Արցախցիների գրանցումը կամայակա՞ն է կատարվում․ օդում որոշումներ են ընդունում

Արցախցիների բռնի տեղահանումից հետո պարզվեց, որ ՀՀի կողմից տրված կապույտ անձնագիրը դեռ չեն փաստում այն ՀՀ քաղաքացիության մասին և, ըստ մեկնաբանության, այդ անձնագրերը ոչ ավելին են, քան ճամփորդական անձնագրեր:

Պարզաբանումից հետո 070 կոդով անձնագրեր ունեցող քաղաքացիների առջև ընտրելու երկու տարբերակ է դրվել՝ փասխստականի կարգավիճակ կամ ՀՀ քաղաքացիություն՝ առանց Արցախի հիշատակման:

Ըստ պարզաբանման, փախստականի վկայականը անպայման է արտասահման մեկնելու համար և այն իբր պաշտպանում է քաղաքացուն Ադրբեջանին արտահանձնումից:

Քաղաքացիների մեծամասնությունը ընտրում են առաջին տարբերակը՝ փախստականի կարգավիճակ, քանի որ վախենում են, որ դառնալով ՀՀ քաղաքացի, կզրկվեն իրենց հասանելիք աջակցություննից:

Այս ընտրությունից զատ արցախցիները բախվել են մի այլ խնդրի՝ հյուծիչ հերթեր, որոշ դեպքերում նաև անիմաստ քաշքշուկ: Որոշումները կամայական են ընդունվում, ըստ երեւույթին՝ ընթացքը դժվարացնելու համար։

Պարզվում է, ամեն անձնագրային բաժին ունի իր կանոները և փաստաթղթերի ցանկը, որոշները գրանցման համար ծնողների անձնագրերը, ամուսնության վկայականն են պահանջում, որոշները՝ ոչ: Թեկուզ ՀՀ ՆԳՆ ցուցկում չկա ծննդական, ծնողների ամուսնության վկայական եւ այլ փաստաթղթեր ներկայացնելու պահանջ։ Իսկ մարդիկ, որոնցից շատերը չունեն այդ փաստաթղթերը, ստիպված արխիվներում են այն փնտրում, ծախսելով մեծ ջանքեր, ժամանակ եւ գումար։

Երևան քաղաքում գործում է նաև առցանց գրանցման հարթակ: Քաղաքացիներից մեկը մեր հետ զրույցում նշել է, որ նրանք մի քանի օր առաջ են գրանցվել առցանց, բայց հերթը դեռ մայիսին է, ինչի պատճառով ստիպված են գնալ ժամերով հերթ կանգնել:

Անհանգստություն է առաջացնում նաև հաշվառումը, հասկանալի է, որ արցախցիների գերակշիռ մասը ՀՀ-ում չունի անշարժ գույքը, ինչի պատճառով ստիպված են ապրել վարձով բնակարաններում, և ոչ բոլոր տան տերերն են համաձայնվում իրենց տանը հաշվառել արցախցիներին: Արդեն լինում են կոնֆլիկտներ։

Քրիստինա Ալավերդյան

«Ուժի կիրառումը խաթարում է բանակցությունները». Պետդեպ

Միացյալ Նահանգները հավատարիմ է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին, երեկ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը՝ շեշտելով՝ Վաշինգտոնը մտահոգված է Հայաստանի և Ադրբեջանի զինվորականների միջև բախումների մասին հաղորդումով, որ հանգեցրել է զոհերի։

«Մենք մեր խորին ցավակցությունն ենք հայտնում զոհվածների և վիրավորների ընտանիքներին։ Ուժի կիրառումը խաթարում է բանակցությունները», – ասել է Միլլերն՝ ընդգծելով, որ կայուն խաղաղության միակ ճանապարհը բանակցությունների սեղանի շուրջ նստելն է։

«Հրադադարի ցանկացած խախտում պետք է հետաքննվի և պատշաճ կերպով հասցեագրվի: Ինչպես շարունակաբար շեշտում է պետքարտուղարը, Միացյալ Նահանգները հավատարիմ է Հայաստան-Ադրբեջան խաղաղ բանակցություններին»,- եզրափակել է Միլլերը։

Երեկ ժամը 05:30-ից սկսած, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ էին բացել Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, հայկական կողմը հաղորդել է 4 զոհի և մեկ վիրավորի մասին։ Ժամը 09:30-ի դրությամբ կրակը դադարել է։

Մեկ ամիս առաջ ԱՄՆ դեսպանատունը 2023 թվականի սեպտեմբերին Արցախում տեղի ունեցած ագրեսիայից հետո առաջին անգամ նախազգուշացում է արել Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող իր աշխատակիցներին՝ կոչ անելով չայցելել Հայաստանի մի շարք մարզեր։

«ԱՄՆ դեսպանատան աշխատակիցներին և նրանց ընտանիքներին արգելվում է որևէ ոչ էական ճանապարհորդություն դեպի հետևյալ վայրեր, ինչը արտացոլում է սահմանափակումների մեղմացում վերջին ծանուցման հրապարակումից ի վեր. Գեղարքունիքի մարզ՝ Վարդենիսից արևելք, Սյունիքի մարզ՝ Գորիսից արևելք, Սյունիքի մարզ՝ Կապանից հարավ, Արարատի մարզի Երասխ գյուղով երթևեկությունը թույլատրվում է, կանգառը՝ ոչ։

ԱՄՆ քաղաքացիները պետք է շարունակեն զգույշ լինել Հայաստանի և Ադրբեջանի միջև բոլոր միջազգային սահմանների մոտ։ Իմացեք, որ ճանապարհի որոշ հատվածներ կարող են առանց նախնական ծանուցման հատել միջազգային սահմաններ: Ճանապարհները կարող են վերահսկվել անցակետերով կամ փակ լինել ճանապարհորդների համար առանց նախազգուշացման», – ասված է հաղորդագրության մեջ։

Դեսպանատունը գրեթե բացահայտ զգուշացնում էր, որ մոտ ապագայում Հայաստանի որոշ ճանապարհներ առանց նախազգուշացման կարող են արգելափակվել որոշակի ուժերի կողմից, ինչպես դա եղավ 2020 թվականի դեկտեմբերին Գորիս-Կապան ճանապարհին և 2023 թվականի ապրիլին՝ Հակարի գետի՝ Կոռնիձորի և Տեղի մոտակայքում։

Իսկ ո՞վ է հաստատել, որ հայկական կողմից կրակոց է եղել, ԵՄ դիտորդնե՞րը

Հայկական կողմից ադրբեջանցի զինվորների ուղղությամբ կրակոցների արձակումը ցավալի էր, բայց Ադրբեջանն անհամաչափ է արձագանքել։ Այս մասին Բրյուսելում ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի 5-րդ նիստից հետո ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգային քաղաքականության հարցերի բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելը՝ անդրադառնալով ադրբեջանական զինված ուժերի կողմից Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղի հայկական դիրքերի ուղղությամբ արձակված կրակոցներին, որոնց հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ եւ 1 վիրավոր։

Ըստ Բորելի՝ Ադրբեջանը անտեսել է Հայաստանի պաշտպանության նախարարության հայտարարությունն առ այն, որ նախօրեի միջադեպը լիովին կհետաքննվի։

Հիշեցնենք, որ հայտնելով փետրվարի 12-ին Հայաստանի կողմից իբր կրակոցի մասին, Բաքուն հատուկ ընդգծել է, որ դա տեղի է ունեցել ԵՄ դիտորդական առաքելության վերահսկողության գոտում, եւ դա հարցեր է առաջացնում առաքելության խնդիրների վերաբերյալ։ 
Մյուս կողմից, հայկական կողմը չի հերքել, բայց չի էլ հաստատել կրակոցի փաստը։ Սակայն Բորելի հաստատակամ պնդումը, որ կրակոց եղել է, ենթադրում է, որ նման տեղեկություն նա ստացել է ԵՄ դիտորդներից։ Թե՞ այդ հաստատակամությունը միտված էր փարատել Բաքվի “անհանգստությունը”։

Հայաստանի կառավարությունը քաշքշուկն օգտագործում է արցախցիների քաղաքական ակտիվությունը թուլացնելու համար

Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի առաջին և երկրորդ գումարման պատգամավոր Աշոտ Սարգսյանը կարծում է, որ ներքին տեղահանվածների վերաբերյալ ՀՀ կառավարության բոլոր որոշումներն ուղղված են Արցախի բնակիչներին անվերջ բյուրոկրատական ​​քաշքշուկների և հերթերի մեջ ներքաշելուն։

«Այս ամենն արվում է, որպեսզի արցախցիների կյանքը Հայաստանում անտանելի թվա, և նրանք հեռանան երկրից։ Եվ նաև՝ Արցախի ժողովրդին շեղել քաղաքական կարևոր գործընթացներից՝ թաղելով սոցիալական խնդիրների ճահճում»,- ասաց Սարգսյանը։

Նա նաև չբացառեց, որ կառավարության նոր որոշումը տանտերերի և վարձակալների, այսինքն՝ տեղացիների և փախստականների միջև լարվածություն առաջացնելու ևս մեկ փորձ է։

Հիշեցնենք, որ փետրվարի 12-ին Հայաստանի ՆԳՆ-ն հրապարակել էր փաստաթղթերի նոր ցանկ, որոնք հարկ է տրամադրել ներքին տեղահանված անձանց գրանցման համար։ Անձը հաստատող փաստաթղթերի հետ միասին, ըստ ցանկի, պետք է ներկայացնել նաև տվյալ տարածքում բնակվելու իրավունքի ապացույց։ Նշվում է, որ Լեռնային Ղարաբաղից հարկադիր միգրանտն իրավունք չունի առանց գրանցման որեւէ գործարք կատարել Հայաստանում։

ԵՄ տրամադրված 4 մլն․եվրոն ուղղվելու է արցախցիներին վաուչերներ և կանոնավոր դրամական փոխանցումներ հատկացնելուն

Եվրոպական հանձնաժողովը ԼՂ-ից բռնի տեղահանվածներին աջակցելու նպատակով հավելյալ 5․5 մլն եվրո մարդասիրական օգնություն կհատկացնի: Այս մասին հայտնում են Հայաստանում ԵՄ գրասենյակից:

Տրամադրվող ֆինանսավորման 1.5 մլն եվրոն նպատակաուղղված է բարձրացնելու աղետների հանդեպ պատրաստվածությունը՝ հնարավոր ճգնաժամերին խոցելի համայնքների դիմակայունության բարձրացման նպատակով։ Մարդասիրական ֆինանսավորման մյուս 4 մլն եվրոն հիմնականում ուղղվելու է Ղարաբաղից տեղահանված հայերին վաուչերներ և կանոնավոր դրամական փոխանցումներ հատկացնելուն, որը կօգնի նրանց հոգալ իրենց հիմնական կարիքները:

Մարդասիրական գործընկերների միջոցով Եվրոպական միությունը նպատակ ունի աջակցելու կարիքի մեջ մարդկանց համար սննդի,  ապաստարանի, առողջապահական խնամքի և հոգեկան առողջության խնամքի ծառայությունների հասանելիությունը և պաշտպանությունը։

Այս ֆինանսավորումը հավելյալ աջակցություն է Եվրոպական հանձնաժողովի կողմից 2023 թվականին ԼՂ հայերի լայնածավալ արտագաղթին արձագանքելու նպատակով հայտարարված 12․2 մլն եվրո աջակցությանը։

36 տարի առաջ Հադրութում տեղի ունեցավ իրադարձություն, որը նշանավորեց անկախ Հայաստանի Հանրապետության ստեղծման սկիզբը

36 տարի առաջ՝ 1988 թվականի փետրվարի 12-ին, Հադրութ քաղաքում տեղի ունեցավ իրադարձություն, որը նշանավորեց անկախ Հայաստանի Հանրապետության ստեղծման սկիզբը, որը կոչված էչ դառնալու համայն հայության պետությունը։

Տոտալիտար Խորհրդային Միության պայմաններում ԽՍՀՄ ՊԱԿ-ի խիստ հայացքի ներքո՝ ի դեմս Հադրութում տեղակայված սահմանապահ գնդի, քաղաքի, ապա ամբողջ շրջանի և Մարտունու շրջանի բնակիչները դուրս եկան զանգվածային հանրահավաքի՝ «ոչ» ասելով Ադրբեջանի՝ Լեռնային Ղարաբաղի հայաթափման քաղաքականությանը։

Սա ժողովրդի ինքնորոշման իրավունքի առաջին ցուցադրությունն էր։ Ավելին, հանդիպումը սկսվեց ինքնաբուխ՝ ի պատասխան Բաքվի էմիսարի ժամանման, որի նպատակն էր Հադրութի շրջանի կուսակցական ակտիվիստների հավաք անցկացնել, արձանագրություն կազմվեր, որում կասվեր, որ Լեռնային Ղարաբաղիհայերը դեմ չեն ապրել Ադրբեջանի կազմում որպես ազգային փոքրամասնություն:

35 տարի Արցախի բնակիչները պայքարել են իրենց իրավունքների համար՝ ընդդեմ խորհրդային բոլշևիկների և թուրք քեմալականների կողմից ապօրինի ստեղծած ֆաշիստական, ռասիստական սուբյեկտի ​​քաղաքականության դեմ։

Մինչդեռ այդ իրավունքը ամրագրված էր այդ տարիներին գործող ԽՍՀՄ Սահմանադրության մեջ, որտեղ ասվում էր, որ ինքնավար միավորները (հանրապետությունները, մարզերը) կարող են ԽՍՀՄ-ից անջատվել միութենական հանրապետությունների հետ հավասար հիմունքներով։

Ինքնավար Լեռնային Ղարաբաղի մարզը, որին ադրբեջանական իշխանությունները 70 տարի ձգտել են վերածել «ազգային փոքրամասնության», ոտքի է կանգնել՝ պաշտպանելու իր քաղաքացիների իրավունքները՝ միջազգային բոլոր սկզբունքներին և օրենքներին համապատասխան։

Ժողովուրդների ինքնորոշման իրավունքը միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներից մեկն է, որը նշանակում է յուրաքանչյուր ժողովրդի իրավունքը՝ ինքնուրույն որոշել իր պետական ​​գոյության ձևը, ազատորեն հաստատել իր քաղաքական կարգավիճակը և իրականացնել իր տնտեսական և մշակութային զարգացումը։

«Բնիկ ժողովուրդների իրավունքների մասին ՄԱԿ-ի հռչակագրում» ամրագրված այս իրավունքի և ԽՍՀՄ Սահմանադրության համաձայն մենք իրականացրեցինք ազգային-ազատագրական շարժումը, որը եւս ժողովրդի իրավունքն է։

Հասկանալու համար, թե ինչու արցախցիները գնացին նման քայլի, նախապես իմանալով, որ հեշտ չի լինելու պայքարել խորհրդային (իսկ իրականում ռուսական պետության) կայսերական հավակնությունների դեմ, որ դժվարություններ են լինելու, կորուստներ, պատերազմ, բավական է ուսումնասիրել իրավիճակը, որում 70-80-ական թվականներին ապրել են արցախցիները։

Մենք զգում էինք բոլոր տեսակի խտրականություն՝ ժողովրդագրականից մինչև տնտեսական: Երկար չնկարագրելու համար բավական է ասել հետեւյալը՝ Արցախի ժողովուրդն այդ տարիներին ապրել է նույն պայմաններում, ինչ 2023 թվականի շրջափակման 10 ամիսներին։ Միակ տարբերությունն այն է, որ մենք ճանապարհներ ունեինք ադրբեջանական բնակավայրերով։

Այն, որ ադրբեջանցիների հետ հարևանությունը լիովին անվտանգ չի եղել, վկայում են Արցախի բնակիչների բազմաթիվ վկայություններն այն ողջ ընթացքում, երբ նրանք ապրել են Խորհրդային Միության տարածքում գտնվող այս խորհրդային, իսկ իրականում թուրքական հանրապետության կազմում։

Ոչխարների հոտերը, որոնք ադրբեջանցի հովիվները քշում էին Արցախի ալպիական մարգագետիններ, դարձան ամենաարդյունավետ գործիքը Ադրբեջանի ղեկավարության ձեռքում՝ բնիկ հայերին դարեր շարունակ ապրած տարածքից «փափուկ» վտարելու համար։

Անասնապահների ժամանակավոր վրանային կացարանները վերածվում էին գյուղերի՝ բաժանելով հայկական բնակավայրերը միմյանցից։ Ժամանակի ընթացքում այս գյուղերը վերածվեցին քոչվորների բանդաների որջերի, որոնք պարբերաբար գողանում էին անասուն, կենցաղային ապրանքներ, իսկ հետո առևանգում հայ երիտասարդ կանանց ու սպանում երիտասարդներին։

Հեռավոր հայկական, հաճախ սակավաբնակ գյուղերի բնակիչները ստիպված էին տեղափոխվել հեռավոր բնակավայրեր, որտեղ կոմպակտ բնակվում էին իրենց ցեղակիցները։ Արդյունքում, ավելի քան 70 տարի Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը վերածվել է անկլավի։ Բայց ամենաանտանելին այն է, որ մենք կտրվեցինք մայրցամաքային Հայաստանից։

Ադրբեջանի քաղաքականությունը՝ ուղղված հայ ժողովրդի երկու հատվածների միջև ջրբաժանի ընդլայնմանը, իրականացվել է բոլոր ոլորտներում։ Հայերը զրկվեցին հայկական հեռուստատեսություն դիտելու, հայկական ռադիո լսելու հնարավորությունից, ժամանակի ընթացքում ադրբեջաներենը սկսեց ներմուծվել դպրոցներ: Էլ չենք խոսում սոցիալ-տնտեսական ու ժողովրդագրական վիճակի մասին։

Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի հացի զամբյուղն էր. մարզը մատակարարում էր բոլոր տեսակի գյուղմթերքները, իսկ բնակիչներն իրենք ձեռքից բերան էին ապրում։ Նրանք, ովքեր իրենց թույլ էին տալիս մեկնել հարևան ադրբեջանական գյուղեր և քաղաքներ, որտեղ առատ սննդամթերք և սպառողական ապրանքներ կային, և այնտեղից առևտուր անել ապագա օգտագործման համար, ապրում էին «լավ» և «կուշտ»: Ժողովրդագրական պատկերը կտրուկ փոխվեց. հայկական բնակավայրերի տարածքում ադրբեջանցիների կողմից ակտիվ շինարարություն ու բնակեցում է տեղի ունեցել։

Հայաստանում կրթություն ստացածների նկատմամբ խտրականությունը նույնպես անհավանական չափերի է հասել։ Այս մարդկանց համար ավելի դժվար էր աշխատանք ստանալը, հատկապես ղեկավար պաշտոններում: Նրանք գտնվում էին ՊԱԿ-ի գործակալների մշտական ​​հսկողության տակ։

Հենց դա էլ հիմք դրեց իրավունքների համար մղվող պայքարին, որի արդյունքում առաջացավ Հայաստանի հետ վերամիավորման համաժողովրդական շարժում։

Ադրբեջանի այսօրվա պնդումներն անհիմն են հենց այս պատճառներով։ Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան ահաբեկչական եռյակին պետք են հայկական հողեր՝ Արցախն ու Հայաստանը առանց հայերի։ Ավելի ճիշտ՝ նրանց պետք են հայերը՝ որպես իրենց էքսպանսիոնիստական ​​քաղաքականության պատանդ։

Դատելով այսօր այս ֆաշիստական ​​կազմավորումների քաղաքականությունից՝ տպավորությունն այնպիսին է, որ վերջին 36 տարին ընդհանրապես չի եղել՝ հայաթափման, հայկական պետականության ոչնչացման, բնիկ հայերի տարագրման նույն քաղաքականությունը շարունակվում է։ Եվ նույն ցանկությունն է «ձեռքի տակ ունենալ» կոլաբորանտ առաջնորդներ, որոնք պատրաստ են ժողովրդի բոլոր իրավունքները հանձնել ստրկացնողների ողորմությանը։

Ավաղ, 1988-ին հռչակված և իրավունքների համար համազգային պայքարով սնվող մայր Հայաստանի հետ վերամիավորման գաղափարը հետագայում դեֆորմացվեց, ինչը հանգեցրեց պարբերական պատերազմների՝ չնայած սեփական պետության և բանակի առկայությանը։

Ազգային ոգեւորությունը, մեր սեփական անկախ պետության գաղափարը սկսեց իր տեղը զիջել պաշտոնյաների, այդ թվում՝ զինվորականների կոմֆորմիզմին և կոռուպցիային։

Ազգային-ազատագրական պայքարի գաղափարախոսները մարգինալացվել են և հայտնվել աղքատության եզրին։ Մարդիկ, ովքեր իրենց կյանքի լավագույն տարիները, նույնիսկ իրենց կյանքը տվել են պետության համար պայքարին, հաճախ ենթարկվել են հալածանքների, ստիպված «ծառայել» կյանքի նոր տերերին, որոնք սեփականաշնորհել են ժողովրդի հաղթանակը և հայտնվել իշխանության ղեկին։

Մեր պետության և ժողովրդի ներկա վիճակը Հայաստանի և Արցախի բոլոր իշխանությունների կողմից Շարժման գաղափարին ու փիլիսոփայությանը դավաճանելու արդյունք է։ Ամեն ինչ արվում է, որ այսօրը չնշվի։

Բայց դեռ կմեծանան սերունդներ, որոնք արխիվներից կհանեն այդ հերոսական օրերը և կշարունակեն իրենց հայրերի գործը։ Հայերի յուրաքանչյուր սերունդ ծնում է իր Նժդեին, Արթուր Մկրտչյանին, Իգոր Մուրադյանին, Մանվել Սարգսյանին, Էմիլ Աբրահամյանին։

Իշխանությունները փոխվում են, մարդիկ էլ, ինչպես գիտենք, հավերժ չեն։ Միայն Ազատության և Անկախության ծգտումն է հավերժ, և այն կիրականանա։

Մարգարիտա Քարամյան

ԱԳՆ-ը ինչ-որ բան է ասել

Սահմանային էսկալացիաներ ծավալելու համար Ադրբեջանը փնտրում է պատրվակներ: Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի ԱԳն-ն:

Հայտարարությունում ասվում է. « Փետրվարի 13-ի առավոտյան Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի, Կապան խոշորացված համայնքի Ներքին Հանդ բնակավայրի շրջանում Ադրբեջանի զինված ուժերի հերթական սադրանքի և ուժի կիրառման արդյունքում հայկական կողմն ունի 4 զոհ և մեկ վիրավոր:

Ուժի կիրառման այս գործողություններին նախորդել էին Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության ռազմատենչ հայտարարությունները, ինչպես նաև վերջին օրերի տեղեկատվական-քարոզչական նախապատրաստական աշխատանքները: Ադրբեջանական ղեկավարությունը շարունակաբար փորձ է անում վիժեցնել Հարավային Կովկասի կայունությամբ և անվտանգությամբ շահագրգիռ դերակատարների ջանքերը՝ վերսկսելու Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված բանակցությունները:

Խստրեն դատապարտում ենք ռազմական սադրանքների դիմելու ադրբեջանական այս գործողությունները, կոչ ենք անում զերծ մնալ իրավիճակն ապակայունացնող քայլերից և վերադառնալ բանակցությունների: Եվս մեկ անգամ վերահաստատում ենք հայկական կողմի նախորդիվ հնչեցրած առաջարկները` իրականացնելու սահմանային անվտանգության բարձրացմանն ուղղված հուսալի միջոցառումներ»:

Հիմա էլ “թիրախավորել են” Չինարի գյո՞ւղը Տավուշում

Հայկական կողմը հերքում է Բաքվի պնդումը, թե փետրվարի 12-ին` ժամը 20։50-23:40 ընկած ժամանակահատվածում, Հայաստանի Հանրապետության ԶՈՒ ստորաբաժանումներն իբր կրակ են բացել սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։

Հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը, հայտնում է Հայաստանի ռազմական գերատեսչությունը։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդել է, թե փետրվարի 12-ին՝ ժամը 20:50-ին և 23:40-ին, հայկական զինված ուժերի ստորաբաժանումները «Թովուզգալինի շրջանի Չինարլի» (Տավուշի մարզի Չինարի գյուղ) բնակավայրի դիրքերից կրակ են բացել ադրբեջանական բանակի դիրքերի ուղղությամբ։

Հիշեցնենք, որ փետրվարի 12-ին Բաքուն նույնաբովանդակ հայտարարություն է տարածել Ներքին հանդի վերաբերյալ։ Այսօր առավոտյան Բաքուն “պատժիչ գործողություն” է իրականացրել, սպանելով 4 հայ զինվորի։

Պաշտպանության նախարարությունը չէր հերքել Ներքին հանդում հայ զինվորի “կրակոցը”, վախվխած խոստանալով պատժել կրակողին։ Բայց դա չի օգնել՝ Բաքուն արել է իր գործը եւ սպանել 4 մարդու։

«Իրենք նախապատրաստված են եղել, իսկ մերոնք նախապատրաստված չեն եղել, ուղղակի հենակետերում մեր զինվորները կանգնած են եղել ու հիմա էլ կանգնած են: Այնպես չէ, որ հարձակվել են, տարածք են գրավել: Դիրքային կրակոցներ են եղել, մենք զոհեր ենք ունեցել, իրենց կողմից մենք չգիտեմք՝ իրենք զոհեր ունեցել են, թե ոչ: Իրենք դեռ հայտարարություն չեն արել»: Դա ՔՊ-ական պատգամավոր, “դաշտային” գեներալ Գագիկ Մելքոնյանի խոսքերն են։

Փաստորեն, մերոնք պատրաստ չէին։ Իսկ Տավուշում վաղվա սադրանքին պատրա՞ստ են։ Հնդկական, ռուսական, ֆրանսիական զենքերը կօգտագործվե՞ն , թե՞ դրանք դեկորացիա են։

 

ԼՂ հակամարտության վերաբերյալ բաժինը կայքէջից չի հեռացվել, բովանդակությունն արտացոլված կլինի պատշաճ ժամկետներում․ ՀՀ ԱԳՆ

Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ բաժինն ԱԳՆ կայքէջից չի հեռացվել, իսկ բովանդակությունն արտացոլված կլինի պատշաճ ժամկետներում: Այս մասին պարզաբանել են ՀՀ ԱԳՆ-ից՝ անդրադառնալով հարցին՝ ինչու է Հայաստանի ԱԳՆ կայքից անհետացել «Լեռնային Ղարաբաղ» բաժինը։

ԱԳՆ-ից միևնույն ժամանակ հորդորում են տեղեկատվական դաշտում զերծ մնալ թեմայի անհարկի շահարկումներից:

Նշենք, որ Հայաստանի արտաքին գործերի նախարարության կայքից անհետացել է «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր» բաժինը։ ԱԳՆ կայքում «արտաքին քաղաքականություն» բաժնում տարիներ շարունակ կար «Լեռնային Ղարաբաղ» ենթաբաժինը։

Հիշեցնենք, որ օրերս Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան Էլչին Ամիրբեկովը «Ազատությանն» ասել էր, որ Հայաստանի Անկախության հռչակագրից բացի՝ Բաքուն խնդիրներ է տեսնում նաև Հայաստանի ընդունած այլ փաստաթղթերում։ Ամիրբեկովը նշել էր Հայաստանի արտգործնախարարության պաշտոնական կայքը, որտեղ Ղարաբաղյան խնդրին նվիրված հատվածում ասվում է, որ Արցախը պատմական Հայաստանի անբաժանելի մասն է։

Խզմալյան․ Հայաստանը պետք է դուրս գա ՀԱՊԿ-ից ու ԵԱՏՄ-ից

«Այսօր առավոտյան սկսվեց այն ծրագրի իրականացումը, որի մասին ես անցած շաբաթ գրել էի, զգուշացրել էի նաեւ կառավարությանը։ Ռուսներն իրականացնում են հետեւյալ ծրագիրը՝ ադրբեջանցիները պետք է սահմանային բախումներ հրահրեն, եւ ռուսները, հայտարարելով, որ գալիս են «փրկելու» ԵԱՏՄ եւ ՀԱՊԿ անդամ դաշնակից Հայաստանին, 102-րդ բազայի զորքով, ինչպես նաեւ Արցախում տեղակայված այսպես կոչված խաղաղապահներով կգրավեն Սյունիքի հարավը։ Եվ այսպիսով, առաջին հերթին Ռուսաստանի համար կբացեն երանելի զանգեզուրյան միջանցքը»,- step1.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը։

Հարցն, թե դրա անվան տակ ՀԱՊԿ ուժեր կբերե՞ն, Խզմալյանը պատասխանեց․ «Մենք բոլորս գիտենք, որ ՀԱՊԿ ուժերն ընդամենը կեղծանուն է հենց նույն ռուսական զորքերի համար։ Իրենք Ղազախստանում 2022 թվականին դա արել են՝ իջեցնելով 70 օդանավ, որին չգիտես ինչու դամ պահողի դերում մասնակցել էր նաեւ հայկական մի փոքրիկ զորախումբ։ Բայց հիմնականում դրանք ռուսական զորքեր են, եկեք իրար չխաբենք»։

Ըստ Խզմալյանի՝ Հայաստանը պետք է դուրս գա ՀԱՊԿ-ից ու ԵԱՏՄ-ից, կատարի դրա համար անհրաժեշտ պայմանը՝ ուղիղ դիմել Եվրամությանը եւ ՆԱՏՕ-ին՝ անդամակցության ու պաշտպանության խնդրանքով։ «Միայն մենք կարող ենք դա անել։ Ասելով՝ մենք, ես նկատի չունեմ կառավարությանը, դա կարող է անել նաեւ ժողովուրդը։ Ես հիշեցնեմ, որ վերջերս Եվրամիությունը Վրաստանին շնորհել է անդամակցության թեկնածու կարգավիճակը՝ ընդգծելով, որ դա ոչ այնքան Վրաստանի կառավարության, որքան ժողովրդի պահանջն է։ Եվ ժողովուրդն իսկապես հավաքներով, ցույցերով, եվրոպական դրոշներով նշում էր իր ամուր կամքը՝ լինելու Եվրոպայի մաս։ Մեզ մոտ պետք է կատարվի նույնը, եւ Հայաստանի Եվրոպական կուսակցությունը հիմա նախաձեռնում է ժողովրդավարական ուժերի հավաքներ՝ միանբանվելու կոչով, որպեսզի ժողովրդին կոչ անենք տարբեր միջոցներով դիմել ՆԱՏՕ-ին, ԱՄՆ-ին ու Եվրամիությանը»,- ասաց նա։

Հարցին՝ եթե Հայաստանի իշխանությունը չի կատարում այս քայլերը, ուրեմն՝ օժանդակո՞ւմ է ռուս-թուրական այդ ծրագրի իրագործմանը, Տիգրան Խզմալյանը պատասխանեց․ «Հայաստանի իշխանությունը բավական հետաքրքիր գործելակերպ է ընտրել։ Կատարվում են որոշ անհրաժեշտ քայլեր։ Օրինակ՝ հենց այս օրերին ԱԳ նախարար Միրզոյանը գտնվում է Բրյուսելում եւ այնտեղ, ի թիվս այլ հարցերի, քննարկում է վիզաների ազատականացման հարցը։ Դա անհրաժեշտ է, բայց դա բացարաձակապես ժամանակավրեպ է եւ ոչ բավարար, ոչ ադեկվատ։ Դա չի համապատասխանում իրական մարտահրավերներին։ Նախարար Միրզոյանը, նրա դիվանագետներն ու այլ պաշտոնյաները պետք է բոլորովին այլ օրակարգ դնեն Եվրոպայի եւ Միացյալ Նահանգների առաջ։ Մենք գտնվում ենք նոր պատերազմի շեմին, ոը դեռեւս հնարավոր է կանխել, եթե Հայաստանը գործի հստակ, այլ ոչ թե ազդակներ հղի Մոսկվային, ինչպես վերջերս արեց վարչապետ Փաշինյանը՝ ասելով, որ Հայաստանում չի քննարկվում ՆԱՏՕ-ին եւ Եվրամիությանն անդամակցելու հարցը։ Դրանից ժամեր անց Ռուսաստանն ու Ադրբեջանը սկսեցին հերթական սադրանքը, որի հետեւանքով նաեւ զոհեր ունեցանք։ Ես ուղիղ կապ եմ տեսնում այս անգործության կամ ոչ բավարար գործողությունների եւ այս զարգացումների միջեւ»։

Լավագույն պաշտպանությունը նահանջն է՝ ինչ է ուզում Մարուքյանը միջազգային հանրությունից

Ադրբեջանի կողմից իրականացվող հանցավոր արարքների այս շղթան պետք է դադարեցվի։ Միջազգային հանրությունը պետք է դատապարտի Ադրբեջանի կողմից իրականացված նողկալի, չհրահրված գործողությունների այս շղթան և կոչ անի Ադրբեջանին դուրս բերել իր օկուպացիոն ուժերը Հայաստանի ինքնիշխան տարածքի ավելի քան 215 քառակուսի կիլոմետրից, ինչը փաստացի ագրեսիա և սադրանք է Հայաստանի դեմ»,-

Այս մասին գրել է Փաշինյանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։

Նա նաև նշել է, որ «Ադրբեջանի հետ երկարաժամկետ խաղաղության պայմանագիր բանակցելու և ստորագրելու համար մեզ պետք է ոչ թե մոդերատոր, այլ հուսալի երաշխավոր։ Հակառակ դեպքում դժվար է բանակցել մեկի հետ, ով զենքը պահում է գլխիդ և չի կատարում իր պարտավորությունները»։

Ներքին Հանդում հերթական ագրեսիայի հետ կապված, որը հանգեցրեց 4 հայ զինծառայողի զոհվելուն, ոչ Մարուքյանը, ոչ էլ Հայաստանի մյուս վայ-պաշտոնյաները չեն խոսում ինքնապաշտպանության ու պաշտպանության իրավունքի մասին։ Միջազգային հանրությանը ուղված անհասցե կոչերը միայն ընդգծում են Հայաստանի իշխանության իմպոտենցիան։ Ինչո՞ւ պետք է համաշխարհային հանրությունը դատապարտի Բաքվին և պահանջի դուրս բերել իր զորքերը Հայաստանի տարածքից, եթե Հայաստանն ինքը պատրաստ է նահանջել մինչև վերջին հայը և գյուղը:

Արտաքին գործերի չնախարար Արարատ Միրզոյանն այժմ Բրյուսելում է՝ ըստ երևույթին, որպեսզի համոզի ԵՄ-ին «չմիջամտել» «խաղաղ բանակցություններին» և հետ կանչել ԵՄ դիտորդական առաքելությունը։ Բաքուն և Մոսկվան դժգոհ են այս ԵՄ առաքելությունից, և Երևանը պետք է հասնի դրա դուրսբերմանը։

Երեկ Վարդենիսում բողոքի ակցիաների ժամանակ մարդիկ պահանջում էին իրենց զենք բաժանել, որպեսզի կարողանան պաշտպանել իրենց տները։ Բայց Հայաստանի իշխանության «խաղաղ» քաղաքականությունը չի ենթադրում պաշտպանական գործողություններ։ Լավագույն պաշտպանությունը նահանջն է՝ սա է Հայաստանի կառավարության նոր խոսքը ռազմագիտության մեջ։