«ԱՄՆ կատարած մեր այցի գլխավոր ասելիքն այն է, որ մեր հավաքական վերադարձի իրավունքը պետք է իրացվի։ Դրա համար անհրաժեշտ պայմաններ պետք է ստեղծել, որի ուղղությամբ բոլորս անելիք ունենք։ Եվ դրա համար կարեւոր է ՀՀ պաշտոնական դիրքորոշումը՝ Հայաստանի Հանրապետությունը պետք է պատասխանատվություն ստանձնի մեր հավաքական վերադարձի իրավունքի իրացման եւ անհրաժեշտ պայմաններ ստեղծելու հարցում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արցախի նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը։
Նա նշեց, որ ԱՄՆ կատարած այցի շրջանակում բարձրացրել են նաեւ Ադրբեջան պետության եւ կոնկրետ անհատների դեմ պատժամիջոցներ կիրառելու հարցը։ Կոչ են արել ԱՄՆ ղեկավարությանը՝ համապատասխան պատժամիջոցներ կիրառել, մարդասիրական աջակցություն ցուցաբերել Արցախի ժողովրդին եւ ապահովել Արցախի ժողովրդի անվտանգ ու արժանապատիվ վերադարձն իր սեփական հայրենիք։
Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանի խոսքով՝ իրենց այցը հստակ ուղերձ ուներ։ «Մեր նպատակն էր ցույց տալ, ասել, որ մենք չենք համարում, որ Արցախի թեման փակված է, մենք չենք համարում, որ Արցախի ժողովրդի մասին այլեւս չպետք է խոսել։ Ցավոք սրտի, կարծես տեսնում ենք, որ տարածաշրջանային զարգացումների ֆոնին փակվում կամ անտեսվում է Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության օրակարգը։ Եվ խնդիր էր մեզ համար՝ թե՛ ԱՄՆ-ում հայկական Սփյուռքի ներկայացուցիչներին եւ թե՛ ամերիկյան շրջանակներին հասցնել այս կարեւոր ուղերձը»,- ասաց նա։
«Որեւէ երկիր ավելին չի անելու Արցախի ժողովրդի համար, քան Հայաստանի Հանրապետությունը կարող է անել։ Այսինքն՝ այս տեսանկյունից արդեն շատ հստակ խնդիր ունենք լուծելու։ Միջազգային հարաբերություններում երկրները նայում են Հայաստանի Հանրապետության պաշտոնական դիրքորոշմանը»,- ասաց Արտակ Բեգլարյանը։
Նրա խոսքով՝ նույնիսկ հաշվի առնելով թուրք-ադրբեջանական սպառնալիքները, աշխարհակարգի ընդհանուր ցնցումները կամ փլուզումը, արցախցիներն ունեն հստակ հավաքական իրավունքներ։ «Եվ սա որեւէ մեկը չի վիճարկում։ Նույնիսկ հոկտեմբերին, եթե հիշում եք, շուրջ 40 երկրներ, այդ թվում՝ խոշոր գերտերություններ ստորագրեցին Մարդու իրավունքների խորհրդի հայտարարությունը, որտեղ ամրագրվում էր, ընգծվում էր մեր վերադարձի իրավունքը։ Նույնը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հայտարարությունները, բանաձեւերը եւ այլն։ Այսինքն՝ վերադարձի իրավունքն ինքնին ամրագրված է միջազգային իրավունքում, եւ միջազգային հանրության կողմից լայն ընկալում ու աջակցություն ունի։ Արդեն այս հավաքական իրավունքի մասին պետք է Հայաստանի իշխանությունները խոսեն եւ բանակցեն, որովհետեւ այլ սուբյեկտ մենք այս պահին չունենք, որը միջազգային հարաբերություններում կարող է բավարար լծակներ ու կշիռ ունենալ՝ բանակցելու, պայմաններ քննարկելու, առաջ տանելու այս նպատակները։
Իսկ նվազագույն նպատակը պետք է լինի, որ նույնիսկ եթե հիմա մենք գործնական մեխանիզմներ չունենք վերադառնալու կամ այլ իրավունքներ պաշտպանելու, առնվազն պետք է ամրագրենք այդ իրավունքները, պահանջները դնենք, ընկալելի լինենք միաջազգային հանրության համար եւ աստիճանաբար փորձենք հասնել այդ նպատակին։ Նույնը վերաբերում է մնացած նպատակներին՝ դա ցեղասպանության ճանաչումն է, պատասխանատվության հարցերի բարձրացումն է։ Նույնը վերաբերում է մշակութային ժառանգությանը եւ մեր մնացած սեփականությանը, գերեզմաններին, բնական ռեսուրսների անձեռնմխելիության ապահովմանը, որտեղ կրկին ՀՀ-ն բավական անելիքներ ունի։ Այս տեսանկյունից լավ է, որ որոշակի դատական գործընթանցեր կան ՄԻԵԴ-ում, Արդարադատության միջազգայի դատարանում, բայց սրանք բավարար չեն։ Պետք է նաեւ հստակ քաղաքական օրակարգ լինի, քաղաքական պահանջներ լինեն եւ իրավական գործիքակազմերն ավելի ինտենսիվ օգտագործվեն»,- ասաց Արտակ Բեգլարյանը։