Խզմալյան․ Հայաստանը պետք է դուրս գա ՀԱՊԿ-ից ու ԵԱՏՄ-ից

  • 13:17 13.02.2024

«Այսօր առավոտյան սկսվեց այն ծրագրի իրականացումը, որի մասին ես անցած շաբաթ գրել էի, զգուշացրել էի նաեւ կառավարությանը։ Ռուսներն իրականացնում են հետեւյալ ծրագիրը՝ ադրբեջանցիները պետք է սահմանային բախումներ հրահրեն, եւ ռուսները, հայտարարելով, որ գալիս են «փրկելու» ԵԱՏՄ եւ ՀԱՊԿ անդամ դաշնակից Հայաստանին, 102-րդ բազայի զորքով, ինչպես նաեւ Արցախում տեղակայված այսպես կոչված խաղաղապահներով կգրավեն Սյունիքի հարավը։ Եվ այսպիսով, առաջին հերթին Ռուսաստանի համար կբացեն երանելի զանգեզուրյան միջանցքը»,- step1.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը։

Հարցն, թե դրա անվան տակ ՀԱՊԿ ուժեր կբերե՞ն, Խզմալյանը պատասխանեց․ «Մենք բոլորս գիտենք, որ ՀԱՊԿ ուժերն ընդամենը կեղծանուն է հենց նույն ռուսական զորքերի համար։ Իրենք Ղազախստանում 2022 թվականին դա արել են՝ իջեցնելով 70 օդանավ, որին չգիտես ինչու դամ պահողի դերում մասնակցել էր նաեւ հայկական մի փոքրիկ զորախումբ։ Բայց հիմնականում դրանք ռուսական զորքեր են, եկեք իրար չխաբենք»։

Ըստ Խզմալյանի՝ Հայաստանը պետք է դուրս գա ՀԱՊԿ-ից ու ԵԱՏՄ-ից, կատարի դրա համար անհրաժեշտ պայմանը՝ ուղիղ դիմել Եվրամությանը եւ ՆԱՏՕ-ին՝ անդամակցության ու պաշտպանության խնդրանքով։ «Միայն մենք կարող ենք դա անել։ Ասելով՝ մենք, ես նկատի չունեմ կառավարությանը, դա կարող է անել նաեւ ժողովուրդը։ Ես հիշեցնեմ, որ վերջերս Եվրամիությունը Վրաստանին շնորհել է անդամակցության թեկնածու կարգավիճակը՝ ընդգծելով, որ դա ոչ այնքան Վրաստանի կառավարության, որքան ժողովրդի պահանջն է։ Եվ ժողովուրդն իսկապես հավաքներով, ցույցերով, եվրոպական դրոշներով նշում էր իր ամուր կամքը՝ լինելու Եվրոպայի մաս։ Մեզ մոտ պետք է կատարվի նույնը, եւ Հայաստանի Եվրոպական կուսակցությունը հիմա նախաձեռնում է ժողովրդավարական ուժերի հավաքներ՝ միանբանվելու կոչով, որպեսզի ժողովրդին կոչ անենք տարբեր միջոցներով դիմել ՆԱՏՕ-ին, ԱՄՆ-ին ու Եվրամիությանը»,- ասաց նա։

Հարցին՝ եթե Հայաստանի իշխանությունը չի կատարում այս քայլերը, ուրեմն՝ օժանդակո՞ւմ է ռուս-թուրական այդ ծրագրի իրագործմանը, Տիգրան Խզմալյանը պատասխանեց․ «Հայաստանի իշխանությունը բավական հետաքրքիր գործելակերպ է ընտրել։ Կատարվում են որոշ անհրաժեշտ քայլեր։ Օրինակ՝ հենց այս օրերին ԱԳ նախարար Միրզոյանը գտնվում է Բրյուսելում եւ այնտեղ, ի թիվս այլ հարցերի, քննարկում է վիզաների ազատականացման հարցը։ Դա անհրաժեշտ է, բայց դա բացարաձակապես ժամանակավրեպ է եւ ոչ բավարար, ոչ ադեկվատ։ Դա չի համապատասխանում իրական մարտահրավերներին։ Նախարար Միրզոյանը, նրա դիվանագետներն ու այլ պաշտոնյաները պետք է բոլորովին այլ օրակարգ դնեն Եվրոպայի եւ Միացյալ Նահանգների առաջ։ Մենք գտնվում ենք նոր պատերազմի շեմին, ոը դեռեւս հնարավոր է կանխել, եթե Հայաստանը գործի հստակ, այլ ոչ թե ազդակներ հղի Մոսկվային, ինչպես վերջերս արեց վարչապետ Փաշինյանը՝ ասելով, որ Հայաստանում չի քննարկվում ՆԱՏՕ-ին եւ Եվրամիությանն անդամակցելու հարցը։ Դրանից ժամեր անց Ռուսաստանն ու Ադրբեջանը սկսեցին հերթական սադրանքը, որի հետեւանքով նաեւ զոհեր ունեցանք։ Ես ուղիղ կապ եմ տեսնում այս անգործության կամ ոչ բավարար գործողությունների եւ այս զարգացումների միջեւ»։