«Հայկական պաշտպանության ակտ» օրինագիծը ներկայացվել է ԱՄՆ-ը Ներկայացուցիչների պալատ

Ամերիկայի ձայն

Փետրվարի 8-ին դեմոկրատ կոնգրեսականներ Ֆրենկ Փալոն կրտսերն ու Գեյբ Ամոն հանրապետական կոնգրեսականներ Մայք Լոլերի և Գաս Բիլիրաքիսի հետ միասին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ ներկայացրին «Հայաստանի պաշտպանության ակտ» օրինագիծը, որով առաջարկվում է կասեցնլ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ Աջակցության ակտի 907 բանաձևի չեղարկման լիազորությունը: Դրա մասին են տեղեկացնում ամերիկահայ կառույցները:

907 բանաձևը հայտարարում է, որ Միացյալ Նահանգները ֆինանսական միջոցներ «չի կարող տրամադրել Ադրբեջանի կառավարությանը, մինչ նախագահը չսահմանի և այդպիսով չզեկուցի Կոնգրեսին, որ Ադրբեջանի կառավարությունն ակնհայտ քայլեր է ձեռնարկում՝ դադարեցնելու բոլոր տեսաի շրջափակումները և ուժի այլ հարձակողական գործադրումները Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ»: Սեպտեմբերի 11-ից հետո վարչակազմը ստացավ այս բանաձևը ժամանաավորապես կասեցնելու հնարավորություն` Ադրբեջանին 907 բանաձևի դրույթների կիրառումից ազատելու համար:

Այս օրենսդրական ակտը ներկայացվեց այն ժամանակ, երբ Սենատը քվեարկությամբ ընդունեց S.3000-ը օրինագիծը, որը հայտնի է նաև որպես «Հայկական պաշտպանության ակտ», որն առաջնորդեցին դեմոկրատ սենատոր Գերի Փիթերսը և հանրապետական սենատոր Մարկո Ռուբիոն:

Արարատը Ֆրանսիայում․կլինի՞ հարաբերությունների մակարդակի բարձրացում

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը փետրվարի 9-ին հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, ՀՀ ԱԳ նախարար Միրզոյանը շնորհավորել է ֆրանսիացի գործընկերոջը Ֆրանսիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:

«Զրուցակիցները հանգամանալից քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ՝ անդրադառնալով  թե՛ երկկողմ և թե՛ բազմակողմ հարթակներում համատեղ սերտ փոխգործակցության հեռանկարներին։

Անդրադառնալով երկկողմ օրակարգին վերաբերող հարցերին՝ գոհունակությամբ նշվել է բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը և ընդգծվել բազմաոլորտ համագործակցության հետագա ամրապնդման պատրաստակամությունը։ Հայաստանի և Ֆրանսիայի նախարարներն անդրադարձել են առաջիկայում նախանշվող բարձրաստիճան միջոցառումներին։

Արարատ Միրզոյանը և Ստեֆան Սեժուրնեն մտքեր են փոխանակել նաև ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգի շուրջ։ ՀՀ ԱԳ նախարարը շեշտել է Եվրոպական միության հետ ինտենսիվ խորացող երկխոսությունը, որը զարգանում է նաև նոր ուղղություններով՝ միտված ՀՀ քաղաքացիների համար շոշափելի արդյունքների ապահովմանը։

Մանրամասն քննարկվել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին վերաբերող հարցեր։ ՀՀ ԱԳ նախարարը ֆրանսիացի գործընկերոջն է ներկայացրել տարածաշրջանում կայունության ու խաղաղության հաստատման հարցում ՀՀ տեսլականը: Արարատ Միրզոյանն ընդգծել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում առանցքային սկզբունքները, մասնավորապես տարածքային ամբողջականության և սահմանների անքակտելիության, ինքնիշխանության անվերապահ հարգման կարևորությունը, ինչպես նաև սահմանազատման հետագա գործընթացն Ալմա-Աթայի հռչակագրի ու ԽՍՀՄ ամենաթարմ ու լեգիտիմ քարտեզների հիման վրա իրականացնելու համար առավել որոշակիություն ապահովելու անհրաժեշտությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ ՀՀ ԱԳ նախարարը բարձր է գնահատել Ֆրանսիայի առանձնահատուկ ուշադրությունն ու ջանքերը՝ ուղղված Հարավային Կովկասում անվտանգային մարտահրավերների հաղթահարմանը, ինչպես նաև արդար ու կայուն խաղաղության հաստատմանը:

Նշվում է, որ մտքեր են փոխանակվել տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական ծրագրերին առնչվող հարցերի շուրջ։

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի բարձրացնելուց հետո փորձագետներն ակնկալում են նաեւ հայ-ֆրանսիական հարաբերությունների մակարդակի բարձրացում, հատկապես՝ ռազմաքաղաքական ոլորտոմ։ 

Գիյոմ Կասբարյանը նշանակվել է Ֆրանսիայի բնակարանաշինության նախարար

Գիյոմ Կասբարյանը նշանակվել է Ֆրանսիայի բնակարանաշինության նախարար, հայտնում է News in France պորտալը։

36-ամյա Կասբարյանը Ֆրանսիայի տնտեսական և առևտրային գիտությունների բարձրագույն դպրոցի շրջանավարտ է և երկար ժամանակ աշխատել է խորհրդատվական ընկերություններում։

Նա համառ լիբերալ է և քաղաքականությամբ է զբաղվում 2016 թվականից, երբ սկսեց աջակցել Էմանուել Մակրոնին։ Եղել է Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր։

«Ծեծում էին, անխնա ծեծում». ադրբեջանցիները ծեծել են հաշմանդամ մորն ու վիրավոր որդուն

Սեպտեմբերյան իրադարձությունների ժամանակ Արցախում տեղի ունեցած դեպքերն ու իրադարձությունները, մարդկային պատմություններն ու խեղված ճակատագրերը գուցե շատերին սարսափ ֆիլմ են հիշեցնում, բայց նրանք, ովքեր անցել են այդ դժոխքի միջով, փրկվելը հրաշք են համարում։

Նախօրեին MediaHub-ը ներկայացրել էր գերության մեջ հայտնված ու ադրբեջանցիների կողմից տանջանքների ենթարկված սառնաղբյուրցի Գայանեի պատմությունը։ Նրա հետ նույն վայրից գերեվարված մայր ու որդի՝ 72-ամյա Ջեմմա և 37-ամյա Լիպարիտ Մարդանյանները առողջական լուրջ խնդիրներ ունեն։ Վերջիններս իրենց համագյուղացի ևս 2 կնոջ հետ ադրբեջանական գերության մեջ են հայտնվել սեպտեմբերի 20-ին։ Թե ինչ է կատարվել նախքան Ստեփանակերտ վերադառնալը՝ մայր ու որդի դժվարանում են պատմել։

«Ծեծել են, անխնա ծեծել են, հաշվի չառնելով, որ վիրավորում ենք ստացել, որ անգամ քայլել չենք կարողանում։ Որտե՞ղ է գրված, որ տարեց կնոջ հետ այդպես վարվեն, մանավանդ բժիշկ կոչվածը, որ «կամեռաների» առաջ ժպտում է, հոգ տանում, քաղցրավենիք հյուրասիրում, ստիպում մենք էլ ժպտանք։ Հետո, երբ անջատում ու էլ չեն նկարում՝ սպառնում էին, ծեծի ենթարկում»,- հիշում է Ջեմմա Մարդանյանը։

Կտտանքների ենթարկելով սառնաղբյուրցի խաղաղ բնակիչներին՝ նրանց նախ ոտքով հասցրել են ադրբեջանական հենակետ, այնտեղից տարել Ակնա (Աղդամ)։ Մեր զրուցակիցներն ասում են, որ երբ հասցրել են բուժծառայության համար նախատեսված տնակներ, մտածել են, որ փրկվել են, այնինչ բժիշկներն իրար հերթ չտալով` մի կողմից բուժել, մյուս կողմից տանջել են հայ գերիներին։

«Դա հիվանդանոց չէր, այլ նման էր բանտախցի, որտեղ սպիտակ խալաթի տակ թաքնված մարդասպաններ են։ Երբ բժիշկը մտնում էր իմ սենյակ, «ադեալը» գցում էի դեմքիս, հետո ուժեղ հարվածները զգում մարմնիս վրա։ Այդ ժամանակ ես միայն Լիպոյի մասին եմ մտածել։ Եթե ինձ ծեծում են, բա Լիպարիտին ի՞նչ են անում»,- հիշում է  իր ապրումները կինը։

Այդ օրերին ադրբեջանական լրատվամիջոցներն իրար հերթ չտալով ցուցադրում էին հայ գերեվարվածների մասին տեսանյութերը, թե իբր վերջիններս չեն ցանկացել հեռանալ գյուղից, հայերն են կրակել նրանց ուղղությամբ, իսկ իրենք «ջանասիրաբար» մարդասիրական օգնություն են ցուցաբերում։ Մինչդեռ, տեսախցիկների հակառակ կողմում՝ անպատմելի ցավ ու տանջանքներ են, կտտանքներ, որոնց միջով անցել են նաև մայր ու որդի Մարդանյանները։

«Մենք ընդհանուր 6 հոգով էինք, որից 2-ը՝ Մարտակերտից էին։ Մեր գյուղից Գայանեն ու Լիաննան ռուսերեն խոսել գիտեին, հաղորդակցվում էին։ Ասացին, որ Լիպարիտն էլ առողջական խնդիրներ ունի, իսկ վիրավորվելուց հետո քայլել չի կարողանում, իսկ ես տարեց կին եմ հազար ու մի խնդիր ունեմ, շաքարս բարձր։ Ես մտածել եմ, դա իմ կյանքի վերջին րոպեներն են, չեմ դիմանա»։

Լիպարիտի խոսքով՝ Ադրբեջանի ցուցադրած կադրերում բժշկական միջամտություն են ցուցաբերում։ Ինքը գլխից վիրավորում չէր ստացել, իսկ բժիշկները կապում են նրա գլուխը, թեյ «հյուրասիրում», բայց դրանից դուրս սենյակում ծաղրում ու ծեծում։

«Ես ասում էի, որ ծառայող չեմ, ռազմական գործողություններին չեմ մասնակցել, առողջական լուրջ խնդիրներ ունեմ, բայց ինձ ո՛չ լսող կար, ո՛չ էլ հավատացող»,- ասում է սառնաղբյուրցի 37-ամյա տղամարդը։ Սեպտեմբերի 25-ին, երբ թշնամական ԶԼՄ-ներն արդեն կատարել էին իրենց առաքելությունը, Ակնայում 5 օր պահելուց հետո հայ գերիներին տեղափոխել են Շուշի, այնտեղից փրկարարների միջոցով՝ Ստեփանակերտ։ Հիվանդանոցում տեղ չլինելու պատճառով Ջեմմային ու Լիպարիտին բժշկական միջամտություն են ցուցաբերել Արցախի փրկարարները, որից հետո նրանք տեղափոխվել են օպերատիվ շտաբ, որտեղ և նրանց խնամքով զբաղվել են շտաբի ծառայողները։

Վերջիններս Հայաստան են տեղափոխվել սեպտեմբերի 28-ին։ Հիմա գլխավորն իրենց կյանքում՝ մոռանալ այդ մղձավանջը, դժոխքը, որի միջով մայր ու որդի անցան…

Հունան Թադևոսյան

mediahub.am

Ինչպես 1600-ամյա այբուբենը ձևավորեց հայկական ինքնությունը․ BBC Travel-ը հոդված է հրապարակել Հայոց այբուբենի մասին

BBC Travel-ը հոդված է հրապարակել Հայոց այբուբենի մասին։ «Ինչպես 1600-ամյա այբուբենը ձևավորեց հայ ինքնությունը» վերնագրով հոդվածի հեղինակ Սուգատո Մուքերջին պատմում է, որ Հայոց այբուբենը սոսկ գրային համակարգ չէ. այն նաև թվային համակարգ է, որն օգտագործվում է մաթեմատիկական հաշվարկների և օրացուցային տարեթվերի գրանցման համար, ինչպես նաև ազգային հպարտության առարկա է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հոդվածում լրագրողը կիսվել է նաև իր տպավորություններով՝ Հայոց այբուբենի հուշարձան և Մատենադարան կատարած այցից։

«Ես գիտեի, որ հայկական տառերի գեղագիտական ձևերը, ժողովրդական արվեստում և գեղագրության մեջ դրանց երկարատև օգտագործման շնորհիվ, ներառել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցուցակներում, բայց գաղափար չունեի, որ տառերի նրբագեղ, գեղարվեստական նկարները նույնպես օժտված են գաղտնի կոդերով, գաղտնագրությունով և թաքնված հատկություններով։

Բոլոր 36 տառերը ոչ միայն այբուբենի մաս են կազմում, այլև ունեն նշանակված թվային արժեք՝ կախված այբուբենի իրենց կարգից: Երբ դասավորվում են չորս սյունակներում և ինը շարքերում, յուրաքանչյուր սյունակի տառերը, համապատասխանաբար, ներկայացնում են թվեր՝ մեկ, տասնյակ, հարյուրյակ և հազարյակ»,- գրել է Մուքերջին։

 

«Հրաժեշտ Քավթարին». ինչպես սկսվեց 44-օրյա պատերազմը

Քրիստափոր Գալստյանը 44-օրյա պատերազմի ակտիվ մասնակիցներից է։ Պատերազմի սկզբում եղել է ժամկետային զինծառայող։ Ծառայել է հրետանային գնդում։ Ինչպես շատերը, նա չի սիրում խոսել պատերազմի մասին, քանի որ անտանելի ցավալի է հիշել այդ սարսափելի իրադարձությունները։ Սակայն պատերազմից հետո նա, այնուամենայնիվ, գրել է «Հրաժեշտ Քավթարին» պատմվածքը, որտեղ պատմել է ծառայության մասին իր հիշողությունները։

«Արաքսավանում սովորական շոգ օրերից մեկն էր, մենք մեր առանձին հրետանային գնդի ճամբարում էինք, այն բացվել էր 2020 թվականին։ Մեր առանձին հրետանային գնդի հրաձգարանը գտնվում էր Արցախի Հադրութի շրջանում։ Առավոտից երեկո, անտանելի շոգին, մարտական ​​պատրաստությամբ էինք զբաղվում։ Զորավարժությունների այս փուլին մենք վաղուց էինք պատրաստվում։ Մի քանի օր անց հրամանատարությունը պատրաստվում էր գնդի ստուգում անցկացնել։

Ուրբաթ էր, սեպտեմբերի 25, 2020։ Ամբողջ օրը մեքենաներ ենք լվանում, զենքերը մաքրում։ Ես կանգնեցրի իմ բեռնատարը գետի մոտ գտնվող Քավթար ծառի տակ։ Դա կատարյալ վայր էր մեքենա լվանալու համար: Երեկոյան ընթրիքից հետո հանգստանալու ժամանակն էր։ Ես բավականին հոգնած էի ամբողջ օրվանից, քանի որ մենակ էի լվանում մեքենան: Այդ օրը սափրվեցի, լվացվեցի, հեռախոսով երկար խոսեցի, ընկերոջս հետ պայմանավորվեցի Ջրականի զորամասում հանդիպման մասին։ Ուրբաթ օրը նրանք պետք է իջնեին իրենց դիրքերից, իսկ շաբաթ օրը բաղնիքի օր էր։

Գնդի հրամանատարը շտապ խորհրդակցություն է հայտարարել։ Բոլոր սպաները հավաքվել էին շտաբի վրանում։ Հանդիպումը երկար չէր ավարտվել, ինչը շատ տարօրինակ էր ու անհասկանալի։

Այդ ընթացքում գնացի ջուր բերելու։ Շտաբից քիչ հեռու ջրով մեքենա էր կանգնած։ Տեսա, թե ինչպես են սպաները շտապում վրանից։ Սկզբում, ուշադրություն չդարձնելով, բացեցի ֆլյագը, որ ջուր լցնեմ, բայց այդ ժամանակ հանկարծ անունս բարձրաձայն արտասանեցին՝ Գալստյան։ Մեր գումարտակի տղաներն էին։

Ես շատ էի ուզում ջուր բերել, որպեսզի հաջորդ օրը ջրի հերթ չկանգնեմ, և մինչ ես շտապ ջուր էի լցնում, նորից կանչեցին և ասացին, որ հետ վազեմ։ Այս պահին ինձ մոտ հարցեր առաջացան, քանի որ տեսա, որ սպաները շատ անհանգիստ էին:

Ես վազեցի մեր վրանը, մտա, բոլորը կանգնած էին մեջտեղում ու խոսում էին։ Հարցրի՝ ի՞նչ է եղել, ասացին, որ տրեվոգայա։ Շուտով կգա գումարտակի հրամանատարը, եւ կիմանանք, թե ինչ է եղել։ Այդ ժամանակ ներս մտավ հրամանատարը և բավականին հանգիստ տոնով խոսեց. «Ջոկատ, լսեք իմ հրամանը, շուտով կհայտարարվի տագնապ, խուճապի մի մատնվեք, վերցրեք այն ամենը, ինչ ձեզ անհրաժեշտ կլինի դաշտային պայմաններում, մենք մի քանի օրով կգնանք պոլիգոն»։

Եկել է տագնապի ժամանակը, մենք վերցրել ենք այն ամենը, ինչ անհրաժեշտ էր։ Ոմանք վրանում թողեցին նոր համազգեստներ, սապոգներ, քանի որ մտածում էինք, որ մի քանի օրից կվերադառնանք։ Գնացինք զինապահեստ, որտեղ գնդի հրամանատարը անկազմակերպության պատճառով բղավում էր մյուս սպաների վրա, երևի թե փոքր խուճապ նկատեց։ Այնտեղ մենք շարվեցինք, նա մտավ վրան ու սկսեց հետևել, թե ինչ է կատարվում ներսում։

Դրսում արդեն մութ էր, իսկ վրանի լուսավորությունը շատ աղոտ էր։ Մեր հերթը հասել է։ Սկզբում վրանից հանեցինք զենքի տուփեր, հետո զինամթերք։

Ես մտա վրան, այնտեղ կանգնած էին գումարտակի հրամանատարը, մեր վաշտի հրամանատարը և մի քանի զինվորներ, նրանք կանգնած էին արկղերի մոտ և կարգուկանոն։ Գումարտակի հրամանատարը հարցրեց՝ Միքայելյան (մեր վաշտի հրամանատար), սա առաջի՞ն տուփն է։ Նա պատասխանեց՝ ճիշտ այդպես։ Միքայելյանն ու վարորդները լարված էին, քանի որ վախենում էին գումարտակի հրամանատարին զայրացնել։ Մենք արկղերով դուրս եկանք վրանից, շարվեցինք ու արագ սկսեցինք հանել մեր զենքերը։ Հանեցի զենքս, վերցրեցի տուփը, վարորդներով վազեցինք հավաքատեղի, մեքենաների մոտ։

Հասանք տեղ և տեսանք, որ երրորդ թնդանոթը մեքենային ամրացված չէ։ Սովորաբար մենք ամեն օր ստուգում ու զննում էինք տեխնիկան՝ այն պահելով մարտական ​​պատրաստության մակարդակի։ Այս օրը հատկապես հագեցած էր։ Մենք ներկեցինք ու կարգի բերեցինք թնդանոթի ողջ տեխնիկան։ Լիցքավորումն ավարտելուց հետո թնդանոթը ամրացրինք մեքենային, և կապիտան Միքայելյանը հրաման տվեց. «Շարվեք»։

Շարվեցինք, նա արդեն սկսել էր ավելի հանգիստ ձայնով խոսել, բայց ձայնի մեջ ես վախ ու անհանգստություն զգացի։ Նրա ելույթը նման էր մարտական ​​գործողությունների մեկնարկից առաջ կոչի, հին ծառայողներից լսել եմ, որ 2016 թվականին՝ ապրիլյան պատերազմից առաջ, նա նույն բանն է ասել, և բոլորն անմիջապես հասկացել են, թե ինչ է կատարվում։

Հրամանատարը մեզ խորհուրդ տվեց վատի մասին չմտածել։ «Այսուհետ դուք պատասխանատու եք ոչ միայն ձեր, այլև այն ամենի համար, ինչ ձեզ շրջապատում է, ձեր ընկերների, ձեր ռազմական պաշարների, ամեն ինչի համար։ Եղեք շատ ուշադիր և զգույշ»,- ասաց նա և հրամայեց՝ «ազատ»։

Հետո ես վազեցի ընկերոջս մոտ։ Ես ուզում էի նրանից ակնոց վերցնել, քանի որ տեսողության հետ կապված խնդիրներ ունեմ, և բանակ զորակոչվելուց երկու օր առաջ ակնոցս կոտրվեց։ Ես չէի կարող բեռնատարը վարել առանց ակնոցի։

Դա տեսնելով, իմ փոխարեն ղեկին նստեց ավագ լեյտենանտ Բաբայանն ու ասաց. «Գալստյան ջան, դու դեռ պետք ես, մթության մեջ առանց ակնոցի չես կարող վարել, առավել ևս ուրիշի ակնոցով, ավելի լավ է ես քշեմ, իսկ դու տղաներիմոտ գնա»։

Հետևիցս նստած էին դիպուկահարներն ու մեր վաշտի մնացած զինվորները։ Իսկ ավագը նստած էր վարորդի կողքին։ Այն բանից հետո, երբ բոլորը նստեցին իրենց մեքենաները, հրամանատարությունը հրամայեց միացնել շարժիչները և  լուսարձակները, և մեքենաները մեկը մյուսի հետևից սկսեցին լքել ճամբարը։ Մենք իջեցրել ենք հովանի վարագույրը թափքի հետևի մասում՝ փորձելով պաշտպանվել փոշուց: Շատ շոգ էր ու փոշոտ, ինչպես անապատում, միակ տարբերությունն այն էր, որ անապատում ավազ էր, իսկ այստեղ՝ շատ փոշի։ Այնտեղ, ցանկացած եղանակի, մենք մինչև գոտկատեղը ցեխի մեջ էինք, իսկ երբ  անձրեւ էր գալիս, ցեխը կպչում էր մեր կոշիկներին։ Կոշիկներին 3 կիլոգրամ ցեխ էր կպնում, որը նման էր ցեմենտի և չէր մաքրվում։

Հովանի բացերի միջով տեսնում էինք մեր հետևից շարժվող մեքենաների լուսարձակները։ Շատ լավ եմ հիշում մեր մեկնած պահը և ամբողջ ճանապարհը, աղոտ լուսարձակները, քանդված ճանապարհները, կոշտ ու կեղտոտ նստարանները և ամենակարևորը՝ Քավթար անունով ծառը, որը հավերժ կմնա իմ հիշողության մեջ»։

Քրիստոֆերը ակտիվ մասնակցություն ունեցավ 44-օրյա պատերազմին, որը խլեց հազարավոր կյանքեր, շատերը զոհաբերեցին իրենց առողջությունը։ Արդյունքը՝ էթնիկ զտումն է և Արցախի ամբողջական կորուստը։ Մի օր Քրիստոֆերը նորից կկարողանա տեսնել Քավթար կոչվող շքեղ ծառը։

Պատմվածքի հերոսների անունները հեղինակի խնդրանքով փոխվել են։

Մեկնարկել են արցախցիների կենսաթոշակների վճարումները

Այս շաբաթվա ընթացքում իրականացվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 22 հազար 164 անձի կենսաթոշակների նշանակում և վճարում։

«Արմենպրես»-ի  հաղորդմամբ՝ այս մասին փետրվարի 9-ին կառավարության «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ասուլիսում ասել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Զարուհի Մանուչարյանը՝ հավելելով, որ կենսաթոշակների վճարումները սկսվել են երեկվանից։

«Իրականացվել է նաև նպաստների նշանակում և վճարում։ Նպաստներ են վճարվել  1131 անձի։ Խոսքը՝ մայրության, երեխայի ծննդյան միանվագ և մինչև երկու տարեկան երեխայի խնամքի համար նպաստների մասին է»,-պարզաբանել է Մանուչարյանը։

Անդրադառնալով  բնակվարձի և կոմունալ վճարումների համար նախատեսված 40+10 հազար դրամ սոցիալական աջակցության ծրագրի վճարումներին, նա տեղեկացրեց, որ հունվար ամսվա համար  արդեն իրականացվել են 96 հազար 821 հայրենակցի աջակցության վճարումները։

«Եթե ինչ-ինչ պատճառներով մեր հայրենակիցները չէին ստացել նախորդող ամիսների վճարները, ապա տեղեկացնեմ, որ վճարման գործընթացները շարունակվում են, այսինքն՝ զուգահեռաբար կշարունակենք փոխհատուցել նաև այդ վճարները»,-պարզաբանեց նախարարի խոսնակը։

Նրա խոսքով՝ ընդհանուր առմամբ 100 հազար դրամի չափով սոցաջակցությունն արդեն իսկ վճարվել է 112 հազար 765 անձի, իսկ 40+10 հազար դրամ ծրագրի շրջանակում հոկտեմբեր ամսվա համար վճարում իրականացվել է 108 հազար 857-ին, նոյեմբերի համար՝ 87 հազար 568-ին, դեկտեմբերի համար՝ 93 հազար 787 անձի։

Մանուչարյանը նշել է, որ  ծրագիրը վեցամսյա է և կշարունակվի մինչև մարտ ամիս։

Փաշինյանը մանիպուլյացիաներով է զբաղվում, չկա նման որոշում․ Գագիկ Ավանեսյան

Step1.am-ի հարցերին պատասխանել է Արցախյան շարժման մասնակից Գագիկ Ավանեսյանը։

-Պարո՛ն Ավանեսյան, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանի Գերագույն խորհրդի եւ Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի 1989 թվականի վերամիավորման որոշումը իրավական ուժ չունի։ Նա նշեց, որ  1991 թվականին Խորհրդային միության սահմանադրական հանձնաժողովն այն ճանաչել է Խորհրդային միության Սահմանադրությանը հակասող, եւ հետեւաբար այդ փաստի բերումով իրավական ուժ չունի։ Ինչպե՞ս կմեկնաբանեք սա։

-Ո՞ւր է այդ որոշումը։ Այն ժամանակ վերադաս մարմինը եղել է ՍՍՀՄ պատգամավորների համագումարը, ո՞ւր է նրանց որոշումը, որ վերամիավորման որոշումն իրավական ուժ չունի։ Չկա նման որոշում, Նիկոլ Փաշինյանը մանիպուլյացիաներով է զբաղվում։ Այն, ինչը չի չեղարկվել, որոշումը չի բեկանվել, ուրեմն ուժի մեջ է, ինչի՞ մասին է խոսքը։ Սա Նիկոլ Փաշինյանի հերթական մանիպուլյացիան է։ Իրականում այդ որոշումը չի չեղարկվել, եթե չեղարկված լիներ, Ադրբեջանը տասնյակ տարիներ զուռնա փչելով՝ աշխարհով մեկ հայտարարած կլիներ այդ մասին։ Այդ որոշումն ուժի մեջ է, ինչի հիման վրա էլ նաեւ Անկախության հռչակագիրն է գրվել։

-Եվ ի վերջո տեսնում ենք, որ այսօր Ադրբեջանը պահանջ է առաջ քաշում, որ Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, նկատի ունենալով հենց Անկախության հռչակագրին հղումը։ Այսինքն՝ Ալիեւը լավ գիտի, որ վերամիավորման մասին որոշումը գործում է, դրա համար է բարձրացնում Սահմանադրությունը փոխելու հարց, այդպե՞ս է։

-Խնդիրը այն է՝ Նիկոլ Փաշինյանն այս 6 տարվա մեջ ի՞նչ է արել Ալիեւի հետ, իր վրա ազդելու ի՞նչ լծակներ ունեն, մենք չգիտենք։ Բայց վերելակային հանդիպումից հետո մենք տեսնում ենք, որ անընդհատ մեր իրավունքները հանձնվում են։ Թե ինչ կոմպրոմատ ունեն իր վրա, որ ստիպում են ազգի շահերն այսպես վարի տալ, չգիտենք։ Ընդհուպ, տպավորություն է, որ Նիկոլ Փաշինյանն է այդ թեզերն առաջ քաշում, ինքը մտածում է, հետո նրանք են ասում։ Եթե վերամիավորման որոշումը չեղարկված լիներ, Ադրբեջանը ոչ թե կստիպի դա Սահմանադրությունից հանել, այլ ցույց կտա ու կասի, որ այդ որոշումն ուժ չունի։

Երկրորդ, եթե Նիկոլ Փաշինյանն ԱՊՀ-ից ու Ալմա-Աթայի հռչակագրից է խոսում, Ադրբեջանն ԱՊՀ-ին միացել է 1993 թվականին։ Հայաստանը, երբ ստորագրել էր ԱՊՀ ստեղծման այդ հռչակագիրը, մեր խորհրդարանը վավերացրել է՝ հղում անելով, որ Լեռնային Ղարաբաղի հարցը դրանից դուրս է։ Այսինքն՝ այս համատեքսում եւս Լեռնային Ղարաբաղի հարցը չեն կարող արանքից հանել, եթե, իհարկե, այստեղ չհանեն։

-Դրա մասին էլ Փաշինյանն ասաց, որ Ալմա-Աթայի հռչակագրի վերաբերյալ վերապահումները, պարզվում է, չեն ուղարկվել ԱՊՀ, հետեւաբար, ըստ նրա, այդ վերապահումները չեն գործում։ Այսինքն՝ նա ամեն ինչ անում է, որպեսզի չեզոքացնի՞ հայկական բոլոր իրավունքները։

-Մենք տեսնում ենք, որ իր վրա ճնշում կա։ Թե այդ ճնշման հիմքում ինչ է, մենք չենք կարող ասել։ Սա պարտվող ղեկավարի նկատմամբ ճնշում է, որովհետեւ պարտությունից հետո նաեւ հաղթում են, ինչո՞ւմ է խնդիրը։ Երեւի ավելի խորքային բաներ կան, որ այդ ճնշմանը ենթարկվում է ու ընդհուպ այս քայլերին գնում՝ Սահմանադրություն փոխել, եւ այլն։ Կրկնում եմ՝ եթե վերամիավորման որոշումը չկա, ապա ինչո՞ւ է Սահմանադրություն փոխում։ Ադրբեջանը կասեր՝ դա օրինական ուժ չունի, եւ վերջ։ Հետեւաբար, ես պնդում եմ՝ այդպիսի փաստաթուղթ չկա, գոյություն չունի։

 

Հայաստանը կողմ է Բրյուսելում եռակողմ բանակցությունների վերսկսմանը. պատգամավոր

Հայաստանը վերահաստատում է՝ կողմ է Եվրամիության միջնորդությամբ Ադրբեջանի հետ բանակցությունների վերսկսմանը։ Խորհրդարանի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը, սակայն, նշում է՝ բանակցությունները վերսկսելու վերաբերյալ այս պահին որևէ հստակություն չկա:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Արթուր Հովհաննիսյանն այս մասին ասաց խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ:

«Հայաստանի Հանրապետությունը, բնականաբար, ևս կողմ է այդ ձևաչափերով բանակցությունների վերսկսմանը, քանի որ Հայաստանի օրակարգում առաջնային է տարածաշրջանում խաղաղության հաստատումը»,-ասաց Հովհաննիսյանը:

Պատգամավորը չգիտի, թե որքանով է իրատեսական հիմա ձևաչափի վերականգնումն ու դրան Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի համաձայնությունը:

Ադրբեջանը վերջին շրջանում խուսափել է մասնակցել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջնորդությամբ Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների մասնակցելուց՝ չնայած այն հանգամանքին, որ մի շարք պայմանավորվածություններ ձեռք են բերվել հենց ԵՄ-ի միջնորդությամբ կայացած բանակցությունների արդյունքում։ ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելը փետրվարի 8-ին X-ի իր միկրոբլոգում գրել էր, որ շնորհավորել է Իլհամ Ալիևին Ադրբեջանի նախագահի պաշտոնում վերընտրվելու առիթով և ողջունել է Բրյուսելում եռակողմ բանակցությունների մասնակցելու Բաքվի հանձնառությունը։

 

«Յարխուշտա», չդադարող ծափեր. Հայաստանը վերջին հրաժեշտը տվեց Գագիկ Գինոսյանին

Aysor.am-ը գրում է.

Հայաստանը վերջին հրաժեշտը տվեց Արցախյան ազատամարտի մասնակից, «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Գինոսյանին։

Անգամ նրա մահվան օրն անցավ հայ ազգային պարով. իրենց վարպետին սաները հրաժեշտ տվեցին «Յարխուշտա» պարի ներքո։

Գինոսյանին կհուղարկավորեն «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։

Պուտինը նշել է մարդկությանը սպառնացող հիմնական սպառնալիքները. այ քեզ բան

Արհեստական ​​ինտելեկտի զարգացումը բազմաթիվ վտանգներ է ներկայացնում աշխարհի համար, ինչպես նաև գենետիկայի հետազոտությունները, որոնք կարող են հանգեցնել գերմարդկանց, մարդ-մարտիկների ստեղծմանը, ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թակեր Կարլսոնին տված հարցազրույցում։ հրապարակված ամերիկացի լրագրողի կայքում։Հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

«Մարդկությունը բազմաթիվ սպառնալիքներ ունի՝ գենետիկայի ոլորտում հետազոտություններ, որոնք կարող են ստեղծել գերմարդ, հատուկ մարդ՝ մարդ-մարտիկ, մարդ-գիտնական, մարդ-մարզիկ»,- ասել է Պուտինը։

Նա հավելել է, որ «մարդկությունը, իհարկե, պետք է մտածի այն մասին, թե ինչ կլինի իր հետ՝ կապված գենետիկայի կամ արհեստական ​​ինտելեկտի այս վերջին հետազոտությունների և տեխնոլոգիաների զարգացման հետ»։

«Քաղաքացիական պետությունն ընդդեմ ազգային պետության» օրակարգը վտանգավոր է․ Բեգլարյան

«Քաղաքացիական պետությունն ընդդեմ ազգային պետության» օրակարգը, որը վերջերս տարածվում է վարչապետ Փաշինյանի և մի խումբ համախոհների կողմից, խիստ վտանգավոր օրակարգ է, այս մասին հայտարարել է Արցախի նախկին ՄԻՊ, նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։

Ըստ նրա՝ դրանով արհեստականորեն հակադրության մեջ է դրվում ազգային շահն ու պետական շահը, այնինչ իրականում դրանք փոխլրացնող են, իսկ պետությունն ազգի առանցքն ու միջնաբերդն է։

«Խուսափում է պետության ազգային պատասխանատվությունից թե՛ Սփյուռքում գտնվող ազգի շուրջ 75%-ի և թե՛ պետության ֆորմալ սահմաններից դուրս գտնվող հայրենիքի (Արցախի) հանդեպ.

Հրաժարվում է պետության ու հայրենիքի հանդեպ ազգի շուրջ 75%-ի պատասխանատվությունից, ռեսուրսներից ու իրավունքներից.

Ոչնչացնում է ազգային ինքնության հիմքում եղած գաղափարախոսական սկզբունքներն ու խորհրդանիշները.

Կտրուկ թուլացնում է ազգի և նույնիսկ ժողովրդի դիմադրողականության մակարդակը և համախմբման հնարավորությունները.

Եվ, այդքանով հանդերձ, չի ապահովում որևէ դրական արդյունք, այդ թվում՝ նույնիսկ առերևույթ կերպով չի երաշխավորում ՀՀ ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության անձեռնմխելիությունը թուրք-ադրբեջանական ֆաշիստական ոտնձգություններից, որի կեղծ հեռանկարը քաղաքացիական պետության հայեցակարգի հիմնական փաստարկն է։

Այսինքն՝ պետությունից դուրս ազգի 75%-ն ունեցող, համակարգային ու գաղափարախոսական թշնամանք տածող երկու հարևանի դիմակայող և բազմաթիվ այլ սպառնալիքների ու մարտահրավերների առերեսվող պետությունը չի կարող հրաժարվել ազգային պետության հայեցակարգից, այլապես՝ ազգից կվերածվի ոչ թե ժողովրդի, այլ՝ քոչվորական ցեղախմբի: Ի դեպ, այս եզրահանգումս ամենևին չի նշանակում, որ առ այսօր մեր ազգային պետությունը բավարար չափով արդյունավետ էր, սակայն դրա պատճառները ոչ թե ազգային պետության մոտեցման մեջ են եղել, այլ՝ որակյալ ռազմավարությունների բացակայության և հատկապես գործնական ու արդյունավետ կառավարման դաշտում: Ուստի, պետք է ոչ թե հրաժարվել ազգային պետությունից, այլ՝ իրապես կառուցել այդպիսին՝ կուռ գաղափարախոսությամբ, արդյունավետ կառավարմամբ, պետություն-Սփյուռք հարաբերությունների արդյունավետ մոդելով, ազգային էլիտայով, բարձր կարգապահությամբ, հետևողականությամբ և մի շարք այլ որակներով»,- Facebook-ում գրել է Բեգլարյանը։