Ուժի չկիրառման եւ ինքնորոշման սկզբունքները մոռացվա՞ծ են․ փորձագետները Վուդրո Վիլսոն կենտրոնում

Ամերիկայի ձայն 

Օրերս «Վուդրո Վիլսոնի անվան հիմնադրամի Քենան հաստատությունը» այս թեմայով հրավիրել էր հեռավար քննարկում վերլուծաբաներ Լորենս Բրոյերսի, Մարինա Նագայայի ու Աննա Ֆիլիփսի մասնակցությամբ:

Chatham House հաստատության վերլուծաբան Լորենս Բրոյերսի խոսքով՝ միջազգային միջնորդական առաքելության վերջին 26 տարիների ջանքերը Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակամարտության խաղաղ կարգավորման առումով ապարդյուն անցան մի շարք պատճառներով, ներառյալ ազգերի ինքնորոշման և տարածքային ամբողջականության սկզբունքների ինստիտուցիոնալ հակասությունը միջազգային ասպարեզում, միջազգային լիբերալ կարգի անկումը, որտեղ ենթադրվում էր, որ հակամարտությունները պետք է լուծվեն միայն խաղաղ ճանապարհով, ինչպես նաև նավթային եկամուտների շնորհիվ Երևանի հանդեպ Բաքվի առավելության, որը հնարավորություն տվեց Ադրբեջանին խնդիրը լուծել ռազմական ճանապարհով:

«Այսպիսով, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ առանցքային հարցը դուրս հանվեց բանակցային սեղանից։ Դա հանգեցրել էր այն կարծիքի և հռետորաբանության, որ այժմ կարծես թե խաղաղ գործընթացը կարող է առաջ գնալ, և որ խաղաղությունն այժմ հնարավոր է»:

Սակայն, նա լավատես չէ խաղաղ բանակցային գործընթացի հեռանկարի հարցում:

«Առանցքային խնդիրն այն է, ինչին ականատես եղանք 2020 թ-ից ի վեր և 1994 թվականից հետո Հայաստանի դեպքում. ռազմատենչությունն ու հաղթանակը դարձել են Ադրբեջանում ռեժիմի լեգիտիմության առանցքային հենասյունը: Հաղթանակած նախագահի շուրջ գերիշխող կերպար և հռետորաբանություն է ձևավորվում: Կարծում եմ, որ դա ստեղծում է խնդիրների հսկայական շարք՝ Հայաստանի հետ այլ տեսակի հարաբերություններ ձևավորելու համար»,- ասում է Բրոյերսը:

Վերլուծաբանը չի բացառում, որ ուղիղ երկկողմանի բանակցությունները կարող են առաջընթաց գրանցել ապագայում ու արձանագրել որոշակի առաջընթաց:

«Դրա համար, սակայն, անհրաժեշտ են երաշխիքներ Հայաստանի և Ադրբեջանի միջև ուժային հսկայական անհամաչափության պատճառով, և այստեղ աշխարհաքաղաքական շահերը կրկին մղվում են առաջին պլան»,- ընդգծում է նա:

Վերլուծաբան Աննա Ֆիլիփսը իր խոսքում կարևորել է կողմերի միջև վստահության բացակայությունն ու պատմական անհանդուրժողականության ձևավորումը երկու կողմում դեռևս խորհրդային կայսրության փլուզման տարիներին: Ըստ վերլուծաբանի՝ կողմերի ակադեմիական և քաղաքական վերնախավերն այդ ժամանակ շրջադարձ կատարեցին դեպի ազգայնականություն, որը ուղեկցվում էր միմյանց հանդեպ թշնամական խոսույթով և անվստահությամբ:

«Այդ խոսույթները ստեղծեցին երկու պետությունների միջև անվտանգային խնդիրներ և «զրոյական գումարով» հարաբերություններ, որոնք նվազեցնում էին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կարողությունը ամենահրատապ հարցերի շուրջ փոխզիջումների գնալ ղարաբաղյան առաջին պատերազմից հետո»,- ասում է նա:

Ըստ Աննա Ֆիլիփսի՝ երկու երկրներում էլ հասարակութունները, արդյունքում, պատրաստ չէին որևէ փոխզիջման, իսկ երկար տարիների դիվանագիտական և հասարակական ջանքերը, չնայած իրենց կարևորությանը, չհանգեցրին որևէ արդյունքի:

«Դիվանագիտական ներգրավվածությունը չկարողացավ առաջընթաց գրանցել անվտանգային երկընտրանքի հարցում՝ կապված Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքների բախման հետ: Թրաք երկու [հասարակական] ջանքերը ևս չկարողացան բավականաչափ զարգանալ՝ փոխելու համար գերիշխող պատմական խոսույթները, որոնք խափանեցին փոխզիջումը»,- ասում է նա:

Նրա պնդմամբ՝ հայերի տեղահանումը Լեռնային Ղարաբաղից և 2020 թվականին հաջորդած այլ զարգացումներ հիմնովին փոխել են քաղաքական իրավիճակը տարածաշրջանում, ինչպես դա տեղի էր ունեցել ղարաբաղյան առաջին պատերազմից հետո:

«Այս զարգացումների արդյունքում անվտանգության մարտահրավերներն ինքնին փոխվել են, սակայն չեն վերացել»,- ասում է Ֆիլիփսը:

Իր հերթին, միջոցառման մեկ այլ բանախոս՝ International Alert հաստատության Կովկասյան ծրագրի տնօրեն Մարինա Նագային առանձնացրել է մի շարք գործոններ, որոնք ազդում են խաղաղ գործընթացի վրա: Դրանց թվում են, ըստ վերլուծաբանի, միջազգային վստահելի ու անկողմնակալ միջնորդության բացակայությունը, Հայաստանի ու Ադրբեջանի միջև ուժերի անհամաչափությունը և խորը անվստահությունը միմյանց նկատմամբ:

«Կողմերը մշտապես կասկածի տակ են դնում և վիճարկում միմյանց հանձնառությունը խաղաղ գործընթացին: Ուստի դժվար է միանշանակ պատասխանել այն հարցին, թե ինչպիսի միջնորդություն, ինչպիսի բանակցություններ են անհրաժեշտ այժմ»,- պնդում է նա:

Մարինա Նագային համակարծիք է, սակայն, որ այս փուլում երկկողմանի բանակցային գործընթացը կարող է արդյունավետ լինել:

«Ուղիղ բանակցությունները, հավանաբար, պատմության այս փուլում ունեն լավագույն հեռանկարները: Միջազգային դերակատարներն առանց ակնհայտ ներգրավվածության, սակայն, չպետք է վերջնականապես հետ քաշվեն և թողնեն դաշտը կողմերին՝ ցանկացած տեսակի խաղաղության համաձայնագիր իրականացնելու համար»,- ասում է վերլուծաբանը:

Նա նաև անդրադարձել է տարածաշրջանում Հայաստանի ու Ադրբեջանի մյուս հարևան Վրաստանի դիրքորոշմանը հայ-ադրբեջանական հակամարտությունում՝ ընդգծելով՝ Վրաստանը մշտապես պահպանել է չեզոքություն այս հարցում՝ հանդիսանալով որոշ դեպքերում որպես չեզոք հարթակ բանակցությունների համար: Այդ չեզոքության պահպանումը կարևոր է Վրաստանի համար ոչ միայն արտաքին քաղաքական ասպարեզում, այլ նաև ներքաղաքական կայունության առումով, քանի որ Վրաստանի տարածքում են բնակվում հայերի և ադրբեջանցիների խոշոր համայնքներ: Դրանք Վրաստանի երկու ամենամեծ ազգային փոքրամասնություններն են, ընդգծում է Մարինա Նահային:

 

Որդուս անունը Անդրանիկ եմ դրել․․․

Տղայիս անունը Անդրանիկ եմ դրել, Անդրանիկ, Անդրանիկ փաշայի անունով․․․

1994 թվականի ապրիլի 24-ն էր, Կարմիր գյուղում մարդիկ հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառումն ավարտել ցրվում էին տներով, ոմանք էլ պետք է ճանապարհվեին Ստեփանակերտ, երբ տրակտորի վարորդը՝ ողորմածիկ Վալեն դային գյուղամիջից գոռաց՝ ով գալիս է շուտ արեք, ճանապարհվում եմ։ Այդ տարիներին, եթե բախտդ բերում էր, ոտքով չէիր տեղաշարժվում, այլ տրակտորի քարշակին մի կերպ տեղավորված, իսկ երբ բեռնատար մեքենա էր հանդիպում, դա նշանակում է՝ այդ օրը արթնացել ես երջանիկ աստղի տակ։ Ստեփանակերտ գնացողները դժգոհելով շտապում էին, էս մարդն ինչու՞ է ժամը փոխել։ Մեկ էլ Վալեն դային, թե ուշացողին չեմ սպասելու՝ Կարենի կնոջը՝ Նաիրային պետք է հասցնեմ ծննդատուն։ Տրակտորի քարշակո՞վ, ծննդատու՞ն․․․

Մենք ապրում էինք հարևանությամբ, տան ճանապարհն էլ անցնում էր իրենց տան մոտով։ Տուն գալուց տեսա, որ տրակտորն արդեն մոտեցել էր տանը, ինչքան հնարավոր էր, Կարենի հայրական տունը լեռան դոշին էր, իսկ բուժքույրը՝ տիկին Գրետան վազում է ցավերը բռնած կնոջն ընդառաջ, ով մի կերպ իջնում էր քարքարոտ ու ժայռոտ կածաններով։։ Ես երեխա էի, շատ բան չէի հասկանում, մենակ տեսա, որ կանայք տագնապած են։ Մեկ էլ բուժքույրը կանչեց Կարենին ու ասաց․ չենք հասցնելու, բայց որոշումը քոնն է, առաջարկում եմ հետ տանենք տուն։ Որոշեցին երեխան ծնվի տանը։ Ստեփանակերտ գնացողները գնացին, մի քանի կանայք բուժքրոջ հետ պատրաստվեցին ընդունել նոր կյանքը։

Եկա տուն ու սպասում էի, որ մաման գա, տեսնենք ո՞վ է ծնվել։ Մեկ էլ մայրս վազելով եկավ, դարակները բացեց ինչ որ բան էր փնտրում արագ – արագ, – մամ ծնվե՞ց․

-հա

-ո՞վ

-տղա

Ինչ լավ է, զոհված տղերքի տեղ նորերն են գալիս։ Մամ բա ի՞նչ ես փնտրում։ Երեխու համար պատրաստված պայուսակը տրակտորի մեջ էր, գնաց Ստեփանակերտ, հիմա երեխան ծնվել է հարմար բան չկա, տեսնենք սպիտակեղենից ինչ կստացվի։ Արցախում արդեն տարիներ ի վեր խանութ չկար, առևտուր չկար։ Մեկ էլ մայրս շրջվեց՝ քո գիշերանոցը շատ հարմար է, կտորը նուրբ է, իսկական նորածնի մաշկի համար։

-Բագունց Կարենին տղա էր ծնվել։ Կարեն, բա անունը ի՞նչ ես դնելու։

-Անդրանիկ եմ դնելու, Անդրանիկ փաշայի անունով, տղաս ցեղասպանության օրն է ծնվել, ուրիշ ի՞նչ անուն տամ։

Անդրանիկի մանկությունը ինչպես Արցախում գրեթե բոլոր երեխաների, շատ դժվար անցավ։ Պատերազմը նոր էր ավարտվել, կյանքը լի էր դժվարություններով։ Մեր գյուղի Անդրանիկը, ով իր քաղցրածոր ձայնով անմահ հերոս Գրիգորի Ավետիսյանի անվան միջնակարգ դպրոցի բոլոր միջոցառումներին Հարենիքի ջուր երգն էր երգում, ջրով լցնում բոլորի աչքերը, շատ հայրենասեր ու միաժամանակ շատ համեստ մի երիտասարդ էր։ Ժամկետային ծառայությունն անցել է Մատաղիսի զորամասում, բայց նրա զինվորական ծառայությունը երկու տարով չսահմանափակվեց։ Անդրանիկը որոշեց դառնալ զինվորական ու շարունակել ծառայությունը Հայրենիքին այս անգամ Ասկերանի զորամասում։

Օրինակելի ու նվիրված զինվորական էր։ Մասնակցել է 44-օրյա պատերազմին։ Նրա վերջին կռիվը Խնապատ – Խրամորթ տարածքում էր։ Սեպտեմբերի 19-ին սկսված ցեղասպան պատերազմը ծանր վիճակի մեջ էր դրել այդ գյուղերը, դեմից Ակնան էր, իսկ թիկունքին դեռ 2022 թվականի մարտի 24-ին ռուսների կողմից դավադրաբար հանձնված Քարագլուխ-Շիկաքարի բարձունքը, ինչը հատկապես Խրամորթի պաշտպանության հնարավորությունը հասցրել էր զրո-յի, բայց տղաները որոշել էին կռիվ տալ, մասսայական կոտորածից բնակիչներին փրկելու համար։

Այդ կռվում ընկավ Բագունց Կարենի որդի Անդրանիկը, Անդրանիկ Հարությունյանը։ Նրա հետ զոհվել էին դիրքի մյուս տղաները։  Անդրանիկը հանգչում է Արցախի հողում, որի համար կյանքը չի խնայել։ Ծնողները, կինը, երեքամյա դուստրը, որ Հայրենիքի զոհասեղանին են դրել ամենաթանկը, զրկվել են ամենաթանկերից, Հայրենիքից, որդու, ամուսնու ու հոր շիրիմից։

Արմինե Հայրապետյան

Forrights. Արցախցի 94-ամյա կինը Հայաստանում թոշակ, նպաստ չի ստանում

Forrights

94-ամյա Շուշիկ Առուշանյանը ծնվել է Արցախի Քարին տակ գյուղում։ Կյանքի 94 տարիների ընթացքում նա եղել է Արցախի քաղաքացի` մինչև 44-օրյա պատերազմն ապրելով հայրենի գյուղում։

Լինելով Արցախից բռնի տեղահանված անձ` Շուշիկ տատն այսօր չի կարողանում իրեն հասանելիք սոցիալական աջակցությունը ստանալ. նրան համարում են Հայաստանի քաղաքացի, չնայած այն բանին, որ փաստաթղթերն այլ բան են ապացուցում։

Տիկին Շուշիկն անձնագրով Արցախի քաղաքացի է, փաստացի բնակության հասցեով` Քարին տակ գյուղի բնակիչ։ Վերջին անգամ նոր անձնագիր ստացել է 2002թ.-ին, երբ լրացել է նախորդ անձնագրի ժամկետը։

Նոր անձնագիրը նա ստացել է Արցախում, որը նույնպես արցախյան անձնագիր է` “070” կոդով, որով էլ շարունակել է ապրել Քարին տակում։

Շուշիկ տատի դուստրը` Նորան, ապրում է Արարատի մարզի Սայաթ-Նովա գյուղում։ 2020թ.-ի հոկտեմբերի 27-ին` պատերազմի երեսուներրորդ օրը, Նորային է զանգում եղբայրն ու հայտնում, որ իրավիճակը սահմանին թեժ է, մայրիկին ուղարկում է նրա մոտ։

«Եղբայրս` Արթուրը, զինվորական էր, մամային Հայաստան ուղարկելուց հետո` հոկտեմբերի 28-ին, իրեն ուղարկել են առաջադրանքի, որտեղ զոհվել ա», — պատմում է Նորան։

Մինչև 2021թ.-ը Շուշիկ տատը` որպես տեղահանված անձ, այստեղ` Հայաստանում ստանում է իրեն հասանելիք սոցիալական աջակցությունը։

2021թ.-ի հոկտեմբերին տատը որդու կնոջ և նրա երեխաների հետ վերադառնում է Արցախ` Ստեփանակերտ։ Արցախից վերջին տեղահանման ժամանակ նրանք Գորիսի անցակետում հաշվառում են անցնում որպես տեղահանված, ինչը ևս հավաստում է, որ Շուշիկ տատը Արցախի քաղաքացի է։

«2020թ.-ի հոկտեմբերին գնացել ենք Մասիսի անձնագրայինի պետի մոտ, իրենք տվել են թուղթը, որ մաման փախստական տեղահանված ա, ու մենք մինչև 2021թ.-ի հոկտեմբերը մամայի թոշակը ստեղ ստացել ենք։

Հիմա անձնագրայինի պետն ասում ա` չէ, Սովետի անձնագիրը գոյություն չունի (նկատի ունի նախքան 2002թ.-նն ունեցած անձնագիրը) ու մաման Հայաստանի քաղաքացի ա։

Թեկուզ մինչև էդ չի ապրել, Սովետի անձնագրերը չեն հաշվում, բայց 2002թ.-ից հետո` 22 տարի ինքը Արցախի քաղաքացի ա եղել։ Եթե Քարին տակի բնակիչ չի, բա ո՞րտեղ ա ապրել, թող ինձ հասցե ցույց տան, հո օդում չի՞ ապրել», — վրդովված պատմում է Նորան։

44-օրյա պատերազմն ընտանիքից, փաստորեն, երեք զավակ է խլել։ Մեկ օրում Չախմախում զոհվել են Շուշիկ տատի որդին` Արթուր Առաքելյանը, թոռը` Կամո Առաքելյանը ու եղբոր որդին` Մխիթար Առուշանյանը։ Ընտանիքում միայն կանայք ու երեխաներ էին, երբ անցած տարի սեպտեմբերին թշնամին հարձակվեց Արցախի վրա։

«Քեռուս տղու եղբայրն օգնել է, իրենց ավտոներով եկել են, դե տանը տղամարդ չկար, մի եղբորս տղեն ա, էն էլ … հիշողություն չունի, էլի պատերազմի ժամանակ է վիրավորվել ..»,- արցունքներն աչքերին պատմում է Նորան։

Նորան ցավով է ասում, որ մայրը, որն այդքան տարի ապրել ու հավատարիմ է մնացել իր ծննդավայրին` չլքելով այն գեթ մեկ օր, չի կարողանում համակերպվել մտքի հետ, որ ակնհայտ ապացույցների մեջ իրեն չեն համարում Արցախի քաղաքացի:

«1992թ.-ին ինչքան ֆիդային ա եղել, մեր տունն էին ապրում, տղերքը Սոսե մայրիկ են ասել իրեն։

Էն օրն ասում ա` Նորա, ես երբ ամուսնացել, գնացել եմ հարս, դրանից հետո ես ոչ մի տեղ հաց չեմ կերել, բայց արդեն 4 ամիս ա ես ձրի, ոչ թոշակ եմ ստանում, ոչ մի բան, բայց ձեր տունը հաց եմ ուտում, բա ես էդ ոնց տանեմ ..», — արցունքները մի կերպ խեղդելով պատմում է Նորան։

Քնարիկ Վարդանյան

Առաջիկայում տարածաշրջանում կանխատեսվում է նորմայից բարձր ջերմային ֆոն

Շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը հրապարակել է եղանակի միջնաժամկետ կանխատեսումների Եվրոպական կենտրոնի (ECMWF) 36X36 կմ լուծաչափով առաջիկա 45 օրվա (ըստ շաբաթների) օդի ջերմաստիճանի որակական կանխատեսման արդյունքներ։

Ըստ շաբաթների մեր տարածաշրջանի համար կանխատեսվում է նորմայից բարձր ջերմային ֆոն․

Փետրվարի 12-19-ը նորմայից բարձր 8-10 աստիճան,

Փետրվարի 19-ից մարտի 18-ը նորմայից բարձր 3-6 աստիճան,

Մարտի 18-25-ը՝ 1-3 աստիճան։

Թուրքիան Հայաստանին է փոխանցել Անիի պատմական կամրջի վերականգնման իր պատկերացումները. ԱԳՆ

Թուրքիան Հայաստանին է փոխանցել Անիի պատմական կամրջի վերականգնման իր պատկերացումները։ Այս մասին հայտնել են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից` պատասխանելով «Sputnik Արմենիա»-ի գրավոր հարցմանը։

«Թուրքական կողմը Հայաստանին է փոխանցել Անիի պատմական կամրջի վերականգնման տեխնիկական գործընթացը կազմակերպելու վերաբերյալ իր պատկերացումները»,- նշված է պատասխանում։

Չեմ կարծում, որ Եվրամիության միջնորդությամբ ու երաշխավորությամբ կկնքվի համաձայնության պայմանագիրը

Step1.am-ի զրուցակին է Բեյրութի «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Կանդահարյանը։

-Պարո՛ն Կանդահարյան, տեղեկություն կա, որ հնարավոր է Բրյուսելում հայ-ադրբեջանական հերթական հանդիպումը կկայանա։ Նախքան այս, գիտենք, որ Ալիեւը բոյկոտել էր նախորդ հանդիպումները։ Ադրբեջանի նախագահական ընտրություններից հետո ի՞նչ է փոխվել, որ Բաքուն համաձայնում է մասնակցել հանդիպմանը։

-Նախ, շատ ուշագրավ է, որ Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելը շնորհավորել էր Ալիեւին՝ ընտրությունների կապակցությամբ։ Պարզ է, որ Ադրբեջանում ընտրություններ չեն կայացել, այնտեղ ինքնանշանակում է տեղի ունեցել, ինչը՝ իբրեւ ընտրակարգ, հիմնովին հակասում է եվրոպական ընտրակարգի արժեքներին։ Բայց երբ ողջունում են, շնորհավորում են, չեն քննադատում, սուր մեղադրանքներ չեն հնչում, դա զուտ քաղաքական գնահատական է։ Այդ քաղաքական գնահատանքի հիմնական շարժառիթն այն է, որ Բաքուն համաձայնություն է տվել Բրյուսելին՝ վերադառնալու բանակցային սեղան։ Մինչ այդ, հիշեցնենք, Ալիեւը խուսանավում էր, շրջանցում ու մերժում էր հանդիպումները։

Չեմ կարծում, որ սա վերջնական ձեւաչափ է, որ Եվրամիության միջնորդությամբ ու երաշխավորությամբ կկնքվի համաձայնության պայմանագիրը։ Սա շարունակական գործընթաց է, եւ այստեղ միջնորդության առիթ տալը կամ չտալը քաղաքական առեւտրի գործիք է։ Քաղաքական ներկա իրավիճակը նկատի ունենալով՝ այս կոնտեքստում պետք է ընկալել Ալիեւի լեգիտիմությունը խնդրո առարկա չդարձնելը եւ նաեւ Բաքվի համաձայնությունը, որ Եվրամիությունը վերստին միջնորդի կամ հանդիպում կազմակերպի։ Իհարկե, չեմ կարծում, որ սա Մոսկվայի կողմից աննկատ կանցնի կամ Մոսկվան հանգիստ կընկալի, որովհետեւ արձագանքն անմիջապես այն էր, որ սահմանազատման քարտեզները Մոսկվայի մոտ են։ Պաշտոնական Մոսկվայի ներկայացուցիչը նման հայտարարությամբ հանդես եկավ։ Դա պարզ հուշում է, որ բանակցային գործընթացի բանալին Մոսկվայի մոտ է գտնվում։ Մենք պետք է փորձենք այս ամբողջ գործընթացներն ընկալել տարածաշրջանում Արեւմուտք-Ռուսաստան ազդեցության գոտիների մրցապայքարի ընդհանուր տրամաբանության կոնտեքստում եւ ըստ այդմ՝ նաեւ հավանական սցենարները կանխատեսել եւ դիտարկել, թե ինչն է ամենանպաստավորը հայկական կողմի համար։

-Նախորդ հանդիպումների ժամանակ Բրյուսելում արձանագրվեց Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու գործընթացը, ինչպես նաեւ հայտարարվեց, որ կողմերը Ալմաթիի հռչակագրի հիման վրա ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը։ Չնայած, դրանից հետո Բաքուն խուսափեց Հայաստանի տարածքային ամբողջականության մասին հստակ հայտարարություններ անել։ Եթե այս նոր հանդիպումը կայանա, օրակարգում ի՞նչ հարցեր կարող են լինել։

-Ալմաթիի հռչակագրի վերաբերյալ Բաքուն արձագանքել է եւ ասել է, որ դա՝ որպես փաստաթուղթ, խնդրահարույց է, եւ հայկական կողմը չպետք է հղում անի Ալմաթիի հռչակագրի վերապահումներին։ Ուրեմն, սա Բաքվի համար կարեւոր կետ է։ Դա ենթադրում է, որ բանակցությունների օրակարգը հիմնված է Ալմաթիի հռչակագրով ճշտված տարածքային ամբողջականությունների հիմքի վրա։ Դրա համար Բաքուն կանխում է։ Դրանից առաջ նաեւ Փաշինյանի հայտարարությունը եղավ առ այն, որ կողմերը համաձայնել են հղում չանել փաստաթղթերին։ Բաքուն հիմնական երեք փաստաթուղթ հիշատակեց՝ Անկախության հռչակագիրը եւ Սահմանադրության նախաբանում դրան հղումը, երկրորդը՝ Ալմաթիի հռչակագրով հայկական վերապահումները եւ երրորդը՝ ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքում Արցախի հարցի վերաբերյալ ընդհանուր հայեցակարգը։ Առայժմ այս երեք փաստաթղթերին է հղում արվում, որոնք, ըստ Բաքվի, խոչընդոտ են։ Ուրեմն, կարծում եմ, որ բանակցությունների ժամանակ կարծարծվեն նաեւ այս հարցերը։ Պաշտոնապես հայտարարվել է, որ սահմանազատման եւ սահմանագծման կետը դուրս է եկել «խաղաղության պայմանագրի» նախագծից, որովհետեւ դա երկարատեւ գործընթաց է։ Դա նշանակում է, որ երեւութապես շտապում են, որպեսզի «խաղաղության պայմանագիրը» կնքվի։ Բայց այստեղ շտապողականությունը նաեւ իր տրամաբանությունն ունի, որովհետեւ եթե Սահմանադրություն ենք փոխում եւ դա ներկայացնում իբրեւ խոչընդոտ «խաղաղության պայմանագրին», այդ Սահմանադրության փոփոխությունը հանրաքվե է ենթադրում, հանրաքվեն նաեւ որոշ ժամանակ է պահանջում է։ Բացի այդ, մենք չգիտենք, թե այդ հանրաքվեի արդյունքում ի՞նչ է լինելու, այսինքն՝ չի բացառվում, որ ժողովուրդը մերժի, հրաժարվի Անկախության հռչակագրին հղումը վերացնելու պահանջից։ Այսինքն՝ այնքան էլ պարզ չէ այս գործընթացի եւ ժամանակը, եւ արդյունքը։ Առավել եւս, Բաքուն անվերջ նոր նախապայմաններ դնելով՝ խոչընդոտում է այդ ընթացքին։

-Արցախցիները բարձրացնում են Արցախում միջազգային խաղաղապահներ տեղակայելու հարցը եւ միայն այդ դեպքում են պատրաստ վերադառնալ Արցախ։ Այս հարցը Բրյուսելում քննարկման առարկա կարո՞ղ է դառնալ, եւ դուք տեսականորեն հնարավոր համարո՞ւմ եք, որ, օրինակ, ՀԱՊԿ խաղաղապահ ուժերին կարող են միջազգային մանդատ տալ ու տեղակայել Արցախում։

-Ես կարծում եմ, որ արցախցիների նման պահանջն օրինաչափ է, որովհետեւ վերադարձի իրավունքի իրացումն անպայման պայմանավորվելու է միջազգային անվտանգության երաշխիքներով։ Փաստորեն, Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի ներկայությամբ տեղի ունեցավ վերջին պատերազմը, Արցախի հայաթափումն ու բռնի տեղահանումը։ Այսինքն՝ ՌԴ ուժերի խաղաղապահությունը երաշխիք չի կարող լինել։ Դրա համար վերադարձի իրավունքի իրացումը պայմանավորվում է միջազգային նոր երաշխիքային գործիքակազմի առկայությամբ։ Բայց դա եւս պետք է դիտարկել տարածաշրջանում ընթացող Արեւմուտք-Ռուսաստան ազդեցության գոտիների սուր մրցապայքարի քաղաքական ընդհանուր տրամաբանության մեջ։

 

Պուտինն Ուկրաինային օրինակ բերեց Ղարաբաղը. դո՞ւք չէիք ուրախանում Ալիևի ուժային “կարգավորումից”, դե ստացեք նույնը

Վլադիմիր Պուտինը, խոսելով իր սկսած ուկրաինական պատերազմի մասին, սիրում է անդրադառնալ պատմությանը, մասնավորապես, Պետրոս I-ի ժամանակաշրջանին: Արևմտյան քաղաքական գործիչները բազմիցս նշել են, որ Պուտինը ռուս-ուկրաինական պատերազմի համատեքստում ցանկանում է իրեն պահել անցյալի քաղաքական գործչի պես, որը պատրաստ է ուժով վերգծել սահմանները. այսպես էին լուծվում արտաքին քաղաքական հակամարտությունները Պետրոսյան դարաշրջանում: Այս մասին գրում է BBC-ն։

Արցախյան հակամարտության ուժային «լուծումը», որն Արևմուտքում շատերի կողմից ճանաչվում է որպես «Ադրբեջանի կողմից իր տարածքային ամբողջականության վերականգնում», Պուտինին համոզում է «պետրոսյան» մեթոդների ճիշտության մեջ։ Ուկրաինայի պատերազմը չէր լինի, եթե «քաղաքակիրթ աշխարհը» «չճանաչեր» Մոսկվայի և Անկարայի իրավունքը՝ մասնատել Հարավային Կովկասը և 2020 թվականին ուժով լուծել Արցախի խնդիրը։ Այժմ՝ 2023-ի Արցախի ագրեսիայից և արտաքսումից հետո, Պուտինն իրեն իրավասու է համարում խոսել Ուկրաինայի նկատմամբ նույն ռազմավարությունը կիրառելու մասին։

Ուկրաինացի քաղաքական գործիչները և «հակապուտինյան» վերլուծաբանները, ովքեր ուրախանում են Ալիևի «հաղթանակներով», կա՛մ ցանկանում են Ուկրաինայի մասնատում, կա՛մ կատարյալ ապուշներ են։

«Հիտլերը աղաչում էր նրանց (Լեհաստանին՝ Գդանսկ քաղաքը տալ նացիստական ​​Գերմանիային – խմբ.): Լեհերը մերժեցին։ Չէ՞ որ լեհերն են ստիպել։ Նրանք չափն անցան և Հիտլերին ստիպեցին իրենց հետ սկսել Երկրորդ համաշխարհային պատերազմը: Ինչո՞ւ պատերազմը սկսվեց 1939 թվականի սեպտեմբերի 1-ին Լեհաստանից։ Որովհետեւ Լեհաստանն անհասկացող էր: Հիտլերն այլընտրանք չուներ Լեհաստանից սկսելու իր ծրագրերն իրականացնելու հարցում»,- ասել է Ռուսաստանի Դաշնության բռնապետը։

Նույն կերպ Պուտինը արդարացրել է 2020 թվականի ագրեսիան Արցախում և ռուսական օկուպացիոն զորքերի մուտքը։ Նրանք չէին ուզում կամովին զիջել իրենց պապերի հողը, մենք այն ուժով վերցրեցինք։ Ղարաբաղյան իրադարձություններից անմիջապես հետո նա փոխեց ՌԴ Սահմանադրությունը եւ դրանում ներառեց բռնակցված Ուկրաինայի տարածքները։ «Նրանք չեն ուզում տալ ինքնակամ, զոռով կվերցնենք։ Իսկ Արեւմուտքը ոչինչ չի ասի։ Արեւմուտքը ոչինչ չասաց, երբ մենք կուլ տվեցինք Ղարաբաղը եւ արդեն խժռում ենք Հայաստանը»։

Նաիրա Հայրումյան

Ինչ է սպասվում Հայաստանում մոտակա ամիսների ընթացքում

Արամ Սարգսյանը նոր խորհրդարանական ընտրություններ «ավետեց»

«Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանի համոզմամբ՝ Սահմանադրական հանրաքվեի հետ միաժամանակ պետք է անցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Ավելին, Սարգսյանը, որ պարբերաբար հանդիպում է վարչապետին, պնդում է՝ նման ազդակներ ստացել է հենց իշխանությունից:

«Ես համոզված եմ, որ Նիկոլ Փաշինյանն ինքն էլ է այդպես տեսնում: Սահմանադրության հանրաքվեն եթե դնում ես, հույս ունես, որ «այո» ես ստանալու, եթե «ոչ» ես ստանալու, էդ քո իշխանությունը թուլացնելու է », – նշեց Սարգսյանը «Ազատության» հետ զրույցի ընթացքում:

Հակառակ դեպքում, ըստ Արամ Սարգսյանի, Սահմանադրական հանրաքվեն կտապալվի՝ ընտրողների պասիվության պատճառով. – «Ինչքան ես եմ տեսնում իշխանության տրամադրությունները, իշխանությունները հանրաքվեի կգնան ամենաուշը այս տարի աշնանը: Ինձ համար միանշանակ է, որ դա կլինի նաև արտահերթ խորհրդարանական ընտրությունների հետ միասին»:

Թեկուզ իշխանությունները հերքում են, թե արտահերթ ընտրությունների օրակարգ, անգամ հանրաքվե անցկացնելու որոշում կա, խորհրդարանական ընդդիմությունը՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները Սահմանադրական հանրաքվեի օրակարգն են մերժում՝ Փաշինյանի հեռացումն ու առանց նրա նոր ընտրությունները հռչակելով հիմնական նպատակ։

«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանությունը սահմանադրական հանրաքվեի, ավելի կոնկրետ՝ «Այո»-ի շտաբը ձեւավորելու գործընթաց է սկսել եւ դաշնակիցների փնտրտուքի մեջ է: Արդեն իսկ պարզ է, որ «Ոչ»-ի ճակատը բավականին ազդեցիկ է լինելու, եւ այս հարցում միմյանց հետ համագործակցելու են անգամ իրար թշնամի ընդդիմադիրները։ Արդեն սկսվել են բանակցություններ: Մեզ պատմեցին, որ ՊԲ նախկին հրամանատար, ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանը կարող է հայտնվել «Այո»-ի ճամբարում, գոնե նրա թիմակիցներն այդպես են ասում»:

«Հրապարակը» գրում է, որ «Այո»-ականների լոզունգը լինելու է «Ով դեմ է Սահմանադրությունը փոխելուն, կողմ է պատերազմին»։

Փաստորեն, սրանով իշխանությունները հնարավոր պատերազմի եւ հերթական զիջումների մեղքը «ավանսով» գցում են հանրության վրա, որը ցանկացած դեպքում մեղավոր կլինի։

«Փաստ» օրաթերթը գրում է. «Իշխանությունների հակաազգային քայլերը, բնականաբար, առաջ է բերում ազգային մտածողություն ունեցող քաղաքացիների ու կառույցների ոչ միայն մտահոգությունը, այլև զայրույթը: Բնական է, որ ազգայինի դիրքերում կանգնած տարբեր քաղաքական, հասարակական միավորներ ջանքեր են ներդնում հակազգային նախաձեռնությունների դեմն առնելու համար:

Ի մասնավորի, հենց նման անհատների ու կազմակերպությունների ակտիվության շնորհիվ իշխանությունների նախաձեռնած փոփոխության նախագիծը՝ կապված «Հայոց պատմություն» առարկայի անվանափոխության հետ, Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում փաստացի տապալվեց՝ ստանալով ավելի շատ «դեմ» ձայներ»։

Ցավոք, դեռ չեն երեւում “ազգային ուժերը” եւ ազգային պետությունը պահպանելու շուրջ նրանց միավորման հեռանկարը։ Արտաքին տերերին ծառայելը թույլ չի տալիս ձեւավորել “զարթոնքի” ընդհանուր ճակատ։ 

Մոսկվան ներկայացրել է Ղարաբաղի վերաբերյալ հետագա քայլերը՝ «ինտեգրում» ռուսական երաշխիքների ներքո

Ռուսաստանը պատրաստ է նպաստել ղարաբաղցի հայերի անվտանգ վերադարձին տարածաշրջան, եթե նրանք ցանկանան, ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

ՏԱՍՍ-ի տարածած տեքստը դիվանագիտական ​​ցինիզմի, այլասերվածության և քաղաքական մանիպուլյացիայի օրինակ է։

«Ցավոք, ղարաբաղցի հայերի մեծ մասը լքել է տարածաշրջանը։ Դա նրանց դժվար, բայց կամավոր ընտրությունն էր։ Այս առումով կարևոր է պայմաններ ստեղծել ցանկացողների վերադարձի համար՝ պատշաճ կերպով ապահովելով նրանց իրավունքները և անվտանգությունը։ Մենք պատրաստ ենք ամեն հնարավոր օգնություն ցուցաբերել այս գործընթացին, այդ թվում՝ ռուսական խաղաղապահ կոնտինգենտի միջոցով, որի ներկայությունը մեծ նշանակություն ունի»,- ասել է Գալուզինը։

Այս նախադասության մեջ ոչ մի ճշմարտության խոսք չկա. Մոսկվան, ըստ երևույթին, հույսը դնում է այն բանի վրա, որ Արցախի բնիկ բնակիչները, որոնք բլոկադայից, ուղիղ ագրեսիայից եւ ցեղասպանությունից հետո նոր են լքել իրենց հողը, արագ կմոռանան Ռուսաստանի դերի մասին կամ «կներեն» նրան այլընտրանք չունենալու պատճառով։

Ինչպես ընդգծել է Գալուզինը, այս իրադարձությունները տեղի են ունեցել ելնելով դրանից, որ հայկական կողմը 2022 թվականի հոկտեմբերին Պրահայում ԵՄ հովանու ներքո կայացած գագաթնաժողովում ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ներառյալ Ղարաբաղը դրա կազմում։

Այսինքն, եթե վաղը «հայկական կողմը» հայտարարի, որ Կարսը, Ղարաբաղը և Նախիջևանը Հայաստանի մաս են, իսկ Ռուսաստանը՝ օկուպանտ, ապա Մոսկվան անմիջապես կփոխի իր դիրքորոշումը և կհայտարարի, որ «այժմ իրավիճակն այլ է», մենք հետ ենք կանչում մեր օկուպացիոն զորքերը և պատրաստվում ենք քվեարկել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում բազմազգ խաղաղապահ ուժեր տեղադրելու օգտին:

«Միևնույն ժամանակ, այն ժամանակ լուծված չէր տարածաշրջանի հայ բնակչության իրավունքների և անվտանգության ապահովման հարցը, բայց հիմա Ղարաբաղը ինտեգրվում է Ադրբեջանի իրավական դաշտին»,- ամփոփել է ՌԴ փոխարտգործնախարարը։

Մոսկվան որոշել է, որ Ղարաբաղը պետք է ինտեգրվի «Ադրբեջանի իրավական դաշտին»։ Մնում է պարզել, թե ով է Մոսկվային տվել նման որոշման մանդատը։

«Հայրենիքից Հայրենիք», շնորհակակության օրը. Նարեկ Արշակյանի անհատական ցուցահանդեսը

“Հայրենիքից Հայրենիքը” իրենից ներկայացնում է լուսանկարչական ցուցահանդես, որտեղ ներկայացված են Արցախում ապրած և տարբեր ճանապարհ անցած հայտնի արցախցիների դիմանկարներ, որոնք լուսանկարների միջոցով իրենց շնորհակալությունն են հայտնում նրանց, ովքեր մշտապես իրենց կողքին են եղել:

Լուսանկարիչ Նարեկ Արշակյանի խոսքով` հայաստանցիներն ու արցախցիները միշտ ունեցել են ինչ-որ “սառույց” իրար մեջ, և նախագծի նպատակն այն է, որ այդ սառույցը հալվի, որ մենք ցույց տանք, որ իրար սիրում ենք, իրար ջիգյար ենք, պատրաստ ենք իրար ամեն ինչ տալ:

«Այսօր շնորհակալության օր է: Հերոսները շնորհակալություն են հայտնում անցած բոլոր դժվարությունների ժամանակ իրար սատար կանգնելու համար: Կարիք կար իրար շնորհակալություն ասելու: Այդ գեղեցիկ բառն այնքան բան է փոխում մեր հարաբերությունների մեջ: Իրար կարոտած արցախցիների էմոցիաները, գրկախառնությունները, աչքերի փայլը տեսնելը շատ հուզիչ էր”, ասաց նա:

Ցուցահանդեսի մասնակիցներից Իննա Գրիգորյանը պատմում է, որ նկարվելու ժամանակ պետք էր աչքերը փակել և մտովի տեղափոխվել Արցախ: Դրանից հետո այլևս կարիք չկար որևէ դերի մեջ մտնելու, քանի որ էմոցիաները ինքնըստինքյան ի հայտ էին գալիս:

Տաթև Ազիզյան

Մոսկվան ԵԱՀԿ-ին մեղադրել է Ալիեւի ընտրությունների հանդեպ անարդար վերաբերմունքի համար

ԵԱՀԿ դիտորդները գնահատականով Ադրբեջանում նախօրեին անցած վաղաժամ նախագահական ընտրությունները զուրկ էին քաղաքական մրցակցությունից և անցել են սահմանափակող միջավայրում ու լուրջ ընտրական թերություններով: Լրատվամիջոցների համար ևս առկա էին սահմանափակումներ:

ԵԱՀԿ-ի կայքն անդրադարձել է ընտրություններին՝ մեջբերելով դիտորդների գնահատականներն, ուր մասնավորապես ասված է. «Սա առաջին ընտրություններն էին, որոնք անցկացվեցին Ադրբեջանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված ողջ տարածքում, մի խնդիր, որը գերիշխում էր քարոզարշավում և արձագանքում էր հանրային տրամադրություններում: Թեև ընտրությունների նախապատրաստությունն արդյունավետ և պրոֆեսիոնալ էր, այն չուներ իրական բազմակարծություն, և քննադատական ձայները շարունակ ճնշվում էին: Միավորման և արտահայտվելու ազատությունների երկարատև սահմանափակումները ամրապնդվեցին վերջին օրենսդրական փոփոխություններով և հանգեցրին միջազգային ժողովրդավարական չափանիշներին չհամապատասխանող օրենսդրությանը, ասված է միջազգային դիտորդների այսօրվա հայտարարության մեջ:

«Ազատություն» ռադիոկայանը, հենվելով «Թուրան» գործակալության տեղեկության վրա, ներկայացրել է ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցչի արձագանքն Ադրբեջանում կայացած ընտրություններին, ուր ասված է. «Մենք կիսում ենք ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի դիտորդական առաքելության դիտարկումներն ու մտահոգություններն առ այն, որ նախագահական ընտրություններն անցել են սահմանափակ միջավայրում, առանց իրական մրցակցության»։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, առաջ անցնելով Բաքվի իր գործընկերներից, քննադատել է ԵԱՀԿ դիտորդական առաքելության զեկույցը Ադրբեջանում փետրվարի 7-ին տեղի ունեցած արտահերթ նախագահական ընտրությունների վերաբերյալ։ «Ես ուղղակի ապշած և ցնցված էի ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) արձագանքից, նրանք պաշտոնական հայտարարություն են տարածել  Ադրբեջանում ընտրությունների արդյունքների վերաբերյալ։ Նրանք մի կողմից ընդունում են, որ ընտրությունները կազմակերպված են արդյունավետ, մյուս կողմից ասում են, որ Ադրբեջանի նախագահական ընտրություններին մասնակցած թեկնածուները բավարար նախանձախնդրություն չեն ցուցաբերել՝ ցույց տալու, որ ունեն իրենց օրակարգը։ Այսինքն՝ դարձյալ ընտրությունները չեն, որ ձեզ դուր չեն գալիս, այլ ընտրությունների արդյունքը։ Դա է խնդիրը»,- ասել է Զախարովան։ Նա նշել է, որ ԵԱՀԿ-ն չի լսել պետության համար չափազանց կարևոր պահին հասարակության կոնսոլիդացման մասին, ինչը նշանակում է, որ նրանք պատկերացում չեն ունեցել՝ ինչպես դիտարկել ընտրությունները։

 

Բաքուն հաստատել է. Հայաստանի և Արցախի վերամիավորման որոշումը ուժի մեջ է

Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հուսահատ պնդում էր, որ 1989 թվականի դեկտեմբերի 1-ի որոշումը Հայաստանի և Արցախի վերամիավորման մասին ուժի մեջ չէ, քանի որ ԽՍՀՄ Սահմանադրական դատարանն իբր չեղարկել է այն, նաև Արցախի վերաբերյալ Հայաստանի վերապահումները Ալմա-Աթայի հռչակագրին եւս անվավեր են, քանի որ Հայաստանը մոռացել է այն ուղարկել ԱՊՀ դեպոզիտարիա։ Սակայն, ինչպես պարզվում է, այդ փաստաթղթերն ուժի մեջ են, եւ այդ մասին ասվում է ոչ թե Երեւանում, այլ Բաքվում։

«Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում Ալիևի հատուկ դեսպան Էլչին Ամիրբեկովն ասել է, որ հայկական կողմի հետ բանակցություններում անընդհատ բարձրացվում են մի քանի հարցեր։

Խոսքը Անկախության հռչակագրի մասին է, որը հղում է անում Հայաստանի եւ Արցախի միացման մասին 1989 թ․ դեկտեմբերի 1-ի որոշմանը։ Նաեւ խոսք է գնում Ալմաթայի հռչակագրին Հայաստանի խորհրդարանի վերապահումների մասին։ 1992 թվականին խորհրդարանն ընդունեց 10 վերապահում, որոնք առաջարկում էին պայմանագրում ներառել ժողովուրդների ինքնորոշման իրավունքի մասին դրույթ։

Նա նշել է, որ Բաքվի համար խնդրահարույց է թվում նաև հայկական ԱԳՆ կայքում Արցախի՝ որպես պատմական Հայաստանի անբաժանելի մասի հիշատակումը։ Բացի այդ, Ամիրբեկովին դուր չեն գալիս Հայաստանի դիմումները ՄԻԵԴ-ին, որոնք, ըստ նրա, տարածքային պահանջներ են պարունակում։

Այսպիսով, պարզ է դառնում, որ ուժի մեջ են եւ 1989 թվականի դեկտեմբերի 1-ի որոշումը Արցախի և Հայաստանի վերամիավորման մասին, և հղումները պատմական իրավունքներին, այդ թվում՝ Կարսի պայմանագրի հետ կապված կորցված տարածքների հանդեպ (Կարս, Նախիջևան, Սուրմալու, Արարատ), և Ալմաթայի հռչակագիրի վերապահումները, որտեղ ասվում է, որ Արցախը չի մտնում «Ադրբեջանի տարածքային ամբողջականության մեջ»:

Սա է հետագա բանակցությունների մեկնարկային կետը։ Հիմա Հայաստանը կա՛մ պետք է հրապարակայնորեն հրաժարվի այս բոլոր կետերից և հայտարարի պետության ինքնալուծարման, ապառազմականացման և իր քաղաքակրթությունից հրաժարվելու մասին, կա՛մ վերջապես պետք է երկրում զարթոնք սկսվի։ Բաքուն անում է ամեն ինչ, որպեսզի հայերը արթնանան։