Հայկական անկախ պետականությունը լուծարվում է, եւ չի լինելու հայկական նոր հանրապետություն

  • 21:10 12.02.2024

Երեւանում եւ ՀՀ ճանապարհներին հայտնվել են «Հայրենիքը պետությունն է» պաստառներ, որը Փաշինյանի ու քպ-ի՝ հայկական պետականության լուծարման կարգախոսն է։ Մեխանիզմը՝ «նոր Սահմանադրության» ընդունումը։

Պաստառները հանրությանն այդ մոտակա գործընթացին պատրաստելու նպատակ ունեն։ «Հայրենիքը պետությունն է» կարգախոսը շարունակությունն է «Արցախի ժողովրդի իրավունքներ եւ անվտանգություն եւ դրանց հասցեագրում» թեզի՝ արանքում 29,8-ի եւ Ալմա-Աթայի մանիպուլյացիաներով։ Դրա հետեւանքը բոլորի աչքի առաջ է՝ Արցախի օկուպացիա եւ բնիկ մեծամասնության արտաքսում։

Փաշինյանական թեզերը մանիպուլյացիոն մեծ լիցք են պարունակում՝ «Արցախը հանձնենք, որ 29,8-ը պահենք»-ից սկսած։ Ծայրահեղ ապակողմնորոշված հանրությունն ընդունում է դրանք՝ որպես իր նվաստացված վիճակի ու համակերպման ներքին արդարացում։

Ինչ է թաքնված «Հայրենիքը պետությունն է» կարգախոսի եւ «նոր Սահմանադրության» տակ։ Եթե արտահայտվենք հակիրճ՝ դա Արցախում իրականացվածը ՀՀ մնացած տարածքի վրա շարունակելն է՝ օկուպացիա եւ բնակչության զգալի մասի տարագրում։ Սա անհնար կլիներ առանց Արցախի օկուպացիայի։ 29,8-ը չեղարկված է, «նոր Սահմանադրությունն» անհրաժեշտ է այս գործընթացը, այսինքն՝ ՀՀ տարածքների օտարումը լեգիտիմացնելու համար։

Ներքին արդարացումների որոնումներում գտնվող հանրության համար սակայն տհաճ անակնկալները սրանով չեն ավարտվում։ Պետք է ուշադրություն դարձնել Փաշինյան-քպ-ի կողմից «նոր հանրապետության» ստեղծման մասին հայտարարություններին, նկատի առնելով, որ Փաշինյան-քպ-ն հրաժարվել է Առաջին Հանրապետության, Հայկական ԽՍՀ իրավաժառանգությունից եւ հայտարարել Երրորդ հանրապետությունը լուծարելու մասին (նոր Սահմանադրություն, լեգիտիմություն՝ կոդային բառերն են)։ Դա նշանակում է, որ «նոր հանրապետությունը» նույնպիսի մանիպուլյացիա է, ինչպես «Արցախի ժողովրդի իրավունքներ եւ անվտանգություն եւ դրանց հասցեագրում» թեզը։ Եթե նույնիսկ այն հռչակվի, դեռ պետք է ճանաչվի, ընդ որում՝ առաջանում են մի շարք խնդիրներ՝ ինչ է լինելու պայմանագրային եղած ողջ բազան, ինչպիսին է լինելու պետության անվանումը, ինչ խորհրդանիշներով։

Այս խնդիրներին դեռ կանդրադառնանք, սակայն վերոբերյալ հարցադրումները կարծում ենք բավարար են կռահելու կամ համոզվելու համար, որ Փաշինյան-քպ-ի ձեռքով լուծարվում է հայկական անկախ պետականությունը, եւ չի լինելու հայկական նոր հանրապետություն։ Ով եւ ինչպես կարող է կանխել այս ընթացքը՝ սա էլ մյուս տհաճ հարցադրումը ներքին արդարացումներ փնտրող հանրության համար։

 

f