Սոֆյա Հովսեփյան. մարդիկ պետք է ոտքի կանգնեն, այլ ելք չկա

  • 18:36 18.03.2024

«Սա միայն Ոսկեպարի խնդիրը չէ, բոլորիս խնդիրն է, չպետք է ոսկեպարցիներին մենակ թողենք։ Այնպես, ինչպես Արցախ մխրճվեցին ու օկուպացրին, այսօր նույնկերպ վտանգված է Հայաստանի Հանրապետությունը»,- step1.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը՝ անդրադառնալով Տավուշի մարզի գյուղերի հանձնմանը։

Նիկոլ Փաշինյանը Ոսկեպարում Տավուշի մարզի բնակիչների հետ հանդիպման ժամանակ սպառնացել է, որ եթե գյուղերը խաղաղ չհանձնի, պատերազմ կլինի։ «Սա փաշինյանական մեթոդն է, որն ինքն անում է արդեն 3 տարի։ Եվ ես զարմանում եմ, թե մենք ինչո՞ւ ենք զարմանում իր գործելաոճի վրա»,- ասաց Սոֆյա Հովսեփյանը։

Նրա խոսքով․ «Այս ամենը ստրկական հոգեբանությամբ լակոտին պաշտոն տալու հետեւանք է։ Եվ իրեն ինչպես թելադրում են, այդպես էլ կատարում է։ Ամբողջ թիմով հիմա նախ իրենք իրենց են համոզում, որ ճիշտ են, հետո բոլորին են փորձում համոզել, որ դա ճիշտ է, եւ պատերազմ չի լինելու։ Բայց բոլորս տեսանք, թե Արցախի ճակատագիրը ինչ եղավ՝ նախ մխրճվեցին, հետո ամբողջությամբ վերցրեցին՝ կոտորելով ու բռնի տեղահանելով այդքան մարդ, ցեղասպանություն անելով։ Նախապատրաստվում է հերթական ցեղասպանությունը, եւ դա արդեն արվում է հենց իր ձեռքով»։

Սոֆյա Հովսեփյանն ասաց, որ մարդիկ պետք է ոտքի կանգնեն․ «Ներուժը ոտքի կանգնելն է, ոչ թե ինչ-որ անհատը, որը պետք է առաջնորդի։ Առաջնորդները միշտ ծնվում են շարժման ընթացքում»։