Step1.am-ի զրուցակիցն է Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը։
-Պարո՛ն Խզմալյան, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Արցախի եւ Հայաստանի վերամիավորման մասին 1989 թվականի որոշումը «իրավական ուժ չունի», քանի որ Խորհրդային միության սահմանադրական հանձնաժողովն այն ճանաչել է Խորհրդային միության Սահմանադրությանը հակասող։ Բայց նրա հայտարարությունից հետո Ալիևի հատուկ դեսպանն ասաց, որ հայկական կողմի հետ բանակցություններում անընդհատ բարձրացվում են մի քանի հարցեր։ Խոսքն Անկախության հռչակագրի մասին է, որը հղում է անում Հայաստանի եւ Արցախի միացման մասին 1989 թվականի դեկտեմբերի 1-ի որոշմանը։ Նաեւ խոսք է գնում Ալմաթիի հռչակագրի շրջանակում Հայաստանի խորհրդարանի վերապահումների մասին։ Այսինքն՝ Բաքուն հերքում է Փաշինյանին, ասում է, որ վերամիավորման որոշումն ուժի մեջ է։ Ինչպե՞ս եք գնահատում սա։
-Ես կարծում եմ՝ սա ընդհանրապես իրավական հարց չէ։ Հայաստանի եւ Արցախի վերամիավորումը՝ որպես ազգային գաղափար, հիմք է ծառայել Հայաստանի ազգային-ազատագրական շարժման համար։ Հայ ժողովուրդն առաջինն է, որը սովետական շրջանում համախմբվեց հենց այդ հարցի շուրջը եւ մարտահրավեր նետեց Սովետական միությանը։ Այնպես որ, սա ամենեւին իրավական հարց չէ։ Իսկ եթե գնանք իրավական հարթություն, շատ արագ կհասնենք Հայաստանի վերաբերյալ Ազգերի լիգայի մանտադին։ Ազգերի լիգայի մանդատը միջազգային իրավունքի տեսակետից շատ ավելի լուրջ իրավական հիմք ունի, քան Ստալինի Կովկասյան բյուրոյի կուսակցական 1921 թվականի որոշումը, որն ընդհանրապես պետական որոշում էլ չէ։ Այնպես որ, իրավական հարթության մեջ դա ընդհանրապես չարժե քննարկել, հակառակ դեպքում մենք անմիջապես կառնչվենք մեր ինքնության հարցերին։ Եվ այս հարցում Հայաստանի Եվրոպական կուսակցությունը բոլորովին չի կիսում վարչապետ Փաշինյանի եւ նրա կուսակցության մոտեցումները։
–Երբ արձանագրում ենք, որ վերամիավորման որոշումն ուժի մեջ է, ՀՀ օրենսդրության մաս է կազմում, հաջորդ քայլը ո՞րը պետք է լինի։
-Ես համարում եմ, որ 1990 թվականին ընդունված Անկախության հռչակագրի հենց առաջին կետում կա լուրջ թերություն։ Դա Լեւոն Տեր-Պետրոսյանի ստորագրությամբ այն կետն է, համաձայն որի՝ Հայաստանի խորհրդային սոցիալիստական Հանրապետությունը վերանվանվում է Հայաստանի Հանրապետություն։ Ես բազմիցս նշել եմ, որ սա ողբերգական եւ հանցագործ սխալ է։ Համեմատելու համար ասեմ, որ Մերձբալթյան երկրների, Ուկրաինայի, Վրաստանի եւ անգամ Ադրբեջանի սահմանադրություններում ու իրենց Անկախության հռչակագրերում այդ երկրներն իրենց հայտարարել են իրենց առաջին հանրապետության իրավահաջորդը։ Հայաստանը, չգիտես ինչու, արեց այդ բացառությունը, ինչը կասկածների տեղիք է տալիս։
-Բաքուն պնդում է, որ Հայաստանի Սահմանադրությունը պետք է փոփոխվի, նույն բանն ասում են Հայաստանի իշխանությունները։ Դա ի՞նչ հետեւանք կարող է ունենալ Հայաստանի համար։
-Իշխանությունը չի կարող նման փոփոխություն անել՝ առանց ժողովրդի կամարտահայտության ու համաձայնության։ Այն հավաքները, որոնց անհրաժեշտության մասին մենք հիմա խոսում ենք, կունենան նաեւ այդ իմաստը։ Պետք է ժողովրդի կամարտահայտություն լինի նաեւ այդ հարցով՝ ուզո՞ւմ ենք մենք, որ մեր Սահմանադրությունը գրվի Բաքվում կամ Մոսկվայում, թե՞ ոչ։ Հայաստանի Սահմանադրությունը հայ ժողովրդի շահերի եւ կոլեկտիվ կամքի արտահայտությունն է, այլ ոչ թե այլ պետությունների, հատկապես մեր թշնամիների ցանկությունների սպասարկման դաշտ։