները սիրում էին իրենց հանգիստն անցկացնել։

Գրեթե բոլորն բակում ունեին շքեղ ծաղիկներ ու պտղատու ծառեր։ Փողոցը կատարյալ մաքուր էր։ Ավելին՝ բնակիչներն իրենք էին պահպանում մաքրությունը։

Հատկապես գարնանը դրսում զարմանալի բուրմունք էր։ Չնայած տեխնոլոգիական առաջընթացին, Իսահակյան փողոցում միշտ ակտիվ մթնոլորտ էր և երեխաները խաղում էին։

Փողոցի դիմաց հայտնի Արմանի վարսավիրանոցն էր, ինչպես նաև մթերային խանութները, որտեղ աշխատում էին բարի վաճառողուհիներ Լենան և Ինգան։ Փողոցում կար նաև գեղեցկության սրահ։ Վարսահարդար Նունեն պրոֆեսիոնալ էր աշխատում։

Նույնիսկ 44-օրյա պատերազմի ժամանակ շատերը չլքեցին իրենց տները՝ այնտեղ մնալով մինչև վերջ։ 2023 թվականի սեպտեմբերին՝ մինչև տեղահանությունը, տղամարդիկ հսկում էին փողոցը՝ պաշտպանելով բնակիչների խաղաղությունը։

Այժմ իսահակյանցիները ցրված են ողջ Հայաստանով մեկ, սակայն չեն կորցնում հայրենի Արցախ վերադառնալու հույսը։

Արսեն Աղաջանյան

Forrights. Արցախյան փախլավան յուրահատուկ է, «Վերջին անգամ թխեցի բլոկադայի ժամանակ, անունը դրել ենք Տորթ Բլոկադա»

Forrights

Վեց երեխաների մայր Զինա Սահակյանը Արցախից հեռանալիս իր հետ էր վերցրել խոհանոցային հարիչը` որդու նվերը: Կինը իր 11 հարազատների հետ այժմ ապրում է Մասիսում` փոքր բնակարանում, քաղցրավենիք է թխում ու վաճառում, երազում է սեփական հրուշակողենի արտադրամասն ունենալ: Տիկին Զինան խոսում ու իր կյանքի մասին պատմում է ժպիտով ու բացառիկ կենսախինդությամբ` համոզված լինելով, որ մի օր իր տուն է վերադառնալու:

Բազմազավակ ընտանիքը Շուշիից է, 2020-ին այնտեղ է թողել իր հարազատ տունը եւ եւս մեկ նորը` որը պետությունից էր ստացել, որպես բազմազավակ ընտանիք: 2020-ի պատերազմից հետո ընտանիքը բնակություն էր հաստատել Ստեփանակերտում: Այստեղ նրանք սպասում էին պետության հատկացրած նոր տան շինարարության ավարտին, ընթացքում մշակում էին տան հողամասը, ինչի շնորհիվ շրջափակման 9 ամիսների ընթացքում քիչ բանի պակաս էին զգում: Սեպտեմբերի 19-ին ընտանիքը կորցրել իր երրորդ տունը:

Բազմազավակ մայրը պատմում է` Արցախից  հեռանալիս որոշել էր` ամեն գնով իր հետ վերցրել է իր համար ամենակար իրը. «Տղաս հատուկջոկատային էր: Պոստերից զանգում էր, թե` մամ, ընիկերներս փախլավա են ուզում, խմորեղեն են ուզում, ասում էի` Էդո ջան, չունեմ հարմարություններ, հարիչ չունեմ,  ասեց` ես քեզ համար կառնեմ: Տղաս եկավ ու սա ինձ համար գնեց: Տնից հեռանալիս ես ասեցի` մեռնեմ էլ, սա պետք է հետս տանեմ: Այդպես էլ արեցի, ինձ չկորցրի: Հիմա շատ եմ օգտագործում»։

Կինն այժմ թե ընտանիքի, թե պատվիրատուների համար թխվածք է պատրաստում, հույս ունի, որը մի օր ավելի հարմարավետ ու շատ կպատրաստիլ.

«Պատվերներ ունեմ փախլավաների, թխում եմ, ուղարկեմ Սեւան: Դեռ հարմարություններ չունեմ, բայց ուզում եմ իմ գործը սկսեմ: Երկու ամիս առաջ խոհարարական կուրս էլ անցա: Սիրում եմ խմորեղեն պատրատել: Գնացի խոհարարություն սովորեցի, բայց մեր հայկական փախլավան ես միշտ իմացել եմ, իմ հին իմացածներից է: Նոր բաներ դեռ չեմ անում, փեջեր չունեմ: Այս փոքր ջեռոցը տան տերն է տվել, ասել է` յոլա տեր, մինչեւ տեսնենք ինչ ենք անում:

Արցախում էլ էի  փախլավա թխում: Հիմնականում դա էր, միշտ պատվերներ էի ունենում: Մարդ եթե ուզում է գործ անել, պետք է պայքարի: Արցախյան փախլավան շատ յուրահատուկ է, մենք դարչին չենք գցում մեջը, շատերը շերտավոր խմորով են անում, մենք հասարակ խմորով ենք անում…սիրում եմ  հյուրասիրել: Քաղաքապետարանից էի զանգել, պետք է գնամ թղթերի գործ կա, ասեցի` չեմ կարող դատարկաձեռն գամ, քաղցրավենիք թխեմ, նոր գամ»։

Զինա Սահակյանը հիշում է, որ վերջին անգամ Արցախում թխել է շրջափակման ժամանակ, սեպտեմբերի 9-ին: «Տորթ թխեցի ու անունը դրել ենք Տորթ Բլոկադա: Ամեն ինչ մեջը գցել էի` դոշաբ, մեղր, պահած ինչքան  թաքցրած բան մնացել էր…քրոջս  աղջկա ծնունդն էր: Թխեցի, գնացինք  Սվետկային շնորհըավորելու: Ասեցի` ինչ անենք բան չկա, ես իմ պահած բաներով սարքեցի»,- պատմում է նա։

Խոսելով Նոր տարվա մասին, կինը մտովի վերադառնում է անցած տարվա այս օրերին. «Անցած տարվա նոր տարին ամբողջ ընտանիքով թոքաբորբ էինք, գնացինք հիվանդանոց, նշանակումներ արեցին, բայց դեղ չկար, մի դեղ գտանք, խմեցինք, կամաց կամաց լավացանք:  Բայց էլի մեզ չէինք կորցնում, մեր հողի վրա էինք, մեր տան մեջ էինք… սիրտս տխուր է, բայց ես չեմ տխրում: Գիտեմ, որ հետ ենք գնալու, այդ հոտը զգում եմ…

Կուզեմ, որ Նոր տարին խաղաղություն բերի: Թե Ձմեռ պապից, թե Աստծուց, ամենքից խնդրում եմ: Խաղաղություն լինի, հաջողություն լինի, որ մենք գնանք հետ մեր հողը, ինչ զգում ենք հիմա, դա իրականություն դառնա: Ինչքան էլ տխուր  լինենք, ինչքան կոտրված լինենք, մեր դեմքի ժպիտը չպակասի, դուշմանը չուրախանա:  Մենք պետք է ժպտանք, որ իրենք իմանան` մենք կոտրվող ազգ չենք: Թեկուզ ամեն ինչ կորցրել ենք… տեսաք  ոնց եմ ստեղծում: Այս սեղանի վրա ոչ ոք երբեք խմորեղեն չի սարքել, բայց ես սարքում եմ, ստեղծում եմ: Այսպես որ ամեն ինչ ստեղծենք, ամեն ինչ լավ կլինի, հետ ենք գնալու… ես  ինչքան էլ տխուր եմ լինում, միշտ ժպտում եմ, չգիտեմ, թե ինչու»:

Անի Գևորգյան

Աշխարհը չի խոսում Արցախում «ուժի չկիրառման» սկզբունքի մասին. այժմ բոլորը կենթարկվեն “կենդանական” ուժին

2024 թվականի առաջին օրերը հիմք են դնում այն ​​խնդիրների, որոնց վրա կկառուցվի մոլորակի կյանքը գալիք տարում։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, մեկնաբանելով Ռուսաստանի Դաշնության հետ բանակցությունների վերաբերյալ առաջարկները, ասել է, որ «Ռուսաստանի կողմից խաղաղությանն ուղղված որևէ հիմնարար քայլ առաջընթաց չի տեսնում»։ Փոխարենը, նա և ուկրաինացիները օդային հարձակումների տարափ են ապրում ուկրաինական քաղաքների վրա արևելքում, հարավում, հյուսիսում և արևմուտքում, ասել է նա The Economist-ին: «Պուտինն իրեն թույլ է զգում կենդանու պես, քանի որ նա կենդանի է, և եթե նա հաղթի, նա ձեզ խժռելու է ամբողջ ԵՄ-ի, ՆԱՏՕ-ի, ազատության և ժողովրդավարության հետ միասին»,- հավելել է նախագահը։

Իսրայելի Գերագույն դատարանը հակասահմանադրական է ճանաչել Բենիամին Նեթանյահուի աջակողմյան կառավարության կողմից խորհրդարանում ընդունված դատական ​​բարեփոխումների օրենքը, որն նպատակ ուներ էապես կրճատել դատարանի լիազորությունները: Սա նշանակում է, որ Նեթանյահուն բացառում է Իսրայելում ներքին առճակատումը, որպեսզի ժամանակ շահի Գազայի կործանումն ավարտին հասցնելու համար՝ Համասի դեմ պայքարելու պատրվակով։ Թեև, ինչպես ասաց Խոսեպ Բորելը, ՀԱՄԱՍ-ը գաղափար է, և դրա դեմ ռումբերով չի կարելի պայքարել։

Պատերազմը Ուկրաինայում, Թրամփի հավակնությունները, բարեփոխումները, ընտրությունները, ԵՄ ընդլայնումը. սրանք են 2024 թվականի Եվրոպայի համար 5 հիմնական մարտահրավերները, որոնք մատնանշել է Deutsche Welle-ն։

Միևնույն ժամանակ DW-ն չոր տեղեկատվություն է տրամադրել, որ «չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը պաշտոնապես դադարեցրել է գոյությունը 2024 թվականի հունվարի 1-ից։ ԼՂՀ-ն հռչակվել է 1991 թվականի սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի և Ադրբեջանական ԽՍՀ-ի հարակից տարածքների սահմաններում։ Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտությունը չի դադարում 1991 թվականից՝ բազմիցս վերածվելով զինված բախումների ու լայնամասշտաբ ռազմական գործողությունների։ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը հայտարարեց «տեղական հակաահաբեկչական միջոցառումներ» Լեռնային Ղարաբաղում և ռազմական գործողությունների միջոցով վերադարձրեց տարածքը իր վերահսկողության տակ։ Սա տարածաշրջանից էթնիկ հայերի զանգվածային արտագաղթի պատճառ դարձավ: Չճանաչված ԼՂՀ-ի վերջին «ղեկավարը»՝ Սամվել Շահրամանյանը, բնակչության ճնշող մեծամասնության հետ լքեց ԼՂՀ-ն։ Նա իր հրամանագրով լուծարել է ԼՂՀ բոլոր պետական ​​հիմնարկներն ու կազմակերպությունները»։ Թերթն, համենայնդեպս, այսպես է տեղել։

«1991 թվականից ի վեր հակամարտությունը չի դադարել»,- գրում է DW-ն։ Բայց արդյո՞ք այն դադարել է Ադրբեջանի «հակաահաբեկչական գործողություններից» և Արցախի ողջ բնակչության արտագաղթից հետո։

Ուկրաինայում և Պաղեստինում «հակամարտությունների լուծումը» կախված կլինի նրանից, թե արդյոք ղարաբաղյան հակամարտությունը միջազգային կազմակերպությունների կողմից փակված կհամարվի ռուսական զորքերի  եւ Բաքվի ռազմական գործողության արդյունքում։

Ներկայիս աշխարհակարգը հռչակվեց որպես «օրենքի գերակայություն ուժի նկատմամբ», և այս համատեքստում 1991 թվականին Արցախի ինքնորոշման իրավունքի իրացումը լիովին տեղավորվեց աշխարհակարգի մատրիցայում։ Այժմ հաստատվում է «օրենքի նկատմամբ ուժի գերակայության» աշխարհակարգը։ Հակաքաղաքակրթություն։

Զգույշ, հայ ժողովուրդ, կարող ենք Հայրենիքի այլ տարածքներ կորցնել. Արամ Ա

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն Անթիլիասի մայրավանքից հանդես է եկել Հայրապետական պատգամով՝ Ամանորի եւ Սուրբ ծննդյան տոների առթիվ:

Նա, մասնավորապես, նշել է. «Արդարեւ ահավոր հուսահատությամբ եւ խորը հուսախաբությամբ լեզուն էր անցնող տարին մեր ազգի կյանքում: Ապրում ենք աննախատեսելի վտանգներով լի ժամանակներում, խարխափում ենք անորոշության մեջ: Մեր պատմության անցյալի եւ ներկայի դառը փորձառությունը հստակ ցույց է տալիս, որ հարկ է վստահել մեր սեփական ուժին եւ գործել մղված ազգի ու հայրենիքի գերագույն շահերից: Հետեւաբար, առավել քան երբեք հրամայական կարիքնն ունենք ներկա անորոշ կացությունից մեզ դուրս բերող համահայկական նոր ռազմավարության, առաջին հերթին Արցախի գծով:

Արցախը բռնագրավվեց Ադրբեջանի կողմից եւ ավելի քան 100 հազար արցախցիներ ենթարկվեցին բռնագաղթի: Աշխարհը լուռ մնաց, լուռ մնացին նաեւ Արցախի  անվտանգության երաշխավոր երկրները: Սակայն մենք չպետք է լուռ մնանք, Արցախի էջը փակված չէ մեզ համար:

Պետք է ազգովի պայքարենք, միջազգային օրենքի համաձայն երաշխավորելով Արցախի հայության վերադարձը, միջազգային հովանու ներքո ապահովելով արցախահայության ինքնորոշման իրավունքը, ինչպես նաեւ ազատ արձակումը Արցախի ձերբակալված պետական պատասխանատուների: Այդ նպատակի համար պետք է համահայկական մասշտաբով լծվել աշխատանքի, հայ, թե օտար մասնագետներից բաղմացած հանձնախմբի ճանապարհով:

Մենք ողջունում ենք Արցախի լուծարման հրամանագրի չեղյալ նկատումը: Մ«իաժամանակ հրամայական ենք նկատում, որ Ացրախի պետական կառույցները շարունակեն գոյատեւել, մանավանդ Արցախի ժողովուրդը չդառնա Սփյուռք, այլ համախումբ եւ կազմակերպ ներկայություն ունենա ՀՀ-ի մեջ»,-ասաց նա:
Արամ Ա-ի խոսքով, այդ քայլերը Արցախի պայքարին կտան իրավական հիմք՝ այն դարձնելով նաեւ գոյութենական խնդիր մեր ժողովրդի համար. «Նոր ռազմավարություն պետք է մշակի ՀՀ իշխանությունը: Անհրաժեշտ է, որ ՀՀ-ն սոսկ զիջումներ կատարելու կացությունից դուրս գա, իրավասություն չի նշանակում համակերպում: Հայաստանը չպետք է վճարի տարածաշրջանում համապարփակ խաղաղության հաստատման գինը:

ՀՀ իշխանությունը պետք է նկատի ունենա թե հայրենի ժողովրդի, թե Սփյուռքի տեսակետները երկրի համար ճշտորոշկիչ կարեւորություն ներկայացնող խնդիրների նկատմամբ:

Կորցրեցինք Արցախը, զգույշ, 1000 անգամ զգույշ, ժողովուրդ հայոց: Կարող ենք կորցնել նոր տարածքներ նաեւ Հայաստանից: Աշխարհաքաղաքական պայմանների հոլովույթը եւ տարածաշրջանի ուժերի հարակցությունը ճիշտ ձեւով ըմբռնենք: Քաջ իմանալով, որ ոչ մոտավոր, ոչ էլ հեռավոր մեր բարեկամները կարող են օգնության հասնել մեզ, հարկ է, որ Հայաստանի քաղաքական արեւելումը լինի հավասարակշռված Արեւելքի եւ Արեւմուտքի  միջեւ՝ հեռու մնալով միակողմանի եւ քրքրիչ քայլերից, որոնք կարող են Հայաստանը վերածել հզոր երկրների մցրակցության դաշտի:

Նոր ռազմավարություն պետք է մշակի նաեւ Սփյուռքը. հաջորդական  պատերազմների պարտություններից, Արցախի բռնագրավումից եւ ներկա իշխանության կողմից առնված ռազմաքաղաքական քայլերից հուսախաբ եղած Սփյուռքը իրավունք չունի  լուռ մնալու անկանխատեսելի վտանգներով լեցուն անորոշ կացության դիմաց: Ոչ էլ Հայաստանն իրավունք ունի անտեսելու Սփյուռքի՝ իր լայն կարողություններով եւ ամուր կարողականությամբ: Սփյուռքը ռազմավարական գործընկեր է Հայաստանի համար:Հետեւաբար, այն չի կարող լինել սոսկ հակազդողի դերում լինել: Ասելիքի կողքին Սփյուռքը նաեւ անելիք ունի՝ համահայկական մտածողություն մշակելով  սփյուռքյան կառույցների միջեւ համագործակցություն ստեղծելով, իր փորձագետներին գործի մղելով եւ իր հարուստ փորձառություն ու կապերը լայնորեն օգտագործելով:

Մաշած գովազդներով, կրկնվող լոզունքներով եւ սպառած օրակարգերով չենք կարող այելւս մեր կյանքը շարունակել: Մի պահ դիտենք, մեր ազգն ու հայրենիքը պահող արժեքների համակարգը սկսել է խախտվել եւ արժեչափերը շրջվել են: Ապազգայինի դիմաց ազգայինը սկսել է նահանջել, Հայաստան եւ Սփյուռք սկսել են իրարից հեռանալ:

Անդունդի եզրին ենք, հետւաբար վեր բարձրանանք պղպջակային հարցերից, անիատես սպասումներից եւ միակողմանի դատումներից: Թող մեր քննարկումները լինեն խորքային ու նպատակասլաց: Այսօր մեր ազգի առաջնահերթ եւ անհետաձգելի օրակարգը Հայաստանի պետության փրկությունն է, որի շուրջ պետք է համախմբվեն Հայաստանի ու  Սփյուռքի բոլոր ուժերն անխտիր: Սա է պահանջվում մեր ղեկավարներից, հոգեւորականներից ու մտավորականներից:

Իրատեսությունից ու հեռատեսությունց բխող հիշյալ մտածումները, մտահոգությունները մեզ պետք է մղեն արթնության, զգաստության ու պատասխանատվության»:

Ռուսական պետական ​​լրատվամիջոցները ուրախությամբ հաղորդում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության «լուծարման» մասին

2024 թվականի մուտքից մի քանի րոպե անց ռուսական պետական ​​լրատվամիջոցները (Ինտերֆաքս, ՌԻԱ Նովոստի) ուրախությամբ և գոհունակությամբ տեղեկություն հրապարակեցին, որ ուժի մեջ է մտել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության լուծարման մասին հրամանագիրը։ Ավելի լավ օգտագործման արժանի հրատապությունը խոսում է այն մասին, թե ինչ անհամբերությամբ էր Մոսկվան սպասում այս պահին, և անգամ Խարկովի ու Դոնեցկի տոնական ռմբակոծումը չխանգարեց, որ Ղարաբաղի մասին լուրերը հրապարակվեն առաջին պլանում։

Սա իսկապես շատ սպասված նորություն է Ռուսաստանի համար։ Պատահական չէ, որ մինչ Ամանորի գիշերը ելույթ ունեցած Ռուսաստանի փոխարտգործնախարար Գալուզինը, ինչպես նաև ռուս այլ պաշտոնյաներ ասում են, որ ռուսական բազան Հայաստանից դուրս բերելու մասին խոսք լինել չի կարող, իսկ Բաքվի դիվանագետները պնդում են, որ ռուսական զորախումբը Արցախում կմնա մինչև 2025 թվականի նոյեմբեր։ Պատահական չէ, որ հորդայական Ռուսաստանը ծովային նավահանգիստ է կառուցում Աբխազիայում՝ կառչած լինելով բնիկ ժողովուրդներից խլված ամեն մի հողակտորից։

Պատահական չէ նաև, որ ռուս «խաղաղապահները», որոնք կապված են Հայաստանում ռուսական ռազմակայանների հետ, արցախցիներին ասում են, որ հենց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը դադարի գոյություն ունենալ, Արցախի ժողովրդի «վերադարձի» գործընթացը կսկսվի, իսկ Արցախում կլինի ուղղակի ռուսական վերահսկողություն։

Ռուսներն այս հեքիաթները պատմում են 2020 թվականի նոյեմբերից, երբ վերջապես զորք մտցրին Արցախ՝ այն գրավելու համար։ Ինչ-որ տեղից Արցախում հայտնվեց ռուսական համայնք, քաղաքակապես գիտակից պոպեր, տեղեկություն, որ Մոսկվան արդեն 100 հազար ռուսական անձնագիր է տպել արցախցիների համար, որ Ստեփանակերտի օդանավակայանը շուտով կբացվի, և մարդիկ կկարողանան շփվել աշխարհի հետ՝ ոչ Ադրբեջանով և Հայաստան, ուղիղ ճանապարհորդելով դեպի բաղձալի Կրասնոդար և ճակատային գծում հայտնված Ռոստով (նախկին հայկական Նոր Նախիջևան):

Բայց ամեն ինչ ավարտվեց նրանով, որ սեպտեմբերի 19-ի ագրեսիայից հետո ռուս խաղաղապահները ոչինչ չարեցին՝ օգնելու իրենց տներից բռնագաղթած հազարավոր արցախցիներին, ովքեր օգնություն էին խնդրում ռուսական ռազմաբազայի վերածված Ստեփանակերտի օդանավակայանում։ Միայն դաշտային ապուր էին տալիս։ Հետո ավելի քան 100 հազար հայերի «օգնեցին» մեկնել Հայաստան, իսկ ռազմաքաղաքական ղեկավարությունը հանձնվեց Բաքվին՝ որպես հրամանագրի կատարման պատանդ։

Հիմա Ռուսաստանն ասում է, որ իր «խաղաղապահները» խաղաղություն են պահպանում Ղարաբաղում։ Ադրբեջանական փաբլիկները նկարահանում են դատարկ Ստեփանակերտը՝ ավտոբուսներով զբոսնելով և ռուս «խաղաղապահների» հուսալի պաշտպանության տակ գտնվող դատարկ մարզադաշտում ֆուտբոլ խաղալու տեսանյութեր։

Россия, ըստ երեւույթին, капут. Բայց մինչ ամբողջովին հեռանալը, նա ամեն ինչ այրված հողի կվերածի:

Նաիրա Հայրումյան