Ի՞նչ կարգ է գործելու ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ճամփորդելու համար հունվարի 28-ից

Հիշեցնենք, որ հունվարի 28-ից ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ ստացած ԼՂ մեր հայրենակիցները ճամփորդելիս անձնագրի հետ պետք է ունենան նաև ժամանակավոր պաշտպանության վկայական:

ՀՀ կառավարության 2023 թ․ հոկտեմբերի 26-ի N 1864-Ն որոշմամբ հաստատված՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ժամանակավոր պաշտպանության տակ վերցնելու, ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի անձը հաստատող փաստաթղթի նկարագրի և դրա տրամադրման կարգի համաձայն՝ ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի անձը հաստատող փաստաթուղթ են անձնագիրը և ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայականը։ 2024 թ․ հունվարի 28-ից այս երկու փաստաթղթերը ՀՀ-ից դուրս գալիս և ՀՀ մուտք գործելիս վավեր են համարվելու միայն միասին գործածելու պարագայում։

Ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայականը տրամադրվում է դիմումի հիման վրա:

Ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականին անձը հաստատող փաստաթղթերը տրվում կամ փոխանակվում են ՀՀ բնակչության պետական ռեգիստրում հաշվառում ունենալու դեպքում, Հայաստանում՝ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, իսկ օտարերկրյա պետություններում՝ ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների կամ հյուպատոսական հիմնարկների կողմից:

24.01.2024 թ․ դրությամբ՝ ժամանակավոր պաշտպանության վկայական ստանալու վերաբերյալ ներկայացվել է 41 027 դիմում:

Ժամկետները, որոնք տրամադրվել էին Ադրբեջանին ԵԽԽՎ-ի, Միջազգային դատարանի կողմից, լրանում են, եւ որոշումներ են կայացվում

Step1.am-ի հարցերին պատասխանել է Հայ կառուցողական կուսակցության նախագահ Անդրիաս Ղուկասյանը։

Պարո’ն Ղուկասյան, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը նվազագույնը 1 տարով Ադրբեջանի պատվիրակությունը ԵԽԽՎից հեռացնելու մասին որոշում ընդունեց։ Այս որոշումն ի՞նչ ուղերձ ունի եւ ի՞նչ արդյունք կարող է ունենալ։

-Որպեսզի լայն զանգվածներին պարզ լինի, այսպես ձեւակերպեմ։ Երբ մարդիկ կատարում են ճանապարհային կանոնների խախտում, սկզբում ոստիկանության կողմից ընդունվում է որոշում՝ այդ խախտման հիմքով տուգանելու մասին։ Հետո, եթե տուգանքը չի մուծվում, գնում է հարկադիր կատարման, արդեն հարկադիր կատարողը գանձում է այդ գումարը։ Նույնը միջազգային հարաբերություններում է, կան գործընթացներ, որոնք ունեն իրենց ընթացքը։ Ադրբեջանի կողմից կատարվել է մի շարք կոնվենցիաների խախտում։ Եվրոպայի խորհրդի հիմնական կոնվենցիայի գլխավոր արժեքն օրենքի գերակայությանը հավատարիմ լինելու մասին է։ Ադրբեջանն այդ կոնվենցիան խախտել է, եւ անցել են այն բոլոր ժամկետները, երբ ինքը կարող էր տուգանքը մուծել, որ գործը հարկադիր չհասներ։

Իլհամ Ալիեւը որոշեց, որ իրենք գնալու են առճակատման, դրա մասին իր ելույթում հայտնեց բոլորին։ Հիմա մենք տեսնում ենք, որ ժամկետները, որոնք տրամադրվել էին Ադրբեջանին ԵԽԽՎ-ի, Միջազգային դատարանի, այլ կառույցների կողմից, աստիճանաբար լրանում են, եւ այդ կառույցները որոշումներ են կայացնում։

Քանի որ Ալիեւը արցախահայերի վերադարձի  համար պայմաններ ստեղծելու ուղղությամբ ոչինչ չի արել, կիրառվելու են համապատասխան տուգանային գործողությունները։ Սկզբում դադարեցվելու է ձայնի իրավունքով անդամությունը, այն, ինչ ԵԽԽՎ-ն արդեն որոշեց, հաջորդ քայլով առհասարակ կարող է դադարեցվել մասնակցությունը Եվրոպայի խորհրդում, սահմանափակվելու ու խզվելու են տնտեսական կապերը, այդ թվում՝ էներգետիկ ոլորտի մատակարարումները, արգելափակվելու են բազմաթիվ հնարավորություններ՝ օգտվելու Եվրամիության եւ ԱՄՆ-ի հետ տնտեսական, սոցիալական եւ այլ բարիքներից։ Իլհամ Ալիեւն այդ ամենը հասկանալով՝ արտահերթ ընտրություններ նշանակեց, որպեսզի հիմա մանդատ ձեռք բերի հետագա տարիների համար, եւ ադրբեջանական ժողովրդի հետագա դժգոհությունը դերակատարություն չունենա իր պաշտոնավարման համար։

-ԵԽԽՎ եւ արեւմտյան այլ որոշումներն իրապես կզսպե՞ն Ադրբեջանին։

-Այո՛։ Խոսքն այն մասին է, որ Եվրամիության, ԱՄՆ եւ Ադրբեջանի միջեւ աստիճանաբար հարաբերությունները գալու են նրան, որ անհրաժեշտություն է դառնալու Իլհամ Ալիեւի հեռացումը։ Նա խոչընդոտ է դառնալու բնականոն զարգացման համար, ինքն արդեն խոչընդոտ է։ Եվրամիությունը տարիներ շարունակ մատների արանքով էր նայում նրան, ինչ կատարվում էր Ադրբեջանում։ Իսկ հիմա արդեն պետք է տեղի ունենան անշրջելի իրադարձություններ, որոնք բերելու են Իլհամ Ալիեւի տապալման։ Ալիեւի ռեժիմը տապալվելու է, ինչպես տապալվեցին Քադաֆիի, Սադամ Հուսեյնի եւ նմանօրինակ այլ բռնապետերի ռեժիմները։

Բայց հայտնի է, որ այս գործընթացների հետեւում Ադրբեջանը չէ կանգնած, Ադրբեջանը միայն գործիք է։

-Իհարկե, Ադրբեջանն առ այսօր կարողացել է Ռուսաստանի եւ Թուրքիայի աջակցությամբ վարել այս քաղաքականությունը։ Եվ ինքն ըստ էության, զրկվելով Եվրամիության եւ ԱՄՆ հետ հարաբերություններից, կախման մեջ է մնալու այդ երկու պետություններից։ Այդ պետություններն իրենց հերթին Արեւմուտքի հետ գտնվում են ծանր հարաբերությունների մեջ։

«Երեկ է ներկայացուցչությունում հանդիպում եղել, առավոտվանից մինչեւ 2․30 այնտեղ էի»

Step1.am-ը Արցախի Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Գալստյանից հետաքրքրվեց՝ ճի՞շտ են տեղեկությունները, որ Հայաստանում Արցախի ներկայացուցչությունն այլեւս չի գործում։ «Այդ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։ Երեկ ներկայացուցչությունում հանդիպում է եղել, առավոտվանից մինչեւ 2 անց կես ես ներկայացուցչությունում էի, տարբեր հանդիպումներ ունեինք։ Խորհրդարանական խմբակցությունների ղեկավարները տարբեր հանդիպումներ են ունեցել ներկայացուցչությունում»,- ասաց Դավիթ Գալստյանը։

Մեր հարցին, թե այս փուլում հիմնականում ի՞նչ հարցերի շուրջ են քննարկումներ ծավալում Արցախի պատգամավորներն ու գործադիր մարմնի անդամները, Դավիթ Գալստյանը պատասխանեց, որ հիմնականում քննարկումները բռնի տեղահանված արցախցիների սոցիալական խնդիրների շուրջ են։ «Մեր հայրենակիցների սոցիալական խնդիրների մասով են հիմնական քննարկումները լինում, եւ դրանց լուծումների մասով խնդիրներն ենք հավաքագրում ու համապատասխան մարմիններին ներկայացնում»,- ասաց նա։

Հարցին՝ իսկ քաղաքական հարցերը օրակարգից դո՞ւրս են մնացել, չեն քննարկվո՞ւմ, Դավիթ Գալստյանը պատասխանեց․ «Ո՞նց չեն քննարկվում, բա քաղաքակա՞ն չէր, որ հանձնախումբ ստեղծեցինք, որպեսզի միջազգային հարթակներում ներկայացնի արցախցիների շահերը»։

Իրանը Թուրքիային մեղադրել է անձրեւային ամպերը գողանալու մեջ

Հավաստիացումներն այն մասին, թե Թուրքիան, իբր, գողանում է Իրանի անձրեւային ամպերը, անապացուցելի տեսություն են, այս կամ այն երկրում երաշտի պատճառը գլոբալ ջերմացումն է՝ «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է օդերեւութաբան, Ստամբուլի «Այդըն» համալսարանի պրոֆեսոր Գյուվեն Օզդեմիրը։

Forbes ամսագիրը ավելի վաղ տեղեկացրել էր, որ Իրանի իշխանությունները ստեղծել են երկրի հյուսիսում անձրեւային ամպերի անհետացման հետ կապված իրավիճակի հետաքննության հանձնաժողով, իսկ հանրահայտ տեսությունը վկայում է այն մասին, թե Թուրքիան, իբր, «գողանում» է ամպերը։ Որպես ապացույց ներկայացվում են Թուրքիայի արեւելքի լուսանկարները, որտեղ լեռները ծածկված են ձյունով եւ մշտապես անձրեւներ են գալիս, իսկ հարեւան Իրանում՝ ոչ մի կաթիլ։ Պարբերականը նշել է, որ նման մեղադրանքներ հնչում են ոչ առաջին անգամ. օրինակ՝ 2018թ. Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի ԶՈւ էլիտար ստորաբաժանումներ) ներկայացուցիչը պնդում էր, որ Իսրայելը եւ ԱՄԷ-ն փորձում են ազդել Իրանի կլիմայի վրա։

«Անձրեւային ամպերը» գողանալու գաղափարը կամ անգամ նման բանի մասին մտածելու փորձը հիմքեր եւ ապացույցներ չունեցող տեսություն է, որը միտումնավոր կերպով մոլորության մեջ է գցում»,- մեկնաբանել է Օզդեմիրը հոդվածը։

Նա հիշեցրել է, որ, օրինակ, 2023թ. Թուրքիան մի քանի ամիս շոգի եւ երաշտի տիրապետության տակ էր, այդ նույն Ստամբուլում տեղումներ չկային, ջրի պաշարները ջրամբարներում նվազել էին՝ հասնելով կրիտիկական նիշի։ «Միեւնույն ժամանակ, մեզանից արեւմուտք՝ Հունաստանում, Բուլղարիայում, Ռումինիայում եւ հարեւան այլ երկրներում հորդ անձրեւներ էին, բայց դրանք մեզ չէին հասնում։ Հաշվի առնելով Թուրքիայի դիրքը՝ երկարատեւ եւ կարճատեւ ծրագրերում հնարավոր են օդերեւութաբանական ծայրահեղ ցուցանիշներ»,- նշել է գիտնականը։

Ադրբեջանում երկարաձգել են Ռուբեն Վարդանյանի կալանքի ժամկետը

Ադրբեջանը երկարաձգել է Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի կալանքի ժամկետը, որին շինծու մեղադրանքներ են առաջադրվել Ադրբեջանի իրավապահ մարմինների կողմից։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները, Ռուբեն Վարդանյանի կալանքը երկարաձգվել է 4 ամսով։

Ադրբեջանի դատարանը Ռուբեն Վարդանյանին 4 ամսով կալանավորելու որոշում էր կայացրել 2023 թվականի սեպտեմբերի 28-ին։ Նրան կեղծ մեղադրանքներ են առաջադրվել «ահաբեկչության ֆինանսավորման, զինված ստորաբաժանումներ և/կամ խմբեր ստեղծելու ու դրանց մասնակցելու, ինչպես նաև Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանը ապօրինի հատելու» հոդվածներով։ Ադրբեջանի իրավապահ մարմինները Վարդանյանին ապօրինի ձերբակալել և առևանգել էին Լաչինի միջանցքից՝ 2023 թվականի սեպտեմբերի 27-ին։

Կարեւոր քննարկում․ ինչպես պահպանել Արցախի պատմամշակութային բազմաշերտ ժառանգությունը

Արցախից բռնատեղահանվածների հրատապ խնդիրների շուրջ հանրային քննարկումների ծրագրի շրջանակներում Ստեփանակերտի մամուլի ակումբը, հերթական հանդիպում – քննարկումն է կազմակերպել, այս անգամ նվիրված Արցախի պատմամշակութային ժառանգությանը, առկա վտանգներին ու անելիքներին։ Ինչպես նշեց Ստեփանակերտի մամուլի ակումբի նախագահ Գեղամ Բաղդասարյանը, հրավիրվել են ոլորտի մասնագետներ, հանրային գործիչներ, որպեսզի քննարկման արդյունքում առավել հստակեցվեն մեր անելիքները՝ միտված միջազգային կառույցների հետ համագործակցությանը։

2020 թվականի, ապա նաև 2023 թվականի Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական ագրեսիայի արդյունքում պատմության մեջ առաջին անգամ Արցախի տարածքը հայաթափվեց, սակայն թշնամու վերահսկողության տակ մնաց հսկայական մշակութային ժառանգություն, որը ոչնչացման ու բռնայուրացման վտանգի տակ է։ Խնդրի վերաբերյալ տեղեկատվական նյութով հանդես եկան Արամայիս Աղաբեկյանը և Սարգիս Ասատրյանը։

Անդրադառնալով պատմամշակութային հուշարձաններին, մշակութաբան, պատմական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Համլետ Պետրոսյանը կարևորեց հուշարձան հասկացությունն անկախ կրոնական և էթնիկ պատկանելությունից, ինչպես նաև համագործակցությունը միջազգային գիտական հանրույթի հետ։ Անդրադարձավ հուշարձանների մշտադիտարկմամբ զբաղվող Monument Watch կազմակերպության գործունեությանն ու մեթոդաբանությանը։

ԱՀ ԿԳՄՍ նախկին փոխնախարար Լեռնիկ Հովհաննիսյանը նյութական մշակութային ժառանգությանը համընթաց ներկայացրեց այն մարտահրավերները, որոնք առկա են, ոչ մշակութային ժառանգության վերաբերյալ և ներկաների ուշադրությունը հրավիրեց նաև այդ խնդրին, երբ մոռացության վտանգի տակ են Արցախի բարբառը իր ենթաբարբառներով, սովորությունները և այլն։

“Արցախի մշակութային ժառանգության պահպանության հանրային խորհուրդ” ՀԿ նախագահ Սերգեյ Շահվերդյանի համար զարմանալի է, որ քիչ է ուշադրություն դարձվում շարժական մշակութային արժեքներին, մինչդեռ առնվազն  30 թանգարանային և արվեստի նմուշների հավաքածու է մնացել Արցախում, չհաշված մասնավոր արխիվները։

Ներկաները անդրադարձան նաև Արցախում մնացած գրադարանային ֆոնդին և մարդկային հիշողությանը, որպես սոցիոմշակույթ, որը նույնպես վտանգված է, կտրված լինելով իր բնական միջավայրից։

Հնչեցին տարբեր առաջարկություններ։ Ըստ պատմաբան Մհեր Հարությունյանի՝ շատ կարևոր է ստեղծել վիրտուալ Արցախ, որը կհամախմբի արցախահայությանը  և կբացահայտի Արցախը նոր սերնդի համար։

Տարօրինակ էր, որ քննարկմանը ներկա չէր ՀՀ ԿԳՄՍ նախարարության համապատասխան ոլորտի ներկայացուցիչը, մինչդեռ հայկական պատմամշակութային ժառանգության արցախյան հատվածի պահպանությունն ու պաշտպանությունը պետք է դառնա համահայկական խնդիր, միջազգային հարթակներում հաջողություն ապահովելու և Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը զսպելու և մշակութային ժառանգությունը փրկելու համար։

Step1.am

Հունվարի 27-ին Հայաստանի ամբողջ տարածքում կրկին սպասվում է ձյուն, լեռնային առանձին գոտիներում՝ բուք

Ձյան տեղումների քանակը Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում հունվարի 25-ի դրությամբ գերազանցել է ամսական նորման՝ կազմելով կլիմայական նորմայի 150-200 տոկոսը, Սյունիքի առանձին հատվածներում՝ մինչև 350 տոկոս։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ից՝ նշելով, որ վերջին 3 օրերին Միջերկրական ծովի շրջաններից ներթափանցած ակտիվ ցիկլոնի գործունեությամբ պայմանավորված՝ հանրապետության ամբողջ տարածքում դիտվել են ձյան առատ տեղումներ։

Ձյան ծածկի առավելագույն բարձրությունը այս պահին, Արագած բարձր լեռնային կայանում կազմում է 118սմ, Ջերմուկում՝ 103սմ, Ամբերդում՝ 84սմ, մյուս լեռնային շրջաններում՝ 20-50սմ, Լոռիում և Տավուշում՝ 21-37սմ, Սյունիքում՝ 13-24սմ, Արարատյան դաշտում՝ 5-15սմ, Երևանում՝ 10-15սմ։

Առաջիկա ժամերից սկսած հանրապետության ամբողջ տարածքում տեղումները կդադարեն։ Առանց տեղումների եղանակը կպահպանվի մինչև հունվարի 26-ի երեկո։ Հունվարի 26-ի ուշ երեկոյան և հունվարի 27-ին Միջերկրական ծովից հաջորդ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ հանրապետության ամբողջ տարածքում կրկին սպասվում է ձյուն, լեռնային առանձին գոտիներում բուք։

Հունվարի 28-ից կրկին սպասվում է տեղումների դադար։ Առաջիկա 5 օրերին օդի ջերմային ֆոնում էական տատանումներ չեն կանխատեսվում։

Միջազգային խաղաղապահների ներկայությունը ԼՂ-ում մշակութային սպանդը կանխելու առաջնային միջոցներից է․ քննարկում Եվրախորհրդարանում

Լեռնային Ղարաբաղում «ազերբայդժանի» կողմից իրականացվող մշակութային սպանդը կանխելու առաջնային միջոցներից են տեղում միջազգային խաղաղապահների ներկայությունն ու հստակ մեխանիզմների առկայությունը։

Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ համապարփակ քննարկումից հետո նման եզրահանգման են եկել Եվրոպական խորհրդարանում կայացած համագումարի մասնակիցները, որը կրում էր «Պահպանել Լեռնային Ղարաբաղի մշակութային և կրոնական ժառանգությունը» խորագիրը։

Համագումարին մասնակցած ԵԽ պատգամավորները վստահեցրել են, որ անելու են ամեն ինչ, որպեսզի հարցը ԵՄ գործադիր մարմնում ևս ուշադրության կենտրոնում լինի։

Եվրոպական խորհրդարանի սլովակ պատգամավոր Միրիամ Լեքսմանը իր ելույթում նշել է, որ Եվրոպական Միության պարտքն է ամեն ինչ անել Լեռնային Ղարաբաղի հայկական մշակութային և կրոնական ժառանգությունը փրկելու համար։

«Եվրոպական խորհրդարանը բազմիցս է բարձրաձայնել ադրբեջանական կեղծ թեզերի և միտումնավոր կերպով հայկական մշակութային ժառանգությունը ոչնչացնելու մասին։ Չնայած սրան՝ Եվրամիությունը կարճաժամկետ տնտեսական խաղի մեջ է և պայմանագիր ունի «ազերբայդժանի» հետ։ Սա անընդունելի է, և մեր պարտքն է ամեն ինչ անել հայկական ժառանգությունը փրկելու համար», – ասել է Լեքսմանը։

Բելգիայում Հայաստանի դեսպան, ԵՄ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Տիգրան Բալայանն իր ելույթում նշել է, որ «ազերբայդժանը» ոչ միայն միտումնավոր ավերում  և սրբապղծում է այն ամենը, ինչը հայկական է, այլև խախտում է իրավական բոլոր պատասխանատվությունները։ «Այս ամենի գլխավոր պատճառը դերակատարների անհետևողական և անհամապատասխան կեցվածքն է, իրավական որոշումների ընտրովի կատարումը։ Պետք է ստեղծել մոնիթորինգի մեխանիզմ, և Եվրախորհրդարանն ունի բավական միջոցներ, որպեսզի ստեղծի այդպիսի խումբ։ Մեր պարտավորությունն է պահպանել այն, ինչ դեռ մնացել է Լեռնային Ղարաբաղում», – ասել է դեսպան Բալայանը։

Գլխավոր բանախոսներից Պիեր դը Արժանը, ով միջազգային իրավունքի հայտնի մասնագետ է և Արդարադատության միջազգային դատարանում ԼՂ պատմամշակութային ժառանգության հարցերով ներկայացուցիչը, իր ելույթում նշել է, որ Բաքուն այսօր փորձում է համագումարի վերնագրի երկու բառ վերացնել՝ հայկականը ու Լեռնային Ղարաբաղը։ «Բաքուն հարցականի տակ է դնում հայկականը, և նրա համար գոյություն չունի Լեռնային Ղարաբաղը։ Նրանք ցանկանում են իրենց հսկողության տակ պահել պատմությունը։ Խտրականությունը և պատմության խեղաթյուրումը պետական քաղաքականություն են այդ երկրում։ Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգությունը կենդանի է, ապրող է, և այն կարող է գոյություն ունենալ, եթե արցախահայությունն այն ապրեցնում է», – ասել է Դը Արժանը։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի քարոզչական կենտրոնի տնօրեն և Լեռնային Ղարաբաղի հոգևոր-մշակութային ժառանգության հարցերով գրասենյակի վարիչ, Հոգեշնորհ Տ. Գարեգին վարդապետ Համբարձումյանը, շարունակելով Պիեր Դը Արժանի միտքը, վերահաստատել է, որ մշակութային ժառանգությունը միայն եկեղեցիներն ու հուշակոթողները չեն։ «Մշակույթը կապրի, եթե արցախցիները կարողանան հաճախել իրենց աղոթատեղիներ և պահպանել իրենց կրոնական և ազգային ավանդույթները։ «ազերբայդժանը», ժխտելով հայկականի և հայերի գոյությունն ու ներկայությունը, փորձում է ջնջել նրանց հետքը, և պետք է ամենախիստ ձևով պատասխանատվության ենթարկվի։ Եվրախորհրդարանի դերակատարությունը շատ մեծ է՝ հատկապես մարդու իրավունքների և օրենքի գերակայության  առաջխաղացման հարցում»,- ասել է նա։

Մշակութային ժառանգության մասնագետ Արմինե Տիգրանյանն ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ այսօր ավելի քան 4 հազար հայկական հուշարձան, վանական համալիր և մշակութային կառույց գտնվում են «ազերբայդժանի» վերահսկողության տակ՝ վերացման վտանգի առջև։ Տիգրանյանը նշեց, որ մտահոգություններից և խոսքերից անդին, պետք է հստակ միջոցներ ձեռնարկել այս ամենը կանխելու համար։ Մասնագետը ցույց տվեց տարբեր վանական համալիրների և հուշակոթողների լուսանկարներ՝ կանգուն կամ մասամբ արդեն ավերված և կոչ արեց համապատասխան և ազդեցիկ միջոցներ  ձեռնարկել այս ամենը փրկելու համար։

«Եվրոպա Նոստրա» (Քաղաքացիական հասարակության եվրոպական ձայնը՝ նվիրված մշակութային ժառանգությանը) կազմակերպության գլխավոր քարտուղար Սնեշկա Քուաեդվլիեգ Միխայլովիչի խոսքով՝ ԵՄ-ն պետք է ավելի կոշտ հռետորաբանություն որդեգրի կատարվածի վերաբերյալ և հստակ մեխանիզմով կանխի մշակութային ողբերգությունը, որի ականատեսն ենք այսօր։

«Փաստը, որ 2023 թվականին էլ  կարող են էթնիկ զտումներ իրականացվել, մտահոգիչ և վտանգավոր է։ Խաղաղության պայմանագրի մասին է խոսվում, բայց մենք պետք է վստահ լինենք, որ այն պարունակում է մշակութային ժառանգության ամբողջական պաշտպանություն։ Այսօր մենք հնարավորություն չունենք համագործակցելու մշակութային ժառանգության ադրբեջանցի մասնագետների հետ, բայց շատ կցանկանայինք», – նշել է «Եվրոպա Նոստրա»-ի գլխավոր քարտուղարը։

Եվրոպական եկեղեցիների կոնֆերանսի քարտուղար Պետեր Պավլովիչի խոսքով՝ այն, ինչ տեղի է ունենում Լեռնային Ղարաբաղում, ինքնության հետ անմիջական առնչություն  ու շատերի վրա ազդեցություն ունի։ Նա ևս կարևորեց միջազգային դիտորդական մեխանիզմի կարևորությունը, որը պետք է փոխարինի խոսքերին։

Նույն համատեքստում Եվրոպական խորհրդարանի իտալացի պատգամավոր Ֆաբիո Մասիմո Կաստալդոն առաջարկեց օգտագործել եվրոպական արբանյակները, հետևել և փաստագրել այն ամենը, ինչ տեղի է ունենում Լեռնային Ղարաբաղում, հետագայում դրանք օգտագործել միջազգային կառույցներում՝ որպես ապացույց։ Եվրախորհրդարանի պատգամավորը համոզված է՝ «ազերբայդժանի» դեմ պատժամիջոցների հզոր փաթեթը միակ լուծումն է։

Համագումարի ավարտին մասնակիցները դիտել են Եվրոպական խորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր, համագումարի կազմակերպչական աշխատանքներին մասնակցած Գզավիյե Բելյամիի տեսաուղերձը։ «Մեկ բռնապետ ցանկանում է ջնջել մի ամբողջ ժողովրդի և վերացնել նրանց գոյության վերաբերյալ ցանկացած հետք։ Մենք գիտենք, որ ցեղասպանությունը տեղի է ունենում ժխտողականությամբ, իսկ ժխտողականությունը գալիս է ավերումով։ Արցախահայերն այսօր զրկված են իրենց պատմական շարունակականությունից և իրենց հայրենիքում ապրելու իրավունքից»,- ասել է Բելյամին։

ԵԽԽՎ-ից Բաքվին հեռացնելը Եվրոպայի համար ալիբի է հայաստանյան իրադարձություններին ընդառաջ

Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրություններից երկու շաբաթ առաջ ԵԽԽՎ-ն առնվազն 1 տարով վտարեց ադրբեջանական պատվիրակությանը կառույցից։

ԵԽԽՎ-ն Բաքվին մեղադրում է 2023 թվականի հունիսին ընդունված «Լաչինի միջանցքով ազատ և անվտանգ տեղաշարժի ապահովման» բանաձեւերը չկատարելու մեջ, նաեւ որ Լաչինի միջանցքի հարցով ԵԽԽՎ զեկուցողը հնարավորություն չի ունեցել մեկնել Լաչինի միջանցք փաստահավաք առաքելության համար: Վեհաժողովը նշում է նաև 2023 թվականի հոկտեմբերին ընդունված «Մարդասիրական իրավիճակը Լեռնային Ղարաբաղում» բանաձեւը, որով ԵԽԽՎ-ն դատապարտել է 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի ռազմական գործողությունները, որոնք հանգեցրել են Լեռնային Ղարաբաղի ողջ հայ բնակչության արտագաղթին Հայաստան։

Մի քանի օր առաջ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել էր, որ ԵՄ-ն անհանգստացած է Հայաստանի տարածքի նկատմամբ Ադրբեջանի հավակնություններով և կոչ է արել վերադառնալ հարաբերությունների կարգավորման բանակցություններին։ Նա նաև հավելեց, որ Հայաստանի տարածքային ամբողջականության ցանկացած խախտում անընդունելի է և լուրջ հետևանքներ կունենա այս երկրի հետ ԵՄ հարաբերությունների վրա։

Դրան ի պատասխան՝ Ադրբեջանի ԱԳՆ-ն Բորելին մեղադրել է «Ադրբեջանի և Հայաստանի տարածքներին վերաբերող պատմական փաստերի վերաբերյալ Ադրբեջանի նախագահի տեսակետները խեղաթյուրելու մեջ»՝ հավելելով, որ «Գերագույն ներկայացուցիչը հրահրում է ռազմականացում և ագրեսիվ քաղաքականություն Ադրբեջանի նկատմամբ»։

Ակնհայտ է, որ ԵԽԽՎ-ից հեռացնելը Ալիևի համար աննշան «պատիժ» է՝ հաշվի առնելով Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հայտարարությունները։

Հիշեցնենք, որ նախարարը մամուլի ասուլիսում փաստացի հաստատեց, որ բանակցային գործընթացը խաթարվել է, Մոսկվան և Բաքուն հրաժարվել են Եռակողմ հայտարարությունից, Թուրքիան չի բացում սահմանը, էսկալացիան շարունակվում է և կարող է վատթարանալ «այլ երկրներում» ընտրությունների ժամանակաշրջանում, Բաքուն հավակնում է Հայաստանի տարածքին և պահանջում է փոխել Սահմանադրությունը։ Միաժամանակ Միրզոյանն ասել է, որ Հայաստանը չի պատրաստվում միանալ պաշտպանական այլ դաշինքներին։

Եթե պարզեցնենք, Միրզոյանի խոսքերից բխում է, որ Հայաստանը «խաղաղ ճանապարհով» հանձնել հնարավոր չէ՝ գուցե արևմտյան հանրության դիրքորոշման պատճառով, և ագրեսիան մնում է միակ տարբերակը։ Թե ինչպես է Հայաստանը պատրաստվում նոր էսկալացիայի, պարզ չէ, քանի դեռ Երևանը չի պատրաստվում փոխել իր անվտանգության համակարգը։ Զենքի մասնակի ​​գնումները հաշիվ չեն, մանավանդ, որ հայտնի չէ, թե Ֆրանսիան ի՞նչ ռեժիմով է զենք մատակարարում Հայաստանին. Երևանը գնո՞ւմ է այն, Ֆրանսիային երաշխավո՞ր է համարում, թե՞ ստանում որպես «մարդասիրական օգնություն»:

ԵԽԽՎ-ից Ադրբեջանի հեռացումը, սպառազինությունների որոշ մատակարարումները, հայտարարություններն ավելի շատ նման են Եվրոպայի և Փաշինյանի համար ալիբիի՝ Հայաստանին սպասվող իրադարձություններից առաջ։ Անդրադարձները, որ Բաքուն չի կատարել ԵԽԽՎ-ն Արցախի վերաբերյալ բանաձեւը, և դա նրա համար լուրջ հետևանքներ չի ունեցել, վկայում են այն մասին, որ Հայաստանի դեմ ագրեսիայի դեպքում ԵԽԽՎ-ից վտարումը ընդամենը կլինի ևս մեկ ադամանդ Ալիևի «հաղթական թագի» մեջ։

Նաիրա Հայրումյան

Հունվարի 27-ին և 28-ին հանուն Արցախի միջոցառումներ` եվրոպական 14 երկրների ավելի քան 50 քաղաքներում

Artsakhpress

«Եվրոպացիները՝ հանուն Արցախի» համաեվրոպական շարժումը կազմակերպում է միջոցառումների շարք՝ հաջակցություն Արցախի (Լեռնային Ղարաբաղի) բնիկ հայ բնակչությանը։

Միջոցառումներն անցկացվելու են հունվարի 27-ին և 28-ին`եվրոպական 14 երկրների ավելի քան 50 քաղաքներում:
Միջոցառումները նախատեսված են Ավստրիայում, Բելգիայում, Բուլղարիայում, Կիպրոսում, Չեխիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Հունաստանում, Ռումինիայում, Իսպանիայում, Շվեդիայում, Շվեյցարիայում, Նիդեռլանդներում և Միացյալ Թագավորությունում:

Եվրամիության և Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների քաղաքացիները կմիավորեն ուժերը տարբեր ակցիաների և հավաքների միջոցով՝ կոչ անելով իրենց պետությունների ղեկավարներին և Եվրամիության ղեկավարությանը՝ Հստակ և աներկբա կերպով դատապարտել Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը՝ Արցախի/Լեռնային Ղարաբաղի բնիկ հայ բնակչության նկատմամբ։

Սահմանել անհատական թիրախային պատժամիջոցներ՝ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ, որը ներգրավված է եղել Լաչինի միջանցքի անօրինական շրջափակման, հրադադարի խախտումների, սեպտեմբերի 19-ի հարձակման և Արցախի/Լեռնային Ղարաբաղի բնիկ հայ բնակչության նկատմամբ էթնիկ զտումներ իրականացնելու մեջ։

Կիրառել բոլոր հասանելի լծակները՝ ստիպելու Ադրբեջանին անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել բոլոր հայ գերիներին, քաղաքացիական պատանդներին, ռազմագերիներին, որոնք գերեվարվել են 2020 թվականի սեպտեմբերի 27-ից ի վեր, ինչպես նաև ազատ արձակել 2023 թվականի սեպտեմբերի վերջերին առևանգված Արցախի/Լեռնային Ղարաբաղի նախկին և ներկա ղեկավարներին։

Նպաստել անվտանգության միջազգային շոշափելի երաշխիքների հաստատմանը` հնարավորություն տալով Արցախի/Լեռնային Ղարաբաղի բնիկ հայ բնակչությանը օգտվելու սեփական հայրենիք վերադառնալու իր անօտարելի իրավունքից, ինչպես նաև տրամադրելով Արցախին/Լեռնային Ղարաբաղին միջազգայնորեն երաշխավորված ինքնակառավարման կարգավիճակ և աջակցելով այդ իրավունքին։

Արդյունավետորեն ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ բացառելու Հայաստանի Հանրապետության նկատմամբ ագրեսիայի ցանկացած միջոց և Հայաստանի ինքնիշխանությանը սպառնացող ցանկացած գործողություն։
Հայաստանին տրամադրել համապատասխան օգնություն՝ Արցախից /Լեռնային Ղարաբաղից բռնի կերպով տեղահանված հայ բնակչության հոսքը կառավարելու համար:

«Եվրոպացիները՝ հանուն Արցախի» հարթակի մասին հավելյալ տեղեկությունների համար այցելեք europeansforartsakh.eu կայք։

«Եվրոպացիները՝ հանուն Արցախի» համաեվրոպական համագործակցային հարթակ/շարժում է, որը միավորում է Եվրամիության և Եվրոպայի խորհրդի անդամ 15 երկրներում գործող հայ համայնքի ներկայացուցչական մարմինները։

«Եվրոպացիները՝ հանուն Արցախի» շարժման առաջին նախաձեռնությունը նամակ էր՝ ուղղված Եվրամիության ղեկավարությանը՝ Լեռնային Ղարաբաղի/Արցախի հայ բնակչությանն աջակցելու նպատակով։ Նամակը ստորագրել էին ավելի քան 500 եվրոպական ասոցիացիաներ։

Հարթակի առաքելությունն է մոբիլիզացնել քաղաքացիներին՝ աջակցելու Արցախի/Լեռնային Ղարաբաղի բնիկ հայ բնակչության հիմնարար իրավունքներին՝ միևնույն ժամանակ բարձրացնելու այս խնդրի վերաբերյալ իրազեկվածությունը՝ Եվրոպայի քաղաքական, սոցիալական և մշակութային ոլորտներում:

Լավրովը կրկին «փակեց» Ղարաբաղի հարցը Փաշինյանով

Նախագահ Պուտինն անձամբ որոշիչ դեր է խաղացել այն հարցում, թե ինչպես հնարավոր եղավ դադարեցնել պատերազմը 2020 թվականի նոյեմբերին:

Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի միջոցառումներին մասնակցության արդյունքներին հաջորդած մամուլի ասուլիսում։

«Ի դեպ, 2022 թվականին Պրահայում վարչապետ Փաշինյանը փաստաթուղթ է ստորագրել, որով ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 1991 թվականի սահմաններում։ Սա նշանակում է, որ ԼՂԻՄ-ը, ինչպես այն ժամանակ անվանում էին Ղարաբաղը, Ադրբեջանի անբաժանելի մասն է»,- ասել է Լավրովը։

«Սա մեզ համար անակնկալ էր, քանի որ մինչ այս քննարկվում էին Ղարաբաղի կարգավիճակի խնդրի վերջնական լուծման տարբեր տարբերակներ։ Հայաստանի վարչապետը դա արել է ինքնուրույն։ Դրանից հետո կարգավիճակի հարցը, եւ թե ինչ է Ղարաբաղը, փակված է»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ երեկ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը, փաստորեն, ասել էր, որ Փաշինյանը Պրահայում հայտարարություն է արել այն բանից հետո, երբ Ռուսաստանը հայտարարել է, որ չի ճանաչում Բաքվի ագրեսիան և հայկական տարածքների օկուպացումը 2022 թվականի սեպտեմբերին, եւ օգնություն չի ցուցաբերում, քանի որ Հայաստանի սահմանները որոշված չեն։

Մենք պետք է ձեռնարկենք բոլոր անհրաժեշտ միջոցները Լեռնային Ղարաբաղի հայերի երկարաժամկետ խնդիրները հասցեագրելու համար․ Կիպրոսի նախագահ

Կիպրոսի նախագահ Նիկոս Խրիստոդուլիդեսը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում ունեցած ելույթում անդրադարձել է Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով Լեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանությանը։

«Լեռնային Ղարաբաղում մենք ականատես եղանք ևս մեկ հումանիտար ճգնաժամի, որն առնչվում է տասնյակ հազարավոր մարդկանց։ Այդ սուր հումանիտար ճգնաժամը վերածվեց տարածաշրջանից հայ բնակչության զանգվածային արտագաղթի։ Մենք պետք է ձեռնարկենք բոլոր անհրաժեշտ  միջոցները անհապաղ մարդասիրական օգնություն տրամադրելու և Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերի երկարաժամկետ խնդիրները հասցեագրելու համար։ Միևնույն ժամանակ, անցած սեպտեմբերի իրադարձությունների հետևանքով Հայաստանի աճող և հրատապ կարիքները պետք է պատշաճ և համարժեք լուծում ստանան»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասել է Կիպրոսի նախագահը։

Նա հայտարարել է, որ Կիպրոսն աջակցում է ԵՄ-ի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման խաղաղ գործընթացին, ինչն, անկասկած, նպաստելու է տարածաշրջանի երկարաժամկետ կայունությանն ու  զարգացմանը։

«Նման զարգացումը դյուրացնելու և խրախուսելու ցանկացած խթան պետք է լինի հավասարակշռված և մանրակրկիտ պլանավորվի ու իրականացվի»,- ասել է նա: